Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12115 articles
Browse latest View live

Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին

$
0
0

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Դոկտ. Աբէլ Մանուկեան

Իւրաքանչիւր պատմական, գիտական, գրական, երաժշտական լուրջ ուսումնասիրութիւն ոչ միայն պարզ ծանօթացում է տուեալ ժամանակաշրջանին կամ իրադարձութիւններին, տուեալ ստեղծագործութեան կամ ստեղծագործողին վերաբերող, այլ` մնայուն արժէք, հետագայ սերունդների համար` մեծ աւանդ:

Վերջերս այդպիսի լուրջ ուսումնասիրութեամբ հարստացաւ նաեւ մեր պատմագիտութիւնը, այն էլ երկու օտար լեզուներով` գերմաներէն եւ անգլերէն:

Խօսքս դոկտ. Աբէլ Մանուկեանի նոր գրքի մասին է:

Շնորհաւորելով հանդերձ յարգարժան դոկտ. Աբէլ Մանուկեանին` իր վերջին ծանրակշիռ աշխատութեան հրատարակման առիթով, միաժամանակ ուզում եմ ձեր ուշադրութեան ներկայացնել իր այդ նոր գիրքը` «Bearing Witness to Humanity («Մարդասիրութեան վկաները»),  անգլերէն թարգմանութեամբ լոյս տեսած, տպագրուած այս տարի` 2018-ին, Գերմանիա, Archendorff Velag GMBH & Co.KG, Munster հրատարակչութեան կողմից:

Գիրքը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, որը պատուիրուել է Զուիցերիոյ Աւետարանական Բարեկարգեալ եկեղեցւոյ կողմից, այն նոյն աւետարանական կազմակերպութեան, որը դեռ համիտեան ջարդերի տարիներին բողոքի ցոյցեր, հայանպաստ մեծ շարժում է  կազմակերպել,  որպէսզի Զուիցերիան համոզի մեծ տէրութիւններին` սուլթան Համիտի վրայ ճնշում գործադրելու, հայկական կոտորածները դադարեցնելու համար:

Դոկտ. Մանուկեանը իր այս ուսումնասիրութիւնը գրել է գերմաներէնով, որը հրատարակուել էր 2015-ին, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրերին եւ արագօրէն սպառուել է Եւրոպայում:  Իսկ գրքի անգլերէն հրատարակութիւնը, ինչպէս նշեցի, նոր է, հրատարակուած այս տարի` 2018-ին:

552 էջից բաղկացած այս գիրքը լուրջ հետազօտութիւն լինելուց զատ` նաեւ կարեւոր ներդրում է հայոց պատմութեան եւ յատկապէս 1894-1923 տարիներին Արեւմտահայաստանում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, որն աւարտուեց հայերի կատարեալ բնաջնջմամբ` կազմակերպուած, մանրակրկիտ հաշուարկուած ցեղասպանութեամբ:

Զուիցերիոյ Կրօնների խորհուրդի ընդհանուր քարտուղար, Ֆիրպուրկի համալսարանի դոկտոր Աբէլ Մանուկեանը երկարատեւ եւ մանրակրկիտ հետազօտութիւնների վրայ է հիմնել իր այս արժէքաւոր ուսումնասիրութիւնը, որը սոսկ արխիւային տեղեկատուութիւն չէ, այլ հայոց պատմութեան սկզբից մինչեւ 1923 մեր ժողովրդի քաղաքակրթութեան, նրա ներքաղաքական, կրօնական եւ արտաքին քաղաքականութեան պատմական փաստագրութիւնն է:

Դոկտ. Մանուկեանի մեծագոյն խնդիրը եղել է ներկայացնել Օսմանեան կայսրութեան բռնակալ իշխանութեան տակ իր պատմական հողերի վրայ ապրող քաղաքակիրթ հայութեան արիւնաքամուող վիճակը, այդ կայսրութեան հայասպան քաղաքականութեան ծանր տարիներին մեր ժողովրդի փրկութեան համար ներդրուած այն մեծ օգնութիւնը, որը ցուցաբերել են օտար միսիոնարները, մասնաւորապէս` Զուիցերիոյ մարդասիրական կազմակերպութիւնները:

Ինչպէս գիտէք, Զուիցերիան չէզոք պետութիւն լինելով հանդերձ, անտարբեր չվերաբերուեց մեր ժողովրդի կրած ճակատագրային արիւնահեղութիւններին:

Գրքում ներկայացուած է, թէ ինչպէ՛ս դեռեւս 1894-ին Հայկական հարցը ոչ միայն հետաքրքրել է զուիցերիացիներին, այլեւ` նրանց անմիջական հոգածութեան մասը կազմել: Աւելի՛ն. առաջին եւ ամենատարածուն մարդասիրական օգնութիւնը կատարել են զուիցերիացիները, սակայն այն անձնազոհ տարողութեամբ եւ մանրամասնութեամբ, որ դոկտ. Մանուկեանի ուսումնասիրութիւնն է ներկայացնում, քչերին է յայտնի եւ բոլորովին անծանօթ` օտարներին:  «Մարդասիրութեան վկաները» գրքով ոչ միայն օտարներն ու հայերս ենք մանրամասն տեղեկանում այն ներդրուած օգնութեան, որ ստացել ենք զուիցերիացի ժողովրդից, այլ ազգովին մեր շնորհակալութիւնն է նրանց ցուցաբերած մարդկային վսեմ վերաբերմունքին, որն այսքան երկար տարիներ լռութեան ենք մատնել:

Իր այս ուսումնասիրութեան տարողութիւնը եւ լրջութիւնը հաստատելու համար աւելացնեմ, որ դոկտ. Աբէլ Մանուկեանը երեք հազարից աւելի նիւթ է ուսումնասիրել` օրագրութիւններ, նամակներ, յուշեր, հրամաններ, հաղորդագրութիւններ, տարբեր մամուլի էջեր, ականատեսների վկայութիւններ` Պեռնի, Ցիւրիխի, Ժընեւի, Լոզանի արխիւներում հոգատարութեամբ պահուած: Անշուշտ հետազօտութեամբ զբաղուողներս միայն գիտենք, թէ ի՛նչ տաժանակիր, յոգնեցուցիչ աշխատանք է այդքան փաստեր պեղելը:

Շեշտեմ, որ իմ նպատակը ոչ թէ գիրքը մանրամասն վերլուծելն է, այլ այն ներկայացնելը` ընթերցողներին, որպէսզի նրանք կարդալով` աւելի ծանօթանան ե՛ւ մեր անցեալի պատմութեան, ե՛ւ մեր ժողովրդի օրհասական ամենածանր ժամանակաշրջանում Զուիցերիոյ ներդրած մարդասիրական օգնութեան:

Արեւմտահայ հին սերունդից շատերը անշուշտ ոչ միայն տեղեակ, այլեւ ապրել էին այն ամէնը, ինչ այս գրքում նկարագրւում է: Նրանցից շատերն են վկան ու ականատես եղել մեր հայաշատ տարբեր քաղաքներում զուիցերիացիների բացած եւ գլխաւորած որբանոցների ու դպրոցների աշխատանքին, նրանցից շատերն են եղել այդ որբանոցներում ու փրկուել դրանց շնորհիւ: Քանի որ մեր նոր սերունդը բոլորովին անտեղեակ է այդ ամէնին, այս գիրքը, յատկապէս` անգլերէնով, աւելի ազատ հնարաւորութիւն կը տայ նրանց ըմբռնելու Զուիցերիոյ Հայերի օգնութեան միութեան այն աներեւակայելի աշխատանքի մասին, որը մեծ դժուարութեամբ, նոյնիսկ մարդկային կորուստներով մեր ժողովրդի փրկութեան համար ներդրեց այս զարմանահրաշ ժողովուրդը:

Ատանայում, Ուրֆայում, Մերսինում, Սվազում, Մարաշում, Պրուսայում, Գուրունում, Պարտիզակում, Ալեքսանդրոպոլում, Սալմասում, Պէյրութում եւ այլ վայրերում որբանոցներ, դպրոցներ բացեցին հայ որբերին փրկելու եւ, աւելի՛ն, նրանց ոչ միայն մահուան ճիրաններից ազատագրեցին, այլ նաեւ ուսում ու մասնագիտութիւն սովորեցրեցին: Երիտասարդ մարդասէրներ են եղել նրանք, որոնց նուիրումը անկարելի է գնահատել պարզ խօսքերով: Իւրաքանչիւրի արարքը մի հերոսութիւն ու անձնազոհութիւն է` հաստատուած գրաւոր փաստերով ու նամակներով: Ահա թէկուզ մի մէջբերում. «Պեռնի Հայերի օգնութեան միութիւնը օրիորդ Աննա Շուէյզըրին (ծնվ.17 նոյ. 1865-ին, որը 1894-ից  որպէս ուսուցիչ աշխատել է Պեռնի Սթէյնհուլզլի համալսարանում) որոշում է ուղարկել Պրուսա` նոյեմբերից սկսած: Նա ինքն է առաջարկել իր ծառայութիւնը ուսման մէջ օգնելու 96 հայ որբերի, որոնք վերջերս տեղաւորուել են այնտեղ» (էջ 281):

Աննան միակ օրինակը չէ, որն ինքնակամ ցանկութիւն է յայտնել օգնել հայ անօգնական որբերին ու կարիքաւորներին: Այս գրքում դուք կը ծանօթանաք բազմաթիւ կենսագրութիւնների` 30-ամեայ Մարի Զենկերին, Սվազի աղջիկների որբանոցի պատասխանատուն, որին 1914-ին երիտթուրքերի հրամանով ամերիկեան միսիոնարների հետ Սվազից փոխադրում են Էրզրում պատերազմի վիրաւոր զինուորներին բուժելու: Մարտ 1915, երբ 200 գերման բուժօգնականներ են ժամանում Էրզրում, Զենկերը վերադառնում է Սվազ` իր հին պաշտօնին, սակայն ճանապարհին, Երզնկայում հիւանդանում է եւ գամւում` անկողնուն: Էրզրումի հիւանդանոցում վարակուած լինելով տիֆով` Երզնկայում մահանում է նոյն թուի մարտ 23-ին, երբեք այլեւս չտեսնելով Սվազի իր սիրելի սաներին, որոնք նոյնքան անհամբեր սիրով սպասել են իրենց սիրելի ուսուցչուհու վերադարձին:

Այո՛, դժուար ու ծանր է եղել նրանց աշխատանքը, նրանց կեանքը, իրենց հայրենի երկրից հազարաւոր մղոններ հեռու: Նրանք պատրաստակամօրէն կիսել են մեր ժողովրդին պարտադրուած աննկարագրելի դժուարութիւննները եւ տառապել` նրանց հետ միասին:

Ահա թէ ի՛նչ է գրել Գուրունի որբանոցի պատասխանատու Լինա Լինտերը. «Յաճախ, երբ հիւպատոսները կամ եւրոպացիները հարցնում էին, թէ ինչպէ՞ս մէկը կարող է թողնել գեղեցիկ Զուիցերիան եւ գալ ու ապրել այս վշտով լի երկրում, մենք ուզում էինք, որ նրանք տեսնէին այդ երեխաների դէմքերը, որոնք երբ մենք գալիս էինք, խելայեղ նուիրումով էին մեզ ընդունում: Այդ ժամանակ հաւանաբար մարդիկ հասկանային, որ մենք շնորհակալ ենք Աստծուց, որ մեզ ուղարկել է այստեղ» (էջ 328):

Զուիցերիոյ տարբեր` մեծ ու փոքր քաղաքներից` Պազել, Ցիւրիխ, Սուրբ Կալեն, Ափենզել-Ուզըրհոտեն եւ այլ շրջաններից է հասել ե՛ւ մարդկային, ե՛ւ դրամական օգնութիւնը: Բաւարարուեմ յիշատակելով միայն մի քանի նուիրական անուններ, քանզի շատ են նրանք: Օրինակ, Ցիւրիխից` Վանի որբանոցի պատասխանատու Աննա Ապեկլենը, Պազելից` Մարաշի աղջիկների որբանոցի պատասխանատու Պէաթրիս Ռոհները, որը չդիմանալով իր աչքի առջեւ կատարուող ամէնօրեայ սպանդին` հոգեկան խանգարում է ունենում: Ալպերթ եւ էմմա Հիւպըրթները, Մարի Մէյլըֆերը, Քաթարինա Սթաքին, Էլիզապեթ Քունցլեր, ամուսինը` Եակոպ Քունցլեր, որը յայտնի է Փափա Քունցլեր անունով, եւ որը նոյնիսկ իր աջ թեւը վարակումից կորցնելուց յետոյ անգամ մնաց եւ օգնեց ե՛ւ որբերին, ե՛ւ հիւանդներին: Լիբանանում հայութիւնը նրանց անուան յուշաքարով գնահատեց ու յաւերժացրեց նրանց ներդրած անգնահատելի օգնութիւնը:

Այս օտար մարդասէր անհատների` բժիշկների, ուսուցիչների, քաղաքական գործիչների, պատուելիների շարքը, ինչպէս ասացի, շատ երկար է: Պիտի նշեմ, որ իր գրքում դոկտ. Մանուկեանը արժանաւոր տեղ է յատկացրել նրանց բոլորին, որոնց իրապէս պարտական ենք ազգովին, եւ ընթերցողը անշուշտ մանրամասնօրէն կը ծանօթանայ նրանց գործունէութեան:

Պարզւում է, որ Զուիցերիոյ մարդասիրական կազմակերպութիւններից բացի` անհատները նոյնպէս անձնապէս իրենց դրամական յաւելեալ օգնութիւնն են ներդրել, որոնցից անկարելի է չյիշատակել մեծ բարերար Լէոփոլտ Ֆաւրին, որն իր կողմից դրամական մեծ օգնութիւն է տուել մինչեւ իսկ ամերիկեան միսիոնարներին` հայ որբերին պատսպարելու համար, Մարաշի որբերին, Մարտինի, Այնթապի քոլեճի տղաների ուսման ի նպաստ:

Իսկ ամենայուզիչը մի դրուագ է, որն իմ կարծիքով,  վեր է մեր իմացած մարդկային բարութեան բոլոր սահմաններից: Դոկտ. Մանուկեանը այդ թուերի մամուլի ուսումնասիրութիւնների մէջ հանդիպում է հետեւեալ մի հաղորդագրութեան. «Մի զուիցերիացի կին, ներկայանալով ի նպաստ հայերի օգնութեան կատարուող դրամահաւաքին` հանում է իր մատի ամուսնական փոքրիկ ադամանդներով մատանին եւ նուիրում այդ օգնութեանը»: Այդ կնոջ անունը թէեւ անյայտ է, սակայն վստահ եմ, այսուհետ այդ նուիրաբերումը ադամանդակուռ տառերով պիտի փորագրուի մեր անտուն ու անօթեւան որբերի օգնութեան պատմութեան մէջ:

Բնականաբար դժուար է կարդալ այն նամակները, տեղեկութիւնները, ուր կոտորուող հայութեան անպարագրելի թշուառ վիճակի նկարագրութիւնն է: Թուրքիան երբեք չի ցանկացել իր երկրի ներսում կատարուող սպանդների մասին տեղեկանան երկրից դուրս: Խստագոյն գրաքննութիւնը տարածուել է նոյնիսկ հիւպատոսարանների եւ նրանց աշխատակիցների վրայ: Արգելուած է եղել օգտագործել հայ բառը, նոյնիսկ աշխատակիցները տան հետ նամակակցելու իրաւունք չեն ունեցել: Զուիցերիան իր օգնութիւնը յաճախ կատարել է Գերմանիոյ միջոցով, ծածկագիր գրութիւններով:

Դոկտ. Մանուկեանը գրական ներքին մի կարողութեամբ այս ուսումնասիրութիւնը այնպէս է մատուցում, որ ընթերցողը ակամայ համեմատութիւն է անցկացնում ջարդարար թուրքի հետ, որը գազանաբար կոտորում է իր երկրի քաղաքացիներին, որոնք ամէն ինչից առաջ, իր երկրի զարգացմանն էին նպաստում, ի հակադրութիւն օտար մի հեռաւոր, անծանօթ երկրի, մի ժողովրդի, որը յօժարակամ եւ սիրով փորձում է փրկել անմեղ կոտորուողներին:

Այո՛, այս գիրքը կրկին յիշեցնելով մեզ մեր ժողովրդի կրած ամենաարիւնոտ ճակատագիրը` ստիպում է մեզ մոռացութեան չմատնել այդ ճակատագրին ենթարկուածներին, հետապնդել նրանց իրաւունքները: Այն պարտադրում է մեզ յիշել եւ գնահատել բոլոր նուիրեալների զոհողութիւնները, որոնք ինքնակամ իրենց օգնութիւնը նուիրաբերեցին մեր օրհասական պահերին եւ մեր փրկուածներից շատերի կեանքով նրանց ենք պարտական:

Դոկտ. Աբէլ Մանուկեանը ինքն էլ արեւմտահայ է, քեմալականների կոտորածից փրկուած հաճընցու թոռ եւ ողջ ուսումնասիրութիւնը ներքին մի զգացական ապրումով է գրել, որը էլ աւելի հետաքրքիր է դարձնում աշխատութիւնը: Իսկ արեւմտահայ լինել եւ ուսումնասիրութեան արդիւնքում քո հարազատներից, քո կոտորուած գերդաստանից տեղեկութիւն չգտնել` անկարելի է: Եւ ահա վերջաբանում մենք կարդում ենք հետեւեալ հետաքրքիր տեղեկութիւնը. «Յունիս 21-ի առաւօտեան, գնացի Պեռնի Զուիցերիոյ Ազգային գրադարան այս գրքիս համար ուսումնասիրութիւնս շարունակելու: Փնտռում էի «Հայերի բարեկամները Զուիցերիայում» քառամսեայ ամսագրից տեղեկութիւններ:  Այս ամսագիրը, որը կոչւում էր «Լուրեր Հայաստանի մասին», հրատարակւում էր Պազելում, 1916-1944 թուականներուն, տեղեկատուութիւն էր Թուրքիոյ եւ Միջին Արեւելքում կատարուող իրադարձութիւնների եւ միաժամանակ հաշուետուութիւն հաւաքուած նպաստների օգտագործման մասին: Երբ բացեցի 1932 յունիս 57 թիւը, տեսայ մի էջ վերնագրուած` «Երեխաների գիշերօթիկ Պէյրութի գաղթակայանում», որի կողքին չորս որբերի լուսանկար` երկու տղայ, երկու աղջիկ, իրենց անուն ազգանուններով: Նրանց կողքին մեծ տառերով գրուած` «Մենք շնորհակալ ենք»:

Ի դէպ, աւելացնեմ, այս նկարը շատերս ենք յաճախ տեսել, եւ ես միշտ սրտի մղկտումով եմ նայել այդ որբերի տանջուած, ծնողի գուրգուրանքի ու տան ջերմութեան կարօտ դէմքերին, ուր կարծես ծանր մեղադրանք եւ խնդրանք կայ դրոշմուած: Զարմանալի չէ, որ նոյն զգացումը ապրել է դոկտ. Մանուկեանը, դեռ աւելի՛ն, նրանցից երկրորդի` ոտաբոպիկ, անչափ տխուր հայեացքով կանգնածի անուն-ազգանունը` Գրիգոր Թափանեան, շնչահեղձ է արել իրեն:

Անիրական պահեր կան մարդու կեանքում, որ տեսածդ քարացնում, պապանձում է քեզ: Այդ երեխայի անուն-ազգանունը անչափ ծանօթ լինելով հանդերձ, այդ պահին նա չի կարողանում համատեղել, եւ այդ ալեկոծումը աւելի անտանելի է դարձրել իր շնչահեղձ վիճակը: Իրապէս, ինչպէ՞ս, կեանքի ի՞նչ առեղծուածով, բոլորովին օտար մի երկրում, Զուիցերիոյ Ազգային գրադարանում, այլոց ուսումնասիրութիւնների մէջ, պատահականօրէն պիտի բացայայտես քո իսկ ընտանիքի մասնիկին` մօրեղբօրդ: Երեխայի անուան կողքին գրուած թռուցիկ կենսագրականը էլ աւելի է հաստատել իր յայտնութիւնը:

Ուսումնասիրութիւնը կէս թողած` շտապել է տուն եւ անմիջապէս կապուել իր մօրեղբօր այրու հետ, որը հաստատել է իր յայտնաբերածը` իսկապէս մօրեղբայրը եղել է Պէյրութի Զուիցերիոյ Քունցլեր ամուսինների կողմից գործող որբանոցում, եւ այդ երեխան իր մօրեղբայրն է, որի կենսագրութեան մանրամասները նա նոր է յայտնաբերում, այն էլ` օտար գրադարանում:

Այո՛, հայի ճակատագրի հետ կապուած հազարաւոր այսպիսի յուզիչ յայտնագործումների ենք հանդիպում մեր շրջապատում եւ իւրաքանչիւր անգամ շնորհակալ լինում այն բոլոր անձանց, ովքեր բացայայտում, մեզ են ներկայացնում տեղեկութիւններ` մեր ժողովրդի պատմութեան տարբեր էջերի հետ կապուած: Իսկ մեր ժողովրդի պատմութիւնը երբեմն այդ նոյն հետազօտողների պատմութիւնն է դառնում, ինչպէս դոկտ. Մանուկեանի դէպքում է, ում բզկտուած գերդաստանի մնացորդները փրկուել են նոյն Զուիցերիոյ մարդասիրական օգնութեան շնորհիւ:

Դոկտ. Աբէլ Մանուկեանի այս նոր գիրքը` «Մարդասիրութեան վկաները» արժէքաւոր հետազօտութիւն լինելուց զատ` մեր ժողովրդի ու նաեւ անձնապէս իր շնորհակալութիւնն է Զուիցերիոյ ողջ ժողովրդին` իրենց ցուցաբերած հարազատ ջերմութեան եւ ներդրած դրամական, մարդկային անձնուէր օգնութեան համար:

Գիրքն իրապէս մարդասիրութեան վկայագրութիւնն է` անժխտելի փաստերով հրամցուած, ահա թէ ինչո՛ւ գրքի վերնագիրը` վկայութիւնը, ես դարձրեցի աւելի տարողունակ` այն անուանելով վկայագրութիւն:

Այսօր աշխարհի տարբեր երկրներում դեռ շարունակուող մարդկային սպանդի այս ալեկոծումներում այս գրքի ներկայութիւնը ոչ միայն անհրաժեշտութիւն է, ոչ միայն օրինակ ծառայելու քարոզչութիւն, այլ` ժողովրդների կոտորածին ու տեղահանութիւններին վերջ դնելու հրատապ կոչ:

Շուտով գրքի ֆրանսերէն հրատարակութեամբ այն աւելի տարածուն  հնչեղութիւն կ՛ունենայ:

Կրկին շնորհաւորելով դոկտ. Ա. Մանուկեանին իր այս արժէքաւոր ուսումնասիրութեան հրատարակութեան առիթով` մեր երիտասարդ սերունդին առաջարկում եմ անպայմանօրէն կարդալ այն, քանի որ իրենց հասկանալի լեզուով` անգլելենով է: Օտարներից աւելի մեզ է անհրաժեշտ լաւատեղեակ լինել մեր իսկ պատմութեան:

10 նոյեմբեր 2018
Սան Ֆրանսիսքօ


Արմէն Ռուստամեան. «Մեր Ուժը Միասնականութեան Մէջ Է»

$
0
0

«Երկիր մետիա» պատկերասփիւռի կայանի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդումին հիւրընկալուած ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը` պատասխանելով քաղաքացիի մը այն հարցումին, թէ ինչո՛ւ ինք կը գլխաւորէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն ՀՅԴ համապետական ցանկը` ըսած է, որ ատիկա եղած է կուսակցութեան որոշումը, ինչպէս նախորդ տարի:

«Գիտէք, որ 2017 թուականին մենք դրել ենք խնդիրներ` «Նոր սկիզբ, արդար Հայաստան» յայտնի կարգախօսով, որն ընթացքի մէջ է: Այդ ժամանակ մենք առիթ ունեցանք մեր ժողովրդին ներկայացնելու, թէ որն է Դաշնակցութեան առաքելութիւնը, որը դեռ պէտք է շարունակուի: Այն ժամանակ էլ ես էի ղեկավարում ցուցակը: Կարծում եմ` այդ տրամաբանութիւնը պահպանելով է, որ կուսակցութիւնը նման որոշում է կայացրել», ըսած է ան:

Ռուստամեան շեշտած է, որ, այնուամենայնիւ, այստեղ ղեկավարելու խնդիր չկայ: «Մեր կուսակցութեան մէջ ընդհանրապէս ղեկավարներ չկան, ՀՅԴ-ն խմբային ղեկավարուող կուսակցութիւն է, ամբողջական մէկ խումբ է, ուր ամէն մէկն իր ուրոյն դէմքն ու դիմագիծը, իր ոճն ու տրամաբանութիւնն ունի», ըսած է ան:

Պատասխանելով այն հարցումին, թէ ցանկը գլխաւորելու` կուսակցութեան որոշման մէջ կարեւոր նկատուա՞ծ է արդեօք, Ազգային ժողովին մէջ իր փորձառութիւնը, պատգամաւորը նշած է. «Կարծում եմ` այո՛: Իմ փորձը միայն Ազգային ժողովում չէ: Չգիտեմ` դա լաւ է, թէ` վատ, բախտաւորութիւն է, թէ` ոչ այնքան, կարելի է ասել, որ 30 տարի քաղաքական պայքարի մէջ եմ: 1988 թուականի մեր համազգային շարժումը բոլորին, այդ թւում` նաեւ ինձ, կտրեց հիմնական զբաղմունքից: Ես մասնագիտութեամբ ֆիզիքոս եմ, եւ այդ օրերին գիտութեան մէջ էի խորացած, բայց կեանքը ստիպեց, որ զբաղուենք ազգային հարցերով եւ, մեզանից անկախ, դարձանք քաղաքական գործիչ: Ի հարկէ, 30 տարուայ այդ փորձառութիւնը հիմա շատ կարեւոր է, որովհետեւ մեր կուսակցութիւնը, իրաւունք ունեմ ասելու, քաղաքական դաշտում լինելով ամենափորձառուն, ցանկացած քայլ կատարելիս նախեւառաջ ամբողջ պատմական ընթացքի վրայ է այն տեղաւորում եւ դրա հետ համեմատելով է նայում` ճի՞շդ է, թէ՞ սխալ»:

Ռուստամեանի խօսքով` Դաշնակցութիւնը միւսներուն նման չէ, որ այսօր բան մը ըսէ, վաղը անկէ պատասխան չպահանջեն: «Շատ յաճախ անձի շուրջ ստեղծուած կուսակցութիւններ են: Անձ է` այսօր մի բան կ՛ասի, վաղը` ուրիշ բան: Խօսքը չի էլ գնում երկար, տարիներ շարունակ նոյն բանն ասելու մասին, մարդիկ կան, որ օրուան մէջ տեսակէտ են փոխում: Յաճախ մեզ էլ են փորձում դա վերագրել` առանց խորամուխ լինելու, որ Դաշնակցութիւնն իր ծրագրերի եւ մօտեցումների մէջ անշեղ է եղել: Դաշնակցութեան գաղափարական եւ քաղաքական ընդհանուր ուղեգիծը միշտ մնացել է նոյնը: Եւ այս 30 տարուայ ընթացքում, իմ տեսակէտն ու մասնակցութիւնը ունենալով, վստահաբար կարող եմ ասել, որ չկայ տեղ, որ որեւէ մէկը կարող է ապացուցել, որ Դաշնակցութիւնը շեղուել է իր ասածներից եւ ուղեգծից: Հնարաւոր է` եղել են քայլեր, որ մէկը մարտավարական առումով սխալ է համարել: Մենք մեր ամենամեծ քննադատն ենք: Դաշնակցութեան ուժը հէնց դա է, որ, ամէն փուլ ամփոփելով, անգամ` ոչ միայն պատմական, այլ նաեւ ամէն մի քաղաքական իրադարձութիւն մեր կուսակցութեան մէջ շատ լուրջ քննարկումների առարկայ է դառնում: Մենք ամէն քայլը փորձում ենք կատարել համոզումով, միասնական: Սա է մեր ուժը», նշած է ան:

Ռուստամեան կրկնած է, որ որոշումները Դաշնակցութեան մէջ կը կայացուին ժողովրդավարութեամբ` լայն քննարկումներու իբրեւ  արդիւնք, բոլորն ազատ են` իրենց տեսակէտները ժողովներու ժամանակ ներկայացնելու, կրնան իրենց մօտեցումները պաշտպանել` անկախ կուսակցական հանգամանքէն, բայց երբ որոշումներ կ՛ընդունուին, բոլորն ալ պարտաւոր են այդ որոշումները կատարել անշեղօրէն: Ան խոստովանած է նաեւ, որ եղած են նաեւ դէպքեր, որ «իր սրտով չեն եղած», բայց որոշումը կատարած է:

«Շատ յաճախ պարզուել է, որ դու տեսակէտում սխալւում էիր, եւ մեծամասնութեան ասածն, այնուամենայնիւ, աւելի ճիշդ էր: Միշտ էլ կարելի է ցանկացած որոշում, քայլ քննադատել, այն էլ` յետադարձ, այսինքն` անցնում է մի 100 տարի, յետ են գնում ու, այդ օրերի մէջ չլինելով, սկսում են որոշել` Դաշնակցութիւնն այն ժամանակ ճի՞շդ է իրեն պահել, թէ՞ սխալ` առանց խորամուխ լինելու պայմանների եւ իրավիճակի նրբութիւնների մէջ: Ես վստահ եմ, որ Դաշնակցութեան հիմքերն այնքան անաղարտ են, եւ այնքան նուիրեալներ կան կուսակցութեան մէջ, որ միայն դա բաւարար է` ստիպելու յարգել այս կուսակցութիւնը», ըսած է պատգամաւորը:

Ռուստամեան նաեւ ընդգծած է, որ Դաշնակցութիւնը բազմաթիւ մեծեր  տուած է, նոյնիսկ կան անուններ, որոնց դաշնակցական ըլլալէն շատեր տեղեակ չեն: «Օրինակ` Յովհաննէս Թումանեան, Վահան Տէրեան, Աւետիք Իսահակեան, դեռ չեմ խօսում կարկառուն դաշնակցականների մասին` Դրօ, Արամ Մանուկեան եւ այլն: Այդ մարդիկ պատահական չէ, որ մտան Դաշնակցութեան մէջ եւ շատ մեծ դեր խաղացին, որ ամրապնդուի այս կառոյցը` իր փլաթֆորմով, մանիֆեսթով, ծրագրերով, կանոններով, կանոնագրով, որը շատ քիչ փոփոխութիւնների է ենթարկւում, որովհետեւ ժամանակի փորձութիւնն է անցել», նշած է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչը:

«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքին հանգանակուած է 11 միլիոն 106 հազար տոլար` աւելի քիչ, քան նախորդ տարի: Կ՛ակնկալուէր, որ այս տարի աւելի մեծ գումարներ կը փոխանցուին` հաշուի առնելով այն հանգամանքը, որ ապրիլ-մայիսէն ետք վարչապետն ալ, օրուան իշխանութիւններն ալ կը յայտարարէին, որ մարդոց մէջ հաւատը վերականգնուած է, համասփիւռ հայութիւնն ալ պատրաստ է մեծ գումարներ տալ, որովհետեւ, անոնց բնորոշմամբ, արդէն նոր, արդար Հայաստան է:

Արմէն Ռուստամեանը հանգանակուած` համեմատաբար քիչ գումարին կապակցութեամբ ափսոսանք  յայտնած է. «Ակնկալիքն այնպիսին էր, որ այս յեղափոխական փաթոսը նաեւ վերածուի ճշգրիտ քայլերի: Սա պէտք է շատ լաւ նշան, ահազանգ լինի մեր իշխանութիւնների համար, որ եթէ իրենց թւում է` միայն յայտարարութիւններով, խանդավառութիւններով ինչ որ բաներ իրենք տեղից շարժելու են, չարաչար սխալւում են», նշած է ան:

Ըստ Ռուստամեանի, այդ բոլորը պէտք է կարենալ նախապէս կազմակերպել: «Դրամահաւաքն էլ կազմակերպչական ջիղ եւ նախապատրաստական աշխատանք է պահանջում, որը պատշաճ մակարդակով հաստատ չի արուել, որ այդպիսին է վիճակը: Մենք, բնականաբար, մեր բոլոր կառոյցներով աշխատել ենք եւ հրահանգել` Միացեալ Նահանգներում, Քանատայում եւ այլուր, շատ աշխուժ լինել, նրանք էլ աշխուժօրէն մասնակցել են: Դա կարելի է փաստերով արձանագրել», նշած է պատգամաւորը:

Անոր համաձայն, հանգանակուած քիչ գումարը կարելի է կապել երկու պատճառի հետ: Առաջինը` հոգաբարձուներու խորհուրդի գործադիր տնօրէնի հետ կապուած սքանտալային բացայայտումն է, որ գումարներ վերցուցած էր, խաղատան մէջ դրած, յետոյ` վերականգնած:

«Բնականաբար, սա հարուած հասցրեց հիմնադրամի հեղինակութեանը: Սա նշանակում է` այն փոփոխութիւնները, որոնք կատարուեցին, վստահութիւն չառաջացրեցին: Պէտք է ազդէին, բայց, փաստօրէն, չեն ազդել: Փաստօրէն, ամէն ինչ չէ, որ հալած իւղի պէս ընդունւում է, որ` եթէ մենք եկել ենք, ուրեմն այլեւս ամէն ինչ լաւ է, որեւէ փտածութիւն դրսեւորում չի կարող լինել, ամէն ինչ արդէն վստահելի է: Պարզւում է` այդպէս չէ, բոլորը դրանում համոզուել են: Ուրեմն այստեղ խնդիրներ կան, որոնցից այսօրուայ իշխանութիւնները պէտք է լուրջ եզրակացութիւններ անեն», նշած է Արմէն Ռուստամեան:

Անոր խօսքով` պէտք չէ հարցը շրջանցել տարբեր պատճառաբանութիւններով` բացատրելով, որ իբր թէ Ռուսիոյ մեծահարուստները չեն մասնակցիր: «Իսկ հարց է առաջանում` ինչո՞ւ չեն մասնակցել», հարցուցած է Ռուստամեան:

Դիտարկման, թէ վարչապետը Ռուսիոյ հայ գործարարներուն հետ հանդիպած էր, ինչ որ պէտք է ազդած ըլլար, Ռուստամեան արձագանգած է. «Հանդիպում էր, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ որտեղ հանդիպում է, այնտեղ խանդավառութիւն է, մարդիկ տեղ են ման գալիս իրենց աջակցութիւնը նոր իշխանութիւններին, նոր Հայաստանին, թաւշեայ յեղափոխութեանը բերելու համար: Բայց սա առաջին նշանն է, որ իրականում այդպէս չէ: Սա պահանջում է տքնաջան աշխատանք: Պարզ յայտարարութիւններով եւ միայն հռետորաբանութեամբ չես կարող հասնել քո դրած նպատակին»:

Եթէ ճգնաժամը մէկ օրուան մէջ կը յառաջանայ, ուրեմն ճգնաժամ չէ: Ճգնաժամը չի կրնար յանկարծ  բուսնիլ, ըսած է Արմէն Ռուստամեան` անդրադառնալով ընտրութիւնները հապճեպ կատարելու` Նիկոլ Փաշինեանին որոշման:

Ան նշած է, որ Փաշինեան երեք հիմնաւոր պատճառ  ներկայացուցած է ընտրութիւնները դեկտեմբերին կատարելու համար, սակայն երեք պատճառին առկայութիւնը ցոյց կու տայ, որ իրականութեան մէջ ատոնցմէ ոչ մէկը հիմնաւոր է: «Նշանակում է` երեքն էլ բերում ես, որ մէկի պակասը լրացնես միւսով: Երեքն էլ անհիմն են եւ բաւարար չեն, որ ասեն` ժողովուրդը պահանջեց դեկտեմբերին: Նախ` ժողովուրդը չի պահանջել դեկտեմբերին, ինքը` Նիկոլ Փաշինեանը, այդպէս որոշած, եկել, հանդիպել է Վահրամ Բաղդասարեանի հետ եւ ասել, որ դեկտեմբերին են անցկացնելու, քանի որ պատգամաւորները որոշել են կանոնակարգի փոփոխութիւն կատարել: Սա բանալին է` հասկանալու, թէ ինչ է կատարուել», ըսած է պատգամաւորը:

Ան նշած է, որ այնպէս կը ներկայացնեն, որ ասիկա իբր թէ հակայեղափոխական դրսեւորում էր, կամ, ըստ Փաշինեանի, իրենք պատերազմ  յայտարարած են ժողովուրդին: «Երբ եկաւ, մենք նրա ասացինք` եղբա՛յր, այն ինչ արել ենք, դու պիտի շնորհակալ լինես դրա համար, որովհետեւ մենք արել ենք պարզ տրամաբանութեամբ, որ եթէ լուծարման ճանապարհով է գնում նոր ընտրութիւններին հասնելու այս ընթացքը, Ազգային ժողովը պէտք է արձակուի իրաւունքի ուժով, ոչ թէ պարտադրանքով, ուժի իրաւունքով: Մի քիչ անցաւ, եւ նրանք հասկացան, որ եթէ ինչ-որ բան Սահմանադրութեանը մի տառով կամ ստորակէտով չի համապատասխանում, ական են դնում ընտրութիւնների տակ, եւ յետոյ կարող է վիճարկուել` այս ընտրութիւններն արդեօք օրինակա՞ն էին, թէ՞ ոչ: Դրա համար եղաւ քաղաքական այս բեմականացումը, թէ` առաջադրում ենք, բայց մի՛ ընտրէք: Նիկոլ Փաշինեանին առաջադրում ենք ոչ թէ ընտրելու, այլ չընտրելու համար: Կարելի է ասել, որ սա մեծ խաբէութիւն էր, հասարակական կարծիքի ձեռնածութիւն էր: Ես վստահ եմ` այն մարդիկ, որոնք եկել էին հրապարակ, բացարձակապէս տեղեակ չէին, թէ ընդհանրապէս ինչի մասին է խօսքը: Աւելին ասեմ` նրա իսկ թիմում մարդիկ կային, որ չգիտեն` ի՞նչ է այս օրէնքն իրենից ներկայացնում», ըսած է Ռուստամեան` շեշտելով, որ իրենց անցած ամբողջ պատմութեան մէջ առաջին անգամը եղած է, որ նման իրավիճակի դէմ յանդիման եղած են:

«Փտածութեան մէջ անգամ մեզ երբեք ոեւէ մէկը, վարչապետ կամ վարչապետի կողմից լիազօրուած անձ, չի ասել` փոխէք ձեր հրապարակածը, եթէ չփոխէք, մեր կապերը խզւում են: Ինձ  առաջին փոխվարչապետը զանգել է ու ասել` գիտէք, եթէ դուք ձեր տեսակէտը չփոխէք եւ կողմ քուէարկէք օրինագծին, մեր կապերը խզւում են: Ես ասացի` նախ այսքան ժամանակ մենք չենք էլ յարաբերուել, երկու-երեք ամիս է` ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, մեր տեսակէտները ներկայացնել, փոխանցել մեր մտահոգութիւնները, հարցեր կան լուծելու, հնարաւորութիւն չի գտնում վարչապետը. սա մէկ: Երկրորդ` մենք համախոհ գործընկերներ ենք, նոյն կառավարութեան մէջ ենք, փոխանակ առաջին հերթին մեզ հետ սկսէք բանակցել` հասկանալու համար, թէ ինչպէ՞ս ենք գնալու Ազգային ժողովի լուծարմանը, դուք մեզ մի կողմ էք դրել, գնացել, բանակցում էք հանրապետականների հետ: Սա արդէն էթիքայի խախտում է», նշած է Ռուստամեան:

Ըստ անոր, եթէ այսօր իրենք ըլլան բծախնդիր, Քրէական օրէնսգիրքին մէջ կայ 301.1 յօդուածը, համաձայն որուն, եթէ Ազգային ժողովին կը պարտադրեն որոշում, անգամ` անոր լիազօրութենէն բխած, ատիկա քրէօրէն հետապնդելի է` 3-էն 10 տարի ազատազրկում կը հասնի: Իսկ եթէ ատիկա կատարուած է ծանրացուցիչ հանգամանքներու մէջ` մինչեւ ցմահ բանտարկութիւն:

«Ես Փաշինեանին ասացի, որ մեր խմբակցութիւնը եօթ հոգի է, որից չորսին չեն թողել մտնել Ազգային ժողով: Եթէ մենք հետեւողական լինենք մեր քայլերի մէջ, ովքեր չեն թողել մեր պատգամաւորներին մտնել Ազգային ժողով, 301.1 յօդուածով պէտք է դատուեն: Այն յայտարարութիւնը, որ արեց հէնց նրա խմբակիցը (խմբ.- Ալեն Սիմոնեանը), որ պատգամաւորները պէտք է յայտնուեն «Սանիթեք»-ի աղբարկղերում, հէնց նրա համար այս յօդուածը կիրառելի է, եւ նա այդ յօդուածով կարող է պատասխանատուութեան ենթարկուել», ըսած է պատգամաւորը` աւելցնելով. «Այն ժամանակ էլ եմ յայտարարել, հիմա կրկնում եմ` եթէ ես Սահմանադրութեան տառն ու ոգին եմ պահպանում եւ դրա համար հակայեղափոխական եմ դառնում, ուրեմն առաջին հակայեղափոխականը, այո՛, հէնց ես եմ: Այսինքն` ես յեղափոխութեան շահերից բխող քայլ եմ կատարում, դառնում եմ հակայեղափոխական, ուրեմն յեղափոխութեան հետ մի բան այն չէ: Մենք այստեղ գործ ունենք կեղծ եւ շիտակ յեղափոխութիւնների հետ: Հիմա մեզանից ո՞վ է աւելի խորքային, անկեղծ եւ լիարժէք յեղափոխութիւն ուզում: Եթէ դու ուզում ես, Սահմանադրութիւնը խախտելով, յեղափոխութիւն անել, դա շուռ է գալու մեր դէմ, բումերանգով հարուածելու է մեզ: Նոյն սխալն արել են նախկինում, բայց նոր իշխանութիւնները այդպիսի սխալն անելու իրաւունք չունեն, ոչ էլ սահման ունեն»:

Արմէն Ռուստամեան յայտարարած է, որ ժողովուրդի ակնկալիքն այս յեղափոխութենէն շատ մեծ է, բայց այս ակնկալիքն առայժմ կը փարատի միայն մէկ բանով` վստահութեամբ:

«Ժամանակի ընթացքում այդ ակնկալիքը պահպանուելու է, մի բան էլ աւելի` աւելանալու է, որովհետեւ վիճակը չի լաւանում, խնդիրներն առայժմ չեն լուծւում, ընդհակառակը` շարունակում են կուտակուել` ընկերային, տնտեսական, ներքին եւ արտաքին: Արտաքինի մասին էլ չխօսենք, դա առանձին նիւթ է, որ խնդիրներ ենք ինքներս մեր գլխին սարքել: Այս խնդիրների կուտակման գունդը սկսում է մեծանալ, եւ յոյսը, բնականաբար, կամաց-կամաց մարելու է», նշած է պատգամաւորը:

Ան վստահութիւն յայտնած է, որ մայիս-յունիսին նոր իրավիճակ պիտի ստեղծուի, եւ ատիկա ամէնէն յաջող ժամանակն էր ընտրութիւններ կատարելու համար: «Սակայն խնդիրը դարձաւ ոչ թէ յեղափոխութեան նպատակներին այս ամբողջ գործընթացը ծառայեցնելը, ինչպէս ասում են, թէեւ յեղափոխութեան նպատակն անորոշ է, միայն մէկ յստակ նպատակ է եղել այդ յեղափոխութեան մէջ` մերժիր Սերժին: Թէ մերժելուց յետոյ ի՞նչ պիտի անեն, յայտնի չէ: Բացի դրանից` մենք ունենք Ղարաբաղի հարց: Պոլթընի այցը, նրա յայտարարութիւնները, Ղարաբաղի հարցը շուտափոյթ լուծելու հետ կապուած` Միլզի յայտարարութիւնները, աշխարհաքաղաքական նոր պատկերացում առաջացնելը` Իրանի հետ յարաբերութիւններում Հայաստանին ընդգրկելու հետ կապուած… Մանաւանդ` խորհրդարանում նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, որ Իրանի հետ սահմանը տէ ֆաքթօ կարող է ամէն պահի փակուել: Ինչպէ՞ս կարող է երկկողմ յարաբերութիւնների մէջ այդպիսի յայտարարութիւն անել: Տէ ֆաքթօ փակողը կա՛մ մենք ենք, կա՛մ Իրանը: Իրանը չի պատրաստւում փակել, այդ ո՞վ պէտք է փակի սահմանը, ինչո՞ւ պիտի դա ամէն պահի հնարաւոր լինի», նշած է Ռուստամեան:

Պատգամաւորին խօսքով` այսօր մենք արդէն խնդիր ունինք` մեր իրանցի հայրենակիցները, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ են, կը կանչեն դրամատուներ եւ անոնց կը պարտադրեն, որ փակեն իրենց հաշիւները: «Մենք այդ մասին յայտարարութեամբ հանդէս եկանք: Սրանք առաջին ծիծեռնակներն են, մենք շատ աւելի լուրջ խնդիրների ենք դիմակայելու», ըսած է Ռուստամեանը:

Անոր համոզումով` Արցախի հարցը պիտի լուծուի մեծ վստահութիւն ունեցող իշխանութիւններու կողմէ, սակայն ներկայիս իրավիճակը նրան տէ ժավու կը յիշեցնէ: «90-ականներին նոյն բանը տեղի ունեցաւ. Լեւոն Տէր Պետրոսեանն ունեցաւ ընտրութիւնների 83 տոկոսը եւ առաջին քայլերը, որ սկսեց անել, հէնց Ղարաբաղի հարցի լուծման հետ էին կապուած: Բայց մեր բախտը բերեց նրանով, որ իշխանութիւնները ձեւաւորուել էին Ղարաբաղի խնդրի վրայ, եւ ներսում կային այդ հարց պաշտպանելու վճռականութիւն ունեցող անձինք: Դրա համար էլ Դաշնակցութիւնը փակուեց… Հիմա ո՞վ է ներսում Նիկոլ Փաշինեանի հետ այս խնդիրը կասեցնելու: Ովքե՞ր են տէր կանգնելու Ղարաբաղի հարցի ոչ բարենպաստ լուծման հետ կապուած զարգացումները խափանելուն: Չի երեւում այդ խումբը», ըսած է Ռուստամեանը` աւելցնելով. «Դրա համար մենք մեծ մտահոգութիւն ունենք: Ես չեմ ուզում` դա տեղի ունենայ, բայց մօտ ամիսներին պէտք է սպասենք Ղարաբաղի հարցում նոր զարգացումների»:

Պատգամաւորն անդրադարձած է նաեւ մենիշխանութիւն յիշեցնող ներկայ իրավիճակին: Անոր համոզմամբ` հին մենաշնորհը պիտի չփոխարինուի նորով, ատկէ լաւ բան չի սպասուիր, ինչքան ալ այդ անձը մեծ վստահութիւն ունենայ:

«Պէտք չէ թոյլ տանք, որպէսզի մեր պատմութեան` առնուազն այս 30 տարիների սխալները կրկնուեն: Տէ ժավուն, որ ասում եմ, Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք հէնց դա էր: Կար Գերագոյն խորհուրդ, խորհրդարանական համակարգ, նրան դա ձեռք չէր տալիս, փոխեց համակարգը, դարձաւ նախագահական համակարգ, եւ արդիւնքում` 1991-ին ձեռք բերեց 83 տոկոս վստահութիւն, բայց այդտեղից սկսուեց երկրի շեղումն իր ուղուց, ծուռ կառուցուեց մեր պետական շէնքը, հիմա էլ` քանդուեց: Եթէ դա շտկելու` մեր կատարած քայլերը չգնահատեն, «ղադրը» չիմանան, մենք նորից դատապարտուած ենք լինելու մի նոր անձիշխանութեան տիրապետութեան տակ ապրել, որից ոչ մի լաւ բան չի սպասւում», շեշտած է Ռուստամեանը:

Վտանգն Ու Առիթը

$
0
0

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

Ընկերաբան Ռոպըրթ Միչըլզի համաձայն, գոյութիւն ունի «սակաւապետութեան պողպատեայ օրէնք» մը, ըստ որուն, ոչ ներառական կառոյցներու նախագահող վարչակարգի մը տապալումը կ՛ազդարարէ գալուստը այդ միեւնոյն ոչ ներառական կառոյցներուն շահագործման համար եկող նոր ղեկավարներու խումբին: Այլ խօսքով` նորերը կու գան փոխարինելու հիները, սակայն այդ կործանարար երեւոյթը կը յամենայ, որովհետեւ իշխանութեան ամրապնդման, պահպանման եւ յարատեւման ազդու զէնք մըն է:

1917-ին այդպէս եղաւ Ռուսիոյ մէջ, երբ պոլշեւիկները եկան փոխարինելու ցարական իշխանութիւնը: Այդպէս եղաւ նաեւ ափրիկեան բազմաթիւ երկիրներու մէջ, ուր ազատագրումի պայքար մղող ափրիկեցի ղեկավարներ վտարեցին գաղութատէրերը եւ պահպանեցին անոնց ստեղծած ոչ ներառական կառոյցները: Այդ ղեկավարները այդպիսով ամրապնդեցին իրենց իշխանութիւնն ու ապահովեցին անոր յարատեւումը, հարստացան, անոնց կեանքի պայմանները խիստ բարելաւուեցան, սակայն անոնց թիկունք կանգնած ժողովուրդը մնաց աղքատ, իսկ երկիրը չզարգացաւ:

Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան երկուշաբթի օր Արամի արձանին առջեւ ՀՅԴ-ի ընտրական քարոզարշաւի մեկնարկի ընթացքին ակնարկեց վտանգներու` ընդգծելով. «Ամէնէն կարեւոր վտանգը, որ կը տեսնենք, այն է, որ նորը յանկարծ չդառնայ լաւ մոռցուած հինի կամ նախկիններու նոր փաթեթաւորումը: Մենք տեսած ենք, որ բոլոր իշխանութիւնները ունեցած են միշտ գայթակղութիւն` գալով իշխանութեան նախ եւ առաջ զբաղիլ այդ իշխանութեան ամրապնդումով: Եւ ատիկա կատարած են նոյն ձեռագիրով: Իբրեւ արդիւնք մենք հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինած ենք նորերով: Այսօր դժբախտաբար, ատոր նշանները կան»:

Այո՛, սակաւապետութեան պողպատեայ օրէնքը դժբախտաբար կիրարկուեցաւ նաեւ մեր երկրին մէջ: Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի անցումային շրջանի մը մէջ: Հին իշխանութիւնները արդէն հեռացուած են, եւ շուտով պիտի կազմուի նորը, եւ գոյութիւն ունի այն վտանգը, որ նորը հինին նոր փաթեթաւորումը ըլլայ: Այդպիսի զարգացումի մը հետեւանքները պիտի ըլլան ծանր:

Այո՛, վտանգ կայ, սակայն նաեւ` առիթ: Ժողովուրդը առիթը ունի ընտրելու այն ուժը, որ ընտրութիւններուն կը մասնակցի, որպէսզի ինչպէս ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը նշեց` «այդ վտանգներուն եւ մարտահրաւէրներուն մասին խօսելով անոնց չէզոքացման ուղիներն ու լուծումները առաջարկէ»: Եւ պատահական չէ, որ ՀՅԴ-ն իր ընտրական քարոզարշաւը կը սկսի արձանին առջեւէն դաշնակցական այն գործիչին, որ մեր պատմութեան մէջ պահ մը մահ ու կենաց խնդիրի լուծման համար տիքթաթոր հռչակուեցաւ, սակայն իր պարտականութեան աւարտին անմիջապէս հրաժարեցաւ այդ հանգամանքէն, մերժեց առիթը օգտագործելով իր իշխանութիւնը ամրապնդել, որովհետեւ անդամ էր «շահագործող ցեցեր»-ու դէմ պայքարի դրօշակիր կուսակցութեան:

 

 

«Փոխե՛նք Ներկան, Կերտելու` Ապագան»

$
0
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը, այս տարի իր մասնակցութիւնը բերելով հանդերձ «Բերքառատ Արցախ» ծրագիրին, յարմար նկատեց իր նպաստը ունենալ հիմնադրամի ընթացիկ գլխաւոր ծրագիրներէն մէկուն` Գիւմրիի մէջ անօթեւան ընտանիքներու բնակարաններու ապահովման`  տրուած ըլլալով, որ 2018-ը կը զուգադիպի Սպիտակի երկրաշարժի 30-ամեակին, եւ մարմինի այս տարուան դրամահաւաքը կը կազմակերպուի այդ յիշատակի նշումէն շաբաթ մը առաջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակ-ծրագիրներէն մէկը եղած է երկրաշարժի աղէտեալ գօտիի վերականգնումը: Անցնող 26 տարիներուն համահայկական հիմնադրամը բնակարան ապահոված է 535 ընտանիքի (աւելի քան 2500 բնակիչի). ընդհանուր առմամբ կառուցած է 36 բնակելի շէնք եւ 24 առանձին տուներ Գիւմրիի, Վանաձորի, Ստեփանաւանի եւ Սպիտակի մէջ: Իսկ վերջին 3 տարիներուն ան բնակարան ապահոված է Գիւմրիի մէջ 39 ընտանիքի` նորակառոյց թաղամասերու մէջ, իսկ բնակարան մըն ալ Վանաձորի մէջ:

Դժբախտաբար 1988-ի երկրաշարժէն ի վեր բազմաթիւ ընտանիքներ կը շարունակեն մնալ անօթեւան: Բնակարանային հարցը այսօր առաջնահերթ է Գիւմրիի համար, ուր հարիւրաւոր ընտանիքներ տակաւին կ՛ապրին ժամանակաւոր թիթեղաշէն տնակներու մէջ, եւ որպէսզի այդ ընտանիքները ունենան իրենց նոր եւ յարմարաւէտ տունը, իւրաքանչիւր տան համար անհրաժեշտ է 25.000 ամերիկեան տոլար: Այդ գումարով կարելի կ՛ըլլայ նորոգուած, կահաւորուած եւ կենցաղային սարքերով համալրուած տուներ նուիրել գիւմրեցի ընտանիքներուն: Մեր նպատակն է, 4 ընտանիքներ օժտել նոր բնակարաններով:

Մեր բոլորին աջակցութեամբ մենք կրնանք նոր կեանք պարգեւել անոնց, որպէսզի անոնք կարենան լքել իրենց խոնաւ ու կիսախարխուլ տնակը եւ տեղափոխուիլ քարաշէն ապահով բնակարան:

Անվերապահ զօրակցութեամբ եւ ամբողջական վստահութեամբ աջակցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինին կազմակերպած տարեկան ռատիոթոն-դրամահաւաքին, հինգշաբթի, 29 նոյեմբեր 2018-ին, որպէսզի ձեռք-ձեռքի տալով ՓՈԽԵ՛ՆՔ ՆԵՐԿԱՆ, ԿԵՐՏԵԼՈՒ` ԱՊԱԳԱՆ…

 

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ –Դրամահաւաք 2018

$
0
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամը` քաջ գիտակցելով, որ գոյատեւող Հայաստանի ժամանակը անցած է եւ հասած է զարգացող Հայաստանի ժամանակը, վերանորոգ շունչով, սակայն նոյն վճռակամութեամբ կը շարունակէ իր գործունէութիւնը` սատար հանդիսանալով Հայաստանի ու Արցախի ժողովուրդին: Հիմնադրամի մնայուն ծրագիրներէն տեւաբար կ՛օգտուին Հայաստանի ու Արցախի աւելի քան 500.000 բնակիչներ` հիմնադրամին կառուցած ճանապարհէն, ջրատարէն, հիւանդանոցէն, դպրոցէն, բնակարանէն, համայնքային կեդրոնէն, այլ ենթակառոյցներէ ու ծրագիրներէ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջին ամիսներուն անցաւ դժուար փուլէ ու հիմա պատրաստ է նորովի ներկայանալու համահայկական ընտանիքին: Անցնող ամիսներուն հիմնադրամի համաշխարհային կառոյցի հաշուարկները միջազգային հաշուապահական ընկերութիւններու կողմէ ենթարկուեցան մանրակրկիտ քննութիւններու` ստուգելու որեւէ հաւանական չարաշահում: Մասնագիտական եւ քննչական տարբեր խմբակներու ստուգումներուն շնորհիւ փաստուեցաւ, որ հիմնադրամը զերծ է նման չարաշահումներէ, եւ անոր հաշիւները ամբողջական ու բացարձակ թափանցիկութեամբ ներկայացուած են հանրութեան: Այս իրողութիւնը հաստատեցին նաեւ Հայաստանի վարչապետի պաշտօնակատարն ու նախագահը, որոնք անցնող շաբաթներուն իրենց զանազան ելոյթներու ընթացքին կոչ ուղղեցին` փակելու անվստահութեան էջը` նոր շունչ հաղորդելով համահայկական հիմնադրամին, որպէսզի անիկա անխափան շարունակէ իր առաքելութիւնը:

Այսպէս, այս տարուան համահայկական դրամահաւաքը կ՛ընթանայ անցեալ տարի որդեգրուած «Բերքառատ Արցախ» ծրագիրով, որուն ընդմէջէն կը շարունակուին արթեզեան ջրհորներու հորատման եւ ոռոգման նոր ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագիր մը, որ կը նկատուի կենսական Արցախի գիւղատնտեսութեան վերականգնման համար:  Կը շարունակուի նաեւ արեւային ուժանիւթով բանող համակարգի տեղադրման ծրագիրը, որ անցեալ տարի սկսած էր Շուշիէն: Անդրանիկ այս ծրագիրը իրականացաւ Քարինտակի մէջ, ուր ընտանիքներ իրենց բնակարաններուն մէջ կ՛օգտագործեն այլընտրանքային` արեւային ուժանիւթը տաք ջուր ունենալու համար: 2019-ին արեւային ուժանիւթէն պիտի օգտուին նաեւ Ասկերանի բնակիչները: Բացի Արցախի մէջ իրականացուելիք ծրագիրներէն, այս տարուան թելեթոն-դրամահաւաքի հասոյթէն բաժին մը պիտի յատկացուի Հայաստանի համայնքային ենթակառոյցներու նորոգութեան, ինչ որ պիտի նպաստէ նոր աշխատատեղերու ստեղծման:

Յառաջատուական Հարկային Համակարգն Է Այլընտրանքը

$
0
0

ՆԱԹԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Չեմ յիշեր օրը, ամիսը կամ տարին, բայց շատ լաւ կը յիշեմ, որ նախկին ընկերվար-ժողովրդավարական վարչապետ Հիլլը Թոռնինկ Շմիթի կառավարման ժամանակաշրջանին (2011-2015) էր, երբ «Եուրոնիուզ» արբանեակային պատկերասփիւռի կայանը վաւերագրական ժապաւէն մը ցուցադրեց Դանիոյ մասին:

Վաւերագրական ժապաւէնին նիւթը Դանիոյ հարկային համակարգին մասին էր: Անիկա ցոյց կու տար, թէ ինչպէ՛ս դանիացիները ուրախութեամբ իրենց հարկերը կը վճարեն պետութեան. հարկեր, որոնք հիմնուած են արդարութեան վրայ, որուն շնորհիւ` իւրաքանչիւր անձ որքան որ ստանայ, այդքան կը վճարէ: Հարկային համակարգ մը, որ կը նպատակադրէ հարստութեան արդար վերաբաշխումը:

Երբ «Եուրոնիուզ» կայանի  լրագրողը կը զրուցէր բնակիչներուն հետ, բնակիչներուն մեծամասնութիւնը կը պատասխանէր. «Ճիշդ է, որ մենք շատ հարկ կը վճարենք, բայց անոնց փոխարէն կը ստանանք հանրային ծառայութիւններ, ինչպէս` կրթութիւն, առողջապահութիւն, նաեւ ժամանցի վայրեր, ինչպէս` ֆութպոլի դաշտեր»:

Դանիան ծանօթ է 1930-ականներէն ի վեր իր որդեգրած յառաջատուական հարկային համակարգով: Շնորհիւ ընկերվար-ժողովրդավարական իրերայաջորդ կառավարութիւններուն որդեգրած յառաջատուական հարկային համակարգին` Դանիան յաջողեցաւ դուրս գալ 1930-ականներու տնտեսական ճգնաժամէն, ընկերային անհաւասարութիւնն ու աղքատութիւնը նուազեցան, եւ Դանիան ունեցաւ այսօրուան ընկերային բարեկեցիկ համակարգը, որ նոյն յառաջատուական հարկային համակարգին շնորհիւ` կը շարունակէ զարգանալ:

Անշուշտ միայն Դանիան չէ որդեգրած յառաջատուական հարկային համակարգը, այլ նաեւ Շուէտի ու Նորվեկիոյ ընկերվար-ժողովրդավարական կառավարութիւններն ալ յաջողեցան իրենց երկիրները դուրս բերել 1930-ականներու տնտեսական ճգնաժամէն: Դանիան, Շուէտն ու Նորվեկիան այսօր ունին ընկերային բարեկեցութեան բարձր ցուցանիշներ:

Ներկայիս Սպանիոյ եւ Փորթուգալի ընկերվարական կառավարութիւնները կ՛որդեգրեն յառաջատուական հարկային համակարգը, որ, ըստ երեւոյթին, յաջողութիւններու հասած է դուրս բերելով յիշեալ երկու երկիրները խստամբերական դժոխքէն:

Ինչ կը վերաբերի հայաստանեան կացութեան, արդէն իսկ ակնյայտ է, որ Հայաստանը ծանօթ է ընկերային անհաւասարութեան լայն ճեղքուածութեամբ` հարուստներուն եւ աղքատներուն միջեւ: Տնտեսութեան մենաշնորհը կը գտնուի փոքրաթիւ սակաւապետներու ձեռքը, իսկ բնակչութեան միւս մասը (որ նաեւ կը կազմէ բնակչութեան ընկերային դասակարգի մեծամասնութիւնը) կը գտնուի կա՛մ աղքատութեան շեմէն ցած, կա՛մ ալ` աղքատութեան շեմէն ոչ շատ վեր դիրքի վրայ:

Ընկերային անհաւասարութեան լայն ճեղքուածութեան պատճառները յստակ են բոլորին: Անոնք սկսան ի յայտ գալ խորհրդային շրջանէն անմիջապէս ետք` իբրեւ հետեւանք Լեւոն Տէր Պետրոսեանի վարած նոր-ազատական լայնածաւալ սեփականաշնորհման ու պետական ծախսի նուազեցման քաղաքականութիւններուն եւ շարունակուեցան Հայաստանի իրերայաջորդ կառավարութիւններուն կողմէ:

Յիշեալ նոր-ազատական քաղաքականութիւնները պատճառ դարձան արտագաղթի աճին: Արտագաղթողները մեծամասնութեամբ գործազուրկներ էին, որոնք գաղթեցին այլ երկիրներ` գործ գտնելու նպատակով:

Մտքիս մէջ կը ծագի հետեւեալ հարցադրումը. եթէ Հայաստանէն կը գաղթեն դէպի այնպիսի պետութիւններ, ուր աշխատավարձերը բարձր են, եւ ուր ընկերային բարօրութիւն կայ (ապահովուած` պետութեան կողմէ եւ ոչ թէ աշխատաւորի գրպանէն կուտակուած) արժանապատիւ կեանք ապրելու նպատակով, ինչո՞ւ նման պայմաններ չեն ստեղծուիր Հայաստանի մէջ: Ինչո՞ւ սփիւռքահայը երբ պիտի գաղթէ իր ծննդավայրէն, իր մտքին մէջ առաջին վայրերը կ՛ըլլան Սկանտինաւեան երկիրները (Շուէտ, Նորվեկիա եւ Դանիա), Քանատա կամ Գերմանիա եւ ոչ թէ` Հայաստան: Զգացականութենէ հեռու մտածենք եւ վայրկեան մը դիմենք բանական մտածումին. արտագաղթողի երազած երկիրներուն մէջ ան իբրեւ հարկ կը վճարէ իր արդար բաժինը, հարուստն ու աղքատը կ՛ունենան յառաջդիմելու հաւասար կարելիութիւններ, իսկ աշխատողը իր աշխատավայրին մէջ արհեստակցական միութեան շնորհիւ` իրաւունք կ՛ունենայ իր աշխատանքային իրաւունքները պաշտպանելու:

Հայաստանի մէջ բազմաթիւ պաշտօնեաներ յայտնած են, որ մտադիր են զբաղիլ ներգաղթով: Բոլորն ալ կը սխալին, եթէ կը կարծեն, թէ իրենց վարած նոր-ազատական քաղաքականութիւնները լիարժէք ներգաղթ պիտի ապահովեն: Թերեւս ապահովեն որոշ խաւի մը ներգաղթը, բայց` ոչ բոլոր հայրենակիցներուն, այլ` միայն ընկերութիւններու սեփականատէրերուն, որոնք փոքրամասնութիւն են: Աւելի քան 27 տարի Հայաստանը դիմած է նոր-ազատականութեան, այլեւս կը բաւէ՛ հետեւիլ տնտեսական ձախող համակարգին, որ կ՛աշխատի միայն չնչին փոքրամասնութեան օգտին:

Հայաստանի մէջ որեւէ քաղաքական ուժ, որ լրջօրէն մտադիր է զբաղիլ հայրենադարձութեամբ կամ աղքատութեան դէմ պայքարով, պէտք է առաջնահերթ նկատէ ընկերային ու տնտեսական հարցերը եւ իր օրակարգին մէջ մեծ տեղ տայ յառաջատուական հարկային համակարգին` ոչ միայն թուղթի վրայ գրելով, այլեւ` դիմելով գործադրութեան: Ինչո՞ւ այսքան կը կեդրոնանանք յառաջատուական հարկերուն վրայ: Որպէսզի սակաւապետերը, հասարակ աշխատաւորներուն նման, վճարեն իրենց հարկերը, եւ պետութիւնն ալ իր կարգին ծախսէ ժողովուրդին բարօրութեան համար:

 

Ինչո՞ւ Պէտք Է Քուէարկել Ի Նպաստ Դաշնակցութեան

$
0
0

ՄԵԼԻՔ ԳԱՐԱԳԱՒՈՐԵԱՆ

Այսօր համայն հայութեան ուշադրութեան կիզակէտը կը հանդիսանան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ եւ մանաւանդ «հապճեպ» ընտրութիւնները, որոնք տեղի պիտի ունենան 9 դեկտեմբերին: Հապճեպ, որովհետեւ սոյն ընտրութիւններու յանկարծակի յառաջաձգման բուն դրդապատճառները, առնուազն` որոշ հատուածի մը համար, մինչեւ օրս կը մնան անհասկնալի եւ առեղծուածային:

Հապճեպ, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերու համախոհութեամբ, ներառեալ` պրն. վարչապետի առաջնորդած կուսակցութեան, նախապէս որոշուած էր սոյն ընտրութիւնները  կայացնել ապրիլ-մայիս ամիսներուն, սակայն յանկարծ  իշխանութիւններուն կողմէ պարտադրուեցաւ ընտրութիւնները կայացնել 9 դեկտեմբերին, այլապէս` վերադարձ դէպի փողոց, ցոյցեր, քաղաքական անկայունութիւն, տնտեսական ամլութիւն եւ պետական համակարգի անդամալուծում:

Հապճեպ, որովհետեւ նախընտրաբար եթէ նախապէս որոշուած թուականին տեղի ունենար, վստահաբար քաղաքական բոլոր ուժերը նոր Հայաստանի առաջին Ազգային ժողովի ընտրութիւններուն նախապատրաստուելու յաւելեալ ժամանակ եւ մրցակցային հաւասար պայմաններ կ՛ունենային, հաւանաբար ազգովին աւելի ուժեղ եւ միասնական դուրս կու գայինք, եւ վստահ` մինչ այդ պրն. վարչապետին ժողովրդականութիւնը եւ հեղինակութիւնը պիտի մնար անփոփոխ:

Պարզապէս անհրաժեշտ էր յաւելեալ ժամանակ, որպէսզի ազգովին հասկնայինք Հայաստանի մէջ կատարուած քաղաքական փոփոխութիւններուն խորքը, որպէսզի միասնաբար որոշէինք, թէ ի՛նչ տեսակի հայրենիք եւ արժեհամակարգ կ՛ուզենք կերտել եւ ո՛ւր կ՛ուզենք առաջնորդել զայն, եւ որպէսզի տուեալ երեսփոխանական ընտրութիւնները արդարացնեն համաժողովրդային ու երիտասարդական շարժումի ձգտումները, նաեւ` նոր Հայաստանի հետ կապուած հայութեան երազներն ու յոյսերը, հերթական անգամ յուսախաբութիւն մը եւս չապրինք:

Որպէսզի այս ընտրութիւնները տարբերէին նախորդողներէն` իրենց բովանդակային առումով, եւ կուսակցութիւններ ներկայանային հանրութեան ոչ թէ միայն ամբոխավարութեամբ, բարձրախօսներով, չհաշուարկուած եւ չհիմնաւորուած շուկայական խոստումներով, այլեւ` յստակ ծրագիրներով, պատկերացումներով, եւ ապագայի առումով որոշ տեսլականով եւ համապատասխան մարդուժով ու մասնագէտներով, եւ ոչ թէ` նախասիրութիւններով, բարեկամութիւններով ու ծանօթութիւններու բերումով թեկնածուներու ցանկով:

Որովհետեւ` վերջապէս խօսքը կը վերաբերի երկիր ղեկավարելու, պաշտպանելու, ազգը համախմբելու, որովհետեւ մենք տակաւին պատերազմի մէջ ենք, եւ ամբողջ տարածաշրջանը անորոշութեան ու առնուազն ռազմաքաղաքական անկայուն իրավիճակի մէջ է:

Այսուհանդերձ, ընտրութիւնները, այո՛, տեղի պիտի ունենան ներկայ իշխանութիւններու կողմէ պարտադրուած թուականին` 9 դեկտեմբերին: Ազգային ժողովի արտահերթ եւ «հապճեպ» ընտրութիւններուն կը մասնակցին 9 կուսակցութիւններ եւ 2 դաշինք միաւորներ, որոնց շարքին` ՀՅ Դաշնակցութիւնը իր քաղաքական, յեղափոխական եւ ազգային ընկերվարական հարուստ կենսափորձով, հայրենիքի հողի ուժին հաւատքին, քաղաքական ուղի անցած հասարակական գործիչներով, տնտեսագէտներով, դասախօսներով, երիտասարդ ուժերով եւ քատրերով եւ, ինչպէս միշտ, թեկնածուներու ինքնուրոյն ցանկով:

Ինչ որ բոլորին պարագան չէ` ըստ երեւոյթին, որովհետեւ կան քաղաքական ուժեր, որոնք մէկ կողմէ հրապարակաւ մերժելով միայն կը մերժեն անցեալը եւ իբր թէ կը բացառեն նախորդ իշխանութիւններու հետ որեւէ կապակցութիւն, միւս կողմէ, սակայն, անոնց համար արդէն իսկ ընդունելի դարձած են սակաւապետները, եւ նոյնիսկ իրենց ընտրական ցուցակներուն մէջ ընդգրկուած են նախկին Հանրապետական կուսակցութեան անդամներ եւ Ազգային ժողովի մէկէ աւելի պատգամաւորներ:

Ուրեմն, Ազգային ժողովի արտահերթ եւ «հապճեպ» այս ընտրութիւններուն ինչո՞ւ պէտք է քուէարկել ի նպաստ ՀՅ Դաշնակցութեան ընտրական ցանկերուն կամ թեկնածուներուն. որովհետեւ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է, որ կը ներկայանայ յստակ դիմագիծով, զուտ հայկական արեւելումով, համապարփակ եւ հաշուարկուած ծրագիրներով` առողջապահական, կրթական, հաղորդակցութեանց, ընկերատնտեսական, ռազմաքաղաքական, իսկ արտաքին ճակատի առումով պէտք է ամէն գնով շարունակել կիրարկել «եւ, եւ»-ի քաղաքականութիւնը եւ, հակառակ արեւմտեան սին խոստումներուն, բնաւ փորձութեան չմատնել հայրենիքը` «կամ, կամ»-ի աւերիչ քաղաքականութեան դիմելով, իսկ ամէնէն էականը` միջազգային եւ տարածաշրջանային յարաբերութեան մէջ կարենալ երանգաւորուած մօտենալ եւ այս չափազանց զգայուն քաղաքական փուլին կարենալ զանազանել Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը` բարեկամ երկիրէն, իսկ դարաւոր թշնամին` սովորական հարեւանէն:

Այդ ոլորտին մէջ ընդհանրապէս բնաւ օգտակար չէ հակասական յայտարարութիւններով եւ անորոշութեան նշաններ տուող ելոյթներով հանդէս գալը:

Դաշնակցութեան ի նպաստ պէտք է քուէարկել, որովհետեւ, ով ինչ կ՛ուզէ թող ըսէ կամ ընէ, միեւնոյնն է, պատմութիւնը ի՛նք կը վկայէ, որ իր ամբողջ գոյութեան ընթացքին այս կուսակցութիւնը ժողովուրդին կողքին կանգնած է. նոյն տրամաբանութեամբ ալ ան առաջին իսկ օրէն ողջունեց ապրիլ-մայիսի համաժողովրդային եւ երիտասարդական շարժումը, երկրորդ` որովհետեւ ան կտրականապէս կը մերժէ անցեալի վերադարձը, սակայն Դաշնակցութիւնը մեկնելով ժողովրդավարական տարրական սկզբունքներէն` նոյնքան կենսական կը գտնէ, որ հրապարակի վրայ գործօն եւ այս հապճեպ ընտրութիւններուն մասնակցող բոլոր քաղաքական ուժերը յստակացնեն իրենց ծրագիրները եւ ոչ թէ բաւարարուին միթինկային, ամբոխավարական եւ հաճոյակատար խոստումներով կամ գրքոյկի ձեւաչափով տպուած բացատրողականներով: Այլեւ պէտք է հիմնաւորուին եւ բացատրուին, որ այդ վարդագոյն խոստումները իրականացնող հաշուարկուած եղանակի եկամտահարկի տարբերակը ինչպիսի՞ն է, ո՞վ պիտի ապահովէ այդ բոլորը, ինչպէ՞ս պիտի ապահովուին, իսկ ապահովելու պարագային, ի՞նչ է դիմացը պահանջուածը:

Արդարեւ, կարճ տեւողութիւն ունեցող քարոզարշաւը պէտք չէ ընթանայ միայն սին եւ ընդդէմի, անցեալի կատարուած սխալներուն ճարտասանութեամբ սպառելու ներքաղաքական դաշտը:

Այլ խօսքով, ընտրական քարոզարշաւը պէտք է քաղաքականացնել ու գաղափարականացնել եւ հանել զայն անհատ թեկնածուն կուռքի վերածելու բարոյահոգեբանական, հռետորաբանութեան ոլորտէն եւ տեղադրել քարոզարշաւը զուտ քաղաքական հարթակ:

Հետեւաբար իւրաքանչիւր քաղաքական ուժի ծրագրային ճամբու քարտէսին մէջ յստակ կերպով ընդգրկուած պէտք է ըլլայ առկայ թէ յառաջիկայի արտաքին ու ներքին հիմնախնդիրներուն եւ մարտահրաւէրներուն լուծման վճռորոշ մարտավարութիւն:

Դաշնակցութեան ի նպաստ պէտք է քուէարկել, որովհետեւ ան ընդհանրապէս ողջունեց Հայաստանի քաղաքական իրավիճակի փոփոխութիւնը, եւ ինչպէս որ օրին յանուն հայրենիքի բարօրութեան եւ կայունութեան` անվերապահօրէն զօրակցեցաւ նոր Հայաստանի իշխանութիւններուն, եւ պրն. Փաշինեանի առաջնորդած կառավարութեան մաս կազմեցին դաշնակցական նախարարներ եւ մարզպետներ, այսօր ալ, նոյն տրամաբանութեամբ, Դաշնակցութիւնը պատրաստ է համակուսակցական, համահայկական եւ համասփիւռքեան ամբողջ կարողականութիւնը ներդնել ու մասնակցիլ Հայաստանի զարգացման, պետական հիմքերու ամրապնդման եւ անվտանգութեան, զոյգ հանրապետութեանց հզօրացման ու ժողովուրդի կենսամակարդակի բարելաւման գործին:

Դաշնակցութիւնը իր ստեղծման առաջին իսկ օրէն պետականամէտ եւ հայաստանակեդրոն կուսակցութիւն հանդիսացած է` անկախ այն հանգամանքէն, որ ինք այս կամ այն քաղաքական խմբակին հետ քաղաքական կամ գաղափարական տարակարծութիւններ ունենայ կամ ոչ, բայց ան տեւաբար կը գործէ եւ իր ամբողջ ներուժն ու կապերը կը ծառայեցնէ յանուն հայրենիքի, հողի, հայու ընդհանուր նպատակներու իրագործման համար:

Դաշնակցութեան ի նպաստ պէտք է քուէարկել, որովհետեւ ան ընկերվարական եւ ընկերային արդարութեան, պետական եկամուտներու արդար բաշխման եւ նուազագոյն աշխատավարձի բարձրացման ուղղուածութիւն ունեցող կուսակցութիւն է: Եւ իբրեւ այդպիսին` կուսակցութիւնը հիմնական թիրախի վերածած է երկրին մէջ աղքատութեան վերացումը եւ արտագաղթի դէմ պայքարը. ան կտրականապէս կը մերժէ ծայրայեղ ազատական տնտեսութեան վարդապետութիւնը եւ ջատագովն է ընկերային, շուկայական կանոնաւորուած տնտեսութեան, ինչպէս նաեւ կողմ է յառաջատուական  եկամտահարկային քաղաքականութեան` պատասխանատու եւ յանձնառու պետութեան մը, որ անտարբեր չէ իր քաղաքացիներու տարրական կարիքներուն նկատմամբ, ինչպէս` ընկերային արդարութեան, անվճար, որակեալ ու բոլորին հասանելի կրթութեան, առողջապահութեան, բնակարանային անմխիթար խաւին հնարաւորութիւններ տուող քաղաքականութիւն:

Իսկ վերջապէս, ինչո՞ւ պէտք է քուէարկել ի նպաստ Դաշնակցութեան. որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան ամէնէն պատասխանատու եւ վճռական փուլն է այսօր, եւ Դաշնակցութեան ներկայութիւնը Ազգային ժողովին մէջ` օրէնսդիր մարմինին մէջ, վճռական եւ էական նշանակութիւն ու դերակատարութիւն ունի հայրենիքի անվտանգութեան եւ պաշտպանութեան գործընթացին նպաստելու սփիւռքեան իր կարողականութեամբ, Հայ դատի գրասենեակներով, միջազգային եւ շրջանային քաղաքական շրջանակներուն հետ կուսակցութեան տարիներու ծանօթութիւններու եւ կապերու հանգամանքներու բերումով, որովհետեւ մէկ կողմէ առկայ են տարածաշրջանային անկանխատեսելի եւ պայթիւնավտանգ իրավիճակը, Միացեալ Նահանգներու պատժամիջոցներու քաղաքականութիւնը, որուն բեկորները կը հարուածեն Հայաստանը, տարածաշրջանի նկատմամբ Միացեալ Նահանգներու ունեցած քաղաքական եւ տնտեսական նկրտումները, միւս կողմէ` Ռուսիոյ, ՀԱՊԿ-ի երկիրներու շրջանակներու մէջ գոյութիւն ունեցող անորոշութիւնները, թրքական գործօնը, Ազրպէյճանի ռազմատենչ քաղաքականութիւնը:

Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակներուն մէջ Դաշնակցութիւնը իր ուրոյն եւ անփոխարինելի դերակատարութիւնը ունի Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան եւ ներքաղաքական կեանքի կայունացման գործին մէջ:

Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է, որ Արցախի կարգավիճակի կարգաւորման բանակցութիւններու կապակցաբար ունի յստակ ծրագիր եւ պատկերացում, ուր բացառուած է զիջումնային որեւէ տարբերակ` երբ մենք տակաւին պատերազմի մէջ ենք, երբ Ազրպէյճանը կը ժխտէ ինքնորոշման իրաւունքը, երբ տակաւին կը մերժէ ճանչնալ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Դաշնակցութիւնը արցախեան հարցի կարգաւորման, անվտանգութեան եւ անկախութեան համար անհրաժեշտ կը գտնէ Հայաստանի եւ Արցախի միջեւ ամէնէն կարճ ժամանակամիջոցին կնքել ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագիր, անհրաժեշտ կը գտնէ, որ բանակցային գործընթացին ուղղակի մասնակցին Արցախի իշխանութիւնները, տակաւին, անհրաժեշտ կը գտնէ բանակցութիւններու ընթացքին անվարան կերպով հետապնդել Արցախի գրաւեալ Շահումեանի, Մարտունաշէնի եւ Գետաշէնի տարածքներու ազատագրումը եւ տեղահանուած բնակիչներու մարդկային իրաւունքներու փոխհատուցումը:

Դաշնակցութեան պէտք է ընտրել ոչ թէ որովհետեւ ան ուժի աղբիւր է, համահայկական եւ համազգային կազմակերպութիւն է, որմէ բնականաբար պէտք է օգտուին թէ՛ իշխանութիւնը, թէ՛ ընդդիմութիւնը եւ թէ՛ պետութիւնը, այլեւ` որովհետեւ Դաշնակցութիւնը 128 տարի եղած է «Հաւատարիմ հողին ու հային»:

21 նոյեմբեր 2018

Խմբագրական. Գոյապահպանումէն Դէպի Զարգացում

$
0
0
(«Հայաստան» համահայկական հիմնադրամի ռատիոթոնին առիթով)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքային նոր ոճի եւ նոր բովանդակութեան մասին, հետեւելով մինչ այժմ կատարուած յայտարարութիւններուն, հարցազրոյցներուն, կարելի է առանձնացնել հետեւեալ նորարարական մօտեցումները:

Ա.- Շարունակելով բրգաձեւ կառոյցի եւ անոր ներգրաւուած տարածաշրջանային-տեղական յանձնախումբերու աւանդական աշխատանքը` առցանցային դրամահաւաքներ կազմակերպելու հարթակներու ստեղծում: Այս ուղղութիւնը կ՛ենթադրէ առցանց ծառայութիւններու տարբեր դրութիւններու հաստատում` ամսական կշռութաւոր եղանակով  փոքրածաւալ ծրագիրներու համար փոքր գումարներ կանոնաւոր հերթականութեամբ ապահովելու:

Բ.- Դասական կառոյցներէն հեռու գտնուող երիտասարդութեան ներգրաւում համահայկական հանգանակութեան աշխատանքներուն: Այս առաջադրանքը կը վերաբերի նաեւ ծրագրային փոփոխութիւններու անհրաժեշտութեան` մշակելի նաեւ երիտասարդութեան կողմէ:

Գ.- «Հայաստան» հիմնադրամի հայաստանեան գրասենեակի աշխատանքներուն մէջ ներգրաւել սփիւռքահայ կամաւոր երիտասարդներ: Առաջադրանքը` տարբեր երկիրներու մէջ կուտակուած մասնագիտական փորձառութիւնը սփիւռքահայ երիտասարդութեան ճամբով ներածել Հայաստանի Հանրապետութիւն:

Դ.- Ճանապարհաշինութեան եւ դպրոցաշինութեան կենսական շրջափուլէն ետք նախապատրաստուիլ անցումային փուլի` ենթակառուցուածքային  բովանդակային ծրագիրներու, թէ՛ բարձր արհեստագիտութեան, թէ՛ կրթութեան, թէ՛ արեւային ուժանիւթի:

Նոր ուղղութիւններուն մէջ կարմիր թելի նման կ՛անցնի սփիւռքահայ մասնագիտական մարդուժը «Հայաստան» համահայկական հիմնադրամին ճամբով հայրենաշինութեան աշխատանքին մէջ ներգրաւելու առաջադրանքը: Այստեղ կայ նաեւ յատուկ թիրախաւորուած աշխատանք` դասական սփիւռքի մէջ դասական կառոյցներու հետ չառնչուած երիտասարդ խաւի մասնագիտական հմտութիւնները հայրենաշինութեան տարբեր ոլորտներու մէջ օգտագործելու աշխատելաոճի անհրաժեշտութիւնը շեշտող:

Արեւային ուժանիւթը, որ յայտնաբար «Հայաստան» հիմնադրամի թիրախային նպատակներէն կը հանդիսանայ, կ՛առնչուի ո՛չ միայն ապագայագիտութեան հիման վրայ մեր երկրի զարգացման ուղիներու ուրուագծումին, այլ նաեւ հակառակորդի քարիւղով ձեռք ձգած առաւելութիւնը հակակշռելու եւ Հայաստանի Հանրապետութիւնը իբրեւ ուժանիւթ արտահանող երկրի կարողականութիւն ներառած միջավայր աշխարհին ներկայացնելու:

Նորարարական մօտեցումները կը թուի, որ նպատակաուղղուած աշխատանք ապահովելու այս հիմնադրոյթները ներառած են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը  միշտ կը շարունակէ քայլ պահել հիմնադրամի կեդրոնական հոգաբարձութեան ճշդած ուղղութիւններուն, նպատակներուն, առաջադրանքներու կատարման եղանակներուն, եւ համագործակցութեան ամէնէն բարձր աստիճանով լիբանանահայ համայնքը լծուած է հանգանակութեան համահայկական մեքենային: Յառաջիկայ աշխատանքներուն համար վստահաբար լիբանանահայ երիտասարդ մասնագիտական մարդուժը աշխուժ ներկայութիւն կ՛ըլլայ տարբեր բնագաւառներու կայացման ու զարգացման համար ճշդուած առաջադրանքներու իրականացման գործին մէջ:

Այս տարի կ՛ամբողջանայ Սպիտակի երկրաշարժի 30-ամեակը: Գոյապահպանումէն դէպի զարգացում անցում կատարող մեր երկիրը արագօրէն պէտք է փակէ անօթեւան ընտանիքներու տխուր էջը` ամբողջովին լծուելու համար արագ կշռոյթներով ամէնէն արդիական մեթոտներով զարգանալու բազմաոլորտ աշխատանքներուն:

Լիբանանի մէջ ձեռնարկուող հանգանակութիւնը պիտի նպաստէ օթեւան ունեցող, տանիք ունեցող Գիւմրիի ընտանիքներու համալրման աշխատանքին:

Գոյապահպանման վերջին էջերը փակելու եւ տենդագին զարգացման գործին փարելու համար լիբանանահայութիւնը հրաւիրուած է աշխուժ մասնակցութիւն բերելու այսօրուան հանգանակութեան, հերթական անգամ ապացուցելու, որ այս համայնքը կը շարունակէ դրսեւորել արագօրէն ինքնակազմակերպուելու եւ հայրենիքին սատարելու համար օժանդակութիւններուն համագաղութային տարողութիւն ապահովելու բացառիկ հմտութիւնը:


Կեդրոնականցին Կը Վախնայ «Կատաստրոֆ»-Է

$
0
0

Մակար ի Գաղղիա

Արմենակը երբեք այս վիճակին մէջ չէի տեսած:

– Նոյեմբերի արեւէն օգտուեցայ եւ եկայ` հակառակ ձեզ անհանգիստ չընելու Էլպիսի պնդումներուն: Խօսելու պահանջ ունէի:

– Գիտես, որ անհանգիստ չես ըներ: Ի՞նչ է ցաւդ,- հարցուցի:

– Չեմ հասկնար, թէ ո՛ւր կ’երթայ Հայաստանը, ո՛ւր կը տանին ժողովուրդը: Ի՞նչ կը նշանակէ իշխանութիւնը վերադարձնել ժողովուրդին: Քէն եւ կիրք հրահրելով կը ստեղծենք կարգախօսներու արձագանգող վրիժառու չմտածող ամբոխ,- ըսաւ Կեդրոնականցին:

– Արմենա՛կ, հաւասարութեան սկզբունքով եւ ժողովրդավարական կարգով իշխանութիւնը պէ՛տք է վերադարձնել ժողովուրդին:

– Բայց ո՞վ է ժողովուրդը, ի՞նչ կ’ըսէ, ինչպէ՞ս լսել զինք, Մակա՛ր, ներկանե՞րը, բացականե՞րը, հեռուն գտնուողնե՞րը, գրողնե՞րը, ոսկեհանքի աշխատաւորնե՞րը, թոշակառունե՞րը, ակադեմիկոսնե՞րը: Ամէնքը ժողովուրդ են, հաւասար են: Թէեւ ֆրանսացիները կ’ըսեն, որ ոմանք քիչ մը աւելի հաւասար են: Որոշ չէ, թէ ո՛ր իշխանութիւնը ո՛ր ժողովուրդին պիտի վերադարձուի: Խօսքի աճպարարութիւն կայ, իշխանութիւնը խօսքո՞վ ժողովուրդին պիտի վերադարձուի, որ անհատի՞ տրուի, ժողովուրդը խցկելով «այո՛»-ի եւ «աղաղակ-ծափ»-ի մէջ:

– Ինչե՜ր կը մտածես, Արմենա՛կ:

– Կը մտածեմ եւ կը վախնամ: Ֆրանսայի թագաւորը կ’ըսէր` «Ես եմ պետութիւնը», նոյն բեմադրութի՞ւն է, կ’ըսուի` իշխանութիւնը ժողովուրդին, կը հասկցուի` ես եմ ժողովուրդը: Նափոլէոն քահանայապետը կանչեց իր թագադրութեան, բայց ինք իր գլխուն դրաւ կայսերական թագը: Ոչ ոք ձայն կամ ծպտուն հանեց: Ոչ ոքի հաշուետու:

– Յոռետես ես: Հիմա քահանայապետ, Նափոլէոն չկան: Ժողովուրդին կ’ըսուի, որ ինք է իր ճակատագրին տէրը, ինք է որոշողը, ան ալ գոհ է, բաժակաճառ լսելու պէս:

– Ճի՛շդ, Մակա՛ր: Եթէ յանկարծ ժողովուրդը տեսնէ, ֆրանսացի ղեկավարի մը ըսածին պէս, որ կը խաղցուի «ճերմակ գլխարկ-գլխարկ ճերմակ»-ի թատրոն, յուսախաբ կ’ըլլայ եւ… «կատաստրոֆ»:

– Արմենա՛կ, ընտրութիւն պիտի ըլլայ, ժողովուրդը պիտի մտածէ, ժողովուրդը` չծափահարող եւ ծափահարող ժողովուրդը:

– Եթէ չծափահարողները յանկարծ կէսէն մէկ աւելի ըլլան, ժողովուրդի մէկ կէսը պիտի կանգնի միւս կէսին դէմ, եւ Հայաստան կրկին սուղ հարկ պիտի վճարէ: Կրկին «կատաստրոֆ» կ’ըլլայ: Ինչո՞ւ սփիւռքի մէջ հանգիստ եւ կուշտ նստածներ կրակին վրայ իւղ կը լեցնեն:

– Արմենա՛կ, բազմաթիւ «կատաստրոֆ»-ներէ անցած ենք, մէկ աւելի մէկ պակաս` շատ բան չի փոխեր: Ինչպէս Հայաստան կ’ըսեն` «Կը դիմանանք էլի»:

Արմենակ գլուխը օրօրելով` եզրակացուց.

– Կը դիմանանք, կամ մնացողներն ալ կ’երթան դէպի «լաւ ապրելու իրաւունք շնորհող» աշխարհներ:

Մակարուհին սուրճ բերաւ փուռէն նոր ելած կարկանդակով, Արմենակ դադրեցաւ խօսելէ:

Իմաստուն Կեդրոնականցին ինչո՞ւ Հայաստանի հեռատեսիլէն խօսելու չեն հրաւիրեր:

2 նոյեմբեր 2018

Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին

$
0
0

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Մուրատ Պետրոսեան

Մուրատ Պետրոսեան (Ցրօնքցի Մուրատ). Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆետայի, ՀՅԴ կուսակցութեան անդամ:

Ծնած է 7 ապրիլ 1884-ին, Մշոյ հիւսիսարեւելեան կողմը` Քոսուր լերան արեւմուտքը:

Սասունի 1894-ի դէպքերէն ետք մինչեւ 1896  քիւրտերը սկսած էին կողոպտել հայկական գիւղերը: Այդ օրերուն Ցրօնք ունեցաւ իր կազմակերպական խումբը: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը այդ շրջանին մեծ աշխատանքի լծուած էր, շուտով Ցրօնք կ՛ուղարկէ զինական խումբեր: 1900-ին Մուրատ կ՛ընտրուի գիւղի խումբի խմբապետ եւ 1901-ին կը մասնակցի Առաքելոց վանքի պատմական մեծ կռիւին` Անդրանիկի, Գէորգ Չաւուշի, Կայծակ Վաղարշակի կողքին:

1902-ին Մուրատ կ՛ընտրուի ենթակոմիտէի անդամ, իսկ 1903-ի մայիսին Կեդրոնական կոմիտէի կողմէ կը նշանակուի թռուցիկ խումբի խմբապետ: Վրայ կը հասնի Սասնոյ ապստամբութիւնը. Մուրատ իր շուրջը հաւաքած մօտ 20-25 կտրիճներով կը մեկնի Սասուն` Գէորգ Չաւուշին օգնելու: Ան կը մասնակցի 1909-ին Սուրբ Կարապետի Ռայոնական ժողովին, ապա կ՛անցնի Կարին, Կովկաս, Փարիզ, Լոնտոն ու Միացեալ Նահանգներ: Քանի մը տարի ետք ծայր կ՛առնէ Համաշխարհային Ա. պատերազմը, Մուրատ կը դիմէ տեղւոյն ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին` զինք Կովկաս ուղարկելու: 1915 օգոստոսին շուրջ 300 հոգիով կը հասնին Կովկաս, ուր կը մասնակցի զանազան կռիւներու: Վիրաւորուելով` կը փոխադրուի Երեւան:

Մասնակից կը դառնայ մայիսեան կռիւներուն` զօրավար Սեպուհի կողքին: 1920-ին` Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 2-րդ տարեդարձին առիթով կայացած հանդիսութեան Մուրատ իր զօրամասով կը տողանցէ:

Խորհրդային կարգերու հաստատումէն ետք Մուրատ եւ իր զինակիցները ստոյգ մահէ կ՛ազատին, վիրաւոր Մուրատ 12 հազար տարագիրներու հետ կը հասնի Թաւրիզ, ապա` Հալէպ, ուր կը լծուի որբահաւաքի աշխատանքին:

Մուրատ Պետրոսեան կը վարակուի թոքախտէ եւ կը փոխադրուի Պէյրութ, ուր կը մահանայ 16 յունիս 1927-ին: Անոր մարմինը կ՛ամփոփուի Ֆըրն Շըպպեքի Ազգային գերեզմանատան մէջ:

Մինաս Պէրպէրեան

Գրականագէտ, պետական գործիչ, ՀՅԴ կուսակցութեան անդամ:

Ծնած է 16 ապրիլ 1871-ին, Նոր Նախիջեւան (այժմ` Տոնի Ռոստով, ՌԴ): Սորված է տեղի դպրոցի, ապա Մոսկուայի Լազարեան ճեմարանի մէջ: 1894-ին աւարտած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժինը: 1894-1895 թուականներուն եղած է ուսուցիչ Էջմիածնի Գէորգեան ճեմարանի մէջ, 1907-ին` տեսուչ: Թիֆլիսի մէջ աշխատած է իբրեւ դրամատան կառավարիչ:

1893-ին Եուրի Վեսելովսկիի հետ հրատարակած է «Արմիանսքիէ Պելլէթրիսթի» ժողովածուի առաջին հատորը: Երկրորդ հատորը, 1894-ին լոյս տեսնելէ յետոյ, ցարական գրաքննութեան կողմէ արգիլուած է: 1913-ին Փեթերսպուրկի մէջ քաղաքական հայեացքներու համար դատուած է եւ քանի մը տարիով աքսորուած է Ֆինլանտա: Եղած է Հայ յեղափոխական դաշնակցութեան կուսակցութեան անդամ: Հետագային ալ` Հայ ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) անդամ:

1914-ին ընտրուած է քարտուղար Ազգային Բիւրոյի:

1917-էն յետոյ Արեւմուտքի մէջ տեղի ունեցած իրադարձութիւնները մեծապէս ազդեցին հայութեան վրայ, յատկապէս` քաղքենի մտաւորականութեան վրայ: Միայն Հայ ժողովրդական կուսակցութիւնը փոխեց իր վերաբերմունքը նորանկախ Հայաստանի նկատմամբ. սկսած է ծրագիրներ մշակել Հայաստանի իշխանութեան համախոհական (քոալիսիոն) վերակազմութեան վերաբերեալ: Այդ նպատակով 1918 հոկտեմբերի վերջը Երեւան ժամանած են ՀԺԿ ներկայացուցիչները` Մինաս Պէրպէրեանի եւ Սամսոն Յարութիւնեանի գլխաւորութեամբ: Նշենք, որ Պէրպէրեան լքած էր Թիֆլիսի իր շահաւէտ պաշտօնը ու հանգստաւէտ կեանքը եւ հաստատուած էր Երեւան` ծառայելու հայրենիքին: Նպատակը ՀՅԴ-ի հետ բանակցիլն էր համախոհական կառավարութիւն կազմելու վերաբերեալ: Թիֆլիսի եւ Երեւանի ժողովրդականներու տրամադրուածութիւնը համապատասխանած է իրար, անոնք ամուր կանգնելով Հայաստանի հողի վրայ`  պաշտպանած են համերաշխութեան եւ համագործակցութեան գաղափարները:

Այնուհետեւ Մ. Պէրպէրեան կը յաջողի համոզել ՀԺԿ միւս ղեկավարները` համախոհական կառավարութեան ստեղծման անհրաժեշտութեան մէջ:

Այսպիսով, Մինաս Պէրպէրեանը կ՛ըլլայ համախմբական կառավարութեան «խնամակալը». վերջապէս, 4 նոյեմբեր 1918-ին Հայաստանի Խորհուրդի նիստին, ՀՅԴ ու ՀԺԿ կուսակցութիւններու պատգամաւորներու քուէարկութեամբ, ընդունուած է Յ. Քաջազնունիի կառավարութեան հրաժարականը եւ կրկին Քաջազնունիի ալ յանձնարարուած է կազմել նոր կառավարութիւն: Նոյն նիստին ալ կազմուած է կառավարութիւնը` ներառելով ժողովրդականներ: Իսկ Մինաս Պէրպէրեանը Հայաստանի Խորհուրդին կողմէ կը նշանակուի Հայաստանի առաջին պետական վերահսկիչը` սոցիալ-յեղափոխականներու (Էսէռներու) ու սոցիալ-դեմոկրատականներու ձեռնպահութեամբ:

Պէրպէրեանի ժրաջան աշխատանքը, յատկապէս «խնամակալի» կեցուածքը մեծ յառաջխաղացք էր նորանկախ Հայաստանի տագնապալի օրերուն: Առ այդ, 1919-ին սկիզբը Հայաստան յաջողեցաւ հետզհետէ դուրս գալ դժոխային իրավիճակէն:

«Գրական ակնարկներ» խորագրով («Արարատ» ամսագրին մէջ) հրատարակած է ռուս եւ հայ դասականներուն նուիրուած յօդուածներու շարք: Թարգմանութիւններ  կատարած է ռուսերէնէ հայերէն եւ հակառակը, նպաստած է երկու ժողովուրդներու գրական կապերու ամրապնդման:

Մինաս Պէրպէրեանը բծաւոր տիֆի պատճառով մահացած է 11 յունուար 1919-ին, Երեւան:

Տէր Տաճատ Քահանայ Պօղոսեան

Տէր Տաճատ քահանայ Պօղոսեան, աւազանի անունով` Սարգիս, ծնած է 1891-ին, Ապարանի շրջանի Տանակիրմազ (Նիկաւան) գիւղը: Անոր պապերը մազապուրծ փրկուած են թրքական կոտորածէ, գաղթած են Արեւմտեան Հայաստանէն` Էրզրումէն: Ան ամուսնացած է 1915-ին: Ունեցած է հինգ զաւակ:

Տէր Տաճատ 1916-ին ձեռնադրուած է քահանայ երջանկայիշատակ Գէորգ Ե. Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ:

Տէր Տաճատ քահանայ ծառայած է ռուսական բանակին մէջ, ծանօթ է զինատեսակներուն եւ մասամբ տիրապետած է մարտավարութեան կանոններուն:

1918-ին Հայաստանի անկախութեան համար տարուած ճակատամարտերուն` Բաշ Ապարանի ինքնապաշտպանութեան դժուար օրերուն, մինչեւ աշխարհազօրայիններու օգնութեան հասնիլը, տէր Տաճատ քահանայի համագիւղացիներէ կազմուած մահապարտներու փոքրաթիւ ջոկատը (40-50 մարդ) քանի մը օր ու գիշեր կանգնեցուցած է թուրք հրոսակներու յառաջխաղացքը դէպի Երեւան:

Տէր Տաճատ ռազմական ու մեծ ճարպիկութեամբ մղած է ինքնապաշտպանութեան գործունէութիւնը, պէտք է յայտնել, որ ան գիշերային յարձակումներէն մէկու ժամանակ հնարամտութեամբ ռուսերէն հրամաններ կ՛արձակէ, թուրքերը խուճապի կը մատնուին` կարծելով, որ ռուսական բանակի հետ կը կռուին, հետեւաբար կը դիմեն փախուստի` լքելով մեծ քանակութեամբ զինամթերք, գնդացիր եւ այլն:

Թշնամիին դէմ դնելու համար տէր Տաճատին առաջին օգնութեան հասնողները եղած են շրջակայ գիւղերու քահանայ հայրերու եւ եզիտիներու ջոկատները: Անոնցմէ իւրաքանչիւրը ջոկատին մէջ ունէր հարիւրէ աւելի զինեալ մարտիկ: Այնուհետեւ հասած են նաեւ աշխարհազօրայիններու հիմնական խումբերը:

Աշխարհազօրայիններու Բաշ Ապարան հասնելէ ետք, իմանալով վերոնշեալ տէր Տաճատի հնարամիտ կեցուածքները թշնամիին հանդէպ` ճակատամարտի ընդհանուր հրամանատար Դրոն շնորհակալութիւն յայտնած է տէր Տաճատին եւ անոր նուիրած է «Մաուզեր» տիպի ատրճանակ: Այդ ատրճանակը տէր Տաճատին համար եղած է անբաժանելի ընկեր:

Արդ, անուրանալի եղած է տէր Տաճատի աւանդը Բաշ Ապարանի ճակատամարտին, որ պսակուած է թուրքերու դէմ տարած փայլուն յաղթանակով:

Հայաստանի խորհրդայնացումէն ետք տէր Տաճատ պոլշեւիկեան  իշխանութիւններու կողմէ համարուած է Հայ յեղափոխական դաշնակցութեան հարող անձնաւորութիւն, ազգայնամոլ եւ հակապետական անձ, որուն պատճառով  հետապնդուած է:

Թէեւ կը պակսին մանրամասն տեղեկութիւններ, սակայն ակնյայտ է, որ տէր Տաճատ եւ իր ընկերները պետական անվտանգութեան մարմիններու կողմէ պաշարուած են Սաղմոսաւան գիւղի մօտակայ քարայրի մը մէջ եւ քանի անգամ մերժած են զինաթափուելու եւ յանձնուելու առաջարկը: Բաւական դիմադրելէ ետք, 1931 մայիսին համայնավար զինուորներուն չյանձնուելու նպատակով տէր Տաճատը եւ տէր Խաչիկը իրարու փաթթուած եւ քարայրէն գահավիժած են Սաղմոսաւան գիւղի մօտակայ կիրճը: Այդպէս վերջ գտած է տէր Տաճատ քահանայ Պօղոսեանին ոդիսականը:

Սեդրակ Ջալալեան

Սեդրակ Ջալալեան (Սեթօ). հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցութեան անդամ, Ապարանի գաւառամասի գաւառապետ, Էջմիածնի գաւառի գաւառապետ, Երեւանի ոստիկանապետ:

Ծնած է Բաշ Ապարանի Քասախ գիւղը, 1884-ին, հարուստ ընտանիքի մէջ: Ուսումը ստացած էր Երեւանի ռուսական ուսումնարանին մէջ եւ այդ շրջանին ալ մտած էր Դաշնակցութեան շարքերը: Ան 20-22 տարեկանին արդէն աչքի զարնող յեղափոխական գործիչ էր: 1905-1906 թուականներուն, հայ-թրքական ընդհարումներու ժամանակ մասնակցած է Երեւանի, Նախիջեւանի, Տաւուշի ինքնապաշտպանութեան: Սեդրակ 1906-ին, իբրեւ ուսանող, կը մեկնի Ս. Փեթերսպուրկ: Տասը ամիս անց կը վերադառնայ Երեւան: Երկու անգամ կը ձերբակալուի եւ կը յաջողի բանտէն փախչիլ: 1908-ին Ս. Փեթերսպուրկի մէջ կը ձերբակալուի եւ կ՛աքսորուի Սիպերիա: Հինգ տարի կը մնայ հոն` բանտերու եւ արգելարաններու մէջ, ապա ազատելով` 1913-ին կը վերադառնայ Ս. Փեթերսպուրկ` շարունակելով համալսարանի իր ուսումը, 1917-ին իբրեւ իրաւաբան կ՛աւարտէ ուսումը: 1917-ին կը վերադառնայ ծննդավայրը եւ հոնկէ` Երեւան: Նշանակուած է Ապարանի գաւառամասի գաւառապետ:

1918-ին, երբ կը սկսին Հայաստանի անկախութեան կռիւները, Սեդրակ այդ մարտերուն կը մասնակցի իր ձիաւոր խումբով, Բաշ Ապարանի ճակատին վրայ:

15 մայիս 1918-ին թուրքերը կը մտնեն Գիւմրի եւ երկու ուղղութեամբ` Արագածի արեւմտեան լանջով դէպի Երեւան եւ Վանաձորի ուղղութեամբ, դէպի Կասպից ծով, կը յառաջանան Արեւելեան Հայաստանի խորքը: Հետեւաբար 17 մայիսին գաւառամասի գաւառապետ Սեդրակ Ջալալեանը, Երեւանի ոստիկանութեան աշխատակից Արսէն Տէր Պօղոսեանը, Ապարանի հոգեւոր հովիւ տէր Յովհաննէս քահանայ Տէր Մինասեանը Ապարանի գաւառամասի մէջ յատուկ դրութիւն կը յայտարարեն, աշխարհազօր կազմակերպելու համար զէնք կրելու ենթակայ 17 եւ աւելի տարիքի տղամարդիկը զօրակոչելն ու Ապարանի հիւսիսային բաժինը պաշտպանութեան գիծ կը ստեղծեն: 22 մայիսի երեկոյեան Ապարանի գաւառամասի Միրաք գիւղին մօտ նախօրօք ձեւաւորուած ճակատագծի վրայ թուրքերուն յառաջխաղացքը կասեցուցած են Սեդրակ Ջալալեանի կազմակերպած պաշտպանական գիծի աշխարհազօրայինները: Սկսած է ու մինչեւ 29 մայիսը այդ հատուածին վրայ շարունակուած է Ապարանի հերոսամարտը: Այդ մարտը աւարտած է հայերու փառահեղ յաղթանակով: Եւ անկախ անկէ, որ 23 մայիսին նորաստեղծ ռազմաճակատի հրամանատար նշանակուած է Դրաստամատ Կանայեանը, հերոսամարտի ամբողջ ընթացքին Սեդրակ Ջալալեանը շարունակած է մնալ ապարանցի աշխարհազօրայիններու կազմակերպիչը եւ յաղթանակի ապահովման մէջ ունեցած է իր կարեւոր ներդրումը:

Անկախութեան հռչակումէն ետք, Հայաստանի Ա. Հանրապետութեան ներքին գործերու նախարար Արամ Մանուկեանը 1918-ի աշնան Սեդրակ Ջալալեանին Ապարանի գաւառամասի գաւառապետէն փոխադրած է Էջմիածնի գաւառապետ, իսկ 1919-ի սկիզբին` Երեւանի ոստիկանապետ: Սեդրակ, այս պաշտօնի վրայ, հաշուած օրերու ընթացքին, Երեւանի մէջ կարգ ու կանոն կը հաստատէ: 1920 նոյեմբերին Սեդրակ Ջալալեանին կը յանձնուի կառավարական պաշտօնէութիւնը երկրէն դուրս հանելու պարտականութիւնը:

Այնուհետեւ, Սեդրակ Ջալալեան ճիշդ քառասնամեակ մը` 1921-1961 տարիներուն, ապրեցաւ արտասահման: Մօտ 20 տարի մնաց Պուլկարիա – Ֆիլիպէ (այժմ` Փլովտիւ), Սոֆիա եւ Վառնա: Բ. Աշխարհամարտի պայթումէն ետք Գարեգին Նժդեհին հետ անցաւ Գերմանիա եւ գործակցեցաւ գերմանական ուժերուն հետ` պոլշեւիզմին դէմ մղուած պայքարին մէջ:

Զինադադարի կնքումէն ետք, 1945-ին Սեդրակ փոխադրուեցաւ հարաւային Գերմանիա եւ հաստատուեցաւ Շթութկարտ, ուր կեդրոնացած էր տարագիրներու բազմութիւնը: Այնտեղ տարիներով եղաւ Գերմանիոյ հայութիւնը ներկայացնող եւ Շթութկարտ գտնուող Ազգային կեդրոնական կոմիտէի նախագահը: Եւ երբ տարագիրները մեկնեցան, ինք ալ անոնց հետեւելով` 1951-ին գաղթեց Ամերիկա եւ հաստատուեցաւ Տիթրոյիթ:

Սեդրակ Ջալալեանը ունի շատ կարեւոր յօդուածներ «Սեթօ» ստորագրութեամբ:

Սեդրակ մահացաւ 14 հոկտեմբեր 1961-ին, Տիթրոյիթ:

(Շար. 16)

Ազրպէյճանի Նախագահի Մուղամը Քուզանլիում

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Քուզանլին աւանային կարգավիճակով բնակավայր  է Դաշտային Արցախում: Գտնւում է Պաքուից 315, նախկին ազրպէյճանական Աղդամից, պատմական ու ներկայիս հայկական Ակնայից` դէպի հիւսիս-արեւելք 50 քմ կամ աւտոմեքենայով հատելու դէպքում` մէկ ժամուայ հեռաւորութեան վրայ: Քուզանլիի բախտը չբերեց 1993թ. յուլիսին:  Աղդամ շրջկենտրոնը եւ յարակից մի շարք գիւղական բնակավայրեր ազատագրուեցին Արցախի Պաշտպանութեան բանակի ձեռնարկած հակայարձակողական գործողութիւնների արդիւնքում, իսկ Քուզանլին մնաց առկախ վիճակում: Մնաց  նախկին շրջանի ազրպէյճանական մասում: Եւ ահա` Պաքուի որոշմամբ պահպանուեց այդ մասի նախկին վարչական անունը, իսկ Քուզանլին ստացաւ աւանի կարգավիճակ` վերածուելով ոչ լրիւ Աղդամի շրջանի ժամանակաւոր վարչական կենտրոնի: Թէ ինչո՛ւ ժամանակաւոր, այլ ոչ` անժամկէտ, կարծում եմ, դժուար չէ կռահել: Բանն այն է, որ Պաքուն քառորդ դարից ի վեր տակաւին շարունակում է ապրել այն սին պատրանքով, թէ միջազգային հանրութիւնը հայկական կողմին, աւելի ճիշդ` Արցախի Հանրապետութեան իշխանութիւններին վաղ թէ ուշ կը պարտադրի վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի եօթ յարակից ազատագրուած շրջանները, այդ թւում նաեւ` գրեթէ կիսով չափ դարձած Աղդամի շրջանը:

Հետաքրքիր է իմանալ, որ Ռուսական կայսրութեան օրօք այդ բնակավայրը` Քուզանլին, բաղկացած էր երկու առանձին փոքր գիւղերից`  Քուզանլի-1 եւ Քուզանլի-2, որոնք մտնում էին Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գաւառի կազմի մէջ, եւ որոնցում, «Կովկասեան օրացոյց» պարբերականի տուեալներով, 1912 թուականի դրութեամբ, ընդհանուր առմամբ, ապրում էր 172 մարդ, ըստ «Կովկասեան օրացոյց»-ի` հիմնականում թաթարներ:  Ներկայումս Քուզանլի աւանի բնակչութեան թիւը, ըստ Ուիքիփետիայի տուեալների, կազմում է 13 հազար 2 մարդ: Ինչպէս տեսնում ենք, ժամանակին մարգարէական էր Խորհրդային Միութեան կուսակցական առաջնորդ Լէոնիտ Պրեժնեւի յայտնի արտայայտութիւնը, թէ` «Լայն քայլերով է  առաջ գնում Ազրպէյճանը»: Ի հարկէ, յիշում էք, այն ժամանակ հայկական ռատիոն իսկոյն եւեթ հումորի մի մալայ շաղախ յաւելեց այդ հիացական բացագանչութեանը, ու ստացուեց առ այսօր իրապէս անմոռաց թեւաւոր խօսք. «Լայն քայլերով է առաջ գնում Ազրպէյճանը… Հայաստանի խանութներով»:

Բայց անցնենք նոյն այդ Քուզանլիում Իլհամ Ալիեւի մուղամին կամ, աւելի ճիշդ, մուղամի հանգի նրա կլկլոցին: Կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ յատկապէս մուղամի հանգի, այլ ոչ Իլհամ Ալիեւի նախասիրած մէկ այլ երաժշտական ժանրի: Բանն այն է, որ, նախ, Ազրպէյճանի նախագահի այդ ելոյթը ժանրային տարբերակմամբ առաւելապէս ոչ այլ ինչ, քան մուղամի կատարում է յիշեցնում` իր «հէյ աման-աման» եւ «հէյ-վախ, հէյ-վախ» բառանիւթով ու ժանրին բնորոշ երկար ու ձիգ կլկլոցներով: Եւ ապա խանենդէի, այսինքն` մուղամ կատարող երգչի, իր կարծեցեալ շնորհքը նա ցուցադրել է ոչ այլ հանրային լսարանում, քան` Աղդամի ժամանակաւոր շրջկենտրոն նոյն այդ Քուզանլիում օրերս կայացած մուղամի կենտրոնի բացման միջոցառմանը: Ընդ որում` ոչ միայն աւանի եւ յարակից գիւղերից այդտեղ բերուած խեղճ ու  կրակ գիւղացիների, այլեւ Պաքուից ժամանած իր բաւական ներկայացուցչական շքախմբի անդամների, առանձնապէս շքախմբի գլխաւոր ծաղկի` Ազրպէյճանի առաջին փոխնախագահ, նաեւ համատեղութեան կարգով` հանրապետութեան Առաջին տիկին Մեհրիպան Ալիեւայի ներկայութեամբ: Վերջինիս մասնակցութիւնը կարեւորւում է նաեւ նրանով, որ հէնց Մեհրիպան խանումի ղեկավարած Հայտար Ալիեւի անուան հիմնադրամի նախաձեռնութեամբ ու միջոցներով է մերձճակատային այդ գօտում կառուցուել մուղամի կենտրոնը: Ի դէպ, Ազրպէյճանում եւ նրա սահմաններից շատ ու շատ հեռուներում շրջանառուող լուրերն ասում են, որ հիմնադրամն ամբողջութեամբ եւ նրա այդ եւ նման նախաձեռնութիւնները, որոնք իրականացւում են ինչպէս բուն հանրապետութիւնում, նոյնպէս եւ աշխարհի տարբեր երկրներում, «Ազրպէյճանական լուացքատուն» կոչուող յայտնի սարդոստայնի կարեւոր բաղկացուցիչն են կազմում, ինչի շնորհիւ, այսպէս ասած, լուացւում, օրինականացւում են Պաքուի միլիառների հասնող նաւթաբոյր տոլարները` հանգրուանելով Ալիեւ ամուսնական զոյգի ու նրանց զաւակների, միով բանիւ`  ընտանիքի անդրծովեան հաշիւներում: Նաեւ վերածուելով արտասահմանեան թանկարժէք գնումների, ասենք` ճոխ առանձնատների, Թուրքիայում լինի, թէ Արաբական Միացեալ Էմիրութիւններում, Ֆրանսայում կամ Միացեալ Թագաւորութիւնում եւ կամ թէ Միացեալ Նահանգներում: Երեւի թէ օդից բռնած լուրեր չեն, թէ, օրինակ,  ամէն անգամ Եւրոպա մեկնելով` որպէս ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան, Մեհրիպան խանումն իր այցի ծրագրի առիւծի բաժինը սովորաբար յատկացնում է Փարիզի, Հռոմի եւ այլ եւրոպական մայրաքաղաքների ամենաշքեղ խանութներով շրջագայութեանը:

Բայց դա` ի միջի այլոց: Տուեալ դէպքում մեր խնդրոյ առարկան Իլհամ Ալիեւի մուղամի այն հնչերանգներն են, որոնք, հանդիսականների իսկ համոզմամբ, դոյզն իսկ տեսական եւ կամ գործնական կապ չունեն մուղամի մշակութային նշանակութեան ու ժանրային առանձնայատկութիւնների հետ:

Եւ իրօք, արդեօք հնարաւո՞ր է որեւէ կապ գտնել մուղամի եւ այդ երգարուեստին նուիրուած միջոցառմանն Ազրպէյճանի նախագահի ռազմաշունչ հռետորաբանութեան միջեւ: Ահա յաջորդաբար թուարկեմ դրանցից մի քանիսը:

«Ապրիլեան մարտերը մեր անհաշտ ոգու դրսեւորումն են: Ապրիլեան մարտերը ցոյց տուեցին, որ ցաք ու ցրիւ է եղել այն առասպելը,  որ Հայաստանը ստեղծել է շատ տարիների ընթացքում, եւ որ ազրպէյճանական բանակն ունակ է լուծելու ցանկացած առաջադրանք, պատրաստ է դրան, եւ մենք ապացուցեցինք դա», ասել է Իլհամ Ալիեւը:  Նկատէք` այդ մասին բարձրագոչ ճամարտակում է մի պետութեան նախագահ ու զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար, ում ենթակայութեան տակ գտնուող սպառազէն զօրքերը, յանկարծակի լայնածաւալ յարձակում ձեռնարկելով 2016-ի ապրիլի սկզբներին, մարտերի երկրորդ օրն իսկ հարկադրուած էին խուճապահար փախչել դէպի ելման դիրքերը: Դա այն պահին էր, երբ  Արցախի ՊԲ զօրամասերը հակայարձակման էին անցել` խայտառակ պարտութեան մատնելով թշնամական ուժերին, պատճառելով մարդկային ու նիւթական վիթխարի կորուստներ:

«Յատկապէս 2016թ. ապրիլին հզօր հարուած հասցուեց Հայաստանի զաւթիչ վարչախմբին, նրանք դարձան իրենց իսկ զաւթողական քաղաքականութեան զոհերը», խօսքը շարունակել է Ալիեւը: Ասել է` ըստ երեւոյթին  մոռացած, որ այն ժամանակ Պարտան, Թարթառը, անգամ աւելի խոր թիկունքում գտնուող Գեանճա-Գանձակն էին դատարկուել սարսափահար բնակիչներից, այլ ոչ` Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը եւ կամ Շուշին: Ասել է` մոռացած, որ առաջինը հէնց Պաքուն է հայ-հարայով սկսել բախել Մոսկուայի` Քրեմլինի դարպասները` աղաչանք-պաղատանքով խնդրելով, որ Փութինը դադարեցնել տայ հայկական զօրքերի հակագրոհն ու առաջխաղացումը: Այո՛, մարտերի 4-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը, իրօք,  հայկական կողմին յորդորեց չշարունակել հակագրոհը: Բայց, արդեօք նոյն ինքը` Ռուսաստանի նախագահը մոռացե՞լ է, թէ ո՛վ է ապրիլի 4-ին առաջինը տագնապահար բախել իր աշխատասենեակի դուռը: Հազիւ թէ: Դարձեալ քաղուածք` Ազրպէյճանի նախագահի բոցաշունչ մուղամից. «Ես քանիցս ասել եմ, որ Հայաստանը կառավարող քրէական խունթայի վարչախումբը պէտք է դատապարտման թիրախ դառնայ աշխարհի ողջ հանրութեան կողմից: Ես ասել եմ, որ Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք գլխաւորում են  քրէական խունթայի վարչակարգը»: Ուշագրաւ է. այդպէս ասում է մի պետութեան նախագահ, ում կողմնակի ասեկոսէներից չէ յայտնի, որ հարեւաններից գողացուած են ոչ միայն իր կառավարած արհեստածին երկրի Ազրպէյճան անունը, այլեւ այդ երկրի բռնազաւթուած եւ կամ պարզապէս թռցրած տարածքները: Յիշեցնե՞նք. այո՛, Պարսկաստանից, Հայաստանից, Վրաստանից, ՌԴ Տաղստանի Ինքնավար Հանրապետութիւնից: Քաջ գիտէ, որ առ այսօր էլ ազգ չդարձած իր ժողովուրդը 9-10 միլիոնի է հասել Արեւելեան Անդրկովկասի տարածաշրջանի բնիկ ազգերին ու ազգութիւններին` լեզգիներին, աւարներին, ցախուրներին, ինկիլոյցիներին, փատարներին, ուտիններին,  այլ ցեղերի ու ցեղախմբերի  բռնի ուծացնելու, ազրպէյճանականացնելու հաշուին: Գիտէ, որ պատմական անցեալ ու պատմականօրէն կերտուած քաղաքակրթութիւն չունեցող իր երկիրն ահա մէկ դար է, ինչ բարբարոսաբար ոչնչացնում եւ կամ իւրացնում է  քաղաքական հանգամանքների քմահաճոյքով իր սահմանների մէջ յայտնուած ժողովուրդների պատմութիւնը, գրականութիւնը,  մշակոյթը, այդ թւում` մուղամ երգարուեստը, որի պատուին, տեսէք հա, կենտրոն է ստեղծւում աշխարհի կողմից անտեսանելի մի անկիւնում` Քուզանլիում, որտեղ մի կարգին մուղամ երգող էլ չկայ եւ որտեղ առաջին խանենդեն իր ծվծուան ձայնով ինքը` Իլհամ Ալիեւն է: Նա հրաշալի գիտէ, որ իր անձնական անբաւ հարստութիւնն ինքը եւ իր ընտանիքը կուտակում են իր իսկ ղեկավարած ժողովրդից անկշտում գռփելով: Է՜հ, հայկական առածն այս պարագայում է երեւի ասել, թէ` «Գողը գողից գողացաւ, Աստուած տեսաւ` զարմացաւ»:

Շարունակենք հետեւել Ազրպէյճանի նախագահի մուղամի ելեւէջներին. «Մենք ասել ենք, որ նրանց զօրավարները գողեր են: Մենք ասել ենք, որ նրանց հերոսները յանցագործներ ու վախկոտներ են»: Երեւի թէ հաւկուրութեամբ է տառապում Ազրպէյճանի նախագահը կամ իր շրջապատում գոնէ մէկը չկայ` հասկացնէր նրան, որ հայոց ազատամարտի թէ՛ 90-ականների կռիւներում, թէ՛ 2016-ի ապրիլեան պատերազմում ազրպէյճանական բանակին յաղթած գլխաւոր ուժը հայ շարքային կամաւորականն էր, հայ շարքային զինուորը, ում համար հող հայրենիի պաշտպանութիւնը եղել եւ սերնդէ սերունդ մնում է սուրբ պարտք ու պարտականութիւն եւ ով կենաց ու մահու կռիւներում երբեք յանուն հերոսութեան չէ, որ առաջ է նետուել թշնամու դէմ յանդիման, այլ հերոսաբար մարտնչել է` որպէս վայել է նուիրեալ որդուն, յանուն հայրենիքի ու մայր ժողովրդի անձնազոհութեան պատրաստ զաւակին: Նրանք բոլորն էլ հերոսներ են: Անխտիր բոլորը, որոնք իրենց արեան, անգամ կեանքի գնով արժանապատիւ կռուել ու յաղթել են հայրենի եզերքի դէմ ելած բազմահազար ոսոխին:  Նրանք երբեք սուր չեն բարձրացրել մարտական գործողութիւնների գօտում ակամայ յայտնուած ազրպէյճանցի անպաշտպան բնակիչների` ծեր ու մանկան, կանանց գլխին: Նրանց համար երբեք ընդօրինակելի չի եղել նման իրավիճակներում ազրպէյճանական հրոսակների գազանաբարոյ պահուածքը, ինչին մենք չէ միայն, ողջ աշխարհն ականատես եղաւ թէկուզ հէնց ապրիլեան պատերազմի օրերին, երբ խոշտանգումների ենթարկելով, սրախողխող արուեցին թալիշցի անոք, զառամեալ ծերունիները, ցուցադրաբար գլխատուեց վիրաւոր ռազմագերի եզիտի զինուորը, իսկ նրա ոճրագործ դահիճն արժանացաւ Ազրպէյճանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի, իրականում Ազրպէյճանի գլխաւոր յանցագործի` նախագահ Իլհամ Ալիեւի, ի տես աշխարհի ցուցադրական խրախուսանքին ու քաջալերանքին:

Քուզանլիում Ազրպէյճանի նախագահի մուղամը, որպէս յատուկ է տուեալ երաժշտական ժանրին, բնականաբար, յագեցած էր նաեւ «նէյնիմ-նէյնիմ» կարգի յոյսերով ու պատրանքներով` կապուած Հայաստանում այս տարուայ գարնանը տեղի ունեցած իշխանափոխութեան հետ: Եւս մէկ քաղուածք նրա ելոյթից. «Հայաստանի նոր ղեկավարութիւնը պէտք չէ կրկնի նախկին քրէական վարչախմբի սխալները, նա պէտք է շատ շուտով, բանակցութիւնների ուղիով, բռնագրաւող ուժերը դուրս բերի զաւթուած հողերից եւ Ազրպէյճանի բնակիչներին հնարաւորութիւն տայ վերադառնալու հայրենի, պատմական, բնիկ հողերը»: Ասում են` ծովում խեղդուողը ճարահատեալ փրփուրից էլ է կառչում: Ազրպէյճանի նախագահը, ինչ խօսք, կոյր չէ ու յստակ տեսնում է, որ ապարդիւն են իր յոյսերը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների եւ, առհասարակ, միջազգային հանրութեան միջամտութեան հետ: Ո՛չ Ուաշինկթընը, ո՛չ Մոսկուան եւ ո՛չ էլ Փարիզը չեն պատրաստւում հէնց այնպէս, կամայականօրէն սկուտեղի վրայ Պաքուին մատուցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ յարակից շրջանները: Ահա թէ ինչո՛ւ Պաքուն վերջին յոյսը կապում է Հայաստանի նոր իշխանութիւնների հետ` չմտածելով, որ ազրպէյճանական լծից ազատագրուած եւ ինքնիշխան պետականութիւն կառուցող Արցախը ոչ թէ սոսկ այս կամ այն իշխանութեան, այլ համայն հայ ժողովրդի միասնական ազգային-ազատագրական պայքարի նուաճումն է, եւ Հայաստանի ու Արցախի ոչ մի նոր իշխանութիւն երբեւէ չի յանդգնի հայրենի ժողովրդից խլել իր զաւակների արեան ու կեանքի գնով նուաճուած այդ  մեծ յաղթանակը:

Ի հարկէ, սա եւս` ի միջի այլոց ասած: Այնպէս որ, խօսքս աւարտեմ մուղամի կենտրոնի հանդիսաւոր բացմանն առնչուող վերջին լուրով: Ասում են` Ազրպէյճանի առաջին տիկին Մեհրիպան Ալիեւան այն աստիճան է հիացել ու յուզուել Քուզանլիում  Ազրպէյճանի նախագահի եւ համատեղութեան կարգով իր ամուսնու կատարած մուղամով, որ որոշել է օգտագործել ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեպանի իր հին կապերը եւ այդ անզուգական կատարումը ճանաչել տալ որպէս ազրպէյճանական ժողովրդի ոչ նիւթական մշակութային արժէք: Ինչ խօսք, աւարտին մօտեցող տարում դա երեւի թէ կը լինի առերեւոյթ «սիրող, հաւատարիմ» կնոջ սփոփիչ նուէրն ամուսնուն: Այնպէս որ, կարելի է միայն ողջունել ամուսնու սիրտն իր նկատմամբ տաք պահելու Մեհրիպան խանումի կանացի հնարամտութիւնը:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

«Արաս» Հրատարակչութեան Կողմից Տպագրուած Նոր Գիրք` «Հրաժեշտ Այնթուրային»

$
0
0

Թարգմանեց` ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Հրաժեշտ Այնթուրային» գիրքն ընթերցողին է ներկայացնում 1915թ. ստուերում մեծացած սերնդի հետ պատահածները: Գառնիկ Բանեանը, ով հինգ տարեկան հասակում տեղահանուել է` բռնելով մահուան ճամբան, Ճեմալ փաշայի կողմից Այնթուրայում կառուցուած որբանոցում իր հետ տեղի պատահածներն է պատմում ու ընթերցողին կոչ անում ականջալուր լինել որբացած սերնդի պատմութեանը:

Գառնիկ Բանեանը 1915-1918թթ. մնացել է Միութիւն ու առաջադիմութիւն կուսակցութեան հիմնական ղեկավարներից Ճեմալ փաշայի կողմից ստեղծուած ու մի որոշ շրջան Հալիտէ Էտիփի պատասխանատուութեան տակ եղած` Լիբանանում գտնուող Այնթուրայի որբանոցում, որտեղ հաւաքում էին հայ, թուրք ու քիւրտ երեխաների: Ճեմալ փաշան, ով չէր ցանկանում, որ որբ մնացած հայ երեխաները արտասահմանեան կազմակերպութիւնների հետ գործ ունենան, ցանկանում էր դաստիարակել նրանց իր  սեփական մեթոտներով: Այդ նպատակով հէնց առաջին օրուանից կիրառուած ճնշումները երեխաների պայքարի համար սկզբնակէտ են հանդիսանում: Միեւնոյն ժամանակ տուեալ շրջանում տիրող սովը երեխաների համար նշանակում էր աչքի առաջ ունենալ կեանքի ամէն տեսակ դժուարութիւնները:

«Հրաժեշտ Այնթուրային» գրքում ներկայացւում է Ա. Համաշխարհային պատերազմի պատճառած աւերածութիւններից իրենց մասնաբաժինն ունեցած ու աշխարհագրական այդ տարածքում մի տեղից միւսը դեգերող որբերի սովամահութեան ու ինքնութիւնների ժխտման դէմ տարուած պայքարի պատմութիւնը. պատմւում է նրանց համար, ովքեր ցանկանում են լսել վաղ տարիքում հասունացած ու իրենց մանկութիւնը լիարժէքօրէն չապրած սերնդին:

Հատուած գրքից.

«Աշխարհ եկած ամէն կենդանի արարած ծնուած պահից ուզում  է ուտել: Ադամից ու Եւայից սկսած` դա այդպէս է, նրանց պատմութիւնն ինձ մայրս է պատմել: Այդ օրուանից մինչ օրս մարդկանց հիմնական մտածմունքը մշտապէս կուշտ լինելն է եղել: Քարանձաւի դիմացի մրջիւնները ցորենի հատիկները շատ դժուարութեամբ հաւաքում ու իրենց բոյն էին տանում, թռչունները ճիւղերի վրայ իրենց երգածի չափ տերեւ ու պտուղ էին ուտում, դիմացի լերան գագաթին գտնուող կովերն իրենց գլուխներն անընդհատ թաղում էին խոտերի մէջ: Մենք էլ առաւօտեան աչքերը բացելուն պէս մտածում էինք` ի՛նչ ուտենք. ուտել էինք ուզում, քանի որ ապրել էինք ցանկանում: Որեւէ վտանգ, որեւէ յոգնածութիւն հաշուի չառնելով`  խոտ, արմատ, միրգ գտնելու յոյսով այս լեռներ էինք եկել, քանի որ որբանոցում մեզ տրուածը ուտելիք չէր, այդ տուածներով ապրել էլ հնարաւոր չէր: Այդ դէպքում, ապրե՜ն այդ լեռները, մեզ իրենց օրհնութիւնը տուած այդ ծառերը, շատ ապրե՜ն այն քարանձաւները, որոնք որբերի համար տուն են եղել»:

Գառնիկ Բանեան

Գառնիկ Բանեանը ծնուել է 1910թ, Սվազին (Սեբաստիա-«Ակունք»-ի խմբ.) կից Կիւրիւն գաւառում: Համատում, որը եղել է նրա քարաւանի վերջին կանգառը, կորցրել է մօրն ու եղբայրներին: Նախ մնացել է Համայի որբանոցում, ապա Ճեմալ փաշայի կողմից Լիբանանում` Այնթուրայում ստեղծուած որբանոցում: Երբ Օսմանեան կայսրութիւնը Ա. Համաշխարհային պատերազմում պարտուեց եւ կորցրեց շրջանի նկատմամբ իր վերահսկողութիւնը, որբանոցի ղեկավարումն ստանձնեց Ամերիկեան մերձաւորարեւելեան նպաստամատոյց կոմիտէն: 1920-1925թթ. նա մնացել է այդ կազմակերպութեան պաշտպանութեան տակ գտնուող Պիպլոսի որբանոցում: Որբանոցներում անցկացրած այդ տարիներից յետոյ նա ընդունուել է Պէյրութում Համազգայինի կողմից հիմնուած ճեմարան: 1935 թ. աւարտել է այն: Հետագայում աշխատել է որպէս մանկավարժ, զբաղուել է նաեւ վարչական աշխատանքով: Եղել է Լիբանանի հայկական համայնքին ապրելու ուժ հաղորդած առաջնորդներից մէկը: Մահացել է 1989 թ.:

Akunq. net 

 

 

 

Յայտարարութիւն. ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի

$
0
0

Յառաջիկայ 9 դեկտեմբերին հայրենի մեր ժողովուրդը պիտի ուղղուի քուէատուփ` խորհրդարանական արտահերթ ընտրութիւններու մասնակցելու:

Քաղաքական այլ ուժերու կողքին, Դաշնակցութիւնը եւս կը լծուի այս ընտրապայքարին` ինքնուրոյն, առանձին ցանկով, առանց որեւէ դաշինքի:

Սոյն ընտրութիւնը առաջինն է Հայաստանի մէջ խորհրդարանական համակարգի հաստատումէն ետք: Առ այդ, մեր երկիրը կը թեւակոխէ նոր փուլ, այն պահուն, երբ կը շարունակեն մեր դիմաց ծառանալ ազգային մեր անվտանգութեան առնչուող հարցեր ու թղթածրարներ, որոնց բարւոք լուծում ապահովելու կոչուած է յառաջիկայ Ազգային ժողովը: Բոլորին կողմէ իրաւամբ ակնկալուող տարբեր բարեկարգումներու, արդար, բարօր, առաւել զարգացող երկիր կառուցելու զուգահեռ, լուծելի եւ դիմակայելի էական կէտերը, սակայն, կը մնան` երկրի ընկերային-տնտեսական բարդ իրավիճակը, արցախեան հիմնախնդրի բարենպաստ կարգաւորումը, Անգարայի կողմէ յամառօրէն պահուող շրջափակումը, Պաքուի հակահայ, յարձակողապաշտ քաղաքականութիւնը, եւ մասամբ նորին:

Ահա այս բոլորին մէջ, ամենայն գիտակցութեամբ, անսակարկ նուիրուածութեամբ, բծախնդրութեամբ, անշահախնդրութեամբ, ազգին ու հայրենիքին ծառայելու երդուածութեամբ պատասխանատուութիւն վերցնելու պատրաստակամութիւնն ունին ՀՅԴ-ի ընտրացանկի մեր թեկնածուները, որոնք, պետականաշինութեան գործընթացի վերոյիշեալ հարցերուն կողքին, իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչներ` ունին նաեւ գաղափարական պատկանելիութեամբ իրենց յատուկ պարտաւորութիւններ` Հայ դատի օրակարգով, այլ խօսքով` համահայկական մակարդակով, համազգային տարողութեամբ:

Եւ մենք` Արեւմտեան Եւրոպայի դաշնակցական ամբողջ ընտանիքը, մեր անվերապահ վստահութիւնն ու զօրակցութիւնը կը յայտնենք բանիւ եւ գործով ու բարի երթ կը մաղթենք մեր ընկերներուն: Այո՛, Հայաստանի կազմակերպութեան սիրելի՛ ընկերներ, հաւատարիմ` հողին ու հային: Ամբողջական հողին` միացեալ հայրենիքին, ամբողջական հային` միացեալ հայութեան:

ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Փարիզ, 27 նոյեմբեր 2018

Յայտարարութիւն` ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի

$
0
0

Դեկտեմբեր 9-ին Հայաստանի մէջ տեղի պիտի ունենան արտակարգ խորհրդարանական ընտրութիւններ, որուն պիտի մասնակցի Հայաստանի մեր կառոյցը, հաւատարիմ` ՀՅԴ-ի մէկ եւ քառորդ դարէ աւելի ունեցած առաքելութեան` հաւատարիմ հողին ու հային կարգախօսով:

Վերջերս, երկրին մէջ տիրող անկայուն ու անորոշ ներքին իրավիճակը, սկսած` տնտեսական յստակ տեսլականի բացակայութենէն, ապազգային երեւոյթներու թափանցումներէն, հասնելով մինչեւ արտաքին քաղաքականութեան մէջ տեսանելի ճեղքերուն, որոնք լրջօրէն կը սպառնան մեր հայրենիքի անվտանգութեան ու հարցականի տակ կը դնեն անոր ապագայ երթն ու լինելիութիւնը, առաւել եւս կը պարտաւորեցնեն ու անհրաժեշտ կը դարձնեն միա՛կ համասփիւռքեան տարողութիւն ունեցող, յստակ ու անփոփոխ ծրագիր ներկայացնող եւ ընկերվարական իր սկզբունքներուն ամուր կառչած Հայ յեղափոխական դաշնակցութեան ընդգրկուն ներկայութիւնը խորհրդարանէն ներս:

Այս ընտրութիւնները, որոնք կը զուգադիպին Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին, անկանխատեսելի են ու ճգնաժամային: Այս ընտրութիւններէն շատ բան կախեալ է եւ զայն պէտք է համարել մայիսեան իշխանափոխութենէն ետք ամենակարեւոր իրադարձութիւնը, որուն արդիւնքը մեր երկրին համար ճակատագրական ու վճռորոշ կրնայ ըլլալ:

Առ այդ, ՀՅԴ Կիպրոսի Առանձնակի կոմիտէութիւնը, իր բոլոր ընկերներով ու համակիրներով, անսակարկ զօրակցութիւն ու անվերապահ աջակցութիւն կը յայտնէ մայր հայրենիքին մէջ գործող մեր կառոյցին եւ առաջադրուած թեկնածուներուն` յաջողութիւն մաղթելով յանուն հայրենիքին ու հայութեան ծառայելու կոչուած ՀՅ Դաշնակցութեան:

ՀՅԴ ԿԻՊՐՈՍԻ ԿՈՄԻՏԷ

28 նոյեմբեր 2018

Խմբագրական «Գանձասար»-ի. Հաւատարիմ Հողին Ու Հայուն

$
0
0

ՀՅԴ-ի այս կարգախօսը խորհրդարանական արտակարգ ընտրութիւններու նախընտրական փուլին, իրականութեան մէջ, իր իսկ էութեան ու անոր նշանակութեան եւ դերին արտացոլումն է:

Հաւատարմութեան գաղափարը վեր է ամէն տեսակի նեղ հաշիւներէ, պաշտօններէ: Հաւատարիմ ըլլալ հողին` կը նշանակէ պայքարիլ կարելի բոլոր միջոցներով, խորհրդարանէն ներս թէ դուրս, կառավարութեան կազմէն ներս թէ դուրս, աշխարհաքաղաքական ներկայ զարգացումներուն մէջ արիւնով նուաճուած հայրենի հողի իւրաքանչիւր թիզ պաշտպանելու համար` ռազմական, դիւանագիտական միջոցներով, օգտագործելով համահայկական լծակներն ու ողջ ներուժը, բայց մանաւանդ` չտարուելով ապատեղեկատուական այն պատրանքներով, թէ հող զիջողը տնտեսական առաւելութիւններ ձեռք կը բերէ, բարիդրացիական յարաբերութիւններ կը մշակէ: Խաղաղութիւնն ու բարիդրացիութիւնը, պատմութեան իսկ վկայութեամբ, պարտադրուած են իրաւունքներու փոխադարձ յարգանքով, ուժով, ոչ թէ` միակողմանի զիջումներու ճամբով:

Հաւատարիմ ըլլալ հողին` կը նշանակէ նաեւ ծաղկեցնել զայն, ունենալ անոր խլուած մէկ բաժինը վերադարձնելու տեսլականը, հետեւիլ հակառակորդի ծաւալապաշտական նկրտումներուն եւ չթերագնահատել զանոնք երբեք: Այս իրողութեան մէջ կը դրսեւորուի «զարգանալ առանց զիջելու» ՀՅԴ առաջադրանքին ողջ իմաստը:

Հաւատարիմ ըլլալ հայուն` կը նշանակէ պատրաստակամութիւնն ու յանդգնութիւնը ունենալ ծառայելու ժողովուրդին, անսալու անոր արդար պահանջներուն, վանելու ժողովուրդին հաշուոյն հարստութիւն կուտակող քաղաքական գործիչներն ու մենաշնորհեալները` արդար հասարակարգ ստեղծելու եւ ազգային եկամուտի արդար բաշխումը ապահովելու համար:

Այս բոլորին իրագործումով կարելի է յագուրդ տալ ժողովուրդին պահանջներուն, վերացնել իշխանութեան եւ ժողովուրդին միջեւ տարիներու ընթացքին յառաջացած հեռաւորութիւնը:

ՀՅԴ-ի ընտրարշաւին կարգախօսը յանձնառութեան դրսեւորում մըն է, երկրին ու ժողովուրդին ազգային, ընկերային ու տնտեսական շահերն ու անոնց սպառնացող վտանգները նկատի ունենալով` վերանորոգ աշխատանքով քաղաքական դաշտին մէջ գործուն ու ազդեցիկ իր ներկայութիւնը շարունակելու, համահայկական իր կառոյցով նոր թափ ու երանգ տալու ՀՅԴ-ի գործունէութեան` հաւատարիմ հողին… հողերուն, հաւատարիմ հայուն… հայութեան:


Որակաւոր Աշխատատեղերի Ռազմավարական Գործօնը

$
0
0

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Ներկայիս կը գտնուինք ընտրապայքարի թէժ բովին մէջ, եւ գործնականօրէն հնարաւոր չէ ծաւալուն եւ մանրակրկիտ վերլուծական քննարկումներու մղել հանրութեան բեմը Հայաստանի մէջ: Նաեւ պիտի ընդունինք, որ մեր երկրի քաղաքականութեան դաշտը դեռեւս լինելութեան մէջ է եւ շատ հեռու` յստակօրէն ընկալելի քաղաքատնտեսական (political economy) այլընտրանքներ կարենալ ձեւաւորելէ: Կը թուի, որ այսօր եւս ՀՀ քաղաքացին ծնունդ պիտի տայ խորհրդարանական մեծամասնութեան մը` լայնօրէն ապաւինելով ենթակայական եւ «անձնաւորուած» գործօններու: Նոյնիսկ` դրամական ընտրակաշառքի բացակայութեան պայմաններուն մէջ:

Փաստը այն է, որ երկիրը կը գտնուի այրող իրականութիւններու առջեւ, որոնք անմիջական պահանջներ կը դնեն կառավարութեան ուսերուն: Անոնցմէ առաջինը տնտեսութեան ոլորտի աննախանձելի վիճակն է, որ անխուսափելիօրէն իր թիկունքէն պիտի հարուածէ պետութիւնը, եթէ ներկայ տնտեսական ծաւալներու թեքումները (trends) ձգուին իրենց բախտին: Պարզ խօսքով, յաջորդ կառավարութիւնը պիտի նստի տնտեսական կենդանի հրաբուխի մը վրայ, եւ իր անմիջական մարտահրաւէրը պիտի ըլլայ կառավարել այդ հրաբուխը:

Հրաբուխը կառավարել` կը նշանակէ շարունակաբար կրակներ մարել: Այսինքն` զբաղիլ հակաճգնաժամային միջոցառումներով եւ, առաջին հերթին, աւելցնել ՀՀ արտաքին պարտքը: Ասիկա մեծ թակարդ մըն է ամէն թերաճ երկրի համար, որմէ Հայաստանը չկրցաւ խուսափիլ անցեալի բոլոր իշխանութիւններու օրով:

Արտաքին փոխառութիւններու ընդունուած տրամաբանութիւնը կը պահանջէր, որ փոխառութիւնները ծառայէին որպէս «սերմնացու»` առիթ տալով, որ երկրի տնտեսութիւնը հետզհետէ դիմէր դէպի ինքնաբաւութիւն եւ կարողանար մարել իր պարտքերը իր իսկ արտադրողական աճէն բխող միջոցներով: Փոխարէնը` տեղի ունեցաւ հասարակութեան մենաշնորհային շերտի հարստացման անհամաչափ եւ ընդվզեցուցիչ աճը եւ ժողովուրդի հսկայ մէկ զանգուածի գահավէժ աղքատացումը: Պարզ խօսքով, երկիրը մտաւ մեծ պարտքի մը տակ` կարելի դարձնելով մենաշնորհային տնտեսութեան ամրապնդումը ի հեճուկս ժողովուրդի բարգաւաճման: Ժողովուրդը աղքատացաւ երկակի ծաւալներով: Ան աւելի աղքատ է այսօր ոչ միայն իր կենսամակարդակով, այլեւ` իր ուսերուն ունենալով երկրին արտաքին պարտքը® Գրաւի տակ է ոչ միայն իր ներկան, այլեւ` իր ապագան:

Դժբախտաբար երկիրը այս թակարդէն դուրս բերելու ձգտող յստակ ծրագիր գոյութիւն չունի այսօր: Դաշնակցութեան ճիգը այս հարցը ազգային օրակարգի վերածելու` խափանուեցաւ նախկին իշխանութեան օրով եւ երբեք թափ չստացաւ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կարճատեւ գոյութեան ընթացքին:

Իրականութիւնը այն է, որ այս հարցը ունի իսկական լուծում, եթէ երկիրը որոշէ եւ կարենայ դուրս գալ իր ներկայի քաղաքական կոտորակումներէն եւ ձեւաւորէ իր ազգային ընդհանուր համաձայնութիւնը: Այս հարցը ունի լուծում, եթէ խորհրդարանական «ջախջախիչ» մեծամասնութեան ձգտող պր. Փաշինեանի կուսակցութիւնը եւ պր. Փաշինեանը ի՛նք անձամբ վերջ տան «յեղափոխական» փոփիւլիզմին եւ սկսին կոտորակները ի մի բերել: Կարեւոր չէ, թէ ովքե՞ր են մեղաւոր տնտեսական այս թակարդի ստեղծման համար (գիտե՛նք, թէ ովքե՛ր են® խօսեր ու գրեր ենք հազար անգամ): Այսօր, սակայն, երկիրը այս թակարդէն դուրս բերելու պատասխանատուութիւնը կը պատկանի ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՒ ԱՅՍՕՐՈՒԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՅԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ ԵՒ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (ենթադրելով, որ յաջորդ կառավարութիւնը կազմելու պարտականութիւնը պիտի վստահուի իրենց):

Իսկ այդ մէկը կը պահանջէ ազգային ընդհանուր համաձայնութիւն: Գրած եմ բազմիցս: Այժմու օրինակարգով ՀՀ նախագահը երաշխաւորն է ՀՀ սահմանադրութեան: Ինք ունի այս գործին անհրաժեշտ իրաւական եւ բարոյական հեղինակութիւնը: Այսօր իր օ՛րն է: Արտահերթ ընտրութիւններէն անմիջապէս ետք պէտք է անյապաղ սկիզբ առնէ վերամիաւորումի գործընթացը: Պէտք է, որ նոր իրականութիւններու լոյսին տակ ձեւաւորուի ՀՀ ազգային ուխտը: Իմ կարծիքով, ՀՀ նախագահն է, որ պիտի հանդիսանայ այդ գործին ղեկավար ուժը: Ինքն է, որ պիտի խթանէ երկրի քաղաքական ուժերը գերամեծար շահերու շուրջ համախմբուելու` զանոնք մղելով, որ միասնաբար սահմանեն Հայաստանի եւ հայութեան գերագոյն շահերու միասնական հանգանակը: Սահմանեն եւ մտնեն այդ հանգանակի յանձնառութեան տակ:

Երկիրը պէտք ունի դրական եւ ստեղծարար մտայնութեամբ տոգորուած իրական բանավէճի մը: Ամէն բան պիտի դրուի սեղանի վրայ: Ամէն մարդ բարոյապէս պարտաւորուած պիտի ըլլայ (պարտականութեան քանթեան հասկացողութեամբ) լուծումին մաս կազմելու: Իսկ բոլոր անոնք, որոնք կը փորձեն իրենց կեղեքումներուն նշաւակ դարձնել ազգն ու հայրենիքը, անոնց վրայ միանգամընդմիշտ պիտի փակուի դուռը: Պէտք է յստականայ, թէ ո՛վ է ի վերջոյ այս երկրի իրական եւ անկեղծ քաղաքացին: Այն քաղաքացի՛ն, որ հարազատօրէն մաս կը կազմէ երկրի կառավարելիութեան ազգային տեսլականին:

ՀՀ տնտեսութիւնը պիտի հասնի այն տեղ, ուր ան պիտի կարողանայ ծնունդ տալ որակաւոր աշխատատեղերու` ներկայի ստրկային աշխատավարձերով յատկանշուող աշխատատեղերուն փոխարէն: Ներկայի մենաշնորհային տնտեսութիւնը պէտք է յեղափոխուի: Ան կրնա՛յ յեղափոխուիլ եւ վերածուիլ մրցակցային տնտեսութեան, եթէ յեղափոխուի ՀՀ պետական համակարգը, ի՛նք եւ ինքզինք դնէ ժողովուրդի տրամադրութեան տակ: Այսօր որակաւոր աշխատատեղերու ստեղծումը մեր առաջնահերթ խնդիրն է: Ցարդ երկրի ներդրումային դաշտը լայն բացուած է ներքին եւ արտաքին շահագործողներու ախորժակին առջեւ: Ան ենթակայ չէ եղած տնտեսութեան զարգացման հեռահաս հրամայականներուն: Եւ բնականաբար վերաներդրումային գործընթացը եղած է ցածրորակ, կցկտուր, ողբալիօրէն սահմանափակ եւ անհետեւանք: Ան շատ հեռու է որակաւոր աշխատատեղեր ստեղծելէ: Եւ այս իսկ պատճառով տեղի ունեցած է որակաւոր աշխատուժի զանգուածային փախուստը երկրէն: Վերականգնե՛լ պատմական այս փլուզումէն վթարուած ՀՀ տնտեսութիւնը` մեր առաջին խնդիրն է այսօր: Պարզ խօսքով, վերականգնե՛լ աշխատատեղերու ստեղծման առողջ եւ մշտական հոլովոյթը: Ան է ռազմավարական թիւ մէկ գործօնը, որ կարելի կը դարձնէ մնացեալը: Պատրա՞ստ ենք այս մարտահրաւէրին: Այս մարտահրաւէրին առաջին ընդառաջողը Դաշնակցութիւնն է եղած, դժբախտաբար` խափանուած քաղաքական միջավայրի մը մէջ: Հիմա ժամանակն է, որ ազգովին եւ ստուար շարքերով տէր կանգնինք այդ պատասխանատուութեան:

Ուաշինկթըն, 28 նոյեմբեր 2018

 

Միակը

$
0
0

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

Հայաստանի իշխանութիւնները Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) ընդհանուր քարտուղարին դէմ դատական հայց յարուցելու եւ զինք տուն կանչելու քայլին դիմելով վնասեցին այդ կառոյցին վարկին ու գործունէութեան, որոնք կարեւոր են Ռուսիոյ համար: Այժմ Արեւմուտք-Ռուսիա լարուածութեան աճի եւ մասնաւորաբար Քերչի նեղուցին մէջ արձանագրուած միջադէպի լոյսին տակ Հայաստանի իշխանութիւններուն առած քայլին պատճառով ստեղծուած այդ խնդիրը Մոսկուայի համար վերածուած է առաւել անախորժ կացութեան մը եւ անոր շուտափոյթ լուծումը իր անվտանգութեան նկատմամբ պատմական յարատեւ մտավախութիւններ ունեցող Ռուսիոյ համար վերածուած է անյետաձգելի հրամայականի:

Հայաստանի Հանրապետութիւնը կարիքը ունի քաղաքական ուժի մը, որ մասնաւորաբար ներկայ միջազգային կացութեան մէջ, կարելիութիւնը ունի փոխլրացնող արտաքին քաղաքականութիւն վարելու: ՀՅԴ-ն իր աշխարհասփիւռ կառոյցով, Հայ դատի յանձնախումբերու ցանցով եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող քաղաքներու` Ուաշինկթընի, Մոսկուայի, Պրիւքսելի եւ Պէյրութի մէջ ունեցած գրասենեակներով ատիկա լաւագոյնս կատարելու տուեալները ունեցող միակ քաղաքական ուժն է:

Բաւ է պահ մը աչքէ անցընել վերոնշեալ կառոյցներուն Հայոց ցեղասպանութեան ճանաչման, Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման եւ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան ամրապնդման ուղղութեամբ տարած երկարամեայ աշխատանքը, այդ ընթացքին ձեռք բերած փորձառութիւնն ու յարաբերութիւններու ցանցը, ձեռքբերումներն ու նպաստը` համոզուելու համար ՀՅԴ-ի ունեցած ներուժին:

Անհրաժեշտ է իբրեւ օրինակ նշել Եւրոպական Միութիւն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրն ու Ազրպէյճանին ամերիկեան զէնքերու մատակարարումը արգիլող` Միացեալ Նահանգներու Քոնկրեսին թիւ 907 օրէնքը, որոնց որդեգրման մէջ անհերքելի է ՀՅԴ Պրիւքսելի եւ Ուաշինկթընի Հայ դատի գրասենեակներուն ունեցած կեդրոնական դերակատարութիւնը:

Նոյնքան բարացուցական է Միացեալ Նահանգներու կողմէ միջազգային ճանաչումի չարժանացած Արցախին նիւթական օժանդակութիւն տրամադրելու երեւոյթը, որուն կարեւորութիւնը կարելի է հասկնալ մտաբերելով այն իրողութիւնը, թէ անկարելի է, որ երկիրներ, առաւել եւս Միացեալ Նահանգները, չճանչցուած հանրապետութեան մը պաշտօնապէս ու բացայայտ կերպով նիւթական օժանդակութիւն տրամադրեն, սակայն այդ անկարելին կարելի դարձաւ եւ երկարամեայ իրողութեան վերածուեցաւ շնորհիւ ՀՅԴ-ին:

 

 

Բրիտանական «Փոզիթիւ Նիուզ»-ը` Արցախի Կին Ականազերծողներու Մասին

$
0
0

Արցախի մէջ ականազերծող կիներուն անդրադարձած է «Փոզիթիւ Նիուզ» (Positive News) բրիտանական լրատուամիջոցը:

Արցախի մէջ ականազերծման աշխատանքներով զբաղող «Հէյլօ թրասթ» (Halo Trust) միջազգային կազմակերպութեան մէջ կիներ կ՛աշխատին 2015-էն ի վեր: Այժմ Արցախի մէջ կազմակերպութեան աշխատողներէն 11-ը կիներ են, իսկ քանի մը այլ անձեր յատուկ ուսուցման ծրագիրի կը մասնակցին, որպէսզի շուտով համալրեն անոնց շարքերը, կը յայտնէ «Նիուզ»-ը:

Ականազերծող Քրիստինէ Խաչատրեանը նախապէս կ՛աշխատէր դպրոցի մը մէջ: Ան կը պատմէ, որ սկիզբը կը վախնար, սակայն դասընթացքին մասնակցելէ ետք, այժմ այնպէս կ՛աշխատի, որ իր ամուսինն ու երեխաները կրնան հպարտանալ:

Այլ ականազերծող մը` Լուսինէ Ասրեանը կը պատմէ, որ նման աշխատանքով զբաղելու համար խոր, անձնական պատճառներ ունի. Ասրեանին հօրեղբայրը զոհուած է ականի մը պայթումէն, որմէ ետք ան որոշած է ականազերծող դառնալ:

Հակառակ կարծրատիպերուն` կին ականազերծողները հպարտ են, որ տղամարդոցմէ ետ չեն մնար: Այլ ականազերծող մը` Սիրուն Օհանեանը կ՛ըսէ, որ կիները իրականութեան մէջ աւելի լաւ կրնան կատարել այս աշխատանքը, որովհետեւ անոնք առաւել բծախնդիր են, զգուշ եւ պատասխանատու:

Աշխատանքին ամենամեծ դժուարութիւնը, ըստ կիներուն, երեխաներէն հեռու ըլլալն է: Դժուար են նաեւ եղանակային պայմանները, երբ ձմրան եղանակը խիստ ցուրտ է, իսկ ամրան կիզիչ արեւուն տակ ժամերով աշխատիլը` գրեթէ անտանելի: Սակայն աշխատանքի աւարտը արդէն մօտ է: 2010-էն ի վեր ականազերծման ենթակայ տարածքին 90 տոկոսը արդէն վնասազերծուած է:

Լրատուամիջոցը կը գրէ, որ բացի ինքնահաստատուելէ` կիները կ՛երազեն ապահով ապագայ ունենալու մասին Արցախի մէջ, ուր անոնց երեխաները կրնան ազատ շրջիլ դաշտերը:  «Երբ ականները վնասազերծուին, կեանքը պիտի դառնայ ապահով, եւ մարդիկ պիտի կարենան ապրիլ առանց վախի», կը յայտնէ Խաչատրեանը:

 

Գրողի Անկիւն. Բիւր Յարգանք` Հայ Ընթերցողին

$
0
0

ԳԷՈՐԳ ՊԵՏԻԿԵԱՆ

Այս օրերուն, երբ նոր տարին կը մօտենայ ու հինը կամաց-կամաց ինքզինք հաւաքելով` կը պատրաստուի հեռանալ եւ պատմութեան անցնիլ, այս առիթով առաջին իսկ հերթին կը մտաբերեմ մեր բոլոր այն մշակութասէրներն ու հայ գիրի ու գրականութեան լուռ կամ աղմկոտ գնահատողներն ու քաջալերողները, այլ խօսքով` հայ մամուլի եւ գիրքի տարածման հետեւող, նպաստող եւ ընթերցող մեր հայրենակիցները, որոնք իրենց ընթերցումներով տարի մը եւս հայ գիրի տարածումն ու պահպանումը ապահովեցին:

Այսօր նման մտածումներովս կ՛ուզեմ որսալ ուրախութիւնը այն մէկուն ներկայութեան, որուն հայ ընթերցող անունը կու տանք:

Ու նորութիւն մը բերած պիտի չըլլամ, երբ յեշեմ, որ հայ գրողը, ըլլայ ան հայ մամուլի անխոնջ խմբագիր, թղթակից կամ աշխատակից եւ, տակաւին, մտաւորական եւ կամ զանազան առիթներով գրաւոր կերպով իր միտքերը հանրութեան սեփականութիւնը դարձնող եւ բաժնող գրիչ, եթէ չունենար ճերմակ թուղթին վրայ սեւով գրուած իր տողերը կարդացողը կամ ընթերցողը, հաւատացէ՛ք, ժամանակ մը վերջ հայ գիրի ակօսները վար ու ցան ընողներու թիւը պիտի նօսրանար:

Ահա կ՛ըսեմ անհրաժեշտն ու ճշմարիտը:

Ու մատս դնելով օրերու բազկերակին վրայ` նաեւ աւելցնեմ, որ ինծի համար շատ հետաքրքրական մէկն է մեզի ծանօթ եւ անծանօթ այս մեր հայ անհատ ընթերցողը, որ միշտ «կը խածնէ» միտքս եւ կը գրաւէ ուղեղս, որովհետեւ անոր կերպարը շատ աւելի լայն սահմաններ ունի, քան ինչ որ գիտեմ:

Այս մէկը կարծեմ բարերար եւ սոսկ գնահատումէ մը աւելին է, որ հասցէագրած եմ մեր այս հայ գիրի հաւատարիմ հայուն:

Գիտենք եւ լաւատեղեակ ենք, որ մարդիկ ընդհանրապէս կը կարդան իրենց ազատ կամ նոյնիսկ զբաղած ժամերուն: Իրենց նախասիրութեան համաձայն, լրագիր կամ ամսաթերթ կը կարդան հատոր կամ վէպ կը կարդան: Կը կարդան, երբեմն արագ եւ յաճախ ալ` թերեւս դանդաղ: Կը կարդան թերեւս միայն յօդուածներու վերնագիրները: Վերջապէս կը կարդան,  որովհետեւ ամէն մարդ ունի իր խմորն ու ճաշակը: Որովհետեւ կը սիրեն կարդալ եւ հետեւիլ: Բայց հայ թերթ կարդացողներու պարագային, անոնք հայ թերթ կը կարդան, որովհետեւ կը հաւատան, որ հայ լուրը հայ ընթերցողին հասցնող հայ մամուլը իրենց մտքին թելը կը բռնէ եւ այս ձեւով զիրենք ազգին խուլ ցաւերուն եւ նոյնպէս ալ ուրախ կանչերուն կը միացնէ:

Իսկ գիրքի կամ հատորի պարագային, իրենց ընթերցումով, ապրումները ժողվելով միատեղ կամուրջ մը կը նետուի հեղինակին եւ իրենց միջեւ: Այս պարագային ընթերցումը միտք կը փոխանցէ, կարծիք կը կազմէ եւ գաղափարները լճացումէ կը փրկէ:

Ասոնք բոլորն ալ ձեւով մը կեանք կը կարդան, գունաւոր կենդանութիւն, որովհետեւ կը հաւատան, որ առանց ընթերցողի` գիրքը էջերու վրայ տողերու հաւաքածոյ մըն է: Ուրեմն գիրք, օրաթերթ, ամսաթերթ, հեռաձայնային եւ կամ  ֆէյսպուքեան պատգամներ` այս բոլորը կը պատկանին ընթերցող հասարակութեան: Միւս կողմէ` կրնանք նաեւ հաստատել, որ եթէ մեր մամուլը կ՛ապրի, սա կը նշանակէ, որ ունի իր հաւատարիմ պահակը` ընթերցողը:

Պատի՛ւ իրեն:

Բայց անկախ այս բոլորէն, անշուշտ, այս սիւնակին գլխաւոր միտքը չէ կեդրոնացած ակամայ ընթերցողի ճակտին, այլ` անպայման ա՛յն մէկուն, որ միշտ կը հետեւի հայ մամուլին: Ան հայ թերթ կը գնէ կամ նամակատան եւ այլ միջոցով զայն կը ստանայ: Կամ հայերէն գիրք կը գնէ եւ միշտ ներկայ կ՛ըլլայ անոր հրապարակային շնորհահանդէսներուն եւ գինեձօններուն:

Մէկ խօսքով, դրական կերպով կը քաջալերէ:

Ահա այս մէկն է իրաւ ընթերցողը, որուն բացակայութեան, հաւատացէ՛ք ամէն բան «պիտի խամրէր, լճանար, չորնար»:

Տակաւին կը յիշեմ, երբ տարիներ առաջ այս երկիրը նոր հաստատուեցանք, զարմանքով կը տեսնէի օդակայաններու կամ հանրային պարտէզներու նստարանները գրաւող մարդիկ, որոնք իրենց ժամերը կարդալով կ՛անցընէին: Մեծ եւ պզտիկ: Հասկնալի էր, որ այս երկրի կեանքի պարզ ոճին մաս կը կազմէր այս մէկը: Անմիջականութիւն մը:

Կարդալ: Ընթեռնուլ: Կը հաւատամ, որ գիրք կամ թերթ կարդալու հաճոյքը մտքի վայելք ալ է: Կը նորոգէ գաղափարները: Մէկ խօսքով` «ճառագայթ» մը, որ ամէն մտահոգ կամ գիտակից միտք կ՛ուզէ փնտռել: Կը փնտռէ: Անոր համար է, որ հաճոյքով «կը ճաշակէ» իր կարդացած տողերը: Իր միտքով կը սկսի հարստանալ: Տեսակ մը` «ծարաւ»-ը յագեցնող հետաքրքրութիւն:

Արդ, գրիչը, ըլլայ ան հայ կամ օտար, նոյնն է, իր հրապոյրը կը ստանայ իր ընթերցողէն:

Այս բոլորը յաճախ կը զգանք, բայց յաճախ ալ չենք հասկնար, որ կարդալը ոգի ալ է եւ նոյնիսկ` երկնքի եւ լոյսի պատուհանները բացող ջերմութիւն, ինչպէս ըսած են իմաստունները: Չեմ փորձեր աշխարհը համոզել:

Իսկ այս օրերուն… ժամանակը արդէն արագացած է, եւ աշխարհը նոր հունի մէջ է: Վախս է, որ առանց ընթերցողի` վաղը հետզհետէ հորիզոնները պիտի նեղնան: Ուստի հայ գիրին ու գիրքին կողքին նաեւ անհրաժեշտ է ունենալ հայ ընթերցողի տեւական ներկայութիւնը, որպէսզի շարունակենք պահպանել պարիսպը:

Բայց կան… փա՛ռք Աստուծոյ, տակաւին կան ընթերցողներ, որոնք հաւատարմօրէն կը շարունակեն իրենց այս օրինակելի ընթացքը: Անկասկած որ այս վերջինները իրենց ներուժը ստացած են մեր մշակոյթէն, իրենց կորովը` հայ լեզուէն, հայ գիրէն եւ գրականութենէն:

Միւս կողմէ, իսկապէս, կը կարծեմ, որ ամէն առիթով գնահատելով հայ ընթերցողը` մենք մեր տարբեր ժողովուրդ մը ըլլալը կը հաստատենք: Հայը երբեք անտարբեր չէ եղած իր զաւակներուն ստեղծագործ ճիգերուն հանդէպ: Հայ գրական երեւակայութեամբ զբաղողները տակաւին կը շարունակեն եւ պիտի շարունակեն իրենց աշխատանքը, այնքան ատեն որ իրենց կողքին ունին հայ հաւատարիմ ընթերցողները:

Արդ, եթէ մեր կեանքին մէջ երախտագիտութեան գիտակցութիւնը եւ արժէքները ճանչնալն ու արժանիները մեծարելը յատուկ բարեմասնութիւններ են եւ մարդը բնորոշող ազնիւ տարր, ուստի այս երկար նախաբանէս ետք, սէրս ու յարգանքս` արժանաւորին, այս պարագային` հայ ընթերցողին, որուն գիտակցութիւնը հոգեկան վայելք եւ խանդավառութիւն կը շնորհէ հայ գրիչին:

Եւ աւելի՛ն. կառչած մնալով եւ ճանչնալով ճշմարտութիւնը` ի սրտէ բիւր յարգանք հայ ընթերցողին ու նաե՛ւ շնորհակալութիւն ե՛ւ բարերար գնահատում ու երախտագիտութիւն որպէսզի հայ գիրին եւ գրականութեան երազը իր ներկայութեամբ եւ զօրակցութեամբ տեւական եւ ամուր կեանքով ապրի:

Կրկնելու գնով աւելցնեմ, որ հայ միտքն ու ջիղը միշտ լծուած են աշխատանքի: Էականը զանոնք քաջալերողն է:

Ուստի, վարձքդ կատար, սիրելի՛ եւ յարգելի հայ ընթերցող: Քեզի միշտ բարի ընթերցում:

 

Հայաստան Պէ՞տք Է Քաղաքացիութիւն Շնորհէ Օտար Ներդրողներու

$
0
0

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի
հրատարակիչ եւ խմբագիր

Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը արտասահմանեան ներդրողներու ներգրաւումը կը համարէ իր նոր կառավարութեան առաջնահերթութիւնը:

Տակաւին կանուխ է որոշելու, թէ արդեօ՞ք օտարերկրացի ներդրողները շահագրգռուած են գործարարութեամբ զբաղելու Հայաստանի մէջ, թէ՞ ոչ: Նոր ներդրողներու բացակայութեան ընդհանուր բացատրութիւնը հետեւեալն է` անոնք կը սպասեն 9 դեկտեմբեր 2018-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններու արդիւնքներուն: Կ՛ակնկալուի, որ վարչապետի պաշտօնակատարին կուսակցութիւնը ստանայ երեսփոխանական աթոռներուն մեծամասնութիւնը: Կառավարութեան պաշտօնատարները կը կարծեն, որ այդ մէկը պիտի խրախուսէ օտարերկրացիները, որպէսզի սկսին ներդրումներ կատարել Հայաստանի մէջ:

Այսուամենայնիւ, գոյութիւն ունի լրացուցիչ միջոց, որով Հայաստան կրնայ համեմատաբար արագ ներգրաւել օտարերկրացի նոր ներդրողներ` անոնց առաջարկելով քաղաքացիութիւն: Աշխարհի վրայ շատ են այն երկիրները, որոնք նման քաղաքացիութիւն կ՛առաջարկեն օտարերկրացիներու. անոնցմէ են` Միացեալ Նահանգները, Եւրոպան եւ Երրորդ աշխարհի երկիրները:

Այս տարուան սկիզբը հետաքննութեամբ զբաղող hetq.am կայքը յօդուած հրապարակած էր «Արթոն Քափիթալ»-ի մասին, որ մասնագիտացած է «քաղաքացիութիւն ներդրումներու միջոցով» ծրագիրներու մէջ, ամբողջ աշխարհի տարածքին: Ներգաղթի քաղաքականութեան զարգացման միջազգային կեդրոնի հրաւէրով ընկերութեան պատուիրակութիւնը անցեալ տարի այցելած էր Հայաստան: Այցելութենէն ետք «Արթոն Քափիթալ»-ի կայքը նշած է. «ներդրումներու միջոցով քաղաքացիութեան հայեցակարգի գաղափարը ընդունուած է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումներու նախարարութեան, արտաքին գործոց նախարարութեան, նախագահի աշխատակազմի, Կեդրոնական դրամատան, ոստիկանութեան, գաղթականական պետական ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեաներու եւ Ռազմավարական նախաձեռնութիւններու կեդրոնին կողմէ»:

Պուլկարահայ Արմանտ Արթոն «Արթոն Քափիթալ» ընկերութեան նախագահն է, իսկ Էմիլ Շահմուրատեանը` առեւտուրի զարգացման գծով փոխնախագահը: «Արթոն Քափիթալ» գրասենեակներ ունի տասնեակ մը երկիրներու մէջ: Իր ընկերութեան կայքէջին վրայ Արմանտ Արթոն նշած է. «Իբրեւ հպարտ հայու` ինծի համար մեծ պատիւ է առաջարկել իմ տարիներու մասնագիտական փորձը եւ հմուտ «նօ-հաու»-ը` օգնել երկրին իր արտաքին ուղղակի ներդրումային նպատակներուն հասնելու համար: «Արթոն Քափիթալ» իր բարեգործական յանձնառութեան աջակցութեան համար խոստացած է խորհրդատուական վճարումները Հայաստան ապաստանած գաղթականներու իբրեւ օգնութիւն նուիրել: Աւելի քան 20 հազար սուրիացիներ, որոնք հիմնականին մէջ ազգութեամբ հայեր են, ապաստան գտած են Հայաստանի մէջ,  2011 թուականի սուրիական պատերազմի սկիզբէն ի վեր»:

Նման ծրագիրներ առաջարկող երկիրները օտարերկրացիներէ կը պահանջեն քաղաքացիութիւն ստանալու համար ներդրումներու տարբեր մակարդակներ: «Արթոն Քափիթալ» Հայաստանին կ՛առաջարկէ պահանջել 50 հազար տոլարի փոքր գումար` որպէս օտարերկրացիի համար քաղաքացի դառնալու նուազագոյն ներդրում: Այլ երկիրներ աւելի շատ կը պահանջեն օտարերկրացի ներդրողներէ, իսկ առաւել գրաւիչ երկիրները կը պահանջեն աւելի քան 10 միլիոն տոլարի ներդրում` քաղաքացիութիւն շնորհելու համար: Ընկերութիւնը կը գտնէ, որ յառաջիկայ վեց տարուան ընթացքին Հայաստան կը ստանայ 138 միլիոն տոլարի լրացուցիչ եկամուտ, եթէ իրականացնէ առաջարկուող ներդրումները` կապուած քաղաքացիութեան ծրագիրին:

Ըստ hetq.am կայքի, «Արթոն Քափիթալ» խորհուրդ տուած է, որ «Հայաստան հաւանական ներդրողներու առաջարկէ երկու տարբերակ` 50 հազար տոլարի ուղղակի ներդրում պետական որեւէ հիմնադրամի մէջ, կամ 100 հազար տոլարի ներդրում` կառավարութեան կողմէ ընտրուած դրամագլուխի կառավարման ընկերութիւններու կողմէ նիւթապէս հովանաւորուող հիմնադրամի մէջ, յստակ եկամուտի հնարաւորութեամբ: Ընկերութիւնը նաեւ կ՛առաջարկէ Հայաստանին` սահմանել երկու տեսակի վճարման սակ: Առաջինը կ՛ըլլայ մինչեւ 10 հազար տոլարի չվերադարձուող գործընթացի վճարում, իսկ երկրորդը, որուն գումարը չի նշուիր, կ՛ընդգրկէ դիմորդներու անձնական փաստաթուղթերու եւ եկամուտի աղբիւրներու ստուգումը»:

«Արթոն Քափիթալ» Հայաստան կատարած ուղեւորութեան զեկոյցին մէջ «կարեւոր կը նկատէ երկրին դրական կողմերը, ինչպէս` անոր ամուր կապերը համաշխարհային տնտեսական կեդրոններու հետ, այլեւ` անոր աշխարհագրական եւ մշակութային մօտիկութիւնը ռազմավարական շուկաներուն: Հայաստան կ՛առաջարկէ ներդրողներու մուտք` դէպի Ռուսիա եւ գրեթէ բոլոր յետխորհրդային պետութիւններ, ինչ որ կը նշանակէ մօտաւորապէս 250 միլիոն հաւանական սպառող, ներառեալ` Կեդրոնական Ասիա, որոնց վրայ կ՛աւելնայ 82 միլիոնէ աւելի սպառող դրացի Իրանը, որուն հետ երկիրը բարիդրացիական յարաբերութիւններ ունի: Եւ եթէ երկիրը հասնի առանց վիզայի մուտք ունենալու Շենկենեան գօտի, որ կրնայ իրականանալ 5-7 տարի ետք, ապա Հայաստան կրնայ արդարացիօրէն պնդել, որ վերականգնած է իր պատմական դերը` իբրեւ Մետաքսէ ճամբուն վրայ Արեւմուտքը Արեւելքին կապող կանգառ: Ընդհանուր առմամբ, երկարաժամկէտ արժէքներ հետապնդող ներդրողները կրնան համոզուիլ` Հայաստանի առաւելութիւններուն շնորհիւ: Ելքով [առանց մուտքի թոյլտուութեան] դէպի 60 եւ աւելի երկիրներ, իր առանձնայատուկ յարաբերութիւններով Ռուսիոյ հետ եւ աշխարհագրական դրացնութեամբ Իրանի հետ, Հայաստանի քաղաքացիութիւն ստանալը կը դիտուի ոչ միայն իբրեւ մարդու ապագայի եւ անվտանգութեան ապահովման միջոց, այլեւ իբրեւ ռազմավարական քայլ` առեւտուրի զարգացման եւ դիրքաւորման համար»:

Յատկանշական է, որ hetq.am իր յօդուածին մէջ զգուշացուցած է, որ բազմաթիւ օտարերկրացիներ, որոնք շահագրգռուած են քաղաքացիութիւն ձեռք բերելու համար ներդրումներ կատարելու գաղափարով, կրնան իրենց հետ բերել ամէն տեսակի ապօրինի գործողութիւններ, ինչպէս, օրինակ` տուրքերէ խուսափիլը, փողերու լուացումը, կաշառակերութիւնը եւ կազմակերպուած յանցագործութիւնը:

Հայաստանի կառավարութեան պաշտօնատար անձեր քաղաքացիութեան ծրագիրին համար պէտք է հաւասարակշռեն ներդրումներու շահերն ու թերութիւնները: Արտասահմանցի դիմորդները պէտք է մանրակրկիտ քննութեան ենթարկուին` մինչեւ իրենց ներդրումներուն դիմաց Հայաստանի քաղաքացիութիւն ստանալը:

Թարմացում` Միացեալ Նահանգներու ընտրութիւններուն ամերիկահայ թեկնածուներու մասին

Ի յաւելումն Միացեալ Նահանգներու միջանկեալ ընտրութիւններու ամերիկահայ թեկնածուներու ցանկին, որուն մասին ես տեղեկացուցած էի նախորդ յօդուածիս մէջ`

– Տիք Հարփութլեան (դեմոկրատ) ընտրուած է Հարաւային Քարոլայնա նահանգի ծերակուտական, 6 նոյեմբեր 2018-ին: Ան յաղթած է ձայներու 52,3 տոկոսով` ընդդէմ հանրապետական մրցակից Պենճըմին Տենի (47,6 տոկոս):

– Էնթընի Պրինտիզիի (դեմոկրատ) քուէարկութեան վերջնական հաշուարկին համաձայն, ընտրուած է Քոնկրեսի անդամ Նիւ Եորք նահանգէն, 6 նոյեմբեր 2018-ին: Պրինտիզիի մեծ մօր մեծ մայրը ծնած է Մարտին քաղաքը, հարաւ-արեւելեան Թուրքիա, ապա Հայոց ցեղասպանութեան ժամանակ փախած է Հալէպ, Սուրիա, ուր եւ ծնած է անոր մեծ մայրը: Յունուար 2019-ի դրութեամբ, Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ կ՛ընդգրկուին երեք ամերիկահայեր` Պրինտիզի, Էշու եւ Սփիր:

Արեւելահայերէնի թարգմանեց`
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆ

Արեւմտահայերէնի վերածեց`
ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

Viewing all 12115 articles
Browse latest View live