Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12047 articles
Browse latest View live

43 Տարի Անց

0
0

ԵՓՐԵՄ ԼԵՒՈՆ ԶԱՔԱՐԵԱՆ

Օրերով ու գիշերներով փոշու ու կեղտի մէջ բացօթեայ մնալը, արեւին ու շոգին վառուելը անտանելի դարձան: Իսկ միւս կողմից դարձեալ պաշիպոզուկների բռնութիւնները, սպանութիւններն ու թալանը չէին դադրում: Իսկ երբեմն մեզանից ցանկացածին բռնում էին, տանում:

Տանում էին յատկապէս գեղեցիկ, ջահել կանանց ու աղջիկներին, չնայած նրան, որ մարդիկ այնքան էին հիւծուել, որ այլեւս գեղեցկութիւն չէր մնացել:

Գնալով քարաւանում տղամարդ չմնաց, նրանք բոլորը զոհուեցին: Մնացին կանայք, երեխաներն ու աղջիկները:

Մի տեղ ճանապարհին հեռուից շատ տներ երեւացին: Մարդիկ ասացին, որ դա Տիարպեքիր քաղաքն է: Ասեցին, որ այնտեղ հայ հացթուխեր շատ կան, եթէ հնարաւոր լինի այնտեղ գնալ, հայերը մեզ կ՛օգնեն հացով եւ ջրով: Բայց ո՞վ կարող էր այդպիսի հերոսութիւն գործել: Ամենադժուարը խմբից հեռանալն էր: Եթէ թուրք զինուորները նկատէին, կը սպաննէին տեղնուտեղը:

Երկար խորհելուց յետոյ կանայք որոշեցին երեք երեխայ ուղարկել: Ընտրեցին Սամուէլին, Մինասեան Արթինի տղային` Եղիային, ու էլի մի ուրիշ, մօտ 10-11 տարեկան տղայի: Ես չէի համաձայնւում Սամուէլին ուղարկել, որովհետեւ նա այնքան ամչկոտ էր, այնքան աչքափակ, որ եթէ ոեւէ անծանօթ նրա հետ խօսէր, նա լաց կը լինէր: Նրան թուրքերն անմիջապէս կը բռնէին ու գուցէ կը սպաննէին: Բայց երբ ինձ ասացին. «Քո երեխան երեխայ է, մերը երեխայ չի՞, ինչ է», ես կոտրուեցի:

Սամուէլ` ՀՄԸՄ-ի խումբին հետ

Սամուէլն առանց այն էլ արեւահար էր եղել, հազիւ էր քայլում: Իսկ միւս կողմից թուրքն էր սպառնում նրա կեանքին: Յիշեցի, թէ ինչպէս շատ երեխաների թուրքերը տարան, ինչ շնութիւններ արին, սպաննեցին կամ վիրաւոր ու տկլոր բաց թողեցին: Իսկ ոմանց ծնողների աչքի առաջ մորթեցին: Իսկ միւս կողմից` այնքան էլ յոյս չունէի հիւանդ երեխային կենդանի տեղ հասցնել: Այս բոլորը ծանր ու թեթեւ անելուց յետոյ համաձայնեցի Սամուէլիս ուղարկել: Իսկ երբ Սամուէլին հարցրի.

Սամուէլ Անդրանիկեան Անթիլիասի «Որոտում» ֆութպոլի խումբին հետ

– Կարո՞ղ ես տղաների հետ գնալ այն երեւացող քաղաքն ու հաց ու ջուր բերել,- երեխան զարմացած նայեց ինձ, թէ ի՛նչ եմ ասում: Արդեօք լո՞ւրջ եմ ասում, թէ՞ կատակ եմ անում: Թէ ինչպէ՛ս կարող է այդպիսի բան անել: Երեխան անգամ չպատասխանեց. կպաւ ինձ ու կուչ եկաւ:

Ես ու միւս երեխաների մայրերն սկսեցինք Սամուէլին համոզել, որ չվախենայ, գնայ տղաների հետ: Երեւում էր` միւս տղաներն աչքաբաց էին, նրանք էլ սկսեցին համոզել Սամուէլին: Սամուէլը մոլորուած` մէկ մէկիս էր նայում, մէկ` միւսին: Բայց տեսնելով, որ տղաները չեն վախենում, վերջում սիրտ առաւ ու ինքն էլ համաձայնուեց եւ գնաց տղաների հետ` մի յարմար տեղ ծլկելով խմբից:

Ճիշդն ասած, խիղճս տանջում էր, որ երեխային իմ ձեռքով թուրքերի ձեռքն ուղարկեցի: Բայց միւս կողմից մտածում էի, որ գոնէ աչքովս չեմ տեսնի նրա սեւ օրը:

Ըստ պայմանի, երեխաներն այդ օրը երեկոյեան  պիտի վերադառնային:

Բայց երեկոյեան վերադարձաւ միայն մէկն առանց հաց ու ջրի: Իսկ Սամուէլն ու Եղիան չկային: Այդ երեխան ասաց, որ երբ նրանք մօտենում էին քաղաքին, թուրքերը նկատեցին ու յարձակուեցին նրանց վրայ: Նրանք փախան` ով ուր կարող էր: Իսկ թէ ուր մնացին Սամուէլն ու Եղիան, չգիտեր: Ի՞նչ կարող էի անել: Ոչինչ: Կարծեցի, որ նրանց սպաննեցին, որովհետեւ Սամուէլը երբեք առանց ինձ չէր մնայ: Լալիս էի ու գնում: Կանայք ինձ յուսադրում էին, թէ երեխան կենդանի կը լինի: Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման յոյս չունէին, միայն յուսադրում էին ինձ: Այդպէս էլ գնաց, կորաւ ու կորաւ  իմ անմեղ բալիկս:

Գիշեր-ցերեկ լալիս էի ու աղօթում Աստծոյն, որ Աստուած իմ հոգին առնի, միայն իր բարի ձեռքը Սամուէլիս վրայ պահի: Բալիկներիս, ամուսնուս, տունուտեղ կորցրած` մտայ դժոխքի քարաւանը, մոլորուած, լալով գնում էի դէպի անապատները…

Քարաւանը քանի գնում, ցամաքում էր: Էլ մարդու նման չէինք, մեզ անասունի նման ծեծում էին ու քաշում: Գնալով աքսորեալների թիւն այնքան քչացաւ, որ կրկին մնացինք մի խումբ կանայք ու աղջիկներ: Ի վերջոյ հասանք Մուսուլ: Այնտեղ մեզ բաց թողին` կրկին բաժանելով փոքր խմբերի: Ես գնացի իմ ծանօթ թուրքի մօտ, ուր եղել էի առաջին անգամ: Ինձ լաւ ընդունեցին: Ծառայ դարձայ: Մի տարի քարշ եկայ մէկի-միւսի մօտ…

Ա՜խ, ամէն ինչ չես պատմի: Որքան անտանելի է, երբ դու քոնը չես: Երբ ուրիշն է քո գլխի տէրը, թէկուզ երեխայ կամ զառամեալ պառաւ լինի: Կ՛ասի` չոքիր, ու կը չոքես, եթէ ուզում ես կենդանի մնալ:

Մեզ համար ոչ ցուրտ կար, ոչ արեւ, ոչ շոգ, ո՛չ գիշեր, ոչ ցերեկ, ոչ թեթեւ, ոչ ծանր, ոչ էլ հանգիստ: Շատերը չդիմացան այդ ծանր օրերին ու մահացան: Մի տարի յետոյ մեզ կրկին ազատ արձակեցին: Բայց ո՞ւմ էր պէտք այդ ազատութիւնը: Այդ երկար տարին մի օր աչքերիս արցունքը չի ցամքել: Կրկին ջարդուած սրտով վերադարձայ Օրտու, կորցրած բոլոր հարազատներիս, բացի մեծ եղբօրիցս` Գալստեան Կարապետից, որ ազատուած էր եւ ապրում էր Ռուսաստանում:

Օրտու քաղաքում ծանօթներ գտայ: Շատերը Եղեռնի ժամանակ անտառներում թաքնուած հայ տղամարդիկ էին: Մօտ 80 հոգի գաղտնի նաւակ վարձեցին ու նաւակով փախանք Ռուսաստան, Ատլեր քաղաք, Սեւ ծովուն հիւսիսը: Ես գնացի եղբօրս` Կարապետի մօտ, որ բնակւում էր Կակրայի շրջանի Օտլուղ գիւղում, որ գտնւում էր Պիլենկովոյից վերեւ: Հոն ամուսնացայ Ճանսուզեան Սեդրակի հետ ու երեխաներ ունեցայ:

 

Սամուէլ Անդրանիկեան Անթիլիասի որբանոցին մէջ

Անցան տարիներ… բայց քանի որ Սամուէլիս մահն աչքով չէի տեսել, յոյսս չէի կտրում ու չէի դադարում փնտռելէն: Նա իմ սրտում միշտ կենդանի էր ու միշտ` 8 տարեկան:

Շատ ու շատ մարդիկ Եղեռնի ժամանակ կորցրած հարազատներին գտան աշխարհի տարբեր ծայրերում: Ամէն անգամ, երբ լսում էի, թէ ոեւէ մէկը գտել է իր հարազատին, վառուած սրտիս մոխիրների տակ թաղուած յոյսի կայծերը բոցկլտում էին ու աւելի եռանդով էի փնտռում: Փնտռում էի աշխարհի տարբեր մասերում: Վերջապէս, ինչպէս ասացի, բախտը ժպտաց, Սամուէլս գտնուեց Պէյրութում, Անթիլիասի որբանոցում, 1928 թ.: Սկսայ նամակցիլ նրա հետ: Նա էլ ինձ գրում էր որբանոցից, թէ ինչպէ՛ս ինք ապրում էր այնտեղ եւ մեծանում: Որբանոցին մէջ նա սորվում էր կօշկակարութիւն:

Դարձեալ անցան երկար տարիներ… Մինչեւ այդ, բոլորն ինձ ասում էին` 42 տարի անցնելուց յետոյ ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտռում: Իմ երեխաներն այդ չէին ասում, բայց նրանց վերաբերմունքն այդ էր ասում: Իսկ ոմանք բացէ ի բաց ասում էին ինձ, թէ ի զուր ժամանակ եմ վատնում: Յետոյ էլ աւելցնում, թէ ի՛նչ արած, մօր սիրտ է թող փնտռի:

Այդքան ժամանակ անցնելուց յետոյ ո՞վ էր սպասում այսպիսի բախտի, արեւի ու հրաշքի: Երբ Սամուէլիս նկարը ստացայ, քիչ էր մնում ուրախութիւնից ուշքս գնար, գժուէի: Ճիշդն ասած, 42 տարի անցնելուց յետոյ ես էլ այնքան յոյս չունէի, որ կը գտնեմ Սամուէլիս, բայց չփնտռել չէի կարող: Չէի կարծում, թէ Աստուած այնքան բարի կը լինէր, որ էն աշխարհից որդուս կը նուիրէր ինձ: Հիմա ուզում եմ տեսնել բալիկիս: Ա՜խ, բալիկս, տեսնելու բախտ կը վիճակուի՞ արդեօք, ասաց ու լաց եղաւ:

Մի քիչ հանգստանալուց յետոյ Զանակ տատին ներողութիւն խնդրեց, որ ինձ անհանգստացրեց, յետոյ խնդրեց, որ Սամուէլին նամակ գրեմ ու օգնեմ, որ գոնէ մի րոպէ տեսնի նրան, եթէ դա հնարաւոր է: Վազեցի, թուղթ ու գրիչ վերցրի, եկայ: Հարցրի.

– Սամուէլի հասցէն ունէ՞ք:

Ասաց, որ ինքը կը թելադրի, ես կը գրեմ: Ասացի` լաւ:

– Կը ներես,- ասաց,- որ գրելու ես անգրագէտիս թելադրածը: Սխալներիս ուշադրութիւն մի՛ դարձնիր,- ու սկսեց թելադրել:

– Սամուէ՛լս, բալի՛կս, անուշի՛կս,- ու էլի յուզուեց, աչքերին արցունքի կաթիլներ երեւացին: Այդպէս էլ լացակումած սկսեց թելադրել:

– Արդեօ՞ք Աստուած ղսմաթ կանի՞ իրար տեսնել, թէ՞ չէ: Իրօ՞ք այդտեղ ես, թէ չէ, եաւրի՛կս… ինչպէ՞ս ես, տղա՛ս… Ա՜խ, շատ ու շատ եմ կարօտել… Արդեօք դո՞ւ էլ մեզ նման արեւին ու լուսնին նայում ես, թէ՞ չէ: Բալիկս, եթէ նայում ես, գոնէ լուսնին ու արեւին նայելով` մի քիչ կարօտս կ՛առնեմ: Եթէ քեզ չտեսնեմ էլ, Աստուած տայ` դու կենդանի լինես, ողջ ու առողջ լինես, լաւ լինես, բալի՛կս, ուրիշ ոչինչ չեմ ուզում:

Այստեղ մի քիչ հանգստանալուց յետոյ շարունակեց.

– Բալի՛կս, որտե՞ղ կորար, որտե՞ղ մնացիր: Աշխարհը վառւում էր, որտե՞ղ գլուխդ պահեցիր կրակից: Ինչպէ՞ս կենդանի մնացիր: Քանի՜ տարի Տէր Զօրի անապատները չափչփեցի: Ի՞նչ գիտէի, որ կենդանի ես, կամ որտեղ ես, որ գայի, օգնէի: Անո՛ւշ բալիկս, քեզ լաւ նայիր, քաղցած, ծարաւ մի՛ մնայ: Անո՛ւշ բալիկս, գրում եմ այս նամակն ու վախենում եմ, որ այս բոլորը երազ լինի: Աստուած, որ այսքան բարի եղաւ, բախտի մի դուռ էլ կը բանայ, ու իրար կը տեսնենք: Ա՜խ, տղա՛ս, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել, ասաց ու սկսեց հեկեկալ, լաց լինել: Դժուարանում էր խօսել: Ես կարծես հանգիստ լսում էի, բայց յանկարծ իմ սիրտն էլ փոթորկուեց: Աշխատում էի ինձ հանգիստ պահել, որ Զանակ տատին աւելի չյուզեմ: Բայց տեսնելով, որ լացը չի կտրում, որպէսզի նրան այդ վիճակից դուրս բերեմ, հնարաւորին չափ հանգիստ թոնով ասացի.

– Նամակը շատ երկար ստացուեց:

Վախենալով, որ վերջացնում եմ գրելը, անմիջապէս ուշքի եկաւ, իրեն հաւաքեց ու ասաց.

– Չէ՛, չէ՛, գրի՛ր: Տղա՛ս, քո աչքերին, ձեռքերին, մամա ասող ձայնիդ մատաղ: Բալի՛կս, կ՛ասես` ի՞նչ մայր էր, քեզ նման երեխային թողեց դժբախտութեան մէջ ու հեռացաւ: Բայց ես քեզ անտէր չեմ թողել, բալի՛կս: Այդպէս ստացուեց: Դու երեւի յիշում ես, թէ ի՛նչ էր կատարւում: Ի՞նչ օրի էի ես ու քեզ համար ի՞նչ կարող էի անել, ոչնչով քեզ օգնել չէի կարող: Մեռնէր քո մայրը, այդ օրերը չտեսնէր:

Այստեղ Զանակ տատիկի լացն ուժեղացաւ: Որպէսզի նրա լացը կտրեմ, ներողութիւն խնդրեցի ու ասացի.

– Վերջացնենք գրելը:

Մի պահ նա մտքերի մէջ ընկաւ, յետոյ ասաց, որ վերջացնում ենք, բայց կրկին սկսեց թելադրել.

– Բալի՛կս, շա՞տ սոված-ծարաւ մնացիր, թէ՞ չէ: Շա՞տ ինձ փնտռեցիր: Ա՜խ, բալի՛կս, արդեօք քեզ կը տեսնե՞մ, թէ՞ չէ: Գոնէ աչքս թարթելու չափ ժամանակ քեզ տեսնէի ու համոզուէի, որ կենդանի ես:

Այսքանն ասելուց յետոյ լռեց: Քիչ յետոյ ասաց, որ մնացածը ինքս գրեմ: Բայց ի՞նչ գրէի ես: Քիչ յետոյ ասացի, որ գրեցի, վերջացրի: Նա լուռ մտքերի մէջ ընկաւ: Նկատւում էր, որ գոհ էր: Ուրախութեան շողերը թափառում էին դէմքին:

Մէկական նամակ էլ Զանակ տատիկի անունից գրեցի Խորհրդային Միութեան ու Լիբանանի կառավարութիւնների արտաքին գործերի նախարարութիւնների հասցէներով, խնդրեցի` գոնէ մի րոպէով թոյլ տան տեսնել Սամուէլին, նշելով, թէ երբ, որտեղ, ինչպէս էր կորցրել Սամուէլը 42 տարի առաջ: Նամակները ծրարեցի, գրեցի հասցէները ու ասացի, որ նամակները պատրաստ են, ես փոստ կը գցեմ: Բայց Զանակ տատին անհանգստացաւ, ասաց, որ նամակներն ինքը փոստ կը գցի: Ապշած նայում էր նամակներին, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ, դէմքի մկանները` խաղալ: Նրա դէմքին երեւում էին նրա ներքնաշխարհի տրտունջի ու յոյսի ալիքների տատանումները: Մի ձեռքով, դանդաղ սկսեց արցունքները սրբել, միւսովը «ա՜խ, Սամուէլս» ասելով` վերցրեց նամակներն ու հարցրեց, թէ դրանից ո՞րն է Սամուէլի նամակը: Ցոյց տուեցի: Զանակ տատին Սամուէլի նամակը դրեց կրծքին, յետոյ համբուրեց ու ասաց.

– Ա՜խ, Սամուէ՛լս, մի՞թէ այս նամակը ձեռքդ պիտի առնես: Մեռնեմ քո թաթիկներին: Բալի՛կս, այս նամակի վրայ թողած համբոյրներս թող համբուրեն քո ձեռքերը:

Այս ասելով` դանդաղ կանգնեց: Աչքերը փակեց: Խոր շունչ քաշեց ու աչքերի արցունքները սրբելով` ասաց.

– Լաւ էր` անցածը չյիշէի: Մնաք բարով, ես էլի կը գամ,- ասաց ու գնաց: Դրանից յետոյ Զանակ տատին ամէն ամիս գալիս էր հարցնելու, թէ ինչո՛ւ նամակներին պատասխան չկայ: Ամէն անգամ ասում էի, թէ նման նամակների պատասխանը շուտ չի գալիս:

Անցաւ վեց ամիս: Ոչ մի պատասխան: Կրկնեցի նամակները: Անցաւ էլի վեց ամիս: Մի օր էլ նամակ ստացան, որ Սամուէլին թոյլատրել են երեք ամիսով գալ Խորհրդային Միութիւն եւ հիւր լինել մօրը:

Ինչ խօսք, երեւի թոյլատրող մարդկանց գութը շարժուել էր, որ այդքան երկար ժամանակ էին տուել:

1964 թ. յուլիսի վերջերին Սամուէլից մի հեռագիր ստացայ, որ նա 28 յուլիսին «Լաթվիա» նաւով իր կնոջ եւ 8 տարեկան երեխայի` Իշխանի հետ Լիբանանից մեկնում են Օտեսա:

Մի խումբ ազգականներ թռան Օտեսա` Սամուէլին դիմաւորելու: Իսկ մի խումբ ազգականներ, հարեւաններ ու համագիւղացիներ գնացին Ատլեր, այնտեղ դիմաւորելու, որովհետեւ Սամուէլը օդանաւով Օտեսայից թռչելու էր Ատլեր:

Թէ ի՛նչ եղաւ Օտեսայում, չգիտեմ, բայց մենք Ատլերում երկար սպասեցինք: Լուրն անմիջապէս տարածուեց օդակայանում, որտեղ այդ ժամանակ եկող-գնացողների եռուզեռ էր տիրում:

Մարդիկ, երբ իմացան, որ մայր ու որդի 43 տարի առաջ իրար կորցնելուց յետոյ պիտի հանդիպեն, դիմեցին դէպի այն դահլիճը, ուր պիտի մտնէին Օտեսայից եկողները: Այդ դահլիճում էին հաւաքուել ծանօթ թէ անծանօթ, հայեր, ռուսներ, վրացիներ ու այլ ազգերի մարդիկ, նոյնիսկ` կոլխոզի նախագահը:

ՀՄԸՄ-ականներ Եղիշէ Մանուկեան եւ Սամուէլ Անդրանիկեան

Մէկ էլ ռատիոյով հաղորդեցին, որ Օտեսայից թռչող օդանաւը վայրէջք է կատարում: Յետոյ էլ ասացին, որ այդ օդանաւով Պէյրութից եկած հիւրը հանդիպելու է 43 տարի առաջ կորցրած իր մօրը: Այդ յայտարարութիւնից յետոյ մեր դահլիճում այնքան մարդ հաւաքուեց, որ ասեղ գցելու տեղ չկար: Շուտով եկան Օտեսայից թռչողները: Եկան Սամուէլի կինն ու ութ տարեկան տղան` Իշխանը: Նրանց ուղեկցում էին Օտեսա դիմաւորելու գացողներից մի քանիսը: Իսկ Սամուէլը չկար: Ասացին, որ այդ օդանաւում տեղ չի եղել բոլորին, եւ որ Սամուէլը կը գայ յաջորդ օդանաւով:

Զանակ տատին երբ իմացաւ, որ Սամուէլը չկայ, դէմքի ժպիտը մարեց: Զննող հայեացքով նայեց մէկին-միւսին` պարզելու համար, կատա՞կ են անում, թէ՞ լուրջ են ասում: Բայց ոչինչ չհասկացաւ: Սամուէլի կնոջն ու երեխային դիմաւորելուց յետոյ միայն հասկացաւ, որ իրօք Սամուէլը չկայ: Սամուէլի փոխարէն` գրկել էր 8 տարեկան թոռանը` Իշխանին, բայց դա նրան չէր հանգստացնում: Աստիճանաբար նրա ոտքերը թուլացան: Որպէսզի չընկնի, Զանակ տատին դիմեց կողքին կանգնած մարդկանց օգնութեանը եւ լալկան ձայնով ասաց.

– Ո՞ւր է Սամուէլս, ո՞ւր է բալիկս: Ի՞նչ եղաւ նրան:

– Կը գայ, մայրի՛կ, կը գայ: Հանգստացիր, շուտով կը գայ,- ասում էին Օտեսայից եկածները:

– Ինձ մի՛ խաբէք, որտե՞ղ մնաց տղաս` Սամուէլս: Ի՞նչ եղաւ, ի՞նչ պատահեց: – Ասաց ու աչքերը չորս արած` շարունակեց եկողներին մէջ փնտռել Սամուէլին: Բայց չգտնելով նրան` լրջացած ասաց.

– Կատակ է՞ք անում, թէ՞ մի բան պատահեց:

Այս անգամ մարդիկ աւելի լուրջ սկսեցին հասկացնել, որ ոչինչ չի պատահել, որ իրօք Օտեսայում բոլորին տեղ չի եղել օդանաւում, որ Սամուէլը կը գայ մի ժամ յետոյ` յաջորդ օդանաւով: Բայց Զանակ տատին կրկին կասկածում էր, թէ կարո՞ղ է այդպէս լինել, ու չէր հանգստանում:

– Չէ՛, ո՞ւմ էք խաբում,- ասաց նա աւելի լրջացած ու բարձր ձայնով, իսկ յետոյ տեսնելով, որ կատակ չեն անում, ինչ-որ կասկածների մէջ ընկած ու խեղճացած, աղերսանք արտայայտող, մարող ու լալկան ձայնով դիմեց բոլորին.

