ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔԵԱՆ
Արդեօք Հռոմի պապի այցը որեւէ բան կը փոխի՞ մեր հոգիներում… Հարց, որի պատասխանից է կախուած` բովանդակային իմաստով արդեօ՞ք արդարացուած էր Հռոմի պապի այցը Հայաստան, թէ այն ընդամէնը մի մեծ ներկայացում էր, որը երեք օր շարունակ բեմադրուեց Հայաստանում (ի նկատի ունեմ զուտ իշխանութիւնների եւ ժողովրդի ընկալումը): Իրականում աւելորդ է խօսել, թէ ինչպիսի անասելի մեծ նշանակութիւն ունի Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանչիսկոս պապի հայաստանեան այցը:
Սակայն մի բան ակնյայտ է. եթէ նման այցը չծառայի իր բուն նպատակին, ապա դրա արդիւնքը մեր ժողովրդի համար աննկարագրելի թատերական ներկայացումից այն կողմ անցնել չի կարող, որը կարող է լինել ոչ այլ ինչ, քան` մեր ժողովրդի ապրած հերթական ողբերգութիւնը: Լինել առաջին քրիստոնեայ երկիրն աշխարհում` դեռ չի նշանակում լինել ամենահաւատաւոր ժողովուրդը: Անկեղծ ասած, ես ո՞վ եմ, որ դատեմ մի ամբողջ ժողովրդի հաւատքը: Սակայն շատ պէտք էր ուզենայի, որպէսզի մեր ժողովուրդն իրօք լինէր ամենահաւատաւորն աշխարհում: Այնքան վստահ եմ մեր ժողովրդի իմաստնութեան վրայ, որ պէտք էր ուզենայի, որպէսզի մեր երկրի այսօրուայ ողբերգական վիճակը չհարուածէր նրա հաւատքին, քանզի միայն հաւատքով կարելի է յաղթահարել դժուարին վիճակները, հաշուի առնելով, որ մարդկութեանն այլ գործիք դեռեւս յայտնի չէ: Հաւատքին համազօր ուժ չկայ, եւ եթէ հաւատքով որեւէ խոչընդոտ չյաղթահարուի, ապա այդ խոչընդոտն ընդհանրապէս անյաղթահարելի է:
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի ժողովուրդը յայտնուել է ողբերգական` իրաւական, տնտեսական, ընկերային վիճակում եւ այդ վիճակից դուրս գալու բոլոր քայլերին զուգահեռ, ժողովուրդն էական առաջընթաց կը գրանցի մի դէպքում միայն, եթէ լցուած լինի մեծ հաւատքով, որն էլ իր հետագայ քայլերում յաղթանակի` դժուարութիւնները յաղթահարելու հարցում մեծ լիցքեր կը հաղորդի նրան: Ուշադիր հետեւելով ժողովրդի հետաքրքրուածութեանը` Հռոմի պապի այցի նկատմամբ, կարելի է արձանագրել, որ այն շատ-շատ մեծ էր, որն էլ շատ դրական է խօսում Հայաստանի ժողովրդի հաւատաւոր լինելու մասին: Հռոմի պապի այցի եւ նրա աղօթքների ամենամեծ արգասիքն այն պէտք էր լինէր, որ մեր հոգիներում մեծ ալեկոծութիւն լինէր առ Աստուած, որ դրանով մենք աւելի ամրանայինք, աւելի մաքրուէինք եւ կարողանայինք վեր կանգնել նիւթից, շնութիւնից, նախանձից, որկրամոլութիւնից, հպարտութիւնից, գոռոզութիւնից… միմեանց նկատմամբ լցուէինք սիրով ու բարութեամբ եւ ողջ ժողովրդով դառնայինք մէկ ամբողջութիւն: Միայն այդ կերպ մենք կը կարողանանք լուծել` առաջին հերթին Արցախի, հետագայում նաեւ մեր բոլոր ներքին խնդիրները:
Բազմիցս ներկայ լինելով 1988-ին Ազատութեան հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահաւաքների (դրանք քանակապէս աւելի բազմամարդ էին, քան` Հռոմի պապի այցի հետ կապուած մարդկանց հաւաքը), որեւէ անգամ ժողովրդի կողմից անկարգութիւններ չարձանագրեցի: Այս պարագայում, ուղղակի շատ զարմանալի է, թէ ինչո՛ւ այդ նոյն խառնուածքով ժողովուրդը պէտք էր այնպիսի անկարգութիւններ թոյլ տար, որն ուղեկցուէր ոստիկանութեան կողմից մի շարք ձերբակալութիւններով:
Չփորձելով խախտել անմեղութեան կանխավարկածը` այնուամենայնիւ ես մնում եմ այն կարծիքին, որ չհաշուած եզակի դէպքերը, ես այդ ամէնի բացատրութիւնը կապում եմ ոստիկանութեան ոչ ճիշդ կազմակերպուած գործունէութեան հետ: Զգուշութիւնն` զգուշութիւն, սակայն չի կարելի ամէն վայրկեան սահմանափակել մարդկանց ազատ շարժի իրաւունքը, աւելի՛ն, այդ օրերին ոստիկանութեան կողմից իրականացուած մի շարք ձերբակալութիւնները պատիւ չի բերում ե՛ւ մեր ժողովրդին, ե՛ւ մեր պետութեանը: Յամենայն դէպս, եթէ կարճ ձեւակերպենք, ապա ոստիկանութեան գործելակերպի փոփոխութիւնը դրական չի գնահատւում: Հռոմի պապի այցելութիւնը չափազանց բացառիկ երեւոյթ է եւ բոլորն են ցանկանում մօտիկից տեսնել նրան եւ մօտիկից օրհնութիւն ստանալ, իսկ անհրաժեշտութեան դէպքում նաեւ ինչ-ինչ նամակներ յանձնել, որը լիովին տեղաւորւում է ժողովրդավարական երկրին յարիր տրամաբանութեան մէջ: Հռոմի պապի այցելութիւնը պատիւ է բերում ցանկացած երկրի, այդ թւում նաեւ` Հայաստանին: Միայն Տիրոջն է յայտնի, թէ որքանո՛վ է հաւատաւոր մեր ժողովուրդը եւ ի՞նչ ձեռք բերեց Հռոմի պապի եռօրեայ այցելութեամբ, որքանո՞վ աւելի ամրապնդուեց այդ հաւատքը: Եթէ այդպէս չէ, ապա հաստատաբար կարելի է պնդել, որ մեր ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման, իսկ երկիրը` կործանման…