Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12102 articles
Browse latest View live

Եղիշէ Չարենցը Եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը

$
0
0

ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ.գ.թ., դոցենտ

Բայց եւ Չարենցը սուր տագնապներ, ջղաձգումներ է ունենում, որովհետեւ ցնդել, առասպել են դարձել ե՛ւ իրական ծննդավայրը, ե՛ւ պատմութիւնը, ե՛ւ ազգային գաղափարաբանութիւնը: Ստացւում է, որ զուր խաբկանք է եղել ամէն ինչ, ուղեղային մշուշ, սրտի հիւանդութիւն: Բայց հոգեկան ուժգին մակընթացութեանը երբ յաջորդում է սթափ տեղատուութիւնը, Չարենցը հակասում է նորից ինքն իրեն` գրելով. «Նրան, միայն նրա՛ն, այսինքն ոչ թէ Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագոյն ուղեղին էր, այո՛, պարտական նայիրեան այդ քաղաքը իր երկրային գոյութեամբ, եւ առանց նրա, այսինքն ոչ թէ Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյութիւն ունենալ, անգամ մի երկվայրկեան ապրել ոչ միայն նայիրեան այդ քաղաքը, այլեւ ամբողջապէս հէնց ինքը` երկիրը Նայիրի՛: Չե՞ս հաւատում: Նայիր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը, ո՞ւր են նրա բնակիչները: Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու յիշատակ: Ինչո՞ւ: Որովհետեւ չկայ, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը. չկայ. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու յիշատակ»:

Վէպի երրորդ մասում Չարենցը գաղտնազերծում է մեր ազգային ողբերգութեան բուն ակունքները, ասելիքը հրապարակում ոչ ենթաշերտով, այլ` ուղղակիօրէն: Այստեղ է, որ Չարենցն, ի վերջոյ, տալիս է քաղաքական պատասխանը ուղեղամորմոք այն հարցի, թէ ինչո՞ւ ընկաւ երկիր Նայիրին: Ճշմարտութիւնն այդ տարիներին հրապարակաւ ասելու եւ իր քաղաքական վերաբերմունքն ի լուր ամէնքի հռչակելու համար առնուազն պէտք էր սխրանքի գնալ: Պատմական հաւաստիութեամբ Չարենցը ներկայացնում է հայրենիքի կորուստի քաղաքական հիմնապատճառները` ուղղակի ազգային դաւաճանութիւն որակելով այդ օրերին հայ պոլշեւիկների գործունէութիւնը` ի դէմս վէպի պոլշեւիկ հերոսների` օր. Սաթոյի, Կարօ Դարայեանի եւ Մարուքէ Դրաստամատեանի: Վէպի այս մասում է նաեւ, որ Չարենցը բացայայտում է իր գլխաւոր հերոսի` Մազութի Համոյի ողբերգական կերպարը: Ազգային նպատակի իրագործման ճանապարհին Չարենցի հերոսը յանուն Նայիրիի արտասովոր ինքնազոհողութեան է գնում. Համոն սեփական աչքերով տեսնում է քաղաքի ռուս պարէտին իր կնոջ հետ իր իսկ ննջասենեակում: Երերւում է վստահութիւնը, բայց Համոն տագնապում է նախ` Նայիրիի համար. նա, ում հետ Մազութի Համոն պիտի ազատագրի երկիր հայրենին, բռնաբարում է իր ընտանեկան սրբութիւնը, եւ դա` ճակատագրական այն պահին, երբ, ինչպէս Չարենցն է գրում, «ուղեղայինն արդէն երկրայինի պիտի փոխուէր. ուղեղայինը պիտի իրականանար»: Ճիշդ այդպէս բռնաբարւում է նաեւ Մազութի Համոյի ազգային սրբութիւնը: «Քաղաքական իրադրութիւնն ինքնին դառնում է զաւեշտական,- նկատում է Դ. Գասպարեանը,- եւ մահաշունչ ծաղրը տարածւում է ամէն ինչի վրայ: Ուղեղային եղջիւրներից մինչեւ ամուսնադաւութեան պոզեր մի քայլ է միայն ոչ միայն Համոյի համար, այլեւ` ամբողջ երկրի»:

Ռուսական զօրքերը, ըստ Չարենցի, 1914 թ. առաջ շարժուելով եւ նահանջելով Արեւմտահայաստանից, մեծ կորուստներ պատճառեցին` արեւմտահայութեանը թողնելով դարաւոր թշնամու  եաթաղանի դիմաց. «Ձիերը, քարացած նիոբէների նման, տեղերում մնացին» /123/: Չարենցի ակնարկած Նիոբէն Մազութի Համոն է, յունական առասպելի` զաւակներին կորցրած մայրը, որ կերպարանափոխւում է արցունք թափող քարի:

Վէպում Չարենցի խոհերը շատ դէպքում արտայայտում է Մազութի Համոն: Ահա նորից շրջւում են քաղաքական խաղաթղթերը, ցարական զօրքերը վերագրաւում են «երազեալ վայրերը»` հասնելով մինչեւ Էրզրում. կատարւում է Մազութի Համոյի կանխատեսումը, բայց բաւականին ուշ, մեծ կորուստներից յետոյ. «Ինչո՞ւ հնարաւոր չէր Էրզրումի գրաւումը «եօթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դէմը կեցած, ի՞նչ զօրաւոր ուժ. ռազմի ի՞նչ կարողութիւն… Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթէ ոչ` Նայիրեան բանակը. ո՞վ վերցրեց նոյն Էրզրումը… «սրիկանե՛ր, լրբե՛ր, դաւաճաննե՛ր», փրփուրը բերանին որոտում էր յաճախ` ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտէի նիստերին Մազութի Համոն»:

Ա. Համաշխարհային պատերազմի աւարտը, ըստ Չարենցի վէպի, ազգային հեռանկարներ է ընձեռում Նայիրիի համար: Դարաւոր ոսոխը ծնկի էր եկել, թուում էր` հասել է  մեր ժողովրդի արեան հատուցման պահը, մարմնաւորւում, իրականութիւն էր դառնում երազեալ Նայիրին: Բայց վրայ է հասնում 1917 թ. ռուսական յեղափոխութիւնը եւ խորտակում ազգային վերջին հեռանկարները: Ռուսական յեղափոխութիւնից էլ հէնց Չարենցն սկսում է երկիր Նայիրիի կորուստի պատմութիւնը: Ցարական զօրքերը հետ են կանչւում Արեւմտահայաստանից` հայ կամաւորներին թողնելով միայնակ: Բայց ռազմաճակատը քայքայող մեծագոյն չարիքը, ինչպէս Չարենցն է փաստում, «դեզերտիրութիւնն» էր: Չարենցը մերկացնում է հայ պոլշեւիկների ազգուրաց գործունէութիւնը, ինչի արդիւնքում ջլատւում են նայիրեան բանակի խանդավառ շարքերը, եւ սկսւում է դասալիքութեան, նահանջի եւ ազգային կորուստների կորստաբեր ուղին:

Չարենցի պոլշեւիկ հերոսները ընդյատակեայ միջոցներով, զրպարտութիւններով, ստայօդ խոստումներով  դասալքութիւն են քարոզում կռուող կամաւորների եւ ժողովրդի շարքերում` առաջխաղացում ապահովելով դարաւոր ոսոխի համար: Եւ ի՞նչ էին տարածում նրանք հայրենիքի ազատագրման նուիրեալների` Մազութի Համոյի եւ նրա գաղափարակիցների մասին. իբր Մազութի Համոն իր «Լոյս» նաւթարդիւնաբերութիւնից  աբոզներով նաւթ է վաճառել դարաւոր ոսոխին եւ ոսկիներ դիզել իր ժողովրդի արեան հաշուին, իբր բժիշկ Սերգէ Կասպարիչը սպաննել է իր հիւանդ  կնոջը, որպէսզի ազատուի նրանից, եւ որ նա նայիրեան գեղեցկուհիներ է մատակարարել գաղտնի բաժանմունքի վարիչին:

Չարենցը բազմիցս հերքում է նման տեղեկութիւնների իրաւացիութիւնը, մատնանշում այդ խայտառակ, նենգամիտ զրպարտութիւնների հեղինակներին. «Այսպիսի ահա չլսուած ամբաստանութիւններ կային իրա` Համօ Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգէ Կասպարիչի հասցէին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո՛, ես չեմ էլ կասկածում,որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբիւր ունենալ, քան` օր. Սաթոյի փչացած ուղեղը` որ ի բնէ փչացած լինելուց բացի` տարիներ շարունակ կրել էր իր վրայ մի աւելի ես փչացած, աւելի քան շնական ուղեղի, պ. Մարուքէի ուղեղի ազդեցութիւնը»:

Ահա պատմական ամբողջ դառը ճշմարտութիւնը` Չարենցի անկաշառ մեկնաբանութեամբ. «Ամէն ինչ փոխուել էր եւ ընդունել միանգամայն նայիրեան կերպարանք: Նայիրին էր, հին, երազեալ, յաւիտենական Նայիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած` առել էր իրական կերպարանք: Եւ ամէն ինչ լաւ էր գնում, նոյնիսկ կարելի է ասել, որ կատարեալ հանգիստ ու խաղաղութիւն կը տիրէր նայիրեան այդ քաղաքում եւ շրջանում, եթէ չլինէին մի շարք ստոր, անպատկառ, նայիրադաւաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նայիրապետութեան հանգիստը: Եւ ով գիտէ` կը կատարուէի՞ն արդեօք հետագայ դժբախտ ու ահաւոր դէպքերը, եթէ չլինէին այդ ստոր, անպատկառ, նայիրադաւաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ էք` դրանք, այդ ստոր, դաւաճան, անպատկառ մարդիկ, դէմ էին «գրաւուած վայրերի» պաշտպանութեան. ինչ-որ խաղաղութիւն էին պահանջում այդ ստոր, դաւաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարուած ոսոխը. աւելի՛ն, երբ իր վերջին յորդաները հաւաքած` թափթփուկ բանակներով պատրաստւում էր «գրաւուած վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժուարութիւններով վերջապէս ազատագրուած երկիրը Նայիրի… Օ՜է, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նայիրուրաց տխմարութեանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտէն, ո՛չ, «ընկերութիւնն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպէս քանիցս կրկնել ենք ի միջի այլոց, «ազգային դաւաճանութիւնը»…եւ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը. արիւնարբու մի սկիւթ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վակոնով հայրենիք վերադարձած` չին զօրքերու եւ անվարտիք աւարաներու օգնութեամբ ներսերում խլել էր արդէն իշխանութիւնն ու յանձնել այն գերմանացիներին` այսպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տուել էր արիւնարբու Վիլհելմ կայսեր…»:

Չարենցը բացայայտում է իր օրերի պատմութեան մութ փակագծերը, հայհոյում եւ վերստին հայհոյում նրանց, որ գետնահարեցին մեր դարերի վաստակը` ազգային պետականութիւնը` 1918 թ. Հայաստանի անկախ հանրապետութիւնը:

Խորհրդահայ չարենցագիտութիւնը շրջանցել է այս ամէնը, պոլշեւիկների վիպական կերպաւորման պատմական նախահիմքերը: «Ըստ երեւոյթին,- գտնում է գրականագէտ Հ. Թամրազեանը,- իսկական պոլշեւիկների գործն ու պայքարը չէր յարմարւում երգիծական վէպի մտայղացմանը: Պ. Մարուքէն, ըստ էութեան, իր ընկերակիցների հետ միասին, մնում է որպէս Դաշնակցութեան անպրինցիպ հակառակորդ: Բայց նրանց միջոցով Չարենցը կատարում է որոշ մերկացումներ, բացում դաշնակցութեան գործունէութեան մութ կէտերը»:

Իւրայինների մատնութեամբ գերեվարւում է արդէն ազատագրուած Նայիրին, ոսոխի թափթփուկ յորդաները հասնում են մինչեւ Կարս: Մազութի Համոն գերմարդկային ճիգեր է գործադրում, հրատապ միջոցներ ձեռնարկում դեռ հնարաւոր փրկութեան համար, բայց կործանումն անդարձ էր. «Յաւիտենական Հիւանդի յորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար` նախիրների նման պուկ տուին նայիրեան բանակները»: Կարսի բերդում առանց զօրքի մնացած Մազութի Համոն ողբում է` կեղեքելով իրեն. «Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովը հնամեայ նայիրեան ցեղի. ո՞ւր է երկաթէ բռունցքը… Ո՞ւր է,- հարցնում էր` դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն. բայց պատասխան չկար. բերդի հազարամեայ, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայակերպ նայիրցուն»: Ոսոխը մտնում է արդէն վառուող քաղաքի դարպասներից ներս, սրի քաշում բերդաքաղաքում մնացած բնակչութեանը: Մինչեւ վերջին վայրկեանը իրենց դիրքերի վրայ, եռագոյն դրօշին հաւատարիմ, մնում են Մազութի Համոն, ընկ.Վառօդեանը, Սերգէ Կասպարիչը: Բերդի աշտարակի ամենաբարձր մասում` եռագոյնի կողքին, նրանք գերեվարւում­ են եւ, զարհուրելի գանահարանքի ենթարկուելով` խաչելութեան հանւում այն հեռագրասիւների վրայ, որոնք մի քանի օր առաջ կանգնեցրել էին հայրենիքի դասալիքների համար: Չարենցն իր պատմութիւնն աւարտում է խորհրդանշական պատկերով. Մազութի Համոյի գլխավերեւում ոսոխը մի տախտակ է փակցնում` վրան նայիրեան տառերով գրուած` Մ.Հ.ԱՅ.Ն., որ նշանակում է` Մազութի Համօ` Արքայ Նայիրի: Ճիշդ այդպէս, իւրայինների կողմից մատնուելով, խաչելութեան էր հանուել  մարդկութեան փրկիչը` Քրիստոսը, եւ խաչուած Քրիստոսի գլխավերեւում եւս գրուած էր` Յ.Ն.ԱՅ.Հ., այսինքն` Յիսուս Նազովրեցի` Արքայ Հրէից:

Ի դէպ, Դաշնակցութեան եւ Քրիստոսի խորհրդանշական պատկեր-անդրադարձն առկայ է ոչ միայն Չարենցի վէպում, այլեւ` դարասկզբի հայ մտքի պատմութեան մէջ. «Ինչպէս Նազովրեցու մեծութիւնը նրա մէջ չէ, որ պատմութեան մէջ մի քանի փաստեր թողեց, այլ որ զգայապաշտ մարդկութեան նոր իտէալներ տուաւ եւ մի այլ աշխարհի կարօտով հոգիները վառեց,- գրում է Նժդեհը,- այնպէս էլ մեր նորագոյն պատմութեան այս հերոսներն ու առաքեալները արժէք դարձան ոչ թէ իրենց յաջող կամ անյաջող կռիւներով, այլ նրանով, որ առաքինութիւնների մի նոր տախտակ դրին իրենց ժողովրդի առջեւ»:

Չարենցի քաղաքական վերաբերմունքի տեսանկիւնից կարեւոր է նաեւ վէպի վերջաբանը: Խօսքի մի առիթով համբակ անուանելով իրեն` Չարենցը Նայիրիի մասին խօսքը վերջացնում է ողբերգաերգիծական երանգով. «Նայիրոմազութիհամոյական» գարի, «որ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանաւոր երազում»: Այսինքն Նայիրին որպէս նուիրական վերջնանպատակ յարակայում է ոչ միայն Դաշնակցութեան գաղափարաբանութեան, այլեւ իր` Չարենցի գործի գաղափարի մէջ:

«Երկիր Նայիրի»-ն գրականագիտութեան մէջ շատ է համեմատուել Աբովեանի «Վէրք Հայաստանի»-ի հետ: Այդ առթիւ Ս. Աղաբաբեանը գրում է. «Չարենցը նոյնպէս գործ ունէր բացուած վէրքերի հետ, բայց նա տեսաւ նաեւ ազգային վերածնութեան սկիզբը, ուստի եւ պէտք էր դիմէր զրնգուն, ցնծագին ուրախութեան ոճին»:

Չկիսելով անուանի գրականագէտի այս դիտարկումը եւ մի կողմ թողնելով գրական բոլոր առնչութիւնները` նշենք միայն, որ «Վէրք Հայաստանի»-ն եւ «Երկիր Նայիրի»-ն խաբուած ու ստրկութեան դատապարտուած ժողովրդի պատմութեան ողբերգեր են, ազգային վէրքի խոր հառաչանքներ: Խորհրդային տիրապետութեամբ չի վերջանում Չարենցի ողբը, ինչպէս չէր վերջանում Աբովեանի ողբը ռուսական տիրապետութեամբ: Ինքը` Չարենցը, վէպում ընդգծուած տառատեսակով գրել է. «Խաչատուր Աբովեանը «Վէրք Հայաստանի, ողբ հայրենասէրի» իր յայտնի վէպում պատմում է, թէ ինչպէս լիդիացուոց Կրեսոս թագաւորի համր լեզուն բացւում է մայրենի լեզուի հրաշալի հրաշքով: Իմաստն այն է, որ հայրենազուրկ մարդու գոյութիւնը մի վէրք է, մի եարա, իսկ մայրենի լեզուն` հրաշարար պալսամ»:

Կայ կորուսեալ հայրենիքը, կայ նաեւ կորուսեալ հայրենիքի լեզուն` որպէս կորուստի յիշողութիւն, ինքնութեան ակունք, հոգեւոր հիմք ու սկիզբ վերագտնումի: Չմոռանանք, որ «Երկիր Նայիրի» վէպը  հիմնաքար եղաւ կորուսեալ հայրենիքի գրականութեան ստեղծման ճանապարհին:

Ի՞նչը մղեց, սակայն, նայիրապաշտ պոէտին «Երկիր Նայիրի»-ից հինգ տարի անց` 1929 թ., նայիրադաւան կուսակցութեանը յղելու «դաշնակցականներին» բանաստեղծութիւնը. ահաւասիկ մի հարց, որի պատասխանը կեանքի ուղենիշի նման կախւում էր ոչ միայն այն տարիների քաղաքական ուղեգծի, այլեւ Նայիրիի կորուստի հարցականը որոնող բանաստեղծի մորմոքուած ուղեղի վրայ: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ Չարենցը տուրք է տուել ժամանակի հակադաշնակցական քաղաքականութեանը, մանաւանդ որ իր դէմ նացիոնալիստական մեղադրանքներ էին ուղղում: Բայց դեռ հարց է` իր ենթաբնագրով ո՞ւմ դէմ է ուղղուած բանաստեղծութիւնը: Մեր համոզմամբ, Չարենցը բանաստեղծութեան ենթախորքում դրել է իշխող վարչակարգի գաղափարախօսութիւնը եւ այդ գաղափարախօսութեանը հլու համակերպուած սերունդի հոգեբանութիւնը.

– Մեզ ասին նրանք, որ կեանք մի վսեմ
Կերտելու համար հարկաւոր է նախ
Ձեր դէմ մահացու պայքար սկսել,
Ձեզանից լինել հեռու եւ անկախ…

Պարզ է դառնում, թէ իշխող կուսակցութիւնն ինչ քարոզչութեամբ էր ժողովրդի թշնամի հռչակում ազգային կուսակցութեանը` իր ամբողջ համակարգով գործելով նրա գաղափարախօսութիւնը խեղաթիւրելու, ոչնչացնելու ուղղութեամբ: Բանաստեղծութեան վերջում Չարենցը գրում է, թէ` «երգում է քնարն իմ պղնձաձոյլ»: Շատ չանցած` Չարենցը հրաժարուեց այդ քնարից եւ կրկին կանգնեց դասական արուեստի մայրուղու վրայ: Այդպէս էլ վերնագրեց յաջորդ գիրքը` «Գիրք ճանապարհի», որ նաեւ իր կեանքի ճանապարհի խոհերի գիրքն էր:

1933 թ., կրկին անդրադառնալով «դաշնակցականներին» բանաստեղծութեանը, Չարենցը գրում է «Սոնետ»-ը` բնաբան ընտրելով առաջինի «օ՜, դուք ողբալի` պնակալէզներ» տողը: Նշենք, որ «Գիրք ճանապարհի»-ի «արուեստ քերթութեան» շարքն սկսող այս բանաստեղծութիւնը նախորդում է «NOSTALGIA» երկմասանոց բանաստեղծութեանը, nostalgia կամ կարօտախտ` հեռւում մնացած հայրենիքի հանդէպ: Հայրենիքի ճակատագրով տառապեալ պոէտը մի ձեռքով հոգով երգում էր այն, ինչի ուխտաւորն էր Դաշնակցութիւնը, միւս ձեռքով քննադատում Դաշնակցութեանը: Դա լաւագոյնս յիշեցնում է հաւատաքննող միջնադարի` եկեղեցական քարացած տոկմաների ու աւանդական միօրինակութեան ժամանակահատուածը, երբ բանաստեղծները կեանքի կարօտը երգելու համար Աստծու ներբողը պիտի ասէին:

Այն խոհերն ու ապրումները, որ արտայայտում է դեռ 1925-ին գրուած «հանգուցեալ պարոնը կամ պարոն հանգուցեալը» պատմուածքի դաշնակցական հերոսը, նաեւ Չարենցինն են: Հռոմում Չարենցը, որին հաւատացրել էին, թէ դաշնակցականը մեռած է, գերեզմանուած, հանդիպում է «հանգուցեալ պարոնին»` նոյնացնելով նրան յարեալ Քրիստոսին: Ամբողջ պատմուածքում ենթազգացւում է Չարենցի զսպուած համակրանքը  Դաշնակցութեան հանդէպ: Ասելիքը դնելով խորքում` Չարենցը պատմուածքն աւարտում է Դաշնակցութեան չհիմնաւորուած քննադատութեամբ` իր վերաբերմունքը չբացայայտելու համար:

1933 թ. գրած «մահուան տեսիլէ պոէմում,  Չարենցը, ուրուագծելով հայ ազգային-ազատագրական շարժման նուիրեալների ողբերգական ու վսեմ կերպարները` Րաֆֆի, Խրիմեան Հայրիկ, Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Ռոստոմ Զօրեան, Սիամանթօ, Վարուժան, Ահարոնեան, Խաժակ եւ ուրիշներ, չհակասելով ինքն իրեն եւ պատմական ճշմարտութեանը` Դաշնակցութեան հիմնադիր-խորհրդանիշներից մէկի` Քրիստափոր Միքայէլեանի մասին գրում է.

Ես սրտի փոխարէն ունէի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանօթ էր կեանքում ինձ համար ամենայն վարանում ու մահ,
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մեծ մի բանակ,
Եւ մեր սեւ դրօշի վրայ գրեցի «հայրենիք կամ մահ»:
Գնացին նոքա, այդ արի զինուորները, Երկիրն Աւետեաց,
Տիրում էր այնտեղ բռնութիւն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կեանք անազատ.
Գնացին նոքա` սրբելու մեր դէմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արեամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:
… Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենայ,
Բայց դժբախտ փորձի ժամանակ Արքայից հեռու նա պայթեց,
Եւ խփեց-խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
Եւ, իբրեւ դեւի տրիտուր, նախճիրներ նիւթեց ու ջարդեր…
Եւ մնաց նա կենդանի…կենդանի նա մնաց…վա՜յ ինձ…
Աշխարհից հեռացայ ես այսպէս` իմ ուխտը թողած անկատար…

Այս խոր ըմբռնումն ու ներքին պատկառանքը Չարենցն ունէր Դաշնակցութեան հանդէպ, ինչքան էլ հրապարակաւ չխոստովաներ: Չարենցի ճանապարհը եւս տանելու էր նրան ինքնազոհաբերութեան, եւ Գողգոթայի նոր խաչափայտին գամուելուց առաջ բանաստեղծի միտքը պիտի շաղափէր այս տանջալի խոհը.

Իբրեւ Յիսո՞ւս  ես արդեօք լեառ բարձրանում,-
Թէ՞ աւազակ ես լոկ դու մահապարտ…
Պիղատո՞ս է արդեօք այսօր ամէն մի մարդ,
Որ քո հանդէպ ձեռքերն է լուանում…
Ունե՞ս արդեօք, Հոգի՛ս, անագորոյն նժար,
Որ նժարես այս խոհն անկշռելի
Չարչարանքիդ այս սե՜ւ կէսգիշերին…

Յիշենք, որ Չարենցի հոգեւոր աշխարհում խաչին գամուած առաջին հերոսը դաշնակցական Մազութի Համոն էր: Մի դէպքում խաչելութիւն թուրք յորդաների, միւս դէպքում` պոլշեւիկեան իշխանութեան կողմից: Երկու դէպքում էլ խաչելութիւն Նայիրիի ճանապարհին:

(Շար. 2 եւ վերջ)


Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»

$
0
0

Արդարօրէն եւ ամենայն հպարտութեամբ այս տարի համայն հայութիւնը կը շարունակէ տօնել ղարաբաղեան շարժման 30-ամեակը, որ լի է յաջողութիւններով եւ յաղթանակներով: Ան սկիզբ առաւ 1988-ին իբրեւ «Ղարաբաղ» կոմիտէ, որուն համակարգողն էր հիմնադիր անդամներէն Վազգէն Մանուկեանը: Այդ օրերուն հայ ժողովուրդը իբրեւ մէկ բռունցք ծառացաւ մէկ կողմէ խորհրդային իշխանութիւններուն եւ միւս կողմէ` ազերիական բռնատիրութեան դէմ: Այսօր փաստօրէն անկախ եւ կայացած պետութիւն է Արցախը: Սակայն այս համաժողովրդական միասնական պոռթկումը պատահականութեան մը արդիւնք չէր: Գոյութիւն ունէր նախապատրաստական ազգային բնոյթի շարժումը` «Թարգմանչաց տօներ» անուան տակ: 1974-ին հիմնուած այս շարժման հաւաքոյթ-ձեռնարկները տեղի կ՛ունենային ամէն տարի աշնան, Ծաղկաձորի Մերկելեանի անուան հանգստատան մէջ, մասնակցութեամբ Հայաստանի մտաւորականութեան, (յաճախ ընտանիքներով) շուրջ հարիւր յիսուն անձնաւորութիւն: Սփիւռքէն կը մասնակցէր միայն այն ատենուան ուսանող` Մովսէս Հերկելեանը, որ «Ազդակ»-ի մշակութային էջի պատասխանատուն է 1983-էն ի վեր: «Թարգմանչաց տօներ» շարժման բնոյթէն տեղեակ էին նաեւ ՀՅԴ-ի այդ օրերու կարգ մը ղեկավարներ, որոնք մօտէն կը հետաքրքրուէին ու կը հետեւէին անոնց ազգային-հայրենասիրական գործունէութեանց ու անուղղակիօրէն կը տրամադրէին իրենց նաեւ ազգային-հայրենասիրական գրականութեան:

«Թարգմանչաց տօներ» շարժման մասին որոշ գաղափար մը տալու համար ստորեւ կու տանք հատուած մը` քաղուած Աննա Պետրոսեանի «Բոլոր ժամանակներ Հայաստանը» կոթողային երկի Է. հատորէն:

«Ա.»

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Աջէն ձախ՝ Վազգէն Մանուկեան եւ Մովսէս Հերկելեան 1978 Ծաղկաձոր

Պատմենք Թարգմանչաց նորօրեայ տօնի մասին, որն առաջին անգամ, 1974 թուականին, կազմակերպեց Վազգէն Մանուկեանը իր մի քանի համախոհների հետ: Այս տօնախմբութիւններին մասնակիցը լինելու պատեհութիւնն եմ ունեցել նաեւ ես իմ զաւակների հետ միասին: Թւում է, թէ ղարաբաղեան շարժման եւ Թարգմանչաց տօնին միջեւ որեւէ ընդհանրութիւն չկայ: Բայց դա այդպէս չէ:

… Հայ գրերի գիւտից յետոյ սկզբնաւորուեց մի շարժում, որի խնդիրն էր հայալեզու գրականութիւն ստեղծելով` նպաստել Հայաստանի քաղաքական, կրօնական, մշակութային անկախութեանը: Շարժումն ստացաւ Թարգմանչաց անունը:

Առաջին Թարգմանչաց դպրոցի հիմնադիրներ Մերսոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի ծրագիրը ընդգրկում էր քրիստոնէական գրականութեան բոլոր բաժինները: Հայաստանի համազգային եկեղեցու եւ գրական լեզուի վերածնման գործում անչափ կարեւոր դեր խաղացին Աստուածաշնչի, եկեղեցական եւ աստուածաբանական գրականութիւնների թարգմանութիւնը: Թարգմանական այս գրականութիւնը խթանեց ինքնատիպ ազգային քրիստոնեայ-մեկնողական գրականութեան ստեղծումը:

Թարգմանչաց շարժման երկրորդ շրջանը ընդգրկում էր հին փիլիսոփաներ Արիստոտելի, Պղատոնի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլիոն Ալեքսանդրացու, Պորփիւրի եւ ժամանակների մտածողութեան աւանդոյթները շարունակող քրիստոնեայ հեղինակների երկիրը:

Թարգմանչաց շարժման աւանդոյթները շարունակեցին եւ զարգացման հետագայ բոլոր դարերում եւս: Թարգմանչաց շարժումը սկզբնաւորման պահից ի վեր նպաստել է լուսաւորութեան, կրթութեան, գիտութեան, լեզուաշինութեան, զարգացմանը: Շնորհիւ Թարգմանչաց շարժման` համաշխարհային մշակոյթի ժամանակների եւ միջնադարեան մտածողների բազմաթիւ ստեղծագործութիւններ պահպանուել են միայն հայերին:

Հայ առաքելական եկեղեցին ելնելով ժողովրդի նուիրական զգացումներից` եկեղեցու սուրբ հայրերի շարքն է դասել հոգեւոր, մշակութային, լուսաւորութեան գործի վաստակաւորներին եւ տարին երկու անգամ նշում է նրանց յիշատակը: Յունիսի վերջին Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի տօնն է, հոկտեմբերին` Մեսրոպ Մաշտոցի եւ նրա սաների` ազգանուէր թարգմանիչների տօնն է, հայ դպրութեան ու մշակոյթի սքանչելագոյն տօնը: Եկեղեցին, ինչպէս հարկն է, մշտապէս նշում է թարգմանիչներին նուիրուած տօները, սակայն որպէս համաժողովրդական համազգային պետական տօն` մոռացուած էր խորհրդային ժամանակների ներսում: Եւ ահա, առաջին անգամ, որպէս սրբազան մի տօն նշուեց Վազգէն Մանուկեանի եւ իր մի քանի համախոհների կողմից:

Ինչպէ՞ս: Ինչո՞ւ:

Գիտենք արդէն, որ 1960-ականներին Հայաստանում սկիզբ էր առնում մի շարժում, որի ներքոյ ստեղծուել էին գաղտնի ազգային կազմակերպութիւններ, ուր բարձրացւում էին Հայոց ցեղասպանութեան եւ ազգային այլ հարցեր:

Ձախէն աջ՝ Սերգէյ Մերկելեան, Մովսէս Հերկելեան, Գիտնական մը (Եոսէֆ,) Վերա-Յակոբեան, Յասմիկ (Ռազմիկի կինը), Ռազմիկ Դաւոյեան, Յակոբ-Յակոբեան եւ անծանօթներ 1979

Գիտենք նաեւ, որ 1965 թուականի ապրիլի 24-ին առաջին անգամ նշուեց Ցեղասպանութեան 50-ամեակը` աննախադէպ մեծ ցոյցերով, դրանց յաջորդող ձերբակալութիւններով, բայց դա առիթ դարձաւ, որ ստեղծուեն երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպութիւններ, որոնք իրենց առջեւ խնդիր էին դրել Ցեղասպանութեան ճանաչման, հողերի վերադարձի, նաեւ` անկախութեան հարցի լուծումը: 1967 թուականին, երբ Վազգէն Մանուկեանը սովորում էր Մոսկուայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներով նրան յաջողուեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջեւ ապրիլ 24-ին նուիրուած ցոյց կազմակերպել: Դա պատճառ դարձաւ, որ նրան համալսարանից հեռացնեն: Այդ օրերի մասին Վազգէն Մանուկեանը յիշում է. «Մենք հասկցանք, որ զուտ գաղտնի կազմակերպութիւններով գործն առաջ չի գնայ, քանի որ շատ արագ ձերբակալւում ես: Իսկ մշակոյթի անուան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Երբ վերադարձանք Երեւան, պետական համալսարանում ստեղծեցինք Հայ մշակոյթի ակումբ, որ պաշտօնապէս գրանցուեց` որպէս երիտասարդական կազմակերպութիւն: Յայտարարութիւններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ: 1971 թուականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցաւ դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցաւ ոստիկանութեան հետ, իսկ ակումբը փակուեց»:

1974 թուականին Վազգէն Մանուկեանը մի շարք համախոհների հետ «Թարգմանչաց տօներ» անուան տակ իրականացրեց մի նախաձեռնութիւն, որին մասնակից դարձաւ հայաստանեան ողջ մտաւորականութիւնը:

Տարիներ շարունակ այդ գործընթացների մէջ լինելով` նրանք մեծ կապեր էին ձեռք բերել թէ՛ Հայաստանում, թէ՛ Հայաստանից դուրս: «Մենք Հայաստանում ունենք մեծ մտաւորականութիւն, բայց տարբեր ոլորտներում գտնուելով` մտաւորականներն համախմբելով` ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարաւորութիւն կը տայ մարդկանց ծանօթանալու, շփուելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակութիւն ունենալ:

Նստած ձախէն աջ` Ճիմ Թորոսեանի կինը, Ճիմ Թորոսեան, Մետաքսիա Սիմոնեան, Սիլվա Կապուտիկեան, Սերգէյ Մերկելեան, անծանօթ, Վերա Յակոբեան, անծանօթ: Ոտքի ձախէն աջ` առաջինը Արթիւր Թարխանեան, Գրիգոր Խանջեան, Արա Շիրազ, իսկ կիներէն վերջինը Վարդուհի Վարդերեսեան, իսկ վերջընթերը Բաբգէն Արաքսեանի առաջին կինը: Ոտքի ետեւի շարքը` Հայկ Ղազարեան, Բաբգէն Արաքսեան, Եսայի Ստեփանեան, Մովսէս Հերկելեան, Լութֆիկ Խաչատրեան, Վազգէն Մանուկեան եւ Դաւիթ Վարդանեան:

Այդ ժամանակ շատերս դասախօսներ էինք եւ աշակերտներ ունէինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք իւրաքանչիւրի մէկ աշակերտի գումարը ներդնել այդ գործին եւ հաւաքուած գումարով կազմակերպել մտաւորականների առաջին հաւաքը: Ընտրեցինք Մերգելեան հիմնարկի Ծաղկաձորում գտնուող հանգստեան տունը եւ մտաւորականներին, իրենց ընտանիքներով հանդերձ, հրաւիրեցինք առաջին հաւաքին: Նախաձեռնութիւնը յաջողուած էր: Թարգմանչաց տօները դարձան աւանդական, եւ գրեթէ 7-8 տարի շարունակ ամէն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տօները նշելու անուան տակ մտաւորականներս հաւաքւում էինք նոյն վայրում եւ երեք օր անցկացնում թէժ բանավէճերի, քննարկումների, ինչպէս նաեւ հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում: Նրանց մէջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկեանը, Ռազմիկ Դաւոյեանը, նկարիչ Յակոբ Յակոբեանը, ճարտարապետ Արթուր Թարխանեանը, արուեստաբան Հենրիկ Իգիթեանը, ակադեմիկոս Սերգէյ Մերգելեանը, որը մեծ աւանդ ունի Հայաստանում մաթեմատիկական գիտութիւնների, հաշուողական տեխնիկայի եւ կիբեռնետիկայի հիմնադրման ու զարգացման գործում: Նաեւ ակադեմիկոս, խոշոր ելեկտրամեքանիկ Անդրանիկ Իսոյիֆեանը, որի գլխաւորութեամբ են ստեղծուել ԽՍՀՄ ելեկտրամեքանիկայի համամիութենական գիտահետազօտական հիմնարկը, եւ որը Մոսկուայից յատուկ գալիս էր մասնակցելու Թարգմանչաց տօնի հաւաքներին: Ներկայ էին լինում բանասիրական գիտութիւնների դոկտոր Ռաֆայէլ իշխանեանը իր տիկնոջ` թարգմանչուհի Բիւրակն Չերազի հետ, տիրիժէոր Յովհաննէս Չեքիջեանը, որն, ի միջի այլոց, շատ լաւ ֆոքուսներ էր անում խաղաքարտերով, երգչուհի Լուսինէ Զաքարեանն ու ամուսինը` Խորէն Պալեանը, Սօս Սարգսեանը, դերասանուհի եւ գրող Աննա Պետրոսեանը, ասմունքող Վերա Յակոբեանը, երգեհոնահար Ստամբոլցեանը եւ այլ նշանաւոր մարդիկ: Փաստօրէն այդ հաւաքներին մասնակցում էին Հայաստանի  ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունէին:

Նպատակ չէր դրւում հարցեր բարձրացնելու եւ հէնց այդ պահին լուծելու: Նպատակն այդ հարցերը քննարկելով` համախորհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպէսզի մտաւորականութեան մեծ ազդեցութիւն ունեցող շերտը համախմբուէր նոյն գաղափարների շուրջ: Հաւաքի առաջին օրը երեկոյեան մեծ ընթրիք էինք կազմակերպում: Սկզբում անորոշութիւն էր լինում, քանի որ օրակարգ, որպէս այդպիսին, չկար: Բնականաբար նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, յետոյ սկսւում էին բանավէճերը` սկսած հայկական եւ ռուսական դպրոցների հարցից մինչեւ ազգային շատ այլ հարցեր` անկախութիւն, Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններ եւ այլն:

Յիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկեանը մի ճառ ասաց` յօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշդ է, դէմ չէինք ռուսերէնին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ չընկալուեց: Այդ ժամանակ Խորէն Պալեանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպէս պատասխան Սիլվա Կապուտիկեանի բաժակաճառին:

Վիճայարոյց հարց էր յատկապէս դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկայ էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտաւորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանաւանդ կար մտաւորականութեան մի հատուած, որն ինքն էլ էր ռուսախօս, եւ նրանց համար զարմանալի էր, թէ ինչո՛ւ հայրենասիրութիւնը պիտի չափուի դրանով: Սակայն մտաւորականութեան մի զգալի մաս էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մէջ, քանի որ այդ ժամանակ, եթէ չեմ սխալւում, գոնէ Երեւանում երեխաների 40 տոկոսը յաճախում էր ռուսական դպրոց:

Քննարկւում էր նաեւ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդէպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թէ՞ այն է, առանց որի` մենք ապրել չենք կարող: Մենք գտնում էինք, որ դաշնակից է, բայց չէինք գտնում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Յատկապէս երբ քննարկում էինք Ցեղասպանութեան հետ կապուած հարցեր, որոշակի պատասխանատուութիւն դնում էինք նաեւ Ռուսաստանի կայսրութեան վրայ, որը, հասկանալով, թէ ի՛նչ է սպասւում հայերին, այնուամենայնիւ իր շահերն առաջ տարաւ:

Ազատութեան, անկախութեան, կոմունիստական վարչակարգից ազատուելու հարցերն առաւել հազուադէպ էին քննարկւում, դրանք բաւականին բարդ թեմաներ էին: Բայց ամենակարեւորն այն է, որ այդ հարցերը քննարկւում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյեան մոմի լոյսի տակ, քոնեակ խմելով, երբ ինչ որ մէկն էլ դաշնամուր էր նուագում… Գնում էինք նաեւ Կեչառիսի փլուած գմբէթով եկեղեցին, որտեղ Խորէն Պալեանը եւ Լուսինէ Զաքարեանը պատարագից հատուածներ եւ շարականներ էին կատարում:

Ի՞նչ տուեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:

Մտաւորականներն իրար չէին ճանաչում: Քոմփոզիթէօրներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիքոսներ, բոլորը յայտնի, ազդեցիկ մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանօթ չէին, եւ այդ հաւաքները, յատկապէս որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին: Մենք կամաց-կամաց գալիս էինք նոյն մտածողութեանը` ազգային, մշակութային հարցերի շուրջ»:

Վազգէն Մանուկեանի կազմակերպչական տաղանդը, մտաւորականութեան հոգեբանութիւն բացայայտելու, նրանց մտածումները ընկալելու եւ իր, ապա նաեւ իր գաղափարակից ընկերների հայրենապաշտ ձգտումները հեռահար, որոշակի գործողութիւնների առիթ էին դառնալու:

Իսկ երբ 88-ի շարժումը սկսուեց, մենք բոլորս հասկացանք, թէ այդ հաւաքները որքան կարեւոր էին եւ ինչ մեծ նշանակութիւն ունեցան: Մտաւորականութիւնը միագամից համախմբուեց: Նրանք նոյն կերպ էին հարցերին մօտենում, նոյն գաղափարներն էին կիսում: Դա էր Թարգմանչաց տօների ամենամեծ ձեռքբերումը, Վազգէն Մանուկեանի եւ իր ընկերների կատարած մեծ աշխատանքի արդիւնքը:

Ո՞վ Է Վազգէն Մանուկեանը

Ծնուել է 1946 թուականին, Մեծ եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկեանների ընտանիքնում: Հայրը` Միքայէլ Մանուկեանը, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի փրոֆեսէօր:

Վազգէն Մանուկեանն աւարտել էր Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտութիւնների թեկնածու է: Քաղաքական գործունէութիւնն սկսել է ուսանողական տարիներից: 1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցոյց կազմակերպելու պատճառով ստիպուած է եղել թողնել Մոսկուայի համալսարանը, ուր այդ ժամանակ սովորում էր, եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988 թուականը եղել է տարբեր  քաղաքական կազմակերպութիւնների անդամ եւ կազմակերպիչ, 1988 թուականի փետրուարից «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, իսկ յունիսից` կոմիտէի համակարգող:

1988 թուականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալուել է եւ վեց ամիս անկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:

Վազգէն Մանուկեանը ՀՀՇ վարչութեան առաջին նախագահն է: 1990 թուականի մայիսին Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախարարների խորհրդի նախագահ: Մէկ տարի անց` 1991 թուականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանը հրաժարական է տուել վարչապետի պաշտօնից եւ Գերագոյն խորհրդում Ազգային ժողովրդավարների խմբակցութեան ձեւաւորումից յետոյ` նախաձեռնել է ԱԺՄ կուսակցութեան հիմնադրումը:

1992 թուականի սեպտեմբերին նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան պետնախարարի, այնուհետեւ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրը: Ահա այդ ժամանակաշրջանում վերջնականօրէն ձեւաւորուեց Հայաստանի Հանրապետութեան կանոնաւոր բանակը: 1993 թուականի օգոստոսին ազատուել է պաշտպանութեան նախարարի պաշտօնից, ընտրուել Ազգային ժողովի պատգամաւոր:

Հայոց հասարակական բուռն ընդվզումը տուեց անձինք, որոնք իրենց ուսերին կրեցին այդ օրերի դժուարութիւնները: Ահա այդպէս` նաեւ Վազգէն Մանուկեանը: Նրանք դրեցին ազգային անկախ պետականութեան հիմքերը, ընդունել տուեցին Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը:

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

 

 

Հայաստանի Թաւշեայ Յեղափոխութիւնը

$
0
0

ՏՈՔԹ. ՍԱՐԳԻՍ ԱՏԱՄ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Սերժ Սարգսեան պաշտօնէն հրաժարելէն ետք  երկրին մէջ ստեղծուած  «պրկուած քաղաքական» իրավիճակը  խաղաղ ձեւով լուծուեցաւ` Հայաստանի ընդդիմադիր ուժի ղեկավար Նիկոլ Փաշինեանի Հայաստանի Հանրապետութեան նոր վարչապետ ընտրուելով:

8 մայիս 2018 թուականին քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանին կողմէ  վարչապետ ընտրուեցաւ: Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի այս  պատմական որոշումը անտարակոյս նոր էջ մը պիտի բանայ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքին  մէջ:

Ըստ իս, այս թուականը հայ ժողովուրդին համար «պատմական ու յաղթանակի օր» մըն է, որովհետեւ մինչ այդ Հայաստանի մէջ իշխող Հանրապետական կուսակցութեան որդեգրած  վարչաձեւը եւ քաղաքականութիւնը երկրին մէջ ստեղծած էին «հսկայ ու լուրջ պրկուած ու մտահոգիչ իրավիճակ» մը, որ կուտակուած էր տարիներու ընթացքին:

Երկրի քաղաքական, տնտեսական եւ ընկերային  կեանքի անբարեկեցիկ իրավիճակին դէմ հայ ժողովուրդի ու հայ երիտասարդութեան համբերութիւնը յորդեցաւ եւ «անձայնութիւնը» իր աւարտին հասաւ:

Հայաստանի ընդդիմադիր ուժի ղեկավար Նիկոլ Փաշինեանի առաջնորդութեամբ հայ ժողովուրդի ու հայ երիտասարդութեան համագործակցութեամբ Հայաստանի մէջ սկսաւ «համաժողովրդային քաղաքական շարժում» մը`  նպատակ  ունենալով երկրի բարեկեցութեան ու բարօրութեան համար բարեփոխութիւններ կեանքի կոչել: Հայ ժողովուրդը իր արդար այս պահանջին համար կազմակերպուած ձեւով, յամառ կեցուածքով ու վճռականօրէն շարժման անցաւ: Հայ ժողովուրդի այս արդար պահանջը,  երկրի մէջ սահմանադրական բարեփոխումները կեանքի կոչելու ճանապարհին մէջ, մարդու իրաւունքներու, ժողովրդավարութեան, օրէնքի, արդարութեան դրութիւններու գերակայութեան ամուր հաստատման ճանապարհի  սկիզբն է ու ժողովուրդի վճռակամութեան ակնյայտ ցոյցը:  Հակառակ երկրի ներքաղաքական պրկուած վիճակի «համաժողովրդական շարժումը» մնաց խելացի, խաղաղ ընթացքի մէջ եւ պսակուեցաւ խաղաղ «յաղթանակ»-ով մը, որ ըստ իս, «թաւշեայ  յեղափոխութիւն» մըն է եւ  ողջունելի ու նաեւ` համայն աշխարհին օրինակելի:

Հայաստանի «թաւշեայ յեղափոխութիւնը»   արդիւնք է հայ ժողովուրդի գիտակցութեան, խաղաղասիրութեան, քաղաքավարութեան, ժողովրդավարական հասկացողութեան, որ հպարտութիւնն եւ պատիւն են  համայն հայութեան:

Շնորհալի թող ըլլայ «հայ ժողովուրդին թաւշեայ  յեղափոխութիւնը»:

 

 

 

Անդրադարձ. Թրքական Կուսակցութիւնները Ինչպէ՞ս Նշեցին Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակը

$
0
0

ՆԱԹԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հակառակ անոր որ թրքական իշխանութիւնները այս տարի արգիլեցին «Հայոց ցեղասպանութիւն» եզրին հրապարակային օգտագործումը, եւ հակառակ անոր որ այս օրերուն Թուրքիոյ մէջ խօսքի ազատութիւնը կ՛ոտնակոխուի, լրատուամիջոցները կը փակուին եւ լրագրողները կը բանտարկուին, այսուհանդերձ, կարգ մը ձախակողմեան կուսակցութիւններ նշեցին Հայոց ցեղասպանութեան 103-ամեակը:

Սկսինք Թուրքիոյ խորհրդարանի երրորդ մեծ կուսակցութենէն` ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութենէն, որ հանդէս եկաւ` «Մենք կը կիսենք 103 տարուան ցաւն ու տառապանքը» խորագիրով յայտարարութեամբ: Այս յայտարարութիւնը պատմական ակնարկ մը կը կատարէ 1915-ին հայ մտաւորականներու ձերբակալութիւններուն, ապա` գնդակահարութեան, տեղահանութեան եւ ջարդերուն: Խօսելով ջարդերու մասին` յայտարարութիւնը կ՛անդրադառնայ նաեւ յոյներու եւ ասորիներու կոտորածներուն: Ինչ կը վերաբերի Հայոց ցեղասպանութեան, ապա Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը զայն կ՛անուանէ «կազմակերպուած ցեղային բնաջնջում», իսկ նպատակը` «մէկ ցեղէ, մէկ կրօնէ, մէկ լեզուէ կազմուած միատարր հասարակութեան մը կերտումը»:    Յայտարարութեան մէջ կը նշուի նաեւ, որ Ցեղասպանութեան անպատիժ մնալուն պատճառով հետագային նմանօրինակ արարքներ տեղի ունեցան Տէրսիմի, Սեբաստիոյ, Տիգրանակերտի Սուր շրջանին եւ այլ շրջաններու մէջ: Յայտարարութիւնը կը նշէ, որ 103 տարուան վրայ երկարող «ժողովրդագրական կառուցուածքի փոփոխութեան, տեղահանութեան եւ քաղաքներու պաշարման» քաղաքականութիւնները մինչեւ օրս կը շարունակուին: Յայտարարութիւնը կ՛եզրափակուի հետեւեալ տողերով. «Այսօր մենք կոտորածներուն կազմակերպիչներն ու իրագործողները կ՛անիծենք: Ապագային մարդկութեան դէմ ոճիրներուն այլընտրանքը հաւասարութիւնն է: Ժողովուրդը կը ցանկայ արդարութիւն եւ հաւասարութիւն, այլ ոչ թէ` ողորմութիւն: Իբրեւ Անատոլուի հին ժողովուրդներու թոռներ ,մենք կը կիսենք 103 տարուան դառնութիւնը, որ կը նկատուի ամօթ մարդկութեան ճակտին, եւ անգամ մը եւս տխրութեամբ եւ յարգանքով կը յիշենք այն անձերը, որոնք իրենց կեանքը կորսնցուցին»:

Յեղափոխական ընկերվարական բանուորներու կուսակցութիւնը հրապարակեց յայտարարութիւն մը, որ ընդգրկեց պատմական ակնարկ` 24 ապրիլին հայ քաղաքական եւ մտաւորական դէմքերու ձերբակալութիւններուն մասին: Յայտարարութիւնը աւելցուց. «Մենք պարտք ունինք Հրանդ Տինքին, Սեւակ Պալըքճըին եւ աշխարհի տարածքին ցրուած մեր եղբայրներուն նկատմամբ: Այդ պարտքը մենք պիտի տանք մեր սեփական խիղճին համար»: Կեդրոնանալով պոլսահայ համայնքին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն վրայ` յայտարարութիւնը կը նշէ. «Մենք չենք ուզեր կրկնապատկել ցաւը, մենք կ՛ուզենք վերջ տալ ժխտողականութեան: Այս համայնքը ժամանակ չունի կորսնցնելու աւելի հանդուրժողականութիւն: Վե՛րջ ցեղապաշտութեան եւ ազգայնամոլութեան»:

Ընկերվարական վերանորոգուած կուսակցութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ` «Արգիլենք ջարդերը, եկէք` դիմակայենք Ցեղասպանութիւնը` յանուն արդարութեան, ազատութեան եւ ժողովրդավարութեան» խորագիրով: Յայտարարութեան մէջ ընդգրկուած են նաեւ 1915-ին օսմանեան կառավարութեան կողմէ այլ ազգերու նկատմամբ տեղի ունեցած ջարդերը: Անիկա կը սկսի հետեւեալ տողերով. «Իթթիհատականներու, հանրապետականներու եւ անոնց գործակիցներուն կողմէ հայերուն, ասորիներուն, քաղդէացիներուն, յոյներուն եւ եզիտիներուն նկատմամբ ցեղասպանութեան 103-ամեակն է: Մենք կոչ կ՛ուղղենք Թրքական Հանրապետութեան, որ պետականօրէն ընդունի Ցեղասպանութիւնը»: Յայտարարութիւնը նաեւ կը կեդրոնանայ օսմանեան ժամանակաշրջանէն ժառանգուած ներկայ թրքական ազգայնամոլ մտածելակերպին եւ անոր զանազան դրսեւորումներուն վրայ` նշելով, որ օսմանեան ժամանակաշրջանէն ձեռք բերուած մտածելակերպը շարունակուեցաւ հանրապետութեան ընթացքին: Տէրսիմէն Մարաշ, Սեբաստիայէն Ռոպոսքի, Ճիզրէ, Մծբին եւ Սուր կրկին ու կրկին շարունակուեցան օսմանեան քաղաքականութիւնները` հանրապետական տարբեր կառավարութիւններու կողմէ»:   Թուրքիոյ ներկայ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ժխտողական քաղաքականութիւնը, առաւել եւս Միջին Արեւելքի հարցերուն միջամտութեան քաղաքականութիւնները ընկերվարական վերանորոգուածները կ՛անուանեն «օսմանականութեան մղիչ ուժ»: Ներկայ փուլի կողմնորոշման մասին յայտարարութիւնը կը նշէ. «Մեր հարցն է շարունակել պայքարը, մինչեւ որ ժողովուրդը հալածողները եւ ժողովուրդի շահագործողները դադրին գոյութիւն ունենալէ: Մեր պահանջն է, որ հայերը, քիւրտերը, ալեւիները, եզիտիները, լազերը, ասորիները, արաբներն ու ղպտիները ապրին հաւասար պայմաններու մէջ»: Յայտարարութիւնը կ՛աւարտի հետեւեալ կերպով. «Ընկերվարական վերանորոգուած կուսակցութիւնը կ՛ուզէ բարձր ճակատով նայիլ պատմութեան եւ ընդունիլ ճշմարտութիւնը` Ցեղասպանութիւնը, ժողովուրդներու իրաւունքներուն ապահովումով եւ հաւասար կարելիութիւններու ընձեռումով: Կեցցէ՛ ժողովուրդներուն եղբայրութիւնն ու հաւասարութիւնը»:

Կանաչ ձախ կուսակցութիւնը Դիմատետրի իր էջին վրայ յայտարարութիւն մը տարածեց` «103 տարի. մենք չենք մոռնար» խորագիրով: Յայտարարութիւնը անդրադարձաւ 1915-ին Ցեղասպանութեան ժամանակ տեղի ունեցած մտաւորականներու եւ քաղաքական գործիչներու ձերբակալութիւններուն, բնակչութեան տեղահանման, կալուածներու բռնագրաւման, տուներու եւ եկեղեցիներու հրկիզման: Կանաչ ձախերու յայտարարութեան մէջ յատկանշական է հայոց իրավիճակին նկարագրութիւնը Ցեղասպանութիւնէն ետք: Անոնք այս հարցին կ՛անդրադառնան` գրելով. «Փրկուածները ստիպուեցան իրենց անուններն ու կրօնը փոխել ու ծպտուիլ` խուսափելու համար զրկանքէն»: Յայտարարութիւնը Հրանդ Տինքի եւ Սեւակ Պալըքճըի սպանութիւնները իրագործողները բնորոշեց հետեւեալ կերպով. «Անոնք, որոնք իթթիհատականները կը նկատեն իտէալ տիպարներ»: Յայտարարութեան վերջաւորութեան կանաչ ձախերը կ՛անդրադառնան թրքական ներկայ համակարգին` ընդգծելով. «Մեր երկիրը այսօր աւելի արտակարգ վիճակի մէջ է, քան երէկ: Սահմանադրական փոփոխութեան հանրաքուէի արդիւնքները ցոյց տուին, որ միանձնեայ պետական համակարգը յեղաշրջում կատարած է իր ժողովուրդին դէմ: Բոլոր անոնք, որոնք ո՛չ քուէարկեցին, շատ լաւ կը հասկնան 1915-ի պատգամները: Կանաչ ձախը իր յայտարարութիւնը կ՛եզրափակէ` հետեւեալ ձեւով ներկայացնելով իր ապագայի տեսլականը. «Կուսակցութիւնը կը կիսէ ցաւը ու կը ձգտի զօրացնել միասին ապրելու կարելիութիւնները` հաւասար իրաւունքներ ապահովելով: Մենք պիտի նայինք անցեալին, պիտի պայքարինք միասին` ժողովրդավարական հանրապետութեան մը համար, ուր հայերը կ՛ունենան քաղաքացիական հաւասար իրաւունքներ, ուր անոնք կ՛ունենան ինքնութեան բացայայտման լիիրաւ իրաւունք եւ կ՛ազատագրուին ծպտուելէ: Մենք յարգանքով կը խոնարհինք 1915-ին  բոլոր սպաննուած մարդոց յիշատակին առջեւ»:

Զրկուածներու ընկերվարական կուսակցութիւնը կարճ յայտարարութիւն մը տարածեց Դիմատետրի իր էջին վրայ: Յայտարարութեան մէջ կը նշուէր. «Հայոց ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ կատարուած մեծագոյն յանցագործութիւններէն մէկն է, որ տեղի ունեցաւ միատարր պետութիւն կազմելու նպատակով: Անհասկնալի է ճշմարիտ ազատութիւնը` առանց ընդունելու ապրիլ 24-ը»:

Յիշեալ կուսակցութիւններուն յայտարարութիւնները դիմադրական միջոցներ են` ընդդէմ իշխող կուսակցութեան նորօսմանական ժխտողական քաղաքականութեան եւ իր դաշնակիցին` Ազգայնական շարժում կուսակցութեան անհանդուրժողականութեան, այլամերժ եւ ցեղապաշտ քաղաքականութիւններուն: Վերը նշուած կուսակցութիւններն են, որոնք ապագային մեծ ներդրում կրնան ունենալ Թուրքիոյ կողմէ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին մէջ եւ պատմական արդարութեան վերականգման առումով:

 

Ներգաղթի Դասը` Հայրենադարձութեան Յաջողութեան Մեկնակէտ

$
0
0

Յ. ՊԱԼԵԱՆ

Հայաստան բնակութիւն կը հաստատեն «սփիւռքահայեր», ոչ միայն` Իրաքէն կամ Սուրիայէն հայրենադարձներ, որոնք ապահովութեան ապաստան կը փնտռեն: Կան նաեւ Ամերիկայէն, Լիբանանէն, կամ այլ երկիրներէ եկողներ:

Զուգադիպութեամբ մը, Բ. Աշխարհամարտի յաջորդած տարիներու ներգաղթի մասին գիրքեր լոյս կը տեսնեն` յիշողութիւն եւ գրականութիւն միախառնելով: Այդ էջերու ընթերցումը ներազգային իմաստութեան առջեւ դուռ կը բանայ:

Իմաստութեան դուռ, որպէսզի բարի կամեցողութիւնները խութի չզարնուին:

Յաւակնութիւնը չունիմ այդ նիւթով հրատարակուած ամբողջ գրականութիւնը կարդացած ըլլալու: Առաւելաբար զիս հետաքրքրեցին այդ տարիները անպաճոյճ եւ կամ գեղարուեստական գրականութեան ճամբով սեւեռող գիրքերը: Անոնց պատմածը մեր կեանքն է: Եթէ ուրիշներ ալ կան, լաւ է, որ անոնց մասին արտայայտուին «ընթերցող»-ներ:

Առանց վարդապետական ըլլալու արհեստական ճիգի` երեք փոքրածաւալ գիրքեր գրաւեցին ուշադրութիւնս, երեքն ալ` գրուած հայրենադարձներու «աշխարհ»-ի տպաւորութիւններու ինքնուրոյն մթնոլորտին մէջ. անկասկած` յիշողութիւններ, բայց նաեւ` մասնաւոր պարագաներէ անդին անցնող մտածումներ, յոյսերու եւ բեկումներու բախման գեղարուեստական պատկերներ:

Տարբեր հասցէներէ եկած` հայրենադարձներու պատմութիւններ: Նմանութիւններ միշտ կրնան ըլլալ, բայց կացութիւններու դիմագրաւումը եւ անոնց յառաջացուցած հակազդեցութիւնները միշտ ենթակայական են, ապրումներ` նոյն եւ տարբեր, մարդկայինի, անհատականի եւ հայրենասիրականի միախառնուող եւ զանազանուող տեսարաններով:

Գրողներ Ալիս Յովհաննիսեանը եւ Յակոբ Յարութիւնը, օփերայի երգիչ եւ ղեկավար Տիգրան Լեւոնեանը, կը պատմեն «ներգաղթ»-ը եւ «ներգաղթողներ»-ը, պատկերներ, այնքան հեռու եւ մօտ հարազատ պատմութիւն, որ թէեւ այնքան ալ հին չէ որպէս հոգեկան խռովք, անհատականի եւ հաւաքականի չզանազանուող յիշողութիւններ, հայրենահանումէ ետք թափառումներ, նոր կայքեր, կեանք, որ կը շարունակուի պատշաճեցումներով:

Ապագայակերտ կ՛ըլլայ այս գրականութեան տարածումը, Հայաստան եւ սփիւռք(ներ: Սերունդները կրնան փոխուիլ, բայց վերաբերումները կրնան կրկնուիլ: Հարկ է գիտնալ եւ կանխել:

Ցեղասպանութենէ ճողոպրած հայրենահանուածներ իրենք զիրենք գտած էին տարբեր եւ նոր երկինքներու տակ, Պէյրութ, սուրիական Թել Քոչաք կամ պուլկարական Ռուսճուկ եւ այլ վայրեր: Նոր եւ օտար աշխարհներ, նոր դրացիներ, որոնց հետ կիսած էին իրենց օրերը: Եւ հուսկ, հայու սրտին այնքա՜ն մօտիկ` ներգաղթը, կեանքը իր հունին մէջ դնելու սէրը եւ կարօտը, որոնք կը վերածուին անծանօթի մէջ ոստումի:

Բ. Աշխարհամարտի աւարտին տեղի ունեցած «ներգաղթ»-ի մասին հարկ է խօսիլ, խօսիլ նաեւ անոր յաջորդած «ներգաղթողներու արտագաղթ»-ի մասին, որպէսզի հայ ժողովուրդին եւ Հայաստանի համար էական կարեւորութիւն ունեցող «հայրենադարձութիւն» տեղի ունենայ ոչ միայն միաւորներու հոգեկան բաւարարութեան համար: Հայրենադարձութիւն, որ պէտք է կազմակերպել` ընելով այնպէս, որ ան յաջողի, չկրկնուի «ներգաղթ»-ի ձախողութիւնը, որ պատճառ դարձաւ տարերային արտագաղթի:

Երէկ խորիմաստ էր Շաւարշ Միսաքեանի խօսքը. «Հայրենիքը պանդոկ չէ»: Աւելի քան խորիմաստ էր եւ է այդ խօսքը` Հայաստանէն դիտուած, քանի որ ան կը խտացնէ  ազգի գոյացման խարիսխը: Ան նոյնքան խորիմաստ է սփիւռքներէն դիտուած, երբ Հայրենիքը «կարօտակէզ» հոգիներու համար զբօսաշրջութեամբ ապրուող բալասան է` առանց ազգային-քաղաքական յառաջընթաց ըլլալու: Երկու պարագաներուն ալ մենք մեզ կը գտնենք հայրենատիրութեան մարդկային-ազգային-մշակութային-քաղաքացիական գիտակցութեան նահանջին առջեւ, զոր հասկնալ-բացատրելու-արդարացնելու բոլոր կեղծիքները խտացնող ճառերը անհետացման առաջնորդող մայրուղիներ են:

Հայրենիքի տէր ըլլալու պայմանները կը ստեղծուին քաղաքական եւ գաղափարախօսական կամքով: Յաջողելու համար արմատ նետելու կարելիութիւն պէտք է տալ հայրենադարձին` դիւանակալական ճապկումներով պատեր չբարձրացնելով: Որպէսզի հայրենադարձը արմատ նետէ, հարկ է վնասազերծել այն բոլոր անհարթութիւնները, որոնք արմատներու աճումը կ՛արգելակեն եւ կը փտեցնեն: Պետական եւ համազգային գիտակցութեամբ, բացասական վերաբերումները հարկ է առանձնացնել եւ անոնց դէմ մղել իսկական անխնայ պայքար:

Հայրենադարձութիւնը նեցուկի պէտք ունի` բարոյական, վարչական, մշակութային, նիւթական: Ժողովուրդը, պետական եւ քաղաքային վարչութիւնները պիտի հասկնան, որ հայրենադարձները կը վերագտնեն նոր աշխարհ եւ միջավայր, վարժութիւնը եւ պատշաճեցումը պէտք է դիւրացնել, որպէսզի հայրենադարձը չմտածէ կրկին երկրէն դուրս գալու մասին, քաջ գիտնալով, որ այդ երկրորդ ելքը կ՛ըլլայ անվերադարձ եւ ազգի համրանքի վերջնական կորուստ: Վերջին տասնամեակներուն Հայաստան ապաստան գտածներ կրկին սփիւռքացած են, ինչ որ գաղափարական պարտութեան արտայայտութիւն է:

Ֆրանսայէն ներգաղթած հայը երբ դէպի Ֆրանսա արտագաղթեց, ֆրանսական թերթը գրեց, որ` «Ան վերադարձաւ իր հայրենիքը»… Ի՜նչ ծաղր…

Պետութեան, լրատուամիջոցներու եւ ընկերային բոլոր կառոյցներու նպաստով պէտք է ապահովել հայրենադարձի անխոչընդոտ համարկումը հայրենիքի տնտեսական, ընկերային եւ քաղաքական կեանքին, որպէսզի` «Իրենց չպատկանող հայրենիքը չվերադառնան»:

Այս համարկումը չ՛իրականանար բաժակաճառերով:

Մանաւանդ պէտք է հասկնալ նաեւ, որ բոլոր սփիւռքահայերը միլիոնատէր չեն, միլիոնատէր չեն նաեւ բոլոր հայրենադարձները:

Ալիս Յովհաննիսեանի, Յակոբ Յարութիւնի եւ Տիգրան Լեւոնեանի վկայութիւնները պէտք է հասնին հայրենի ժողովուրդի իւրաքանչիւր ընտանիքի, որպէսզի հայրենադարձը ըլլայ հարազատ, չդիտուի որպէս օտար: Այդ դրական վերաբերումը կրնայ բանալ դարպասը աւելի մեծաթիւ հայրենադարձութեան: Հայրենադարձութիւնը ազգի եւ հայրենիքի հզօրացում է: Կը յառաջանա՞յ այս գիտակցութիւնը զանգուածներուն համար, ներսը եւ դուրսը:

Եւ նկատի ունենալով օրինակի արժէքը` կազմակերպուած եւ յաջողած հայրենադարձութիւնը կրնայ նաեւ ազդու դարմանը ըլլալ վարակ դարձած արտագաղթին:

Այս հարցի մասին պէտք է խօսիլ առանց հռետորական աղմկարարութեան, խօսիլ ազգային ապագայի տեսիլքի մը իրականացման սիրով եւ հաւատքով, անհատական եւ հաւաքական յանձնառութեամբ:

Հայրենադարձութիւնը յաղթանակ է` ընդդէմ Ցեղասպանութեան եւ հայրենահանման:

Ո՛չ տիտղոս, ո՛չ հանգամանք, ո՛չ երեւելիութիւն:

Եւ ոչ բարոյական բեմական անվաղորդայն յուզում, այլ` քաղաքական աքթ:

Հարկ է ունենալ բաւարար ազգային գիտակցութիւն եւ հպարտութիւն, աշխարհներու միւս ծայրերէն չդիտելու համար Արարատի գլխէն կախուած «Լուսաւորչի Կանթեղը», եւ հայրենատէր ըլլալու համար ըլլալ ներկայ, ոչ` սոսկ բարեսէր եւ ոչ ալ` եկող-գացող «տուրիստ»:

28 ապրիլ 2018, Քուինզ, Նիւ Եորք

 

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Մօր Կարօտով

$
0
0

Յ. Տ. ՅՈՒՍԻԿԵԱՆ

Ա՜խ, որքան կ՛ուզէի մայր մը ունենալ,
Ինքս ալ կրկին մանկանալ,
Ձմրան ցուրտին`
Անոր շունչովը տաքնալ,
Անքուն գիշերին`
Քաղցր օրօրներով քնանալ,
Առաւօտուն`
Ժպիտը դէմքին
Գլուխս շոյող ձեռքերով արթննալ,
Ակրատէն ետք,
Ջերմ համբոյրը այտերուս`
Վարժարան երթալ:
Երեկոյեան
Անհամբեր զիս սպասէր
Եւ օրուան մը կարօտով
Զիս իր թեւերուն մէջ առնէր:
Կ՛ուզէի մայր մը ունենալ,
Թէկուզ` ծերացած, կորաքամակ,
Դողդոջ, երերուն,
Այտերը թօշնած…
Թէեւ ես ալ եմ ծերացած,
Բայց իմ մօրմէն չեմ կշտացած:

 

 

Հայ Մօր Տօնը Շնորհաւոր

$
0
0

ՔՐԻՍՏ ԻՍԿԵՆՏԷՐԵԱՆ

«Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր տան հացն է մայրս
Մեր տան Աստուածն է մայրս»

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

Այսպէս փակեց Յովհաննէս Շիրազ իր «Մայրս» բանաստեղծութիւնը, որ ժայթքումն է հզօր զգացումներու վիմապատառ աղբիւրի, որ իւրաքանչիւր երախտապարտ զաւկի` մօր հանդէպ սիրոյ անկեղծ արտայայտութիւնն է:

Յ. Շիրազ նկարագրած է իր մայրը` հայ մայրը, ինչպէս որ է: Ան նկարագրած է մայրը` իբրեւ տան արքան ու ծառան, ճորտն ու տէրը, իբրեւ դեղ ու ճար, օրօրոց ու ամրոց: Շիրազ իր այս բանաստեղծութեան մէջ ամփոփած է ո՛չ միայն իր մօր, այլ ընդհանրապէս հա՛յ մօր տիպարը:

Բանաստեղծութիւնը ամբողջութեամբ բխած է անոր սրտին խորերէն, եւ իւրաքանչիւր տող, իւրաքանչիւր բառ ունի իր յատկանշական իրապաշտ, զգացական ու խոր իմաստը: Երկնային Արքայէն ետք, ան մայրը հռչակեց արքայ, թէկուզ տան արքայ, սակայն` արքայ, միաժամանակ զայն ծանօթացնելով իբրեւ տան ծառան:

Ինչպէ՞ս կարելի է, որ անձ մը միաժամանակ թէ՛ արքայ եւ թէ՛ ծառայ ըլլայ: Այս մէկը անկարելի կը թուի, սակայն այս երկու տիտղոսները միաձուլուելով` ստեղծած են հա՛յ մայրը:

Բանաստեղծութիւնը ամբողջութեամբ փշաքաղող է, սակայն ամէնէն գեղեցիկ ու խորհրդաւոր բաժինը, որ բոլոր տողերէն աւելի ուժեղ է ինծի համար, վերջին չորս տողերն են, զորս յիշեցի: Ճրագ, արեգակ, հաց եւ Աստուած: Ահա չո՛րս բառեր, որոնք կ՛իմաստաւորեն մարդկային կեանքն ու առանց անոնց` ոչ ոք կրնայ ապրիլ:

Մայրը մայր է, սակայն, ներեցէք ինծի, հայ մայրը տարբեր է: Ան դարեր շարունակ, մեր պատմութեան ընթացքին հերոսական դերակատարութիւն ունեցած է:

Ծնած է անկրկնելի դիւցազուններ, որոնք մինչեւ օրս կը պաշտուին: Եղած է` յոյսի ու ներշնչման աղբիւր, կամքի ամրոց, արժանապատուութեան դպրոց… Եղած է մշակոյթի ու աւանդութեանց անքուն պաշտպան ու մայրենի լեզուի պահապան… եղած է զինուոր` գոյատեւման, հաւատքի կռուան, խղճի, սիրոյ ու գուրգուրանքի մառան:

Կարելի՞ է մոռնալ այն մայրերը, որոնք մերժելով բռնաբարուիլ` Եփրատ գետ նետուեցան: Կարելի՞ է մոռնալ այն մայրերը, որոնք մերժելով թուրքին առջեւ մերկ պարել` ողջակիզուեցան: Կարելի՞ է մոռնալ այն մայրերը, որոնք անապատի աւազին վրայ այբուբեն սորվեցուցին իրենց ժառանգորդներուն:

Կարելի՞ է մոռնալ այն մայրերը, որոնք իրենց զաւակները նուիրաբերեցին ի խնդիր հայրենիքի ազատութեան ու անկախութեան պահպանման: Ո՞վ կը մոռնայ 1918-ի հայ մայրը, երբ ան զէն ի ձեռին, զաւակը շալակը, միացաւ իր ամուսնոյն մղած կռուին` հաւատալով հայրենիքի գաղափարին:

Ո՞վ կը մոռնայ 1988-ի երկրաշարժի փլատակներուն տակ գտնուող մայրը, որ օրեր շարունակ իր արեամբ սնուցանեց իր նորածինը:

Բի՛ւր յարգանք, սիրելի՛ մայրեր,

Բի՛ւր յարգանք ձեզի, ազգիս հերոսներ,

Ձեր զոհողութեան ու նուիրաբերումին դիմաց` մենք կը մնանք ցկեանս շնորհապարտ:

 

 