– Ո՞ւմ էք համոզում: Ի՞նչ պատահեց: Ինձ ճիշդն ասէք, ի՞նչ եղաւ տղաս: Էլի՞ կորաւ:

Այստեղ Զանակ տատիկի աչքերը մթնեցին, գլուխը պտտուեց, ձայնը կտրուեց, արցունքները գլորուեցին այտերի վրայով: Անուժ, անօգնական դարձաւ: Ամբողջ տեսքն արտայայտում էր մի այնպիսի յուսահատութիւն, որ կարծես` էլ փրկութիւն չկար:

– Քեզ չեն ասում` մի տարի սպասիր, ասում են` մի ժամ սպասիր: 43 տարի սպասել ես, մի ժամ չե՞ս կարող սպասել,- ասաց համագիւղացիներից մէկը ու յետոյ աւելցրեց,- մի ժամ յետոյ եթէ Սամուէլը չգայ, նոր կը հարցնես, թէ ո՛ւր է նա:

(Շար. 2)


Անկրկնելի Հալէպը. Մամուլ…Ընթերցողներ Եւ Ցրուիչներ

0
0

ՄԱԹԻԿ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

Հանապազօրեայ տաք հացի նման իմացական սնունդ ներարկող Հալէպի մէջ լոյս տեսած հայ մամուլի ընտանիքէն` «Արեւելք» օրաթերթի (1946-1963) տպարանի գլաններուն մելանը չորցաւ ուղիղ յիսուն եւ հինգ տարիներ առաջ, ի շարս տեղական բազմաթիւ թերթերու, ութ մարտի յեղափոխութեան արշալոյսին հետ: Աւելի կանուխ «Սուրիա»-ն (1946-1960) եւ «Եփրատ»-ն ալ (1927-1947) արդէն դադրած էին:

Տեղեկատուական եւ կրօնական բովանդակութեամբ համայնքային եւ բարեսիրական որոշ պարբերաթերթեր շարունակեցին իրենց հրատարակութիւնը` «Հայ ծերանոց», «Նոր ապրիլ», «Օշական», «Հայ կաթողիկէ առաջնորդարանի պարբերաթերթ», «Գեղարդ տարեգիրք»: Իսկ վերջին քսանհինգ տարիներուն անխափան լոյս տեսաւ «Գանձասար» շաբաթաթերթը:

Բարենորոգման շարժումէն ետք, 1970-ին  աստիճանաբար վերադարձուեցան որոշ ազատութիւններ, որոնց շարքին` տպագիր մամուլի մուտքը, այսպիսով սուրիահայ ընթերցասէր հասարակութիւնը յագեցաւ այդ օրերուն իր փառքը ապրող լիբանանաահայ գաղութի մէջ լոյս տեսնող թերթերէն` «Ազդակ», «Զարթօնք», «Արարատ», «Նայիրի», «Սփիւռք», «Կանչ», «Բժիշկ», «Հասկ», «Բագին», «Շիրակ», «Երիտասարդ Հայ», աւելի ուշ` «Մարզիկ», «Կայծեր», «Ռազմիկ», «Մկոն ու Չալոն», «Նոր Կեանք», «Դիտակ» եւ «Կամար»:

Հալէպի մէջ հայութիւնը միատարր եւ սահմանափակուած թաղամասերու մէջ ապրելու առաւելութեան շնորհիւ` թերթի ցրւումը կը կատարուէր անհատ ցրուիչներու ձեռամբ, մեր մօտ օրաթերթերը կը հասնէին յետմիջօրէին` ի տարբերութիւն այլ քաղաքներու, ուր մամուլը կը թաւալի կէս գիշերէն ետք եւ արեւածագի շողերու հետ տպագիր թուղթը կը հասնի ընթերցողներուն:

Եօթանասունական թուականներուն, երբ Թիլելի ՀՄԸՄ-ի ակումբը մեղուափեթակ էր, «Ազդակ»-ի առաջին կայանը հոն էր, ներկայացուցիչ` գրատուն «Օմար Խայեամի» դրացնութեամբ: Ցրւումի գործը ստանձնած էր ֆութպոլի դաշտերուն մէջ մնայուն ներկայութեամբ մարզական շրջանակին հանրածանօթ, հանգուցեալ Արա Երէցեանը, ան մինչեւ հինգ հարիւր թերթ կը ցրուէր  քանի մը ժամուան ընթացքին: Այդ օրերուն քաղաքի կեդրոնական շուկաներուն մէջ` Թիլել, Սալիպէ, Պապ էլ Ֆարաճ, Խենտեկ, Պուլվար, Ապպարա, Պոսթան Քլեպ, Պարոն պողոտայ եւ Ազիզիէի շրջաններուն մէջ հայազգի խանութպանները եւ վաճառականները, բժիշկներն ու դեղարանները ջախջախիչ ներկայութիւն էին: Աշխարհագրական նոյն գօտիին մէջ կային նաեւ տասնեակ մը կրպակներ եւ թերթ վաճառող գրատուներ, որոնց մօտ կարելի էր գտնել վերը յիշուած բոլոր հայերէն թերթերը:

Ութսունական թուականներուն տակաւին կը գործէին հայ ցրուիչներ` Մինասը, որ երիցագոյնն էր, «Սուրիա» եւ «Արեւելք» թերթերու ժամանակէն ան իր հեծանիւի կողովին մէջ ունէր նաեւ այլազան օտարալեզու ու տեղական թերթեր, նաեւ` ազգային վիճակահանութեան տոմսեր, Յովհաննէսը, որ նախապէս հանրային պարտէզի լուսանկարիչ էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով սակաւաթիւ Հալէպ հաստատուուղներէն` Ժանը, ան մահացաւ ամիսներ առաջ, «Կանչ»-ի եւ «Զարթօնք»-ի ցրուիչն էր, մրցանիշ մը ունէր, երեք հարիւր օրինակ «Նոր Կեանք» պարբերաթերթ կը բաժնէր երկու օրուան ընթացքին,զուարթախօս, մարձումի մասնագէտ, աշխատանքի ընթացքին կը պատմէր իր նաւաստիի անցեալի սխրագործութիւններէն:

Թէժ պատերազմի նահատակներէն էր նաեւ «Գանձասար»-ի եւ «Ազդակ»-ի ցրւումի պատասխանատուն` Վրէժ Ճապաղջուրեանը:

Շուրջ քսան տարիներէ ի վեր ցրւումի աշխատանքը ստանձնեցին տեղացիներ, որոնք ընդհանրապէս պաշտօնեաներ էին եւ յետմիջօրէին կը պարապէին հայերէն թերթերու տարածումով:

Այսօր համակարգիչիս պաստառին ճամբով կ՛ոստոստեմ աշխարհասփիւռ հայ մամուլի էջերուն վրայ: Եւրոպայի գերքաղաքակիրթ ոստանի մը մէջ դրախտային բախտաւորութեան եւ թթուածինի նման կեանքի կենսական միջոց է ամէնօրեայ հայերէն մամուլի ընթերցումներս, այս ընթացքին յաճախ կը մտաբերեմ անցեալի օրերը, որոնց մէջ յիշարժան են հայ մամուլի ընթերցողներն ու ցրուիչները:

Սփիւռքահայութեան եաթաղանը` արտագաղթը նօսրացուց  հայութեան առեւտրական ներկայութիւնը եւ բնակութիւնը` բազմաթիւ թաղամասերու մէջ, միւս կողմէ` արհեստանոցներ եւ գործարաններ հաստատուեցան քաղաքի սահմաններէն դուրս, միշտ տեղաշարժի մէջ դնելով արդէն իսկ գաղթականի ցուպը ձեռքին բռնած հայորդին: Վերջին քսանհինգամեակին հայկական ներկայութիւնը ընդհանրապէս ամփոփուեցաւ Նոր Գիւղի, Սուլէյմանիէի եւ նորակերտ Վիլլաներ թաղամասերուն մէջ:

Ասպարէզի բերումով, որպէս սեփականատէր «Կիլիկիա» գրատան-հրատարակչատան, նախապատերազմեան տարիներուն քառորդ դար` 1988-2012, Սուլէյմանիէ հայաշատ շրջանի կեդրոնական պողոտայի վրայ ապրած եմ, հալէպահայ գաղութի կիզակէտին վրայ, հայ մամուլը հայ գիրքին կողքին ունենալով առօրեայիս մէջ, այդ օրերուն թերթը, ձայնասփիւռն ու հեռատեսիլը լրատուական միակ աղբիւրներն էին:

1988-ի մեծ երկրաշարժին յաջորդող շաբաթը  նոր տարուան նախօրէին «Կիլիկիա» գրատան բացումը կատարեցի` անպաշտօն, համահայկական սուգի մթնլորտի մէջ: Շուտով գրատունս ժամադրավայր եղաւ գրասէր հասարակութեան, արդէն ութ տարիներէ ի վեր հօրս գրասենեակին մէջ սկսած էի այդ ասպարէզը` շրջուն գրավաճառ հանրածանօթ «Հայկական պատուական»-Մկրտիչ Խոճայի թողած գիրքերու ժողովածուն որպէս թթխմոր ունենալով:1993-ին հինգ տարիներ ետք հաստատուեցայ հանդիպակաց մայթին վրայ աւելի ընդարձակ վաճառատան մը մէջ` քսան տարիներու ընթացքին գործելով նաեւ որպէս հրատարակչատուն: Այս շրջանին հրատարակած եմ շուրջ չորս հարիւր մեծ ու փոքր հայերէն հատորներ: Դժբախտաբար գրատունս փակ է 6 նոյեմբեր 2012-էն ի վեր:

Այս քսանհինգ տարիներուն ունէի հայ մամուլի, յատկապէս «Ազդակ»-ի ամէնօրեայ բաժանորդներ, որոնց առաւելագոյն ցանկը հասաւ մինչեւ յիսունի, ապա աստիճանաբար նուազեցաւ մինչեւ տասնհինգի, ընդհանրապէս դէպի անդենական երթին պատճառով, որովհետեւ ընթերցողներուն միջին տարիքը կարելի էր եօթանասուն համարել:

Յիշարժան երեւոյթներէն կարելի է նշել, թէ տակաւին կային ծերունիներ, որոնք «Ազդակ» ըսելու փոխարէն` «Արեւելք» կ՛ուզէին: Թերթ ստացողը  իր  հետաքրքրութիւններուն համապատասխան կը բանար թերթին առաջին նայուածք նետելու էջերը, կային մարզասէրներ, Կարօ Սողիկեանի մատիտը պատրաստ էր սկսելու խաչբառին, զոր տուն հասնելէ առաջ լուծած կ՛ըլլար, իսկ շրջուն լումայափոխ Շաքարեանը անմիջապէս սակարանի էջը կը բանար, ոմանց հետ ամէնօրեայ կարճ զրոյց մը պատճառ եղաւ մտերիմ կապեր հաստատուելու:

Երբեմն անակնկալօրէն իրարու ետեւէ նոր դէմքեր կը յայտնուէին, եւ թերթի պահանջ մը կը սկսէր, ոմանց հարցումը կը մատնէր, թէ երբեք հայ մամուլի հետ չեն առնչուած: Այդ օրը հայոց լեզուի ուսուցչուհին պարտականութիւն տուած կ՛ըլլար թերթ կարդալու եւ նիւթ մը ներկայացնելու, այս պարտականութեան շնորհիւ` կարգ մը ծնողներ կը ծանօթանային հայերէն թերթին, երբեմն ալ բարի սովորութեան կը վերածուէր:

Ղարաբաղեան շարժումի, Արցախի ազատագրական պատերազմի եւ Հայաստանի վերանկախացման ժամանակաշրջանին հայ մամուլը ապրեցաւ իր ոսկեդարը: Իւրաքանչիւր հայորդի կը տագնապէր օրուան անցուդարձերով, թերթը հասնելու ժամանակէն առաջ արդէն մայթին վրայ շրջանակ մը կազմած` իւրաքանչիւրը  կը զեկուցէր իր թարմ տեղեկութիւնը, ոմանք  ձայնասփիւռէն, ուրիշներ օտար մամուլէն քաղուած լուրեր ունէին:

Հազուադէպօրէն թերթերը կ՛ուշանային կամ չէին հասներ արտասահմանէն գալու ճանապարհային խոչընդոտներու պատճառով, ոմանց համար անօթի քնանալէն աւելի դժուար էր օրաթերթ չունենալը, մինչեւ ուշ ժամեր կը հանդիպէին, պատասխանատու ցրուիչէն այդ օրուան մամուլը չհասնելու լուրի հաստատումէն ետք միայն անոնք տան ճամբան կը բռնէին: Մոլի ընթերցողներ, մոռնալով նախորդ օրուան «Մամլոյ արձակուրդ»-ի ազդը, կու գային, երբեմն ալ այլ թերթ մը կ՛առնէին` յագեցնելու այդ օրուան իրենց հաճոյքը:

Այսպէս էր հալէպահայ կեանքը, այս անկրկնելի տպաւորութիւններս,  զորս այսօր թուղթին կը յանձնեմ, անջնջելի պատմութեան մէկ մասնիկն են մէկ դար ապրած պանծալի գաղութին, որ այսօր թէեւ վիրաւոր եւ պանդխտացած զաւակներով` կը շարունակէ ապրիլ եւ պիտի ապրի՛:

Յաճախ կը գրուի տպագիր մամուլի անբաղձալի վիճակին մասին, թէ ինչպէ՛ս կարելի է տոկալ համացանցային լրատուական կայքերու ալիքին դիմաց, գէթ ելեկտրոնային օրինակ ունենալը կը պահպանէ իւրաքանչիւր մամուլի արժանաւոր եւ աւելի տարածուն ներկայութիւնը:

Տպագիր մամուլը ոտքի կը կանգնի դարերէ ի վեր անծանօթ զինուորներու փաղանգի մը շնորհիւ ` գրաշար,տողաշար, սրբագրող, էջադրող, տպագրիչ, ցրուիչ եւ ի վերջոյ` բաժանորդ: Առաջինները երբեմն կ՛աշխատէին խոնաւ նկուղներու մէջ` կապարի շոգին շնչելով, առողջապահական դժուար պայմաններով, ոմանք մահացան այդ պատճառով:

Սփիւռքահայ իրականութեան մէջ ընդունուած իրողութիւն է` եկեղեցի, դպրոց եւ ակումբ երրորդութիւնը` իբրեւ հայապահպանման ամրոցներ, արդար եւ  իրաւացի, սակայն չորրորդ իշխանութիւնը` հայ մամուլը կարելի է նկատել այդ երորրդութիւնը  ամբողջացնող եւ զօրացնող միաւորը:

Ընկերային եւ տեղեկատուական ցանցերու դիմաց մագնիսացած այսօրուան մարդը, մեր պարագային հայ մարդը հայեցի սնունդ կրնայ ստանալ եւ հայ իրականութեան մէջ ապրիլ ու հայօրէն շնչել` այս նորարարութիւններուն օգտագործման լաւագոյն մթնոլորտ գտնելով:

Ժընեւ

Դոկտ. Իմատ Մրատ «Էմ. Թի. Վի.» Պատկերասփիւռի Կայանի «Ժառանգութիւն Եւ Մշակոյթ» Յայտագիրի Մէջ Ընդգծեց Հայոց Ցեղասպանութեան Իրաւացիութիւնը Եւ Հայոց Պահանջատիրութեան Ազդակները

0
0

ԿԱՐՕ ԱՂԱԶԱՐԵԱՆ

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թո՛ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»: Մեր բանաստեղծներէն Աւետիս Ահարոնեանի այս պատգամը որքան հնչեղ է եւ մնայուն զարթուցիչ` ի տես հայ ժողովուրդին կրած ահաւոր կորուստին, սպանդին, ջարդին ու տեղահանութեան: Այսօր աւելի քան հրամայական է բանաստեղծին խօսքերը, երբ Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մէջ հայը գոյատեւման պայքար կը մղէ իր լեզուն պահպանելու, մաքառելու` այլազան ապազգայնացող երեւոյթներու դէմ եւ,  Ցեղասպանութեան ճանաչման կողքին, հատուցում պահանջելու: Ցեղասպանութեան իրաւացիութեան առումով, հսկայածաւալ աղբիւրներ կան, ըլլան անոնք դիւանագիտական պատասխանատուներու կամ պատմաբաններու կողմէ: Այստեղ կը մէջբերենք Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան Հենրի Մորկընթաուի (1913-1916) վկայութիւնը. «Տեղահանութեան իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականութեան մէջ անիկա բնաջնջման նոր եղանակ էր: Երբ թրքական իշխանութիւնները հրաման կու տային, փաստօրէն անոնք ամբողջ ԱԶԳ-ի մահավճիռը կ՛արձակէին»:

Այս առումով «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանը 24 ապրիլ 2018-ին «Ժառանգութիւն եւ մշակոյթ» (Հերիթէյճ էնտ քալչըր) յայտագիրով իրազեկ դարձուց իր հանդիսատեսները` Հայոց ցեղասպանութեան տուն տուող պատճառներուն, ճանաչման գործընթացին, հայ ժողովուրդի պահանջատիրութեան ու հատուցման դրդապատճառներուն: Հարցազրոյցը ձեռնհասօրէն վարեց հաղորդավար Քաթիա Խուրի -Մունտալաքը, իսկ յայտագիրի հիւրն էր լիբանանեան համալսարանին մէջ պատմութեան եւ քաղաքական գիտութեան դասախօս եւ հմուտ պատմաբան դոկտ. Իմատ Մրատը: Ան ըսաւ, որ եթէ Օսմանեան կայսրութիւնը կամ Թուրքիան պատժուէր 1915-ին, այս ձեւով պիտի կանխարգիլուէին այլ ցեղասպանութիւններ, եւ Ստալինն ու Հիթլերը պիտի չկարենային սպանդներ

կազմակերպել: Դոկտ. Իմատ զարմանք յայտնեց, որ ինչո՞ւ չի խօսուիր 1915-ին նախորդող շրջանին մասին: Ան նշեց, որ Ցեղասպանութիւնը արդէն սկսած էր քսան տարի առաջ` 1894-ին սուլթան Ապտիւլ Համիտի օրերէն: Սուլթան Ապտիւլ Համիտ Բ. հանդիպելով այդ օրերու Թուրքիոյ իսլամ համայնքապետին` կը յայտնէ, որ բանաստեղծական տող մը ունի իր քովը, որ նշուած է իսլամական կրօնի հիմնադրման շրջանին, թէ «Պէտք է ջարդել հայերը»: Ան այս մէջբերումը քաղաքական նպատակի կը վերագրէ`  յայտնելով, որ հայերը կ՛ուզեն ինքնավարութիւն ունենալ, ուրեմն որոշում կայացուց սպաննել, կրօնափոխ դարձնել կամ տեղահանել զանոնք: Սուլթան Համիտ նաեւ զինեց քիւրտերը, զանգուածային ջարդեր կազմակերպելով` 200 գիւղեր բնաջնջեց եւ 2500 կիներ այրեց եկեղեցւոյ մէջ: Դժբախտաբար այդ օրերուն մեծ պետութիւնները, ինչպէս` Ֆրանսա, Բրիտանիա, Ռուսիա, Իտալիա, ո՛չ միջամտեցին, ո՛չ կանխարգիլեցին եւ ո՛չ ալ վարչական բաժանումներ կատարեցին, ինչ որ պատճառ դարձաւ այլ ցեղասպանութիւններու:

Խօսելով ասորիներուն եւ քաղդէացիներուն մասին` յայտնեց, որ անոնք ալ ենթարկուեցան նոյն ճակատագիրին, որովհետեւ իթթիհատականները որոշում տուած էին բնաջնջել բոլոր քրիստոնեաները` ամբաստանելով զանոնք, որ կը գործակցին Ռուսիոյ, Անգլիոյ եւ Ֆրանսայի հետ: Դոկտ. Իմատ հարց տուաւ, որ եթէ այս ժողովուրդներուն մէջ կային անձեր, որոնք կը գործակցէին օտար պետութիւններու հետ, որքա՞ն ճիշդ է որոշում կայացնել բնաջնջելու ամբողջ ազգ մը, մանաւանդ որ հայերը մշակոյթ, մայրենի լեզու, եկեղեցիներ ունեցող ժողովուրդ են: Հայերուն եւ քրիստոնեաներուն աշխատասիրութիւնը եւ հարուստ մշակոյթը չվրիպեցան թուրքերու ուշադրութենէն: Այդ օրերուն լուր հասած էր Օսմանեան կայսրութեան, որ ռուսերը հայերու մասնակցութեամբ կը պատրաստուին յարձակելու թուրքերուն վրայ, ինչ որ մղեց թուրքերը` սպաննելու հայերը: Իսկ 24 ապրիլ 1915-ին պաշտօնական որոշում կայացաւ ձերբակալելու եւ սպաննելու  բոլոր մտաւորականները քրիստոնեաներուն եւ իսլամներուն դիմաց: Դոկտ. Իմատ Մրատը նշեց, որ այս որոշումը պատահական չէր, որովհետեւ թուրքերը սկսած էին պարտուիլ ամէն ճակատի վրայ, ինչպէս` Սուէզի ջրանցքի, յոյներուն, Ռուսիոյ դիմաց, եւ հայերը դիմադրող ու քաջարի ժողովուրդ եղած են, բայց այդ օրերուն Օսմանեան կայսրութիւնը զինաթափած էր բոլոր հայերը: Այստեղ հայերը այլ թակարդի մէջ ալ ինկան, երբ թուրքերը պահանջեցին հայերէն թաքստոցներ կառուցել օսմանցի զինուորներուն համար: Այս թաքստոցները օգտագործուեցան հայերը սպաննելու: Ան նաեւ մանրամասնօրէն ներկայացուց տեղահանութեան եւ Սուրիոյ անապատներուն մէջ հայ ժողովուրդին կրած տառապանքները, ահարկու չարչարանքները:

Ցեղասպանութիւն գործողներուն եւ զանոնք պատժելու մասին դոկտ. Մրատ ըսաւ, որ անոնցմէ իւրաքանչիւրը, ինչպէս Թուրքիոյ ներքին գործոց նախարար Թալէաթ փաշան, պաշտպանութեան նախարար Անուար փաշան եւ մարդասպան Ճեմալ փաշան ահաբեկուեցան դաշնակցական երիտասարդներու կողմէ, 1921-ին հայ ժողովուրդի վրէժխնդրութեան թարգմանը հանդիսանալով:

Հարցազրոյցին վերջին բաժինով ան յայտնեց, որ աշխարհատարած հայութիւնը տնտեսապէս, մշակութային եւ քաղաքական առումով, ինչպէս է Լիբանանի մէջ, իր գոյութիւնը փաստած է որպէս լիիրաւ քաղաքացի` իր ներդրումը բերելով երկրի բարգաւաճման ի խնդիր: Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին, ան նշեց, որ Թուրքիոյ մէջ օրէնքը կ՛ըսէ, որ  այն անձը, որ կը խօսի ու կը ճանչնայ զայն, կը բանտարկուի: Իսկ համաշխարհային իմաստով, ճանաչումը մեծ յառաջդիմութիւն արձանագրուած է: Բայց հայութիւնը ճանաչումէն անդին` հողերու հատուցում կը պահանջէ: Դոկտ. Մրատ եզրափակեց իր զրոյցը` խօսելով երանելի Իգնատիոս Մալոյեան Մարտինի առաջնորդին նահատակութեան մասին:

Դոկտ. Իմատ Մրատի` Հայոց ցեղասպանութեան 103-ամեակի առիթով այս համապարփակ ներկայացումը եւ տեղեկութիւնները Հայ դատին ճանաչման եւ իրաւացիութեան վրայ դարձեալ լոյս սփռեց: Կը մնայ մեզ` Ցեղասպանութեան երրորդ եւ չորրորդ սերունդի պատկանողներուս մնայուն պահանջատէր մնանք` մինչեւ մեր հողերուն արդար հատուցումը: Թող մեր սուրբ նահատակներուն թափած թանկագին արիւնը մնայուն յուշարար ըլլայ հայերուս եւ աշխարհի բոլոր պետութիւններուն եւ ժողովուրդներուն համար:

Բիւր շնորհակալութիւն` դոկտ. Իմատ Մրատին, որ համարձակօրէն եւ բծախնդրութեամբ ներկայացուց Հայոց ցեղասպանութեան նիւթը: Շնորհակալութիւն նաեւ` «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին եւ հաղորդավար Քաթիա Խուրի-Մունտալաքին, որոնք պանծացուցին յիշատակը մեր սուրբ նահատակներուն:

 

 

Կարելի Չէ՞(ր)…

0
0

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ

Պէյրութի մէջ իմ ծնունդս եւ ծննդավայրս ըլլալը իմ ընտրանքս չէր: Ոչ ալ` ծնողքիս եւ մեծ ծնողքիս, որոնք իրենց պապենական տունէն`պատմական Հայաստանէն արմատախիլ եղան եւ հաստատուեցան Հալէպ, ապա` Պէյրութ: Ու տակաւին, լիբանանեան հպատակութիւնը տուաւ ինծի ինքնութիւն եւ քաղաքացիութիւն իմ կեանքին համար:

Ես մեծցայ, դաստիարակուեցայ ու ապրեցայ եւ մինչեւ օրս, որոշ համեմատութեամբ, Լիբանանի մէջ: Պէյրութը եղաւ տուն, եւ անոր ուժականութիւնը սիրեցի` որպէս ապրելու մղիչ ուժ եւ կորով: Լիբանանն ու անոր հպատակութիւնը տուաւ ինծի մշակութային եւ քաղաքական-քաղաքացիական ինքնութիւն եւ մասնակցութիւն, ինչ որ անհրաժեշտ գրաւականներ են(էին) իմ-մեր կեանքին համար:

Բայց իմ մեծնալու գործընթացքին մէջ կային նաեւ սորվելու գիտակցութիւնը եւ անհրաժեշտութիւնը: Եւ անոր մէջ հիմնական տեղ ունէր հայկական ինքնութիւնը: Մանաւանդ` Լիբանանի պէս երկրի մը մէջ, որուն ազատ, շրջահայեաց մշակոյթը ու ընկերա-քաղաքական իրավիճակները մեծապէս պիտի սատարէին անոր:

Լիբանանն ու լիբանանահայութիւնը` որպէս գաղութ, ունեցան իրենց ազգային-մշակութային եւ ընկերային կեանքերու բեղուն դրուածքը: Եւ այս, եթէ մէկ կողմէ ներ-լիբանանեան եւ լիբանանահայ կարգավիճակներէն մեկնելով, բայց նաեւ` համահայկական ու համազգային եւ տակաւին հայրենական ու Հայաստան որպէս պետականութիւն: Լիբանանահայ գաղութը անցաւ շատ մը փուլերէ: Լիբանանեան քաղաքացիական առաջին պատերազմի դէպքերուն` 1958-ին, լիբանանահայ գաղութը ունեցաւ մարդկային-նիւթական կորուստներ, բայց նաեւ` ներհայկական բախումներ` հետեւանք լիբանանեան քաղաքական տարբեր հոսանքներու մասնակցութեան: Այս եղաւ մեր գաղութի տխուր պատմութեան էջերէն մին: Ես չապրեցայ այդ օրերը, քանի հազիւ մէկ տարեկան մանուկ էի այդ ժամանակ: Բայց լսած եմ մօրմէս ու իրենց ականատեսի փորձառութիւնները, քանի հայրս երբեք չէր ուզեր խօսիլ այդ դէպքերուն մասին:

1958-ի դէպքերէն ետք լիբանանահայ գաղութը ապրեցաւ իր վերելքի շրջաններէն մին եւ մինչեւ 1975, երբ ծայր առաւ, այսպէս ըսած, (ան)հասկնալի քաղաքացիական պատերազմը:

Լիբանանահայ գաղութը իր կուսակցական-եկեղեցական ու միութենական առաջնորդներու խոհեմ եւ հեռատես քաղաքականութեամբ կրցաւ միաւորել եւ ստեղծել մէկ դիրք: Դրական չէզոքութիւն`սրբագրելով 1958-ի փորձառութեան սխալները: Եթէ դրական չէզոքութիւնը եղաւ մէկ կողմէ լիբանանահայութեան դիրքը պատերազմող կողմերու միջեւ որպէս անկողմնակալ հաւաքականութիւն, բայց նաեւ` դաստիարակութիւն: Ես ու իմ սերնդակիցներս մեծցանք դրական չէզոքութեան այդ երկարամեայ դիրքորոշումին դաստիարակութեան մէջ` սորվելով կամրջել եւ հաւասարակշռել մեր հայկական ու լիբանանեան ինքնութիւնները եւ պարտաւորութիւնները: Կրցանք սորվիլ եւ տեսնել, որ մենք հայ ենք, բայց ծնած ենք Լիբանանի մէջ, եւ այս մեր ընտրութիւնը չէր: Բայց երախտապարտ ենք Լիբանանին ու պատրաստ ենք մեր մասնակցութիւնը բերելու անոր վերելքին, բայց ոչ երբեք` սակարկելով մեր հայկական-ազգային ինքնութիւնը:

Պատմութիւնը անպայմանօրէն արձանագրած է, ու տակաւին, լիբանանահայ գաղութի քաղաքական-ազգային այս կեցուածքը լիբանանեան պատերազմի ամբողջ տասնհինգ տարիներու որպէս հեռատես, առողջ եւ շինարար կեցուածք: Գաղութն ալ ունեցաւ իր տուժածները եւ մարդկային զոհերը եւ նիւթական վնասները: Վերջապէս, պատերազմական վիճակ էր եւ կարելի չէր չազդուիլ: Բայց լիբանանահայ գաղութին դիրքը եկաւ յարգանք վայելելու բոլոր հոսանքներէն, նոյնիսկ` կարգ մը քաղաքական կողմերէն, որոնք կ՛ուզէին տեսնել լիբանանահայ գաղութը միացած` իրենց պատերազմական շարքերուն կողքին: Եթէ լիբանանեան պատերազմը վերջացաւ ոչ յաղթող, ոչ պարտուող իրականութեամբ (եւ չեմ ալ գիտեր` ինչպէ՞ս եւ ի՞նչ տուեալներով ալ յանկարծ վերջացաւ), բայց լիբանանահայ գաղութը եւ անոր դիրքը ցոյց տուին, որ ան եղաւ բարոյական, եւ ինչո՞ւ չէ, իրաւական յաղթող գլխաւոր կողմերէն մէկը: Եւ լիբանանահայ գաղութի այս դրական չէզոքութիւնը մէջտեղ եկաւ միասնականութեամբ… Միասնականութիւնը` հայ եկեղեցական-քաղաքական եւ միութենական բոլոր կողմերուն: Եւ եթէ ես ու բոլորս ճաշակեցինք լիբանանեան պատերազմի դառն փորձառութիւնները, բայց ան նաեւ եղաւ դպրոց: Դպրոց մը, ուր սորվեցանք հաւասարակշռութիւն` մեր հայկական ու լիբանանեան պատկանելիութիւններուն մէջ, բայց նաեւ` միասնականութեան: Եւ թէ` միասնականութիւնը ուժ է, դրական ուժ, որ կը շինէ: Եւ եթէ լիբանանահայ գաղութը կրցաւ վերականգնիլ այս քաղաքական պատերազմի դժուար փորձառութենէն ետք, պատճառներէն մին էր նաեւ գաղութին միասնական կեցուածք-դիրքորոշումը:

Կը պատրաստուինք 6 մայիս 2018-ի Լիբանանի երեսփոխանական ընտրութիւններուն: Երկիրը ողողուած է թեկնածուներու նկարներով, բայց նաեւ` լոզունգներով ու նշանաբաններով: Բոլորն ալ կը ձգտին երկրին բարօրութեան եւ յառաջդիմութեան: Ակներեւ են հայ թեկնածուներու նկարները եւ անունները` բաւական մեծ թիւով, նկատի ունենալով, որ միայն վեց աթոռ կայ հայերուն համար խորհրդարանին մէջ: Ու տակաւին, կարելի է տեսնել հայ թեկնածուները այս կամ այն խմբակին մէջ`մէկը միւսին դէմ մրցակից եւ հակադրուած: Եւ արագ ակնարկ մը նետելով բոլոր հայ անուններուն վրայ`  կրնամ տեսնել, թէ շատ են ծանօթները ու բարեկամները… Կարող, փորձառու եւ սիրելի…

Բայց կը մնայ մէկ իրագործելի պարտականութիւն… Որո՞ւ քուէարկել: Մանաւանդ նկատի ունենալով, որ հայկական քաղաքական որեւէ կուսակցութեան մը անդամ չեմ եւ իմ մասնակցութիւնը ազգային-գաղութային կեանքի մէջ կու գայ այլ բնագաւառներէ: Բայց ի՜նչ խօսք,  ունիմ մտահոգութիւնը…

Եւ այդ մտահոգութիւններէն… Արդեօք կարելի չէ՞ր միասնական ու հաւաքական լիբանանահայ ցուցակով մը ներկայանայինք երեսփոխանական այս ընտրութիւններուն: Բայց չէ՞ որ ապրած ենք պատմութեան փորձը. Լիբանանի քաղաքացիական պատերազմը եւ անոր նկատմամբ դրական չէզոքութեան միացեալ կեցուածքը: Ու տակաւին, Մեծ եղեռնի իննսուն ու հարիւր ամեակները, ուր միասնական կեցուածքներով շատ բան նուաճեցինք: Եւ տակաւին, կարելի է առիթները մէկ-մէկ թուարկել: Բայց արդեօք կարելի չէ՞ր այս ընտրութիւններուն ալ համախոհական ցանկ-կեցուածք մը յառաջացնէինք:

Կը հասկնամ, որ ներկայ երեսփոխանական ընտրութիւններու ընտրական ուղղեգիծը իւրայատուկ է: Համամասնական դրութիւնը, կ՛ըսէ, «յղի» է շատ մը անակնկալներով, եւ որ կրնայ հաշուարկները խանգարել: Ես ալ դիմեցի իմ բարեկամ օրէնսգէտ-փաստաբան դոկտ. Ռուբէն Ավշարեանին, որպէսզի բարի ըլլայ բացատրելու ինծի ներկայ ուղեգիծը: Ռուբէնը համբերութեամբ մէկ-մէկ ներկայացուց ծրագրին տարբեր ելքերը, ինչ որ կարելի էր տեսնել, թէ բաւական խնդրայարոյց էր… Բայց արդեօ՞ք այս դրութիւնը իր բոլոր մարտահրաւէրներով պիտի  չկարենար գաղութը քով-քովի բերել եւ մէջտեղ հանել հասարակ յայտարար մը` դիմագրաւելու համար զայն հաւաքական միտքով եւ կեցուածքով մը: Վերջապէս, մենք` որպէս գաղութ, ապրած ենք աւելի ճգնաժամային պատմութեան փորձը եւ կրցած ենք գտնել «ելքը»… Հապա այս անգա՞մ: Կարելի չէ(ր)՞:

Լիբանանահայ գաղութը համասփիւռքեան ընդհանրական տարածքին վրայ ու մէջ միշտ ալ եղած է առաջատարի ու պատասխանատու դիրքի մը վրայ եւ նկատուած` կարեւոր միաւոր մը համահայկական մեր իրականութեան մէջ: Լիբանանահայ գաղութը եւ իր կարողականութիւնները, անոր մարդուժի եւ մտաւոր ներուժը մինչեւ այսօր տակաւին կը մնան ի զօրու: Այս իմաստով լիբանանահայ գաղութէն ակնկալութիւնները բաւական շատ են, եւ այս` ոչ միայն ներլիբանանեան իմաստով, բայց նաեւ` համասփիւռքեան եւ հայրենի պետականութեան առանցքը կազմելու իմաստով: Եւ հայրենիքի նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանի նախագահական թեկնածութիւնը առաջարկուելէն ետք ան ջանք չխնայեց իր սփիւռքեան անդրանիկ այցելութիւնը տալու լիբանանահայ գաղութին եւ հանդիպիլ տարբեր կառոյցներու հետ: Ինչպէ՞ս բացատրել եւ հասկնալ այս երեւոյթը եթէ ոչ` լիբանանահայ գաղութի կարեւորութիւնը ներկայ համահայկական   իրականութենէն ներս:

Այս բոլորը ինքնագովութիւն չէ: Տուեալներ են, որոնք ցոյց կու տան լիբանանահայութեան կարեւորութիւնը մէկ կողմէ, բայց նաեւ պատասխանատուութիւնը եւ ակնկալութիւնները` միւս կողմէ: Մեր համահայկական շատ մը հիմնահարցերու եւ մարտահրաւէրներու մէջէն իրականութիւնն է դարձեալ, որ գաղութներ կը նային մեզի` լիբանանահայութեան, որպէս նախաձեռնող եւ մտայղացող ու, տակաւին, ազգային-եկեղեցական ու մշակութային բնագաւառներէ ներս առաջնորդի եւ լիցքաւորումի դերով: Եւ այս տուեալներէն մեկնելով, մենք` որպէս լիբանանահայ գաղութ, չենք կրնար նկատի չառնել այս բոլոր գործօնները եւ չհամադրել ու չներդաշնակել մեր ազգային-քաղաքական գործունէութիւնները նաեւ մեկնելով այս իրականութիւններէն: Մեր ներլիբանանեան բոլոր գործունէութիւնները կարելի չէ անջատել եւ զատորոշել համահայկական իրավիճակներէն: Տեղ մը առնչուած են բոլորը միասին: Եւ տակաւին, ի՞նչ խօսք` ներկայ ժամանակներու համաշխարհային տուեալները եւ քաղաքական-տնտեսական ու ընկերային բոլոր զարգացումները: Այսօր «լինելու-չլինելու» պայքարը, քիչ մը ամէն տեղ, ունի տարբեր ընթացք, եւ անոր բովանդակութիւնը այլ ալիքներու վրայ է: Եւ այս իրավիճակները մեզի` հայերուս, նաեւ պիտի ստիպեն, որ մենք որդեգրենք միացնող եւ միաւորող աշխատանքային գործընթաց` համադրելով կարողականութիւնները եւ ուժը: Եւ այս համաշխարհային կարգավիճակէն սկսելով եւ տեղայնացնելով զայն գաղութներու պարագային: Եւ այս իմաստով լիբանանահայ գաղութը պէտք է ըլլայ առաջատարի դիրքի վրայ :

Պիտի յիշենք եւ վերյիշենք, որ միասնականութիւնը մեր գոյատեւումի եւ յատկապէս ներկայ իրավիճակներու մէջէն անհրաժեշտ գրաւական է: Միասնականութիւնը բառարանային գոյական չէ միայն, ոչ ալ մեզի համար մեր շատ մը այլ առաջադրանքներուն մէջէն մէկ հատը զատելու ընտրանք: Միասնականութիւնը մեզի` հայերուս, ներառեալ լիբանանահայուն պարտականութիւն է… Եւ աւելին: Ան պարտաւորութիւն է: Ե՛ւ պարտականութիւն, ե՛ւ պարտաւորութիւն է, որովհետեւ ցեղասպանուած ժողովուրդ ենք: Եւ այս մտահան կարելի չէ ընել: Ես Պէյրութ ծնայ, որովհետեւ կը պատկանիմ Ցեղասպանութենէն ճողոպրած երրորդ հայկական սերունդին: Եւ Պէյրութը, շատ սիրելով հանդերձ, իմ ու ընտանիքիս ընտրանքը չէր… Մենք պիտի սորվինք եւ սորվեցնենք, որ հայկական ազգային աւանդին պահանջատիրութիւնը մայրենին, քրիստոնէական հաւատք, մշակոյթ, ճանաչում եւ իրաւական հատուցում` որպէս մէկ ամբողջութիւն`պէտք է հաւասարակշռել մեր լիբանանեան պատկանելիութեան հետ: Այս մէկը կարելի չէ սակարկել: Սորվելու եւ սորվեցնելու այս իրականութիւնը պիտի յաջողցնել, եթէ մէկ կողմէ մեր միասնականութեամբ, բայց այդ միասնականութիւնը եւ անոր ուղեգիծը պէտք է գայ եւ պէտք է ըլլայ մեր ազգային-եկեղեցական-կուսակցական ու միութենական կառոյցներու եւ անոնց դաստիարակութիւններուն մէջէն եւ անոնց միջոցով: Եթէ լիբանանահայը պիտի լիցքաւորուի իր ազգային ինքնութեամբ ու ինքնագիտակցութեամբ եւ պիտի հաւասարակշռէ զայն լիբանանեան պատկանելիութեան հետ, բայց այս գործընթացը պարտի ըլլալ մեր ազգային կառոյցներու միջոցով եւ անոնց դաստիարակութեան մէջէն: Եւ միասնականութիւնը, որ կը պատրաստուի մեր ազգային կառոյցներու մէջ եւ մէջէն, կրնայ նաեւ լաւապէս ուրուագծել հայկական-լիբանանեան այս հաւասարակշռութեան գործօնը: Եւ մեր գաղութային միասնականութեան նպատակակէտը լիբանանահայ այս դիմագիծը ու ինքնութիւնը կերտելուն մէջ է: Եւ կրնանք հոս այս իրավիճակին ու անոր ընթացքին մէջ հանգիստ ալ զգալ: Ոչ հայեր կրցած են աւելի լաւ ձեւով հասկնալ մեզ մեր այս իրավիճակին մէջ եւ ամէն ժամանակէ աւելի հասկնալ մեր պատմութիւնը եւ գոյապայքարը:

Բայց տակաւին կայ 6 մայիս 2018. լիբանանեան խորհրդարանի ընտրութիւնները: Եւ կ՛իմանամ, որ հայ թեկնածուներու թիւը հասած է երեսունի, եւ որոնք պիտի մրցին վեց հայկական աթոռներու համար ու դարձեալ` տարբեր խմբակներու մէջէն… Թէեւ մեծամասնութիւնը ծանօթ է ու, տակաւին, բարեկամ եւ սիրելի…

Եւ դարձեալ հարցումը: Կարելի չէ(ր)՞ միասնական համախոհութիւն մը ստեղծել ներկայացնելու համար լիբանանահայ գաղութը երեսփոխանական այս ընտրութիւններուն: Հոն, ուր մեր հաւաքական կամքը կրնայինք վերածել աշխատանքի, որ կրնար ստեղծել ամուր ու համադրող կեցուածք: Կեցուածք մը, որ կրնար ըլլալ շինարար ուժ, եւ որ նաեւ մեծապէս կրնար զօրավիգ ըլլալ այլ գաղութներու, որովհետեւ գաղութներ եւ յատկապէս հայկական` իրարմով կրնան զօրանալ:

Վերջապէս, կարելի չէ՞(ր) քիչ մը ամէն տեղ`մամուլ, հեռուստացոյց, պաստառ, թռուցիկ, փողոց ու, տակաւին, բոլորը եւ բոլորս միասին ըսենք եւ ըսէինք`

«Ընտրեցէք լիբանանահայ թեկնածուն»:

Լիբանանահայ միասնական միտքը եւ ուժը: Ուժը, որ կը շինէ:

Կարելի չէ՞(ր)…

 

 

Ընկերային Արդարութեան Հրամայականը

0
0

ՆԱԹԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Ապրիլ 23-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Սերժ Սարգիսեանի ներկայացուցած հրաժարականով Հայաստանը նոր փուլ թեւակոխեց: Փուլ մը, որ տակաւին նոր պիտի ամրապնդուի, եւ անոր ընդհանուր յատկանիշները յայտնի պիտի ըլլան յառաջիկայ օրերուն:

Հայաստանը փրկուեցաւ խուճապային, արիւնահեղութեան եւ արտաքին միջամտութեան մթնոլորտներէն` շնորհիւ հայ ժողովուրդի հայրենասիրական զգացումներուն: Խաղաղ ցոյցերուն շնորհիւ եւ խաղաղ քաղաքական հոլովոյթի հիմամբ, կառավարութիւնն ալ հրաժարեցաւ:

Ժողովուրդին առօրեայ կեանքը պէտք է վերադառնայ իր բնականոն հունը եւ նորոգուի` յանուն հայրենիքի բարգաւաճման:

Մարդկութեան պատմութեան հոլովոյթը փաստած է, որ փոփոխութիւնը տեղի չ՛ունենար միայն անձի մը տապալումով  (ինչպէս որ կը կարծեն շատեր), այլ ամբողջական համակարգային փոփոխութեամբ` իր ընկերային, տնտեսական եւ քաղաքական ազդակներով: Ներկայ ժամանակաշրջանին տիրական եղող շուկայական մենաշնորհային, ընկերային պահպանողական եւ քաղաքական փտածութեան համակարգը պէտք է արտամատախիլ ըլլայ:

Անշուշտ այլընտրանքը չի կրնար դառնալ ազատականութիւնը իր երկու տարբերակներով` դասական եւ նոր: Այդ երկու տարբերակները միայն անձեր պիտի փոխեն, արտաքին յարաբերութիւնները պիտի ամրապնդուին որոշ երկրի մը հետ, իսկ վատթարանան` ուրիշին հետ: Տնտեսական ազատականութիւնը պիտի շուկայացնէ մարդկային ամէն իրաւունք` կրթութենէն սկսեալ մինչեւ առողջապահութիւն: Հայաստանը շատ ծանօթ է տնտեսական ազատականութեան, որուն հիմերը դրուեցան Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան ընթացքին, երբ սեփականաշնորհուեցան բոլոր գործարանները, ընկերութիւններն ու հողերը: Այս քաղաքականութեան ընկերային- տնտեսական հետեւանքները հայրենիքը կը շարունակէ կրել մինչեւ այսօր:

Այլընտրանքը ընկերային արդարութեան, հասարակական համերաշխութեան եւ ժողովրդավարացման հոլովոյթի լայնացման մէջ է: Աշխատավարձերու եւ թոշակառութեան բարձրացում, արդար հարկային համակարգի (մեծ ընկերութիւններու վրայ բարձր հարկեր), աշխատաւորներու եւ գիւղացիներու միութենականացման մէջ է:

Յառաջիկային ձեւաւորուելիք երկրին նոր ղեկավարութիւնը պէտք է պարտադրէ որդեգրել զուտ սկզբունքային հիմքերու վրայ ամրապնդուած ընկերային եւ տնտեսական արդարութիւն: Արդարութեան կամ յեղափոխութեան դրօշակիրի հանգամանք չեն կրնար ստանձնել գունաւոր պատեհապաշտները, որոնք կ՛օգտագործեն ժողովրդային ցոյցերը` յանուն իրենց անձնական շահերուն, յետոյ ալ ընդմիշտ կ՛անհետանան: Ճշմարիտ յեղափոխութիւնը ընկերային- տնտեսական յեղափոխութիւնն է, որ արմատականօրէն պիտի փոխէ բնակչութեան ընկերային-տնտեսական կարգավիճակը դէպի լաւը, այսինքն` աւելի արդարը: Ճշմարիտ յեղափոխականները անոնք են, որոնք պիտի ամրապնդեն ընկերային արդարութեան հիմքերը պետական մարմիններուն մէջ, այլ ոչ թէ` անոնք, որոնք կը բարձրացնեն  «յեղափոխութիւն» նշանախօսը` առանց հաւատալու կամ զգալու անոր խորքային էութիւնը:

Այսօր հրամայականը կայ լսելու ցուցարարները յուզող հարցերն ու մտահոգութիւնները` աշխատավարձերը, թոշակի, անգործութեան, ընկերային անհաւասարութեան եւ բռնի ուժի օգտագործման շուրջ: Ժամանակն է գտնելու լուծումներ` յանուն բարեկեցութեան, աշխատանքի առիթներու ստեղծման եւ, ինչո՞ւ չէ, հայրենադարձութեան:

Մետալին երեսները չէ, որ պէտք է փոխուին, այլ` ամբողջ մետալը: Այդ փոփոխութիւնը ժամանակի կարօտ է ու պէտք ունի զուսպ աշխատանքի, լուրջ ծրագիրի եւ ռազմավարութեան:

 

Մեր Ոսկեայ Պատեհութիւնը

0
0

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի յայտարարութիւնը` կառավարական դաշինքէն դուրս գալու մասին, վաղուց սպասուած ջրբաժան մըն է, որ աշխատանքի հսկայ նոր ասպարէզ մը կը բանայ Դաշնակցութեան առջեւ վերջին օրերու մահացու շփոթներէն արագօրէն ձերբազատելու եւ մեր պետականութեան կառուցման գործին նորոգեալ թափով նուիրուելու:

Յայտարարութեան մէջ յստակօրէն կը խօսուի խորհրդարանի նոր ընտրութիւններ կայացնելու պահանջին մասին. քա՛յլ մը, որ կենսական նշանակութիւն ունի այսօր մեր երկրին համար եւ քաղաքական ոստիւնի հրամայական պատեհութիւն մըն է երկրի ժողովրդավարական ուժերը աննախընթաց տարողութեամբ զօրաշարժի ենթարկելու: Իմ կարծիքով, վաղուան խորհրդարանի ձեւաւորումը առաջնահերթ եւ կենսական խնդիր է այսօր ամէն հայու համար: Թող ներուի ինծի ըսել, որ մենք ազգովին իրաւունք չունինք պատմական այս պահը պատահականութիւններու զոհ տալու:

Մեր երկրի քաղաքական բեմին վրայ դեռեւս կը գործեն հասարակութեան խարդախ ոլորտի ուժերը`կապուած մենաշնորհային համակարգի սարդոստայնին, եւ անոնք անպայման պիտի շղթայազերծեն իրենց բոլոր կարողականութիւնները, առեւանգելու համար վաղուան խորհրդարանը: Կասկած մի՛ ունենաք: Մեր պարտաւորութիւնն է այժմէն իսկ իջնել հրապարակ եւ առնել բոլոր անհրաժեշտ քայլերը` ընտրակաշառքի յայտնի գործօնները իրենց բոյներուն մէջ խեղդելու եւ հիմնական վերանայման ենթարկելու երկրի ընտրական օրէ՛նքը:

Այս նոր յառաջընթացի բովին մէջ, կասկած չկայ, որ Դաշնակցութիւնը աւելի ամբողջականօրէն պիտի գրաւէ իր տեղը երկրի քաղաքական դաշտին մէջ եւ նոր ուժականութեանբ տէր կանգնի ժողովրդական այն լայն շերտին, որ իր բնական կազմախօսութեամբ իսկ Դաշնակցութեան քաղաքական գործի հարազատ հողը կը ներկայացնէ` եւ երկրի զարգացման մեծ խարիսխը: Միաժամանակ մեր գործը պիտի ըլլայ քաղաքական դաշտէն ի սպառ դուրս քշել Հանրապետական կուսակցութիւնը` քաղաքական բռնամիջոցներու իր մեքենականութեամբ: Մեր գործը պիտի ըլլայ միանգամընդմիշտ ազատել քաղաքական բռնադատումներու զոհ մեր երկրի քաղաքացին:

Պարզ խօսքով, յառաջիկայ ընտրութիւնները մեր ոսկեայ պատեհութիւնն են օլիկարխիան իր զէնքերէն զրկելու եւ Հայաստանի քաղաքական դաշտը ժողովրդավարութեան բնականոն չափանիշներուն ենթարկելու: Երկրին քաղաքական մշակոյթը փոխելու մեծ շրջադարձը այս ընտրութիւններու բովին մէջ է, որ պիտի իրագործուի եւ, հետեւաբար, վաղուան յարացոյցին էութունը հոս է, որ պիտի ճշտուի:

Ասիկա մեր ժողովրդավարութեան նոր օրն է, մեր երկրի նոր զարթօ՛նքը, եւ մեր նոր երթը` դէպի իրաւական հզօր պետականութիւն, որուն անկեղծ զինուորն է Դաշնակցութիւնը այժմ եւ միշտ եւ յաւիտեան: Բարի՛ երթ բոլորիս:

25 ապրիլ, 2018
Ուաշինկթըն

 

Ընտրական Քրոնիկ. Իմ Քուէս` ՀՅ Դաշնակցութեան (Ե.)

0
0

ՀԱՄԲԻԿ ՊԻԼԱԼԵԱՆ

Բարեմիտ ու մեր կուսակցութեան հանդէպ խոր յարգանք ունեցող տեղացի բարեկամիս այն հարցումին, թէ իբրեւ մեծամասնութիւն, ինչո՞ւ միշտ կուսակցութեան որոշումին կը հետեւինք եւ անոր առաջադրած թեկնածուներուն կը քուէարկենք. արդեօք սեփական կարծիք ու նախընտրութիւն չունի՞ք: Մեր կարգին, ժպտախառն ու յարգալից ոճով մը պատասխանեցինք:

Այսպէս ըսած, սալոնային մտմտուքներէ եւ անտեղի խօսակցութիւններէ մենք մեզ զերծ պահելով` յայտնենք, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը սրբապատկեր (icon) մը չէ, չի կրնար ըլլալ, ինքզինք անսխալ նկատող քաղաքական կուսակցութիւն մը չէ, չի կրնար այդպէս ըլլալ, անոր շարքերուն մաս կազմող կուսակցականները ունին սեփական տեսակէտ ու կարծիք, այլապէս միատեսակ մտածողներ չեն եղած, չեն կրնար ըլլալ: Աւելի՛ն. գաղութահայ կեանքի ճնշիչ մեծամասնութիւն մը միշտ ալ երախտագիտութեամբ եւ համոզումով ընդառաջած է ՀՅ Դաշնակցութեան կոչին:

Որովհետեւ կայ ճշմարտութիւն մը անսեթեւեթ, որ մեր կուսակցութիւնը, միւս հայ աւանդական կուսակցութիւններուն առընթեր, հայ կեանքի ամբողջ թաւալքին, եղած է հայութեան կողքին, պաշտպանած անոր իրաւունքն ու գոյութիւնը, պահած ազգային դիմագիծը, գաղափարական աշխարհահայեացքն ու ծառայութիւնը:

Այլ խօսքով` ՀՅ Դաշնակցութիւնը իր ժողովուրդին ծնունդն է, ունի 128 տարուան հարուստ կենսագրութիւն, յեղափոխական պատմութիւն, մշակոյթ եւ քաղաքական կենսափորձ: Ըսուածներուն լաւագոյն ապացոյցը անոր կենդանի պատմութիւնն է, հայ կեանքին առնչուող, երբ անիկա ոչ մէկ ատեն զլացած է իր աջակցութիւնը, ծառայութիւնն ու իր տղոց արիւնը մատուցել յանուն հայութեան դատին, բարօրութեան եւ ապագային: Այսքանը մեր տեղացի բարեկամին:

Գալով մեր ածուին. ընդգծեցինք սրբապատկերի երեւոյթը, այլապէս յստակացնելու եւ վերստին յիշեցնելու, թէ դաշնակցական կեանքը տոկմաթիք չէ, վարդապետական բնոյթ չունի, չէ՛ ունեցած երբեք, այլ անոր կազմակերպական, կանոնագրային թէ ծրագրային ամբողջ ուսմունքը խարսխուած է հայրենատիրութեան եւ ժողովրդասիրութեան վրայ: Փաստօրէն, եթէ դաշնակցական մտածական տարածքը երբեք կաշկանդումներու եւ սահմանափակումներու ենթակայ եղած ըլլար, ապա վաղուց կորսնցուցած կ՛ըլլար իր հաւատամքն ու կոչումը, հեղինակութիւնն ու ամբողջ արժեհամակարգը:

Սա չի նշանակեր երբե՛ք, որ ազգային շունչով ու հաւատամքով գործող կուսակցութիւն մը, իր ամբողջ գործունէութեան ընթացքին չունենայ բացթողումներ, սխալ մօտեցումներ ու քաղաքական կեցուածքներ: Աւելի՛ն. անբնական վիճակ ու երեւոյթ պիտի ըլլար, որ աշխատանքային ու ծառայական ամբողջ իրականութիւն ունեցող միութեան թէ կազմակերպութեան մը մէջ գոյութիւն չունենային տարակարծիք կամ ընդդիմադիր մտածողութեան տէր անհատներ, որոնց ներկայութիւնը միշտ ալ բարիք բերած է կուսակցական կեանքի աշխուժացման եւ պայծառացման:

Եւ ահա, մտածումի լայն դռնէն ներս մտնելով կ՛արծարծենք Լիբանանի մեր  կազմակերպութեան վերջին օրերու մարտահրաւէրը:

Իբրեւ քաղաքական կուսակցութիւն կը դիմագրաւենք խորհրդարանական ընտրութիւններու նորովի փուլ մը: Ունինք առաջադրուած թեկնածուներ, լծուած ենք քարոզարշաւի, տեղի կ՛ունենան ծանօթացման հանդիսութիւններ եւ կեցուածքներու յստակացումներ: Միւս կողմէ, բնական է, որ ըլլան հակադաշնակցական ելոյթներ, կեցուածքներ եւ անհատական սին ու տխուր արտայայտութիւններ: Անկեղծ ըսած, կը սիրենք թէ չենք սիրեր առաջադրուած անունները, մեզի համար հիմնականն ու խորքայինը պէտք է ըլլայ այն, որ դիտելէ եւ մտիկ ընելէ ետք վերեւ յիշուածները, մենք շարունակենք մեր երթը աւելի ինքնավստահ եւ առանց տատանումի:

Այլ խօսքով` ազգային ու քաղաքական կեանք վարող կուսակցութեան մը համար բացառուած է պարտութիւնը, մանաւանդ` բարոյահոգեբանական, որովհետեւ անոր թիկունքը կանգնած է ժողովուրդ մը, որուն քաղաքական ու ազգային յիշողութիւնը առողջ է, կենարար, սնուցիչ եւ պատուաբեր:

Փաստօրէն, լիբանանահայութիւնը, ինչպէս միշտ, 6 մայիսին կրկին անգամ  ցոյց պիտի տայ իր կորովը, համոզումն ու հաւատքը այս կուսակցութեան հանդէպ, եւ զարմացնէ մեզ բոլորս, հակառակ խծբծանքներու, յերիւրանքներու եւ ճղճիմ մօտեցումներու:

Ամէնէն կարեւորը կուսակցութեան մը համար այն է, որ չպարտուի իր պաշտած ժողովուրդին հոգեկան աշխարհին ու մտքին մէջ, այլապէս կրնայ որբանալ եւ հեռանալ պատմութեան թատերաբեմէն: Պէտք է մտածել ու գործել այս ուղղութեամբ, մի՛շտ:

Արդ, ՀՅ Դաշնակցութիւնը չի կրնար պարտուիլ, իրաւունք չունի. վերջ:

 

 

Խմբագրական. Հանգուցալուծում` Սահմանադրական Կարգով

0
0

Ներհայաստանեան իրադարձութիւններու զարգացումը կ՛ընթանայ սահմանադրական ընթացակարգային հունով: Նկատի ունենալով խորհրդարանական խմբակցութիւններու ներկայացուցիչներու յայտարարութիւնները, պարզ կը դառնայ, որ միասնական թեկնածուի ընտրութեան շուրջ գէթ այս պահու դրութեամբ գոյացած է ընդհանուր համախոհութիւն:

Մինչեւ այդ համախոհութեան ամրագրումն ու անոր նպաստող յայտարարութիւններու հրապարակումը, կայացան նաեւ հանդիպում-քննարկումներ քաղաքական տարբեր ուժերու միջեւ, ինչպէս նաեւ խորհրդակցութիւններ նախ միջնորդաւորուած, ապա նաեւ ուղղակի հիմնական երկու ուժերուն միջեւ` ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինեանի:

Հանգուցալուծման բանալին երեւցաւ, երբ ՀՀԿ-ն պաշտօնապէս յայտարարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու, յետոյ` միասնական ձեւով դիրքորոշուելու եւ ապա միասնական թեկնածուն ընտրելու գործընթացը չարգելակելու որոշումները:

Հանգուցալուծման այս ուղղութիւնը երեւցաւ նաեւ ՀՀԿ խմբակցութեան եւ ընդդիմադիր շարժումի ղեկավարին միջեւ կայացած հանդիպումէն ետք հնչած երկկողմանի յայտարարութիւններուն մէջ:

Այս բոլորին նախորդած էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի յայտարարութիւնը քաղաքական օրակարգի եւ միասնական թեկնածուի շուրջ համախոհութիւն յառաջացնելու համար համակողմանի խորհրդակցութիւններ եւ բանակցութիւններ նախաձեռնելու մասին:

Միասնական թեկնածուի շուրջ գոյացող ընդհանուր համախոհութիւնը հետզհետէ ձեւ կը ստանայ. տակաւին պարզ չեն քաղաքական օրակարգի, այլ խօսքով` ընտրելի վարչապետի ծրագրային դրոյթներուն շուրջ եղած քննարկումներէն բխած ընդհանուր յայտարարները. անոնք եթէ ներքին առումով հիմնականին մէջ կը վերաբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններու կայացման ժամկէտին եւ ընտրական նոր օրէնսգիրքին, ապա արտաքին առումով կը վերաբերին անվտանգութեան հետ կապուած խնդիրներու, արցախեան հակամարտութեան, հայ-թուրք յարաբերութիւններուն, արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններուն:

Այս ձեւով հիմնականին մէջ կ՛արձանագրուի այն, որ ընդդիմադիր շարժումի ղեկավարը յետ բանակցութիւններու կու գայ օրինական դաշտ եւ սահմանադրութեան ճշդած եղանակով ու կարգով կ՛ընտրուի վարչապետ:

Ներկայ տուեալներուն նկատառումով, եթէ յատկապէս ՀՀԿ խորհրդարանական խմբակցութիւնը չկազմաքանդուի, նորընտիր վարչապետը նախ եւ առաջ կառավարութեան կազմութեան, ծրագիրի մշակման ու հաստատման եւ անոր հետ կապուած արտակարգ ընտրութիւններու կազմակերպման, ընտրական նոր օրէնքի վաւերացման, ընտրութիւններու վերահսկողական հաստատութիւններու ձեւաւորման եւ ընդհանրապէս ներքին-արտաքին քաղաքական քայլերու ձեռնարկման համար պէտք պիտի ունենայ խորհրդարանական մեծամասնութեան: Քայլերու ձեռնարկելու համար հիմնական փուլերը պիտի համաձայնեցուին: Մանաւանդ, որ կառավարման համակարգը խորհրդարանական է, եւ վարչապետը չունի նախորդ սահմանադրութեան հիման վրայ գործող նախագահի լիազօրութիւնները:

Այստեղ կը սկսի աշխատիլ նաեւ նոր սահմանադրութեան իրաւադրոյթներով ճշդուած օրէնսդիր-գործադիր փոխհակակշռման համակարգը: Ինչ որ արդէն կը նախանշէ, որ իրաւամբ Հայաստանի Հանրապետութիւնը հետզհետէ դուրս կու գայ միակուսակցական գերակայութեամբ կառավարուող դրութենէն եւ նկատելի քայլ կ՛առնէ պետական տարբեր հաստատութիւններու միջեւ փոխհաւասարակշռման ուղղութեամբ:

Յայտնաբար հանգուցալուծումը կ՛ընթանայ սահմանադրական հունով: Կը թուի նաեւ, որ այս գործընթացները կը խթանեն համակարգային արմատական փոփոխութիւններու իրականացումը`  այս փուլին նախանշելով պետական հաստատութիւններու միջեւ փոխհակակշռման իրաւադրոյթներու գործնական դրսեւորումները: Հետագայ ճգնաժամեր կանխատեսելի են. կարեւորը այն է, որ գործընթացները կ՛ընթանան եւ շարունակեն ընթանալ նոր սահմանադրութեան ճշդած փոխհակակշռման իրաւադրոյթներուն հիմամբ:


Իսրայէլի Միջոցով Չեխիա Ապօրինի Զէնք Կը Վաճառէ Ազրպէյճանին

0
0

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի
հրատարակիչ եւ խմբագիր

Երբ ազրպէյճանական բանակը գովազդային տեսահոլովակով կը ցուցադրէր 18-22 սեպտեմբեր 2017 տեղի ունեցած զօրավարժութիւններուն ընթացքին իր կիրարկած զինատեսակները, դիտողները նկատեցին չեխական արտադրութեան ռազմական արհեստագիտութիւն, որոնց շարքին` 18 քմ հեռահարութիւն ունեցող «Տանա» ինքնագնաց հաուպիցներ եւ 20 քմ հեռահարութիւն ունեցող «Rm-70» հրթիռային կայանքներ:

Սկիզբը յայտնի չէր, թէ այդ զէնքները ինչպէ՛ս հասած էին Պաքու, նկատի ունենալով, որ Չեխիոյ Հանրապետութիւնը արտօնութիւն չէր տուած իր արտադրողներուն` նմանօրինակ զէնք վաճառելու Ազրպէյճանին: Համաձայն Չեխիոյ օրէնսդրութեան, արտաքին գործոց, պաշտպանութեան եւ ներքին գործոց նախարարութիւնները պէտք է հաստատեն արդիւնաբերութեան եւ առեւտուրի նախարարութեան առաջարկած զէնքի վաճառքի վերաբերեալ դիմումները:

Նոյն ժամանակ, Եւրոպական Միութիւնը եւ Եւրոպայի մէջ անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ) յանձնարարած են, որ իրենց անդամ երկիրները զէնք չմատակարարեն Ազրպէյճանին եւ Հայաստանին` արցախեան հակամարտութեան պատճառով:

Բացի այդ, Ազրպէյճանի զէնքի վաճառքը կրնայ խախտել ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդին կողմէ 29 յուլիս 1993-ին ընդունուած թիւ 853 բանաձեւը, որ կոչ կ՛ընէր անդամ պետութիւններուն` «ձեռնպահ մնալու մատակարարելէ որեւէ տեսակի զէնք եւ զինամթերք, որոնք կրնան յանգեցնել (ղարաբաղեան) հակամարտութեան խորացման եւ տարածքներու շարունակական գրաւման»: Արդէն քանի մը երկիրներ խախտած են Ապահովութեան խորհուրդին այս բանաձեւը, ներառեալ` Իսրայէլ, Թուրքիա, Ռուսիա, Ուքրանիա եւ Փաքիստան:

Իբրեւ պատասխան` Չեխիոյ պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Եան Պէյշեքը յայտարարեց. «Նախարարութիւնը չէ հաստատած զէնքի որեւէ տեսակի արտածում դէպի Ազրպէյճան»: Մինչ Չեխիոյ արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Իրեն Վալենթովան Փրակայիի «Տէյլի Մոնիթոր» թերթին յայտնեց. «Թոյլտուութիւն չէ տրուած ռազմական արհեստագիտութեան դէպի Ազրպէյճան արտածման, իսկ 2016-2017 մերժուած են արդիականացուած «Տանա Մ1» հաուպիցներու եւ «RM-70» հրթիռային կայանքներու արտածման որոշ արտօնութիւններ, եւ Եւրոպական Միութեան գործընկեր երկիրները տեղեակ պահած են այդ մերժումէն»:

«2016-ին Ազրպէյճան Չեխիոյ Հանրապետութենէն գնած է մէկ միլիոն եւրօ արժողութեամբ ոչ մահացու զէնք, որ երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերուածէն», կը հաղորդէ «Հոսփոտարսքէ Նովինի»  թերթը:

Նախապէս, երբ Ազրպէյճան փորձած էր զէնք ներածել Չեխիայէն, ռազմական այսպիսի առաքումներու համար թոյլտուութիւնը մերժուած էր:

«Չեխիոյ իշխանութիւններն ու գաղտնի ծառայութիւնները կ՛ուսումնասիրեն, թէ չեխական զէնքերը ինչպէ՛ս հասած են… Կովկաս», կը հաղորդէ «Տէյլի Մոնիթոր» թերթը:

Նոյն ատեն, «Սլովաք Սփեքթէյթըր» թերթը 17 ապրիլ 2018-ին բացայայտեց հետեւեալը. «Սլովաքիոյ մայրաքաղաք Պրաթիսլաւայի օդակայանը օգտագործուած է իբրեւ տարանցիկ կէտ` չեխական հրթիռային կայանքները եւ հաուպիցները մաքսանենգ ճանապարհով Ազրպէյճան հասցնելու համար… Կը հաղորդուի, որ զէնքը արտադրուած է «Չեխոսլովաք Կրուփ հոլտինկ»-ի կողմէ, որուն սեփականատէրը չեխ գործարար Եարոսլաւ Սթրնատն է` ըստ Չեխիոյ հեռատեսիլին…»: Սլովաքեան զէնքի արտադրութեան MSM ընկերութեան աշխատակիցներէն մէկը պատմած եւ նկարագրած է, թէ ինչպէ՛ս հին զէնքերը վերանորոգուած են Սլովաքիոյ Թրենչին քաղաքի իրենց գործարանին մէջ, իսկ ապա Իսրայէլի միջոցով տեղափոխուած` Ազրպէյճան, կը հաղորդէ TASR-ը:

MSM ընկերութեան պաշտօնեան, ըստ Սլովաքիոյ TASR լրատուական գործակալութեան փոխանցած տեղեկութեան, Չեխական հեռատեսիլի ընկերութեան լրագրողներուն ըսած է. «Ամբողջ գործընթացը կը սկսի «Տանա» տեսակի հին հաուպից բերելով, որ ընկերութեան կողմէ մասերու կը բաժնուի… Նոր սարքաւորումները, ներառեալ` նշանառութեան, տեսախցիկային եւ կապի համակարգեր կը ղրկուին Իսրայէլէն: Ան նաեւ տեղեկացուցած է, որ իրենք պայմանագիր ստորագրած են 18 հաուպից եւ 15 հրթիռային կայանքներ այս տարի եւ նոյն քանակութեամբ յաջորդ տարի մատակարարելու վերաբերեալ… Ընկերութիւնը հաստատած է «Տանա Մ1» եւ «RM-70» համակարգերու մատակարարումը Իսրայէլի»:

«Սլովաք Սփեքթէյթըր»-ը նոյնիսկ արձանագրած է զէնքի այսպիսի տեղափոխում տեսախցիկներու միջոցով, ինչ որ կը հաստատէ զէնքի առաքումը Իսրայէլ եւ այնտեղէն` մաքսանենգ ճանապարհով դէպի Ազրպէյճան: «Հրթիռի մը տեղափոխումը իրականացած է 27 դեկտեմբեր 2017-ին, Թրենչինէն դէպի Պրաթիսլաւայի օդակայան, ուր անիկա տեղափոխուած է ազրպէյճանական օդանաւային ընկերութիւններու պատկանող «Սիլք ուէյ» (Silk Way) օդանաւով: Այնուհետեւ օդանաւը մեկնած է Թել Աւիւ` Իսրայէլ, ուր կը գտնուի «Էլպիթ» ընկերութիւնը, որ ներկայացուած է որպէս վերջնական սպառող», կը տեղեկացնէ «Սլովաք Սփեքթէյթըր»-ը: Աղբիւրը նաեւ պարզած է, որ օդանաւը շարունակած է իր ճամբան դէպի Պաքու, Ազրպէյճան:

«Իսրայէլի մէջ օդանաւէն բան դուրս չէ եկած, այլ օդանաւը Իսրայէլ կանգ առած է միայն փաստաթուղթերու ճշդման համար», Չեխիոյ հեռատեսիլին ըսած է MSM-ի պաշտօնեան:  «Օդանաւը Իսրայէլի օդակայանէն ուղիղ թռիչք կատարած է դէպի Ազրպէյճան», կը գրէ «Սլովաք Սփեքթէյթըր»-ը:

Խորհուրդ կու տայի Հայաստանի պաշտօնեաներուն` անմիջապէս բողոքներ ներկայացնելու Չեխիոյ, Սլովաքիոյ եւ Իսրայէլի կառավարութիւններուն` իրենց արտածման դրոյթները շրջանցելու, եւ ԵՄ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդին` Ազրպէյճանին զէնք վաճառելու վերաբերեալ առաջարկած արգելքները խախտած ըլլալնուն դէմ:

Եթէ նման բողոքներ չներկայացուին, ապա այս երեք եւ շարք մը այլ երկիրներ կը խրախուսուին` Ազրպէյճան առաքելու աւելի մահաբեր զէնքեր, որոնք կ՛օգտագործուին հայ զինուորներ եւ քաղաքայիններ սպաննելու եւ վիրաւորելու համար:

Արեւելահայերէնի թարգմանեց`
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆ

Արեւմտահայերէնի վերածեց`
ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ծաղկեփունջը

0
0

ՄԱՐԻ ՆԱՃԱՐԵԱՆ

1946-ի օգոստոսն էր: Մենք` Հայ օգնութեան միութեան արենուշներս, աւարտելէ ետք մեր սկաուտական կիրակնօրեայ աշխատանքները Նաւասարդեան դաշտին վրայ, եւ ինչպէս սովոր է, շարքի կանգնած էինք լսելու մեր խմբապետին` օրիորդ Արշալոյսին յայտարարութիւնները:

«Հինգ օր ետք, այսինքն` ուրբաթ, մեր երկրին նախագահը` Շուքրի Քուաթլին պիտի այցելէ Հալէպ: Անոր շքախումբը պիտի անցնի նաեւ Հալէպի հայկական թաղամասէն` Նոր Գիւղէն: Ասիկա պատիւ կը բերէ բոլոր հայերուս, եւ մենք` սկաուտներս, պաշտօնապէս պիտի ողջունենք զայն: Յոյսով եմ, որ ուրբաթ բոլորդ ներկայ կ՛ըլլաք «Զաւարեան» ակումբ, ճիշդ ժամը 2:00-ին: Ձեր մազերը պէտք է ըլլան լուացուած եւ բծախնդրօրէն սանտրուած, իսկ ձեր համազգեստը` մաքուր եւ արդուկուած: Կ՛ուզեմ ձեզ տեսնել ձեր ամէնէն ներկայանալի վիճակին մէջ: Ամէնէն աւելի ներկայանալի երկու արենուշները պիտի զատուին` ծաղկեփունջ յանձնելու նախագահին», յայտարարեց օրիորդ Արշալոյսը:

Իմ լաւագոյն ընկերուհիս` Մարի Մանուկեանը եւ ես յոյսով էինք, որ մեր երկուքը կը զատեն ծաղկեփունջը յանձնելու նախագահին: Եթէ պայման էր մաքուր համազգեստ հագնիլ եւ ընդհանրապէս մաքուր ըլլալ, դժուար պիտի չըլլար իրականացնել անիկա: Երբ տուն հասայ, մեծ մօրս խորհուրդը առնելէ ետք  որոշեցինք, որ մեծ իրադարձութենէն մէկ օր առաջ` հինգշաբթի, մեծ մայրս պիտի լուայ համազգեստս: Իսկ մեր հարեւան Ռոզան, որ արդուկի մասնագէտ էր, պիտի արդուկէ զայն: Ապա միասնաբար որոշեցինք, որ լոգանք առնեմ ուրբաթ առաւօտեան, որպէսզի մաքուր մնամ մինչեւ կէսօրէ ետք:

Անշուշտ դիւրին պիտի չըլլար ամէն բան: Մեր դրացիներուն մեծամասնութեան նման` մեր ջրհորը չորցած էր եւ լոգանքի համար ջուր չկար: Ամէնէն մօտիկ դրացին, որուն ջրհորին մէջ տակաւին ջուր կար, անիկա Տուտու Խանըմն էր, որ կ՛ապրէր քանի մի տուն վար, մայր պողոտային վրայ: Միայն եթէ Խանըմը ուրբաթ առաւօտեան տան դարպասը բանար, եւ ես կարենայի երթալ եւ երեք դոյլ ջուր վերցնել, բոլոր խնդիրներս կը լուծուէին:

Գացի Տուտու Խանըմին մօտ եւ անոր բացատրեցի իմ խնդիրս: «Նման կարեւոր իրադարձութեան համար ես ուրբաթ անշուշտ կը բանամ դուռը քեզի համար, եկուր եւ վերցուր, որքան որ ջուր կ՛ուզես», ըսաւ ան:

Ուրբաթ, երբ հազիւ արեւը ծագեցաւ, գացի եւ ջրհորէն քաշեցի երեք դոյլ ջուր եւ անշուշտ ստիպուած էի նոյն ճամբան կտրելու երեք անգամ: Մեծ մայրս արդէն վառած էր օճախը` լոգանքի ջուրը տաքցնելու համար: Ան լուաց մազերս, եւ ժամն էր սկսելու դժուար բաժինը: Ան առաւ սեւ քեսէն եւ սկսաւ մաքրել ամբողջ մարմինս՛ գրեթէ կեղուելով մորթս: Առաջին անգամ ըլլալով չէի բողոքեր, եւ երբ ան վերջացուց, ամբողջ մարմինս կարմրած էր ձմերուկի միջուկին նման: Ան սանտրեց եւ հիւսեց մազերս, եւ վերջապէս հագուեցայ իմ նոր արդուկուած համազգեստս: Երբ տունէն դուրս կ՛ելլէի, մեծ մայրս զննելով զիս` ըսաւ. «Իմ կարծիքովս, դուն ամէնէն մաքուր եւ վայելուչն ես խումբիդ մէջ, եւ վստահ եմ, որ դուն բախտաւորներէն մէկը պիտի ըլլաս այսօր»:

Կէսօրէ ետք ճիշդ ժամը 2:00-ին հասայ քաղաքին հրապարակը, ուր արդէն հաւաքուած էին հարիւրաւոր սկաուտներ: Ես միացայ մեր խումբին, մինչ օրիորդ Արշալոյսը  գալով` սկսաւ զննել մեզմէ իւրաքանչիւրը: Ան նայեցաւ ինծի եւ ըսաւ. «Սիրեցի քու հիւսուած մազերդ»: Դառնալով ընկերուհիիս` Մարիին` ան մատներով քննեց անոր փայլուն մազերը: Համոզուած էինք, որ մենք պիտի ըլլանք օրուան բախտաւորները:

Երկար գիծ մը կազմեցինք եւ որոշակի ազդանշանի մը հիմամբ մենք պիտի ողջունէինք եւ երգէինք Սուրիոյ ազգային քայլերգը, որմէ ետք ճշդուած երկու աղջնակները միասնաբար պիտի վերցնէին ծաղկեփունջը եւ ժպտելով պիտի յանձնէին նախագահին: Օրիորդ Արշալոյսը խնդրեց, որ Մարին, ես եւ  քանի մը ուրիշ արենուշներ փորձ կատարենք` քալելով դէպի ծաղկեփունջը, ծռելով վերցնել զայն եւ քալել դէպի ճամբուն կէսը: Կը թուէր, որ ան տակաւին չէր կրցած որոշում տալ:

Պահը կը մօտենար, եւ դեռ չէինք գիտեր, թէ որո՛նք պիտի դառնան օրուան բախտաւոր երկու աղջիկները: Սուլիչի ձայնէն ետք թմբուկներու հարուածները աւետեցին նախագահի շքախումբին ժամանումը: Յանկարծ, ի զարմանս բոլորին, ինծի հասակակից փոքրիկ աղջնակ մը խումբէն անսպասելիօրէն դուրս եկաւ եւ կանգ առաւ կարմիր ու սպիտակ գեղեցիկ ծաղիկներուն կողքին: Ան հագուած էր վարդագոյն օրկանտի հագուստ մը եւ վարդագոյն թիթեռ մը կը զարդարէր անոր շագանակագոյն մազերը: Եթէ ծաղկեփունջը յանձնելու պայմանը մաքուր ըլլալն էր, ապա կրնամ ըսել, որ նորայայտ աղջնակը անթերի էր: Մարին ու ես յուսախաբ` իրարու նայեցանք:

Նախագահին ինքնաշարժը սկսաւ մօտենալ. անիկա դանդաղեցաւ եւ ապա կանգ առաւ: Մենք երգեցինք Սուրիոյ քայլերգը` «Հումաթ էլ տիար, ալեյքոմ էլ սալամ»-ը: Նրբագեղ վարդագոյն զգեստով փոքրիկ աղջիկը վերցուց ծաղկեփունջը, նրբանկատօրէն ուղղուեցաւ դէպի ինքնաշարժը եւ ծաղիկները տուաւ նախագահին: Նախագահը առաւ զանոնք, ձեռքը դրաւ աղջնակի գլխուն` ճիշդ վարդագոյն թիթեռին վրայ, ժպտեցաւ եւ բաներ մը ըսաւ, որ մենք չկրցանք լսել:

Ի՛նչ պիտի ըսէի մեծ մօրս, Ռոզային, Խանըմ Տուտուին եւ մեր բոլոր դրացիներուն, որոնք արդէն կը խօսէին Պզտիկ Մարոյին մասին (իմ ծածկանունս), որ ծաղկեփունջը պիտի յանձնէր նախագահին: Ես արագ տուն վազեցի եւ պահուըտեցայ բազմոցին ետեւ եւ սկսայ լալ: Չէի ուզեր մէկը տեսնել կամ մէկու մը հետ խօսիլ պատահածին մասին:

Քիչ ետք մեծ մայրս վերադարձաւ աշխատանքէն եւ տեսաւ, որ ես պահուըտած եմ բազմոցին ետեւ: Ան արդէն գիտէր, թէ ի՛նչ պատահած էր: Ան ուրախ ձայնով մը ըսաւ. «Եավրուս, ինչո՞ւ նեղացած ես: Ի՞նչ հոգ, որ դուն չեղար նախագահին ծաղիկներ տուողը»:

«Ո՞վ գիտէ, օր մը դուն նստած կ՛ըլլաս մայր պողոտայի մը վրայ դանդաղօրէն շարժող շքախումբի մը ինքնաշարժին մէջ, եւ վարդագոյն հագուած փոքրիկ աղջնակ մը քեզ կը պատուէ ծաղիկներով: Դուն կ՛ըլլաս օրուան իշխանուհին: Ես գրեթէ կը նախատեսեմ, որ այդ մէկը պիտի պատահի»: «Մեծ մամա՛, դուն խենթ բաներ կ՛ասես: Ես ո՞վ եմ, որ փոքրիկ աղջիկ մը ծաղիկներ նուիրէ ինծի: Ես արժանի չեղայ ծաղկեփունջ յանձնելու, բայց արժանի պիտի ըլլամ մաս կազմելու շքախումբի եւ ծաղկեփունջեր ստանալո՞ւ»: «Դուն դեռ չես գիտեր, զաւա՛կս, կեանքը սանդուխի նման է: Ոմանք կը բարձրանան սանդուխներէն վեր, իսկ ոմանք կ՛իջնեն: Թերեւս եթէ պատմեմ իմ կեանքիս պատմութիւնը, ապա աւելի լաւ կը հասկնաս կեանքը»:

Ես սերած եմ հանրածանօթ Աբրահամեան ընտանիքէն: Հայրս գործարար էր: Ես մեր ընտանիքին միակ աղջիկն եմ եօթը եղբայրներու կողքին: 17 տարեկանիս ամուսնացայ ձեր մեծ հօր` Գրիգոր Ոսկերիչեանին հետ: Ան զաւակն էր ոսկիի առեւտրականի. անոնք յաճախ միասնաբար կը ճամբորդէին Հնդկաստան եւ հեռաւոր այլ երկիրներ: Հարսնիքիս օրը մեր գիւղէն` Կուէտեփէէն գացինք Փերի, ձիով: Ինծի կը հետեւէին նուէրներով բեռցուած չորս եզներ: Հայրս նուէրներ պատրաստած էր բոլոր անոնց, որոնք Փերիի մէջ հրաւիրուած էին մեր հարսնիքին: Նուէրներուն մէջ կային ոսկի եւ արծաթ գոհարեղէններ, կանգուններով երկար մետաքս կտորներ, պղնձեայ փայլուն կաթսաներ եւ ձեռագործ քիլիմներ: Ես քաղաքին ամէնէն երջանիկ եւ բախտաւոր հարսնացուն էի:

«Հին սովորութիւն էր, որ հարսին հայրը օժիտ տար իր դստեր, եւ սովորաբար հարուստ ընտանիքները ոսկի մետաղադրամներով զարդարուած գլխակապ կու տային: Հայրս ինծի ո՛չ միայն գլխակապ տուաւ, այլեւ` հարիւրաւոր ոսկեայ մետաղադրամներով ծածկուած գօտի մը: Մենք բազմաթիւ ծառաներ եւ դաշտային գործաւորներ ունէինք թէ՛ ծնողքիս եւ թէ՛ ամուսնիս տունը: Սիրելի՛ս, կրնա՞ս ըսել, թէ ո՛ւր են այս բոլորը հիմա: Հայրս, եօթը եղբայրներս եւ ամուսինս սպաննուեցան թուրքերուն կողմէ: Ունեցած ոսկիներուս մեծ մասը բռնի խլուեցաւ ինձմէ, եւ մնաց քանի մը մետաղադրամ միայն, որ վճարեցի իմ երկու երեխաներս Թուրքիայէն դուրս հանելու եւ Հալէպ փախցնելու համար: Հիմա ես կ՛աշխատիմ կանուխ առաւօտէն մինչեւ երեկոյեան ուշ ժամերը` վաստակած դրամով մեր սեղանին հացը ապահովելու համար: Այդ ժամանակ ես կանգնած էի սանդուխին վերը, իսկ հիմա հոս եմ, վարը: Դուն երիտասարդ ես, խելացի ու անուշիկ, եւ եթէ դուն տքնաջան աշխատող ըլլաս ու տաս լաւագոյնը ամէն ինչի մէջ, որ կ՛ընես, դուն անպայման պիտի բարձրանաս ու հասնիս սանդուխին գլուխը: Ես գիտեմ, որ պիտի ընես: Ես գիտեմ, որ անիկա պիտի իրականանայ»:

Եօթանասուն տարի անցած էր նախագահ Շուքրի Քուաթլիի Հալէպ այցելութենէն եւ մեծ մօրս ցանկալի նախատեսութիւններէն: Ես մոռցած էի միջադէպը մինչեւ 2015 թուականը 27 յունիսին, երբ այցելութեամբ մը կը գտնուէի Ղարաբաղ: Ամուսինս` Վարդգէսը, ես, մեր զաւակը` Արան եւ անոր կինը` Փալմիրան ու որդին` Քրիսթոֆըրը երեք օր մնացինք Ղարաբաղ: Ուրբաթ երեկոյ Ստեփանակերտի մէջ ընթրեցինք նախագահ Բակօ Սահակեանի եւ անոր ընտանիքին հետ, եւ երբ կը պատրաստուէինք մեկնելու, նախագահը յիշեցուց, որ յաջորդ օրը` շաբաթ, ժամը 10:00-ին պէտք էր հանդիպէինք հանրային հրապարակին մօտ` անկէ ուղղուելու Ամարաս եւ մասնակցելու թութի առաջին փառատօնին:

Շաբաթ առտու ուղղուեցանք դէպի հրապարակ: Նախագահը ժամանեց իր լիմուզինով, որ կը քալէր զինուորական անվտանգութեան ինքնաշարժի մը ետեւէն: Նախագահին ինքնաշարժին ետեւ կանգ առաւ ուրիշ լիմուզին մը, որ յատկացուած էր մեր ընտանիքին: Անոր կը հետեւէր  անվտանգութեան այլ ինքնաշարժ մը:

Մենք բոլորս պատրաստ էինք ուղղուելու դէպի Ամարաս, երբ յանկարծ նախագահը դուրս եկաւ իր լիմուզինէն եւ մօտենալով մեր ինքնաշարժին` ըսաւ. «Տիկի՛ն Մարի, փափաքս է, որ նստիս ինքնաշարժիս մէջ, իմ կողքիս»: Թէեւ` ցնցուած, բայց հաճելի անակնկալ էր ինծի համար:

Ամարաս կը գտնուի մայրաքաղաք Ստեփանակերտէն 40 վայրկեան հեռաւորութեան վրայ: Նախագահը տեղեկութիւններ տուաւ ճամբուն վրայ գտնուող գիւղերու պատմութեան մասին: Ճամբան ամէն քանի մը քիլոմեթրի վրայ կանգնած էր ոստիկանական ինքնաշարժ մը, եւ ամէն անգամ որ մեր շքախումբը մօտենար, ոստիկանները դուրս կու գային ինքնաշարժէն եւ բարեւի կը կենային: Իսկապէս հաճելի փորձառութիւն էր:

Երբ հասանք Ամարաս, մեր ինքնաշարժը կանգ առաւ: Փառատօնին մասնակից ժողովուրդէն շատեր վազեցին դէպի մեր ինքնաշարժը` նախագահը տեսնելու համար: Մազերը ճերմակ թիթեռով զարդարած փոքրիկ աղջնակ մը ճեղքելով ամբոխը` մօտեցաւ մեր ինքնաշարժին եւ ինծի տուաւ փունջ մը մարգարտածաղիկներ: Ընդունեցի ծաղիկները եւ չկրցայ պահել արցունքներս: Ձեռքս դրի անոր մազերը զարդարած ճերմակ թիթեռին վրայ եւ շնորհակալութիւն յայտնեցի իրեն:

Չէի ուզեր հաւատալ եղածին: Պատկերացուցի մեծ մայրս` կանգնած բարձրահասակ, կ՛ըսէր ինծի.

«Եավրո՛ւս, ինքնավստա՛հ եղիր. երբ դուն զքեզ վար կը զգաս, միշտ նայէ վեր եւ փորձէ տալ լաւագոյնդ ամէն ինչի մէջ, որ կ՛ընես կեանքիդ մէջ, եւ օր մը դուն կը բարձրանաս սանդուխին գլուխը: Համբերող եղիր եւ, ո՞վ գիտէ, օր մը դուն կը դառնաս արքայական կառքին մէջ նստած իշխանուհի եւ փոքրիկ աղջնակ մը մօտենալով` ծաղկեփունջ կը նուիրէ քեզի»:

«Այո՛, մեծ մամա, ամէն ինչ պատահեցաւ այնպէս, ինչպէս որ նախատեսած էիր: Այո՛, ես նստայ նախագահի կողքին, եւ փոքրիկ աղջիկ մը ինծի նուիրեց ծաղկեփունջ մը: Իրաւամբ զգացի, որ ես իշխանուհի եմ եւ կը գտնուիմ սանդուխին գագաթը: Իսկ ամէնէն լաւը այն էր, որ այս բոլորը տեղի ունեցան իմ պաշտելի Ղարաբաղի մէջ»:

 

 

 

43 Տարի Անց

0
0

ԵՓՐԵՄ ԼԵՒՈՆ ԶԱՔԱՐԵԱՆ

Տեղ գտան, Զանակ տատին նստեցրին: Ամէն կողմից յոյս էին տալիս, հանգստացնում նրան: Բայց նրա արտասուքը չէր կտրւում: Յուսադրողներն այնքան շատ էին հաւաքուել նրա գլխին, որ դա էլ իր հերթին կասկածի առիթ էր տալիս: Համագիւղացիներից մէկը, տեսնելով Զանակ տատիկի վիճակը, նրա մեծ աղջկան` Մարթային ասաց.

– Մարթա՛, մի քիչ դու հանգստացրու մօրդ, որ յանկարծ կաթուածահար չլինի:

– Մայրի՛կ,- ասաց Մարթան հանգիստ, բայց ինչ-որ դժգոհ թոնով,- քեզ բոլորն էլ ասում են, որ օդանաւում բոլորին տեղ չի եղել, որ` Սամուէլը կը գայ մի ժամ յետոյ, յաջորդ օդանաւով: Էլ ի՞նչը պարզ չէ, որ կորցնում ես ինքդ քեզ:

– Էդ ինչպէ՞ս է, որ բոլորին տեղ է եղել, իսկ հէնց Սամուէլին տեղ չի եղել: Եթէ բան է պատահել, ասէք, ի՞նչ էք թաքցնում, ձգձգում,- ասաց նա:

– Ոչ ոք ոչինչ չի թաքցնում, ոչինչ էլ չի պատահել: Քեզ ասում են` օդանաւում տեղ չի եղել բոլորին: Էլ ի՞նչը պարզ չէ,- բարկացած թոնով վրայ տուեց Մարթան: Իսկ յետոյ հանգիստ, ցածր թոնով աւելցրեց,- չե՞ս տեսնում, Օտեսայի դիմաւորելու գնացողները բոլորը չեն վերադարձել: Չե՞ս տեսնում` եղբայրս` Յարութիւնն էլ չկայ: Նրան էլ տեղ չի եղել օդանաւում, մնացել է Սամուէլի հետ:

Զանակ տատին տեսնելով, որ իրօք Յարութիւնն էլ չկայ, ձեռքերը դրեց կրծքին, խոր շունչ քաշեց ու ասաց.

– Էդպէս ասէիք,- ու հանգստացաւ:

Մի ժամ յետոյ ռատիոյով հաղորդեցին, որ Օտեսայից թռչող օդանաւը վայրէջք է կատարում:

– Լսեցի՞ք, Զանակ տատի, լսեցի՞ք, Օտեսայից եկաւ յաջորդ օդանաւը,- ասաց մէկը: Ուրախութիւնից Զանակ տատիկի ձեռքերը սկսեցին դողալ, արտասուող աչքերը փայլեցին ու այնպէս առուգացաւ, որ չէիր ասի, թէ պառաւ է: Չնայելով մարդկանց խտութեանը` նա մեզ հետ մօտեցաւ ելքի դարպասին: Նա մի ձեռքը բերանին պահած անընդհատ կարծես ինչ-որ բան էր կուլ տալիս: Ասես ինչ-որ բան մնացել էր կոկորդում ու խանգարում էր խօսելուն:

Դարպասի մօտ երեւաց Օտեսայից եկողների շարանը: Դահլիճում հաւաքուած մարդիկ մի կերպ ճանապարհ բաց արին Օտեսայից եկածների համար: Ինձ թուաց, թէ բոլորն էլ ուզում էին ինձ նման եկողների մէջ հեռուից գուշակել, թէ ո՞րն է Սամուէլը:

Ատլերի օդակայանին մէջ (1964) , խումբ մը ազգականներ եւ գիւղացիներ կը դիմաւորեն Սամուէլը (1), Մարին (2) եւ Իշխանը (3)

Հեռուից եկողների մէջ նկատեցի Յարութիւնի կողքից քալող միջահասակ, կլոր դէմքով, խոշոր աչքերով, կիսով չափ սպիտակած, կարճ կտրած մազերով, փողկապով, կոկիկ հագնուած մի գեղեցիկ տղամարդու: Մտքում ասացի` երեւի սա կը լինի Սամուէլը: Ու դա պարզելու համար աչքերս չէի հեռացնում նրանից:

Մի պահ դահլիճում լռութիւն տիրեց: Բոլորն ալ շունչերը պահած սպասում էին հանդիպման երանելի պահին:

Երբ Օտեսայից եկածները մեզնից հեռու էին մօտ 2 մեթր, չեմ յիշում` ով էր ասաց.

– Արդեօք կը ճանաչի՞ մօրը:

Այդ րոպէին մի կին իմ կողքին կանգնած Զանակ տատիկին մի կողմ քաշեց, ինքն առաջ անցաւ ու բարձր ձայնով ասաց.

– Սրանց մէջ ճանաչեցէք ձեր մօրը:

Մէկ էլ այդ մարդը, որից աչքերս չէի հեռացնում, աչքերը չորս արած` տեղնուտեղը քարացաւ: Պայուսակները ձեռքերից ընկան ցած: Զարմացած, թէ ի՛նչ է կատարւում, մոլորուած, անհամբեր, թափով մղուեց առաջ: Նորից քարացաւ: Չիմանալով, թէ ինչ անի, նայեց չորս կողմն ու դիմելով բոլորին, յուսահատ, շունչը կտրուած, ինչ-որ ոչ մարդկային ձայնով ասաց.

– Մի՛ պահէք մօրս:

Իսկ միւս կողմից, քոթոթները կորցրած, մարդկանց արանքից առաջ նետուեց Զանակ տատին` չդիմանալով ու խեղդուած ձայնով գոռաց.

– Սամուէ՜լս, տղա՛ս,- ու նրանք գրկախառնուեցին: Երկուսն էլ արցունքոտ այտերով գրկում էին իրար, համբուրում:

Ոչ մի խօսք, ոչ մի ձայն: Չորս կողմն ասես մարդիկ քարացել էին:

Զանակ տատին գրկել էր Սամուէլին ու աչքերը փակել: Նրա փակ աչքերից 43 տարի կուտակուած արցունքի գետն էր հոսում:

Քիչ անց մէկն ասաց.

– Զանա՛կ տատի, մի քիչ հանգստացէք, թողէք, որ մենք էլ բարեւենք:

Զանակ տատին կարծես նոր արթնացաւ, ուշքի եկաւ ու թեքուելով դէպի իրեն դիմողը, ուրախութիւնից խելագարուածի նման փաթաթուեց նրան ու համբուրեց:

Յետոյ ում պատահեր` փաթաթւում էր, համբուրում, ասես` բոլորն էլ նրա հարազատները լինէին:

Ատլերի օդակայանին մէջ (1964), խումբ մը ազգականներ եւ գիւղացիներ կը դիմաւորեն Սամուէլը: Յարութ հօրեղբայրս (1) երկու ձեռքերը ուսերուս վրայ դրած, հայրիկս (2) եւ մեծ մայրիկս` Զանակ տատին (3) քով քովի կեցած:

Ատլերի օդակայանում այդ օրը մեզ համար մեծ տօն էր: Խմբով հիւրերին հետ յիշատակի լուսանկարներ նկարուեցինք: Յետոյ շուտով նստեցինք մեքենաներն ու հիւրերի հետ մեկնեցինք Զանակ տատիկի տուն: Այդ ու յաջորդ օրերը Զանակ տատիկի տանը կերուխում էր: Հաւաքուել էր ամբողջ գիւղը:

Աբխազիա, Սամուէլ Անդրանիկեան եւ Զանակ տատի կոլխոզի նախագահին հետ, Անդրանիկ Արուսեանի տան առջեւ, 1964

Զանակ տատին, Սամուէլը վերյիշեցին իրենց գլխից անցածը: Բայց զգացւում էր, որ երկուսն էլ չէին ուզում անցածը մանրամասն քրքրել ու իրար ցաւ պատճառել: Մօր հարցրին, թէ ի՛նչ պատահեց, որտեղ եւ ինչպէս կենդանի մնաց. Սամուէլը երկու խօսքով պատասխանեց, որ երբ նրանք մօտենում էին Տիարպեքիր քաղաքին, նրանց հետապնդեցին թուրքերը: Ինքը փախաւ անտառ, թաքնուեց: Թէ ո՛ւր մնացին ընկերները, չգիտէր: Յետոյ անտառում միացաւ փախստական հայերին: Իսկ մի տարի յետոյ, երբ ազատութիւն տուեցին, ինքը մնաց մենակ, անտառի մարդիկ ցրուեցին: Սկսեց մուրացկանութիւն անել: Յետոյ բարի մարդիկ նրան տարան որբանոց, իսկ այնտեղից էլ ընկայ Պէյրութ:

– Ա՜խ, Սամուէ՛լս, ինչքա՜ն  ես մեծացել: Մինչեւ որ քեզ չտեսայ, կարծում էի, թէ դեռ ութ տարեկան ես:

– Դրա համար եմ ութ տարեկան Իշխանիս բերել,- ասաց Սամուէլը:

Զանակ տատին արտասուքն աչքերին գնաց, սնտուկից հանեց որպէս սրբութիւն պահած տոպրակը, որը հետն էր եղել աքսորի ճանապարհին, որի մէջ հացի փրկող փշրանքներն էր պահում: Ցոյց տալով տոպրակը Սամուէլին` հարցրեց.

– Սամուէ՛լ, յիշո՞ւմ ես արդեօք այս տոպրակը, որ ամէն անգամ «հաց» ասելիս այս տոպրակին էիր նայում ու սրա շուրջը պտտւում:

Տեսնելով ծանօթ տոպրակը` Սամուէլի շուրթները դողացին, իրար սեղմուեցին, դէմքն ամպոտեց: Արցունքները գետի նման հոսեցին նրա այտերի վրայով: Սամուէլը երկու ձեռքերով վերցրեց տոպրակն ու այդպէս էլ բռնած տոպրակով դանդաղ ծածկեց երեսը: Յետոյ տոպրակով արցունքները սրբելով` հեկեկաց ու ասաց.

– Սուրբ տոպրակ, 43 տարի առաջ իմ կեանքը փրկեցիր, իսկ 43 տարի յետոյ իմ աչքերի արցունքները սրբեցիր: Խոնարհում եմ գլուխս քո առաջ:

Սամուէլը տոպրակով երեսը ծածկեց եւ կուշտ լաց եղաւ: Զանակ տատիկը խիղճը տանջում էր, որ Սամուէլին այդպիսի ցաւ պատճառեց, բայց արդէն ուշ էր:

Սամուէլի տղան` Իշխանը, հեռուից նկատեց, որ հայրը լաց է լինում եւ «հայրի՛կ», «հայրի՛կ» ասելով` վազեց, փաթաթուեց հօր վզին ու հարցրեց.

– Հայրի՛կ, ի՞նչ պատահեց:

Սամուէլը համբուրեց տղային ու ասաց.

– Իշխա՛ն, բալի՛կս: Ոչինչ, սա հին պատմութիւն ա… գնա՛ խաղ արա: Ոտներիդ քար չդպչի:

Այսպէս շարունակուեց զրոյցը: Պարզուեց, որ Սամուէլն իր ազգանունը չէր գիտեր շատ որբերի նման, քաջ Անդրանիկ Օզանեանի ազգանունը իրենց ազգանունն էին դարձրել:

Ինչպէս պատմեց Սամուէլը իր մօրը. թէ երբ ինք Անթիլիասի որբանոցում պիտի մկրտուէր, հարցրին իրան, թէ ի՞նչ է քո անունն ու ազգանունը: Նա պատասխանել է Սամուէլ ու մի րոպէ կանգնել, մտքում է եկել Զօրավար Անդրանիկի անունը, ու ասել է «Անդրանիկ»: Սրա պատճառով նրան մկրտել են Անդրանիկեան: Այդ ազգանունն էլ պատճառ էր եղել, որ Սամուէլի հետ հանդիպումը ձգձգուի այսքան տարի:

Սամուէլը շատ էր հետաքրքրւում, թէ մայրն ի՛նչ է յիշում անցեալից: Բայց Զանակ տատին, ինչպէս ասացինք, խուսափում էր անցածը վերյիշելուց, տրուած հարցերին պատասխանում էր կցկտուր:

Երկու ամիս Սամուէլը ընտանիքով հիւր եղաւ մօրը, ետքը մի ամիսով նրանք այցելեցին Երեւան, տիկնոջը` Մարիին հարազատներին տեսնուելու: Երեւանէն վերադարձին նրանք դարձեալ հանդիպեցին Աբխազիա, Զանակ տատիին: Յետոյ ընտանիքով վերադարձան Պէյրութ:

43 տարի անց իրար գտնելուց յետոյ բաժանուելն էլ հեշտ չէր: Երբ իրար հրաժեշտ էին տալիս, Սամուէլը լացելով ասաց.

– Մայրի՛կ, ի՞նչ խօսք, որ բաժանուելու ենք, գնալու եմ տուն` Պէյրութ: Եթէ ասեմ, թէ քեզանից կարօտս առա, մի՛ հաւատայ: Հազար տարի էլ քո մօտ լինեմ, կարօտս չեմ կարող առնել: Ի՞նչ արած, այնտեղ` Պէյրութում էլ միւս իմ երեխաներն են սպասում իրենց ծնողներին: Ողջ-առողջ եղէք, բոլորդ:

– Գնացէք բարով, տղա՛ս,- լալով ասաց Զանակ տատին,- լաւ եղէք, էլի եկէք: Հիմա թէկուզ մահանամ էլ, սրտիս ցաւ չէ: Աստծոյ ձեռքը ձեզ վրայ լինի: Գնացէք բարով: Մեզ մի՛ մոռանաք: Շուտ-շուտ գրէք:

Նրանք արցունքները սրբելով, հայեացքներով իրար գուրգուրելով` բաժանուեցին:

Ատլերի օդակայանին մէջ (1964) , մայրս` Մարի Փիլիպոսեան, հայրիկս` Սամուէլ Անդրանիկեան (1), Յարութ հօրեղբայրս (2) եւ ես (3):

Տարիներ շարունակ Պէյրութ-Աբխազիա նամակները չընդհատուեցին մօր եւ զաւկին միջեւ: Սամուէլի կինն էլ` Մարին, յաճախ նամակ էր գրում ու հարցնում բոլորի առողջութիւնը:

11 տարիներ անցան, պայմանները փոխուեցին, Սամուէլին 4 երեխաները մեծացան Պէյրութում, մինչեւ 1975 թ., երբ սկսուեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը, այլեւս հնարաւոր չէր իրարու հետ նամակցել փոստով: Տարիներ հեռաւորութիւն մնացին Լիբանանի եւ Աբխազիոյ միջեւ:

Զանակ տատիի դիակը

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ.- Զանակ տատին մահացաւ 1987 թ., թաղուած է Օտլուղի գերեզմանոցում: Նրա խնդրանքով նրա հետ թաղուել է հացի տոպրակը, որի վրայ մնացել էին Սամուէլի արցունքները: Այս բոլորին վկայ է ամբողջ գիւղը:

1989թ.
(Շար. 3 եւ վերջ)

Հայկական Յեղափոխութիւն. Երբ «Ամբոխները» Խելագարուած Չեն…

0
0

ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ

Մօտ ապագայում հասարակագէտների համար ուսումնասիրութեան նիւթ պիտի դառնայ Հայաստանում ապրիլեան յեղափոխական իշխանափոխութիւնը: Այն ինչ Հայաստանում զանգուածային դժգոհանքներով վերածուեց յեղափոխութեան (թէեւ դեռ շատերը այն յեղափոխութիւն չեն համարել եւ հէնց այդ իսկ պատճառով էլ չեն յաջողել սթափ դատել կացութիւնն ու դիրքորոշուել), սակայն պիտի հաստատել, որ այն հասարակական շարժում էր, որ վերածուեց համաժողովրդական շարժման:

Ի տես 21-րդ դարում ժողովրդական ուժին ու յեղափոխութեան հանդէպ քաղաքական անհաւատութեանը, դա իրօք` իր ղեկավարութեան ու երիտասարդ մտաւորականութեան շնորհիւ, հիմք ունենալով ողջամտութեան, խաղաղութեան եւ ազգ-պետութեան պայծառ գաղափարը, վերածուեց աննախադէպ պատմական մի երեւոյթի, որով այն, ինչ որ մինչ այսօր իրագործուեց, ո՛չ կարելի է դասական քաղաքական յեղափոխութիւններին նմանեցնել եւ ո՛չ վերջին տասնամեակների շարժումներին, օրինակ` «Արաբական գարուն»-ին:

Խորագրում նշեցի «հայկական յեղափոխութիւն», քանզի այն իր գործնական հոլովոյթով տարբերուեց «թաւշեայ յեղափոխութիւն»-ներից, ուր ո՛չ ամբոխներն էին խելագարուած ու ո՛չ էլ դասական բռնապետական մոտելներով արիւնահեղութիւն տեղի ունեցաւ: Ահա այսպէս յաղթեց ժողովուրդը. իրօք ձեռնբարձ շարժումը իր ողջամտութեամբ կարճ ժամանակահատուածում ձեռնբարձ արեց տիրակալ օլիկարխիական «ուժ»-ին եւ վարչապետին ու իբր թէ մեծամասնութիւն վայելող իշխող կուսակցութեանը, նաեւ` հիմնականում ողջ քաղաքական դաշտին…

Սա ինքնատիպ, ինքնուրոյն հայկական յեղափոխութիւն եւ իշխանափոխութիւն է. թող ոչ ոք իրեն թոյլ տայ այս ժողովրդական յաղթանակը, որը յոյսով մայիսի 1-ով պիտի միանայ մեր մայիսեան հերոսութիւններին, նսեմացնել ու ենթադրաբար կապել օտարի կամ Արեւմուտքի կանխամշակած ծրագրերի: Երիտասարդութեան այս զարթօնքն ու դրսեւորուած ազգային պետականաշինութեան կամքը հարկ է արժեւորել արժանւոյն, մանաւանդ` տիրող միջազգային մերօրեայ ծայրայեղական ու հակաարժէքային համակարգում, փաստելով, որ այս արդար ու խաղաղ քաղաքական գործընթացը ստեղծելու է նոր արժեհամակարգ: Ու արդէն իսկ պիտի սեպել, որ նորընտիր նախագահի ներկայութիւնը հրապարակում, Սերժ Սարգսեանի հրաժարականի անսպասելի արագ եւ ողջամիտ որոշումը եւ ահա վերջապէս` ողջ քաղաքական դաշտի համախոհութիւնը, որպէսզի «ժամանակաւոր կառավարութիւն»-ը յանձնուի ժողովրդի վստահութիւնը վայելող ու շարժման հիմնական ղեկավար Նիկոլ Փաշինեանին, վկայում է, որ Հայաստանում, թէեւ` քայլ առ քայլ,  ձեւաւորւում է մի ազգային քաղաքական դաշտ, ուր տիրական է «քաղաքական բարոյականութիւն», հիմնուած` ապրիլեան շարժման հայրենասիրութեամբ, մեկնակէտ ունենալով մայիսեան յաղթանակը:

Թող որ այս յեղափոխութիւնը իր արժեհամակարգով յեղաշրջի ու մաքրի շատ հոգիներ ու կառոյցներ, պարգեւելով` մնայուն խաղաղութիւն, արդարութիւն եւ բարօրութիւն համայն հայութեան: Վստահաբար դեռ շատ պատմաբաններ, հայ եւ օտար քաղաքագէտներ ու հասարակագէտներ պիտի ուսումնասիրեն այս պայքարի ոգին ու յեղափոխութեան ոճը: Իսկ վերջնական յաջողութեան իրագործումով նրա ազդեցութիւնը տարածաշրջանում պիտի բազմապատկուի ու դեռ պիտի ընդօրինակուի այլուր … Փա՛ռք ու պատի՛ւ մեր ժողովրդին ու նրա ազատ ու անկախ ապրելու գաղափարին:

28 ապրիլ 2018

Տեսակէտ. Բանակցութիւնները Անխուսափելի Իսկ Իշխանութեան Փոփոխութիւնը Անյետաձգելի

0
0

Յ. ԼԱՏՈՅԵԱՆ

Անցնող օրերուն լարուած եւ փողոցը տաք պահող մթնոլորտը պէտք է եզրակացուի բանակցութիւններու անխուսափելիութեան տրամաբանութեամբ:

Բանակցութիւնները վարելու ոճը եւ ձեւը, Նիկոլ Փաշինեանի ընտրած եղանակը բաւական ճնշիչ եւ ժողովրդային են: Ճնշիչ` իշխանաւորներուն եւ ժողովրդային յեղափոխութեան հեղինակներուն համար:

Այսօր օրէ օր աւելի անհրաժեշտ է բանակցութիւններուն սկսիլ, քան փողոցը լարուած պահել: Լուծումներու առանցքը ժողովուրդի թեկնածուն վարչապետ ընդունելու համոզուած քայլն է:

Հայաստանի հանրապետական կուսակցութեան եւ պետութեան միաձուլուած համակարգը պէտք է արմատական փոփոխութեան ենթարկուի: Այդ իսկ պատճառով, տարբերակներէն մէկը նկատի ունենալով Նիկոլ Փաշինեանի աշխատակազմի անփորձութիւնը,  անպայման որ տեղ մը հանրապետականներէն մաս մը պիտի ներառնուի աշխատակազմին մէջ, գէթ ժամանակաւոր, որպէսզի պետութիւնը բնական ընթանայ:

Սակայն այս բոլորէն անդին հաշուետուութեան պահը պէտք է գայ եւ պիտի գայ: Առանց վրէժխնդրութեան` իմանալու համար, թէ իւրաքանչիւրը  ուրկէ՞ եւ ինչպէ՞ս ունի այս հարստութիւնը:

Ժողովրդային շարժումը ամբողջական արժէք կը ստանայ, երբ սկսի հաշուետուութեան կանչել այն բոլոր իշխանաւորները եւ անոնց նեցուկ կանգնածները` գիտնալու, թէ ինչպէ՞ս եւ ուրկէ՞ հարստացած են կամ ունին այս հարստութիւնը:

Հանրապետական կուսակցութեան ճակատագիրը բնականաբար ժողովուրդը պէտք է որոշէ: Սակայն հարստապետերունը պէտք է ըլլայ համապատասխան օրինական ձեւով: Այսօր ճիշդ է այն, որ անոնք, որոնք տարիներով անտեսեցին ժողովուրդին կամքը եւ երիտասարդութեան թռիչքը խափանեցին  ձախողած են եւ վարկաբեկուած:

Ուրեմն լաւ է բնական ձեւով յանձնեն իշխանութիւնը եւ հեռանան: Սակայն իրենց գործած սխալներուն եւ վաստակը ոտնակոխած ըլլալուն համար պէտք է դատապարտուին եւ դատուին օրէնքով եւ օրինական միջոցներով:

Դիւրին չէ վաստակ եւ աւանդութիւն մը ոտնակոխել:

Ձախողութիւնը ընդունիլը եւ հեռանալը միակ ելքն է:

 

 

Քաղաքական Անդրադարձ. ՖԻՆԻՒԼ-ը Եւ Ապագայ Հեռանկարները

0
0

ԵՂԻԱ ԹԱՇՃԵԱՆ

13 ապրիլին Պէյրութի ամերիկեան համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութեան ուսանողներուն հետ այցելեցինք Նաքուրա, ուր կը գտնուի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերու (ՖԻՆԻՒԼ) կեդրոնատեղին:

1978-ին, երբ Իսրայէլ ներխուժեց Լիբանան, ՄԱԿ-ի թիւ 425-426 բանաձեւերով ՖԻՆԻՒԼ-ը հիմնուեցաւ. սկզբնական շրջանին անիկա քաղաքական կամ ռազմական ուժ չէր ներկայացներ, սակայն 2006-ի պատերազմը եւ ՄԱԿ-ի 1701 բանաձեւը ընդարձակեցին խաղաղապահ ուժերուն ռազմական առաքելութիւնը:

Հետաքրքրական էր, որ ՖԻՆԻՒԼ-ի եւ իտալական ջոկատի ներկայացուցիչին հետ հանդիպման ժամանակ ան մեզի ներկայացուց իսրայէլեան եւ լիբանանեան կողմերու անուղղակի բանակցութիւններուն մանրամասնութիւնները: Գրեթէ ամսական դրութեամբ եւ ՖԻՆԻՒԼ-ի նախագահութեամբ, երկու կողմերը կը հանդիպին, կլոր սեղանի շուրջ կը նստին, եւ ՖԻՆԻՒԼ-ի ներկայացուցիչը կը վարէ անուղղակի բանակցութիւնները: Լիբանանեան բանակի ներկայացուցիչը Իսրայէլի հետ կապուած հարցերը կ՛ուղղէ ՖԻՆԻՒԼ-ի ներկայացուցիչին, ան ալ իր կարգին զանոնք կը փոխանցէ իսրայելեան կողմին, իսկ իսրայէլեան կողմը ուղղակի կը պատասխանէ լիբանանեան բանակի ներկայացուցիչին, երկու կողմերը իրարու ձեռք չեն սեղմեր եւ ուղղակի բանակցութիւններ չեն վարեր: Իսրայէլեան կողմը միշտ մտահոգութիւն կը յայտնէ Հըզպալլայի զէնքերուն մասին, իսկ լիբանանեան բանակին անուղղակի պատասխանը կ՛ըլլայ` «Լիբանանի ներքին հարցերուն մի՛ խառնուիք»:

Իսկ հարցնելով անոր, թէ իրենք կրցա՞ն գտնել որեւէ ռազմական կեդրոն` Հըզպալլայի հետ կապուած, իտալացի ներկայացուցիչը ժպտելով պատասխանեց ինծի. «Գետնի վրայ ոչ, բայց տակը` Աստուած գիտէ»: Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի եւ Իսրայէլի հիմնական նպատակն էր, որ ՖԻՆԻՒԼ-ը զինաթափ ընէ Հըզպալլան, եւ հակառակ անոր որ ներկայիս ՖԻՆԻՒԼ-ը ունի աւելի քան 10,000 զինուոր, սակայն ան քաղաքական կշիռ չունի` իրականացնելու այս առաջադրանքը: Անշուշտ հոս որոշ հարցադրումներ կը ծագին այն առումով, թէ ճիշդ ի՛նչ է ՖԻՆԻՒԼ-ի առաքելութիւնը` խաղաղութի՞ւն հաստատել, թէ՞ անոր ետին կանգնած է Հըզպալլայի զինաթափման հարցը: Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ ՖԻՆԻՒԼ-ի դիրքորոշումը, եթէ դարձեալ հարաւի մէջ պատերազմ մը սկսի: Պիտի մասնակցի՞ պատերազմին, թէ՞ չէզոք դիրք պիտի ունենայ. անշուշտ այս հարցումներուն պատասխաններ չկային:

Վերջերս իսրայէլեան թերթերը բաւական լուրջ վերլուծութիւններով կ՛անդրադառնան յաջորդ պատերազմին, որ կրնայ ծագիլ Լիբանանի մէջ` ընդդէմ Հըզպալլային: Սուրիոյ մէջ ասիկա չի կրնար պատահիլ, որովհետեւ ուժերու հաւասարակշռութիւնը գետնի վրայ ի նպաստ Իսրայէլի չէ, եւ հոն կայ ռուսական գործօնը: Իսկ Լիբանանի մէջ ընտրութիւններէն ետք հաւանաբար քաղաքական նոր դաշինքներ կազմուին, եւ դարձեալ Հըզպալլայի զէնքի հարցը երկխօսութեան սեղանին վրայ դրուի: Իսկ եթէ դարձեալ երկխօսութեան կողմերը քաղաքական լուծումի չհասնին, ինչ որ ըստ երեւոյթին դժուար է, ապա Իսրայէլ շատ հաւանական է, որ կարենայ դարձեալ ռազմական միջոցներու դիմել Լիբանանի դէմ:

Yeghia.tash@gmail.com

 

Ուժ Տալ Արհեստակցական Միութիւններուն, Ուժ Տալ Հայ Աշխատաւորին

0
0

ՆԱԹԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Այսօր մենք կը դիմագրաւենք միջազգային գետնի վրայ արհեստակցական միութիւններու գործունէութեան ամէնէն դժուար ժամանակաշրջաններէն մէկը: Մէկ կողմէ նոր-ազատականութիւնը, իսկ միւս կողմէ` ծայրայեղ աջը կը փորձեն իրենց կրցածին չափ նուազեցնել արհեստակցական միութիւններուն իրաւասութիւններն ու դերակատարութիւնը աշխատանքային շուկային մէջ:

Ինչ կը վերաբերի Հայաստանի արհեստակցական միութիւններու դերակատարութեան տկարացման, անիկա սկսաւ ՀՀՇ-ի (Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ) իշխանութեան ստանձնման առաջին իսկ օրերէն, երբ Հայաստանի տնտեսական համակարգը փոխուեցաւ ազատ շուկայականի, եւ արհեստակցական միութիւններու տասնեակ տարիներու հսկայ վաստակը հասաւ մինչեւ զերօ աստիճանի: Արհեստակցական միութիւններ հասկացողութիւնը հայ իրականութեան մէջ սկսաւ 1900-ականներու առաջին տարիներէն` մեծ ազդեցութիւն կրելով ՀՅԴ-ի ընկերվարական գաղափարախօսութենէն եւ` աւելի նուազ ազդեցութիւն կրելով Ընկերվար յեղափոխականներու եւ Սոցիալ դեմոկրատական բանուորական կուսակցութիւններուն ընկերվարական աշխարհահայեացքէն, երբ նոր պայթեցաւ 1905-ի Ռուսական  յեղափոխութիւնը, պետական մակարդակի վրայ իր արմատները ամրացուց 1918-ի անկախութեան առաջին օրերէն եւ խորհրդային ժամանակաշրջանին դարձաւ պետութեան ղեկավարման ամէնէն կարեւոր ու ազդու հասարակական ուժերէն մէկը:

Ռուսական յեղափոխութեան (1905) ժամանակաշրջանէն իր արատները ունենալով հանդերձ, մինչեւ Հայաստանի Ա. Հանրապետութիւն եւ Խորհրդային Միութեան ժամանակաշրջանին ընթացքին Հայաստանի ամէնէն բազմամարդ արհեստակցական միութիւններու համադաշնակցութիւնը եղած է Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութիւնը, որ նաեւ շրջանային եւ միջազգային հեղինակութիւն ունի` մաս կազմելով Արհեստակցական միութիւններու համընդհանուր համադաշնակցութեան (նախկին Խորհրդային Միութեան մէջ գործող արհեստակցական միութիւններու համադաշնակցութիւն), Արհեստակցական միութիւններու միջազգային համադաշնակցութեան եւ Աշխատանքի միջազգային կազմակերպութեան:

Միջազգային արհեստակցական համախմբումներու եւ աշխատաւորներու իրաւունքներու պաշտպանութեան կազմակերպութիւններու անդամակցութեամբ Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութիւնը պէտք է սերտ կապերու մէջ մտնէ եւ ուսումնասիրէ այլ երկիրներու արհեստակցական միութիւնները, որոնք մեծ դերակատարութիւն ունին պետական գետնի վրայ` ազդու դեր ունենալով պետական ընկերային-տնտեսական ուղղութիւններու ճշդման մէջ, ինչպէս` Շուէտի Ազգային կազմակերպութիւնը եւ Թունուզի Համընդհանուր աշխատանքային միութիւնը:

Վերադառնալով Հայաստան, այդտեղ աշխատաւորներու իրաւունքներու պայքարը պէտք է ստանայ քաղաքական դիմագիծ: Աշխատաւորներու իրաւունքները առողջ քաղաքական դիմագիծ կը ստանան, երբ անոնց մասին խօսողը կը դառնայ ընկերային արդարութեան հաւատացող քաղաքական ուժ մը: Հայաստանի մէջ իր ծրագիրով, պատմութեամբ եւ տեսական աշխարհահայեացքով, նաեւ Ընկերվար միջազգայնականին ու Եւրոպայի ընկերվարականներու կուսակցութեան անդամակցելով` ՀՅ Դաշնակցութիւնը արդէն իսկ կը հանդիսանայ ընկերային արդարութեան կուսակցութիւնը, որ 1905-ի եւ 1917-ի ռուսական յեղափոխութիւններուն եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան ընթացքին կազմակերպեց ու ղեկավարեց հայկական աշխատաւորական շարժումը եւ անոր տուաւ զուտ ընկերվարական գաղափարաբանական բնոյթ` նպատակ դնելով հայ աշխատաւորի ընկերային եւ տնտեսական ազատագրութիւնը ամէն տեսակի կեղեքումէ:

Ժառանգելով հարուստ աշխատաւորական շարժումի եւ ընկերվարական վաստակ, այսօր ՀՅԴ-ին ուսերուն կ՛իյնայ պատասխանատուութիւնը` վերաշխուժացնելու արհեստակցական միութիւններուն աշխատանքները: Արհեստակցական միութիւններու որեւէ վերաշխուժացում հաշուի պէտք է առնէ Հայաստանի մէջ մեծագոյն արհեստակցական համադաշնութիւնը, որն է` Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութիւնը: ՀՅԴ-ի դերակատարութիւնը արհեստակցական միութիւններու վերաշխուժացման հարցին մէջ պիտի կեդրոնանայ հետեւեալ կէտերուն վրայ.

Ա.- Շարունակական հանդիպումներ ՀՅԴ-ի եւ Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութեան ներկայացուցիչներուն միջեւ,

Բ.- Տնտեսական բոլոր մարզերուն մէջ ՀՅԴ-ն սերտ կապեր պէտք է հաստատէ Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութեան անդամակցող բոլոր արհեստակցական միութիւններու ճիւղերուն հետ,

Գ.- «Հրայր Մարուխեան հիմնադրամ»-ի եւ Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութեան միացեալ ժողովներ, ուսումնասիրութիւններ, սեմինարներ եւ հրատարակութիւններ,

Դ.- «Աշխատանքային իրաւունքներու պաշտպանութեան գրասենեակ»-ին աշխատանքները պէտք է կատարուին Հայաստանի արհեստակցական միութիւններու համադաշնակցութեան հետ համագործակցաբար,

Ե.- Տօնել Աշխատաւորներու միջազգային օրը` մայիս մէկը:

 

 


Յանուն Ազգային Միասնականութեան Եւ Ժողովրդավարութեան

0
0

ՄԵԼԻՔ ԳԱՐԱԳԱՒՈՐԵԱՆ

Այսօր Հայաստանի Հանրապետութեան մէջ կը տիրէ քաղաքական նոր մթնոլորտ, եւ ազգովին պատմութեան նոր էջ մը կը գրենք:

Հայ ժողովուրդի բոլոր հատուածները անխտիր մասնակից են այս նոր մթնոլորտին եւ քաղաքական նոր ձեւաչափի կազմաւորման:

Այս նոր քաղաքական դաշտին մէջ յաղթողներ եւ կորսնցնողներ չկան, պէտք չէ ըլլան, որպէսզի հայրենի մեր ժողովուրդին յաղթանակը ծառայէ իր իսկ ճշդած հիմնարար սկզբունքներուն:

Վերջերս Հայաստանի ժողովրդային, երիտասարդական եւ ուսանողական ողջունելի ցոյցերը իրապէս կը խրախուսեն, կը յուսադրեն համայն հայութիւնը, որ ան տակաւին ի վիճակի է առանց արտաքին միջամտութիւններու` տէր հանդիսանալու իր սեփական քաղաքական ճակատագիրին եւ իրաւունքներուն:

Այս շարժման մեծութիւնը եւ իւրայատկութիւնը այն է, որ իրօք ժողովուրդը յաղթեց եւ պէտք է միանշանակ սատար հանդիսանալ ժողովուրդին արձանագրած նուաճումներուն:

Կասկածէ վեր է, որ մեր ժողովուրդը յաղթեց, սակայն կը մնայ, որ այդ յաղթանակը, ժողովրդային, ուսանողութեան եւ երիտասարդական օրինակելի ժողովրդավարական ցոյցերը, փողոցը արձանագրուած քաղաքական աննախընթաց նուաճումները կարենալ ամէնէն կարճ ժամանակամիջոցին ծառայեցնել Հայաստանի հզօրացման, ժողովրդավարացման ամրապնդման եւ պետականաշինութեան ամրագրման:

Այլապէս կրնան վտանգուիլ շարժման սկզբունքներն ու հետապնդած նպատակները` Հայաստանի անկախութիւն, երկրի  անդորրութիւն, ինչպէս նաեւ երկրի ընկերատնտեսական բնականոն զարգացում, բայց նաեւ կրնայ պատճառ դառնալ համազգային այնքան անհրաժեշտ միացեալ ճակատ ստեղծելու կարելիութեան:

Այդ իսկ պատճառով համոզուած ենք, որ նոյնինքն շարժման բոլոր մասնակիցներուն, ինչպէս նաեւ շարժման առաջնորդներուն եւ ազգային կուսակցութիւններուն առաջնահերթութիւնն է նաեւ ազգային միասնականութեան եւ հանդուրժողականութեան պահպանումը, որովհետեւ ազգովին կը գիտակցինք նաեւ, որ ինչ տեսակի տարածաշրջանի մէջ ենք եւ տակաւին ինչ տեսակի չլուծուած բազմաբնոյթ խնդիրներ ունինք եւ մասնաւորապէս պէտք չէ մտահան ընել, որ մենք տակաւին պատերազմի մէջ գտնուող երկիր ու ժողովուրդ ենք, եւ մեր հարեւանները այդքան ալ ձեռնածալ նստած եւ բարի կամեցողութեամբ չեն հետեւիր Հայաստանի Հանրապետութեան մէջ կատարուող վերջին օրերու արձանագրուած յուսադրիչ ժողովրդային շարժումներուն:

Բայց եւ այնպէս խորապէս համոզուած ենք, որ Հայաստանի ներքաղաքական դաշտին մէջ դերակատար իւրաքանչիւր անհատ, համեստ քաղաքացի, ցուցարար կամ կուսակցութիւն վերջաւորութեան ճիգ պիտի չխնայէ, որպէսզի համաձայնական եղանակներով, քաղաքական ծրագիրներով եւ բանակցութիւններով գոյութիւն ունեցող եւ հանրութիւնը յուզող եւ ընդվզեցնող համազգային խնդիրներուն, իղձերուն եւ տագնապներուն հնարաւոր լաւագոյն ընտրութիւններով եւ լուծումներով հանդէս գան, եւ հայրենի մեր ժողովուրդը անգամ մը եւս իր իսկ սեփական կամքով ու ներուժով նոր եւ, յուսանք, աւելի արդար, կենսունակ, բարգաւաճ եւ ժողովրդավար Հայաստան մը կերտէ եւ նոր էջ բանայ իր հազարամեայ պատմութեան մէջ:

Բայց նաեւ Հայաստանի Հանրապետութեան ոեւէ քաղաքացիի եւ ընդհանրապէս հայ անհատի բարոյական իրաւունքն է պահ մը կանգ առնել եւ հարց տալ, որ, այս շարժման կողմնակից ըլլալով հանդերձ, տուեալ շարժման առաջնորդներուն ծրագիրները, մօտեցումները, գնահատումները, վերլուծումները ինչպիսի՞ն են, կապուած` տարածաշրջանի իրադարձութիւններուն, շրջակայ երկիրներուն հետ փոխյարաբերութիւններուն, Հայաստանի անվտանգութեան, Արցախեան հարցի կարգաւորման, Թուրքիոյ հետ յարաբերութեան, Եւրոպական Միութեան անդամակցութեան, Եւրասիոյ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներու հետ ռազմավարական եւ անվտանգութեան պայմանագրութեանց, տակաւին ընկերատնտեսական եւ բազմաթիւ այլ հարցերու կամ քաղաքական կալուածներու մէջ. կ՛արժէ նաեւ այս իմաստով ապահով ըլլալ եւ ունենալ համապատասխան քաղաքական ընդհանուր փլաթֆորմի մը պատկերացումը:

Այդ իսկ պատճառով ՀՅ դաշնակցութիւնը, կ՛ենթադրենք, շարժման առաջին իսկ օրէն մէկ կողմէ ողջունեց ժողովրդային տուեալ շարժումը, իսկ միւս կողմէ յորդորեց, որ ի զուր չսպառենք հերթական անգամ տուեալ շարժման ստեղծած սքանչելի առիթը, քաղաքական ներուժը եւ հունաւորել զայն դէպի սահմանադրական դաշտ,  երկրին մէջ իսկական բարեկարգումներ կատարելու, համակարգային փոփոխութիւններ յառաջացնելու ուղղութեամբ նաեւ Հայաստանի մէջ հանդուրժողականութիւնը եւ ժողովրդավարութիւնը վերածելու հիմնական կռուաններու, որպէսզի վերջաւորութեան տուեալ ուսանողական, երիտասարդական շարժումը, որ կայացաւ ու զարգացաւ առանց արտաքին միջամտութիւններու, չենթարկուի նախորդող շարժումներու ճակատագրին եւ հայրենի ժողովուրդը աւելի սպառած եւ յուսահատած դուրս չգայ:

Իրականութեան մէջ Դաշնակցութիւնը շարժման առաջին իսկ օրէն հետեւողական գտնուեցաւ` վկայ անոր յայտարարութիւնները եւ հաղորդագրութիւնները: Հայաստանի Գերագոյն մարմինը միշտ կողմնակից եղաւ, որպէսզի քաղաքական այս ճգնաժամը բացառապէս ընթանայ փոխադարձ զիջումներու եւ փոխըմբռնումի եւ նոր սահմանադրութեան  օրէնքներուն ընձեռած կարելիութիւններու ծիրին մէջ:

Եւ պէտք է ըսել, որ Դաշնակցութեան պատասխանատուներուն ունեցած բոլոր հանդիպումները` ըլլա՛ն Նիկոլ Փաշինեանին թէ իշխանութիւններուն հետ, կ՛ընդգծէին վերոնշեալ առանցքները եւ կը շեշտէին երկրի անդորրութիւնը, կայունութիւնը եւ ազգային միացեալ կառավարութիւն մը ստեղծելու եւ արտահերթ ընտրութիւններ կայացնելու անհրաժեշտութիւնը:

Տակաւին, պարզապէս պատմութեան եւ արդարութեան համար եւ կարճ յիշողութիւն ունեցողներուն համար կ՛արժէ նշել, որ Դաշնակցութիւնը հանդիսացաւ այն կուսակցութիւնը, որ նախ ողջունեց շարժումը ու ապա յայտարարեց, թէ մենք մեր հարազատ ժողովուրդին կողքին ենք, ինչպէս միշտ, ինչպէս որ մեր 128 տարուան փառահեղ պատմութիւնը կը վկայէ:

Կուսակցութիւնը յորդորեց քաղաքական բոլոր կողմերը, ցուցարարներն ու իշխանութիւնները զերծ մնալ իրավիճակը սրելէ, վտանգաւոր առճակատումէ` երկիրը ծայրայեղութիւններու կրակէն հեռու պահելու համար: Արդարեւ, դարձեալ արդարութեան համար, պէտք է ըսել, որ Նիկոլ Փաշինեանի եւ պատգամաւորներու ձերբակալման յաջորդող ժամերուն իսկ տեղի ունեցաւ Դաշնակցութիւն-Փաշինեան հանդիպումը վերջինին մեկուսարանին մէջ, ինչ որ նպաստեց Փաշինեանի եւ իր ընկերներուն ազատ արձակման գործընթացին:

Միեւնոյն ժամանակ կուսակցութիւնը մէկ կողմէ յարգելով սահմանադրութեան տրամադրութիւնները, իսկ միւս կողմէ մեկնելով հարցերը յաւելեալ բարդացումներու չառաջնորդելու սկզբունքէն` որոշեց նաեւ Ազգային ժողովին մէջ չքուէարկել Փաշինեանին եւ իր ընկերները անձեռնմխելիութիւնը զրկելու մօտեցումին:

Ինչ որ հետագային դուռ պիտի բանար բանակցութիւններու եւ քաղաքական խորհրդակցութիւններու զանազան կողմերու միջեւ եւ որոշ չափով պիտի մեղմացնէր տուեալ ճգնաժամը:

Դաշնակցութիւնը հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մէջ, յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վերջին 25 տարուան ընթացքին տեւաբար ամէն ինչէ վեր դասած է Հայաստանի անվտանգութիւնը, ներքին անդորրութիւնը, ազգային միասնականութիւնը, այսօր ալ, ինչպէս երէկ նոյն տրամաբանութեամբ կ՛առաջնորդուի ոչ երկու տարբեր լեզու կը գործածէ, ոչ ալ երէկուան իր սկզբունքներուն հակառակ ուղղութեամբ յայտարարութիւններով հանդէս կու գայ, որովհետեւ Դաշնակցութեան համար ազգ-պետութիւն հասկացողութիւնը, դարձեալ կը շեշտենք, ամէն ինչէն վեր է:

Այդ իսկ պատճառով, առաջին իսկ օրէն  ներհայաստանեան ճգնաժամը լուծելու առումով Դաշնակցութեան հիմնական չորս առանցքները հետեւեալները հանդիսացան.

Առաջին.- լիցքաթափել ներքաղաքական լարուածութիւնը:

Երկրորդ.- յաղթահարել քաղաքական ճգնաժամը:

Երրորդ.- յստակ առաջնահերթութիւններ նախանշելով երաշխաւորել կուտակուած խնդիրներու լուծումը:

Չորրորդ.- լիարժէք ժողովրդավարական պայմաններու ապահովմամբ նախապատրաստել եւ կայացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Այո՛, ժողովուրդը յաղթեց. փառք ու պատիւ մեր երիտասարդութեան եւ հայրենի մեր ժողովուրդի բոլոր հատուածներուն:

29 ապրիլ 2018

Ընտրական Քրոնիկ. Զուգահեռներ` Լիբանանի 1972-ի Եւ 2018-ի Երեսփոխանական Ընտրութիւններուն Միջեւ

0
0

ԿԱՐՕ Վ. ՄԱՆՃԻԿԵԱՆ

1972-ին գիշերօթիկ աշակերտ էի Պէյրութի Նշան Փալանճեան ճեմարանը: Նոյն ժամանակ մաս կազմած եմ ՀՅ Դաշնակցութեան Լիբանանի «Բաբգէն Սիւնի» պատանեկան միութեան: Ծարաւ էի գիտութեան ու զարգացումի եւ ինկած էի այդ պապակը յագեցնելու ճիշդ միջավայրը:

Այդ ժամանակաշրջանին տեղի ունեցան Լիբանանի երեսփոխանական ընտրութիւնները: Իսկ այդ տարիքին նոր սկսած էինք ըմբռնել, թէ ի՛նչ կը նշանակէ երեսփոխանական ընտրութիւններու ընտրական դաշինք, ընտրական շրջան եւ այլն: Իսկ կուսակցութիւններու գաղափարական թէ քաղաքական զուգահեռները եւ խաչմերուկները տակաւին անյստակ էին մեզի` մեր սերունդին համար:

Ճեմարանի գրադարանին` աշակերտութեան տրամադրած «Ազդակ» օրաթերթի 3 կամ 4 առօրեայ անբաւարար օրինակներու ընթերցողներս սկսած էինք ըմբռնել «Երեսփոխանական հայկական պլոք» կամ «Փաղանգաւոր կուսակցութեան հետ ընտրական դաշինք» արտայայտութիւններ, սակայն այնքան ալ իրազեկ չէինք, թէ անկէ առաջ որո՛ւ հետ ընտրական դաշինք գոյացած էր: Գիտէինք, որ 1958-ին լիբանանահայութիւնը անցուցած էր տխուր դէպքերու փուլ մը, սակայն 1965-ին` Հայոց ցեղասպանութեան յիսնամեակին ունեցած էինք միասնական, պահանջատիրական կեցուածք:

Որպէս «Բաբգէն Սիւնի» պատանեկան միութեան անդամներ` մեր երեք վարիչները (զուգադիպութեամբ երեքին անուններն ալ Յակոբ, եւ երեքն ալ այսօր ղեկավար դիրքերու վրայ կը գտնուին), մեզ գործուղեցին ընտրարշաւին թռուցիկներ եւ ընտրացանկեր բաժնելու ճեմարանի մերձակայ հայահոծ հայկական թաղերուն մէջ:

Կրակոտ պատանիներ էինք: Մեր սրտերուն մէջ կրակ կար եւ հայկական միացեալ եւ միասնական ընտրական ճակատով մը ներկայանալու բարձր ոգին պատած էր մեր հոգիները: Իրերայաջորդ օրերուն բծախնդրօրէն կատարեցինք մեզի վստահուած առաքելութիւնը:

Լիբանանահայութիւնը վարակած հայկական միասնականութեան մթնոլորտը վարդագոյնով եւ նարնջագոյնով շիկացուցած էր մեր կապոյտ հորիզոնը` յաղթանակի յոյսի հորիզոնը:

Տեղի ունեցան ընտրութիւնները:

Մեր աշխատանքը ունեցաւ յաջող ու յաղթական աւարտ: Ու հինգ հայ երեսփոխաններ յաջողեցան ընտրութեան: Չեմ մոռցած անունները` Մելքոն Էպլիղաթեան, Սուրէն Խանամիրեան, Արա Երեւանեան, Խաչիկ Պապիկեան եւ Անդրանիկ Մանուկեան (յարգանքս` անոնց տիտղոսներուն):

Հայկական պրիսմակը յաջողած էր մեր ծիրանի գօտիին գոյները միացնել ճերմակին: Մէկ գոյն, հայկական ճերմակ գոյն:

Առաւել եւս, կողմնակի զրոյցներէն կ՛իմանայինք, որ Փաղանգաւոր կուսակցութեան ընտրացանկին անուններէն երկու երեսփոխաններ` Ժոզեֆ Չատեր ե Քարիմ Բագրատունի հայկական ծագում ունէին:

Մեզի նման գաղափարական երազկոտ պատանիներուս համար մեծ նշանակութիւն ունէր լիբանանահայութեան միասնական յաղթանակը: Հայկական երեսփոխանական պլոքը ունէր իր սենեակը, Հանրի Ֆարաոնի պալատին մօտակայ, Դաշնակցութեան հնամենի ակումբին մէջ, իր գործավար տնօրէնով, յանձինս մեր ՀՄԸՄ-ի Լիբանանի արի-արենուշներու ընդհանուր խմբապետ Ճոնի Արեւեանին:

Այդ հայկական (բառին իսկական իմաստով) երեսփոխանական պլոքին վիճակուեցաւ ճակատագրական եւ բախտորոշ դեր կատարել. Լիբանանի քաղաքացիական պատերազմ, Թաէֆի համաձայնագիր եւ այլն: Դրական չէզոքութեան հայկական կեցուածքը եւ Թաէֆի համաձայնագրի պատրաստութեան գծով մեր պլոքը հաւասարակշռող նժարը հանդիսացաւ:

Անցնող օրերուն  առիթը ունեցայ այցելելու Լիբանան, Պէյրութ, ինչպէս նաեւ մասնակցելու չորս միաբան վարդապետներու եպիսկոպոսական ձեռնադրութեան` Անթիլիասի, Կիլիկիոյ մեր պատմական կաթողիկոսական նստավայրին մէջ: Իջեւանած էի Պուրճ Համուտ, հարազատներուս քով: Ճամբան, Արիտայէն մինչեւ Պէյրութ, զարդարուած էր ընտրական պաստառներով, գովազդներով եւ նկարներով: Իսկ Պուրճ Համուտի հայահոծ թաղերուն մէջ բարձրացած էին հայկական երեսփոխանական թեկնածուներուն միացեալ թէ անհատական պաստառները, նկարները:

Հետիոտն ման կու գայի թաղերուն մէջ. «Նիկոլ Դուման», «Սերոբ Աղբիւր», «Արագած», «Սարդարապատ» ակումբներ, քաղաքապետութեան հրապարակ, «Արաքս», «Մարաշ» փողոցներ, «Շաղզոյեան» կեդրոն… եւ այլն:

Ակնբախ էր մէկ կարեւոր երեւոյթ. ՀՅԴ-ն նախաձեռնած էր վերականգնել երեսփոխանական հայկական պլոքը, որ խափանուած էր 2000 թուականի ընտրութիւններէն ետք: Հայ երեսփոխաններ կային, սակայն համանուն պլոքը չքացած էր, բռնի, սակայն «ժողովրդավար» միջոցներով:

Նախքան Պէյրութ գալս` այս նախաձեռնութեան մասին տեղեկացած էի ելեկտրոնային գրաւոր, թէ բանաւոր լրատուական միջոցներով` Դիմատետրի, Եու Թիուպի էջերով: Հայկական զանգուածը դրուատիքով կ՛արտայայտուէր այդ նախաձեռնութեան մասին եւ ջատագովը կը հանդիսանար, ի բաց առեալ` սակաւաթիւ թեկնածուներու (եւ անոնց ետին կանգնած հոսանքներուն), որոնք  երամէն դուրս եւ կամ օտար երամի մը հետ կը սաւառնէին: Ցաւով կը լսէինք նաեւ, որ ձախողած էր Պեքաայի ընտրատարածքին մէջ համախոհութեան մը գոյացումին:

Պուրճ Համուտի մէջ տեղի կ՛ունենային ընտրական հաւաքներ, միթինկներ, ժողովուրդի զանազան խաւերուն հետ հանդիպումներ, երգահանդէսներ եւ ընտրարշաւը յառաջ մղելու նոր մեթոտներ ու միջոցառումներ:

Մէկ խօսքով, ընտրական գործընթացը յաջողութեամբ պսակելու, երեսփոխանական հայկական պլոքը յաջողցնելու համար ջանք ու ճիգ չէր խնայուեր:

Ուժի եւ կամքի լարումը գերագոյնին հասած էր: Թուականը հեռու չէր` 6 մայիս 2018: Յաղթանակի որոշում գոյացած էր, հաւաքական յաղթանակի:

Այսօր տարածաշրջանս արաբական խաբուսիկ, կերպընկալէ մահաբոյր արհեստական ծաղիկներով սեւացած, ականներու դաշտի նման դարձած է:

Ամէնուրեք` ցնցումներ, ահաբեկչական գործողութիւններ եւ պատերազմներ, մանաւանդ` քաջալերուած մեծապետական միջազգային թէ շրջանային ծաւալապաշտ ուժերէն:

Ահաւասիկ սուրիական տագնապը թեւակոխած է իր 8-րդ տարին, հազիւ զմեզ յուսադրած լուծման ցնորքով` նոր արիւնալի փուլ մը կը թեւակոխէ:

Այս քաոսին մէջ ո՞վ գիտէ, թէ ի՛նչ ճակատագիր վերապահուած է Լիբանանին թէ լիբանանահայութեան, որ անցուցած է քաղաքացիական պատերազմի 20-ամեայ դառն փորձը:

Վերջերս անցնող 8-10 օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող ցոյցերը, սահմանադրական անկիւնադարձային նախաքայլերով` նախագահի թէ վարչապետի ընտրութիւն, առանց մտահան ընելու Արցախին թէ Հայաստանի գլխուն կախուած դեմոկլեան սուրի` արտաքին թուրք-ազերիական սպառնալիքները:

ՀՅ Դաշնակցութեան Լիբանանի ԿԿ-ի վերոյիշեալ հայկական պլոքի մը վերակազմութեան համար որոշումը եւ թափուած մեծ ճիգերը, մանաւանդ միասնականութեան ամրապնդման տեսանկիւնէն, դիտուած, մեծապէս ողջունելի են:

Այո՛, այսօր հայութիւնը հայրենիքի թէ սփիւռքի մէջ ծանր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը գտնուի:

Աւելորդ է այլեւս երկարաբանել միասնականութեան մասին վերլուծելով: Մէկ խօսք:

Հայութիւնը, մանաւանդ այս առիթով` լիբանանահայութիւնը, պէ՛տք է ունենայ իր երեսփոխանական հայկական միասնական պլոքը:

Քեսապէն գրելով այս տողերս` ամենաջերմ մաղթանքները կ՛ուղղեմ լիբանանահայութեան այս միասնական կեցուածքը յաղթանակով պսակուած տեսնելու:

Քեսապ
20 ապրիլ 2018

Ակնարկ. ՀՅԴ Ընտրամեքենայի Նոր Արտադրամասերը

0
0

Լիբանանեան զանգուածային լրատուամիջոցները լայնօրէն անդրադարձան արտերկրի լիբանանցիներուն խորհրդարանական ընտրութիւններուն մասնակցութեան երեւոյթին: Պատկերներ, թիւեր, վիճակագրական տուեալներ եւ այդ բոլորին վրայ կատարուած հետեւութիւններ:

Օրէնքը նոր է եւ առաջին անգամն է, որ լիբանանեան սփիւռքը կը մասնակցի Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն: Ասիկա անշուշտ քայլ մը առաջ է բոլոր լիբանանցիները օրէնսդիր ժողովի ձեւաւորման գործընթացին եւ հետեւաբար նաեւ Լիբանանի քաղաքական գործընթացներու իրաւական բաժինին մասնակից դարձնելու առումով:

Պաշտօնական թիւեր չեն հրապարակուած, այսուհանդերձ լիբանանեան սփիւռքը նկատելի համեմատութիւններով կը գերազանցէ Լիբանանի մէջ ապրող քաղաքացիներուն թիւը: Այդ թիւի համեմատութեամբ չեն, որ կ՛արձանագրուին անշուշտ ընտրութիւններուն մասնակցողներուն համրանքները:

Օրէնքը նոր է. ընտրական մշակոյթը` նոյնպէս: Տակաւ կը բազմապատկուին թիւերը, հետագայ ընտրութիւններուն մասնակցութեան նոր քանակ ապահովելու եւ Լիբանանէն դուրս ապրող մանաւանդ յառաջիկայ սերունդները այս երկրին կապելու, անոնց ձայնը որոշումի կեդրոններուն մօտ լսելի դարձնելու առումով:

Արտերկրի լիբանանահայը բոլոր պատճառները ունէր աշխուժ մասնակցութիւն բերելու նաեւ այս ընտրութիւններուն. միաժամանակ թէ՛ իբրեւ լիբանանցի եւ թէ՛ իբրեւ լիբանանահայ կրկնակի պարտականութիւնները կատարելու առումով:

«Ազդակ» բազմիցս անդրադարձած է նախ օրէնքին բերած նորութեան եւ համապատասխան մանրամասնութիւններուն, նախապէս արձանագրուելու եղանակին եւ ժամկէտին, ապա տարբեր երկիրներու մէջ կազմակերպուած ընտրական լսարաններուն, փոխանցումներուն, ընդառաջումներուն եւ մանաւանդ Դաշնակցութեան կեդրոնատեղիներուն մէջ ընտրական աշխատանքները համադրելու եւ լիբանանահայերը ընտրութեան օրը քուէատուփ ուղղորդելու նախապատրաստական աշխատանքներուն մասին:

Այս բոլորը բնականաբար համակարգուեցան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ընտրական կեդրոնական գրասենեակին եւ անոր բաժանմունքներուն կողմէ: Փաստօրէն, երկուշաբթի օր Դաշնակցութեան համատարած ընտրամեքենաները իրականացուցին առաջադրանքը:

Այս կը նախանշէ, որ Լիբանանի մէջ իր կազմակերպուածութեան բարձր մակարդակով համակողմանի արժեւորումի արժանացած եւ իբրեւ մոտել մատնանշուող Դաշնակցութեան ընտրամեքենան կ՛ունենայ իր մասնաճիւղերը աշխարհի տարածքին:

Ասիկա առաջին փորձառութիւնն էր: Արտերկրի ընտրամեքենաները բանեցան նաեւ Լիբանանի մէջ իրենց ընտրական աշխատանքներուն փորձառութիւնը կուտակած կամաւոր ընկերներ-ընկերուհիներու եւ արտերկրի լիբանանահայ նոր սերունդի ներկայացուցիչներուն կողմէ, որոնք իրենց ներդրումը ունեցան Դաշնակցութեան Լիբանանի կազմակերպութեան այսօրուան առաջնային օրակարգի իրականացման մէջ:

Հիմա մեկնարկն է Լիբանանի մէջ վաստակ ապահոված կուսակցական ընտրամեքենայի նոր տարածքներու նուաճման, նոր թիւերու ամբարման, նորուժի կուտակման:

Աշխատանքը հեռանկարային է եւ կը միտի համալրել թիւերը, հետեւաբար` նոր արտադրամասերով օժտել մարդուժի պատրաստութեան համալիրը:

«Ա.»

Մայիս 1. Աշխատաւորի Ազատագրման Օր Ու Նահանջի Դէմ Պատերազմ

0
0

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Աշխատաւորի օրը համամարդկային տօն է:

Մարդկային ընկերութեան հիմը կազմող բանուորին, գիւղացիին, մշակին տօնն է անտարակոյս:

Տօնն է մարդկութեան բարօրութեան հիմնաքարը հանդիսացող կին ու այր աշխատաւորի արդար վաստակին:

Օրն է քրտինքի, ցաւի, տանջանքի, իրաւազրկուած մարդու:

Օրն է արդար ցասումի եւ բողոք` ընդդէմ ճնշումի:

Աշխատաւորի օրը շահագործումի, վայրագ դրամատիրութեան, դասակարգային բաժանումի եւ փտածութեան դէմ բարձրացող բռունցքն է անկասկած:

Համամարդկային տօն է մայիս 1-ը:

Ու միաժամանակ համահայկական տօն է:

Հայաստանի հայ բանուորին, գործարաններուն մէջ արիւն քրտինք թափող կնոջ ու այր մարդուն տօնն է:

Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան մշակ-բանուորին ու կեղեքումի դէմ պայքարող հայ անհատին տօնն է, Հայաստանի մէջ թէ բռնագրաւեալ հողերուն վրայ կամ սփիւռքի տարածքին դրամատիրութեան ու նիւթապաշտութեան գլանին ենթարկուող ու ամէն օր տառապող հայ մարդուն տօնն է վստահաբար:

Իր օրապահիկին համար քունը փախցուցած, փտածութեան ու շահագործումի դէմ Երեւանի ու Գիւմրիի մէջ ցուցարար հայ երիտասարդին ու պահանջատէր հայ մարդուն տօնն է մայիս 1-ը:

Մէկ ձեռքով բահ, միւս ձեռքով զէնք վերցուցած Արցախի ճակատը պահող ազատամարտիկ երիտասարդին տօնն է Աշխատաւորի տօնը:

Պուրճ Համուտի, Այնճարի, Հալէպի, Քամիշլիի, Ջուղայի, Թեհրանի թէ Թաւրիզի, Քեսապի, Պաղտատի, Զախոյի թէ եւրոպական ու ամերիկեան գործարաններուն մէջ տուայտող հայ բանուորին ու հայ մշակին տօնն է մայիս 1-ը:

Իր զաւակը հակառակ նիւթական դժուարութեանց հայկական վարժարան ուղղող հայ մարդուն, բանուորին, գիւղացիին, արհեստաւորին, հաւատացեալին տօնն է մայիս 1-ը:

Հայ ուսուցիչին տօնն է նաեւ մայիս 1-ը:

Բայց նաեւ մայիս 1-ը պէտք է ըլլայ տօնը հայ դրամատէրին, գործատիրոջ, սեփական մարզի, թէ ազատ ասպարէզի մէջ իր կեանքը շահած հայուն, որ գիտակցի, թէ առանց հայ պաշտօնեային, հայ բանուորին ու աշխատաւորին քրտինքին իր արդիւնաբերութիւնն ու շահը կը վնասուին:

Մարդկային ու բանուորական տարրական իրաւունքներու չգոյութեամբ առողջ հայկական միջավայր կարելի չէ ունենալ:

Ո՛չ ալ ամուր հայկական կռուան, հպարտ ու պահանջատէր հայութիւն:

Շահագործումը, կեղեքումը, հարստահարումը, դասակարգային խտրականութիւնը, փտածութիւնը, դրամատիրական մենատիրութիւնը չեն կրնար արդար, ամուր եւ արտադրող հասարակութիւն ստեղծել: Անոնք կը քանդեն ընկերութիւնը, կը բարոյազրկեն անձը, կը ստրկացնեն միտքը, կը ճզմեն հոգին, անբարոյ կը դարձնեն ներկան, օտարումի կ՛առաջնորդեն ու կը բարոյալքեն ապագան եւ ապագայի սերունդները:

Մայիս 1-ը Աշխատանքի օրը, Աշխատաւորի օրը, ազատ հայու, ազատագրուած հայու, ամուր ու հպարտ հայու տօնն է:

Ազատագրելով հայ մարդը աշխատանքի ու շահագործումի կապանքներէն, կ՛ազատագրէ հայութիւնը ստրկամտութենէն:

Մշակ, բանուոր, ռենչպէր աղբեր

Արի՛ք, միանա՛նք, յառաջ գնանք:

Մայիս 1-ը կոչ է, հրաւէր ու պատգամ հայ ժողովուրդի տարբեր փաղանգները, դասակարգերն ու շերտերը միացնելու` ի խնդիր աշխատաւորի ազատագրման ու նահանջի դէմ պատերազմի:

 

 

Բաքուի Ծխածածկոյթը Երեւանեան Իրադարձութիւնների Համապատկերին

0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

1024leonidmardirosyanՎերջին մի քանի օրերին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հաղորդում էր այն մասին, որ Ադրբեջանը ղարաբաղեան եւ ադրբեջանական զօրքերի շփման գծում կուտակում է կենդանի ուժ, ռազմական տեխնիկա (արհեստագիտութիւն, սարքեր-Խմբ.), ծանր հրետանի: Ընդ որում, այս հաղորդագրութիւնները ամրագրւում էին տեսագրութեամբ, որն ամենայն ակնյայտութեամբ, ինչպէս ասում են, տեսանելիօրէն հաստատում էր հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի լայնածաւալ տեղաշարժը:

Որեւէ կասկած չկայ, որ Ադրբեջանի զինուած ստորաբաժանումների նման ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.) պայմանաւորուած է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրմամբ՝ յարուցուած ընդդիմութեան բողոքի ակցիաներով (գործողութիւններով, ցոյցերով-Խմբ.): Իմանալով Ադրբեջանի իշխանութիւնների յանցաւոր էութեան մասին, որոնք չեն էլ թաքցնում ղարաբաղեան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրենց մտադրութիւնները, կարելի է մեծ համոզուածութեամբ ենթադրել, որ Երեւանում իրադրութեան ապակայունացումն ունակ է սպառնալիքի տակ դնել ԼՂՀ անվտանգութիւնը: Այդ մասին նախազգուշացումներ եղան ինչպէս Արցախի ղեկավարութեան կողմից, որն առաջարկեց Հայաստանում կայունութիւնը պահպանել սահմանադրական օրէնսդրութեան շրջանակներում, այնպէս էլ քաղաքական որոշ վերլուծաբանների կողմից: Բայց, ինչպէս ցոյց տուեցին յետագայ իրադարձութիւնները, անգամ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ ակցիաները շարունակուեցին՝ առաջ բերելով անկանխատեսելի հետեւանքների վտանգ: Թէ ինչպէս կը զարգանան յետագայ իրադարձութիւնները՝ ցոյց կը տայ ժամանակը, սակայն մեզ առաւել մտահոգեց մէկ այլ հանգամանք, այն է՝ ընդդիմադիր լրագրողներից ոմանք, չգիտես ինչու, կասկածի տակ դրեցին ադրբեջանական զօրքերի վերատեղաբաշխման մասին ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան տարածած տեսանիւթերի իսկութիւնը՝ դրանք անուանելով «հին»: Ըստ էութեան, նրանք, կամայ թէ ակամայ, սկսեցին ջուր լցնել Բաքուի քարոզչամեքենայի ջրաղացին: Ահա թէ ինչու:

Բանն այն է, որ դէպի շփման գիծ ադրբեջանական կենդանի ուժի ու տեխնիկայի ակտիւ տեղափոխման մասին Արցախի պաշտպանական գերատեսչութեան կողմից համոզիչ տեսանիւթեր ներկայացուելուց յետոյ պաշտօնական Բաքուն՝ ի դէմս արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) եւ պաշտպանութեան նախարարութեան, իրեն բնորոշ ճղճղան պահելաձեւով հայկական կողմին մեղադրեց ապատեղեկատուութեան տարածման մէջ: Ընդ որում, ինչն ուշագրաւ է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Հաջիեւը, կրկնելով հայ լրագրողներին, ովքեր, փաստօրէն, նրա համար հանդէս եկան յուշարարների դերում՝ ասես օգնելով նրան, բարբառեց, թէ հայկական կողմի յայտարարութիւնները «չեն արտացոլում իրականութիւնն ու հենւում են անցեալ տարուայ տեղեկատուութեան վրայ»: Այնուհետեւ լկտիօրէն, ինչը թէ՛ իր, թէ՛ Ադրբեջանի ղեկավարութեան համար սովորական է, յայտարարեց, թէ «այստեղ նպատակը մէկն է՝ մոլորութեան մէջ գցել հասարակական կարծիքը»:

Թէ ով է իրականում մոլորութեան մէջ գցում հասարակական կարծիքը, դժուար չէ կռահել: Վերահսկման ժամանակակից տեխնիկական միջոցների առկայութեան պայմաններում այնքան էլ բարդ չէ արձանագրել մեծ քանակութեամբ անձնակազմի, տեխնիկայի ու ծանր սպառազինութեան տեղաշարժը, դա էլ հօ խոտի դէզի մէջ ասեղ փնտռել չէ: Ադրբեջանում երբեք չեն էլ թաքցրել, որ իրենց համար յարմար պահին կարող են սանձազերծել նոր պատերազմ, ինչը հաստատեցին 2016թ. ապրիլեան իրադարձութիւնները: Այն ժամանակ Բաքուի ռեժիմը ենթադրում էր, որ նա էական առաւելութիւն ունի սպառազինութեան հարցում ու կարող է իրեն թոյլ տալ փորձել հիմնախնդիրը լուծել ուժով՝ ոչնչացնելով Արցախի Հանրապետութիւնը: Այն ժամանակ դա չստացուեց, եւ, ըստ երեւոյթին, ադրբեջանական որոշ «ճուռակներ»ի այժմ թւում է, որ Հայաստանում ստեղծուած քաղաքական իրավիճակը լաւ հնարաւորութիւն է ընձեռում օգտուել դրանից: Այս առումով չէր խանգարի ծանօթանալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի արտայայտութեան հետ, ով բառացիօրէն օրերս ադրբեջանական ATV հեռուստաալիքին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ բանակցութիւնների ձախողման դէպքում Ադրբեջանին ոչինչ չի մնայ անել, քան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ ձախողումն ադրբեջանական ընկալմամբ դա Լեռնային Ղարաբաղն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:

Ադրբեջանը ջանասիրաբար նախապատրաստւում է պատերազմի, ուստիեւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան տեսանիւթերի՝ իրականութեանը չհամապատասխանելու մասին Ադրբեջանի ԱԳՆի ու պաշտպանութեան նախարարութեան ներկայիս բոլոր պնդումները իւրատեսակ քարոզչական ապատեղեկատուական ծխածածկոյթ են՝ իրենց սադրիչ եւ յոյժ վտանգաւոր ռազմական մանեւրները (հնարքները-Խմբ.) քօղարկելու համար: Այս կապակցութեամբ օրինաչափ հարց է ծագում՝ եթէ, ադրբեջանական կողմի կարծիքով, «պաշտպանութեան նախարարութիւնը սահմանագծում ռազմական տեխնիկայի կուտակման միջոցառումներ չի անցկացնում», ապա ինչու՞ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ապրիլի 23ին հանդէս եկել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ յայտարարութեամբ: Նրանում, մասնաւորապէս, նշւում է, որ տարածաշրջանում քաղաքական վերջին իրադարձութիւնների ու շփման գծում սրացման հնարաւորութեան լոյսի ներքոյ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծում են կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման եւ, մասնաւորապէս՝ ծանր սպառազինութիւնն առաջնագծից հեռացնելու վճռորոշ նշանակութիւնը: Ու թէեւ միջազգային միջնորդները սովորոյթի համաձայն իրենց խաղաղարար կոչերը հասցէագրեցին երկու կողմերին, իրազեկ մարդկանց համար հասկանալի է՝ կոնկրետ ում են նրանք զսպուածութեան կոչում:

Այստեղ, սակայն, կը ցանկանայինք «արժանին հատուցել» Ադրբեջանին. նա գրեթէ երբեք չի ունկնդրել Մինսկի խմբի համանախագահների կոչերին եւ անգամ հրաժարուել է կատարել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Այն պարզ պատճառով, որ ընկալունակ չէ դիւանագիտական լեզուի նկատմամբ եւ հասկանում է միայն ուժի լեզուն: Ու եթէ Բաքուի որոշ «տաք գլուխներ»ի մօտ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից օգտուելու ու Արցախի դէմ նոր պատերազմի գնալու գայթակղութիւն է առաջացել, ապա դա պատրանքային յոյսեր են: ԼՂՀ զինուած ուժերը, ինչպէս դա բազմիցս է եղել, արագ կը բուժեն նրանց ռազմամոլութեան տենդն ու կը կոտրեն ամբարտաւանութիւնը, որը նրանց թոյլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակն ու հրաժարուել հերթական ռազմական արկածախնդրութիւնից:

Viewing all 12047 articles
Browse latest View live