Արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի «Աշխարհ» ռազմավարական հետազօտութիւնների կեդրոնի տնօրէն, ռազմական եւ ազգային անվտանգութեան խնդիրների փորձագէտ, Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի խորհրդական Հրաչեայ Արզումանեանի հետ:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան շարժումը հայ ժողովրդի իտէալների իրականացման տեսանկիւնից:
Պ.- Մենք պէտք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունեցել 1988 թուականին` արտայայտուելով «միացում» կարգախօսով, ունի շատ խոր արմատներ: Արցախեան շարժումը Մեծ եղեռնի եւ 20-րդ դարում ընդունուած որոշումների հետեւանք է, երբ Թուրքիայի ազդեցութեան տակ պոլշեւիկ-քեմալականները Արցախը եւ Նախիջեւանը յանձնել են Ազրպէյճանին: Հայ ժողովրդի` դարերով կուտակուած` պետականութիւնը վերականգնելու ցանկութիւնը, յոյսը եւ կամքն արտայայտուեցին 1988 թուականին:
Հայութիւնը գիտակցում էր, որ Արցախի հայութեանը սպասւում է Արեւմտեան Հայաստանի հայութեան ճակատագիրը: Այդ իսկ պատճառով Արցախի առջեւ դրուած էր երկու նպատակ` Արցախի հայութեան փրկութիւնն ու Արցախի միացումը Հայաստանին:
Փորձի պակասութեան եւ ճակատագիրի բերումով որոշուեց, որ այդ նպատակներին կարելի է հասնել միայն հայկական 2 պետութիւնների միջոցով: Ճանաչուած-չճանաչուած` երկրորդական խնդիր էր: 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ յաջողեցինք: Այսօրուան դրութեամբ մենք ունենք երկու պետութիւն, երկու կառավարման համակարգ, բայց իրականում մենք ունենք տէ ֆաքթօ մէկ Հայաստան: Հայաստանն ու Արցախն ունեն միասնական զինուած ուժեր, ազգային անվտանգութեան համակարգ, միասնական ֆինանսական եւ ընկերային-տնտեսական ոլորտ, կրթական համակարգ եւ այլն: Կարելի է ասել, որ 95 տոկոսով միացումը տեղի է ունեցել:
Արցախեան շարժումն ապացուցեց, որ մենք ի վիճակի ենք դնել համաժողովրդական խնդիրներ եւ լուծել դրանք: Արցախեան շարժումը եւ յաղթանակը առաջընթաց եւ փոփոխութիւն դարձաւ հայութեան համար: Հայ ազգի միասնութիւնը տեղի էր ունենում միայն վէրքի, աղէտի եւ այն յիշատակի շուրջ, որ մեզ կոտորել են: Արցախեան շարժումը եւ յաղթանակը կոտրել են այդ կարծրատիպը: Մենք հասկացանք, որ կարող ենք լինել ոչ միայն զոհի դերում, այլ ի վիճակի ենք կռուել եւ յաղթանակել:
Հ.- Ի՞նչ նշանակութիւն է ունեցել Արցախեան շարժումը համաշխարհային քաղաքական տեսանկիւնից:
Պ.- Համաշխարհային իմաստով` ակնյայտ է, որ 30 տարի առաջ նախաձեռնուած գործընթացը 20-րդ դարավերջին տեղի ունեցող փոփոխութիւնների միայն մէկ բաժինն է: Արցախեան շարժումն ունէր ոչ միայն տարածքային-քաղաքական, այլ համաշխարհային-քաղաքական նշանակութիւն: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մենք կարողացել ենք առաջ քաշել եւ լուծել համահայկական խնդիրներ: Այն փորձառութիւնը, որը մենք ձեռք ենք բերել այս 30 տարուան ընթացքում, իւրայատուկ է եւ օգտագործուելու է յառաջիկայ հայկական խնդիրների լուծման համար:
Հ.- Ինչպէս Արցախեան շարժման օրերին, այնպէս էլ այսօր` աշխարհում ազատութեան ձգտող ժողովուրդների ու երկրների թիւը չի կրճատւում: Ըստ ձեզ` տարբերւո՞ւմ են արդեօք ազատութեան ձգտող ժողովուրդների ցանկութիւններն ու տեսլականները:
Պ.- Ազատութեան իտէալն, ի հարկ է, անխտիր եւ անփոփոխ է բոլոր ժողովուրդների համար, բայց ազատութեան ձեւը եւ այդ իտէալի իրականացումն ու տեսլականը բնականաբար տարբեր են: Ազատութեան հայկական բանաձեւը տարբերւում է Հարաւային Սուտանի` ազատութեան մասին պատկերացումից: Դա բնական է: Ազատ եւ անկախ լինելու ազգերի իրաւունքն ընդհանուր է` որպէս երեւոյթ, բայց պէտք չէ ընդհանրացնել Արցախի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի, Պրետնիստրովիայի խնդիրը չճանաչուած երկրների կարգախօսի տակ: Արցախեան հարցի լուծումը բացառապէս արցախեան է լինելու:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան հիմնահարցի կարգաւորման ներկայ փուլը եւ ի՞նչ հեռանկար էք տեսնում:
Պ.- Արցախեան խնդիրը, որ դրուած էր հայ ժողովրդի առջեւ 1988 թուականին, լուծուած է: Մենք հասել ենք մեր նպատակին` Արցախի հայութիւնը փրկուած է, Արցախը տէ ֆաքթօ միացել է Հայաստանին: Հայ ազգի համար այդ խնդիրը փակ է: Մնացել են միջազգային երեւոյթները` Արցախի Հանրապետութեան ճանաչումը, իսկ դա արտաքին ասպարէզի խնդիր է: Անկախ նրանից, թէ երբ եւ ինչպէս կը լուծուի այդ խնդիրը, 21-րդ դարում հայ ժողովուրդի առջեւ ծառացած են այլ, որակապէս աւելի բարդ խնդիրներ: Եւ այդ նոր խնդիրները լինելու է աւելի մեծ չափացոյցով, որովհետեւ մենք, տարածաշրջանը եւ աշխարհը փոխուել ենք: Այդ իսկ պատճառով` հայ ազգը պէտք է դադարեցնի յետ նայել: Լաւ կամ վատ ենք լուծել մեր առջեւ դրուած խնդիրը 20-րդ դարի վերջում այդ արդէն ամրագրուել է պատմութեան գրքերում, դարձել են հայոց պատմութեան մի մաս: Այսօր մենք ունենք սահմաններ, պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան համակարգ, երկիր եւ հնարաւորութիւններ: Վերջ: Պէտք է խօսենք եւ մտածենք այն խնդիրների մասին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ 21-րդ դարում:
Մենք ապրում ենք յետխորհրդային տարածաշրջանում, որն այսօր բաւականին պայմանական է: Յետխորհրդային տարածքում տեսնում ենք տագնապներ եւ զանազան երկրների ազդեցութիւնն այդ հակամարտութիւնների վրայ: Կառուցւում է նոր երկիր, նոր աշխարհ, նոր համաշխարհային համակարգ: Այդ նոր համաշխարհային համակարգում հայերն, ի հարկ է, կ՛ունենան հին-նոր հայկական խնդիրներ, եւ այդ խնդիրներն աւելի շատ կապուած չեն լինելու յատկապէս Արցախի հետ: 21-րդ դարում մեր առջեւ կանգնած են սպառնալիքներ եւ ազգային անվտանգութեան խնդիրներ, որոնք այլեւս տեղական չեն: Նման շքեղութեան մասին այլեւս կարող ենք մոռանալ: Նոր ռազմական տագնապներում ուղղակի ներքաշուած են լինելու տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կեդրոնէ: Ծագած տագնապները աւելի շուտ նմանուելու են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին. շատ մասնակիցներ` իրենց շահերով:
Հ.- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մէջ Արցախը միայն մի բաժինն է կազմում: Ի՞նչ էք կարծում` հնարաւո՞ր է Միացեալ Հայաստան երազանքի իրականացումը:
Պ.- Հայ դատը միջազգային, ռազմական, քաղաքական իմաստով մնում է չլուծուած: Այսօր մենք պէտք է պատրաստուենք լուծելու այդ, քանի որ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն վերականգնելու Առաջին համաշխարհային պատերազմում ստեղծուած իրավիճակը: Իսկ դա բխում է հայկական շահերից: Մենք պէտք է պատրաստ լինենք նրան, որ Վուտրօ Ուիլսընի իրաւարարական վճիռը եւ Սայքս Փիքոյի որոշումը 21-րդ դարում կը դառնան իրականութիւն:
Մենք, ցաւօք սրտի, չունենք անհրաժեշտ ռազմական կարողական այդ խնդիրը լուծելու համար, բայց Արցախեան շարժմանը օրօք հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր: Միայն շարժման ընթացքում գիտակցեցինք, որ մեր նպատակին կարող ենք հասնել զէնքով: Մենք անպատրաստ ենք մտել պատերազմի մէջ, եւ այդ դասը պէտք է հաշուի առնել: Այսօր մենք ունենք պետութիւն, մտաւորականներ եւ համահայկական ներուժ նոր մարտահրաւէրներին պատրաստ լինելու համար: Ցաւօք սրտի, մինչեւ այսօր դասեր չենք քաղել: Ապացոյցը` Ապրիլեան պատերազմն էր:
Համահայկական խնդիրների մէջ մենք իրաւունք չունենք սահմանափակուել միայն Արցախեան յաղթանակով: Այս 30 տարին մենք միայն վայելել ենք եւ հասցրել սովորել նրան, որ մեզ պէտք է օգնեն. համոզուել ենք, որ պարտաւոր են: Մեզ ժամանակ են տուել, սիրել եւ գուրգուրել են, իսկ հիմա եկել է ժամանակը` մտածել, որն է լինելու Արցախի խնդիրները 21-րդ դարում, որն է լինելու Արցախի դերը համահայկական խնդիրների լուծման մէջ:
Եթէ 20-րդ դարավերջին «միացում» կարգախօսով հասանք Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների միացմանը եւ լուծեցինք մեր ժողովրդի առաջ դրուած խնդիրը, ապա 21-րդ դարում, դարձեալ օգտուելով հին կարգախօսից, պէտք է այն լիցքաւորենք նոր իմաստով, այն է` համայն հայութեան միացում: «Միացում»` հին կարգախօսին պէտք է տալ նոր բովանդակութիւն: Մեզ համար այժմ դա անհրաժեշտութիւն է: Այդ միացումը պէտք է կազմակերպուի, իսկ կարգախօսի յստակեցումը գուցէ լինի առաջին քայլը մեծ խնդիրներ լուծելու համար:
Միացումը պէտք է լինի ոչ թէ տարերայնօրէն, ինչը տեղի էր ունեցել 88-ին, 92-ին եւ ապրիլին, այլ` համակարգուած: Որեւէ արտակարգ իրադարձութեան ժամանակ միայն «միացումով» զբաղուելը չափազանց մեծ շքեղութիւն է: Մենք պէտք է սովորենք դնել ու լուծել համահայկական խնդիրներ նաեւ խաղաղ պայմաններում:
Արցախեան յաղթանակից յետոյ կանգնեցինք աւելի մեծ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար դեռեւս ժամանակ ունենք, սակայն, միեւնոյն ժամանակ, պէտք է շտապել: Եթէ Արցախի հարցը լուծում է գտել, ուրեմն պէտք է փորձել կազմակերպուել եւ աւելի մեծ նպատակներ դնել հայ ժողովրդի առջեւ: Օգտագործենք ձեռք բերուած փորձառութիւնը աւելի մեծ խնդիրներ լուծելու համար: Իսկ փորձը փաստում է` երբ հայ ժողովուրդը միաւորւում եւ իր առջեւ նպատակ է դնում, նուաճում է այն:
Հրաչեայ Արզումանեանի հետ զրուցել է
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆԸