Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13520

Քառօրեայ Պատերազմ` Պատճառների Եւ Մեղաւորների Փնտռտուք

$
0
0

khmbagrakan-troshag

2016 թուականի ապրիլ 2-ից 5-ը ղարաբաղեան շփման գծում տեղի ունեցած իրադարձութիւնները  պատմութեան մէջ կը մնան որպէս քառօրեայ պատերազմ: Թէ ռազմական գործողութիւնների ծաւալով  եւ թէ կիրառուած զէնքի ու զինտեխնիկա-ի  հզօրութեամբ ու քանակով տեղի ունեցածը իրապէս էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ազրպէյճանական կողմն այս պատերազմի մէջ մտաւ նախապէս ունենալով մի շարք առաւելութիւններ: Այդ առաւելութիւններն էին  նախաձեռնուած գործողութիւնների մանրակրկիտ ծրագրուած լինելը` յարձակման յանկարծակիութիւնը (անկախ նրանից թէ հայկական կողմը, ինչ չափով տուեալներ հայթայթած կը լինէր հնարաւոր յարձակման մասին): Հակառակորդ կողմը բախման մէջ էր մտնում  ներգրաւելով մեծաքանակ ռազմական տեխնիկա (զինուորական սարքեր, Ա.) եւ մարդուժ, ձեռքին ունենալով գործողութիւնների ծրագիր, որոնք նրան ընձեռում էին թելադրողի դեր` առնուազն սկզբնական որոշակի ժամանակահատուածում: Ի դէպ նկատենք, որ երկու կողմերի կուտակած զինուորական ներուժի պայմաններում աւելի հաւանականը հէնց կարճաժամկէտ գործողութիւններն են, որոնք պատճառելով աննախադէպ մարդկային ու միջոցների կորուստ, կարճ ժամանակում կարող են արձանագրել շօշափելի արդիւնքներ: Միւս  չակերտաւոր առաւելութիւնն այն է, որ ազրպէյճանական արկածախնդիր ղեկավարութիւնը պատրաստ է փոքր յաջողութիւնների դիմաց անգամ զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, այն դէպքում երբ հայկական կողմը  միշտ էլ  կաշկանդուած է յատկապէս մարդկային մեծ  կորուստներ չունենալու մտահոգութեամբ:

Արժէ յիշել, որ հայր Ալիեւը նման արկածախնդրութեան դիմեց 1993 թուականի դեկտեմբերին, այն ժամանակուայ շփման գծի ողջ երկայնքով անակնկալ նախաձեռնելով լայնածաւալ յարձակում: 93-ին ազրպէյճանական կողմին յաջողուեց ճակատի տարբեր տեղանքներում  շօշափելի առաջխաղացում ունենալ, ինչպէս եւ  հայկական կողմին պատճառել մեծաթիւ զոհեր: Ծանր ու դժուարին այդ դիմակայութեան ժամանակ  մէկ-մէկուկէս ամիս անց միայն հայկական կողմին յաջողուեց շրջել իրավիճակը եւ դանդաղօրէն  հակայարձակում ծաւալել: Մարտ-ապրիլը հայկական զինուժի ակնյայտ յաջողութիւնների ժամանակահատուածն էր, որից յետոյ հակառակորդը  դիմեց զինադադարի խնդրանքով` ինչն էլ ամրագրուեց 1994 թուականի մայիսի 12-ի Պիշքեքի համաձայնագրով:

Ազրպէյճանն այն ժամանակ ծանր հատուցեց  ձեռնարկած արկածախնդրութեան համար, սակայն հայկական կողմն էլ կարողացաւ շտկել սահմանագիծը, հարիւրաւոր հայորդիների նահատակութեան գնով:

Որդի Ալիեւի ձեռնարկած  յարձակումը, հիթլերեան յայտնի «պլից-քրիկ»-ի օրինակով, դարձեալ  մարդկային  կորուստների առումով ծանր հետեւանքներ ունեցաւ (ի հարկէ ոչ նախորդի չափով), ինչն  անխուսափելի է ներկայիս ռազմատեխնիկական հնարաւորութիւնների պայմաններում: Փաստ է, սակայն, որ  հակառակ ազրպէյճանական կողմի ունեցած առաւելութիւններին հայկական կողմին յաջողուեց թշնամուն կանգնեցնել` գրեթէ թոյլ չտալով նրան առաջանալու դէպի հայկական տարածքներ, ինչն իր հերթին կը մեծացնէր կորուստների ծաւալն ու կշիռը: Պէտք է ընդունել, որ Ազրպէյճանի սպառազինուածութեանը լաւատեղեակութեան դէպքում անգամ հայկական կողմի համար դժուար էր լինելու կանխագուշակել, թէ պատերազմական գործողութիւններ սկսելու պարագայում ինչ նպատակներ, մարտավարութիւն ու ռազմավարութիւն կ՛ընտրի հակառակորդը եւ ըստ այդմ գործողութիւնները կը կառուցի յատկապէս ինչպիսի ռազմատեխնիկական միջոցների կիրառման առաջնահերթութեան վրայ: Այլեւս  գաղտնիք չէ, որ այս դէպքում անակնկալ էր անօդաչու թռչող սարքերի լայնօրէն կիրառումը: Քառօրեայ պատերազմի ժամանակ հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր աւելի քան 30 հազար հրետանային արկ: Իրենց աւերիչ ուժով յայտնի «Կրատ» կայանքներից արձակուել է աւելի քան հազար հինգ հարիւր արկ: Միայն այս փաստերը  վկայում են, թէ ինչպիսի ծանր խնդրի առջեւ է յայտնուել հայկական զինուժը եւ ինչպիսի ջանք ու հերոսութիւն էր անհրաժեշտ` թշնամու առաջխաղացումը կանխելու եւ զինադադար պարտադրելու համար: Այնուամենայնիւ Ազրպէյճանի ղեկավարը արդեօ՞ք չէր կարող կանխագուշակել նման ելք: Այս թեմայի շուրջ ներկայումս ներկայացուել ու ներկայացւում են շատ վարկածներ, դրանք բոլորը կրկին անգամ չկրկնելով` անդրադառնանք որոշ հանգամանքների:

Ի հարկէ ռազմական տեխնիկա-ի ու մարդուժի քանակական գերազանցութիւնը գայթակղիչ  գործօն կարող էին հանդիսանալ: Միւս կողմից չմոռանանք, որ եթէ տարիներ շարունակ հայ մարդկանց համար ղարաբաղեան խնդիրի համար առաջին առօրեական հարցը չի եղել եւ մարդիկ զբաղուել են սովորական հոգսերով, քսան տարուց աւելի ազրպէյճանի հասարակութիւնը պահուել է ելեկտրականացուած վիճակում`  ամէն օր «սնուելով» Ղարաբաղը ետ գրաւելու մտասեւեռմամբ եւ հայութեան նկատմամբ բորբոքուող ատելութեամբ: Այս երկրի ներքաղաքական հարցերը եղել են ոչ թէ ժողովրդավարութիւնը, ընկերային եւ այլ խնդիրները, այլ պատերազմի ու ատելութեան հռետորաբանութիւնը: Եւ երկրի ամենաբարձր ու ամենախրոխտ գոռացող առաջին դէմքը ի վերջոյ  իր ժողովրդի աչքին վեր էր ածւում դատարկախօս խեղկատակի` սեփական յոխորտանքի ու խոստումների պատանդը: Գաղտնիք չէ, որ «Ղարաբաղեան օրակարգը» մեր եւ յատկապէս շահագրգիռ արտաքին ուժերի մտքերում թարմ պահելու, եւ որպէս ճնշամիջոց օգտագործելու նպատակով Ալիեւը սահմանային ամենատարբեր սադրանքները որդեգրել էր որպէս քաղաքական զէնք, որոնք եւս ժամանակի ընթացքում աւելի շատ բացասական հետեւանքներ էին արձանագրում: Հայկական կողմը իրաւացիօրէն քառօրեայ պատերազմի հարցում, գլխաւոր սադրիչ որպէս, մատնանշեց Թուրքիան, որի իշխանութիւնների կամքը փոքր ազդեցութիւն չէր ունենայ Ալիեւի վրայ համապատասխան որոշում կայացնելու համար: Տեսնում ենք, որ այս տրամաբանական վարկածը ըմբռնւում է նաեւ օտարների կողմից եւ գալիք  քաղաքական-դիւանագիտական գործընթացներում հարկ է մշտապէս շեշտադրել ու փաստարկել Թուրքիոյ եւ իսլամ ծայրայեղականութեան դերակատարութիւնը Անդրկովկասը եւ  հեռանկարում նաեւ Հիւսիսային Կովկասը ռազմական-ահաբեկչական փոթորիկների շրջապտոյտների մէջ նետելու ծրագրումների մէջ:

Անհրաժեշտ է միջազգային ատեանների ուշադրութիւնը հրաւիրել իսլամական ծայրայեղականութեան հետ ազրպէյճանական կապերի վրայ: Յիշենք, որ սուրիական  իրադարձութիւնների հէնց սկզբնական շրջանում  տեղեկատուական աղբիւրներով տարածուեց, որ Ազրպէյճանի իշխանութիւնները 500 միլիոն տոլարի օգնութիւն են տրամադրել իսլամ ծայրայեղականներին: Ռուսական ոչ պաշտօնական  աղբիւրով ասուեց նաեւ, որ Կովկասից Սուրիա մեկնող  ահաբեկիչների գործունէութիւնը տեղում համակարգում է Իլհամ Ալիեւի թիկնապահը: Այս կապերի մասին շատ աւելի ակնյայտ փաստ է ազրպէյճանցիների շօշափելի ներկայութիւնը  սուրիական ծայրայեղականների շարքերում եւ այդ շրջանակում նրանց  ձեռք բերած զգալի կշիռը: Կարելի է յիշել հրապարակուած տեղեկատուութիւնը իսլամիստների շարքերում ազրպէյճանցի զոհերի վերաբերեալ, այն մասին թէ ազերի խմբաւորումը ինչպէս էր փորձում իշխանութիւն գրաւել Իսլամական պետութեան մէջ, իսկ վերջերս յայտնի դարձաւ նաեւ, որ Իսլամական պետութեան սպաննուած չեչեն ռազմական ղեկավարի փոխարէն` հաւանական է, որ ազրպէյճանցի նշանակուի: Վերջապէս ծայրայեղականների ձեռագիրը արտայայտուեց  ղարաբաղա-ազրպէյճանական կարճատեւ պատերազմի ժամանակ դրսեւորուած  վայրագութիւնների մէջ:

Օտարերկրեայ լրատուամիջոցների տարբեր հրապարակումների մէջ տեսնում ենք, որ ազրպէյճանական ռազմական արկածախնդրութեան եւ միջազգային ահաբեկչութեան ու Թուրքիոյ հետ կապը շատերն են ենթադրում: Մենք պէտք է կարողանանք հաստատել այդ  ենթադրութիւնները համապատասխան փաստերով:

Առհասարակ քաղաքական-դիւանագիտական ասպարէզում հայկական կողմը այս փուլում պէտք է դրսեւորի մեծ աշխուժութիւն, քանի որ տեղի ունեցածի քաղաքական պտուղները բաժին են հասնելու նրան, ով կը լինի աւելի  նախաձեռնող, աշխուժ եւ կոշտ: Մարդիկ պէտք է տեսնեն արուող գործը եւ ոչ թէ լսեն բացատրութիւններ իրականացուած գործի մասին:

Միւս կողմից` ակնյայտ է ղարաբաղեան հակամարտութեան լուծմամբ շահագրգիռ որոշ  ուժերի շտապողականութիւնը, որի շրջանակում յստակօրէն դրւում է ազատագրուած տարածքների վերադարձի հարցը: Քառօրեայ պատերազմը եւս մէկ անգամ փաստեց  ազատագրուած տարածքների ռազմավարական նշանակութիւնը Ղարաբաղի անվտանգութեան համար: Դրանց յանձնման դէպքում Արցախի Հանրապետութիւնը չի կարողանայ պաշտպանել իրեն  ազրպէյճանական յարձակումներից, իսկ նման յարձակումները ո՛չ կարելի է բացառել ազրպէյճանցիների «ազնիւ խօսքի» վրայ հիմնուելով եւ ո՛չ էլ մտածել, թէ խաղաղապահները, եթէ անգամ ենթադրենք, թէ կը տեղակայուեն, յաւէրժօրէն մնալու են այստեղ: Սա եւս խնդիր է, որ պէտք է յստակօրէն դրուի  բանակցութիւնների սեղանին եւ ժամանակն է հրաժարուել  անվերջ կրկնելուց Մատրիտեան սկզբունքների մասին: Ամէն հայ մարդ էլ հասկանում է, որ Մատրիտեան սկզբունքների հիմքում, յամենայն դէպս մեր յաղթանակը չի երաշխաւորւում: Միւս կողմից` ամենափաստարկուած հարուածն այդ «սկզբունքներին» հասցրեց հէնց Ազրպէյճանն` իր վերջին ձեռնարկումով: Եւ` էլի մի հարցի մասին:

Յիրաւի ազրպէյճանական նախայարձակումը համազգային ալեկոծում առաջացրեց հայութեան մօտ: Բնազդօրէն իւրաքանչիւր հայ ընկալեց, թէ ի՛նչ կարող է պատահել պարտութեան դէպքում եւ  պատերազմը կարծես ընդունեց հայրենական բնոյթ: Այդ օրերին թուաց, որ թիկունքն ու ճակատը ձուլուեցին իրար: Սրան նպաստեց նաեւ հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչութիւնները ընտրեցին հնարաւորինս բաց գործելակերպ, զարգացող ռազմական իրադարձութիւնների գրեթէ ամբողջական պատկերը առարկայականօրէն ներկայացնելով հանրութեանը: Երեւոյթի դրական կողմերը ի հարկէ հասկանալի են, սակայն երբ թիկունքը խառնւում է ճակատին` ի յայտ են գալիս նաեւ այլ երեւոյթներ: Յանկարծ ամբողջ հասարակութիւնը սկսեց քննարկել տեղի ունեցողը, մանրամասներ ճակատային գծի անցուդարձից եւ մանաւանդ  մեղաւորներ փնտռել, երբ դեռ թնդանօթներն ու ինքնաձիգները չէին սառել:

Ի հարկէ հանրային կարծիքի վրայ ազդելու հարցում առաջնագծում են լրատուամիջոցները եւ այժմ արդէն նրանցից առաւել չափով` ընկերային ցանցերը: Ամէն երեւոյթ դրական է մինչ ծայրայեղութիւնների հասնելը: Որ բոլորիս համար չափազանց ծանր ու լարուած էր այդ օրերի մթնոլորտը եւ յատկապէս դժուարամարս զոհերի մասին տեղեկութիւնները, աւելորդ է անգամ անդրադառնալ: Ներսում ալիքուող տաք յոյզերին սնունդ տալու համար սկսուեց պատճառների ու մեղաւորների փնտռտուքը: Ազրպէյճանի ու նրա ղեկավարի հարցը պարզ է` մի քիչ կը հայհոյես ու կ’անցնես առաջ, յետոյ, սակայն, սկսւում է ներքին մեղաւորների փնտռտուքը: Ի հարկէ սառն ուղեղով, առանց ծայրայեղութիւնների մէջ ընկնելու` քննելիք  շատ բան կայ, մանաւանդ ինչպէս հասկանում ենք,  տեղի ունեցածով ոչինչ չի աւարտուել, եւ պարտաւոր ենք դասեր քաղել, կատարել գործնական հետեւութիւններ` յատկապէս  ռազմատեխնիկական լրացուների առումով: Արդեօ՞ք, սակայն, մի փոքր շուտ չսկսուեց ընդհանուր քննադատութիւնը բոլոր ուղղութիւններով: Այն ժամանակ, երբ դեռ մարդիկ հողին չէին յանձնել հարազատներին, կամաւորները սահմանագծում են, իսկ նրանց հարազատները` սպասման մէջ: Ազգային համախմբումը եւ դիրք պահող զինուորի կամքը թուլացնող գործօններ չե՞ն պատերազմը չաւարտուած ռազմական ոլորտի ներքին խնդիրների հրապարակային քննարկումը օրկարգ բերելը եւ իրողութիւնների մեղաւորների  դատափետումը: Ընդ որում, շատ յաճախ, մասնագիտական եզրակացութիւններ են կատարում մարդիկ ովքեր չունեն համապատասխան պատրաստուածութեան, ռազմաքաղաքական խորքային եզրայանգումներ են ներկայացնում առանց  անհրաժեշտ տեղեկատուութեանը տիրապետելու: Մեզանում  ղեկավարութեան քննադատելը յաճախ շարունակում է, որպէս համարձակութիւն ու քաջութիւն դիտարկուել: Այնինչ, փառք Աստծոյ, Հայաստանում հիմա իսկապէս խօսքի ազատութիւն է, ով ինչ ուզում` խօսում է:  Քննադատելի շատ բան կայ ի հարկէ մեզանում, բայց կարելի էր (եւ կարելի է) խօսք ասելիս  ի մտի ունենալ հասարակական միասնականութեան պահպանման հրամայականը, թշնամական թիրախի դիմաց գտնուող զինուորի ու կամաւորի հոգեբանական վիճակը, քանի դեռ մութ ամպերը չեն հեռացել սահմանների վրայից: Ասուած է, որ ի սկզբանէ բանն էր: Խօսքի պատասխանատուութիւնը ամենակարեւոր պատասխանատուութիւնն է: Ունենանք խօսքի այդ պատասխանատուութիւնը եւ չփորձենք հերոսանալ  խօսքով: Պատասխանատուութիւնը, մեծ հաշուով, երկրի ապագայի համար է:

18 ապրիլ, 2016 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13520

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>