ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԷԱՆ
Արիւնաքամ եղող արցախցու հանդէպ աշխարհի անտեղեակ լռութիւնը խախտեց Մեծն Բրիտանիոյ Լորտերի պալատի փոխխօսնակ պարոնուհի Քարոլայն Քոքսը, որի շնորհիւ Արցախում կատարուող սպանդն ու բռնի, վայրագ տեղահանումները միջազգային ուշադրութեան արժանացան: Աշխարհն իմացաւ, որ խորհրդային բանակը կռւում է իր իսկ անզէն քաղաքացիների դէմ, եւ մի Ազրպէյճան երկրորդ ցեղասպանութիւնն է իրագործում մի բուռ հայութեան դէմ` օգտագործելով կոտորածի նոյն ձեւերը, ինչ իրենց արիւնակից թուրքերը` մարդկանց անդամահատելով, կենդանի այրելով, գլուխները կտրելով, եւ այդ ամէնը` իր թիկունքում ունենալով խորհրդային բանակը:
Սկսուեց աշխարհի տարբեր երկրներից լրագրողների հոսքը եւ ամենակարեւորը` մարդասիրական օգնութիւն հասնելը պաշարուած արցախցիներին նոյն պարոնուհու միջոցով, որն այնքան անհրաժեշտ էր պաշարման մէջ գտնուող արցախցիներին:
Յատկապէս օգնեց ողջ սփիւռքը իր ունեցուածքից կեդրոնացնելով Արցախի փրկութեանը, մինչեւ անգամ վիրահատութեան կեդրոններ հիմնեց վիրաւոր ազատամարտիկներին փրկելու:
1992թ. մայիս 7-ի կէս գիշերին Արկադի Տէր Թադեւոսեանի` Քոմանտոսի, հրամանով սկսուեց Շուշիի ազատագրումը, որը լուսադէմին պսակուեց կատարեալ յաղթանակով, եւ որը սկիզբ դրեց իրարյաջորդ յաղթանակների:
Որքան էլ մեր հանրապետութեան այդ ժամանակուայ նախագահ ԼՏՊ-ն Իրանում, ի լուր աշխարհի, բացայայտօրէն մեծ դժկամութեամբ, նոյնիսկ ջղագարութեամբ, բոլորին յայտնի` «Շուշին չի կարելի գրաւել» արտայայտութեամբ հերքեց արցախցիների մեծ յաղթանակը, որքան էլ այդ յաղթանակը խճճեց թուրքերի հետ մեր տարածքները վաճառելու իր համաձայնութիւնը, այնուամենայնիւ յաղթանակը թնդաց եւ նոր աւիւն բերեց հայ զինուորներին:
Սակայն դեռ Շուշիի յաղթանակից չսթափուած` մեր նախագահը մի նոր բացայայտ հարուածով հաստատեց իր անհամաձայնութիւնը Արցախի ազատագրման հարցում: Այդ յոյժ կարեւոր միջոցին, երբ Սումկայիթի եւ Պաքուի կոտորածից հազարաւոր փախստականներով լեցուած Ստեփանակերտը անդադար ռմբակոծւում էր, երբ Ստեփանակերտի եւ Աղտամի արանքում գտնուող Ասկերանը քարուքանդ էր արուած, գրաւուած էր Մարտակերտը, Հադրութը, ողջ Արցախի լինել-չլինելու հարցն էր, մեր նախագահը, ի լուր բոլորի, հեռուստատեսային իր ելոյթով, շատ հանգիստ, ազգային մեր հարիւրամեայ կուսակցութեան` Դաշնակցութեան առաջնորդներին, այսինքն երկիր վերադարձած հնամեայ կուսակցութեանն էր արտաքսում հայրենի իրենց երկրից: Մի կուսակցութեան, որի մարտիկները այդ պահին իրենց կեանքն էին զոհաբերում արցախեան մարտերում: Կրկնութեան կարգով կ՛ուզեմ յիշեցնել` մի կուսակցութեան, որն արթնացրել էր թուրքի ճիրաններում արիւնաքամ եղող հայի ոգին Արցախում եւ Արեւմտեան Հայաստանում, անկոտրում պայքարել ե՛ւ Համիտների եւ՛ ցարերի դէմ, հաշուեյարդար էր տեսել ցեղասպան Թալէաթների եւ հայակեր բոլոր թուրք ղեկավարների հետ, որը հիմնադրել էր Հայ դատը` համայն հայութեան իրաւունքը պահանջելով ցեղասպան թուրքից, Արեւմտեան Հայաստանի` մեզնից