Հրաշալին Եւ Հարցականը

$
0
0

ՇԱՂԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ

1832 եւ1848 թուականներու ֆրանսական ժողովրդային շարժումները 19-րդ դարու ֆրանսացի երկու մեծ գրողներու վէպերուն մէջ որպէս նիւթ ու դիպաշար ներառուած են: Առաջինը` վիպապաշտ Հիւկոյի «Թշուառները»-ին մէջ, Ժան Վալժանի եւ Կավռօշի դրական ու հմայիչ տիպարներով, երկրորդը` իրապաշտ Ֆլոպերի «Զգացական դաստիարակութիւնը» վէպի հակահերոս` Ֆրետերիք Մորոյի դուրսէն դիտողի անպատրանք նայուածքով: Երեւանի կեդրոնական հրապարակը լեցուցած երիտասարդական շարժումն ալ վստահօրէն նիւթը պիտի դառնայ ապագայ հայ գրագէտին, ան ալ պիտի պատկերուի իր այլազան երեսակներով:

Մենք սակայն, որ կ՛ապրինք մեր սփիւռքեան ներկան Հայաստանէն դուրս եւ մասնակից չենք Երեւանի բնակիչին տենդոտ, թէժ, բախտորոշ եւ նշանակալի փոփոխութիւններու թոհուբոհին, ի՞նչ մտածումներ, զգացումներ, մտահոգութիւն եւ յոյսեր կը դրսեւորենք: Կը փափաքիմ փորձ մը ընել յստակացնելու իմ կեցուածքս` իմ իսկ աչքիս:

***

Զմայլելի է տեսարանը:

2800-ամեայ Երեւանի կեդրոնական հրապարակը օրեր շարունակ ծածկուած` խրոխտ, վճռական, տոկուն երիտասարդ-երիտասարդուհիներով: Քաղաքամայր Երեւանի քաղաքացի ուսանողնե՛ր` անոնք, ո՛չ ամբոխ-«ժողովուրդ». բարեբախտաբա՛ր:

Ջերմ խանդաղատանքը կը լեցնէ հոգիդ: Ո՛չ միայն որովհետեւ անոնք «պոռթկում» կ՛արտայայտեն, ո՛չ միայն որովհետեւ դրամատիրական, ընչաքաղց եւ անհոգի ընկերութեան զոհեր` արդարութեան եւ հաւասարութեան կը ձգտին: Այլ մանաւա՛նդ անոր համար, որ նորաբոյս կեանքի ժայթք են, դրական, պայծառ. իրենց թեւերը արեւուն երկարող կենսալի էակներ, վկաները` բնութեան մե՜ծ սրտի բաբախումին:

«Ի՜նչ աղուոր է կեանքը», կը մրմնջես: Որքա՜ն համբուրելի են այս ժպտուն,

թարմ աւիշի տրոփ արձակող դէմքերը: Թէ ի՛նչ կ՛ուզեն, ի՛սկապէս` այնքան կարեւոր չէ, թէ որքա՛ն գիտակից են իրենց շարժումի տարողութեան եւ հետեւանքներուն` ի՜նչ փոյթ: Անխորտակելի կեանքին, մեր ծե՜ր մոլորակին ընդերքէն յառնող` բնական ուժի խուրձեր են անոնք, անդիմադրելի, հրաշալի՛:

Եւ այս տղաքն ու աղջիկները հա՛յ են, եւ անոնք կ՛ուզեն արժանապատուութեա՛մբ կարենալ աշխատիլ ու գործել, վերջապէ՛ս իրենք զիրենք տէրը զգալ իրենց երկրին եւ ո՛չ ենթակայ` շահամոլ  իշխանաւորներու մէկ խաւի: Եւ դե՛ռ` զուսպ են ու իրենց ընդդիմութեան արարքը զօրեղ է, բայց` խաղաղ:

Խո՜ր գոհունակութիւն կը զգաս:

Եւ հիմա գլուխդ կը դարձնես այս լաւայի տաք ալիքը թիավարողին:

Պրն. Փաշինեանին կը պատկանի արժանիքը այս երիտասարդ հոգիներուն մէջ ծուարած, տուայտող անհանգստութեան ձայն ու դէմք տուած ըլլալու, արժանիքը` իրենց համաքաղաքացիներու ստուա՜ր հատուածի մը անտեսումին, ոտնակոխումին դիմաց անոնց զգացած ըմբոստութեան ձեւ ու մարմին տուած ըլլալու, անդէմ բազմութենէ մը քաղաքական գործօն ուժ ձեւաւորած ըլլալու:

Կը շեփորուի այս ամբողջը գրեթէ ամէնուրեք: Անկապտելի է ուրեմն պրն. Փաշինեանի այս իրագործումը: Մարդ մը, որ գործնապէս հաւատաց իր նպատակի արդարութեան եւ գիւղէ գիւղ քալելով ու խօսելով` կրցաւ կոտրել մարդոց յուսահատութեան եւ անկէ բխող անտարբերութեան պատնէշը:

Բայց… Ինչո՞ւ անխառն չէ՛ գնահատանքդ. ճիգ կը թափես դարձեալ ու դարձեալ մտովի կրկնելու վերոնշեալ այնքա՛ն դրական ձեռքբերումները: Բազմիցս կը կարդաս Երեւանէն  ղրկուած ջերմ ու հիացիկ նկարագրականները ցոյցերուն, ոգեշնչող ներբողները շաբաթներով, տուն ու հանգիստը մոռցած յանձնառու հայ երիտասարդին . կը  խայտայ հոգիդ:

Բայց երբ կրկին  գլուխդ կը դարձնես դէպի այս շարժումը ոտքի հանող մարդը, ստիպուած կ՛ըլլաս արձանագրելու նեղացնող ապրումդ…

Սխալ բան մը կայ: Կը փորձես ագուցել երիտասարդներուն պարզած զմայլելի տեսարանը` հարթակին վրայ բարձրախօսով կոչեր արձակող իրենց ղեկավարին եւ չե՛ս յաջողիր: Բան մը կը նեղէ ներսիդիդ, նոյնքա՛ն իրական, զգալի, որքան ինքզինք պարտադրող բուռն համակրանքը` տղոց ու աղջիկներուն հանդէպ:

Ընկերային, քաղաքական երեւոյթները բացատրելու հմտութիւն չունիմ: Կը հաւատամ բնազդիս: Որքա՛ն անխառն հիացում կ՛առթեն ինծի Երեւանի կեդրոնական հրապարակի երիտասարդները, նոյնքան վերապահութիւն կը ծնի մէջս` ի տես զիրենք ոտքի հանած մարդուն, հակառակ որ կը հաւատամ իր անկեղծութեան:

Կը փորձեմ ես ինծի բացատրել զգացածս:

Շատ վա՛տ տպաւորութիւն կը ձգէ վրաս «յեղափոխական» արտաքինի կառուցումը` քասքեթ, (փոխուող նկարներով, նախ… Ատիտաս, ետքը` հանրապետութեան զինանշան, ետքը` յուզական բառ),  զինուորական անհարկի տարազ, ինք բանակային չէ.  ակնբախ է ուրեմն արտաքին երեւոյթի յարդարումը, շուկայական-սպառողական հիմքով սարքուած` ազդելու մտածուած միջոց է ան,  մանաւանդ որ այս զգեստաւորումը մտքերուն մէջ կը գծագրէ Ղարաբաղի հերոս, Հայաստանի ժողովուրդին այնքան սիրած Մոնթէ Մելքոնեանը:

Ուշադիր կը հետեւիմ դէպքերու հոլովոյթին, զանոնք ընդգծող , գրուած կամ վանկարկուող խօսքերուն: Նախ` «Մերժի՛ր Սերժիկը», որ եսամոլ  իշխանական խաւին գլուխը գտնուողին տրամաբանական հատուցումն է: Երբ թէժացող մթնոլորտին մէջ պրն. վարչապետը արագօրէն իր հրաժարականը կը յանձնէ,  ընդհանուր գոհունակութեան մթնոլորտը հազիւ թեւ առած`«պատասխանատուութենէ չեմ քաշուիր, եթէ զիս առաջարկեն վարչապետի պաշտօնին» կը յայտարարուի եւ անմիջապէ՛ս, պատրաստ «Նիկոլ վարչապետ» նշանախօսքով ուղղանկիւն-քառանկիւն խաւաքարտերը կ՛ողողեն հրապարակը: Այս փուլին  կը յայտնուի գերազանցապէս ամբոխավարական սահմանում մը`«ժողովուրդի թեկնածու»: Եւ միապետական, անհանդուրժող հաստատումը` «Կա՛մ ես, կա՛մ ոչ մէկ վարչապետ», չէ՞ որ ժողովուրդին վարչապետն է ինք: Այս փուլին արդէն մէջտեղ կը նետուի նո՛ր պահանջ-հրահանգ մը` ՀՀԿ-ն դուրս պէտք է գայ երկիրը կառավարելու կոչուած որեւէ կառոյցէ եւ աւելի ուշ` դարձեալ ամբոխավարական` ՀՀԿ արդէն գոյութիւն չունի»…

Ահաւասիկ, կը մտածես, ո՛չ ad hoc,  այլ` խնամքով պատրաստուած կորագիծ մը պահանջներու, որոնք կը բացայայտեն բացառապէս քաղաքական ծրագիր, շատ ճշգրիտ թիրախով. իշխանափոխութիւն, առաջուց յստակօրէն ճշդուած վարչապետով` յանձինս շարժումի ղեկավարին, այսինքն` ինք իրեն… Եւ մէկ-մէկ կ՛իյնան գեղագիտական յարդարումի գեղեցիկ կարգախօսները.  կ՛ուրուագծուի աչքիդ` այնքա՜ն հին ու ծանօթ քաղաքական նպատակը այս բոլորին. յեղաշրջում` ի նպաստ իրեն: Այս մէկը չի՛ հակասեր պրն. Փաշինեանի հաւատաւոր ըլլալուն, երկրին մէջ փոփոխութիւն մտցնելու անկեղծ փափաքին. որքա՜ն փառամոլ ղեկավարներ գործած են իսկապէ՛ս հաւատալով իրենց նպատակներուն ազնուութեան: Փաստօրէն  յստակ կը դառնայ, որ Ս.Սարգսեանի հրաժարականի պահանջը կը յանգի իր անձին առաջադրութեան: Քաղաքական նոյն բեմագրութիւնը` ուրեմն, փոխուած են դերասանները: Որքան ալ որ ընչաքաղց ու կարճատես իշխանութեան սրբուիլը դրական մեծ ձեռքբերում նկատես, նոյնքան հարցական դարձած է քեզի համար այս իրողապէս ամբոխավար ու ի՛ր ձեւով մարդոց զգացումները շահագործող  իշխանափոխութիւնը. եւ հարց կու տաս դուն քեզի` «Ո՞ւր կ՛առաջնորդէ պրն. Փաշինեան երկիրը»:

Բայց մեր ազգային, արմատացած , անբուժելի ախտը` զգացական վիպապաշտութիւնը գինովցուցած է բոլոր հոգիները:

Իրաւա՛մբ. մի՞թէ կարելի է չոգեւորուիլ հարիւրհազարաւոր երիտասարդներու անշահախնդիր, երկրի ապագան իրենց ազնի՛ւ ձեռքերուն մէջ առնելու հրաշալի վճռակամութեամբ: Շաբաթներով ոտքի, գիտակից` այն նոր ճամբուն գեղեցկութեան, որուն հետեւելու որոշումը տուած է ան. այո՛, այդ երիտասարդութիւնը մեր պատմութեան մէջ երբեմն յայտնուող  թէժ ու բորբոք հուրն է արտաւազդեան կերպարին եւ մարմնացումը նախ  բարոյական, երբեմն ալ` իրողական սքանչելի յաղթանակներուն: Բայց ինչպէս յաճախ կը պատահի մեզի, մեր անկեղծ խանդավառութեան մէջ մոլեգնութեամբ կ՛ուզենք հաւատալ մեր երազներուն եւ բոլորովի՛ն մէկ կողմ կը դնենք քննական նայուածքը:

Այսպէս, ամէ՛ն մարդու բերանն են  մեր այնքան փայփայած բառերը`«ժողովրդային շարժում», «ժողովուրդի թեկնածու». եւ անշուշտ` միահեծան, դրամատիրութեամբ աշխարհը գրպանած Արեւմուտքին սրբութիւն սրբոցը, անկէ օժանդակութիւն ստանալու նախապայմանը`  «ժողովրդավարութի՜ւն»: «Երիտասարդական շարժում» տարազումը աւելի հեռանկարային պիտի ըլլար, եթէ իսկապէս խորքային փոփոխութիւններու միտուէր, շեշտադրուէր մտքերո՛ւ յեղափոխութիւնը, որ կը հակադրուի «իշխանափոխութեան», ուժի ցուցադրութեամբ կատարուած մէկ մարդու ինքնա-«թեկնածուութեան». այս գծով ամբոխավայել կը գտնես «ժողովուրդի թեկնածու» յորջորջումը: Իսկ «ժողովրդավարութի՞ւնը»… Այս ամբողջին մէջ միայն բազմահարիւրհազարանոց մարդոց , երիտասարդներու մասնակցութիւնն է, որ կը համապատասխանէ որոշ չափով «ժողովրդավարութիւն» յղացքին: Ինչո՞ւ այս երիտասարդական համբուրելի հրայրքին հագցուցին վարչաձեւային, արեւմտեան այս սեղմիրանը ու այդպիսով օտարեցին զայն. ան այնքան անբնական կը թուի քեզի իր «խորհրդարանական», «սահմանադրական» արեւմտեան ձեւագիտութեան հագուստով: Ընտրութի՞ւն էր կատարուածը: Գիտակից եւ անկախ ընտրութեան պայմաննե՞ր կը տիրէին, երբ ապագայ (հիմա արդէն ներկայ) վարչապետը ցունամիի սպառնալիքով կ՛առաջնորդէ մարդիկ ի՛ր անձի ընտրութեան: Այս «ժողովրդավարութիւն»-ը նոյնքան կեղծ եւ սնամէջ բառ է, որքան ա՛յն, որուն հիմամբ կազմուած է մեր խորհրդարանը: Կը մտածե՞նք արդեօք թէ ո՛ւր, ո՛ր հասարակական պայմաններուն մէջ պիտի կիրարկուի Արեւմուտքին շեփորած, գովաբանած այս վարչաձեւը` ժողովրդավարութիւնը: Կայացած երկիր ու հասարակութիւն ունի՞նք. այդ վարչաձեւին իրաւութեան հաւաստիքը եղող, բարքերու պատրաստութիւնը, մտքերու հասունացումը եւ, մանաւանդ, անկախ ընտրութեան հիմը եղող տնտեսական անկախութիւնը ձեռք բերա՞ծ ենք…

Բայց, կը մտածես, ասո՛նք են արդիական, Արեւմուտքի տիրապետութեան տակ գտնուող աշխարհին «արժէք»-ները: Իշխանութիւն թէ ընդդիմութիւն «ժողովուրդ» բառը կը խոնարհեն. սին է այդ իմաստազուրկ բառերու ծիծաղաշարժ կողմը ցուցահանելդ: Թերեւս երիտասարդները ոտքի հանած այս մարդը ատակ է առնուազն արդար ու բարի համակարգ մը յառաջ բերելու:

Դարձեալ գլուխդ կը դարձնես պրն. Փաշինեանին կողմը: Եւ այժմ դուն քեզի կ՛ուղղես այն երկու հարցումները, որոնք քաղաքական հաւաքի խօսք ուղղողին արժեւորումը կ՛ընեն`«ուրկէ՞ կը խօսի», «Ի՞նչ կ՛ըսէ»:

Պրն. Փաշինեանին գրաւած ներկայ դիրքը ակնբախ է: Հիմա ան կը գրաւէ արդարօրէն շահուած, արդարութիւն պահանջող երիտասարդական հսկայ զանգուածին յենած ուժեղ դիրք:

Իսկ ի՞նչ կ՛ըսէ ան: Իր «խօսք»-ը կը յենի հռետորութեան վրայ, որ մարդիկ ոտքի հանելու սքանչելի գործիք է: Այդ հռետորութիւնը կ՛ընդգրկէ գործընթացի, շարժում-ձեւերու մարտավարական ոլորտն ալ: Գիւղերու, հիւսիսի քաղաքներու (ո՛չ հարաւի) բնակչութենէն  մեկնելով` հետզհետէ մօտենալ մայրաքաղաքին, գտնել բարոյա-գործողական բանալի բառեր`«Բաց ձեռք», «Իմ քայլը»: Ամբոխներու, եւ ընդհանրապէս, խօսակից-թիրախիդ վրայ ազդելու ձեւերը ուսումնասիրուած են ու մատչելի` բոլոր տաղանդաւոր հրահրող-ղեկավարներուն: Անշուշտ այս ազդեցիկ միջոցներու գործածութիւնը, մարտավարական գիւտերը ոչինչո՛վ կը նսեմացնեն պրն. Փաշինեանին գործը: Ընդհակառա՛կը, իր տաղանդի ճշգրիտ գործածութիւնը արդիւնաւէտ  եղաւ եւ սատարեց բազմահազար երիտասարդներու մասնակցութեան, ինչ որ մեծ ձեռքբերում է:

Ուրեմն, պահուա՛ն մարդը եղաւ պրն. Փաշինեան, բայց մեր երկիրը, այդ փոքրիկ հողին վրայ ապրող ժողովուրդը,  որ կը պատրաստուի տօնելու հայոց պատմութեան այլապէ՛ս լուսաշող իրագործումի մը հարիւրամեակը, չի՛ կրնար բաւարարուիլ պահո՛ւ մը դրական ձեռքբերումով: Ստիպուած ես ուրեմն հարց տալ, թէ ի՛նչ պատկերացում  ունի ապագայ (հիմա ներկայ) վարչապետը մեր երկրին տնտեսական, ընկերային համակարգին դրած խնդիրներուն, քաղաքական- ապահովական, ներքին-արտաքին բարդ կացութեան վերաբերեալ: Ու հո՛ն ալ մեծ կ՛ըլլայ յուսախաբութիւնդ. չե՛ս տեսներ առարկայական, իրակա՛ն, շօշափելի փոփոխութեան տանող գործընթացի մը նախագիծը, այլ կրկնութիւնը` նախապէս ալ շեփորուած գաղափարներու: Ու տակաւին քեզ կը մտահոգեն անոր փոփոխական, անկայուն դիրքորոշումները, որոնք տուրք կու տան քաղաքական կացութեան հոլովոյթին եւ չեն գծեր քաղաքական իսկակա՛ն առաջնորդի մը տիպարը:

Բայց հիմա կրկին դարձո՛ւր գլուխդ դէպի այս եռուն, կենսալի, պահանջատէր երիտասարդները, ուսանողները: Ի՞նչ պէտք է ընէ արդ ան… Անկեղծօրէն ըմբոստացաւ անարդարութեան դէմ, մեծ ու անկոտրում վճռակամութեամբ հետեւեցաւ զինք հմայած ղեկավարին, հասաւ իր կարծիքով չարեաց միակ արմատը եղող քաղաքական իշխանաւորի մը տապալումին, անոր տեղ դրաւ ուրիշ մարդ մը, որուն խօսքերը իր կարծիքով կը գծեն փրկութեան ճամբայ… Ինչո՞ւ կ՛ուզես ջլատել այս նոր, երիտասարդ ուժը , ինչո՞ւ կասկած կ՛արթնցնես անոնց լոյսին ձգտող ուղեղներուն մէջ…

Որովհետեւ իսկական, ո՛չ խաբուսիկ զարթօնքը հիւթեղ պտուղն է զարգացման խոր գործընթացի: Տեղին, արդար ըմբոստացումներու հրեղէն ժայթքը գիտակցական պահ մըն է, որ կրնայ ապահովել հետագայ զարթնումի հոլովոյթ մը, եթէ հեռու մնայ  ամբոխավարական մակերեսայնացումէ ու շահագործումէ: Այլապէ՛ս տարերային, աշխարհընկալման նոր հորիզոններ բացող մեծ յեղափոխութեան մը թէժ թոհուբոհին մէջ Լեւոն Շանթի պայծառ միտքը կ՛ուրուագծէ դժուարին, երկար ճամբան խորքային յեղափոխութեան` «Ամրացուցէ՛ք ձեր ոտքերուն կապիչները, պնդեցէ՛ք ձեր գօտին ու ձեր սրտերը: Դեռ երկար, դեռ շատ է երկար այն ճամբան, որ քալէք պիտի: Արիւն-քրտինքի, արիւն-արցունքի այդ ոլոր ճամբան, գազանութեան ու բռնութեան այդ մոլոր ճամբան դեռ  քալէք պիտի, դեռ շատ է երկար» (Լ. Շանթ, «Շղթայուածը», երրորդ արար):

Բայց որպէսզի չմարի Պրոմեթեոսի հուրը, չայլակերպուին ու չխեղճանան արդար ըմբոստութիւնները վերը յիշուած այդ երկար ճամբուն վրայ, մեր հրաշալի երիտասարդներուն կ՛ուղղէ այս անգամ իր խօսքը Վահան Թէքէեան «Հայերգութիւն» հատորի «Ըմբոստութիւն  սրբազան»-ի վերջին տունով`

Բայց մեզի պէ՛տք ես դուն դեռ                      
Դուն մընացի՛ր, բընակէ՛
Մեր մտքերուն մէջ հիմա,
Ըմբոստութի՛ւն սրբազան.
Զանոնք տաքցո՛ւր, բորբոքէ՛,
Ըրէ՛ հընոց մ՛որուն մէջ
Մեր հին ժանգերը հալին,
Մեր մասնիկները բոլոր
Իրար ձուլուին, ամրանան,
Մետաղն ըլլայ կարծր ու ջինջ,
Եւ փայլփըլումն իր երգէ փա՛ռքդ յաւիտեան
Ըմբոստութի՛ւն սրբազան…:

 

Պէյրութ, 11 մայիս 2018

 


Բոլտոնեան «Հակաիրան Ճանապարհային Քարտէզը»…

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք»օրաթերթի գլխաւոր խմբագիր

Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»…

Եւ իրաւամբ, հրաժարեալ Թիլերսոնին փոխարինած CIA-ի պետ Պոմպէոյի եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան գծով Թրամփի գերագոյն խորհրդական՝ Ջոն Բոլտոնի նշանակումից անմիջապէս յետոյ էր, որ հրթիռակոծւեցին սիրիական արւարձաններում իբր տեղակայւած քիմիական զէնքերի արտադրման օբիեկտները՝ ԱՄՆ-Անգլիա-Ֆրանսիա համատեղ ուժերի մասնակցութեամբ: Սրան զուգահեռ, Իսրայէլական օդուժը աւելի յաճախադէպ դարձրեց կէտային հարւածները ինչպէս Սիրիայի, այնպէս էլ իր ասութեամբ՝ Ասադին հովանաւորող ու Սիրիայում տեղակայւած իրանական յենակների ուղղութեամբ:

Չի բացառւում նաեւ, որ իր հակաիրան կեցւածքներով յայտնի Ջոն Բոլտոնի խորհուրդները մղեցին Թրամփին, որպէսզի ժամկէտից շուտ (մայիսի 12-ի փոխարէն, մայիսի  8-ին) յայտարարի Իրանի միջուկային միջազգային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրութեան մասին: Եւ հետաքրքիր կերպով սրան եւս յաջորդում են կրկին Իսրայէլական հրթիռային յարձակումները՝ «Սիրիայում տեղակայւած իրանական զօրամիաւորումների յենակէտներ»-ի դէմ:

Իսկ հէնց այդ օրերին էր, որ Լիբանանում՝ խորհրդարանական ընտրութիւններում համոզիչ յաղթանակ էին ապահովել Իրանին համակրող եւ Իսրայէլին հակադիր ուժեր, յանձինս Նասրօլլահի գլխաւորած «Հեզբօլլահ» խմբակցութեան պատգամաւորական բլոկը… եւ հակառակը՝ պարտութեան էին մատնւել Սաուդական Արաբիայի հովանաւորեալ Սաադ Հարիրիին յարող խմբակցութիւնները: Առջեւում, սակայն, Իրաքեան խորհրդարանական ընտրութիւններն են, որոնցում էլ ակներեւ է Իրանի քաղաքական կշիռը…

Ահաւասիկ, բոլտոնեան հակաիրան «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած կարելի է համարել ըստ հետեւեալի.

1-Նսեմացնել ու չէզոքացնել Իրանի տարածաշրջանային ներգործութիւնն ու ազդեցութիւնը…

2-Վերոգրեալը իրականացնել՝ ռազմական նկրտումներից բացի, եւ առաւել եւս միջուկային գործարքի տապալմամբ՝ տնտեսական նոր եւ հուժկու սանկցիաների կիրառմամբ…:

Դիմաւորել 100-ամեակը – 17. Երկիր, Պետութիւն, Անկախութիւն, Ինքնակառավարում Եւ Վեհապետութիւն

$
0
0

Յ. ՊԱԼԵԱՆ

Ազգի մը անկախութիւնը կ’ենթադրէ իր հայրենիքին մէջ, ուր իր նախահայրերը ապրած են եւ` մշակոյթ ստեղծած, ինքզինք կառավարելու անկաշկանդ իրաւունք:

Անցեալին անկախութիւնը կ’ըմբռնուէր որպէս իշխողին, իշխանին, թագաւորին անսահմանափակ ազատութիւնը եւ իրաւունքը` իր տիրոյթի սահմաններուն մէջ, շնորհուած աստուածային կամքով. վեհապետութիւն:

Կայսրութեան մը մէջ բռնութեամբ ներառուած երկիր մը, ինքնակառավարման եւ վեհապետական անսակարկելի իրաւունքները զիջած կ’ըլլայ այլ վեհապետական իրաւունքի, նոյնիսկ երբ պահուին տեղական իշխանութիւններ` ենթակայ Վեհապետ-ի (երկիր կամ իշխան), օրինակ` Պարսկական եւ Բիւզանդական Հայաստանները, Արեւմտահայաստանը` օսմանեան տիրապետութեան տակ, Արեւելահայաստանը` ցարական կամ խորհրդային:

Այս` ինքնակառավարման հարցով:

Իրաւ անկախութիւնը կ’ենթադրէ նաեւ հիմնական այլ սկզբունք մը. ազգային հողամասի ամբողջութեան տիրութիւնը: Երկրի մը սահմաններէն ներս կ’ապրի ժողովուրդ մը, որ կը տնօրինէ ինք իր եւ հողամաս-հայրենիքին ճակատագիրը: Այս է գերիշխան պետութիւնը` ընդունուած եւ ճանչցուած հողամասի մը վրայ, որ ազգ է, ազգ կը պահէ, կ’ունենայ բանակ` պաշտպանուելու համար արտաքին սպառնալիքներու եւ անբարեացակամութիւններու դէմ, որոնք «Մարդը մարդուն գայլն է»-ի տիրող մարդկային յարաբերութիւններու անբարոյութեան հետեւանք են:

Մեծ պետութիւնները, կայսրութիւնները, գաղութարարները, տիրապետուած ժողովուրդներու, ազգերու, հայրենիքներու ինքնակառավարման եւ անկախութեան ցանկութիւնը դատապարտելի գտած են եւ համարած են անջատողականութիւն, իրենց հողային ամբողջականութեան եւ վեհապետական իրաւունքին դէմ ոտնձգութիւն, հետեւաբար անոր դէմ պաշտպանութիւնը` ընդունելի եւ օրինական: Այսինքն ազատագրութեան եւ իրաւունք վերականգնելու միտումները ուզած են ճզմել:

Այսպէս, իրենց սահմաններէն դուրս տարածուած մեծ պետութիւններու հողային ամբողջականութեան ըմբռնումը եւ ժողովուրդներու եւ հայրենիքներու ինքնորոշման իրաւունքը կը հակադրուին: Հազարաւոր մղոններ Անգլիայէն հեռու գտնուող Հնդկաստանը կը պատկանէր Անգլիոյ թագին, Ալճերիան կը համարուէր ֆրանսական նահանգ: Շրջանին մէջ պատմութիւն եւ բնակութիւն չունեցող ներխուժողներ Արեւմտահայաստանը դարձուցած են իրենց երկիրը, իրենց ազգին, մշակոյթին եւ պատմութեան հետ կապ չունեցող Կոստանդնուպոլիսը` Իսթանպուլ եւ  իրենց կայսրութեան մայրաքաղաքը:

Այս կացութիւնները կը բացատրեն ազատագրական պայքարները եւ ապագաղութարարութիւնը, որոնք տիրողին կողմէ կը համարուին անջատողականութիւն:

Մէկ հատիկ մարդկային օրէնք եւ բարոյական սկզբունք կարելի՞ է գտնել` բացատրելու եւ արդարացնելու համար, որ Անին թրքապատկան ըլլայ, Կոստանդնուպոլիսը թրքապատկան ըլլայ:

Միջազգային օրէնքները, ժողովրդավարութիւնը եւ ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքը տեւական հակասութեան մէջ են, որուն պատճառով կը գումարուին անվերջանալի ժողովներ, տեղի կ’ունենան բանակցութիւններ: Իրաւունքը մեկնաբանութեան հարց չէ, այլ` ճշմարտութեան եւ բարոյականութեան, որոնց պակասի պատճառով է, որ բանակցութիւնները չեն աւարտիր, եւ խաղաղութիւնը կը մնայ ցանկութիւն, եւ իրաւազրկուած ժողովուրդի իրաւունքի հետապնդումը` անջատողականութիւն, եւ կ’ըսուի, որ ան տուեալ երկրի մը ներքին հարցն է:

Հակառակ մեծանուն ժողովներու եւ օրէնքներու բազմացման` մարդկութիւնը դեռ չէ յաջողած սկզբունքային արդարութիւնը դարձնել ընդհանուր կանոն, եւ կը շարունակուի սովորութիւն դարձած տեւաբար կարկտաններ ընելու ընթացքը, իսկ կարկտաններու ցաւը այն է, որ անմիջապէս նոր կարկտանի կարիք կը զգացուի, քանի որ շահակցութիւններով կ’առաջնորդուի քաղաքականութիւնը եւ ոչ` բարոյական սկզբունքներով: Թէեւ սովորական է լսել, որ ամէնքն ալ կ’աշխատին յաւելեալ արդարութեան, խաղաղութեան եւ այլ դրական նպատակներու ձգտելով: Այսինքն քաղաքական կեանքի բոլոր մակարդակներուն կան մեծ եւ պզտիկ մաքիավելիներ` թաղապետութենէն մինչեւ նախագահ կամ թագաւոր, որոնք կ’ըսեն մէկ բան, կ’ընեն այլ բան:

Դարեր կ’անցնին, եւ հակառակ հոգեպարար խօսքերու եւ հոգեշահ զրոյցներու` Նիքոլա Մաքիավելի (1469-1527) կը շարունակէ մնալ բոլոր քաղաքական գործիչներուն, մեծ թէ պզտիկ, անփոխարինելի ուսուցիչը: Գրած է, որ իշխանները, իշխողները, տիրողները կրնային իշխանութեան հասնիլ եւ մնալ դիրքի վրայ` միշտ ցուցադրելով առաքինիի եւ պարկեշտի դէմք մը, շարունակելով իրենց խարդախութիւնները եւ խորամանկութիւնները, որոնք իշխանութիւնը պահելու զէնքեր են:

Մաքիավելի լաւ դիտած է մարդը եւ բարքերը: Ըստ իրեն, առաքինութեան եւ պարկեշտութեան պատկերը կը բաւէ` համոզում ստեղծելու, քանի որ մարդիկ ընդհանրապէս աչքով կը դատեն եւ` ոչ ձեռքով, տրամադրուած ըլլալով տեսնելու, քան շօշափելու: Ամէն ոք կը տեսնէ այնպէս, ինչպէս որ կ’երեւիք, քիչեր ձեզ կը ճանչնան խորքով, եւ այդ քիչերը երբեք պիտի չհամարձակին մեծամասնութեան կարծիքին դէմ երթալ: Զանգուածին միշտ պակսած է առարկայական ըլլալու կարողութիւնը, եւ աչքին խտիղ տալով կամ յուզական ճառով առաջնորդած են զայն:

Մտածողներուն համար միշտ հարց եղած է, եւ է, քաղաքականի եւ բարոյականի տարբերութեան ըմբռնումը: Քաղաքական յարաբերութիւնները, միջազգային հաւասարակշռութեան եւ խաղաղութեան պահպանումը բաւարար պատճառներ կրնա՞ն ըլլալ պատմութեան ընթացքին գործուած անարդարութիւններու շարունակման, այս կամ այն ձեւով օրինականացման: Անարդարութիւնը կատարուած իրողութիւն համարել ո՞ր բարոյական եւ մարդկային օրէնքով կրնայ արդարանալ:

Ճանչնալ երկրի մը անկախութիւնը` առանց անոր իրաւունքներու վերականգնումին, անբարոյութիւն է: Կամ ճանչնալ երկրի մը անկախութիւնը եւ անոր չվերադարձնել իր հարստութիւնը, հանքերը, արտադրամիջոցները, զայն ճզմել պարտքերու բեռան տակ եւ նոյնհետայն զայն պահել ենթակայութեան վիճակի մէջ` կրկին անբարոյութիւն է: Այս տեղի կ’ունենայ մեր աչքին առջեւ:

Բայց ո՞ւր եւ ինչպէ՞ս պիտի խօսուի այս խնդիրներուն մասին, եւ լուծում գտնուի:

Մանաւանդ` այս օրերուն, երբ դրամի ներազգային եւ միջազգային տիրապետութիւնը քաղաքական յարաբերութիւններու լծակն է, բոլոր մակարդակներու վրայ: Անցեալին դեռ կային պարկեշտ եւ հեղինակութիւն ունեցող քաղաքական կարգ մը ղեկավարներ, որոնք գիտէին զատել մարզերը: Զօրավար Շարլ տը Կոլ առիթով մը ըսած էր, որ Ֆրանսայի քաղաքականութիւնը սակարանի մէջ չ’որոշուիր (La politique de la France ne se fait pas à la corbeille): Թերեւս վերջին միամիտն էր, կամ` բարոյականութեան տէր ղեկավարը: Միջազգային կեանքի բոլոր մակարդակներուն եւ երկիրներու մէջ քաղաքականութիւնը հարկատու է դրամին, քաղաքական դիրքերու հասնելու համար դրամը անհրաժեշտ է, քաղաքական դիրքն ալ, իր կարգին, բազմատեսակ մենաշնորհներու դռները կը բանայ, մասնաւորաբար` դրամական: Յաճախ կ’ըսենք, որ երկրի մը նախագահ ընտրուիլ` կ’ենթադրէ մեծ գումարներ: Տնտեսագիտութեան մեծ մասնագէտը կամ իմաստասիրութեան փայլուն դասախօսը ոչ մէկ հնար ունին այդ դիրքին հասնելու: Աչքի առաջ ունեցէք բազմաթիւ միլիոնները, որոնք կը ներդրուին նախագահական ընտրապայքարի մէջ:

Հետեւեցէ՛ք մեծերու, նախագահներու եւ նախարարներու կենսագրականին եւ վարած պաշտօններուն: Անոնք ընդհանրապէս կու գան դրամի օղակներէն:

Նոյն երկրին եւ միջազգային յարաբերութիւններու մէջ խիստ կարեւորութեամբ կը դրուի քաղաքական կեանքի բարոյականացման հարցը:

Անկախութիւնը եւ բոլոր անկախութիւնները փուճ կը դառնան, երբ մարդկային բարոյական եւ իրաւ արդարութիւն կը բացակային: Այս` ընդհանրապէս: Բայց նաեւ` մեր պարագային, երբ անկարող կ’ըլլանք անկախութիւնը փոխադրել հասարակական կեանքի մէջ` անհաւասարութիւնները, անարդարութիւնները եւ չարաշահումները շարունակելով:

Անկախութիւնը հարկ է լրացնել հայ քաղաքացիին անկախութեամբ, որ սոսկ քուէատուփին մէջ նետուած թղթիկը չէ, ոչ ալ` բողոքելու եւ տրտնջալու ազատութիւնը, այլ` այն պարզ սկզբունքը, որ բնութեան եւ գիտութեան բարիքները հաւասարապէս պէտք է ծառայեն բոլորին:

Իսկ հայուն եւ իր հայրենիքին անկախութիւնը մասնակի է, մինչեւ այն ատեն որ բռնագրաւուած հայրենիքը եւ իրմէ կողոպտուած ինչքը արդարութեան վճիռով մը չեն վերադարձուիր:

Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը ամբողջական ըլլալու համար պէտք է հասնինք հայրենիքի ամբողջացման, կողոպուտի վերադարձին` ըլլայ ինչքի թէ հողի, եւ ի վերջոյ` գործուած ոճիրի որպէս այդպիսին ճանաչման ու դատապարտութեան:

Իսկ հայը` ինք, այս արդարութեան պահանջի եւ իրականացման ճանապարհին պիտի ըլլայ տէր եւ ծառայ` հայրենատիրութեամբ, հայրենադարձութեամբ, իր հարազատ ինքնութեան պաշտպանութեամբ:

Մեր իրաւունքի վերականգնումի պայքարը քաղաքական եւ միջազգային անբարոյականութեան դէմ պիտի ըլլայ, ներսը եւ դուրսը, այդ բարոյականութեան գլխարկով ներկայացողներէն պահանջելով, որ իրաւունքը յարգուի:

Հայ ժողովուրդի այսօրուան եւ վաղուան ռազմավարութիւնը պիտի ըլլայ անկախութեան լրացումը, որ է` միացեալ ամբողջացած հայրենիքին մէջ որպէս միացեալ ազգ ապրելու իրաւունքը:

Այս է նաեւ պատմութեան բեմէն չանհետանալու ճիշդ ընտրանքը` մենք մեզի եւ աշխարհին ըսելով եւ ձեռնածալ չմնալով, որ հայ ժողովուրդի լինելութիւնը սակարաններու մէջ չ’որոշուիր:

Ոմանց համար` տոնքիշոթութիւն, բայց քաղաքական յարաբերութիւններու բարոյականացման զէնքը մեր լաւագոյն նեցուկն է, ոչ ոք խիղճի հանդարտութեամբ կրնայ խուլ եւ կոյր ըլլալ արժէքներու դիմաց` գիտնալով մանաւանդ, որ օր մը արձակուած պումըրանկը զիրենք ալ կրնայ հարուածել:

Իսկ մենք պիտի գիտնանք, թէ ի՛նչ ըրինք եւ կ’ընենք հրավառութիւններէն առաջ, ի՞նչ պիտի ընենք, երբ անոնք մարած ըլլան:

Մենք` Հայաստան եւ սփիւռք(ներ):

Ինքզինք յարգող ազգ մը կրնա՞յ նպարավաճառի պէս շահ-վնասի տոմարներուն մէջ արձանագրել իր կորուստները: Այդ կորուստները անհատական չեն, հաւաքական են, հետեւաբար կ’ենթադրեն բարոյական առանց ճապկումի տիրութիւն:

19 յունուար 2018, Նուազի-լը-Կրան

Նիկոլ Փաշինեանի Ծրագրային Ելոյթը Ազգային Ժողովին Մէջ

$
0
0

Առաջնահերթութիւն 1

Հայաստանում յեղափոխական կշռոյթով պէտք է զարգացնել բարձր արհեստագիտութիւնների ոլորտը, ինչի նախապայմանները, ըստ էութեան, այսօր առկայ են մեր երկրում: Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակը պէտք է լինի ռազմարդիւնաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կը լինի ապահովել մեր բանակի մարտունակութեան եւ ազգային անվտանգութեան մակարդակի բարձրացումը: Ընդ որում, ռազմարդիւնաբերական համալիր ասելով` մենք պէտք է հասկանանք ոչ միայն այսօր գոյութիւն ունեցող արհեստագիտութիւնների որդեգրումն ու կիրառումը, այլեւ պէտք է մտածենք նոր, յեղափոխական գաղափարների մասին, այնպէս ինչպէս սմարթֆոների հեղինակներն էին մտածում այն ժամանակներում, երբ աշխարհում հաստատուել էր բջջային հեռախօսների գերիշխանութիւն: Այս մօտեցումը մեզ հնարաւորութիւն կը տայ արագ եւ արդիւնաւէտ կերպով վերականգնել Հայաստան-Ազրպէյճան խախտուած ռազմական հաւասարակշռութիւնը:

Առաջնահերթութիւն 2

Հայաստանում յեղափոխական թափով պէտք է զարգացնել նաեւ գիւղատնտեսութիւնը: Նոր արհեստագիտութիւնների կիրառումը պէտք է լայնօրէն տարածուի նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում` այս պարագայում էլ որպէս ռազմավարական նպատակ ունենալով չմշակուող գիւղատնտեսական հողերի թուի շեշտակի նուազումը եւ ի վերջոյ այդպիսի հողերի գոյութեան բացառումը: Այս նպատակին հասնելու համար մենք պէտք է տրամաթիք ջանքեր գործադրենք, նորանոր խթաններ ու մեքանիզմներ մտածենք, ընդհուպ հարկային եւ այլ արտօնութիւններ սահմանենք: Այս համածիրում իհարկէ չափազանց կարեւոր է, որ կառավարութիւնը օգնի գիւղացուն` վարկային անտանելի բեռները թեթեւացնելու հարցում: Ինչպէս արդէն ասել եմ, մենք մտադրուած ենք դրամատների ու վարկային կազմակերպութիւնների հետ աշխուժ բանակցութիւններ սկսել ֆիզիքական անձանց ունեցած յատկապէս գիւղացիական վարկային պարտաւորութիւնների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար` պետական պիւտճէի, դրամատների համար ընդունելի վնասի շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ անզէն աչքով էլ նկատելի է, որ գիւղատնտեսութեան ոլորտում արտահանման ահռելի հնարաւորութիւն կայ, որը չի օգտագործւում, այդ թւում` արտահանման ոլորտում առկայ փաստացի մենաշնորհների գոյութեան պատճառով: Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարաւորութիւններ կը բացուեն, մասնաւորապէս` դէպի Իրան խոշոր եւ մանր եղջերաւոր գլխաքանակի արտահանման համար, իսկ դէպի ԵԱՏՄ երկրներ գիւղմթերքի արտահանման հնարաւորութիւնները կ՛ընդլայնուեն բոլորի համար:

Գիւղատնտեսութեան ոլորտում մենք պէտք է եւս մէկ ռազմավարական նպատակ ձեւակերպենք. այն է` Հայաստանում ոռոգման ջուրը նոյնքան հասանելի պէտք է լինի, որքան ելեկտրական հոսանքն է տարածուած եւ հասանելի: Կաթիլային ոռոգումը պէտք է դառնայ համատարած երեւոյթ, ինչը հնարաւորութիւն կը տայ ջրի ահռելի խնայողութիւններ անել:

Առաջնահերթութիւն 3

Հիմա արդէն ակնյայտ է, որ Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացուել: Վերջին մէկ ամսուայ ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրութեան կենտրոնում է, Հայաստան անունը վերջին 15 օրերին գրեթէ մշտապէս ներկայ է համաշխարհային լրատուամիջոցների գլխագրերում եւ մեր երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնը լուսաբանուել է հիմնականում դրական լոյսի ներքոյ` աննախադէպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի եւ ժողովրդի վարկանիշը: Սա ստեղծում է բոլոր նախադրեալները, որ տարուայ երկրորդ կէսին մենք զբօսաշրջութեան աննախադէպ աճ ունենանք, որովհետեւ կանխատեսելիօրէն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թէ այս ի՛նչ երկիր է, որ կարողացել է սիրոյ եւ համերաշխութեան այնպիսի յեղափոխութիւն անել, որ յուզել եւ գրաւել է համաշխարհային հանրութեանը: Զբօսաշրջիկների թուի այս սպասուող աճը բացառիկ հնարաւորութիւն է ստեղծում փոքր եւ միջին պիզնեսի զարգացման համար: Այս առումով, մեր բոլորի անելիքը շատ յստակ է. մեր հիւրերի համար անհրաժեշտ է ապահովել սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որ յարիր կը լինի Հայաստանի այն պատկերին, որը վերջին մէկ ամսուայ ընթացքում ձեւաւորուել է միջազգային մամուլում: Նաեւ այս իմաստով առանձնայատուկ կարեւորում եմ ոստիկանութեան եւ միւս իրաւապահ մարմինների աշխատանքը. այս մարմինները, հանրութեան հետ համագործակցելով` պէտք է ապահովեն, որպէսզի քրէածին աշխուժութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում շատ արագ հասնի աննախադէպ ցածր մակարդակի: Հանրապետութիւնում այսօր հաստատուած մթնոլորտը նման արդիւնքի հասնելու բացառիկ հնարաւորութիւն է տալիս: Զբօսաշրջութեան զարգացման տեսակէտից չափազանց կարեւոր եմ համարում օդային փոխադրամիջոցների գների անկմանն ուղղուած ջանքերի գործադրումը:

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ վարչապետ ընտրուելուց յետոյ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքն է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հաւաքական շահը: Ինչպէս արդէն յայտարարել եմ, Հայաստանը կը շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, եւ մենք կը գործադրենք բոլոր հնարաւոր ջանքերն` այս կազմակերպութեանը Հայաստանի անդամակցութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու համար: Հայաստանը կը շարունակի մնալ նաեւ ՀԱՊԿ անդամ` անդամութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու խնդիրը հետապնդելով նաեւ այս կազմակերպութիւնում:

Ռուսաստանի Դաշնութեան հետ ռազմավարական-դաշնակցային յարաբերութիւնների բնագաւառներում զարգացումը մեր գլխաւոր առաջնահերթութիւնների թւում է` Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները պէտք է հիմնուած լինեն բարեկամութեան, իրաւահաւասարութեան, առկայ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամութեան վրայ: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցութիւնը դիտարկում ենք որպէս Հայաստանի անվտանգութեան ապահովման համակարգի կարեւոր գործօն:

Մեր առաջնահերթութիւններից է եւրոպական երկրների եւ Եւրոմիութեան հետ յարաբերութիւնների խորացումը: Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի շուտափոյթ վաւերացումը եւ ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից: Մենք ամէն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտօնագրի պահանջի վերացման ուղղութեամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցութիւնները սկսել ամենամօտ ապագայում:

Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ բարեկամական գործակցութիւնը նոր խթանի կարիք ունի: Մենք նպատակադրուած ենք յստակ գործնական քայլեր ձեռնարկել Միացեալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցութեանը զարկ տալու համար:

Մենք առանձնայատուկ կարեւորութիւն ենք տալիս Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան յարաբերութիւններին եւ որեւէ կասկած չկայ, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու ուժ է տալու մեր անմիջական հարեւանների հետ յարաբերութիւններին:

Մենք խորացնելու ենք Հայաստանի յարաբերութիւնները Չինաստանի հետ եւ արտաքին քաղաքական այս ուղղութիւնը համարում ենք շատ կարեւոր: Պակաս կարեւորութիւն չենք տալիս նաեւ Հնդկաստանի հետ մեր աւանդական բարեկամական կապերի խորացմանը:

Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրաւունքի հիման վրայ կարգաւորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրն ինքնուրոյն որոշելու անքակտելի իրաւունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման առումով մենք յանձնառու ենք բացառապէս խաղաղ կարգաւորմանը, որի հիմքում պէտք է ընկած լինի ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պէտք է հաղորդել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացին, որն աշխարհասփիւռ հայութեան գործունէութեան կարեւոր ուղղութիւններից պէտք է դառնայ: ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ազրպէյճանի ղեկավարի հետ` որպէս հիմք ունենալով վերը նշուած սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում, սակայն, ընդգծել, որ բանակցութիւնները չեն կարող լիարժէք եւ արդիւնաւէտ համարուել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտութեան լիարժէք կողմերից մէկը` Արցախի ղեկավարութիւնը, ինչը նախատեսուած է Մինսքի խմբի 1992 թուականի լիազօրագիրով:

Մենք հաւատարիմ ենք Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, քանզի համոզուած ենք, որ միայն ոճրի ճանաչման միջոցով հնարաւոր է կանխարգելել նման յանցագործութիւնները: Մարդկութեան դէմ յանցագործութիւնների եւ ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ:

Մենք մեծ կարեւորութիւն ենք տալիս աշնանը Երեւանում կայանալիք ֆրանսախօս երկրների գագաթաժողովին, ինչն անկասկած կը կազմակերպուի բարձր մակարդակով: Հայաստանն ամբողջութեամբ պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակաւոր կազմակերպութեան նախագահութիւնը:

Դառնալով Հայաստանի դիւանագիտական կառոյցի աշխատանքին` հարկ եմ համարում ընդգծել, որ լրջօրէն պէտք է վերանայուի ոչ քատրային դեսպանների եւ գլխաւոր հիւպատոսների նշանակման աւանդոյթը: Դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարները պէտք է հաշուետու լինեն նաեւ խորհրդարանին: Պէտք է գնահատել մեր դեսպանութիւնների աշխարհագրական սփռուածութեան եւ տարիների ընթացքում դրանց գործունէութեան արդիւնաւէտութիւնը, որոշել դրանց հետագայ աշխատանքի նպատակայարմարութիւնը:

Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի բնականոն զարգացումն ապահովելու իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու, Հայաստանում բնակուող իւրաքանչիւր մարդու տրամադրութիւնն ու ինքնազգացողութիւնը: Նախկինում նշել եմ արդէն, որ երբեմն տպաւորութիւն էր ստեղծւում, որ մարդու գործառոյթը Հայաստանի Հանրապետութիւնում ոչ թէ ապրելը, ստեղծագործելն ու երջանիկ լինելն է, այլ` տուգանուելը, տուգանուելը, ապա նորից տուգանուելը, յետոյ նորից տուգանուելը` տուգանքը ժամանակին չվճարելու համար:

Արատաւոր այս երեւոյթը տարածուած է մի քանի ոլորտներում, բայց յատկապէս զգալի է երթեւեկութեանը հետեւող արագաչափերի եւ տեսախցիկների գործունէութեան դաշտում: Ոչ ոք չի կարող նսեմացնել երթեւեկութեանն անվտանգութիւնն ապահովելու խնդրի կարեւորութիւնը: Բայց համաձայնէք` դա չի կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատուութեան, ինքնազգացողութեան, երկրի մթնոլորտը խաթարելու հաշուին: Երթեւեկութեան կանոնների, ինքնաշարժների կայանատեղիների հետ կապուած Հայաստանի քաղաքացիներին տարեկան միլիոնաւոր տուգանքներ են նշանակւում, ինչից կարող է տպաւորութիւն ստեղծուել, որ Հայաստանում ապրում են բացառապէս օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով աւելի հաճոյքով չեն զբաղւում, քան` օրէնքները խախտելով: Այս անհեթեթ իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթեւեկութեան կարգապահութեան պահպանմանը, այլեւ ուղղակիօրէն հարուածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողութեանն ու տրամադրութեանը:

Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պէտք է վերջ դնել ժամ առաջ: Եւ նպատակը պէտք է լինի ոչ թէ մարդկանց տուգանելը, այլ` նրանց զգօնութիւնը բարձրացնելը, համագործակցութեան եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դէպքերում, երբ այնուամենայնիւ բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց յաճախութեամբ պէտք է համապատասխանեն Հայաստանում հաստատուած ընդհանուր ընկերային-տնտեսական վիճակին եւ ընդհանրապէս տրամաբանութեանը:

Այս մօտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթեւեկութեան անվտանգութեան, ինքնաշարժների կայանատեղիների, այլեւ ընդհանրապէս բոլոր ոլորտներում: Շատ յաճախ փոքր եւ միջին գործարարութեամբ զբաղուող անհատ ձեռներէցների եւ ընկերութիւնների վրայ անիմաստ ու աննպատակ տուգանքներ են բարձուած, որոնք չեն վճարուել ու չեն վճարուելու. տուգանուողներին երբեմն աւելի ձեռնտու է փակել պիզնեսը կամ ընկերութիւնը, քան թէ` վճարել այդ տուգանքները: Սա անտրամաբանական է եւ անընդունելի, ու Հայաստանի Հանրապետութիւնը սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետութիւնից շատ արագ պէտք է վերածուի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետութեան: Պետութիւնը պէտք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ պիտի սիրի իր պետութեանը, եւ ահա նաեւ այսպիսի արդիւնք պիտի արձանագրենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութեան շնորհիւ:

Նաեւ այս համածիրում առանձնայատուկ կարեւորութիւն եմ տալիս հայոց բանակի ժամկէտային զինծառայողների ծնողների վրայ յաւելեալ հոգսեր բարդելու սովորութիւնը շատ արագ վերացնելուն, եւ իմ առաջին յանձնարարականը պաշտպանութեան նախարարին լինելու է արագ եւ անյետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպէսզի բացառուի բանակում ծառայող ոեւէ զինուորի կարիքի բաւարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրայ դնելը: Պետութիւնը պարտաւոր է բանակ զօրակոչուած զինուորին ապահովել նրան անհրաժեշտ ամէն ինչով` որակեալ սննդով, հագուստով, առողջապահական պարագաներով, կօշիկով եւ նոյնիսկ անյարմար է, որ հայոց յաղթանակած բանակի զինուորի օրակարգում այսպիսի խնդիր կայ:

Կատարելապէս անթոյլատրելի է նաեւ, որ բանակում հակառակորդի գործողութեան պատճառով կամ խաղաղ պայմաններում զինուորների զոհուելու մասին տեղեկութիւնները դառնան աչքի համար սովորական, լրահոսի վերնագիր: Բանակում տեղի ունեցած իւրաքանչիւր միջադէպ պէտք է մանրամասն եւ արհեստավարժ քննութեան առարկայ դառնայ, պէտք է արուեն համապատասխան հետեւութիւններ, պէտք է ձեռնարկուեն հետագայ կանխարգելիչ միջոցներ, եւ հանրութիւնը պէտք է բաւարար չափով տեղեկացուած լինի այս ամէնի մասին: Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի պէտք է համոզուած լինի, որ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւոր եւ նոյնիսկ անհնար ամէն ինչ անում է իւրաքանչիւր զինուորի կեանքը, առողջութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու համար: Իսկ բանակի անձնակազմի հետ կապուած յաջորդ կարեւոր խնդիրը հետեւեալն է. մենք պէտք է լրջագոյն միջոցներ ձեռնարկենք, որ իւրաքանչիւր ժամկէտային զինծառայող բանակից քաղաքացիական կեանքի վերադառնայ աւելի բարձր կրթական ցենզով, քան ունեցել է զօրակոչուելիս:

(Շար. 2)

 

Այժմէականութի՞ւն, Լայնամտութի՞ւն, Թէ՞…

$
0
0

ՄԱՏԼԷՆ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Նամակատուփս կը բանամ. դրամատան հաշուեցոյց, կեանքի ու տան ապահովագրութեան տեղեկագիր, յայտարարութիւններ ու տակաւին ինչե՜ր ու ինչե՛ր… Այս ամէնը երկու ձեռքերուս մէջ առած` ներս կ՛անցնիմ: Գրասեղանիս վրայ զանոնք տեղաւորելէ ետք, այս բոլորէն ո՞ր մէկը բանալու ընտրութեանս մէջ շուարած, առաջնահերթութեամբ մը, չեմ գիտեր` ինչո՞ւ, ուշադրութիւնս գրաւող մեծ ու փայլուն, սասունցի հօրս խօսքերով` «պսսուն» պահարանին էր, որ ձեռքս երկարեցի:

Օտարազգի բարեկամուհիի մը զաւկին պսակի արարողութեան ներկայ գտնուելու հրաւիրատոմս էր այդ մէկը: Երէկուան պզտիկ տղան այսքան շո՞ւտ մեծցաւ, վկայուեցաւ ու հիմա ալ պիտի ամուսնանա՞յ… ինքնիրենս կ՛ըսեմ:

Ժամանակին այնքան արագ ընթանալուն համար ունեցած զարմանքս կարծես բաւարար չէր, որ ոեւէ հրաւիրեալի պէս, պահարանէն դուրս հանած հրաւիրատոմսիս ընթացիկ պարունակութիւնը կարդալով,  փեսային հօր ու մօր անունը որպէս ծնողք հոն չգտած, լայն-լայն բացուած աչքերուս հետ անզգալաբար յօնքերս ալ վեր բարձրացան: Սխալմա՞մբ, թէ՞ դիտումնաւոր ձեւով եղած էր այդ մէկը, չեմ գիտեր ու չուզեցի գիտնալ մինչեւ այն ատեն, երբ համալսարանի դասախօս ու նախապէս երկու մեծ ընկերութիւններու վերակացու նշանակուած բարեկամուհիս հեռաձայնեց.

– Մեր հրաւիրատոմսը ստացա՞ր,- հարցուց ու վերապահ կեցուածքէս ոչինչ հասկցած, խօսքը շարունակելով, «աւելի ճիշդը` պարունակութիւնը կարդացի՞ր», հարցուց:

Վիրաւորուած ըլլալու իր հոգեվիճակը շատ լաւ հասկցած, կրցածիս չափ խօսքերէն ելած ծուխն ու մուխը կրակի չվերածելու մտահոգութեամբ, զայն չկարդացած ձեւանալով` փորձեցի լուռ մնալ:

– Վաղը,- շարունակեց,- առանց ժամանակ կորսնցնելու` խնամիներուս հետ հանդիպում պիտի ունենամ, եղածին համար բացատրութիւն պիտի պահանջեմ:

Իրականացած էր այդ հանդիպումը, որուն ընթացքին «թեւեր առած» հարսնացուին հայրը.

– Ես եմ դրամ վճարողը.- կ՛ըսէ ան,- կամքովս պէտք է որ ըլլայ ամէն ինչ. առաջին պսակը չէ, որ կ՛ընեմ, նախապէս այս ձեւով երկու աղջիկ ամուսնացուցած եմ արդէն:

– Ես ալ,- կը պատասխանէ բարեկամուհիս,- ասկէ առաջ երկու տղայ ամուսնացուցած եմ, բոլոր ծախսերը ես եմ վճարած, բայց հրաւիրատոմսերուն մէջ երկու ծնողներուն անունները որպէս առաջնահերթութիւն երբե՛ք չեմ մոռցած. տարիներու սովորութիւն մը ինչպէ՞ս կրնաս անտեսել, գիտե՞ս, թէ այս ըրածդ ծնողքի մը համար ի՛նչ կը նշանակէ…- ու զիրար աւելի լաւ հասկնալու համար, որոշ լռութենէ մը ետք, իրարու հետ ունեցած խօսակցութիւնը հազիւ շարունակելու վրայ էին, երբ այս անգամ ապագայ հարսիկը, կարծես` եղած տարակարծութիւնները բաւարար չէին, խօսքի մէջ մտած` կեսուրին դառնալով աւելցուց.

– Կ՛ուզեմ, որ բոլոր այր մարդիկ պոչաւոր բաճկոն, կիներն ալ սեւ, երկար հագուստ հագուին այդ օր, իսկ ուտելիքները… անհոգ եղիր, հրաւիրեալներու քիմքին յարմար ամէնէն ընտրեալները արդէն իսկ ապսպրած եմ. քաղաքական մարդիկ ներկայ պիտի ըլլան պսակադրութեանս արարողութեան. մայրս նահանգապետին նախկին ընկերուհին էր, գիտէ՞ք:

Այսքանը լսելով` «ասոնց հետ ինչպէ՞ս պիտի յարաբերիմ»-ի մտահոգութեամբ, ու տղուն պսակի օրը սեւ հագուստ հագուիլը բացառած, այլեւս ըսելիք չունենալով` ընելիք միայն գտած, պայուսակը շալկելով` նստած տեղէն դուրս կու գայ ան:

Քանի մը օր անց էր, երբ անմիջական միայն ծանօթներու ուղարկուած երկրորդ հրաւիրատոմս մը ստանալով` զայն բացի, այս անգամ բարեկամուհիիս եւ ամուսնոյն անուններն ալ իբրեւ ծնողք` գրուած գտայ հոն:

Տղան ուրիշներու կողմէ որպէս գնուած ապրանք չէր ուզեր տեսնել. հիմնական մեծ փոփոխութիւն մըն ալ ընելու համար տղուն կողմէ` քիչ մը շա՜տ ուշ էր: «Ամէն մարդ իր կեանքը ունի», միշտ ըսած էր ան, ու առանց ժխտական կեցուածքներ ստեղծելու` իր ընտրութեան մէջ ազատ ձգած էր տղան, ազատութիւն, որուն սահմաններէն ներս թէ դուրս մնալու պարագային, անպայմա՛ն օր մը կրնաս վնասել կամ վնասուիլ:

Առաջատար Ամերիկայի մէջ ահաւասի՛կ` նոր օրերու խայտառակութիւն… մէկ պսակադրութեան համար երկու տեսակ հրաւիրատոմս. տղայ գնել ու` ընտանիք կազմել. ո՞ւր մնացին` այր մարդու ինքնասիրութիւնը, տան մէջ ունենալիք տեղը, արժէքն ու հեղինակութիւնը… Պատմութեան էջերուն մէ՞ջ, թէ՞ Արեւելքի սահմաններէն ներս, եթէ անշուշտ հոն ալ նոյնը մնացած է: Դրամի համար ուրիշի կամակատա՞րը դառնալ… Որքա՞ն ատեն մէկը կրնայ դիմանալ, հապա՞ որ այդ դրամը ձեւով մը պակսի, իսկ օր մըն ալ ամբողջութեամբ հալի… Այն ատեն է, որ միայն, հաւատացէք, իրարու հանդէպ լարուելով ու իրարու երես դարձուցած, ընտանիք պիտի քանդեն… առիթ տալով, որ երէկուան իւրաքանչիւր հրաւիրեալ, իրենց պսակադրութիւնը յայտարարող մեծ ու փայլուն պահարանին տժգոյն պարունակութիւնը վերյիշելով` անտարակոյս ըսէ. «Այդ օրուան ամպն էր, որ այսօրուան անձրեւը բերաւ»:

Օտար, բայց նոյնիսկ անմիջական մեր շրջապատին մէջ նման տարբերակներ շատ են: Եղածը այժմէականութի՞ւն է, լայնամտութի՞ւն, թէ՞ կիներու իրաւունքներու սահմաններու ընդարձակում… Ո՛ր մէկը կ՛ուզէք, հաշուեցէք, բայց ամբողջ դէպքը, իր դերակատարներով միասին, օտարի կողմէ հրամցուած որպէս չփախցուելիք մեծ նորութիւն, զայն յափշտակելով` չկապկենք… այն քաջ համոզումով, որ տարիներու ընթացքին ամէն տեսակի ու գոյնի մարդոց կողմէ ընդունուած, յարգուած ու յատկապէս մեզի համար այլեւս սկզբունք դարձած` «Քու հօր ու մօր յարգանք պատիւ չմոռնաս» պապենական սովորութիւնը, մէկ օրէն միւսը, վրայէ հանուած երէկուան` հին, իսկ այսօրուան ժամանակավրէպ հագուստի մը նման մէկ կողմ շպրտելով` ժամանակին ետեւ չ՛անցնիր, չէ անցած ու պիտի չանցնի տակաւին…

 

 

Համազգայինի «Բագին» Գրական Հանդէսի Վերջին Երկու Տարիները

$
0
0

ԵՍԱՅԻ ՀԱՒԱԹԵԱՆ

Արդէն երկու տարի է Համազգայինի «Բագին» գրական հանդէսը լոյս կը տեսնէ նոր  խմբագրական կազմով մը` գլխաւոր խմբագիր` Սոնիա Քիլեճեան-Աճեմեան, փոխխմբագիր` Նորա Բարսեղեան, խմբագրական խորհուրդ` Քրիստիան Բատիկեան, Մարուշ Երամեան, Վիգէն Թիւֆենքճեան, Յակոբ Կիւլլիւճեան, Աւետիս Հաճեան, Վարդան Մատթէոսեան, Շաղիկ Մկրտիչեան, Արքեմնիկ Նիկողոսեան, Արամ Պաչեան, Սեւան Տէյիրմենճեան, Միրնա Տուզճեան եւ Յարութիւն Քիւրքճեան: Ձեւաւորումը վստահուած է  Անուշ Ակներեանին, իսկ էջադրումը` Գօգօ Հաւանճեանին:

Խմբագրութեան անդամները  երէց եւ  երիտասարդ սերունդի  գրողներ են, որոնք  նոր շունչով, նոր մօտեցումներով  եւ նոր տեսիլքով սկսան հրատարակութեան տալ «Բագին»-ը:

Լոյս տեսած են արդէն  2016-ի եւ  2017-ի թիւերը`  եռամսեայ հերթականութեամբ, ընդամէնը`  7 թիւ (2016-ի առաջին երկու թիւերը` միացեալ,  նուիրուած` Գրիգոր Պըլտեանին):

Նախքան որեւէ խօսք ըսելը` անհրաժեշտ է քանի մը հաստատումներ կատարել:

Համազգայինի «Բագին» գրական հանդէսը արդէն 57 տարիներէ ի վեր լոյս կը տեսնէ եւ ստեղծած է վաստակ մը, որ հպարտութիւն կը ներշնչէ: Կուտակուած է պատկառելի արխիւ, որ հայ գրականութեան  20-րդ դարու  ստեղծագործութիւններու կարեւոր շտեմարան  մը կը նկատուի:

Յատկապէս 20-րդ դարու երկրորդ կէսին համար «Բագին»-ը բեմը եղած է հայ գրականութեան թէ՛ սփիւռքահայ, թէ՛ հայրենի գրողներուն: Շատ մը կարեւոր հրատարակութիւններ առաջին անգամ «Բագին»-ով հրամցուած են մեր ժողովուրդին: Այս պատճառներով «Բագին»-ը արդարօրէն տիրացած է բարձր գնահատանքի` դառնալով Համազգային մշակութային միութեան կարեւոր իրագործումներէն մէկը:

Հաւատալով անոր կարեւոր առաքելութեան` Համազգայինի իրերայաջորդ կեդրոնական վարչութիւնները ամէն  ջանք ի գործ դրած են «Բագին» գրական հանդէսը անընդմէջ հրատարակելու,  նոյնիսկ երբ հետաքրքրութիւնը նուազած է հայ գրականութեան հանդէպ, եւ բաժանորդներու թիւը անհամեմատօրէն անկում կրած է…

«Բագին»-ի վերջին երկու տարիներու 8-ը թիւերու ընթերցումը ընթերցողը կը փոխադրէ  գրական նոր հարթակ մը, ուր տիրական են հայ գրականութեան վերջին շրջանի գրողներու ստեղծագործութիւնները` առանց մոռացութեան տալու մեր անցեալի գրական աւանդը:

Արդիական շունչ մը կը փչէ «Բագին»-ի էջերէն:

Կը ներկայացուին    գրողներ, որոնք հայ գրականութեան վերջին տասնամեակներու ստեղծագործողներ են: Եթէ անոնցմէ ոմանք արդէն հանրածանօթ գրողներ են (Զարեհ Որբունի, Վահէ Օշական, Գրիգոր Պըլտեան, Մարուշ Երամեան, Փանոս Ճերանեան, Յարութիւն Պէրպէրեան…) եւ ունին շատ մը հրատարակուած հատորներ, ուրիշներ «Բագին»-ի ընթերցողներուն  նուազ ծանօթ  անուններ  են  (Զաւէն Պիպեռեան, Թենի Արլեն, Անահիտ Սարգիսեան, Արամ Պաչեան, Արամ Մամիկոնեան, Հրայր Անմահունի, Ճեսսի Արլեն, Գէորգ Փալանճեան, Աննա Արզումանեան, Յասմիկ Սիմոնեան, Քրիստիան Բատիկեան, Թամար Պոյաճեան…): Կան նաեւ շատ աւելի երիտասարդները` իրենց գրական առաջին քայլերով (Հրակ Փափազեան, Անուշ Ակներեան, Գարոլինա Սահակեան…):

Ուրեմն, «Բագին»-ը հաւատարիմ  իր առաքելութեան` կը կամրջէ հայ գրականութեան վերջին երեք սերունդներու սպասարկուները`  թերթը հետաքրքրական դարձնելով բոլորին համար, ստեղծելով գրական իր այլազանութեամբ եւ արդիականութեամբ յատկանշուող հարուստ եւ  բաբախող  բեմ մը:

Հաւատարիմ նաեւ  իր անցեալի գրական ճանապարհին` խմբագրութիւնը կը շարունակէ լայն տեղ տալ գրականագիտական ուսումնասիրութիւններու` հիներու կողքին (Անահիտ Տէր Մինասեան,Վարդան Մաթէոսեան, Մարկ Նշանեան, Յարութիւն Քիւրքճեան, Վրէժ-Արմէն…) տեղ տալով նաեւ նոր վերլուծաբաններու (Կարօ Յովհաննէսեան, Վիգէն Թիւֆենքճեան, Միհրան Մինասեան, Կարէն Ջալլաթեան, Րաֆֆի Աճեմեան, Յակոբ Կիւլիւճեան, Թագուհի Ղազարեան, Դալար Շահինեան, Ճենիֆր Մանուկեան, Նորվան արք. Մանուկեան, Աւետիս Հաճեան, Թագուհի Ղազարեան, Նաթալի Նազիկ Գարամանուկեան, Սիրանուշ Դւոյեան, Սեւան Տէյիրմենճեան…):

Կը ներկայացուին նաեւ շարք մը նոր անուններ, ինչպէս` Խաչիկ Տէր Ղուկասեան (ծանօթ` իր  հրապարակագրական յօդուածներով), Խաչիկ Տէտէեան, Թենի Արլեն…

Ինչպէս կարելի է նկատել, «Բագին»-ի խմբագրութիւնը իր հովանիին տակ  յաջողած է համախմբել հայ գրականութեամբ ապրող եւ ստեղծագործող հոյլ մը գրողներ, որոնք ունին` տարբեր տարիք, տարբեր մասնագիտութիւն եւ մանաւանդ տարբեր տեսիլք: Այս է պատճառը, որ գրական թերթը հարուստ է այլազանութեամբ, տարբեր ոճերով եւ տարբեր նիւթեր շօշափող գրութիւններով:

«Բագին»-ի տարբեր թիւերը ունին նաեւ տարբեր  շեշտաւորումներ: Եթէ առաջին երկու թիւերը նուիրուած են Գրիգոր Պըլտեանի գրականութեան, չորրորդը լուսարձակի տակ կը բերէ Զարեհ Որբունին, մինչ վեցերորդը կը ներկայացնէ պոլսահայ գրող Զաւէն Պիպեռեանը, իսկ եօթներորդ եւ ութերորդ թիւերուն մէջ տիրական ներկայութիւն է սփիւռքահայ եզակի գրող Վահէ Օշականը:

Ակներեւ են նաեւ թերթին տեսքն ու ձեւաւորումը, որոնք համահունչ են «Բագին»-ի նոր տեսիլքին:

Եւ այսպէս, հայ գրականութեամբ ապրող խումբ մը նուիրեալներ կ՛աշխատին վառ պահել «Բագին»-ի կրակը` հակառակ արդի կեանքի բոլոր դժուարութիւններուն: Կը մնայ մաղթել, որ Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը շարունակէ հովանաւորել «Բագին»-ի հրատարակութիւնը` հակառակ առկայ բոլոր դժուարութիւններուն:

11 մայիս 2018                                                        
Մուսա լեռ-Այնճար

Նիկոլ Փաշինեանի Ծրագրային Ելոյթը Ազգային Ժողովին Մէջ

$
0
0

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի, ժողովրդական յեղափոխութեան ամենաաշխուժ մասնակիցների շարքում էին դպրոցականները եւ ուսանողները, եւ սա բոլորիս համար ազդակ պիտի լինի, որ կրթութեան ոլորտում ունենք լրջագոյն հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից առաջնայինը, որը խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթիւրում կրթական օճախների գործունէութեան իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատաւոր սովորութեան պէտք է վերջ դնել: Դպրոցների, միջին մասնագիտական հաստատութիւնների, բուհերի քաղաքական գործառոյթը պէտք է լինի ոչ թէ իշխանամէտ կամ ընդդիմադիր, այլ` ազատ քաղաքացի դաստիարակելը, ազատ քաղաքացին ինքը թող որոշի իշխանամէտ է ինքը ուզում լինել, ընդդիմադիր, թէ ընդհանրապէս ապաքաղաքական: Ընդ որում, երեք տարբերակն էլ հաւասարապէս հասանելի պիտի լինեն եւ հանդուրժուեն միջավայրի կողմից: Միայն այսպիսի պայմաններում է հնարաւոր Հայաստանի կրթական համակարգը վերադարձնել կրթական գործընթացի բնականոն հուն, որտեղ մարդիկ գալիս են գիտելիք ու հմտութիւն ստանալու, ստեղծագործական միտքն ու ճկունութիւնը զարգացնելու եւ ոչ թէ կուսակցական կամ խմբային ցուցակներում ընդգրկուելու:

Հայաստանի բուհերին պիտի տրուի լիարժէք ակադեմական ինքնակառավարում, ուսանող-համալսարան, ուսանող-դասախօս, աշակերտ-դպրոց, աշակերտ-ուսուցիչ յարաբերութիւնները պէտք է փոխուեն արմատապէս` հիմքում ունենալով կրթութիւնը, այդ թւում` քաղաքացիական կրթութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու անհրաժեշտութիւնը: Հայաստանի պատկերի ընթացիկ բարձրացումը մենք պէտք է կարողանանք օգտագործել մեր մէկ-երկու բուհերի հենքի վրայ միջազգային համալսարաններ ստեղծելու համար, որտեղ սովորելու կը գան ուսանողներ արտերկրից:

Սիրելի՛ բարեկամներ, յաջորդ կարեւորագոյն իրադարձութիւնը, որ վերջին ամսուայ ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում, կանանց աննախադէպ աշխուժութիւնն է հանրային-քաղաքական կեանքում: Վերջին մէկ ամսուայ քաղաքական գործընթացներին կանանց մեծաթիւ մասնակցութիւնն էր կարեւորագոյն գործօններից մէկը, որ մեզ հնարաւորութիւն տուեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխութիւններն անուանել սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւն: Մենք պէտք է իսկապէս լրջագոյն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ աշխուժութիւնը շարունակի նորանոր դրսեւորումներ ստանալ մեր հանրային, պետական կեանքում: Մենք պէտք է նպաստաւոր պայմաններ ապահովենք, որպէսզի կանայք աւելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական եւ հանրային գործունէութեան մէջ, որովհետեւ վերջին մէկ ամիսը ցոյց տուեց, որ նման աշխուժութիւնը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնութեան, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ: Նոր Հայաստանում կանայք դառնալու են կամ արդէն դարձել են հզօրագոյն գործօն, ու նրանց դերակատարման մեծացումը ապահովելու է Հայաստանի կայուն եւ անցնցում զարգացումը սիրոյ եւ համերաշխութեան պայմաններում: Եւ հիմա այս բարձր ամպիոնից որպէս ժողովրդի կողմից առաջադրուած վարչապետի թեկնածու` ուզում եմ քաջալերել Հայաստանի կանանց եւ նրանց կոչ անել յեղափոխութեան այս յաղթական փուլից յետոյ շարունակել ժամանակ տրամադրել հանրային կեանքին ու գործունէութեանը, որովհետեւ համոզուած եմ, որ այն մթնոլորտը եւ տրամադրութիւնը, որ հիմա Հայաստանում ստեղծուել են նաեւ նրանց ջանքերով, խթանելու են Հայաստանի Հանրապետութեան զարգացումը եւ աւելի են ուժեղացնելու առանց այն էլ ուժեղ հայկական ընտանիքը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, սիրելի՛ ժողովուրդ, վարչապետի պաշտօնում ընտրուելուց յետոյ իմ առաջին գործը լինելու է երկրի բնականոն կեանքի ապահովումը բոլոր ոլորտներում: Հէնց այսօր ես պատրաստւում եմ լսել զինուած ուժերի եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան ներկայացուցիչների զեկոյցը մեր երկրի արտաքին եւ ներքին անվտանգութեան իրավիճակի մասին: Որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները ոչ միայն չեն նուազեցրել, այլեւ բարձրացրել են մեր երկրի անվտանգութեան մակարդակը մեր բանակի եւ յատուկ ծառայութիւնների մարտական ոգին: Բայց հասկանալի է, որ լրջագոյն ջանքեր եմ գործադրելու զինուած ուժերի սպառազինութեան բնականոն մատակարարումները, բանակի եւ յատուկ ծառայութիւնների բնականոն գործունէութիւնն ապահովելու համար:

Պետական պիւտճէի եկամուտների հաւաքագրումն ու ծախսերի իրականացումը պէտք է տեղի ունենան բնականոն ընթացքով: Եւ ես հայաստանեան փոքր, միջին եւ խոշոր պիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր իրաւաբանական անձանց կոչ եմ անում պատշաճ եւ ժամանակին կատարել բոլոր հարկային պարտաւորութիւնները` պետական եւ հանրային կեանքի բնականոն կազմակերպումը չխաթարելու համար:

Ուզում եմ դիմել նաեւ հաշուիչ դրամարկղային մեքենայ կիրառող եւ նրանց ծառայութիւններից օգտուող քաղաքացիներին: Սիրելի՛ հայրենակիցներ, յեղափոխութիւնն իմաստ չի ունենայ, եթէ մեր վարքագծում էական փոփոխութիւններ տեղի չունենան: Եւ բոլոր նման ձեռնարկատէրերին կոչ եմ անում կատարուած բոլոր գործարքների համար, ինչպէս եւ պահանջւում է օրէնքով, անպայման ՀԴՄ կտրօն տրամադրել եւ բացառել ՀԴՄ կտրօն չտալու սովորութիւնը, իսկ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ով աշխատող բոլոր տեղերում առանց բացառութեան հետեւողական եւ սկզբունքօրէն պահանջել ՀԴՄ կտրօններ: Սա հնարաւորութիւն կը տայ էականօրէն աւելացնել պետական պիւտճէի եկամուտները եւ առաւել արդիւնաւէտ իրականացնել պետական կառավարումը: Ի վերջոյ, համոզուած եղէք, որ պետութեանը ձեր վճարած գումարները ոչ թէ թալանուելու են, այլ ծառայելու են մեր ազգային եւ պետական շահերի սպասարկմանը, քաղաքացիների իրաւունքների եւ օրինական շահերի պաշտպանութեանը, գործարար միջավայրի բարելաւմանը:

Երկրի բնական կեանքի ապահովմանը զուգընթաց, կառավարութիւնը պէտք է ձեռնարկի նաեւ լրջագոյն բարեփոխումներ: Ուզում եմ յատուկ ընդգծել, որ մենք ունենք առողջապահութեան, ընկերային ապահովութեան, գիւղատնտեսութեան այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու սեփական հայեցակարգեր: Բայց սա որեւէ կերպ չի նշանակում, թէ մենք պատրաստւում ենք ինքնաբերաբար մերժել նախորդ կառավարութեան ձեռնարկած բարեփոխումները:

Ընթացիկ այն ծրագրերը, որոնց արդիւնաւէտութիւնն ու անհրաժեշտութիւնը կասկած չի յարուցում, կ՛իրականացուեն բնականոն ընթացքով, իսկ այն բարեփոխումները, որոնք խնդրայարոյց են կամ հանրային լայն քննադատութիւն ու կասկածներ են յարուցում, կրկին կը դրուեն քննարկման եւ լաւարկման` հանրային կասկածներն ու մտահոգութիւնները փարատելու համար: Իսկ եթէ կը պարզուի, որ մտահոգութիւնները հիմնաւոր են, փոփոխութիւնների արդիւնաւէտութիւնը` կասկածելի, այդ ծրագրերը կը վերանայուեն:

Ուզում եմ ընդգծել, որ առանձնայատուկ կարեւորութիւն եմ տալիս առողջապահութեան ոլորտի բարեփոխումներին: Մենք պէտք է կարողանանք հնարաւորինս հասնել այնպիսի արդիւնքի, որ բուժման եւ բժշկական սպասարկման կարիք ունեցող իւրաքանչիւր ոք, այսպէս ասած, չմնայ հիւանդանոցի դռներին:

Առաջիկայում, ինչպէս եւ խոստացել եմ, հանդիպում կ՛ունենամ մշակութային դաշտի ներկայացուցիչների հետ` նրանց հետ քննարկելու համար Հայաստանը մշակութային ճգնաժամից հանելու, մեր երկրում մշակութային յեղափոխութիւն իրականացնելու ուղիներն ու ճանապարհային քարտէզը:

Նկատի ունեմ` կառավարութիւնն առաջիկայ ամիսներին լիարժէք եւ եռանդուն գործունէութիւն կը ծաւալի հանրային պետական կեանքի ապահովման` առանց բացառութեան բոլոր ուղղութիւններով: Բայց եւ այնպէս, մենք մեզ հաշիւ ենք տալիս, որ մեր առաջիկայ ամենամեծ անելիքն ընտրական համակարգի բարեփոխումն է Հայաստանն իրօք ազատ, իրօք արդար, իրօք թափանցիկ ու ժողովրդավարական արտահերթ ընտրութիւնների նախապատրաստելու համար: Սա մեզ համար առաջնահերթութիւն է, որովհետեւ շարունակում ենք համոզուած մնալ, որ Հայաստանի Հանրապետութիւնում գործընթացները սխալ ուղղութեամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառուել ընտրութիւնների արդիւնքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտայայտմանը խոչընդոտելու արատաւոր սովորութիւնը, եւ մենք պէտք է ինչպէս բարոյահոգեբանական, այնպէս էլ օրէնսդրական եւ տեխնիկական միջավայր ապահովենք` հետագայում այսպիսի որեւէ դրսեւորում թոյլ չտալու համար: Վերջին օրերին ես արդէն իսկ շփումներ եմ ունեցել մասնագիտացուած կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ` նրանց հետ քննարկելով ընտրական համակարգի օրէնսդրական եւ տեխնիկական բարեփոխման հնարաւորութիւնը եւ ուզում եմ յոյս ու համոզմունք յայտնել, որ կառավարութեանը կը յաջողուի տրամաբանական սեղմ ժամկէտներում Հայաստանը նախապատրաստել ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրութիւնների անցկացմանը:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, որեւէ կասկած չկայ, որ Հայաստանի պատմութեան համար նոր ու փառապանծ մի էջ է բացուել: Վերադարձ հնին այլեւս չի լինելու: Մեր երկրում այլեւս տեղ չունեն յուսահատութիւնն ու անելանելիութիւնը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրայ` բաց ճակատով եւ ամուր ողնաշարով: Քաղաքական գործընթացների այս վերջին շաբաթուայ ընթացքում, երբ լարուածութիւնը հասել էր գագաթնակէտին, եղան որոշ քաղաքական դրսեւորումներ, որոնք մեկնաբանուեցին որպէս ատելութեան քարոզ: Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելութիւնը եւ ատելութեան քարոզը մեր ոճը եւ ոճաբանութիւնը չեն, եւ մեր համոզմամբ, Հայաստանում տեղ պիտի չլինի նման երեւոյթների համար:

Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ եկել է ազգային միասնութեան ժամը, ինչը չի նշանակում, թէ մենք նոյնական պէտք է լինենք մեր կարծիքներում ու մօտեցումներում, ինչը չի նշանակում, թէ քննադատութիւնը պիտի դիտարկուի որպէս ազգային միասնութեան խաթարում: Դա նշանակում է ընդամէնը, որ Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակ լիաթոք շնչելու է Հայաստանի Հանրապետութիւնում, իրեն ազատ է զգալու եւ` պաշտպանուած, ու պետութիւնը բոլոր հնարաւոր միջոցներով սատարելու է երջանիկ լինելու մարդկանց իրաւունքի իրացմանը:

Ուզում եմ հաւաստիացնել, որ Գ. հանրապետութեան պատմութեան հետ, անցեալի հետ կապուած բազմաթիւ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են ստանալու: Բայց այս ամէնը տեղի է ունենալու ոչ թէ ատելութեան, թշնամանքի, հետապնդումների, կառափնատի, այլ հանրային մեծ երկխօսութեան, ճշմարտութեան փնտռտուքի, ազգային համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտում:

Կառավարութիւնը նաեւ իր իրաւասութեան շրջանակներում ջանքեր կը գործադրի, որ քաղաքական գործունէութեան համար բանտերում յայտնուած անձինք օր առաջ ազատ արձակուեն, եւ մենք ի վերջոյ ազատուենք քաղբանտարկեալ ունեցող երկրի ամօթալի խարանից:

Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի պատմութեան մի փառաւոր էջ:

Եւ ուրեմն, կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

(Շար. 3 եւ վերջ)

 

Նշանաւոր Միջոցառում Հայաստանի Գրողների Միութիւնում

$
0
0

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Օրերս Հայաստանի Գրողների միութեան ստեղծագործական ընթացքը նշանաւորուեց եւս մէկ ուշագրաւ, ազգանպաստ իրադարձութեամբ: Գրողների միութեան սրահում տեղի ունեցաւ վերջերս լոյս տեսած բացառիկ արժէքաւոր եւ հետաքրքրական ժողովածուի շնորհահանդէսը: Ժողովածուի խորագիրն է` «Դէպի ակունքը լոյսի», ենթավերնագիրն է` «Ժամանակակից հայ գրողն ու գրականութիւնը 21-րդ դարի մարտահրաւէրների առջեւ»: Հատորը ընդգրկում է սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նիւթեր: Այդ համաժողովը տեղի է ունեցել Հայաստանում, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, 2017 թ. հոկտեմբերին: Յիշեալ ժողովածուն, բացի համաժողովում տեղի ունեցած ելոյթներից, իր մէջ ներառում է նաեւ սփիւռքահայ գրողների ստեղծագործութիւնները: Այդ հեղինակներից են` Սարգիս Վահագն, Վարանդ, Շուշիկ Տասնապետեան, Անուշ Նագգաշեան, Սալբի Քիւրքչեան-Թաշճեան, Սեդա Վերմիշեւա, Խաչիկ Տետէեան, Տիգրան Գաբոյեան, Արտեմ Կիրակոզով, Գարրի Կալամկարով եւ այլք:

Գրքի շնորհահանդէսին իրենց ողջոյնի, ժողովածուի բովանդակութեան, բարձր գնահատանքի եւ ստեղծագործական վերլուծութեան խօսքն ասացին Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Պետրոս Դեմիրճեանը, Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, Ռուսաստանի դաշնութեան հայերի միութեան փոխնախագահ Վլադիմիր Աղայեանը: Բանաստեղծութիւնների ընթերցմամբ հանդէս եկաւ ՀՀ վաստակաւոր դերասան Սիլվա Եուզբաշեանը: Ժողովածույում ամփոփուած սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նիւթերի վերնագրերը արդէն իսկ խորիմաստօրէն ներկայացնում են արդի հայ գրականութեան առջեւ եղած բազմազան խնդիրներ, դրանց լուծման ազգանուէր ու բարձրամակարդակ հեռանկարներն ու միջոցները: «Հայոց միասնական գրականութեան պատմական եւ արդիական հիմքերը» (Պետրոս Դեմիրճեան), «Օտարագիր հայ գրականութիւնն ու մեր անժամանցելի դատը» (Գրիգոր Ջանիկեան),  «Իրանահայ գրականութեան հարցեր» (Վարանդ), «Ապահովել շարունակութիւնը» (Ժիրայր Դանիէլեան)` այս եւ մի շարք այլ ուշագրաւ յօդուածներում անկողմնակալօրէն եւ գիտական պատշաճ մակարդակով նշւում են աշխարհասփիւռ հայ գրականութեան պահպանման եւ զարգացման ճշմարիտ ուղիները:

Մնում է աչալուրջ լինել բոլոր այս խորհուրդներին եւ գտնել ազգային ու ստեղծագործական ուժ` այս ամէնը մշտապէս իրականացնելու համար:

Երեւան – Պէյրութ

 


Երկրաշարժ

$
0
0

ՊՕՂՈՍ ՇԱՀՄԵԼԻՔԵԱՆ

Նախապէս յօդուածով մը անդրադարձած էի, որ Քալիֆորնիա նահանգը հակամէտ է հրդեհներու եւ երկրաշարժերու: Գրած էի հրդեհներու մասին, սակայն «անտեսած» էի երկրաշարժերը: Հաւանաբար իր «անտեսուած» ներկայութիւնը մեզի յիշեցնելու միտումով ապրիլ ամսուան 5-ին Լոս Անճելըսի մէջ բնութիւնը աննշան, քանի մը երկվայրկեան տեւողութեամբ երկրաշարժ մը «պարգեւեց»: Աննշան երկրաշարժ մը, սակայն նոյնիսկ «անզգաները» զգացին:

Տակաւին գործի վայրս էի, երբ շէնքը երերաց` ալեկոծ ծովու մը վրայ գտնուող նաւու մը տպաւորութիւնը ձգելով: Կողքիս նստող պաշտօնակիցիս կատակելով ըսի.

– Կը բաւէ` գրասեղանս շարժես:

Կատակս չհասկցաւ:

– Երկրաշարժ է,- ըսաւ ցած ձայնով, ուր ակներեւ էր իր վախն ու մտահոգութիւնը:

Շէնքը հազիւ սկսած էր օրօրուիլ, պատասխանատու-վերակացուն ճչաց:

«Անմիջապէս գրասեղաններուն տակը մտէք», սակայն տեւողութիւնը այնքան կարճ էր, որ «աքչխփուկ» խաղալու կարիքը չունեցանք: Փոխարէնը` մեծամասնութեան համար ոսկի առիթ մը եղաւ անմիջապէս դիմելու իրենց բջիջային հեռաձայներուն` պատճառաբանելով, որ իրենց հարազատներուն հետ կ՛ուզեն կապուիլ:

Աւելի ուշ լուրերէն իմացանք, որ ուժգնութիւնը 5,3 տարողութեամբ էր, եւ եթէ նոյն ուժգնութեամբ երկրաշարժ մը տարբեր երկրի մը մէջ պատահած ըլլար, վստահաբար կրնար աւերներ գործել, սակայն Լոս Անճելըսի բնակարանները տախտակաշէն են եւ  մեծամասնութեամբ` միայարկանի, իսկ առեւտրական բարձր շէնքերը այնպիսի ձեւով կառուցուած են, որ «կը գոհանան» օրօրուելով: Չեն «խոնարհիր»:

Բնականաբար աւելի ուժգին երկրաշարժի մը պարագային, կրնան…

Կը նախընտրեմ չմտածել այդ մասին:

Նոյն օրը, Պէյրութ գտնուող բարեկամներէս մէկը, պարզ զուգադիպութեամբ, առանց իսկ տեղեակ ըլլալու մեր քով պատահած երկրաշարժէն, ե-նամակով մը կը հարցնէր.

– Ձեր քով ի՞նչ նորութիւն ունիք:

«Երկրաշարժ» պատասխանս ահ ու դողի մատնեց զինք: Հանգստացուցի` ըսելով, որ մտահոգուելիք ոչինչ կայ, եւ մեզի համար բնական դարձած երեւոյթ մըն է այդ մէկը:

«Հէնց այսպէս ենք ապրում, Լոս Անճելըսում» (Ֆորշ)

***

1994 յունուար 17: Առաւօտեան ժամը 4:30:

Ահաւոր երկրաշարժ մը  6,7 ուժգնութեամբ ցնցեց Լոս Անճելըս քաղաքը: Այդ երկրաշարժին տրուեցաւ «Նորթրիճի երկրաշարժը» անունը:

Կեդրոնը Նորթրիճ քաղաքին մէջ կը գտնուէր: Տեւողութիւնը մօտաւորապէս 10-20 երկվայրկեան էր, ինչ որ բաւական երկար կարելի է համարել նման ուժգնութեամբ երկրաշարժի մը համար:

Նորթրիճ քաղաքը  բնակարանէս շատ հեռու չէ, սակայն բարեբախտաբար մասնաւոր վնասներու չենթարկուեցաւ տունս: Պարտէզիս ցանկապատը փուլ եկաւ, քանի մը սենեակներու պատերուն վրայ փոքրիկ ճեղքեր եւ… այդքանով «ազատեցայ»:

Երկրաշարժի ժամանակ անկարելի է նկարագրել բոլորիս վախը: Ցնցումէն աւելի` աղմուկն էր, որ սոսկում կը պատճառէր. կու գար հողին տակէն եւ այն տպաւորութիւնը կը ձգէր, որ գետինը պիտի բացուի եւ մեզ կուլ պիտի տայ, կամ` եօթը գլխանի հրէշ մը կը գտնուի մեր մօտերը:

Հաւատացեալ կինս սկսած էր աղօթել, իսկ ես շուարած, վստահ չէի` տունէն դո՞ւրս գամ, թէ՞ տանը մէջ մնամ դռներու միջեւ, ինչպէս մեզի սորվեցուցած էին գործատեղիներուն մէջ: Շատ բան սորվեցուցած էին, սակայն այդ վայրկեանին մեր բոլոր գիտելիքները ցնդած էին: Կը նմանէինք աշակերտներու, որոնք իրենց լաւ պատրաստած դասը ամբողջութեամբ կը մոռնան քննութիւններու ժամանակ ու… կը ձախողին:

Ելեկտրականութիւնը անմիջապէս ընդհատուեցաւ, ինչպէս նաեւ` հեռաձայնային կապերը: Բջիջային հեռաձայները տակաւին չէին ընդհանրացած: Իմ եւ կնոջս հարազատները իրարմէ շատ հեռու չեն բնակիր, սակայն  իրարմէ ամբողջովին կտրուած էինք: Ամէնուրեք հրշէջներու ինքնաշարժներու ահազանգերը կը լսուէր, ինչ որ ենթադրել կու տար, որ հրդեհներ ծագած են: Կը լսուէր նաեւ հիւանդատար կառքերու ճչակներու ձայնը: Վիրաւորներ կը փոխադրէին հիւանդանոց:

Հարազատներու հետ կապուելու միակ միջոցը իւրաքանչիւրին տունը կարգով այցելելն էր: Այդպէս ալ ըրինք:

Փողոցները ամայի էին: Մարդ չէր համարձակեր տունէն դուրս գալ, եւ մենք մեր «ծխական» այցելութիւնները կու տայինք:

Փլատակներէ աւելի` կը հանդիպէինք հրդեհներէ վնասուած բնակարաններու, որոնք շատ հաւանաբար ելեկտրական խանգարումներու պատճառով յառաջացած էին:

Բարեբախտաբար մեր հարազատները լուրջ վնասներ չէին կրած: Պատերուն վրայ ճեղքեր եւ` քանի մը փշրուած ապակեղէն:

Յաջորդ օր ելեկտրականութիւն ունեցանք, եւ հեռաձայնային կապերը վերահաստատուեցան:

Տասնեակներով հեռաձայներ ստացանք, նախ` տարբեր նահանգներու մէջ գտնուող  մօտիկ բարեկամներէ, իսկ աւելի ուշ` Պէյրութ գտնուող հարազատներէ:

Ամէնքը մտահոգ էին: Հեռատեսիլէն այնպիսի նկարներ ցոյց կու տային, որ կարծես Լոս Անճելըսը հիմնայատակ կործանած ըլլար: Ամերիկեան լրատուական միջոցներու մասնագիտութիւնն է չափազանցուած լուրերու հաղորդումը:

Այս անգամ` «ազատեցանք»:

Ո՛չ ոք կրնայ վստահեցնել` իսկապէ՞ս ազատած ենք, թէ՞ ոչ:

Փաստուած իրողութիւն մըն է, որ Լոս Անճելըսը կը սպասէ շատ աւելի ուժգին երկրաշարժի մը: The big one, ինչպէս կ՛ըսեն ամերիկացիք: Դպրոցներու եւ գործատեղիներու մէջ յաճախ դասընթացքներ կը տրուին` վերյիշեցնելու, թէ ի՛նչ պէտք է ընել երկրաշարժի մը պարագային: Բոլորիս բաժնած են մասնաւոր ծրարներ, որոնք պէտք է օգտագործել աղէտէն ետք ողջ մնացած, սակայն շէնքի մը փլատակներու տակ բանտարկուած մնալու պարագային:

***

Բնական աղէտներով լեցուն վայր մըն են Ամերիկայի Միացեալ Նահանգները:

Մեր քով` Ամերիկայի Արեւմտեան ափը, հրդեհներու եւ երկրաշարժի վախը միշտ առկայ է:

Արեւելեան ափի ցուրտ կլիման եւ ձիւնամրրիկները սովորական դարձած են:  Այդ շրջանի բնակիչները վարժուած են: Չեն գանգատիր:

Հաուայեան կղզիներու մէջ յաճախակիօրէն ժայթքող հրաբուխները բնական երեւոյթ դարձած են:

Կեդրոնական բաժինը հակամէտ է պտուտահողմերու (tornado): Ամէն տարի հարիւրաւոր փոթորիկներ տեղի կ՛ունենան, որոնց արագութիւնը կրնայ հասնիլ ժամական մինչեւ 300 մղոնի (460 քմ): Արմատախիլ կ՛ընեն հսկայ ծառեր, հիմնովին կը քանդեն տախտակաշէն բնակարաններ: Կանգնած ինքնաշարժներ «կ՛աւլեն» ու կը տանին:

Բնակարանները բոլորը անխտիր օժտուած են ստորերկրեայ բաժինով մը: Աղէտներու ժամանակ հո՛ն կ՛ապաստանին:

Պտուտահողմերու տեւողութիւնը կրնայ ժամեր երկարիլ, մինչ երկրաշարժերը քանի մը երկվայրկեանի մէջ կրնան շատ աւելի մեծ աւերներ գործել:

Երկրաշարժը առանց «ժամադրութեան» կ՛այցելէ: Պտուտահողմերը աւելի «քաղաքավար» են: Նախքան իրենց այցը` կը տեղեկացնեն:

«Ճամբայ ելած ենք արդէն: Պատրաստուեցէ՛ք»:

Մարդիկ քանի մը ժամ առաջ ինքնապաշտպանութեան պատրաստութիւններ կը տեսնեն: Դռներուն ու պատուհաններուն տախտակներ կը գամեն: Աւազի տոպրակներ կը զետեղեն պաշտպանուելու համար յորդառատ անձրեւներէն, կը մտնեն իրենց տան «խոր վիրապը» ու… կը սպասեն, իսկ երբ փոթորիկներու աւարտին դուրս ելլեն իրենց ապաստանարաններէն, շատ յաճախ աննկարագրելի տեսարան մը կը պարզուի իրենց աչքերուն դիմաց: Քանդուած բնակարաններ: Պատերազմ տեսած քաղաք մը ըլլայ կարծես:

***

Ամերիկա մնայուն պատերազմի մէջ է բնութեան դէմ: Նաեւ պատերազմի մէջ է երկրագունդի տարբեր երկիրներու մէջ` հեռու իր սահմաններէն:

Առաջինի պարագային նախայարձակը, նաեւ յաղթականը եղած է մի՛շտ բնութիւնը: Երկրորդի պարագային, նախայարձակը դարձեալ Ամերիկան է:

Պատրուակներ կը հնարէ ու կը յարձակի մեծամասնութեամբ բնական հարստութիւններով հարուստ երկիրներու վրայ: Կը յարձակի յանուն «մարդկութեան»  եւ քար ու քանդ կ՛ընէ երկիրներ: Բազմահազար անմեղ զոհերու պատճառ կը դառնայ: Կը սպաննուին նաեւ իր զինուորներէն, սակայն այդ մէկը բնաւ չի յայտարարուիր: Մի՛շտ «յաղթական» դուրս կու գայ եւ ամօթահար ետ կը քաշէ իր զինուորները: Իր երկիրը կը լեցուի «պարտուած» երկիրներու գաղթականներով:

Կասկածէ վեր է, որ Ամերիկա հզօր գերպետութիւն մըն է:

«Իրաւունքը զօրաւորին է», եւ բնութիւնը ամենահզօրն է, որուն դիմադրելու անկարող են նոյնիսկ գերպետութիւնները:

Շատ հաւանաբար Ամերիկայի աշխարհագրական դիրքին պատճառով է, որ հոն տեղի կ՛ունենան յաճախակի բնական աղէտները: Շատեր այդ աղէտները կը վերագրեն Ամենակալէն ղրկուած «պատիժ»-ի եւ կը նմանցնեն Ջրհեղեղի աւանդութեան: «Աստուած կը պատժէ այս անաստուած երկիրը»:

Ես անձնապէս ծիծաղելի կը գտնեմ նման արտայայտութիւններ: Եթէ այդ մէկը իրականութեան համապատասխանէր, ներկայիս ո՛չ Թուրքիա պէտք էր մնար, ո՛չ ալ թուրք ժողովուրդ:

Աշխարհի ամենատանջուած, կոտորուած ազգն ենք: Ցեղասպանութիւն գործուեցաւ մեր ազգին դէմ, եւ կարծես այդ մէկը բաւարար չըլլար, 1988-ի դեկտեմբեր 7-ին ահռելի երկրաշարժ մը հազարաւոր անմեղ զոհեր խլեց: Վստահաբար հայ ազգը արժանի չէ նման «պատիժներու»:

«Ի՞նչ էր մեր յանցանքը, գործած «ոճիրը»:
Ոճի՞ր էր լոյսի զաւակ, ԼՈՅՍ կ՛աղաղակէինք ու չէինք ուզեր հաշտուիլ խաւարին հետ»:

(Գերապայծառ Սահակ Կոգեան)

Լոս Անճելըս, 2018

 

Յուշատետր Ճակատագիր (Ա.)

