Զանակ Գալստեան
Ծնած է 1885-ին, Օրտու գաւառի Քիրեզ Տերէ գիւղը: Այս գիւղը ունէր 110 տուն հայ բնակիչ, ունեցած է նաեւ եկեղեցի մը` 1849-ին եւ դպրոց մը` 1905-ին կառուցուած:
Սամուէլ Անդրանիկեան
Ծնած է 1912-ին, Օրտու: Երեք տարեկանին իր հայրը կորսնցնելով, իր մօր` Զանակ տատիին հետ կ՛աքսորուին թուրքերուն կողմէ, իրենց տունն ու գիւղը ձգելով:
Թէ ի՛նչ կը պատահի աքսորի ճամբուն ընթացքին…
Համեստ նպատակս է, որ իւրաքանչիւր հայ կարդայ այս յուզիչ պատմութիւնը եւ յիշէ, որ այդ օրերուն ամէն հայ ընտանիք անցած է այսպիսի տառապանքներէ:
Այս Պատմութեան Հեղինակը
Եփրեմ Լեւոնի Զաքարեան
Մեծ եղեռնի այս յուզիչ պատմութիւնը վաւերագրած է Եփրեմ Լեւոնի Զաքարեանը: Ան ծնած է 1930-ին, Աբխազիա, Քանթիատի: 1950-ին աւարտած է Ծեբելդայի մանկավարժական ուսումնարանը, 1956-ին` Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական բաժանմունքը: Տնօրէնի պաշտօն ստանձնած է Խաշուպսէի, Միքելրիպշի եւ Մուխնարիի հայկական ութամեայ դպրոցներուն մէջ:
1962-1990 թուականներուն աշխատած է իբրեւ քննիչ` Գագրայի ներքին գործերու վարչութեան մէջ: Եղած է փոխգնդապետ: Մահացած է 2007 թուականին, Քանթիատի մէջ:
ԻՇԽԱՆ ՍԱՄՈՒԷԼ ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ
17 յունուար 2015
—————————————
43 Տարի Անց
1963 թուականն էր, Աբխազիա, Քանթիատի:
Հանգիստի օր մը, տան բակը նստած, գիրք էի կարդում: Մեծ եղեռնի մասին էր նիւթը, որտեղ ասւում էր, թէ ինչպէս 1915-ին թուրքերը գրեթէ 2 միլիոն հայեր գազանաբար կոտորեցին: 300 հազարի հասնող աքսորեալներուն կարաւանէն հազիւ 400 ջահել կանանց ու աղջիկների բախտը վիճակուեց հասնել Տէր Զօրի անապատները: Մնացածների դիակները փռուեցին հայրենի հողին վրայ: Իսկ շատերին թուրքերը ողջ-ողջ վառեցին կամ գետերը նետեցին, խեղդեցին:
Մինչ այդ Եղեռնի մասին գիրք չէի կարդացել: Երեւի դա էր պատճառը, որ գիրքն ինձ վրայ շատ ազդեց: Կարդում էի ու` մտածում. մի՞թէ մարդը կարող է այդպէս վարուել թէկուզ թշնամու հետ, ինչպէս թուրքերը վարուեցին հայերի հետ:
Այնքան էի տարուած գրքով, որ չէի նկատել, թէ ինչպէս էր Զանակ տատին եկել ու կանգնել իմ կողքին: Երբ ականջիս մի ձայն հասաւ, գլուխս բարձրացրի, որ պարզեմ, թէ ի՛նչ է:
Զանակ տատի
– Բարեւ եմ ասում,- ասաց Զանակ տատին` ըստ իր սովորութեան ժպտալով: Բայց նրա ժպիտը խօսելիս կիսածիծաղի էր վերածւում:
– Բարե՛ւ, բարե՛ւ, Զանա՛կ տատի,- ասացի,- կը ներէք ինձ: Ես էլ ասի` ի՞նչ ձայն էր, որ լսեցի:
– Էդ ի՞նչ ես կարդում,- հարցրեց նա նոյնպիսի կիսածիծաղ ժպիտով,- տեսնում եմ` շատ ես տարուած:
– Է՜, Զանա՛կ տատի, սա Մեծ եղեռնի մասին է: Երեւի լսած կը լինես, որ 300 հազարի հասնող աքսորեալներից հազիւ 400 կանանց բախտ վիճակուեց կենդանի մնալ ու հասնել Տէր Զօրի անապատները: Հիմա ուզում եմ իմանալ, թէ ի՛նչ եղաւ նրանց:
– Նրանցից մէկին էլ Աստուած քեզ մօտ է ուղարկել,- ասաց Զանակ տատին:
– Չհասկցայ, Զանա՛կ տատի, Աստուած ո՞ւմ է ինձ մօտ ուղարկել,- հարցրի ես:
– Նրանցից մէկն էլ ես եմ,- կրկնեց նա:
– Կատա՞կ էք անում, Զանա՛կ տատի, գիտէ՞ք ի՛նչ է Տէր Զօրը, լսել է՞ք Տէր Զօրի անունը:
– Ա՜խ,- ասաց,- անտէր մնան Տէր Զօրն էլ, Մուսուլն էլ, երկուսն էլ: Ոչ թէ լսել եմ, այլ տեսել եմ: Ոչ թէ տեսել եմ, այլ եղել եմ այնտեղ:
Այդ պահին ինձ զարմանքը պատեց:
– Զանա՛կ տատի, չեմ հասկանում, իրօ՞ք եղել էք Տէր Զօրում: Ինչո՞ւ մինչեւ հիմա լռում էիք, ոչինչ չէիք ասում այդ մասին:
– Եկայ, որ ասեմ,- ասաց Զանակ տատին` խորասուզուած մտքերի մէջ, ասես` ամպերը կիտուեցին տարիներից մաշուած նրա կնճռոտ դէմքին: Դէմքը փոխուեց, աչքերում արցունքի կաթիլներ երեւացին:
Շատերից էի լսել, թէ ինչպէ՛ս էին նրանք փրկուել Մեծ եղեռնից, բայց Զանակ տատիկի մասին ոչինչ չէի լսել: Նա հազար անգամ էր ինձ պատմել այդ մասին: Բայց լռում էր: Աստուած գիտէ` ինչո՛ւ էր լռում:
Այստեղ կրկին մտքերի մէջ ընկայ, թէ սա ի՛նչ զուգադիպութիւն էր: Էս ինչպէս պատահեց, որ միշտ լռող Զանակ տատին ջարդի մասին եկաւ ինձ պատմելու այն ժամանակ, երբ կարդում էի այդ մասին: Ան էլ` այն պահին, երբ կարդում էի Տէր Զօր հասնող տարաբախտ աքսորեալների մասին:
Զանակ տատին նկատեց, որ ես շատ զարմացայ, հարցրեց.
– Ինչո՞ւ մտքերի մէջ ընկներ ես:
Փոխանակ պատասխանելու, ասի` մի րոպէ, ու վազեցի աթոռ բերեցի, որ Զանակ տատին նստի: Նա դեռ չնստած` հարցրի.
– Զանա՛կ տատի, եթէ իրօք Տէր Զօրում եղել էք, չէի՞ք պատմի այն մասին, թէ ի՛նչ է եղել:
– Հիմա կը պատմեմ,- ասաց լացակումած,- եկել եմ, որ պատմեմ:
Ու լացակումած էլ սկսեց զրոյցը.
– Ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ 42 տարի առաջ, ջարդի ժամանակ կորցրած բալիկս` Սամուէլս, գտնուեց Պէյրութում… Ա՜խ, Սամուէլ, մատաղ լինեմ քո հոգուն: Աստուծոյ զօրութեանը մատաղ, որ այդքան բարի եղաւ, այդքան ժամանակ պահեց որդուս: Հիմա ուզում եմ մի դուռ բաց անի, որ տեսնեմ նրան:
Ինձ դիմելով` ասաց.
– Ուզում եմ, որ ինձ օգնես, կարողանամ Սամուէլիս տեսնել, եթէ դա հնարաւոր է:
Այստեղ Զանակ տատին խիստ յուզուեց, սկսեց աչքերի արցունքները սրբել: Որպէսզի խօսք բացեմ, ասացի.
– Զանա՛կ տատի, ուրեմն դուք աքսորուա՞ծ էք եղել: Չէի՞ք պատմի` ինչպէ՞ս աքսորեցին, ինչպէ՞ս կորցրիք Սամուէլին:
– Ա՜խ, դա երկար ու ծանր պատմութիւն է,- սկսեց նա,- հայերի ջարդի մասին, ասում ես, լսել ես ու կարդացել: Էլ ինչ պատմեմ: Ինձ երկու անգամ են աքսորել: Երբ սկսուեց Մեծ եղեռնը, ապրում էինք Օրտուի գաւառակի Քիրեզ Տերէ գիւղում: Ամուսնուս` Ճենլետեան Խաչիկին բանակ զօրակոչեցին թուրքերը: Տանը մնացի երեք տարեկան երեխայիս` Սամուէլիս հետ: Կարծեմ յունիս ամսին էր, յայտարարեցին, թէ մեզ, լման գիւղի բնակիչներին, տանում են Մուսուլ: Պատրաստուելու համար երեք օր ժամանակ տուեցին ու ասացին, որ ով ինչ ցանկանայ, կարող է վերցնել իր հետ: Միայն ինչ որ կարող է տանել ձեռքով: Ամէն մէկն իր տարտ ու ցաւն ունէր: Իսկ ես մտածում էի, թէ ինչպէս հետս տանէի երեք տարեկան երեխային` Սամուէլիս: Այդքան երկար ճանապարհ երեխան քայլել չէր կարող, շալակիս էլ տանել չէի կարող: Իսկ թէ ինչ էր սպասում մեզ այդ ճանապարհին, չգիտէի: Հասկացող մարդիկ ինձ խորհուրդ տուեցին, որ նրան մի ապահով տեղ թողնել: Ասում էին, որ երեխան չի դիմանայ:
Որոշեցի, որ երեխան թողնեմ մի ծանօթ թուրքի մօտ: Նշանակուած օրը մեզ հաւաքեցին գիւղի կեդրոնում ու անասունի նման քշեցին տարան:
Ամէն ինչ կատարւում էր, հնարաւոր չէ պատմել, ու չես էլ պատմի: Շունը տիրոջը չէր ճանաչում: Աքսորի հէնց սկզբից անտանելի դարձաւ շատ երեխայ ունեցողների, հիւանդների, յղի կանանց ու ծերերի վիճակը: Սրանց բոլորին մեզանից անջատեցին` ասելով, որ նրանց առանձին կը տանեն: Յետոյ իմացանք, թէ ինչ է կատարուել նրանց հետ: Նրանից ոչ մէկը կենդանի չմնաց: Ճանապարհին ծեծը, գազանութիւնը, շնութիւնը, սպանութիւնը մեր մշտական ուղեկիցները դարձան:
Ա՜խ, խեղճ աքսորեալներ: Ոչ ոք չէր ուզում հեռանալ հարազատ տունտեղից: Շատերին զօռով էին տնից դուրս բերում: Ոմանք նոյնիսկ տնից դուրս չեկան ու զոհուեցին: Իմ միտքս, միակ երեխայիս էր մտածում. թէ ի՛նչ կը լինի նրան: Սկզբում սրտումս ցաւ կար, որ տուն-տեղ թողեցի ուրիշին, բայց գնալով տունն էլ մոռացայ, տեղն էլ: Միակ հարցը, որ կար, ողջ մնալն էր:
Սկզբում, եթէ ետ մնացողին անասունի նման գանակահարում էին, ստիպում, որ հասնեն միւսներին, ապա յետոյ այդպէս չէր, ուղղակի սպաննում էին:
Գնում էինք օրերով, առաւօտից մինչեւ իրիկուն, արեւին ու կրակ-շոգին տակ: Քնում էինք բացօթեայ: Շատերն արեւահար եղան, հիւանդացան: Ճանապարհի պաշարներս վերջացան, իսկ ճանապարհը` ոչ: Մնացինք սոված, ծարաւ: Ճանապարհին մեզ միացնում էին այլեւայլ գիւղերից աքսորուածներին: Կին, երեխայ, տղամարդ քշում էին միասին: Զուգարանի կարիքի դէպքում պէտք էր թոյլատուութիւն խնդրել: Խմբից հեռանալ չէին թողնում: Իսկ շատ յաճախ մարդկանցից թաքնուելու տեղ չէր լինում: Այդ դէպքում կանայք շրջապատում, օգնում էին միմիանց, իսկ տղամարդիկ երեսներն էին թեքում: Իսկ եթէ թաքնուելու տեղ էր լինում, թուրքը գալիս էր հետդ, որ չփախչես:
Ո՛չ ամօթ ունէին, ո՛չ ալ խիղճ: Պառաւ կանայք այդ թուրքերին «շուն» էին անուանում ու ասում, որ եթէ շունը ամօթ ունենար, շալուար կը հագնէր ու ամօթը կը ծածկէր: Անխիղճ Աստուած ստեղծեց հայերին ու թուրքերի առաջ ծաղրուծանակի առարկայ դարձրեց:
Մարդիկ սովից հիւծուեցին, բայց ծարաւն աւելի էր տանջում, քան սովը: Ուժասպառ լինողներն ընկնում էին ճանապարհին ու գնում այս աշխարհից: Տեսնողը կ՛ասէր` դժոխքի քարաւանն է գնում: Գնալով թալանը, բռնաբարութիւնը, արուամոլութիւնը, ծեծը եւ սպանութիւնները յաճախակի դարձան:
Մէկ էլ տեսար, չգիտես որտեղից, յայտնուեցին պաշիպոզուկներն ու սկսեցին իրենց սեւ գործը: Մէկը գնում էր, միւսն էր գալիս: Հօտը մեծ էր, յօշոտում էին` որքան կարող էին:
Անտանելի դարձաւ ջահել, գեղեցիկ աղջիկների ու տղաների վիճակը: Սրանց բռնում տանում էին, ինչեր ասես չէին անում, կա՛մ սպաննում, կա՛մ վիրաւոր, տկլոր բաց էին թողնում: Իսկ շատ անգամ թուրքերը յարձակւում էին միայն կեաւուր սպաննելու համար, որ դրախտ գնան: Յղի կանանց վիճակն աւելի վատ էր: Նրանց օգնող չկար: Վիժելը մահ էր: Թուրքերն այդ կանանց աւելի թշնամաբար էին վերաբերւում` ասելով, որ էդ էր պակաս, որ մեր թշնամու ցեղն աւելացնենք:
Գնալով աքսորեալներն այնքան հիւծուեցին, թուլացան, ուրուականներ դարձան: Մարդիկ էլ ուժ չունէին դիմադրելու թուրքերին, ուստի չէին էլ փորձում դիմադրել: Միայն ջահել աղջիկներն ու տղաները գիտենալով, որ դիմադրելը մահ է, դիմադրում էին ու զոհւում: Այդպէս շատ քիչերս հասանք Մուսուլ: Այնտեղ մեզ ազատ արձակեցին, ասեցին, որ գնանք ու ծառայենք մուսուլմաններին եւ ապրենք: Բայց ի՞նչ ապրել. պէտք էր գոյութիւն պահպանել, որը հեշտ չէր: Շատերին դա չյաջողուեց: Ով պատահեր, վերցնում էր ու տանում մեզ, աշխատացնում մի փոքր հացի տեղ: Ինչ գործ ասես չէինք անում: Մի տարի յետոյ մի թուրք տարաւ ինձ Տէր Զօրի կողմերը, ետքը Ատանա: Երեք տարի յետոյ մեզ ազատութիւն տուեց: Վերադարձայ տուն, բայց մեր տներում թուրքերն էին նստած: Գնացի այդ թուրքի մօտից վերցրի Սամուէլին: Ամուսինս բանակից փախել, թաքնուել էր անտառում: Եկաւ ու ինձ գտաւ: Երեք տարի ազատ ապրեցինք Օրտուում, մի աքսորուած հայի տան մէջ, որտեղ ոչ ոք չէր ապրում: Տանտիրոջն ընտանիքով աքսորել էին: Երեւի նրանցից ոչ ոք կենդանի չէր մնացել: Նման ազատ տներ շատ կային: Այդ ազատ ապրած տարիներին մի երեխայ էլ ունեցանք: Կարծեմ` 1921 թուականն էր, մի գիշեր եկան, ամուսնուս բռնեցին ու տարան: Այլեւս նրան չտեսայ: Մեզ կրկին աքսորեցին: Այս անգամ Սամուէլս 8 տարեկան էր, արդէն կարգին կարող էր քայլել: Իսկ կրծքի երեխային հնարաւոր չեղաւ ոեւէ մէկին մօտ թողնել:
Վերցրի կրծքի երեխային, բռնեցի Սամուէլի ձեռքից ու ճանապարհի պաշարս շալկած` ճանապարհ ընկայ: Գիտէի, թէ ի՛նչ է սպասում մեզ, բայց ի՞նչ կարող էի անել: Հազիւ 3 օրուայ պաշար ունէի: Կրկին ամէնուրեք հայերի լաց ու կոծ կար: Կրկին, երբ քաղաքից հեռացանք, քայլել դժուարացողներին մեզանից անջատեցին ու ասացին, որ նրանց սայլով կը տանեն: Բայց ես գիտէի, թէ ի՛նչ է սպասում նրանց:
Գնում էի ծծկեր երեխան կրծքիս, Սամուէլի ձեռքը բռնած: Վախենում էի Սամուէլին կորցնել: Կորցնելը հեշտ էր շատ, գտնելը` դժուար: Կորածը կորած էր:
Էլի նոյն գազանութիւններն էին, նոյն թալանը, բռնաբարութիւններն ու սպանութիւնները, բայց` ոչ այնքան մեծ չափով, որքան` առաջին անգամ: Որովհետեւ հօտն այս անգամ այնքան մեծ չէր, որքան առաջին անգամ: Կրկին մարդիկ սովից ու ծարաւից հիւծուեցին: Կրկին նրանց կաշին ու ոսկորը մնաց: Շատերն ուժասպառ ընկան ճանապարհին ու գնացին այս աշխարհից: Ես ի վիճակի չէի կերակրել կրծքի երեխայիս, Սամուէլս արեւահար էր եղել, հազիւ էր քայլում: Կրծքի երեխաս օրերով սովատանջ լաց էր լինում ու ինձ փաթաթւում, բայց ես նրա համար ուտելու ոչինչ չունէի: Խեղճ երեխան ի՞նչ գիտէր, թէ նրան էլ աքսորում են, ու աքսորի զոհն է դառնալու: Երեխան կրծքիս լաց եղաւ, լաց եղաւ ու ձայնը յաւիտեան կտրեց, մահացաւ: Սիրտս պոկուեց տեղից: Լաց էի լինում ու գնում` գրկած մահացած, փայտացած երեխային, թաքցնելով նրա մահը մարդկանցից: Միեւնոյն ժամանակ աշխատում էի լացս թաքցնել Սամուէլից: Խեղճ երեխան աչքերիս արցունքները տեսնելիս ինքն էլ լաց էր լինում:
Որոշ ժամանակ անց թուրք զինուորները իմացան, որ երեխան մահացել է, վերցրին երեխային ձեռքիցս ու կողքից հոսող գետը գցեցին: Երեխէս գերեզման էլ չունեցաւ: Խեղճ Սամուէլս երբ որ տեսաւ երեխային գետը գցելը, ճչաց ու ինձ փաթաթուեց: Վախից դողում էր օրերով:
Մարդիկ ծարաւից մեռնում էին` նայելով կողքից հոսող գետի ջրերին: Ո՞վ կարող էր համարձակուել գետը ջրի գնալ: Սպաննում էին տեղնուտեղը:
Երեխայի մահանալուց յետոյ գնալը ֆիզիքապէս թեթեւացաւ, բայց հոգեպէս տկարացայ: Սամուէլս եթէ չլինէր, էլ ապրել չէի ուզում: Խեղճն ամբողջ ճանապարհին հաց ու ջուր էր ուզում` նայելով կողքից հոսող գետի ջրերին ու շալակիս հացի տոպրակին, որի մէջ հոգապահուստ հացի կտորներ էի պահում:
Մարդիկ օգնում էին իրար: Մեզ էլ դժուար պահերին հացի կտորներ ու ջուր էին տալիս:
Այդ վիճակում մեզ քշող թուրք զինուորից մէկը կպաւ ինձ, թէ` երեխան թող, ամուսնանանք: Ինչքան էլ որ չէի համաձայնում, ինձ հանգիստ չէր տալիս ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը: Մէկ էլ տեսար` կէս գիշերին կանչում էր` արի ամանները լուայ: Կարո՞ղ ես չգնալ: Փորձիր, եթէ ապրել չես ուզում: Խեղճ երեխային արթնցնում էի ու տանում հետս: Թուրքն սպառնում էր Սամուէլի կեանքին: Ասում էր, որ եթէ չհամաձայնեմ, կը սպաննի Սամուէլին: Իսկ միւս կողմից` առաջարկում էր օգնել ինձ: Իրօք, մի քանի անգամ հաց ու ջուր տուեց, բայց դրանք խաղեր էին Սամուէլի գլխին: Ի՞նչ կարող էի անել: Խեղճ երեխան չէր էլ կասկածում, թէ ի՛նչ էր սպասում նրան:
Մի տեղ ճանապարհը թեքուեց գետից, հեռացաւ դէպի անջրդի, անբնակ վայրերը: Ջրի հարցն աւելի բարդացաւ: Մահուան գնով գետից ջուր գողանալու յոյսն էլ չքացաւ: Մարդիկ ասում էին, որ գետի ափերը լիքն են դիակներով:
(Շար. 1)