Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Ղարաբաղեան Փորձութիւնը

$
0
0

khmbagrakan-troshag

Հայաստանի Ա. Հանրապետութեան ծնունդը պայմանաւորուած էր Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներով: Հայաստանի նորանկախ երկրորդ հանրապետութեան հիմնումը ամրապնդուեց ղարաբաղեան պատերազմում տարած յաղթանակով եւ հայկական երկրորդ պետութեան ծնունդով:

Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն հսկայական բարոյահոգեբանական լիցք էր անկախացող Հայաստանի համար, այլեւ ամրապնդեց տարածաշրջանում հայկական գործօնի դերը, անառիկ դարձրեց հայոց արեւելեան սահմանը, տոկոսային ցուցանիշներով չչափուող հսկայական յաւելում արեց մեր զարգացման ներուժի եւ հեռանկարի վրայ:

1988 թուականի փետրուարին, ղարաբաղի ազատագրման նպատակով, հրապարակներ դուրս եկած Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի հայութիւնը տանում էին Լենինի ու Կորպաչովի նկարները եւ կարգախօսներում ու ելոյթներում վկայակոչում էին «խորհրդային սահմանադրութիւնը»: Ժողովուրդը «բռնել էր» պետութեան ամենախոցելի տեղից` գործող սահմանադրութիւնից եւ բարեփոխումներ հռչակած կայսրութեան նոր առաջնորդին կանգնեցրել էր սահմանադրութիւնը կիրառելու կամ ոտնահարելու փորձութեան առաջ: Մօտ երեք տարի անց, երբ փլուզուեցին խորհրդային սահմանները, «լեռնային Ղարաբաղի» խնդիրը վերածուեց միջազգային հարցի եւ դարձաւ համաշխարհային քաղաքական օրակարգերի ամենաբարդ լուծելի հանգոյցներից մէկը: Ղարաբաղեան թնճուկը, սակայն, չէր բխում եւ չէր ծագել որեւէ գերտէրութեան ցանկութիւնից, հետեւաբար վերջինիս արդարացի քաղաքական լուծմամբ ոչ ոք շահագրգռուած չէր: Բարեբախտաբար այս հանգամանքը ժամանակին հասկացաւ հայութիւնը եւ որոշեց իր հարցը լուծել իր ձեռքով` ընդունելով ակն ընդ ական, ատամ ընդ ատաման մարտահրաւէրը: Դիմակայութեան առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հայկական կողմը ջախջախիչ յաղթանակ տարաւ:

Երկրորդ փուլում սկսուեցին բանակցութիւնները, որոնք եթէ ոչ աւելի դժուարին, ապա աւելի խրթին դուրս եկան եւ 94-ի գարնանից ձգուող այս գործընթացի վերջը տակաւին չի երեւում: Այս իրավիճակի պատճառները հետեւեալն են.

ինչպէս ասուեց դրա արդարացի լուծմամբ ոչ ոք շահագրգռուած չէ, եւ հարցը վերածուել է տարբեր շահերի բախման հանգուցակէտի, սահմանների այս փոփոխութիւնը մեծ պատերազմներին հետեւող ընդհանուր վերաձեւումների շրջանակում չէ եւ դժուարամարսելի է ու վախեցնում է որպէս նախադէպ, նրանք ովքեր հասկանում են, որ պէտք է հաշուի նստեն Ղարաբաղի ինքնորոշման փաստի հետ միաժամանակ չեն ցանկանում որպէս դաշնակցի կորցնել Ազրպէյճանին:

Եթէ այս տարուայ ապրիլին ազրպէյճանական կողմին յաջողուէր տարածքների վերանուաճման առումով լուրջ յաջողութիւնների հասնել բոլոր այդ ուժերի գործը բաւականին դիւրանալու էր: Այդ դէպքում ուղղակիօրէն կողմերին կը թելադրուէր հաշուի նստել նոր իրողութեան հետ եւ ըստ այդմ ամրագրել հարցի լուծումը: Այս անգամ եւս, սակայն, ինչպէս պատերազմի եւ դրան հետեւած աւելի քան քսան տարի ձգուող սահմանային ընդհարումների ժամանակահատուածում, վճռական խօսքն ասաց հայ զինուորը: Ստացւում է, որ ազրպէյճանական ուժային փաստարկի դէմ եւ հայկական դիւանագիտութեան թիկունքում որոշիչ գործօնը հայ զինուորի առաջադրած իրողութիւնն է: Եւ ապրիլեան կարճատեւ պատերազմից յետոյ էլ, թէեւ հայկական դիւանագիտութիւնը ենթակայ եղաւ քաղաքական ուժեղ ճնշման, սակայն հայ զինուորի պատասխանը ուժ է հաղորդում եւ պէտք է աւելի վճռական ազդեցութիւն թողնի հայկական դիրքորոշման վրայ:

Տարիներ շարունակ հնչող պատերազմի սպառնալիքը եւ չդադարող սադրանքներին ուղեկցող ֆիզիքական կորուստները որպէս ուժային ճնշման միջոց օգտագործող Ազրպէյճանը փորձում է հոգեբանօրէն պարտադրել մեզ հաշտուելու այն մտքի հետ, որ այս ամէնը մի օր պէտք է աւարտուի, իսկ պարտադրուած վերջաբանը թելադրում է իր պայմանները: Եւ երբ մենք սկսում ենք անընդհատ քննարկել խաղաղութեան հասնելու փոխզիջումային տարբերակները, տպաւորութիւն է ստեղծւում, որ այդ խաղաղութիւնն ու հանգստութիւնը առաւելապէս մեզ են անհրաժեշտ, իրավիճակից ելք են մեզ համար:

Այլ խօսքով, յաղթած կողմը դառնում է զիջող, իսկ պարտուող կողմը թելադրող:

Այսպէս, մենք յայտնւում ենք սխալ ընթացքի մէջ: Նոյն ապրիլեան դէպքերը փաստեցին, որ հայ ժողովրդի համար անընդունելի են պարտադրուած լուծումները եւ արդարացիօրէն վերագտածը պահպանելու եւ պաշտպանելու համար նա պատրաստ է ամենամեծ զոհողութիւնների:

Իսկ ինչո՞ւ հակառակորդ կողմին պէտք չէ ներշնչել այն մտավախութիւնը, որ չկշռադատուած արկածախնդրութիւնների դիմաց կորուստները կարող են լինել շատ ծանր: Չէ՞ որ այս գարնանը, չնայած նախնական զգալի առաւելութիւններին, նրա կորուստները բազմապատիկ անգամ գերազանցում էին, եւ եթէ սկսուած բեկումը շարունակուէր, վերջիններիս համար հետեւանքները իսկապէս էլ շատ աւելի շօշափելի ու ծանր կարող էին լինել: Հայ զինուորը չէր վախեցել, հայ զինուորը պատրաստ էր շարունակելու կռիւը եւ այս հանգամանքը ամենածանրակշիռ փաստարկն է` վերն ասուածի օգտին:

Այս դիմակայութիւնը կարող է դեռ երկար շարունակուել եւ դրանից ո՛չ յոգնելու ու ո՛չ էլ յուսահատուելու իրաւունք ունենք: Պատմական օրինաչափութեամբ սեփական ճակատագրի տնօրինումը կրկին սեփական ձեռքը վերցրած ժողովուրդը, այո՛, դեռ երկար է պայքարելու` մինչեւ իր անվտանգ գոյութեան խնդիրը կարողանայ լուծել: Սա մի փորձութիւն է, որը բախելու էր մեր դուռը, հէնց որ ինքներս կը դառնայինք մեր երկրի տէրը: Միամիտ է կարծելը, որ եթէ մենք աւելի խոհեմ կամ աւելի զիջող լինենք, դարաւոր թշնամին ըստ արժանւոյն կը գնահատի այդ կեցուածքը: Մեր նկատմամբ այդ թշնամու ունեցած տրամադրութիւնները բխում են ոչ թէ մեր վարքից, այլ` իր յաւակնութիւններից: Թուրքական պետական մտածողութեան համար այսօր էլ 15 թուականի մեղաւորները մենք ենք: Տարբեր չէ ազրպէյճանցիների պարագան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը արդէն 25 տարի կառուցում ու հզօրացնում է իր պետականութիւնը: Ազատագրուած տարածքները ծածկւում են նոր ճանապարհների ու բնակավայրերի ցանցով: Այս ամէնը հայկական կողմի պատասխանն է ազրպէյճանական պահանջներին ու պայմաններին: Այս գործընթացը անկասելիօրէն պէտք է շարունակուի ու խորանայ: Առկայ մարտահրաւէրը ոչ ոք չի փաթաթել մեր վզին, մենք ենք այն որդեգրել եւ ճանապարհի կէսից նահանջ չի կարող լինել: Անհրաժեշտ է դիմանալ ու դիմագրաւել հայկական անկախ պետականութիւնների առջեւ ծառացած առաջին բարդ փորձութիւնը:


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>