$
0
0

Ռ. Հ.

Յիշեցի, որ մեր մեծերը ատենօք իրենց ցուցամատը իրենց ճակտին քսելով կ՛ըսէին.

«Հոս ինչ գրուած է, ա՛յդ կ՛ըլլայ»:

Նորածինի մը ճակատը փայլուն ու մասմաքուր է, երբ աշխարհ կու գայ, ո՛չ մէկ բիծ կայ հոն, ո՛չ մէկ արատ, ո՛չ մէկ խորշոմ: Ի՞նչ կրնայ գրուած ըլլալ հոն: Իսկապէս մարդուս ճակտին վրայ առաջին օրէն կը գրուի՞, թէ ինչպիսի՛ ապագայ մը կը սպասէ այդ մարդուն: Իսկապէս մարդը տող առ տող պիտի հնազանդի՞ իր ճակտին վրայ գրուածին, նոյնիսկ եթէ շատ անախորժ է այդ գրուածը: Ճակատագիր ըսուածը գոյութիւն ունի՞, թէ՞ չունի:

Աւելի քան հազար տարիէ ի վեր մարդիկ կը փնտռեն այս հարցումին պատասխանը: Կը փնտռեն, բայց չեն գտներ ու երբեք ալ պիտի չկարենան գտնել: Այս հարցումը պատասխան չունի: Կամ` մէկ պատասխան միայն ունի: Հետեւեալը: Ճակատագիր ըսուածը գոյութիւն ունի, եթէ կը հաւատաս, որ ունի, ճակատագիր ըսուածը գոյութիւն չունի, եթէ կը հաւատաս, որ գոյութիւն չունի:

Մտածելու արժանի որքա՜ն շատ նիւթ կայ ծիծաղելիօրէն պարզունակ ու իբր թէ բան չըսող մեր այս նախադասութեան մէջ: Մինչդեռ այս նախադասութիւնը շատ բան կ՛ըսէ: Այս նախադասութիւնը իր ամէնէն կարճ ու տրամաբանական մեկնաբանութեան մէջ մեր կամքէն, մեր խելքէն ու մեր խելապատակէն կախեալ կը դարձնէ ճակատագիր կոչուածին գոյութիւն ունենալ կամ չունենալը: Այլ խօսքով, ամէն մարդ իր ուզած ձեւով կը լուծէ այս հարցը: Մէկը կ՛ըսէ, որ ճակատագիր մը կայ մեր բոլորին համար, ու մենք նախապէս ճշդուած այդ ճակատագիրը կ՛իրականացնենք ամէն օր, զայն կեանքի կը կոչենք շարունակ: Ատոր փոխարէն` մէկն ալ պիտի ըսէ, որ այդպիսի բան չկայ, մե՛նք ենք, որ ամէն օր մեր խելքով, մեր քմահաճ կամ մեր իմաստուն ընտրութեամբ կ՛իրականացնենք մեր լինելութեան եղանակը, ամէն օր կը ստեղծենք այն, ինչ որ մէկ օր առաջ յայտնի չէր:

Ամէն անգամ որ կը մտածեմ այս նիւթի շուրջ, նոյն պատկերը կը կենդանանայ աչքերուս առջեւ: Դիմացս տասը դուռ կայ, ու ասոնցմէ մէկը պիտի բանամ ու ներս պիտի մտնեմ: Ամէն դուռ բոլորովին տարբեր տեղ մը կը տանի զիս, զիս բոլորովին տարբեր ապրումի մը կը ղրկէ: Ես ո՞ր դուռը պիտի ընտրեմ ու ներս պիտի անցնիմ: Դեռ չեմ գիտեր: Բայց արդէն տեղ մը արձանագրուա՞ծ է արդեօք, թէ ես ո՛ր դուռը պիտի ընտրեմ, կա՞յ մէկը, որ առաջուց արդէն գիտնայ թէ ես սա կամ նա դռնէն ներս պիտի անցնիմ: Ինչպէ՞ս կ՛ըլլայ: Չէ՞ր, որ ես ամէն վայրկեան կրնամ կարծիք փոխել, չէ՞ որ վերջին վայրկեանին կրնամ բանալ երրորդ դուռը, փոխանակ բանալու երկրորդը: Չէ՞ որ իմ կամայական ընտրութիւնները ամէն վայրկեան կրնան բան մը փոխել իմ երթալիք ճամբուս վրայ: Չէ՞ որ այս կերպով խաղ մը խաղացած կ՛ըլլամ ճակատագիր ըսուածին, եթէ այդպիսի բան մը գոյութիւն ունի մեզի համար:

Է՜հ, ան, որ կը հաւատայ ճակատագրի գոյութեան, պատասխան ունի իմ այս հարցումիս: Պիտի ըսէ, դուն կը կարծես, թէ քու ազատ կամքով է, որ կ՛ընտրես դուռը, քու ազատ կամքով է, որ վերջին վայրկեանին յանկարծ երեք թիւ դուռը կը բանաս` փոխանակ բանալու երկու թիւ դուռը: Մինչդեռ այն, ինչ որ դուն քու ազատ կամքը կը կարծես, ուրիշ բան չէ, եթէ ոչ` արդէն առաջուց որոշուած ընտրութիւն մը: Ամէն ինչ արդէն գրուած է այդ փոքրիկ ճակտիդ վրայ: Դուն չես կրնար կարդալ, բայց հոն գրուած է, թէ  վերջին վայրկեանին ո՛ր դուռը պիտի բանաս: Վերջին վայրկեանին տասն անգամ ալ եթէ կարծիք փոխես, ամէնէն վերջը դարձեալ պիտի բանաս այն դուռը, որ ճշդուած է քեզի համար: Այդ ճակատագրէն դուրս չես կրնար ելլել:

Այս բանավէճը վերջ չունի, վերջին պատասխան մը չունի, որովհետեւ հարցում-պատասխանները հարիւր անգամ կրնան իրենք զիրենք կրկնել, ինչպէս որ եթէ կանգնիս դէմ դիմաց դրուած երկու հայելիներու մէջտեղ, այլեւս դիմացդ կը տեսնես տասնեակներով հայելիներ, որոնք կ՛երկարին, կ՛երթան նոյն տեսարանը կրկնելով:

Բայց իրականութեան մէջ բան մը կը փոխուի՞, եթէ ճակատագիր ըսուածը կայ կամ չկայ: Մեր առօրեայ ապրումներուն մէջ արդէն ինչե՜ր կան, որոնք գիտենք, թէ մեր կամքէն կախեալ են, եւ ինչե՜ր ալ կան, որոնք գիտենք, թէ մեր կամքէն կախեալ չեն: Ինչեր կան, որոնք մարդկային կարողութեան սահմաններուն մէջ կ՛իյնան, եւ ինչե՜ր կան, որոնք մարդկային կարողութիւններէ դուրս կը մնան: Ես մինչեւ  քանի՞ մեթր կամ մինչեւ քանի՞ սանթիմ կրնամ դէպի վեր ցատկել, չեմ գիտեր, բայց գիտեմ, որ չեմ կրնար ցատկել մինչեւ երեք, չորս կամ հինգ մեթր բարձրութիւն: Ես կրնամ առջեւս դրուած չորս դռներէն մէկը բանալ ու ներս մտնել, բայց  չեմ կրնար նոյն վայրկեանին մտնել երկու դռներէ ներս: Այս կարելիութիւններն ու անկարելիութիւնները ի՞նչ յարաբերութիւններ կրնան ունենալ ճակատագիր կոչուածին հետ, կամ կրնա՞ն արդեօք որեւէ յարաբերութիւն ունենալ: Մարդուս ճակատագիրը իր կարելիութիւններու ցանցին մէջէն ընտրուածներո՞վ է արդեօք, որ կը կերտուի, թէ ոչ կը կերտուի այն յաջողութիւններով կամ ձախողութիւններով, որոնք կ՛արձանագրուին անկարելիութիւններու դէմ մղուած պայքարի գծով:

Հարցումնե՜ր, հարցումնե՜ր, որոնք պատասխան չունին, կամ որոնց պատասխանները արդէն իրենք են:

 

 

 

ՀՕՄ-ը Կ՛ողջունէ Հայաստանի Խաղաղ Եւ Համաժողովրդային Շարժումը

$
0
0

Հայ օգնութեան միութիւնը կու գայ շնորհաւորելու հայ ժողովուրդի խաղաղ եւ անզէն վճռակամութեամբ համաժողովրդային շարժումը` դէպի աւելի արդար ու ժողովրդավար երկիր մը, որ պսակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան  Ազգային ժողովին կողմէ նոր վարչապետի մը  ընտրութեամբ:

Իրաւազուրկ ժողովուրդի մը զաւակներուն արդար ընդվզումով սկսած ազատագրական երկարատեւ պայքարէն է, որ 100 տարի  առաջ, մայիսեան պայծառ օր մը, լոյս աշխարհ եկաւ հայոց  անդրանիկ հանրապետութիւնը, որուն առաջին  հարիւրամեակը ազգովին կը տօնակատարենք այս տարի` ամբողջ աշխարհի մէջ:

Մէկ դար անց անկախ Հայաստանի գարնանային արեւին տակ իր յաղթակա՛ն լրումին հասած, յանուն արդար կարգերու հաստատման համաժողովրդային  «թաւշեայ» յեղափոխութիւնը  պարտադրեց իր աննկուն առաջնորդ Նիկոլ Փաշինեանը` որպէս  նորահաստատ խորհրդարանական վարչակարգի  վարչապետ: Ձայն բազմաց, ձայն Աստուծոյ:

Հայ օգնութեան միութիւնը, ծնած` այդ նոյն ազատագրական պայքարէն, լոզունգ ունենալով  «Ժողովուրդի՛ս հետ, ժողովուրդիս համար»  հաստա՛տ մտասեւեռումը որպէս անմար փարոս իր  մօտ 11 տասնամեակներու գործունէութեան,  կ՛ողջունէ Հայաստանի Հանրապետութեան  նորընտիր վարչապետը` մաղթելով անոր ամենայն  յաջողութիւն իր բոլոր աշխատանքներուն մէջ, ի  խնդիր ամբողջ հայաշխարհի բարօրութեան:

Ինչպէս միշտ, Հայ օգնութեան միութիւնը իր համահայկական ընդարձակ ցանցով կը մնայ  զօրավիգ` իր հայրենի պետականութեան ու անոր  բոլոր կառոյցներուն, ընդմի՛շտ մնալով իր  ժողովուրդին հետ, խնամատար` անոր բոլոր  կարիքներուն:

Խմբագրական «Հայրենիք»-ի. Մայիսեան Շքերթ

$
0
0

Մայիսը հայորդիին համար յաղթանակի ամիսն է:

Իսկ այս տարուանը շատ աւելի իւրայատուկ է, մանաւանդ որ համայն հայութիւնը պիտի տօնէ մայիս 28-ի անկախութեան հարիւրամեակը:

Շատ աւելի տարբեր պայմաններու տակ տրուեցաւ մայիսեան շքերթին ազդանշանը, մայիս 8-ին, Շուշիի ազատագրութեան 26-ամեակին առիթով:

Այսպէս, ազատագրուած Շուշիի հանդիսութիւնը կը վայելէր նաեւ ներկայութիւնը «ազատագրուած» եւ օլիկարխային կարգավիճակէն դուրս եկած Երեւանի, յանձինս` նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանի:

Վարչապետը, հազիւ պաշտօնի գլուխ անցած, պատիւը ունեցած էր իր առաջին պաշտօնական այցելութիւնը կատարելու Արցախ, ուր պատշաճօրէն կը նշուէր Համաշխարհային Բ. պատերազմի յաղթանակը, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորումն ու, անշուշտ, Շուշիի ազատագրման տօնը:

Տարբեր իմաստ, բոյր ու բուրմունք ունին այս տարուան Ստեփանակերտի յուշահամալիրին եւ անոր կողքին գտնուող` արցախեան գոյամարտին զոհուած ազատամարտիկներու եղբայրական գերեզմանատան մէջ զետեղուած ծաղիկներն ու ծաղկեպսակները:

Հպարտ են Շուշիի ազատագրութեան համար զոհուած այդ հերոսները: Հպարտ են եւ յատկապէս` երախտապարտ: Անոնք կրնան հանգստօրէն ննջել կամ իրենց իւրայատուկ յաղթանակի պարը կատարել: Այո՛, իրականացած է անոնց երազը:

Շուշիի ազատագրումը իրագործուած է` շնորհիւ այդ ազատամարտիկներու եւ կամաւորներու արի մարտունակութեան:

Շուշիի ազատագրումը կը խորհրդանշէ ո՛չ միայն հայկական մարտունակութեան անպարտելի ուժը, արժանապատուութիւնն ու կամքը, այլ նաեւ հաւատքը` հողին եւ տեսլականին:

Արիւն հոսեցուց Շուշիի ազատագրումը, որ համեմատած վերջին շաբաթներուն Երեւանի մէջ պատահած անցուդարձերուն` բոլորովին տարբեր պայմաններու տակ կատարուած էր: Այս վերջինին պարագային, օրինակելի եւ իւրայատուկ եղաւ «ազատագրում»-ը` շնորհիւ թէ՛ շահագործողին եւ թէ՛ շահագործուողին օրինակելի վարքագիծին:

Հայորդին ակնածանքով կը հետեւի Շուշիի եւ Երեւանի ազատագրութիւններուն: Ի վերջոյ, Հայաստան թէ՛ ռազմավարական եւ թէ՛ ժողովրդավարական բնագաւառներուն մէջ յաղթական է ալիեւեան բռնատիրութեան տակ ճնշուած Ազրպէյճանին վրայ:

Մայիսեան շքերթին ազդանշանը տրուած է եւ «զանգակատուները անլռելի» պիտի մնան` փառաւոր կերպով նշելով առաջին անկախութեան հարիւրամեակը:

Եօթը Ծաղիկները

$
0
0

ԱՆԻ ԲՐԴՈՅԵԱՆ-ՂԱԶԱՐԵԱՆ

Պատշգամիս թաղարի վարդատունկին վրայ այսօր բացուեցաւ գինեգոյն թաւշեայ վարդս, քաղեցի զայն որպէս առաջինը` այսօրուան մտադրութեանս:

Զգլխիչ է կլիման` ո՛չ տաք, ո՛չ պաղ: Գարունն իր սիւքին մեղմութիւնն ու զովութիւնը տարածած է ամէնուրեք:

Առաջին քաղածս բռնած` սկսայ քալել: Տանս դէմի մայթեզրին մանիշակագոյն թրաշուշաններ ծաղկած են, խումբ մը գեղուհիներու նման` կը պչրին անոնք: Ամէն օր անոնց տեսքով զմայլած, կը մօտենամ` մօտէն դիտելու անոնց փերթերը, մանիշակագոյնին դիւթիչ երանգները: Ժպիտը անոնց նկատելի է միշտ, մանաւանդ` անցեալ օր, երբ թաղի տատիկներէն մին կը մաքրէր անոնց արմատներուն չորս կողմը աճող մոլախոտերը, այնպիսի խնամքով, որ չվնասուին անոնք, հանգիստ շնչեն ու աւելի ծաղկին, տարածուին:

Մանիշակագոյնին երանգները գինեգոյնը սիրեցին եւ թաւշեայ հմայքը տարածուեցաւ մանիշակագոյնին վրայ:

Ազատութեան պողոտայի ամբողջ հասակին, երկու կողմերու ընդարձակ մայթերուն վրայ, տեղ-տեղ վարդակակաչներ ցանուած են: Անոնց տեսքը աչք կը քթթէ, գոյները կը թարմացնեն տեսողութիւնը դիտողին: Վարդակակաչներու հայրենիք է կարծես Հայաստանը, որուն բոլոր անկիւնները կը զարդարեն անոնք զանազան գոյներով: Որոշած եմ երեք վարդակակաչ քաղել, երեք գոյն, մտապատկերիս ծաղկեփունջին գոյները ամբողջացնելու: Վստահաբար կը գտնեմ որոշուած գոյներով երեք վարդակակաչներ:

Երբ Հալէպ էինք, մեր զբօսնելու պողոտան Վիլլաներն էր: Գետնայարկերու ծաղկոցներուն յասմիկներու ու մեղրածաղիկներու բարակ ու դարձդարձիկ ճիւղերը կախուած կ՛ըլլային երկաթեայ ճաղերուն վրայէն, պատշգամէն վար դիտող գեղուհիներու նման: Կանաչ, մանր տերեւները շուտով կը զարդարուէին սպիտակ յասմիկներով ու դեղնաւուն մեղրածաղիկներով, որոնք շրջանին անուշ բոյր մը կը հաղորդէին: Երկար չէր տեւեր, սակայն, այս անուշաբոյր ընթացքը, քանի բոլոր անցորդները մէկիկ-մէկիկ կը քաղէին ծաղիկները, ու քանի մը օրէն կ՛անհետանային մարդկային ձեռքի հասողութեան գոյացած ծաղիկները:

Հոս հազարաւոր ծաղիկներու տեսակներ կան, կը շշմէի սկիզբը` մտածելով, թէ ինչո՛ւ արդեօք չեն քաղեր այս գեղեցիկ ծաղիկները ու իրենց տուները զարդարեր: Սակայն ժամանակի ընթացքին վերացաւ այդ սովորութիւնը, ծաղիկը իր տունկին վրայ աւելի երկար կեանք կ՛ունենայ ու աւելի հմայելու առիթ` զինք դիտող աչքերը, յետոյ` ինչո՞ւ քաղել, ինչո՞ւ խլել գեղեցկութիւնը իր բունէն, ինչո՞ւ անոր կեանքին վերջ տալ:

Բայց այսօր, թող ներուի ինծի, որոշած եմ եօթը ծաղիկ քաղել ու հասնիլ իմ նպատակիս: Ահաւասիկ կապոյտ վարդակակաչները կը պսպղան, քիչ անդին կը փայլին կարմիրները, հանդիպակաց մայթին վրայ նարնջագոյնները կը շողշողան:

Փունջս գունեղ երանգներով զարդարուեցաւ: Եռագոյնը սիրեց մանիշակագոյնն ու գինեգոյնը:

Շարունակեմ քալել, դեռ շա՜տ ծաղիկներու կարելի է հանդիպիլ: Կասկատի աստիճանները կը զարդարեն հիրիկներն ու մեխակները: Գունաւոր են հիրիկները, փունջ-փունջ ծաղկած են անոնք, այնպէս խնամքով տեղաւորուած են փունջերը` ճերմակ, դեղին, վարդագոյն, երկերանգներն ալ կան անոնց մէջ: Ո՛չ, այս գեղեցկութիւնը խլել կարելի չէ, մէկ հատիկ մեխակ կարելի է քաղել, այո՛, ահաւասիկ վարդագոյն, սիրուն մեխակ մը. այս գոյնը մեղմութիւն կը պարգեւէ փունջիս վառ գոյներուն:

Կասկատին վարը հասայ արդէն, ճաշարանները զարդարուած են գեղատեսիլ թաղարներով, որոնցմէ փունջ-փունջ գեղեցկութիւն կը հոսի: Ահաւասիկ` փունջ մը մանուշակ, հոս երիցուկներով լի թաղար մը կայ, ահա հոս` հովտաշուշաններ. մայիս ամսուան անզուգական ծաղիկն է ան, իւրաքանչիւր ցօղուն տասնեակէ աւելի մանր սպիտակ ծաղիկներով է զարդարուած, Իշդար աստուածուհիին կը նուիրէին այս ծաղիկներէն` խարոյկներուն մէջ նետելով, նպատակիս ալ կը ծառայէ, ճերմակն ալ կը պակսի արդէն փունջիս մէջ:

Հոն` խոլորձներուն հպարտ կեցուածքը կը հմայէ զիս, երկար ցօղունին վրայ կայտառ ու թարմ տեսք ունին անոնք: Սլացիկ հասակով գեղուհիներուն կը նմանին, աչքառու հմայքը տարածողներուն, որոնք անպայման նայուածքներ կը խլեն բոլոր տարիքներու ու սեռերու ներկայացուցիչներէն: Քիչ անդին նարկիզները ցցած են իրենց գլուխները, սուր ու երկար տերեւներուն մէջէն կ՛երեւի անոնց անուշ դեղինը: Ահա այստեղ խորդենիներ կան: Խորդենիներու բոլոր տեսակներուն ու գոյներուն կարելի է հանդիպիլ ամէնուրեք: Թարմ կանաչ ու խիտ տերեւները փունջ-փունջ, գոյն-գոյն, կէտ-կէտ ներկուած են կարծես ծաղիկներով: Ո՞ր գոյնը քաղեմ, ահաւասիկ ճերմակի ու վարդագոյնի շաղախում մը, անուշ, մեղմ գոյն մըն է:

Փունջս ամբողջացաւ:

Քայլերս զիս կ՛առաջնորդեն դէպի Հանրապետութեան հրապարակ, այսօր Համբարձման տօնն է, եօթը տեսակ ծաղիկները փնջեցի, կազմեցի ծաղկամերը: Հրապարակի շատրուաններէն հոսող ջուրին յանձնեցի զայն, ծաղիկները տարածուեցան ու ծփացին ջուրին երեսին, իսկ ջանկիւլիւմը օրեր առաջ յայտարարուեցաւ ժողովուրդին յաղթանակով:

 

 

Viewing all 12102 articles
Browse latest View live