խլուած տարածքների պահանջով, որն 9 անգամ աւելի է քան ներկայ մեր տարածքները: Եւ վերջապէս, եթէ չլինէր իր կողմից վտարուող ՀՅԴ-ի ներդրումը, չէր լինի նաեւ այն երկիրը, որին խաբէութեամբ բազմել էր ինքը` որպէս երկրորդ հանրապետութեան նախագահ: Նախագահը այս ամէնի համար էր նսեմացնում այդ կուսակցութեանը` հաստատելով, որ ինքը դէմ է Հայ դատին, որ` երկիրը կրկին պատկանում է անհատներին` յանձին իրեն, որ` ինքը բոլորովին այլ ծրագիր ունի Արցախի համար: Եւ այն կուսակցութիւնը, որը դեռ պահանջում է Վանը, Մուշը, Նախիջեւանը, Արցախը, մեր բոլոր բռնագրաւած տարածքները, խանգարելով իր ծրագրին, չի կարող տեղ ունենալ հայրենիքում:
Ցաւօք, մեր ժողովուրդը անհեռանկարօրէն լուռ կուլ տուեց այս յոյժ կարեւոր հարուածը` չկանխատեսելով դրա տխուր հետեւանքները:
Այստեղ ուզում եմ մէջբերել ռուսական մի փորձառու ասացուածք` առանց յաւելեալ բացատրութեան, ուր ասւում է. «Յեղափոխութիւնը յօրինում են երազողները, իրականացնում են մոլեռանդները, բայց պտուղները վայելում են սրիկաները»:
Այդ ճակատագրական պահին 60 հազար գաղթականներով լեցուած, մութ, ելեկտրազուրկ ժողովրդին Արցախի պատերազմի շարունակութեան դէմ լարելը հեշտ գործ էր, եւ լեւոնականները լծուել էին այդ գործին: Այդ իրարանցում-խառնակ վիճակը հնարաւորութիւն էր տալիս լեւոնականներին մի կողմից վաճառելու երկրի ներքին հարստութիւնները, ճնշուած ժողովրդին բացասական տրամադրելու ներկայ պատերազմին, միւս կողմից` թուլացնելու արցախցիների պայքարի կամքը, իրագործելու Արցախի ետ յանձնումը ազերիներին:
Սակայն մեր ժողովրդի իմաստութիւնը եւ արցախցու երկաթեայ կամքը յաղթեցին, արցախցին յաջորդաբար նոր յաղթանակներ արձանագրեց: Մինչեւ Շուշիի ազատագրումը Ստեփանակերտը պաշարման մէջ լինելով` սովի ու մթութեան էր մատնուած, որին հետեւեց Լաչինի Հայաստանի հետ միջանցքի բացումը` փրկելով Ստեփանակերտ ապաստանած հազարաւորներին սովամահութիւնից: Ապա Ստեփանակերտի, Բերդաձորի, Քարվաճառի, Հատրութի, Ասկերանի, ազատագրումով` մօտ 12,4 հազար քառ. քմ արցախցին ազատագրում էր ինքն իրեն, իր երկիրը:
Այդ իրավիճակում ազերիները, տեսնելով, որ այլեւս չեն կարող դիմադրել եւ իրար յետեւից կորցնում են հայկական հողերը, զինադադար են առաջարկում, որը կնքւում է 1994թ. մայիս 12-ին:
Ցեղասպանութիւնից մազապուրծ, ամէն ինչ կորցրած, իր տարածքներից բռնի վտարուած հայը ոչ միայն 74 տարի գերեվարուած իր երկիրն էր ազատագրում ազերի զաւթիչներից եւ խորհրդային իշխանութիւնից, այլ իր թիկունքին խորհրդային բանակով կռուող հզօր Ազրպէյճանը զինադադար էր առաջարկում: Արցախցին մի նոր էջ էր բացում իր պատմութեան մէջ: Կրկին ու կրկին հաստատում, որ Վանում, Զէյթունում, Մուշում, Սասունում, Մուսայ լեռում սկսուած ինքնապաշտպանութեան ոգին Արցախում վերակենդանանալու եւ յաղթանակի էր հասնելու: Հաստատում էր, որ հայը նաեւ յաղթող է: Քանդակում էր հայ ոգու անընկճելիութիւնը: Հարցն այն էր, թէ կը կարողանա՞յ քանդակուած այդ նոր էջերը պահել եւ լեցնել վերջնական յաղթանակներով:
Արցախեան շարժումը եւ յաղթանակը մէկ այլ առումով անգնահատելի ներդրում է մեր երկրի պատմութեան մէջ, որին երբեք չենք անդրադառնում:
Մինչ արցախեան պայքարի սկսուելը` Հայաստանի տարածքում ապրում էին 300 հազարից աւելի թուրքեր, յատկապէս` Թուրքիայի սահմանակից Ամասիայի շրջանում: Բնակչութեան 90 տոկոսը թուրքեր էին, որոնք այնպէս վերջնական էին տեղաւորուել մեր հողերում, որ մինչեւ իսկ փոխել էին այդ տարածաշրջանի գիւղերի հայկական անունները: Այդ բնակչութիւնը ոչ թէ Հայաստանի, այլ Պաքուի իրաւասութեան տակ էր: Այսինքն մենք շատ հանգիստ թշնամու ռումբն էինք պահում մեր երկրում: Կարծեմ բոլորդ էլ ընդունում էք մեր քաղաքական կարճատեսութիւնը:
Արցախեան պայքարի այդ խառնակութիւններին, երբ Շահումեանի շրջանում հարիւրաւոր հայերի լցնում էին բանտերն ու տեղահանում, Ազրպէյճանը իր թուրք բնակչութեանը մեր հաշուին, անվնաս ու ապահով դուրս հանեց մեր երկրից: Մենք չկարողացանք ոչ միայն Շահումեանի շրջանի, այլ մեր 250 հազար հայ բնակչութեան Պաքուից դուրս բերել նոյն ապահովութեամբ: Չկարողացանք նոյնպէս 18 հազար հայերի դուրս բերել Սումկայիթից, Կիրովապատից, որոնց ճակատագիրը արդէն գիտէք: Ես այլեւս չեմ հարցնում` ինչո՞ւ…
Պատկերացնո՞ւմ էք` ի՛նչ պիտի լինէր մեր ճակատագիրը, եթէ արցախեան պայքարը չսկսուէր, եւ մենք չյաղթէինք:
Թէեւ վերջնական չէր մեր յաղթանակը եւ զինադադար պարտադրուեց մեզ, սակայն դարձանք յաղթող հայ:
Զինադադարը` դեռ ոչինչ, թէեւ դա էլ այս դէպքում վիճելի հարց է, քանի որ, ըստ մեր զինուորների, իրենք պատրաստ էին ամբողջովին ազատագրել իրենց տարածքները, եթէ Հայաստանի կառավարութիւնը չդադարեցնէր պատերազմը: Եթէ չդադարեցուէր մեր զօրքերի յառաջխաղացումը Արցախի հիւսիսում, ապա այսօր մենք կ՛ունենայինք Շահումեանի շրջանն ամբողջութեամբ: Արցախցիները արիւնաքամ լինելով հանդերձ, պատրաստ էին վերջնական յաղթանակի հասնել:
Պատերազմներում ընդունուած օրէնք է զինադադարը, բայց մեր դէպքում, ինչպէս միշտ, գործեց հային յատուկ օրէնքը: Ապշեցուցիչ երեւոյթ, յաղթանակած Արցախը ոչ միայն անմիջապէս չընդգրկուեց մայր Հայաստանի կազմում, որի համար սկսուել էր արցախեան պայքարը, որի համար արցախցին իր զաւակների կեանքը ներդրեց, եւ որի պայքարի շահագործումով լեւոնականները գրաւեցին Հայաստանի իշխանութիւնը, եւ յանկարծ` «Պայքա՛ր, պայքար, մինչեւ վե՛րջ» իրենց լոզունգը թաղեցին զինադադարի ամօթալի համաձայնագրում: Աւելի՛ն. Արցախի ճակատագիրը կրկին դարձրեցին բանակցութիւնների առուծախ, նոյն թշնամի Ազրպէյճանի հետ եւ միեւնոյն բնոյթով` ազատագրուած Արցախը կրկին դարձաւ վիճելի տարածք, եւ կրկին Ազրպէյճանը ուզում է իր իրաւասութեան տակ առնել այն:
Թէեւ արդէն պատմութեան էջ են դարձել յաղթանակները, սակայն Արցախի պայքարը դեռ շարունակւում է, դեռ անփութօրէն տարածք ենք կորցնում, վկան 2016թ. Ապրիլեան պատերազմում թշնամուն յանձնած 8 քառ. քմ տարածքը նոր զոհերով եւ դեռ շարունակուող զոհերով:
Դեռ ոչ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուած ոչ նախկին պատերազմում` Շահումեանի, այդ կարեւոր ռազմավարական գօտու, ինչպէս նաեւ Մարտունիի եւ Մարտակերտի մի մասի անկման պատճառի համար, մինչեւ օրս պարզաբանուած չէ, թէ ինչո՛ւ կասեցուեց ազատագրումը եւ թէ ինչո՛ւ բանակցութիւնների քաշքշուկներին յանձնուած Արցախը դեռ տարածքներ է կորցնում: Ինչո՞ւ բանակը դեռ ինչպէս հարկն է ռազմական սարքեր չունի, դեռ մեր զինուորները համապատասխան հանդերձանք չունեն, դեռ ինքնապաշտպանական մարտերով ենք յաղթում, եւ դեռ հայ զինուորի գլուխներ են հատւում:
Ինչո՞ւ Արցախը դեռ տարուբերւում է քաղաքական անկայուն իրավիճակներում` կրկին դառնալով խայծ Ռուսաստան, Ազրպէյճան-Թուրքիա յարաբերութիւններում, ինչպէս 1918-ին էր: Ինչո՞ւ 100 տարի առաջ սկսուած պայքարը դեռ շարունակւում է նոյն բնոյթով:
Այս պահին իմ գրասեղանիս մի լուսանկար է դրուած, ուր պատկերուած ցոյցի ելած մեր ժողովուրդը Երեւանում կրում է «Լեւոնը Արցախի գերեզմանափորն է» լոզունգը: Նոյնիսկ չեմ յիշում, թէ երբ է առնուած այն, բայց լուսանկարը փաստ է, փաստ, որ ժողովուրդն էլ գիտի ճշմարտութիւնը` Լեւոնը խորտակեց Արցախի լիակատար յաղթանակը:
Ե՞րբ է իրականութիւնը բացայայտուելու: Ե՞րբ է մեր ժողովուրդը պատասխան պահանջելու իշխանութեան գործած յանցագործութիւնների համար: Չէ՞ որ երկրի եւ ժողովուրդի դէմ գործուած յանցանքները ժամկէտ չունեն: Ե՞րբ ենք մեր իրաւունքի տէրը դառնալու:
Մինչեւ օրս Ազրպէյճանի ժողովուրդը իշխանութիւնից առաջին հերթին Ղարաբաղն է պահանջում` քաղաքական բոլոր հարցերում առաջնակարգ նկատելով այն: Իսկ մենք երկիր ենք յանձնում, բայց իշխանութիւններից միայն հաց ենք պահանջում, իշխանութիւնում տեղ գրաւելու համար ենք միայն ոտքի ելնում: Մինչեւ ե՞րբ առաջնակարգ չենք նկատելու մեր տարածքների, նրանց միաւորման եւ դրանք ամբողջացնելու հարցը: Մինչեւ ե՞րբ մեր ճակատագիրը թողնելու ենք ուրիշների տնօրինութեանը: Չէ՞ որ տարածքով է սկսւում ու աւարտւում երկիրը եւ բնականաբար, դրա վրայ ապրող ժողովուրդը եւ նրան ղեկավարող պետութիւնը: Եթէ չկայ տարածք, չկայ պետութիւն:
Եւ ամենակարեւորը, ըստ միջազգային օրէնքի, պատերազմում պարտուող կողմը սովորաբար հատուցելու է այն բոլոր վնասները` աւերուած քաղաքների, խորտակուած շէնքերի, փողոցների, յափշտակուած գոյքերի եւ մարդկային զոհերի դիմաց, որոնք հետեւանք են յարձակուող կողմի գործած աւերին: Մենք արդէօք պահանջե՞լ ենք ողջ Արցախին հասցուած վնասները ե՛ւ պատերազմում ե՛ւ պատերազմից առաջ, երբ քարուքանդ են արել մեր գերեզմանները, խաչքարերը, ճարտարապետական կոթողները: Պահանջե՞լ ենք Սումկայիթի, Պաքուի հայութեան տեղահանութեան եւ կոտորածի, մարդկային եւ գոյքային վնասների հատուցումը:
Դեռ մինչեւ օրս ազատագրուած քաղաքներում եւ գիւղերում պահում ենք թուրքական անուանումները, ի՞նչ է, վախենո՞ւմ ենք ազերիներին մեր դէմ գռգռելուց: Գուցէ դրա համար հրամա՞ն ենք առնելու ազերիներից: Ամօթալի չէ՞ ընդունել եւ դեռ շարունակել պահել ընդամէնը մի քանի տասնամեակ մեր հողերին տիրացած թշնամու կոչած անունները: Նոյնիսկ Ղարաբաղ անունը պիտի վերջնականապէս փոխարինենք Արցախով:
Պէտք է ժամ առաջ ազատուենք նրանց հետքերից: Արցախի ապագայ սերունդի զաւակները իրենց անձնագրերում այլեւս պարտաւոր են կրելու միայն ծննդավայրի հայկական անուանումները:
Անգամներ լինելով Ստեփանակերտում եւ Շուշիում` հիացել եմ մեր ժողովրդի կենսուրախութեամբ, կարծես իրենք չէին ոչ շատ առաջ այդ ահաւոր դժոխքից անցնողները:
Խոնարհուել եմ իրենց երիտասարդ կեանքը մեր հողի համար զոհաբերածների շիրիմներին, իւրաքանչիւր շիրմաքար մի կտոր ազատագրուած հող է, մի բուռ հայրենիք: Ես մեղաւոր զգուշութեամբ եմ հպուել իրենց շիրմաքարերին, որովհետեւ երբ շփում կայ, կայ նաեւ հարց ու պատասխան, եւ ես պատասխան չունեմ նրանց հարցին, թէ ինչո՛ւ Արցախը դեռ մայր հողի մասը չի կազմում, եւ թէ ինչո՛ւ ամբողջովին ազատագրուած չէ:
Արցախը պաշտպանող մեր զինուորների համար ներկայացում եմ տուել եւ զգացել նրանց քայլերի դղրդիւնը դահլիճում: Դա փառաւոր զգացում է, նոյնքան փառաւոր է Ստեփանակերտի եւ Շուշիի գիշերային աստղազարդ երկինքը վայելելը, իսկ ամպրոպի պահին, երբ երկնքի դղրդիւնը իր արձագանգն է գտնում Մռաւի լեռներում, այդ պահին հասկանում ես արցախցու անկոտրում կամքը եւ անսահման հպարտ ու ապահով ես զգում քեզ, որ այդպիսի հայրենիք ունես:
Թող ինձ ներեն մեր հերոսները` ամենապարզ զինուորներից մինչեւ հրամանատարները, բոլորը, ովքեր իրենց կեանքը նուիրաբերեցին մեր հողի ազատագրման համար, որ ոչ մէկի անունը չեմ յիշատակում, քանզի նրանք շատ-շատ են, եւ զգուշանում եմ ոեւէ մէկին մոռացութեան մատնելով` ինքս ինձ չներել: Չեմ յիշատակում նաեւ մեր խիզախ օդաչուներին, որոնք ամենավտանգաւոր պայմաններում` մշուշապատ եղանակին անգամ, արկերի տեղատարափի տակ ուղղաթիռներով վառելանիւթ, զինամթերք են հասցրել կռուող ջոկատներին, կամ` հազարաւոր ծանր վիրաւորներ տեղափոխել Երեւան: Նաեւ` սփիւռքի այն անձանց, որոնք ի սկզբանէ հոգացին Արցախի կարիքները, հրթիռների տեղատարափի տակ անգամ բժշկական եւ մարդկային օգնութիւն հասցնելով` փրկեցին հարիւրաւորների կեանք: Այդ ամէնը թողնում եմ Արցախի պայքարի տարեգրութիւնը կազմողներին, իսկ ես աշխարհասփիւռ հայութեան անունից խոնարհւում եմ նրանց բոլորի եւ յատկապէս արցախցիների անկոտրում հաւատով մեր հողը պաշտպանելու, նրանց անսակարկ նուիրաբերումի, նրանց զոհաբերութեան, հայրենիքի հանդէպ նրանց կատարած անգնահատելի գործի առաջ:
Փա՛ռք ու պատիւ նրանց յիշատակին եւ անուան, նրանց յաղթանակին:
Այսօր, Արցախի մեծ յաղթանակը նշող այս յիշարժան օրը, անսահման ուրախութեամբ միանալով հարիւր հազարաւոր հայութեան, աշխարհի բոլոր ծայրերում, դարձեալ իմ խորին մտածումը մեր ժողովրդի ճակատագիրն է, այս պահին` յատկապէս Արցախի, քանի դեռ վտանգը նրա գլխին է կախուած մնում, քանի դեռ յաճախակի նոր երիտասարդ կեանքեր ենք զոհաբերում, քանի դեռ ժողովրդից թաքցւում է իր հողի եւ իր ապագայի ճակատագիրը, քանի դեռ Արցախը մայր հողին չի վերադարձուած եւ ամբողջովին ազատագրուած, եւ քանի այդ պայքարի համար ոտքի ելած արցախցու բռունցը դեռ ամբողջովին չէ բացուած:
(Շար. 2 եւ վերջ)