ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Զգացի՞ք, որ այս անգամ Օպամայի ասածին առանձնապէս ոչ ոք ուշադրութիւն չդարձրեց: Մինչդեռ այս անգամն ուրիշ էր: Ոչ թէ ասածը, այլ` հնարաւորութիւնը, այն վերջինն էր. յաջորդ տարի ապրիլի 24-ին Օպաման այլեւս Միացեալ Նահանգների նախագահ չի լինելու: Այնպէս որ, կա՛մ այս տարի ասում էր բառը, կա՛մ չէր ասում: Չասաց, բայց դա կարեւորը չէ, կարեւորն այն է, որ մեզ համար, ըստ էութեան, միեւնոյն էր դարձել` կ՛ասի՞, թէ՞ ոչ: Այս տարի փոխուել էինք, դէպի լաւը չէ, ոչ էլ` դէպի վատը, ուղղակի փոխուել էինք: Ինչպէս եւ ամէն տարուայ ապրիլի 24-ի եղանակը` էլ անձրեւ չէր գալիս, ոչ էլ ցուրտ էր: Ու, թերեւս, ցեղասպանութիւն ապրած ժողովրդի համար ամենակարեւորը հէնց փոխուելն է, նոյնը չմնալը: Մենք էլ նոյնը չենք, առաջ մենք միայն Արարատ ունէինք, այսօր նաեւ «Աւրորա» ունենք: Երկուսի մէջ էլ Աստուածաշունչ կայ` գիրքը չէ, հէնց շունչը: Ու ես, անկեղծ, չգիտեմ, երէկ Արարատի՞ օրն էր, թէ՞ «Աւրորա»-ի: Գուցէ` Արարատից` «Աւրորա»-ի: «Աւրորա»-ն մեր փաստաթուղթն է, որ չենք ցեղասպանուել, Ցեղասպանութիւնը եղել է, բայց մենք չենք ցեղասպանուել, մեզ հետ է եղել, բայց մենք յաղթել ենք: Մենք էլ 101 տարի առաջ գետից այն կողմ մազապուրծ լինող ժողովուրդը չենք, ոչ էլ մէկ տարի առաջ ովկիանոսից այն կողմ` Օպամայի խօսքին շնչակտուր սպասողները, մենք «Աւրորա» ունենք, որն, ի տարբերութիւնե Նոպելեան խաղաղութեան մրցանակի, քաղաքականութիւն չէ, մաքուր մարդասիրութիւն է, մարդասիրութիւնը ցեղասպանութեան հականիշն է, դրա նկատմամբ յաղթանակը: Ամենեւին էլ ոչ բարոյական, շատ էլ` ֆիզիքական, փաստաթղթային, թանձր:
Ու ես անձամբ, ամէն տարի անհամբեր սպասելու եմ ապրիլի 24-ին, ոչ թէ որպէսզի լսեմ, թէ ի՞նչ է ասում Միացեալ Նահանգների նախագահը, այլ տեսնեմ, թէ ո՞վ է դառնում «Աւրորա»-ի մրցանակակիր: Այդ մարդու դէմքն ինձ համար աւելի կարեւոր է, քան` այն մարդկանց դէմքերը, ովքեր նստած են մրցանակաբաշխութեան դահլիճում` անկախ նրանից, թէ ովքեր են, ինչ են այդ պահին մտածում, հասկանո՞ւմ են արդեօք հնչող երաժշտութիւնը, բեմի գոյները, միջոցառման ճաշակը, հնչած բառերը: Այս ամէնն ինձ համար Միացեալ Նահանգների նախագահի խօսքերի պէս են` անկարեւոր: Թքած, թէ դահլիճում հաւաքուածներից ոմանց (ոչ մեծամասնութեան) կարծիքով` տաշի-տմբլներն աւելի զիլ են, էս եանըմ ինչ ա որ, թքած, որ շատերի համար առաջին «Աւրորա»-ն ուշագրաւ էր Քլունիի մասնակցութեամբ, որ շատերը եկել էին, որ նրա հետ նկարուեն: Ինձ միայն մի բան է հետաքրքրում` յաղթողի դէմքը, այդ մէկ դէմքը: Դուք գիտէ՞ք, թէ ո՛վ է Մարկարիթ Պարանքիցէն, դուք նայէ՞լ էք նրա դէմքին, ես երկար նայել չկարողացայ, չհամարձակուեցի, ամաչեցի, որ ես էլ, նա էլ մի աշխարհում ենք ապրում, որտեղ ես Աստուածաշունչ կարդացողն եմ, նա` Աստուածաշունչը, որտեղ մենք եկեղեցիներ ենք կառուցում, նա երեխայ է փրկում` 30 հազար երեխայ: Դուք երբեւէ տեսե՞լ էք միաժամանակ 30 հազար երեխայ իսկ գիտէ՞ք, որ եթէ անգամ աշխարհում 30 հազար երեխայ մնայ աշխարհը կը մնայ, իսկ չի մնայ, եթէ աշխարհում միայն 30 հազար եկեղեցի մնայ:
Աշխարհը մարդն է: Չկայ մարդ, չկայ աշխարհ: Աստուածաշունչը ոչ թէ Աստծոյ պատկերներով եկեղեցիներն են կամ Նրա անունից խօսող քահանաները, այլ Մարկարիթ Պարանքիցէի դէմքը` մարդու դէմքը® Ուշադիր նայէք այդ կնոջ դէմքին, եթէ կարող էք, ես չկարողացայ, թէեւ եկեղեցի մտնել կարողանում եմ:
Ուրեմն այդ մարդու դէմքն աւելի ուժեղ մի բան է, երբ բոլորս էլ կարողանանք ուղիղ նայել նրան, աշխարհը կը փոխուի դէպի լաւը, հաստա՛տ` դէպի լաւը:
«Երկիր»