Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 12135 articles
Browse latest View live

Մայրս` Տիեզերք

$
0
0

Մեծ մայրս մեզ սնել է Սեբաստիոյ եւ Եղեռնի պատկերներով: Ինչպէս ասացի նա թրքախօս էր եւ անվերջ ծաղրւում ու արհամարհւում էր տեղացիների կողմից: Մենք իր հետ հայերէն էինք խօսում ու իր համար հայերէն տառերով թուրքերէն աղօթագիրք կարդում: Միշտ զարմանում էի, թէ ինչո՛ւ է մեզ կարդացնում, երբ մենք դեռ բառը չաւարտած` նա ողջ տողն էր անգիր ասում: Վստահաբար մեր մտերմութիւնը, մեր շունչը, ձայնը սփոփում էր իր արիւնած, կորուստներով լի հոգին: Ինձ միշտ ստիպում էր, որ դասերս բարձրաձայն սովորեմ, ինքը ծալապատիկ նստում էր ու լսում, ասում էր, որ իմ ձայնով խլացնում եմ իր ականջներում դեռ արձագանգող խոշտանգուողների վայնասուն ճիչերը:

Ես մինչեւ հիմա պահել եմ իր հայատառ թրքերէնով գրքերը` որպէս իմ ազգի դառը ճակատագրի խօսուն վկայութիւններից մէկը եւ մինչեւ օրս բառեր չեմ գտնում բնութագրելու մեր թրքախօս այդ սերունդին, ովքեր դժոխքից փրկուելով, առանց հողի, առանց ունեւորութեան, հայ համայնքներ ստեղծեցին, մի ամբողջ հայ սփիւռք կազմակերպեցին, նոյնիսկ մինչեւ Սիպիրներ աքսորուելով` մնացին հայ, պահեցին արեւմտահայ  դիմագիծը:

Ծնողներս սովորութիւն ունէին կիրակի առաւօտեան շատ կանուխ, քանի որ հայրս միայն այդ օրն էր ազատ, հայկական սուրճ խմելու եւ ցածրաձայն խօսելու, որպէսզի մենք չարթնանանք, ներկայ եւ անցեալ դէպքերը վերլուծելու: Ես միշտ թեթեւ քուն եմ ունեցել, եւ ամենափոքր շշուկն ու շարժումը արթնացրել են ինձ: Ես սիրում էի իրենց խօսակցութիւններին ականջալուր լինել, մինչեւ այսօր էլ ամէնուրեք փնտռում եմ այդ հարազատ, ջերմ շշուկները: Այդ խօսակցութիւններից ես տեղեկացայ  արեւմտահայութեան պատմութեան, մեր բռնագրաւուած տարածքների, մեր առաջին հանրապետութեան կործանման պատճառների իրական եղելութեան մասին: Իրենց հանգիստ, հարազատ ձայնը նաեւ ապահովութեան ու երջանկութեան երաշխիք էր ինձ համար: Ես շատ էի սիրում կիրակիները, մինչեւ այսօր էլ կիրակին ինձ համար առանձնայատուկ օր է, ինձ դէպի մանկութիւն տանող օր:

Մենք մեր Մեծիկին ու մօրս ենք պարտական, որ սովորեցրել են մեզ մեր պատմութիւնը, ծանօթացրել մեր ժողովրդի ու երկրի անցեալին ու վառ պահել այն: Մինչդեռ, երբ տեղացիներին մայրս պատմում էր Եղեռնի մասին եւ ներկայացնում մեծ մօրս` որպէս այդ արհաւիրքից փրկուածի, պատմում նրա անցած դժոխքից, նրանք անտարբեր արհամարհանքով լռեցնում էին` ասելով. «Պատերազմում մենք աւելի շատ կորուստներ ենք ունեցել, յետո՞յ ինչ»: Իմ բարի մայրս դա չէր կարողանում ընդունել, նրանց վերաբերմունքը համարում էր ազգի հանդէպ արհամարանք եւ սարսափում, որ չլինի` իր աղջիկները յանկարծ ամուսնանան մեր պատմութիւնը արհամարհող, ուրացող, մեզ ախպար ածականով նսեմացնող ոեւէ տեղացու հետ, որոնցից տարբերւում էինք ոչ միայն ազգի պատմութեան անտարբերութեամբ, այլ նաեւ կենցաղով, մեր նիստ ու կացով, կերակուրներով, մեր հիւրասիրութեան ձեւով, տան կահաւորումով, ամէն ինչով, եւ որոնց կենցաղավարութիւնը այդպէս էլ ներգաղթողները չ՛ընդօրինակեցին: Երբ մեր տուն հիւր էր գալիս, մենք, ըստ մօրս կրթութեան, մէկիկ-մէկիկ գալիս ձեռնւում էինք հիւրերի հետ, որը ապշեցնում էր նրանց: Մայրս իր ողջ ջանքը ներդնում էր մեզ լիիրաւ արեւմտահայ կրթելու ու չեր շեղւում իր կրթութիւնից, որքան էլ մենք դէմ կանգնէինք:  Դարձեալ ուզում եմ շեշտել, որ իմ նպատակը ոեւէ մէկին նսեմացնելը չէ, այլ ապրուած իրականութիւն է:

Յիշում եմ Ստալինի մահուան օրը, քոյրս կանուխ դպրոցից տուն եկաւ լացած, կարմրած աչքերով ու յայտնեց, որ Ստալինն է մահացել, իրենց տուն են ուղարկել: Ողջ երկիրը սգում էր` բացի մեր ընտանիքից, եւ վստահ եմ` մեր նման հազարաւոր հայրենադարձներ էլ: Մայրս բարկացաւ քրոջս վրայ, կարգադրեց լուացուել, եւ մեծ մօրս հետ սկսեցին փախլաւայ պատրաստել, ընտանիքով տօնում էինք դահիճի մահը` կարծելով, որ նրա մահով կը բացուեն սահմանները, մենք էլ կը վերադառնանք ետ`  արտասահման: Սակայն ժողովուրդն արդէն խեղաթիւրուել էր, մատնութիւնները դեռ շարունակւում էին, չքաւորութիւնը` նոյնպէս: Մեր հարեւանները ասում էին, որ միայն տօն օրերին էին միս ուտում, եւ միայն Նոր տարուայ սեղանները առատօրէն զարդարում, այն էլ ոչ ընտանիքի անդամների, այլ` հիւրերի համար, իսկ երեխաները գլխիկոր, կարօտ աչքերով կանգնում էին սեղանների մօտ` իրաւունք չունենալով ձեռք տալ սեղանին շարուածներին մինչեւ տօների վերջը, եթէ որեւէ բան աւելացած լինէր:

Մի տարի հայրս ինձ իր հետ տարաւ իր գործարանի աշխատակիցներից մէկի տուն շնորհաւորանքի, կարգն այդպէս էր, պէտք էր այցելել, եթէ ոչ` այդ կը նկատուէր որպէս անարգանք: Մայրս խորշում էր այդ սովորութիւնից եւ փոխարէնը ինձ ուղարկեց, որ հայրս պատրուակ ունենայ շուտ տուն գալու: Մենք հօրս հետ նստած էինք սեղանի մօտ, իսկ իմ կողքին կանգնած էր տանտիրոջ երեխան: Մայրս մեզ դաստիարակել էր այնպէս, որ ամօթ էր ուրիշի տանը ուտելը: Տանտիկինը ինչ որ առաջարկում էր, ես քաղաքավարի ժպիտով մերժում էի, յետոյ նա ստիպուած մանտարին, չիր, չամիչ փաթաթեց, որ հետս տանեմ: Իմ կողքին կանգնած տանտիրոջ երեխան թեւիցս քաշելով` շշուկով ինձ խստիւ զգուշացրեց, որ չվերցնեմ, որպէսզի իրեն մնայ: Ես առանց հասկանալու, թէ ինչո՛ւ էր ինձ արգելում, մօրս դաստիարակութեան հաւատարիմ` կրկին մերժեցի:  Յետոյ մայրս բացատրեց, ու ես գոհ էի, որ չէի վերցրել:

Այնինչ, Նոր տարուն մենք տեղացիների պէս սեղան չէինք շարում, եկողին մենք` երեխաներս, շարքով, ծնողներիս բերած ֆրանսական վարդագոյն փոքրիկ գաւաթներով (որոնց նրանք ծաղրանքով մատնոց էին անուանում) սկուտեղի մէջ քոնեաք էինք հրամցնում ու մեծ մօրս պատրաստած աննման քաղցրաւենիքները, որը դարձեալ ծաղրի էին ենթարկում: Ինչպէս ասացի նրանք սովոր էին ուտել- խմելուն, յաճախակի պարտքով բացուած առատ սեղաններին: Ծնողներս այդպէս էլ չընդօրինակեցին այդ սովորութիւնը:

Մենք ընտանեօք նշում էինք Սուրբ Ծնունդը` երգելով, արտասանելով, քոյրիկիս հետ բեմադրութիւն ներկայացնելով: Եկեղեցի էինք յաճախում, բոլորս պարտադիր աղօթքով էինք քնում եւ աղօթքով սեղան նստում: Մեր կնունքը, նշանադրութիւններն ու պսակադրութիւնը տէր հօր օրհնանքով էր կատարւում:

Մեծ քրոջս շատ կանուխ ամուսնացրին Գոնիայի ջարդից ճողոպրած, մեզ հետ ներգաղթած ընտանիքի միջնեկ զաւակի հետ:

Հերթը իմն էր, բայց խախտեցի մեր ընտանեկան աւանդոյթը` չամուսնանալ տեղացու հետ:  Թէեւ ընտրեալս վանեցու շառաւիղ էր, սակայն վաղ գաղթած լինելով` որդեգրել էին տեղի սովորոյթները եւ նաեւ դիրքի բերումով իրենց հայաստանցի էին համարում: Հայ երկու ճանաչուած անձերի Սիլվա Կապուտիկեանի եւ Շիրազի որդու Արայի հետ էի ամուսնանալու: Ծնողներս սարսափի մէջ էին, նրանց համար անընդունելի էր նշանաւոր համայնավարի հետ խնամի դառնալը: Գիտէին, որ առանց եկեղեցու պիտի ամուսնանանք, քանի որ Սիլվա Կապուտիկեանը իր դիրքով չէր կարող թոյլ տալ, որ որդին եկեղեցում պսակադրուի, դա հակահամայնավարական արարք էր, վստահաբար` պատժի արժանի: Սակայն մայրս պնդեց, որ տէր հօր օրհնանքն անհրաժեշտ է, այլապէս համաձայն չեն մեր ամուսնութեան, եւ Սիլվան տեղի տալով` տէր հայրը մեր պսակադրութիւնը մեր տանը կատարեց: Բայց, ինչպէս երեւում է, տան պսակադրութիւնը զօրաւոր չէր եւ շուտով մենք բաժանուեցինք:  Ամենահետաքրքիրն այն է, որ մինչ բաժանումը մեր սովորութիւններն ու կենցաղը այնքան գնահատող ու հիացող Սիլվան, որը պարծենում էր իր հայրենադարձ խնամիներով, բաժանումից յետոյ յանկարծ իր համար էլ կրկին դարձանք «ախպար», իսկ Արայի համար` «ախպար շուն»: Մայրս իրաւացի էր, որ մենք չէինք կարող մերուել իրենց հետ, քանի որ բոլորովին այլ արժէքներով էինք մեծացել: Մեզ համար ազգային սկզբունքները, ընտանեկան սրբութիւնը, բարոյականութիւնը, իրարու հանդէպ յարգանքն ու սէրը, հոգատարութիւնը ամենագլխաւորն էին: Այս բոլորը չեմ բացայայտում ոեւէ հայաստանցու վիրաւորելու միտումով, այլ արձանագրում եմ ամէն քայլափոխին մեր` արեւմտահայերիս ապրած վիրաւորանքը: Եւ չկարծէք` այն եղել է թուր ու թուանքով պայքար, բացայայտ թշնամութիւն, այլ եղել է մտածելակերպի, սկզբունքների, կենցաղի, աւանդոյթների երկկողմանի տարբերութիւն եւ բնականաբար` մերժում:

Միայն տարիներ յետոյ, երբ արտասահման երթեւեկի հնարաւորութիւն տրուեց տեղացիներին եւ ծանօթացան հայութեան գործունէութեանը, նրանց ներդրումին` օտար երկրներում, յատկապէս Հայ դատում, փոխուեց իրենց արհամարհանքը հայրենադարձների հանդէպ, իրենց մէջ էլ արթնացաւ հողի ու հայրենասիրութեան ոգին, վկան` 1965թ. զարթօնքը, սակայն «ախպարէ պիտակը, որը յետոյ իրենք սրբագրում էին` ասելով, որ այն  նոյն «եղբայր» իմաստով է ասուել, որին արեւմտահայերս «ախպար» էինք անուանում: Սակայն դա միայն արդարացում էր, որովհետեւ մինչեւ օրս էլ դեռ ցաւալիօրէն շրջանառում է իրենց բառապաշարում` մեզ յիշեցնելով մեր ցաւոտ անցեալը:

Աւելի ուշ, երբ անուանի մտաւորականներից շատերը սկսեցին այցելել մեր տուն, տեսնելով մօրս կրթութիւնն ու գիտելիքները, մեր ընտանիքի նիստն ու կացը` ընդունում էին, որ հայրենադարձները մեծ կրթութիւն, գիտութիւն, կենցաղավարութիւն, ճաշատեսակներ, մինչեւ անգամ սուրճ, ազգային իրենց աւանդոյթները եւ կարեւորը` հայրենասիրութիւն բերեցին իրենց հետ, եւ վատ էին զգում, որ այդքան ցաւ են պատճառել մեզ:

Վեց տարի առաջ 2011թ յայտնի գրականագէտ, իսահակեանագէտ փրոֆ. Աւիկ Իսահակեանը առաջին անգամ անդրադարձաւ հայրենադարձների մասին իր «մեր ախպարները» յօդուածով, որով գնահատում էր նրանց ներդրումը մեր երկրի կեանքում, սակայն նրանց կրած ցաւի, վիրաւորանքի եւ դժուարութիւնների մասին չէր խօսում: Այդ ամէնի մասին չխօսուեց նաեւ սփիւռքում` քաջ գիտենալով նրանց կրած տառապանքը, հակառակը, սփիւռքն էլ մերժեց վերադարձողներին` նրանց խորթ նկատելով, կարծես նրանք արեւմտահայ չէին եւ աւելի խորացրին նրանց կրած վիրաւորանքները: Եզրակացութիւնն այն է, որ մենք` հայերս իրար չենք ընդունում, եթէ նոյն համայնքից չենք:  Պետականութեան բացակայութեան վնասներից մէկն էլ որպէս ընդհանուր ազգ մէկ դիմագծի մէջ իրար չնդունելն է, որքան էլ տարածային տարբերութիւններ լինեն:

Մայրս, Ամերիկայում էլ, երբ լսում էր, որ երեւանցիները վատ են վերաբերւում Սումկայիթից, Պաքուից, Ղարաբաղից գաղթածներին, վերյիշում էր իրենց ապրումները եւ զարմանում, որ ժողովուրդը ամենեւին չի փոխուել իր մտածելակերպով, եւ ցաւ էր զգում, որ այդ նախճիրից փրկուածները հոգեկան մէկ այլ ապրումների ճանապարհով են անցնելու:

Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ հայրենիքում այդքան երկար տարիներ պայքարով ապրելով` արտասահմանում մեզ ընդունեցին որպէս հայաստանցի, եւ մինչեւ օրս առաջին հարցումը ինձ լինում է` «Հայաստանցի՞ ես»: Մենք արդէն անցել էինք այդ երկակի ճանապարհը եւ դիմադրողականութիւն ունէինք դրա դէմ եւ միշտ վերեւից էինք նայում այդ հարցումներին, քանի որ գիտէինք, թէ ի՛նչ արժէքով ենք պահել մեր արեւմտահայութիւնը: Յաճախ էի մամայիս հարցնում, թէ արժէ՞ր այդ հոգեկան դառը ապրումներով պահել մեր արեւմտահայութիւնը, քանի որ ամէնուրեք հայ համայնքներում խտրականութիւն կայ, նա գտնում էր, որ ճիշդ էր վարուել: Արեւմտահայութիւնը իր արմատներն էին, նա չէր կարող հրաժարուել իր արմատներց:

Իրապէս դառը ճակատագիր ընծայուեց արեւմտահայութեան, որը երկիր, գերդաստան, ունեցուածք, պատմութիւն կորցնելուց յետոյ մի մասով դեռ քայքայւում է օտար ճանապարհներին, իսկ միւս կէսը, որը լուսեղէն երազներով, փայփայելով իր դարաւոր երկրի գոյութիւնն ու պատմութիւնը, իր սրտի խորը ծալքերում թաղելով ապրած արիւնալի կեանքը` նոր յոյսերով վերադարձաւ իր երկիրը ծաղկեցնելու, իր կարօտը այդ փոքրիկ տարածքից առնելու, սակայն փշալարերով պատնէշեցին նրանց` միշտ զգացնելով, որ երկիրը իրենց չի պատկանում, նրանց հեռացման պատճառը դառնալով:

Երեւի դա էր պատճառը, որ հայրենի հողում ապրելով հանդերձ, ես միշտ կարօտում էի իմ հայրենիքը, որովհետեւ երբեք թոյլ չեն տուել, որ մենք մեր երկրի տէրը զգանք, մեզ ընդունել են որպէս օտար, աւելորդ տարր, եւ որը դժբախտաբար շարունակւում է մինչեւ այսօր: Հայրենադարձ շատ յայտնի արուեստագէտներ երկար տարիներ տառապեցին այդ պատնէշը կոտրելու համար, թէեւ յաղթահարեցին, բայց կարող էին այդ ողջ ուժը ներդնել իրենց ստեղծագործութիւններով աւելի օգտակար դառնալու երկրին ու նրա զարգացմանը:

Մայրս իր արեւմտահայ կրթութիւնն ու բարքերը իր հետ բերեց Ամերիկա, ուր շարունակեց ապրել նոյն ձեւով, ինչպէս ժառանգել էր իր հայրենի հողից ու ծնողներից  եւ մինչեւ մահ մնաց անհողդողդ, մարաշցու առիւծը իր հոգում քանդակուած: Մինչեւ իր կեանքի վերջը աշխարհի հետ հաղորդակցուեց` զարմացնելով եւ հիացնելով իր անպարփակ հետաքրքրութեան տարողութեամբ, մնաց անմնացորդ սիրով կապուած մայր իր արդէն մայր ու մեծ մայր` դարձած զաւակների համար, անգնահատելի մեծ մայր` իրեն պաշտող թոռների եւ ծոռների համար: Սերտ բարեկամութիւն ստեղծեց ամերիկացի իր շրջապատի հետ, որոնք կապուեցին իրեն եւ ունկնդիր եղան հայութեան պատմութեան իր տուած դասերին, հիացան ու մինչեւ օրս փնտռում են փորձառութեամբ հարուստ նրա հետաքրքիր զրոյցները, համով ուտելիքներն ու սրտաբաց հիւրընկալութիւնը: Վստահաբար նա միակն էր Ամերիկայում, ում համար ամերիկացի իր բժիշկները գալիս էին տուն, երբ անհանգիստ էր զգում, հիւրասիրում էր նրանց իր իւրատեսակ ուտելիքներով, ըստ իր սովորութեան, բաժին տալիս իրենց հետ տանելու, որի մէջ անպայման տեղ ունէր հայկական քոնեաքը: Այսպիսին էր մայրս` մարաշցու իր անընկճելիութեամբ, իր օրէնքներով ու իր հաւատամքով ապրող:

Չեմ կարող չյիշատակել մօրս մէկ այլ անհերքելի յատկութիւնը, որը արեւմտահայութեան առաւելութիւններից էր, նրա խոհարարական կարողութիւնը: Ես միշտ ասել եմ, որ արեւմտահայ իւրաքանչիւր մայր իր կերակրատեսակով կը մրցի այսօրուայ մեծագոյն խոհարարների հետ, իսկ մայրս անկասկած կը շահէր մեծագոյն մրցանակը: Անհաւատալի ձեռքեր ունէին մեծ մայրս, մայրս եւ իմ ճանաչած բոլոր արեւմտահայ մայրերն ու մեծ մայրերը:

Չկայ այլեւս մայրս, չկայ իր ստեղծած ջերմ, սրտաբաց տունը, որը հօրս բարձրաձայն ծիծաղով էր միշտ լեցուած լինում, մեծից փոքր մտնում էինք ազատ, աղմուկով, անկաշկանդ, առանց հարցումի` խառնում ամէն տեղ, ամէն ինչ, բեռնաթափւում լաւ թէ վատ մեզ տանջող իրավիճակներից` իր հետ կիսելով դրանք եւ ջերմացած` հեռանում էինք ծանրաբեռնուած իր իմաստուն, բարի խորհուրդներով, մեր բոլորի համար հոգատարութեամբ պատրաստուած արտակարգ համեղ ուտելիքներով, իր մօտ թողնելով մեր հոգսերի բեռը: Հօրս մահից յետոյ էլ մեր տունը շարունակում էր լուսաւոր, պայծառ մնալ` հաստատելով, որ մայրերն են տունը տուն դարձնում:

Չկայ այլեւս մայրս, չկայ իր իմաստուն շունչը, չկայ բոլորիս այնքան սիրելի ու հարազատ ջերմ հայեացքը, նրա ծիծաղկոտ աչքերը, բայց կայ իր թողած բարի, օգնող, առատաձեռն ու հիւրասէր համբաւը: Կան Մարաշը, Սեբաստիան` իրենց աւանդոյթներով ու մարդկանցով, կան իրենից մեզ փոխանցուած արեւմտահայ բառն ու պատմութիւնները, ձեռագործներն ու երգերը, իր հաւասարակշռուած, իմաստուն ու անչափ բարի խորհուրդները:

Մայրս իր երկար կեանքում գոնէ մէկ ակնթարթ չապրեց իր համար, երբեք չխնայեց իրեն, յոգնած թէ հիւանդ, անքուն` իր ողջ էութեամբ անմնացորդ նուիրուեց իր ընտանիքին, իր զաւակներին, թոռներին, ծոռներին, մինչեւ իսկ` իր փեսաներին, որոնց ընդունեց ու սիրեց իր զաւակների պէս, բոլորին բաժանեց իր էութիւնից, իր հոգու ծով անյատակ սիրուց, իր մայրական ուշադրութիւնից, ոչ մէկ կաթիլ պահելով իրեն:

Մինչեւ իսկ իր մահով կեանք պարգեւեց մեզ: Մօրս մահուան օրերին ամուսինս էլ կեանքի ու մահուան պայքարի մէջ էր հիւանդանոցում: Մօրս մահուան օրը ամուսինս ետ` կեանքի եկաւ: Եւ ինձ թւում է` մայրս իր կեանքը իր սիրած փեսային պարգեւեց, որ իր զաւակը չայրիանայ: Իր մահով անգամ մայրս մտածում էր մեր մասին: Մայրերը այսպէս են լինում` եւ հազա՛ր փառք այդ մայրերին: Երանի բոլոր մայրերը այսպէս լինէին:

Մօրս յիշատակին նուիրուած իմ այս գրութեամբ ես խնկարկում եմ նաեւ մեզնից հեռացած բոլոր մայրերին, ում չեմ ճանաչում եւ յատկապէս ում ճանաչել եմ իմ արդէն երկարատեւ դարձող կեանքի ընթացքին, լսել իրենց կեանքի տխուր պատմութիւնները, որը տարբեր չէր իմ մեծ մօր եւ մօրս ապրած կեանքից,  հիացել եմ իրենց կամքով ու հաստատակամութեամբ եւ ինձ հարստացած եմ զգում իրենց հետ շփուելուս համար: Թող յաւիտեան լուսաւորուի իրենց հոգիները, որոնք դժուարութեան ու դառնութեան մէջ անգամ լուսաւոր գաղափարներով օժտեցին մեզ, որվքեր անմնացորդ նուիրուեցին իրենց զաւակներին, ովքեր արեւմտահայ ոտնատակ եղած պատմութիւնը մոխիրներից ու արիւնից փրկած` մեզ յանձնեցին, ովքեր մեր երկրի ու մարդկութեան համար արժանի զաւակներ դաստիարակեցին:

Այս երկրի վրայ մայրս ապրեց տիեզերական զգացումներով` հանդէպ իր կորցրած հայրենիքին, հանդէպ իր ծննդավայրին, իր ամուսնուն ու մօրը, իր զաւակներին, իր ազգին, ապրեց մարդասիրութեան, նուիրումի հիւրընկալութեան մեծ չափանիշներով եւ ստեղծեց մի ընտանիք` հինգ զաւակներ, ութ թոռներ, եօթ ծոռներ, բոլորով անխտիր սիրեցինք, պաշտեցինք իրեն ու հիմա կարօտը խեղդում է մեզ:  Բայց վստահ եմ` տիեզերական անհունից նրա բարի հոգին հետեւում ու օրհնում է մեզ եւ Մեծիկիս հետ միասին շարունակում առաջնորդել մեզ դէպի բարին, ազնիւը, որ չհեռանանք մեր արմատներից, չմոռանանք մեր երդումը, որ` տէր դառնանք իրենց եւ մեր սերունդների կորուստներին, որ` չընկճուենք ու շարունակենք մեր պայքարը` վերջապէս հանգիստ պարգեւելու իրենց:

Մա՛յր, մինչ դու տիեզերական անհունից հսկում ես մեզ, ես դեռ խճճուած քո պարգեւած կեանքի բարդոյթների մէջ փորձում եմ գտնել այս կեանքի առեղծուածների պատասխանը, փորձում եմ հաշտուել քո բացակայութեանը, փորձում եմ չշեղուել այն ճանապարհից, որով մեզ առաջնորդել ես եւ վառ պահել կեանքի այն լոյսը, որը փոխանցել ես մեզ:

Մա՛յր, ներիր, որ քո ապրած 96 փառահեղ տարիները ես կցկտուր բառերի վերածեցի, դու միշտ կատարեալի ձգտող ես եղել եւ չես ներել թերին: Բայց մի՞թէ հնարաւոր է այդ տարիները բառերի ու պատկերների մէջ պարփակել, դրանք յագեցուած են քո եւ քո ժողովրդի սրտի տրոփիւնով, հոգու ու մտքի խորը ապրումներով, զգացումների մի ամբողջ ովկիան, որը չի տեղաւորւում իմ իմացած բառապաշարում, դա այնքան ծաւալուն է, որքան քո ապրած 96 տարիները, որ միայն դու կարող էիր պատմել քո հանդարտ, քո իւրայատուկ յուզիչ ջերմութեամբ: Միայն դու գիտէիր, թէ ինչպէ՛ս բարձրահասակ ձիգ աղջնակից դու կծկուեցիր, փոքրացար, իսկ քո հինգ զաւակները ձգուեցին ու խլեցին քո հասակը: Ես չեմ կարող դա բառերի վերածել: Չեմ կարող բառերի վերածել, թէ դու ինչպէ՛ս դիմադրեցիր կեանքի հարուածներին եւ մնացիր այդքան լաւատես, հաւասարակշռուած ու մարդասէր: Բայց դու արդէն կարիքը չունես այդ բոլորը պատմելու, դու ապրել ես այն եւ զաւակներդ, թոռներդ  ու ծոռներդ են սկսել պատմել քո մասին: Վստա՛հ եղիր, մա՛յր, որ այն շարունակուելու է:

(Շար. 4 եւ վերջ)
16 հոկտեմբեր 2017թ.

 

 

 


«Կոմիտաս» Ռատիոկայանի Հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի Հետ

$
0
0

«Այն, Ինչ Հայաստանում Կոչւում Է Ազգ-Բանակ, Ես Կը Կոչէի Համաժողովրդական Բանակ»

«ԱԼԻՔ».- Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւնների շրջանակում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը հարցազրոյց է տուել Ուրուկուէյի «Կոմիտաս» ռատիոկայանին:

Կարօ Հեքիմեանի հետ զրոյցում Հրանդ Մարգարեանն անդրադարձել է տարկէտման մասին օրէնքին, Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին, ինչպէս նաեւ` Արամ Մանուկեանի արձանի տեղադրման հարցին:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարեւորը, հայոց բանակը: Վերջերս յատկապէս ուսանողութեան շրջանում բանավէճի մեծ թեմա էր տարկէտման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դէմ են այդ օրէնքի ընդունմանը, եւ կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունէք այդ մասին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Հայկական իրականութիւնը շատ մեծ փոփոխութիւն է ապրել քառօրեայ պատերազմից յետոյ: Մեծ է նաեւ փոփոխութիւնը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրեայ պատերազմից յետոյ, ներքին առումով, հայաստանեան կեանքի իմաստով, փորձում ենք գօտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել եւ չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգաւորելու ճիգը` երկրում աշխատանքային նոր հնարաւորութիւններ ստեղծելու, որպէսզի ժողովուրդը, երիտասարդութիւնը մնայ երկրում, ակնյայտ է: Այսինքն առաջընթաց կայ: Չեմ ցանկանում չափազանցել, բայց մենք երկար ժամանակ ասում էինք` փապուղու վերջում լոյս չկայ: Հիմա այդ լոյսը երեւում է, յոյսի նշոյլը կայ: Սա, ի հարկէ, դրական է: Ինչ վերաբերում է բանակին, ես քաջատեղեակ եմ այդ օրէնքից, եւ կարծում եմ` շատ ճիշդ որոշում է: Նախարարութեան նախաձեռնութիւնը մի քանի բան է յաջողեցնում: Նախ` յաջողեցնում է, որ բանակում  կաշառակերութիւնը վերացուի, մարդիկ այլեւս չունենան իրենց զաւակներին բանակային ծառայութիւնից ազատելու հնարաւորութիւն: Ծառայութիւնը պէտք է պարտադիր լինի բոլորի համար` համահաւասար: Բոլորն անխուսափելիօրէն պէտք է գնան բանակ: Իսկ տարկէտման օրէնքի մասին նոյնպէս կարծում եմ` մտահոգութիւններ չկան այս դէպքում, որովհետեւ մարդիկ հանգիստ կարող են շարունակել իրենց ուսումը, իսկ համալսարանն աւարտելուց յետոյ, որպէս սպայ, մտնել բանակ: Քառօրեայ պատերազմից յետոյ էլ, այսօր էլ նկատելի է, որ ինչ-որ ուժեր մտադիր են բանակի դէմ միշտ պայքարել, բանակը վարկաբեկել, բանակին չթողնել, որ ունենայ համապատասխան արժանապատուութիւն եւ տեղ հասարակութեան մէջ: Ես շատ դրական եմ գնահատում այսօր բանակում տեղի ունեցող բարեփոխումները: Դրանից մեր երկիրը կը շահի: Ի վերջոյ, այն, ինչ Հայաստանում կոչւում է ազգ-բանակ, ես կը կոչէի համաժողովրդական բանակ: Մեր երկրին անհրաժեշտ է, որովհետեւ մենք փոքրաթիւ ժողովուրդ ենք եւ շատ երկար սահմաններ ունենք պաշտպանելու: Մենք մարդուժի խնդիր ունենք եւ այդ հարցը պէտք է կարողանանք լուծել նաեւ` ժողովրդին համապատասխան ձեւով կազմակերպելով: Այսօր ինչ դրուած է սեղանին` որպէս բարեփոխում, ամբողջութեամբ դրական եմ գնահատում:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Ուսանողութեան մի մասը մտածում էր, որ այս օրէնքը կը նպաստի դասալքութեանը: Այդ մասին ի՞նչ կ՛ասէք:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ո՛չ, այդպէս չէ: Այդ օրէնքով դու ուսումդ շարունակում ես, միաժամանակ` բանակային կրթութիւն ստանում: Եթէ դու պարտաւորւում ես երեք տարի ծառայել` որպէս սպայ, եւ վճարւում ես դրա համար, ապա պետութիւնը նաեւ յանձն է առնում ուսանողութեան ծախսը: Անգամ դրանից յետոյ, եթէ ուսանողը ցանկանում է ընդունուել ասպիրանտուրա, դարձեալ պետութիւնը վճարում է դրա համար: Սա երկկողմանի նպաստաւոր է: Այսպիսով, մարդը չի կարող ուսանելու անուան տակ խուսափել բանակից:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Առաջիկայում Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակն է: Սփիւռքում լայնածաւալ աշխատանքներ են ընթանում այդ առիթով, սակայն նոյնը չենք նկատում Հայաստանում: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի աշխատանքները սկսել էինք դրանից դեռեւս չորս տարի առաջ, սակայն նոյնքան աշխատանք չի տարւում Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի համար: Տարօրինակ չէ՞ սա:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մեծ տարբերութիւն կայ: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը հայ ժողովրդի համար միանշանակ բովանդակութիւն եւ իմաստ ունէր: Մայիսի 28-ի անկախութեան եւ պետականութեան վերականգնման տօնը նոյնանման ընկալում չունի, որովհետեւ թեման քաղաքականացուած է: Խորհրդային Միութեան ժամանակաշրջանում 70 տարի արգելուած էր պետականութեան վերականգնման տօնը նշել, եւ սա դժուարացնում է հարցը: Եւ այն մարդիկ, ովքեր 70 տարի կրողն են եղել այդ  մօտեցումի, այսինքն անտեսել կամ արհամարհել են մայիսի 28-ը, այսօր ուժգնութեամբ դա կրում են իրենց մէջ եւ, բնականաբար, ինչ-որ տեղ ընդդիմանում են: Ինձ համար կարեւորը դա չէ, այլ այն, որ, վերջիվերջոյ, մեր պետականութիւնը Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի շէմին անհրաժեշտ լրջութեամբ է մօտենում այս խնդրին, եւ նոյնիսկ այդ ուժերը, որ 70 տարի ինչ-որ քաղաքական պատճառով անտեսել են այդ փաստը, այսօր վերադառնում են նշելուն. դրանով պէտք է հպարտանալ, դրանով մենք պէտք չէ այլ մթնոլորտ ստեղծենք: Այս պետականութիւնը հայոց պետականութիւն է: Ճիշդ է, որ արմատներում կանգնած ենք մենք` Դաշնակցութիւնը, բայց դա դաշնակցական հանրապետութիւն չէր. այդպիսի հանրապետութիւն չի լինում: Պետականութիւնը լինում է ազգային, եւ դա բոլորինն է, այդ տօնն էլ է բոլորինը, այլ ոչ թէ` միայն մերը: Եւ եթէ այսօր կայ հնարաւորութիւն, որ, 100-ամեակից սկսած, մենք այս տօնը միացեալ տօնենք, արդէն լաւ է: Ասում են` երբ վնասի դէմն առնում ես, շահ է: Երբ սխալը սրբագրւում է, արդէն լաւ է: Իմ կոչը դաշնակցականներին պիտի լինի այն, որ համեստ լինեն եւ այդ փաստն անընդհատ չմտցնեն սրա-նրա աչքը: Ինչ վերաբերում է միւսներին, սա իսկապէս ազգային-պետական տօն է, խորհուրդ եմ տալիս նրանց` կուսակցական, քաղաքական նկատառումներով գինու մէջ ջուր չխառնեն: Նշեն տօնը այնպէս, ինչպէս արժանի է:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Բայց կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր անգամ քննարկում են` դնե՞լ, թէ՞ չդնել Արամ Մանուկեանի արձանը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այդպիսի մարդիկ այնքան քիչ են, որ չարժէ մտահոգուել կամ կարեւորել: Դրանք հազուադէպ մարդիկ են: Փաստն այն է, որ Արամն իր արժանի տեղն է գտնում: Շատերը կ՛ասէին, որ Հանրապետութեան հրապարակն է Արամի արժանի տեղը, բայց ես այդպէս չեմ կարծում: Այն տեղը, որ նախատեսել էինք նրա արձանի տեղադրման համար, նրան արժանի է: Այդ փաստով պէտք է ոգեւորուել: Այդ մի քանի հոգուն էլ, եթէ կան, որոնք դեռ կարծրատիպերը չեն կարողացել յաղթահարել, դեռ բարդոյթաւորուած են, դեռ նեղմտութեան մէջ մեռնում են, պէտք է անտեսել, որովհետեւ այսօրուայ մթնոլորտի մէջ պէտք չէ թողնենք, որ այդ տեսակի երանգներ մտնեն: Այսօրուայ մթնոլորտի մէջ քաղաքական երանգ պէտք չէ մտնի: Մայիս 28-ը` որպէս ազգային տօն, ոչ կուսակցական տօն է եւ պէտք է նշուի մեր ժողովրդի կողմից:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Մի քանի տարի է` Հայաստանում աւելանում է երդում տուած դաշնակցական երիտասարդների եւ Դաշնակցութեան շարքերն անցնող երիտասարդների թիւը, ինչը յուսադրող է: Այսինքն ճիշդ չէ այն միտքը, որ Հայաստանում կուսակցութիւնը թոյլ է: Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Նախ ասեմ` Դաշնակցութեան ուժը, կարողականութիւնը քուէների չափով չի կշռւում: Հաւատալով եմ ասում, եւ ասածիս մէջ կուսակցական «ես»-ը չի խօսում. Հայաստանում ամենակազմակերպուած, ամենագաղափարական կուսակցութիւնը Դաշնակցութիւնն է, եւ դա լաւ բան չէ: Կ՛ուզէի մի քանի այդպիսի կուսակցութիւններ լինէին, որ իրական մրցակցութիւն լինէր, իրական մթնոլորտ լինէր, բայց փաստն այդպիսին է: Երիտասարդութեան մուտքը կուսակցութիւն իսկապէս ակներեւ է: Վերջին շրջանում կուսակցութեան մէջ բաւական մեծ թուով անդամներ են աւելացել, եւ նրանց ճնշող մեծամասնութիւնը` գերմեծամասնութիւնը, երիտասարդներ են: Բանն այն է, որ գուցէ կուսակցութիւնը մի քանի տարի կազմակերպական ցանցի ընդլայնմանը կարեւորութիւն չէր տալիս, սակայն հիմա նոր թափով իրականացւում է: Ինչպէս 1990 թուականին մենք կազմակերպուեցինք` իբրեւ երիտասարդների կուսակցութիւն, այսօր նոյնպէս այդ ձեւով ենք վերակազմակերպւում: Իհարկէ, դա յաւելեալ պարտաւորութիւն է դնում մեզ վրայ, քանի որ այդ երիտասարդութեան հետ պէտք է աշխատել, նրանց պէտք է տալ ինքնադրսեւորուելու ասպարէզ, որպէսզի իմաստ ունենայ այդ ամէնը: Այս առումով էլ մենք պէտք է ուշադիր լինենք, որպէսզի երիտասարդութիւնը մեզ մօտ ինքնադրսեւորման նոր ասպարէզ գտնի:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Անդրադառնանք սփիւռքի խնդիրներին: Այցելեցիք Հարաւային Ամերիկայի ամենահեռաւոր գաղութները: Այստեղ գտնուելու մէկ շաբաթուայ ընթացքում դուք ի՞նչ խնդիրներ նկատեցիք` մի քանի տարի առաջ ձեր այցելութեան հետ համեմատելով:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մարդու մօտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ գալիս է Հարաւային Ամերիկա: Հայաստանից այսքան հեռու, բայց` այսքան հարազատ: Իսկապէս դա զարմանալի է: Օրինակ` երէկ եղայ Քորտոպայում, երիտասարդ մի կազմ եմ տեսել, տղաների մի խումբ, որոնց մէջ հոգին նոյնն է, ինչ Երեւանում է, ինչ Արցախում է: Մեր ազգային-հայրենասիրական երգերը նոյն ոգեւորութեամբ են երգւում Արցախում, Երեւանում, Քորտոպայում, Պուէնոս Այրեսում: Սա ինչ-որ բան է նշանակում. սա մեր ուժն է, սա մեր կարելիութիւնն ու հնարաւորութիւնն է, որ շատ ժողովուրդներ չունեն, աւելի՛ն, ոչ մի կուսակցութիւն չունի, որն այդ դէպքում մենք ունենք: Այդ հարազատութիւնը, այդ ապրումը, այդ հոգին, որ կայ, առկայ է այստեղ երիտասարդութեան, ժողովրդի մէջ, մեծ հարստութիւն է: Դա, ի հարկէ, տալիս է արդիւնք եւ շարունակելու է տալ: Ի վերջոյ, պատահական չէ, որ Ուրուկուէյ առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Առաջինն է եղել, որ Արցախի ճանաչման հարցով մեծ քայլեր է արել: Սրանք պատահականութիւններ չեն, սա աշխատանքի արդիւնք է, համայնքի աշխուժութեան, կարողութեան, ծանրակշռութեան, ազդեցութեան, չափի ցուցանիշ է: Սա է ամենակարեւորը: Կարեւորն անպայման թիւը չէ, անպայման շատ լաւ հայերէն խօսելը չէ, կարեւորն այն ազդեցութիւնն է, որ դու կարողանում ես ունենալ քո երկրում, եւ յանուն քո խնդիրների, հարցերի ու ռազմավարութեան` նաեւ արդիւնքներ ստանալն է: Սա հպարտանալու երեւոյթ է: Ճիշդն ասած` շատ եմ ափսոսում, որ այս ժողովուրդը հեռու է Հայաստանից, կ՛ուզէի, որ այս ժողովուրդը հէնց Հայաստանում լինէր, որովհետեւ մենք շատ աւելի լաւ հասարակութիւն կ՛ունենայինք, շատ աւելի լաւ պետականութիւն կ՛ունենայինք, շատ աւելի ուժեղ կը լինէինք, լաւ զինուորներ կ՛ունենայինք, ես վստահ եմ:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Դուք այստեղ հանդիպումներ ունեցաք նաեւ պետական ու կուսակցական անձերի հետ եւ տեսաք, այսպէս ասած, ձեր ասածների հայելին: Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Առիթ ունեցայ հանդիպելու Հայաստան-Ուրուկուէյ բարեկամական խմբի նախագահ Ռուբէն Մարտինես Ուելմոյի հետ, ով նաեւ անցած տարի առիթ է ունեցել Հայաստան, Արցախ այցելելու: Զարմացայ, հիացայ: Մեր ընկերները կատակով ասում են` նա կարող է մեր Հայ դատի յանձնախմբի անդամ լինել, եւ կարծում եմ` դրա մէջ չափազանցութիւն չկայ: Նա ոչ միայն մեզ բարեկամ, զօրակցող, օգնող է, նա նաեւ նախաձեռնող է: Նա մտահոգւում է եւ լուծումներ է փորձում առաջ քաշել: Դա իսկապէս որակ է: Հանդիպեցի նաեւ իշխող «Լայն ճակատ» կուսակցութեան նախագահ Խաւիէր Միրանտայի հետ, ով ներկայացնում է Ուրուկուէյի պետութիւնը: Ես նրան շնորհակալութիւն յայտնեցի Ուրուկուէյի կեցուածքի համար: Վստահ եմ, որ այս բարեկամութիւններն ու ծանօթութիւնները դեռ պէտք է շարունակեն արդիւնք տալ: Ես հաւատացած եմ նաեւ, որ առաջին պետութիւնը, որ կը ճանաչի Արցախի անկախութիւնը, Ուրուկուէյը կը լինի:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Ի՞նչ պատգամ կ՛ուղղէք մեր երիտասարդութեանը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Քառօրեայ պատերազմից յետոյ մեր ժողովուրդը լրիւ նոր պատկերով յայտնուեց մեր առջեւ: Թւում էր` 27 տարի է` պատերազմի մէջ ենք, ժողովուրդն ընկճուել է, խեղճացել, ընկերային դժուարութիւնները ծանրացել են մեր ժողովրդի ուսերին, եւ դա պէտք է բերած լինէր ընկճուածութեան, պէտք է դժուարանայինք գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կը լինեն գնալ Արցախ` կռուելու` կամաւոր, ոչ թէ որպէս պարտականութիւն, բայց պատերազմից յետոյ մի ալիք բարձրացաւ հայկական իրականութեան մէջ, որը շշմեցուցիչ էր: Մարդիկ կամաւոր, իրենց միջոցներով փորձում էին ժամ առաջ հասնել Արցախ, մասնակցել պատերազմին: Սա խենթացնող երեւոյթ էր: Նոյնիսկ Հայաստանում աշխատող դեսպանատներն ու օտարները զարմացած էին այդ մթնոլորտից: Աւելին ասեմ` նոյնիսկ ժամանակին արտագաղթած երիտասարդները օթոպիւսներով փորձեցին հասնել ռազմաճակատ: Կէս-կատակ, կէս-լուրջ ասում էի` զարմանալի ժողովուրդ ենք, խաղաղութեան ժամանակ արտագաղթում ենք, պատերազմի ժամանակ` ներգաղթում:

Ուզում եմ ասել` մեր ժողովրդի մէջ կայ մեծ անկեղծութիւն, ուժականութիւն` ազգային խնդիրների լուծման համար: Եթէ Ազրպէյճանն ունի նաւթ, կազ, իր կողքին կանգնած` Թուրքիայի նման պետութիւն, մենք պէտք է կարողանանք այդ բացերը լրացնել, փոխարինել դրանք քաղաքական աշխուժ աշխատանքով` աշխարհով մէկ: Այդ բացը պէտք է լրացնենք` «ռազմաճակատը» փոխադրելով աշխարհի տարբեր անկիւններ` Եւրոպա, Միացեալ Նահանգներ, Հարաւային Ամերիկա, որտեղ որ կարող ենք: Ինչ կարող ենք, պէտք է անենք` Ազրպէյճանի իրական դէմքը, նրա էութիւնը ցոյց տալու, ճնշում բանեցնելու համար, որպէսզի պատերազմ չլինի, եւ նա պատերազմի միջոցով չփորձի հարցը լուծել: Մենք քաղաքական աշխատանքների մեծ անհրաժեշտութիւն ունենք, որպէսզի կարողանանք միջազգայնօրէն ստեղծել դրական մթնոլորտ Արցախեան հարցի արդարացի լուծման համար: Մեր հիմնական անելիքն այն է, որ մեր աշխարհացրիւ լինելու թերութիւնը որակի վերածենք, դրական ազդակի վերածենք, ամէնուրեք մեր ազդեցութեան ոլորտները մեծացնենք, ծրագրուած աշխատանքներ տանենք: Մենք պէտք է մեր հարցերը բարձրացնենք աշխարհի ազդեցիկ կէտերում եւ մեր ներկայութեամբ աշխարհն ուղղորդենք մեզ յարմար լուծումներ տալուն:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ.- Հայ դատի յանձնախմբերն արդէն տարիներ է` այդ գործով են զբաղւում: Այսօր, բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը մեզ հետ է համագործակցում եւ դիւանագիտական յարաբերութիւնների ճանապարհով հեշտացնում մեր գործը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ամէն հայ պէտք է իրեն Հայ դատի յանձնախմբի անդամ զգայ: Ամէն հայ, ուր էլ լինի, պէտք է իմանայ, որ ինքը պարտականութիւն ունի իր երկրի, դատի, Արցախի հարցով: Ամէն հայ պէտք է իր կարելիութիւնների սահմաններում կամ աւելիով Հայ դատի պայքարին օգտակար լինի: Մենք չենք կարող սահմանափակուել յանձնախմբերով: Ամէն հայ դեսպան է, Հայ դատի անդամ է, եւ իւրաքանչիւրն իր հերթին պէտք է փորձի մեզ համար ստեղծել ուժ, կարելիութիւն եւ ազդեցութիւն:

Վարեց` ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ

Ակնարկ. Երուսաղէմի Կարգավիճակն Ու Հայկական Արձագանգները

$
0
0

Միացեալ Նահանգներու նախագահին  յայտարարութիւնը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Աւելի ճիշդը, նախագահ Թրամփ նման չկշռադատուած յայտարարութիւններ կատարելու կանխատեսելիութեամբ յատկանշուած է արդէն: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականօրէն, որ Թրամփի յայտարարութիւնները լարուած կացութիւններ կը ստեղծեն, բայց յաճախ ալ քաղաքական հետեւանքներ անպայման չեն ապահովեր եւ կը մնան յայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թէ իրավիճակ փոխելու ուղղութեամբ կտրուկ շրջադարձներ զգացնելու ծիրին մէջ:

Աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանին մէջ առանցք կազմած գլխաւոր խաղացողներու Մոսկուա-Թեհրան-Անգարա առանցքը դատապարտանքի դիրքորոշումով հանդէս պիտի գար: Միացեալ Նահանգներու նախագահին նորագոյն այս յայտարարութիւնը  յայտարարողական հարթութեան վրայ նոր բաժանարար գիծ կ՛ընկալուի տարբեր գերտէրութիւններու միջեւ: Մինչ, տեղի ժողովուրդը կրնայ այդ հարթութենէն անդին աւելի սուղ գին վճարել:

Հիմա կարելի է մտածել, որ Երուսաղէմի մասին կատարուած այս յայտարարութիւնը եւս կը դիտարկուի շղթայական այս յայտարարութիւններու շարքին: Անշուշտ կարելի չէ հաստատել, որ տարածաշրջանին մէջ նոր սրումներ եւ բախումներ կը բացառուին այս ձեւով: Հիմա կը մեկնարկեն Ուաշինկթընի այս քայլը ողջունողներու կամ դատապարտողներու յայտարարութիւնները:

Երուսաղէմի կարգավիճակի ճշդումը համաշխարհային ուշադրութեան արժանացած խնդիր է հասկնալիօրէն: Առանց խորանալու տարբեր շահագրգռութիւններու շարժառիթներուն մէջ, փորձենք ընդգծել հայկական արձագանգներուն առանցքային բաժինները:

Պաշտօնական Երեւանի  դիրքորոշումը այս հարցին մէջ քաղաքական տրամաբանութեամբ հասկնալի է եւ կը յատկանշուի հաւասարակշռուածութեամբ ու նրբութիւններու յարգումով:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, որ Երուսաղէմի խնդիրը իսրայէլա-պաղեստինեան բանակցութեամբ լուծուելիք խնդիր է, որուն մէջ շատ կարեւոր է խաղաղ եւ կայուն ընթացքը:

«Երուսաղէմի մէջ առկայ է բազմադարեան հայկական ներկայութիւն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգութիւն: Հայ առաքելական եկեղեցին կը հանդիսանայ Սուրբ վայրերու իրաւատէր եկեղեցիներէն մէկը: Բնականաբար, մենք ուշադրութեամբ կը հետեւինք Երուսաղէմին առնչուող բոլոր զարգացումներուն»:

Հիմա աւելի քննական հայեացքով մը քաղաքական այս յայտարարութիւնը կը յանգի այն եզրակացութեան, որ Երեւանը առանց դիրքորոշուելու իսրայէլեան-պաղեստինեան  քաղաքային կարգավիճակի ճշդումի հարցին մէջ, ըստ էութեան կը յայտնէ իր անհամաձայնութիւնը Միացեալ Նահանգներու նախագահի կայացուցած որոշումին: Երբ կ՛ըսուի, որ խնդիրը հակամարտող կողմերուն միջեւ պէտք է համաձայնեցուի, ըսել կ՛ուզուի, որ երրորդ կողմը պէտք չէ նման որոշում կայացնէ:

Հիմնաւորումը եւս նման դիրքորոշում հրապարակելու արդարացուած է, այն իմաստով, որ  հայկական պետութիւնը նախանձախնդրութիւն ցոյց կու տայ պահպանելու բազմադարեան հայկական ներկայութիւնն ու հայկական պատմամշակութային ժառանգութիւնը:

Տեղական հանգամանքներու նկատառումով զուտ հայկական թաղամասերու իրավիճակին մասին պարզաբանումներ կու տայ Երուսաղէմի պատրիարքութեան բանբերը: Մինչ, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետը ուղղակի կը մերժէր Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը` զայն նկատելով միջազգային օրէնքի, արդարութեան եւ պատմական իրողութեան հակադրուող քայլ: Այս կեցուածքը օրինաչափ է նաեւ համաքրիստոնէական հայեցակէտով` Երուսաղէմը պէտք է շարունակէ մնալ բաց քաղաք միաստուածեան երեք կրօններուն առջեւ:

Աշխարհագրական տարբեր միջավայրերէ եւ տարբեր պայմաններէ հրապարակուած  հայկական արձագանգներուն միջեւ կայ ընդհանուր համահնչեղութիւն: Կարեւոր է վերընդգծելը, որ Երուսաղէմի մէջ կայ հայկական բազմադարեան ներկայութիւն, եւ այդ առումով համաշխարհային նշանակութիւն ունեցող քաղաքի մէջ գոյութիւն ունին հայկական իրաւունքներ:

«Ա.»

 

Հայերէն Գիրքի Կողքը Եւ Մենք Կողք

$
0
0

ՄԱԿԱՐ ի Գաղղիա

Կեդրոնականցիին հետ ԳԻՐՔԵՐՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍի գացինք: Տաղաւար մըն ալ կար հայերէն գիրքերու: Հանրային պարտէզի մը մէջ ման գալու պէս եկած էին երէցներ եւ երիտասարդներ:

Արմենակ ուշադրութիւնս հրաւիրեց նախարարի պէս պճնուած երկու անձնաւորութիւններու վրայ եւ անոնց ընկերակցող, Արմենակի բառերով, երեւելիութիւն փնտռողներու: Ինք բոլորն ալ կը ճանչնար, անունով եւ մականունով:

Մօտեցանք: Դիտեցինք: Ականջ տուինք:

– Տե՛ս,- ըսաւ Արմենակ,- գիրքերը բացող չկայ, կը նային կողքին, ետեւ առջեւ կ՛ընեն, իրարու բաներ մը կ՛ըսեն, հաւնած ըլլալու գլխու շարժումներ կ՛ընեն: Անոնցմէ շատերը կը ճանչնամ, ո՛չ հայերէն գիրք կը կարդան, ո՛չ հայերէն թերթ: Թերթին էջերը կը դարձնեն տեսնելու համար, որ իրենց պատկերը եւ անունը տեղ մը կա՞ն:

– Ինչո՞ւ յոռետես ես: Գէթ ասոնք եկած են քաջալերելու համար: Ուրիշներ այդ անգամ չեն ըներ,- ըսի ես:

– Դուն կա՛մ բարեմիտ ես, կա՛մ իրականութիւնը չես տեսներ: Կը տեսնե՞ս այդ մէկը: Բեմի եւ պատկերի խենթ է: Հայերէն կարդալ-գրել չի գիտեր, բայց կը սիրէ բեմ ելլել եւ լատինական տառերով  գրուած հայերէն ճառ կարդալ: Բայց հայերէն խօսողները եւ գրողները կը համարէ ժամանակավրէպ:

Մօտեցած էինք սեղանին: Քանի մը հոգի հայութեան մասին գրուած գիրքերու էջերը կը դարձնէին:

Անձնաւորութիւններէն մէկը գիրքերէն մէկուն կողքին նայեցաւ եւ շուրջիններուն ըսաւ.

– Այս գիրքերէն քանի մը հատ առնենք եւ մեր շրջանի երեսփոխանին եւ քաղաքապետին նուիրենք: Մենք արդէն գիտենք` ի՛նչ կայ մէջը: Իրենք ալ թող գիտնան:

Կեդրոնականցին ինծի դարձաւ եւ ըսաւ.

– Ի՜նչ անհամեստութիւն: Բան մըն ալ չի գիտեր: Գիրքը պիտի տայ, որպէսզի քաղաքապետը եւ միւսները գիտնան, թէ ինք հայութիւնը կրնայ ներկայացնել, եւ եթէ քաղաքապետական ընտրութիւն ըլլայ, իրեն ալ տեղ տան:

Եւ հայերէն գիրքերը մնացին սեղանին վրայ` որբ:

– Հայերէն գիրքերը եւ հայութեան մասին գիրքերը ծաղիկ ըլլային` քանի մը օր ծաղկամանի մէջ կը դնէինք,- ըսաւ Կեդրոնականցին:

Ես ալ եզրակացնելու համար ըսի.

– Փոխանակ ըսելու` մշակոյթ ունինք, պէտք է ըսենք` ունէինք: Այդ յիշատակն է այսօրուան մեր հպարտութիւնը, գիրքերու կողքին պէս: Մենք ալ` կողքի պէս:

6 դեկտեմբեր 2017

 

Հայ-Թրքական Պատերազմը Եւ Պոլշեւիկները

$
0
0

Իրողութիւնը այն է, որ հայ պոլշեւիկները դէպի դաշնակցականները ունեցած ատելութիւնից կուրացած եւ յուսալով թուրքերի օգնութեամբ խորտակել Հայաստանի անկախութիւնը` ամէն միջոց գործադրեցին կոտրելու համար հայկական բանակի դիմադրական զօրութիւնը:

Կարսի եւ Ալեքսանդրապոլի շրջանում հայկական հրամանատարութիւնը պարտուողական քարոզչութեան ու դասալքութեան մէկից աւելի դէպքեր է արձանագրել:

Եղան եւ ձերբակալութիւններ ու դատավարութիւններ: Տողերիս գրողը անձամբ ականատես է եղել նման երեւոյթների Կարսում եւ հարցաքննել է դասալիք սպայ Գարագաշին եւ ուրիշներին, որոնք բռնուել էին խռովութեան եւ դասալքութեան յանցանքի մէջ:

Պատմում են, որ պոլշեւիկները դեռ Կարսի անկումից առաջ ունեցել են գաղտնի կազմակերպութիւն, որը գաղտնի յարաբերութեան մէջ է եղել տաճիկ հրամանատարութեան հետ, որոշ աշխատանքներ է կատարել տեղում եւ ջանացել է քայքայել մեր զօրքերը` հրաւիրելով նրանց չդիմադրելու տաճիկներին:

«Տաճիկների այդ գաղտնի գործակալ պոլշեւիկները մեր ճակատի ամենաստոյգ տեղեկութիւնները հաղորդել են տաճիկներին, հայ դաւաճանների այդ ջանքերի պատճառով տաճիկներին հեշտութեամբ յաջողուեց գրաւել Կարսը»:

Նոյն դաւաճան կազմակերպութեան գաղտնի գործակալները երեւան են եկել նաեւ Ալեքսանդրապոլում. «Վերջին հաստատ տեղեկութիւնների համաձայն, պոլշեւիկ կոչուող հայ դաւաճանները, որոնք փախել են Ալեքսանդրապոլի բանտից, անցել են թշնամու կողմը եւ պրովոկացիոն լուրեր հաղորդելով` աշխատում են գրգռել թշնամուն, անվստահութիւն ներշնչել կնքուած զինադադարի նկատմամբ, որպէսզի տաճիկ հրամանատարութիւնը խախտի զինադադարը եւ ռմբակոծի քաղաքը: Նրանք լուրեր են տարածում, որ իբր թէ դաշնակցականները, չնայած կնքուած զինադադարին, պատրաստւում են դաւադրօրէն յարձակուել տաճիկ զօրքերի վրայ»:

«Յառաջ»-ի նոյն համարը հաղորդում էր. «Ալեքսանդրապոլի բանտից փախած հայ պոլշեւիկները ընդառաջ են գնացել Ալեքսանդրապոլ մտնող տաճիկ զօրքին եւ իրենց խնդակցութիւնը յայտնելով` ձեռք են մեկնել տաճիկ զինուորներին»:

Պատերազմից յետոյ այդ բոլոր փաստերը երեւան եկան, եւ հայ պոլշեւիկները իրենք էլ, իրենց կաշիի փորձով, համոզուեցին, որ չարաչար խաբուած էին: Ահա, օրինակ, ինչ է պատմում Հայաստանի նախարար բժ. Ա. Բաբալեանը, որ Կարսի անկումից յետոյ գերի էր ընկել թուրքերի ձեռքը. «Մեր գերութեան հինգերորդ օրը մեզ այցելեցին հինգ հայեր` մի քանի տաճիկ սպաների հետ` զարդարուած կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք: Պտտում էին հանրակացարանները եւ իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Յեղկոմի անդամներ էին: Այնպէս էին հաւատացրել սրանց տաճիկ սպաները, որ իբր թէ Կարսը պիտի յանձնեն պոլշեւիկեան իշխանութեան: Եւ ամէն կերպ փայփայում էին կոմունիստ տականքներին: Փոխարէնը` սրանք մատնութիւններ էին անում եւ ցոյց տալիս պահեստների տեղերը եւ անհրաժեշտ տեղեկութիւններ էին տալիս հայ զօրքի եւ երկրի վերաբերեալ»:

«Պատերազմը վերջացաւ հայերի պարտութեամբ, եւ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Հայաստանը լքուած էր բոլորից: Դաշնակիցները ո՛չ մի օգնութիւն չհասցրին, Վրաստանը բարեկամ էր քեմալական Թուրքիային եւ մնաց չէզոք»: «Ազրպէյճանը թշնամի էր: Թշնամի էր եւ Խորհրդային Ռուսաստանը, որ գործօն կերպով աջակցում էր թուրքերին` հայերի դէմ:

«Տարբեր չէր եւ Լեկրանի ընթացքը, նա գնաց Պաքու եւ վերադարձաւ միայն հոկտեմբերի սկիզբը: Ի՞նչ առաւ նա Պաքւում, կամ ի՞նչ տեղի ունեցաւ այնտեղ, մանրամասնութիւնները յայտնի չեն մեզ, բայց ինչ որ յայտնի է, կասկած չի թողնում, որ Պաքւում որոշուեց օգտուելով դէպքերի նպաստաւոր դասաւորութիւնից, Հայաստանը ենթարկել խորհրդայնացման»:

Այսպէս, նոյեմբեր 4-ին Պաքւում տեղի է ունենում Ազրպէյճանի Կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի Փոլիթպիւրոյի եւ Համամիութենական կոմունիստական կուսակցութեան կենտր. կոմիտէի կովկասեան պիւրոյի անդամների լիագումար ժողովը, որին մասնակցել է եւ ինքը` Ստալինը: Օրակարգի հարցեր են լինում` բանակցութիւններ Վրաստանի հետ եւ կացութիւնը Հայաստանում:

Անկասկած, նոյեմբեր 4-ի այդ ժողովը նկատի ունի տիկ. Օրջոնիկիձէն` այն օրերին Ստալինի աջ բազուկ եւ նոյն Ստալինի կողմից հաշուեյարդարի ենթարկուած Սերգօ Օրջոնիկիձէի այրին, երբ իր ամուսնուն նուիրուած «Մի պոլշեւիկի ուղին» իր հատորում գրում է.

«Երբ 1920-ին Կովկաս ժամանեց Ի. Վ. Ստալինը, հետեւեալ առաջադրանքը արաւ. օժանդակել Հայաստանի ապստամբած աշխատաւորութեան»:

«Տաղստանի եւ Թերեքի համագումարների աւարտից յետոյ, Սերգօն Պաքու վերադարձաւ եւ 19 նոյեմբեր 1920-ին 11-րդ բանակի զօրամասերը ուղարկեց տապալելու համար դաշնակների ատելի կառավարութիւնը»:

Կարսի անկումից յետոյ պատերազմի ընթացքը հայերի համար դարձաւ այլեւս յուսահատական: Տեղի ունեցաւ կառավարութեան փոփոխութիւն, եւ ինձ վիճակուեց ցմրուր ըմպել դառնութեան բաժակը: Իբրեւ վարչապետ եւ արտաքին գործերի նախարար` այնուհետեւ ե՛ս գործ ունեցայ Լեկրանի հետ եւ, ուրեմն, կարող եմ խօսել որպէս դէպքերի անմիջական մասնակից: Հայ ժողովրդի եւ պատմութեան առաջ ես պատասխանատու եմ իմ արձանագրած իւրաքանչիւր բառի համար:

Պաշտօնի անցնելուց անմիջապէս յետոյ ես յարաբերութեան մէջ մտայ Լեկրանի հետ: Կառավարութեան նպատակն էր սերտ բարեկամութիւն հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ եւ ապահովել նրա աջակցութիւնը: Ամէնքի համար պարզ էր այն օրերին, որ Հայաստանը կա՛մ Ռուսաստանի հետ պէտք է լինի, կա՛մ պէտք է դառնայ թուրքերի ձեռքին խաղալիք, եթէ չբնաջնջուի ի սպառ: Ես հարցը դրի յստակ ու վճռական կերպով. Ռուսաստանը կարո՞ղ է մեզ օգնել եւ, եթէ այո, ինչո՞վ եւ ինչպէ՞ս: Նոյնքան պարզ ու վճռական եղաւ եւ Լեկրանի պատասխանը: Նա առաջարկեց յետ կանչել Խատիսեանի պատուիրակութիւնը Ալեքսանդրապոլից, մերժել թուրքերի պահանջները եւ խորհրդային զօրք մտցնել Հայաստան:

Ես ցոյց տուի Լեկրանին, որ մինչեւ որ ռուսները կարողանան շօշափելի ուժ հասցնել Երեւան, առնուազն մէկ շաբաթ պիտի պահանջուի, մինչդեռ թուրք բանակը կանգնած էր Արաքսի ափին, Մարգարայի կամուրջի մօտ, հազիւ 20-25 մղոնի վրայ Հայաստանի մայրաքաղաքից: Եթէ կառավարութիւնը խզէ բանակցութիւնները, այդ պիտի նշանակէ պատերազմի վերսկսում. ի՞նչ ուժ կարող է արգելել թուրքերին` Հայաստանի մնացած մասն էլ գրաւելու: Խորհրդային իշխանութեան խօ՞սքը: Ի՞նչ երաշխիք, որ թուրքերը կարեւորութիւն կը տան այդ խօսքին:

Լեկրանի խօսքերից պարզ էր մի ուրիշ պարագայ: Նրան հայ ժողովրդի ապահովութիւնից աւելի հետաքրքրում էր Հայաստանի խորհրդայնացման հարցը, բայց այդպիսի պահանջ դեռ չէր կարող դնել, որովհետեւ լաւ տեսնում էր, որ հայ ժողովուրդը համակիր չէր Հայաստանի խորհրդայնացման:

Խորհրդային զօրքեր մտցնելու դէմ, որ ասել է` Հայաստանը խորհրդայնացնել, առաջ բերի եւ այլ կարգի առարկութիւններ: Խորհրդայնացման դէպքում Հայաստանը բոլորովին պիտի կտրուէր Եւրոպայից ու Ամերիկայից եւ պիտի զրկուէր այն պարէնից, որ ստանում էր այնտեղից: Այդ պիտի նշանակէր սովամահութիւն` հայ ժողովրդի համար, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ սովահար` ի վիճակի չէր Հայաստանին ուտելիք հասցնելու:

Երկրորդ` Հայաստանի խորհրդայնացումը մահացու հարուած պիտի հասցնէր Հայկական հարցին եւ Հայաստանին տրուած բոլոր միջազգային յանձնառութիւններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթէ Հայաստանը պահուէր անկախ, թէ՛ դրսի աշխարհից չէր կտրուի, թէ՛ կը մնար Հայկական հարցի իրաւատէր: Խորհրդային Ռուսաստանին հարկաւոր է Հայաստանի բարեկամութի՞ւնը` մենք այդ կ՛ապահովենք: Պոլշեւիկների համար անհրաժեշտ են Հայաստանի ճանապարհնե՞րը` մենք կը տանք:

Լեկրանը պատասխանեց. հայերը ընդմիշտ պէտք է հրաժարուեն Եւրոպայից ու Ամերիկայից եւ խաչ քաշեն Սեւրի դաշնագրի վրայ: Հայերը իրենց յոյսը պէտք է կապեն միայն համաշխարհային յեղափոխութեան եւ բանուորա-գիւղացիական Ռուսաստանի հետ: Ծիծաղելի է խօսել ինչ-որ ալիւրի մասին, որ ամերիկեան բանկիրներն ու պատուելիները, իբրեւ ողորմութիւն, շպրտում են հայերի առջեւ: Ի՞նչ բան է Ռուսաստանի համար Քուպանից մի քանի միլիոն փութ ալիւր հասցնելը Հայաստան:

Լեկրանը առարկեց եւ Հայաստանի սահմանների վրայ ռուս զօրքերը կենտրոնացնելու դէմ. այդ կարող էր դժգոհութիւններ առաջացնել թուրքերի կողմից եւ առիթ դառնալ անբաղձալի հետեւանքների: Թուրքերին պէտք է դնել կատարուած փաստի առջեւ եւ մինչեւ Ալեքսանդրապոլ գրաւել ռուսական զօրքերով:

Բանակցութիւնները դրական արդիւնք չտուին: Կառավարութիւնը վախենում էր, որ եթէ Կարմիր բանակը Հայաստան մտնէր հիւսիսից, թուրքերը առաջ կը շարժուէին հարաւից եւ ռուսների հասնելուց շատ առաջ կը գրաւէին Երեւանը: Այդ պատճառով կառավարութիւնը աշխատում էր Ալեքսանդրապոլի բանակցութիւնները չխզել եւ հաշտութեան հարցը հասցնել իր տրամաբանական վախճանին:

Մինչ բանակցութիւնները Լեկրանի հետ շարունակւում էին, վերջինս, նոյեմբեր 29-ին, վերջնագրի ձեւով, կառավարութեան արաւ հետեւեալ յայտարարութիւնը. «Ռուսաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէն որոշել է Հայաստանում մտցնել խորհրդային կարգեր: Հայաստանի Յեղկոմը արդէն ոտք է դրել Հայաստանի հողի վրայ: Դանդաղելը յղի է ծանր հետեւանքներով: Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է լինելու ձեր դիրքը»: Եւ յաջորդ առաւօտ ներկայացրեց Հայաստանի խորհրդայնացման գրաւոր պահանջ:

Հայաստանը ընկել էր երկու կրակի միջեւ: Կառավարութեան ուրիշ ելք չէր մնում, բայց եթէ տեղի տալ եւ հասկացողութեան գալ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Հայաստանի խորհրդայնացումը այլեւս դառնում էր անխուսափելի:

Նոյեմբերի 30-ին սկսուեցին բանակցութիւնները կառավարութեան ներկայացուցիչ Դրոյի ու Յ. Տէրտէրեանի եւ Լեկրանի միջեւ, որոնք տեւեցին երկու օր:

Եւ մինչ Երեւանում տեղի էին ունենում ողբերգական բանակցութիւնները, անդին Պաքուն ցնծութեամբ տօնում էր իր դաւադրութեան յաղթանակը:

Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռ խորհրդայնացած չէր, տեղի ունեցաւ Սովետների հանդիսաւոր նիստը «Հայաստանի սովետացման առթիւ»:

Նոյն նիստում Ազրպէյճանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը կարդաց Յեղկոմի դեկլարացիան, որով հանդիսաւոր կերպով յայտարարում էր, որ Խորհրդային Ազրպէյճանը զիջում է եղբայրական Հայաստանին` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը:

Վերջը յայտնի եղաւ, որ թէ՛ Նարիմանովի, թէ՛ Օրջոնիկիձէի ճառաբանութիւնները անկեղծ չէին, այլ նպատակ ունէին խաբել հայ պոլշեւիկներին եւ հանրային կարծիքը: Ղարաբաղն ու Նախիջեւանը մնացին եւ մինչեւ այսօր էլ մնում են Ազրպէյճանի տիրապետութեան տակ: Մի խաբէութիւն, որ` «մարդկային պատմութեան մէջ իր օրինակը չունի…»:

Դեկտեմբեր 2-ին ստորագրուեց… համաձայնագիրը Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչների եւ Լեկրանի միջեւ:

Լեկրանի եւ կառավարութեան միջեւ համաձայնութիւն կայացաւ, որ դեկտեմբեր 2-ի գիշերուայ ժամը 12:00-ին իշխանութիւնը յանձնուի զին. նախարար Դրոյին եւ սա, խորհրդական ունենալով Սիլինին, կառավարէ երկիրը` մինչեւ Յեղկոմի ժամանումը Ազրպէյճանից:

Բայց այս հարցի մէկ մասն էր միայն. կար եւ պատերազմի խնդիրը:

Թուրքերը ծանօթ էին Երեւանի դէպքերին եւ շտապում էին կանխել:

Նոյեմբեր 30-ի երեկոյեան Քեազիմ Քարապեքիր փաշան Հայաստանի պատուիրակութեան ներկայացրեց թրքական պայմանները եւ յաջորդ առաւօտեան վերջնագրի ձեւով պահանջեց այդ պայմանների ընդունումը` հակառակ պարագային սպառնալով վերսկսել պատերազմական գործողութիւնները:

Հաշտութեան խնդրից առաջ արդէն որոշուած էր ընդունել Լեկրանի վերջնագիրը, այժմ պէտք էր գտնել թրքական դաժան պայմաններից խուսափելու միջոցը: Ձեւականօրէն այդ միջոցը արդէն գտնուած էր. որոշուած էր իշխանութիւնը զիջել պոլշեւիկներին, հեշտ էր դաշնագրի ստորագրութիւնն էլ թողնել նրանց: Բայց արդեօք ա՞յդ կը լինէր լաւագոյն ելքը: Անձնապէս մեզ համար ի հարկէ այդ կը լինէր բարիք: Պատմութեան առաջ մենք ազատ կը լինէինք Ալեքսանդրապոլի «խայտառակ» դաշնագիրը ստորագրելու պատասխանատուութիւնից, բայց դրանից հայ ժողովուրդը կը շահէ՞ր:

Յանուն հայ ժողովրդի փրկութեան` պէտք էր ստանձնել պատասխանատուութիւնը պատմութեան առջեւ եւ ստորագրել դաշնագիրը: Եթէ պոլշեւիկները, իրօք, այնքան ազդեցիկ էին թուրքերի առջեւ, նրանց համար դժուար չէր լինի մերժել «դաշնակների» ստորագրութիւնը եւ Հայաստանի համար աւելի նպաստաւոր դաշնագիր կնքել: Եթէ պոլշեւիկները այդ կարողութիւնը պիտի չունենան վաղը, նշանակում է այսօր էլ նրանց խոստումները անարժէք էին:

Կրկնում եմ` ձեւականօրէն մենք ամէն իրաւունք եւ հնարաւորութիւն ունէինք խուսափելու եւ այդ անախորժ պարտականութիւնը ձգելու պոլշեւիկներին: Մեր կողմից այդ կը լինէր ճարպիկ մի խաղ, որ ծանր դրութեան մէջ պիտի դնէր հայ պոլշեւիկներին, որոնք… թուրքերի աչքին աւելի արժէք չունէին, քան` դաշնակցականները: Կասկած չկայ, որ հայ պոլշեւիկներն էլ, այս անգամ Մոսկուայի ճնշումով, ստիպուած պիտի լինէին ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ինչպէս մօտ մի տարի վերջը ստորագրեցին Կարսի աւելի խայտառակ դաշնագիրը:

Մինչ այստեղ, թէ՛ կառավարութեան եւ թէ՛ պատուիրակութեան արածը, իրաւական տեսակէտից, օրինական էր: Բայց դաշնագրի մէջ կար իրաւական մի կարեւոր պայման: Ստորագրութիւնից յետոյ, մէկ ամսուայ ընթացքում, դաշնագիրը պէտք էր վաւերացուէր Հայաստանի խորհրդարանի եւ Թուրքիոյ Ազգ. Մեծ ժողովի կողմից: Այդ վաւերացումը տեղի չունեցաւ, հետեւաբար եւ դաշնագիրը իր օրինական հանգամանքը կորցրեց: Միակ այս փաստը բաւական էր, որպէսզի Հայաստանի Յեղկոմը չճանաչէր Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եթէ իսկապէս պոլշեւիկներն ուզում էին Հայաստանի համար աւելի նպաստաւոր պայմաններ ապահովել: Բայց, ինչպէս վերը տեսանք, պոլշեւիկները չուզեցին կամ չկարողացան օգտուել այդ փաստից:

Յետգրութեան փոխարէն.

Փոքրիկ մէջբերում` 1979 թուականին Երեւանում տպագրուած «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»-ի 5-րդ հատորի Կարս յօդուածից (էջ 344). «1917-ի մարտին Կ-ում յեղափոխականօրէն տրամադրուած զինուորներն ապստամբեցին եւ ստեղծեցին զինուորների դեպուտատների սովետ: 1918-ի ապրիլի 25-ին Կ. գրաւեցին թուրքերը` բնակչութեանը ենթարկելով բռնութեան եւ կոտորածների: 1919-ի ապրիլից թուրքական զօրքը էվակուացուեց, եւ Կ. մտաւ Հայաստանի Հանրապետութեան կազմի մէջ: 1920-ի մայիսի 10-ին Կ.-ում ապստամբութիւն բռնկեց դաշնակցական տիրապետութեան դէմ: Ապստամբութիւնը գլխաւորում էր Ռազմայեղափոխական կոմիտէն` Ղ. Ղուկասեանի գլխաւորութեամբ: Սակայն ապստամբութիւնը պարտուեց: 1920-ի հոկտ. 30-ին թուրքերը նորից գրաւեցին Կ.-ը, հայ եւ ռուս բնակիչներն ստիպուած հեռացան քաղաքից: 1921-ի Կարսի պայմանագրով Կ. անցաւ Թուրքիային»:

(Շար. 2 եւ վերջ)

Պէյրութի «Բժիշկ» Ամսաթերթը Եւ Տոքթ. Գեղարդը

$
0
0

ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ

Սփիւռքի տարածքին եւ մանաւանդ 1930-էն ետք հազուադէպօրէն կը հանդիպինք հայատառ բժշկական-առողջապահական պարբերաթերթերու:

1934-ին Փարիզի մէջ, Շաւարշ Նարդունիի նախաձեռնութեամբ, սկսաւ հրատարակուիլ «Հայ բոյժ» բժշկական-առողջապահական ամսաթերթը, որ շարունակուեցաւ հրատարակուիլ մինչեւ 1968: «Հայ բոյժ»-ի մասին նախապէս արդէն անդրադարձած էինք առանձին յօդուածով մը, ուստի ընթերցողը կրնայ «Հայ բոյժ»-ի մասին կարդալ այդ յօդուածին մէջ: Սակայն պէտք է արձանագրել, որ «Հայ բոյժ»-ը վերջին տարիներուն մատնուած էր նիւթական-հրատարակչական դժուարութիւններու եւ Շաւարշ Նարդունին իր անձնական միջոցներով ու իր տոկալու զօրաւոր կամքով կարողացաւ պատնէշի վրայ պահել իրմէ ծնած «Հայ բոյժ»-ը մինչեւ 1968` իր մահուան տարին:

«Հայ բոյժ-ի շիջումէն 13 տարի առաջ, 1955-ին, Պէյրութի մէջ ծնունդ առաւ, «Հայ բոյժ»-ի նման, «Բժիշկ» ամսաթերթը`  որպէս բժշկագիտական եւ առողջապահական ամսագիր: Ան լոյս տեսաւ մինչեւ 1988, երբ դադրեցաւ հրատարակուելէ կամքէ անկախ պատճառներով: Սկիզբը վարչական պատասխանատուն եղած է Արամ Սահակեանը: Խմբագիրները եղած են բժիշկներ` Վարուժան Սահակեանը, Մելքոն Էպլիղաթեանը եւ Յարութիւն Գազանճեանը (Գեղարդ): 1964-էն ետք հրատարակուած է Լիբանանահայ բժշկական միութեան հովանաւորութեամբ եւ վայելած է անոր բարոյական հովանաւորութիւնը:

«Բժիշկ»-ին յարատեւութեան եւ յաջողութեան մէջ մեծ դերակատարութիւն ունեցաւ Յ. Գեղարդ (Յարութիւն Գազանճեան)` վիրաբուժ-ատամնաբուժ, գրող, լրագրող եւ խմբագիր: Ան ծնած է Պէյրութ, 1928-ին: Աշակերտած է Լեւոն Շանթին ու Նիկոլ Աղբալեանին` Համազգայինի Պէյրութի ճեմարանին մէջ: Մաս կազմած է քանի մը թերթերու խմբագրական մարմիններուն: Ունի բանաստեղծութիւններու, առակներու եւ յուշերու հատորներ:  Գործօն դեր ունեցած է Համազգայինի ու ՀՄԸՄ-ի մէջ: Արժանացած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:

«Բժիշկ»-ին մէջ գրեցին սփիւռքի զանազան գաղթօճախներէն յարգելի բժիշկներ` Լ. Գրիգորեան (Փարիզ), Յ. Կարեւորեան (Պէյրութ), Իսահակ Տէրտէրեան, Վարուժան Սահակեան (Պէյրութ), Վ. Թաշճեան, Օսվալտ Հրեշտակեան (Պէյրութ), Գ. Օ. Գալուստեան (Պուէնոս Այրես), Յարութիւն Սաղըրեան,  Ե. Ագխաչերեան, Սեպուհ Սիսեռեան, Զաքար Մկրեան (Պէյրութ), Ա. Աբէլեան, Սարգիս Գարայեան (Պէյրութ), Գ. Անտոնեան, Տիգրան Գավաֆեան, Յակոբ Սահակեան,  Յ. Սապունճեան,  Ճորճ Միքայէլեան, Յ. Ճըլճըլեան (Պէյրութ), Կարպիս Հարպոյեան (Պէյրութ) եւ ուրիշներ, առանց մոռնալու նշանաւոր երգիծաբան Նշան Պէշիկթաշլեանը, որ իւրաքանչիւր թիւի մէջ ունեցաւ  «Երգիծաբուժութիւն» խորագրեալ իւրայատուկ գրութիւն մը:

«Բժիշկ ամսաթերթ»-ը տարբեր կողքի ձեւաւորումներով

«Բժիշկ»-ը եղաւ հայ ընտանիքներու ամէնէն սիրուած բժշկական պարբերականը: Ան դարձաւ հանդէսը երիտասարդներուն, նորապսակ զոյգերուն, տարեցներուն եւ բոլոր հայերուն: Երիտասարդներըկը գտնէին հոն զիրենք յուզող հարցերը եւ զանոնք լուծելու առարկայական փորձերը: Նորապսակ զոյգերը կը փնտռէին հոն երջանիկ բոյն մը կազմելու եւ առողջ ու կիրթ զաւակներ մեծցնելու արուեստը: Տարեցները կը սորվէին գուրգուրալ իրենց առողջութեան վրայ, որպէսզի ապրէին երջանկութեան մէջ:

«Բժիշկ»-ին մէջ տպագրուեցան համաշխարհային բժշկագիտութեան նուաճումներու, բժշկութեան պատմութեան, նշանաւոր բժիշկներու եւ Հայաստանի առողջապահութեան բնագաւառին մէջ ձեռք բերուած նուաճումներու մասին:

Հոն գրուեցան հիւանդութիւններու, մտային եւ հոգեբանական խանգարումներու, բժշկական բարոյագիտութեան, բժիշկ-հիւանդ փոխյարաբերութիւններու, ընկերային, ընտանեկան, ամուսնական, սեռային դաստիարակութեան, առողջ սննդականոնի, ազգագրական բժշկական դարմանումներու, մարմնամարզի եւ ծիծաղի օգուտներու, ինչպէս նաեւ` տարեցներու եւ մանուկներու յատուկ հարցերու մասին: Ընթերցողը հոն գտաւ օտարալեզու բժշկական գրութիւններու հայերէն թարգմանութիւնները եւ երգիծաբուժական գրութիւններ: Ան ունէր բժշկական  նամականիի եւ լրատուի բաժիններ, որոնք հարուստ էին բժշկական միջազգային լուրերով եւ նորութիւններով: Ան պայքարեցաւ մոլութիւններու, անխոհեմութիւններու եւ յոռի ունակութիւններու դէմ. այլ խօսքով, ան հայ ընթերցողին հասցուց բժշկութեան եւ իմաստութեան խօսքը:

Ամբողջ 34 տարի «Բժիշկ»-ը պահեց գիտական հանդէսի մը տուեալները, եղաւ ժողովրդանուէր եւ անշահախնդիր ձեռնարկ մը: Շատ մը բժիշկներ կամաւոր եւ անսակարկ գրեցին եւ հաղորդեցին իրենց գիտելիքները` ի շահ հայ անհատի առողջութեան:

«Բժիշկ»-ը եղաւ փնտռուած բժշկական ամսաթերթ մը ոչ միայն լիբանահայութեան համար, այլ նաեւ` սփիւռքի զանազան գաղութներու հայութեան համար: Ան վայելեց բոլորին յարգանքը եւ նիւթաբարոյական օժանդակութիւնը:

Ամբողջ 34 տարի «Բժիշկ» ամսաթերթը 32 մեծադիր էջերով լոյս տեսաւ Պէյրութի մէջ` յաղթահարելով բոլոր տեսակի դժուարութիւնները: «Բժիշկ»-ը տոկաց, յարատեւեց Լիբանանի ներքին պատերազմի բոլոր տարիներուն: Այդ դժուարին եւ փոթորկալից տարիներուն յաճախ «Բժիշկ»-ը կանոնաւոր եւ ամսական հերթականութեամբ լոյս չտեսաւ, այլ հարկադրաբար լոյս տեսաւ երկու ամիսը կամ երեք ամիսը անգամ մը:

Լիբանանի պատերազմի օրերուն տոքթ. Գեղարդ «Բժիշկ»-ի թիւերէն մէկուն մէջ «Առաջարկ եւ յիշեցում» գրութեան մէջ գրած էր. «Այս հանդէսը սեփականութիւնն է մեր ժողովուրդին, եւ ձեռնարկին գլուխը կեցողները միշտ ալ դիմած են ընթերցողներու գործակցութեան, նոր միջոցառումները ենթարկած անոնց համաձայնութեան` միասին հարթելու համար դժուարութիւնները եւ ապահովելու այս օգտաշատ ամսագրին յարատեւումը»:

Իսկ 1981-ի ապրիլ-մայիս թիւը կը սկսէր «Խօսք ընթերցողին» գրութեամբ, ուր կ՛ըսուէր. «Բժիշկ» ժողովուրդի եւ մշակոյթին նուիրուած ձեռնարկ մըն է` առանց նիւթական դոյզն ակնկալութեան: Խմբագիր ու աշխատակից, գիտութեան բարիքը բաշխելու օգտաշատութենէն քաջալեր` սիրայօժար կամաւորութեամբ լծկանը կը մնան հայ կեանքի մէջ ա՛լ իր տեղն ու դերը ունեցող այս գործին: Կան սակայն հրատարակութեան անխուսափելի ծախսերը, որոնք կը սղին օրէ օր: Ելեւմուտքը «ծայրը ծայրին» բերելու «բացը» նուազագոյնի իջեցնելու ճիգին մէջ` ձեռնարկին պատասխանատուները անյետաձգելի գտան այլեւս փոքր չափով մը բարձրացնելու հանդէսին հատագինը: Այս թիւէն սկսեալ, ուրեմն, ամսագրի իւրաքանչիւր թիւը կը վաճառուի 5 լիբ. ոսկիի: Ամիսը մէկ լիբ. ոսկիի յաւելումը, վստահ ենք, դիւրաւ յանձն պիտի առնէ ընթերցողը` ապահովելու համար մասնագիտական այս հանդէսին յարատեւութիւնը»:

Տոքթ. Գեղարդ որոշ առիթներով «Բժիշկ»-ին մէջ կը գրէր` մատուցելով որոշ մտածում մը: Այս յօդուածի աւարտին տեսնել անոր գրութիւններէն մէկը` գրուած 1978-ի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր թիւին մէջ:

Ես առաջին անգամ բախտաւորութիւնը ունեցայ տեսնելու  «Բժիշկ» ամսաթերթը 1958-ին, երբ կը յաճախէի Հալէպի Ալեբբօ քոլեճ երկրորդական վարժարանը: Օր մը մեր հայերէնի ուսուցիչ Սաաթճեանը նշեց Պէյրութի մէջ հրատարակուող «Բժիշկ» ամսաթերթի կարեւորութիւնը հայ ընտանիքներու բժշկական-առողջապահական մարզէն ներս: Հետաքրքրութիւնս արթնցաւ ունենալ «Բժիշկ» ամսաթերթը` յուսալով, որ հոն պիտի գտնէի մօրս ծունկերու մնայուն յօդացաւին դարմանը: Մայրս տարիներով կը տառապէր իր ծունկերուն մնայուն յօդացաւէն: Ան դիմած էր Հալէպի մէջ գործող քանի մը բժիշկներու եւ որոշ օգուտ մը չէր տեսած: Ես տեսնելով իր տառապանքը` հոգեպէս անհանգիստ կ՛ըլլայի եւ ոչ մէկ ձեւով կրնայի օգտակար դառնալ անոր: Բարեկամ հայ բժիշկէ մը ունեցայ «Բժիշկ» ամսաթերթին հասցէն: Բաժանորդագրուեցայ անոր եւ ուշացումով սկսայ ստանալ զայն: Կը կարդայի ամէն մէկ թիւը մեծ հաճոյքով: Հոն կը տեսնէի մաքուր հայերէնով գրուած բժշկական-առողջապահական գրութիւններ, թելադրութիւններ, ցուցմունքներ եւ կանխազգուշական խօսքեր: «Բժիշկ»-ը կարդալով` հասկցայ, որ մօրս հիւանդութիւնը վերջնական դարման մը չունէր, սակայն մեղմացուցիչ եւ ցաւազերծող դեղերու գործածութիւնը օգտակար էր:

Տարի մը ետք, 1959-ին, արդէն բժշկականի ուսանող էի Պէյրութի ամերիկեան համալսարանի բժշկական դպրոցին մէջ: Բաժանորդագրութիւնս նորոգեցի եւ հասցէս ուղարկեցի տոքթ. Գեղարդին: «Բժիշկ» ամսաթերթը կը կարդայի իմ հանգիստի ժամերուն: Աւելի մտերմութիւն մը ստեղծուեցաւ իմ եւ «Բժիշկ»-ին միջեւ, որովհետեւ կը գտնուէի բժշկական դպրոցի մէջ, բժշկական-առողջապահական միջավայրի մէջ եւ կոյտ մը բժշկական դասագիրքերու հետ: Անոր միջոցով կը ծանօթանայի հայ բժիշկներու անուններուն, անոնց յաջողութիւններուն բժշկական գետնի վրայ եւ անոնց կատարած ծառայութիւններուն հայ համայնքին մէջ:

Երկու տարի ետք, երբ բժշկական դպրոցի երկրորդ տարուան ուսանող էի, տոքթ. Գեղարդ նամակով մը իմացուց հետեւեալը.  «Ասկէ ետք եւ մինչեւ շրջանաւարտ ըլլալդ «Բժիշկ» ամսաթերթը պիտի ստանաս անվճար` նկատի ունենալով ուսանողի հանգամանքդ»: Մեծ էր ուրախութիւնս այս անակնկալին համար, որովհետեւ այս մեծհոգի տոքթ. Գեղարդը, քաջ գիտնալով բժշկական ուսանողի մը նիւթական դժուարութիւնը, կայացուցած էր շատ ազնիւ որոշում մը: Պատասխանեցի տոքթ. Գեղարդին` շնորհակալութիւնս յայտնելով իր վսեմ մօտեցումին համար: Այդ օրէն սկսեալ անքակտելի կապ մը ստեղծուեցաւ մեր երկուքին միջեւ: Միշտ կը հետաքրքրուէր ինձմով եւ կը հարցնէր` «Ե՞րբ պիտի վերջացնես մասնագիտութիւնդ եւ սկսիս գրելու «Բժիշկ»-ին մէջ»:

1969-ի յուլիսին, աւարտելէ ետք «քիթ, կոկորդ, ականջ» մասնագիտութիւնը, հաստատեցի անձնական դարմանատունս եւ սկսայ աշխատիլ մասնագիտութեանս ծիրէն ներս: Սակայն նախքան գործի սկսիլս` այցելեցի Պէյրութի հայ  բժիշկներէն եւ ատամնաբուժներէն շատերուն` փոխադարձ ծանօթացում հաստատելու համար եւ իմացնելու անոնց, որ շուտով պիտի սկսէի գործել որպէս «քիթ, կոկորդ, ականջ» հիւանդութիւններու մասնագէտ: Ուստի ժամադրութեամբ այցելեցի տոքթ. Գեղարդին ալ` իր դարմանատան մէջ: Արժանացայ սիրալիր ընդունելութեան: Երբ  բացատրեցի այցելութեանս նպատակը, ան ըսաւ. «Յարգելի մասնագէտ բժիշկ Կարպիս Հարպոյեան, բարի գալուստ լիբանահայութեան ծոցին մէջ, վստահ եմ` մեծ յաջողութիւն պիտի ունենաս ասպարէզիդ մէջ, ես եւ ինծի նման գործակիցներ զօրավիգ պիտի կանգնինք քեզի: Սակայն գիտցիր` հայ շրջապատը պէտք ունի քու եւ քեզի նման նորածիլ եւ արժանաւոր բժիշկներու ծառայութեան, ու կը խնդրեմ, որ մասնակցութիւնդ բերես «Բժիշկ» ամսաթերթին բժշկական գրութիւններովդ»: Հրաժեշտ առի երէց եղբայր եւ գործակից տոքթ. Գեղարդէն` հասկնալով իր հոգիի մեծութիւնը եւ ազնուութիւնը:

Տարի մը ետք գրեցի առաջին անգամ ըլլալով «Բժիշկ» ամսաթերթին մէջ: Ճիտիս պարտքն էր, որ կը կատարէի: Այսպէս, սկսայ գրել մեր շատ սիրելի «Բժիշկ»-ին մէջ: Գրելու առաջին քայլերս առի հոն: «Բժիշկ»-ը եղաւ ինծի համար դպրոց մը, որպէսզի գրէի հայերէնով: Անոր միջոցով ուռճացաւ բժշկական հայերէն բառամթերքս: Ամէն անգամ որ գրութիւն մը ղրկէի «Բժիշկ»-ին, տոքթ. Գեղարդ շուտով կը զանգէր եւ իր շնորհակալութիւնը կը յայտնէր:

Վա՛րձքդ կատար` մեզմէ առ յաւէտ բաժնուած սիրելի տոքթ. Գեղարդ:

Մոնրէալ, 4 սեպտեմբեր 2017

«Խոհ Ամանորի`
Բարոյական Պարտաւորութիւնը»

Բնութեան անյայտ ու բացայայտ օրէնքներու հետեւանք` անբնական, կամ ալ արգահատանք շարժող տխեղծ ծնունդներու կը հանդիպիք երբեմն:

Աւելի ստուար թիւ մը կը ներկայացնեն անոնք, որոնք կը ծնին քաջառողջ, ապա միայն, այս կամ այն տարիքին, անզգուշութիւններու, արդի կեանքը գերեվարող անզուսպ թեքնիքին զոհ կու տան իրենց մարմնին մէկ մասը. արկածահարներ, որոնցմէ ոմանք անկար կը մնան ցմահ:

Իսկ անհաշուելի են անոնք, որոնց դերբուկ ջիղերը չեն տոկար ընկերութեան թերիներուն, որոնց մտա-հոգեկան հաւասարակշռութիւնը կը խախտի ի լուր ռումբերու, հրազէններու դժոխաշունչ պայթիւններուն, ի տես պատերազմի սահմռկեցուցիչ աւերներուն: Եւ ուրիշներ, վերջապէս, որոնք տխուր բարքերու զոհ, յառաջացեալ տարիքի մէջ կը լքուին իրենց թշուառ առանձնութեան:

Անհատապէս կամ հաւաքական կազմակերպութեամբ, այլ նաեւ պետական միջոցներով մարդը, որ յաճախ ի՛նք իսկ է վերոյիշեալ ողբերգութիւններուն հեղինակը, բարեսիրական զգացումներէ առաջնորդուած` օգնութեան կը փութայ, առհասարակ, դժբախտ իր նմանին` վերադարձնելու համար զայն բնական կեանքի գիրկը, կամ գէթ` մխիթարելո՜ւ, թեթեցնելո՜ւ անոր ուսին ծանրացող տառապանքի խաչը:

Մարդկային պարտականութիւն է անկասկած` մարդը գազանէն զանազանող եւ քաղաքակրթութեան բարենիշ` մարդէ դէպի մարդ այս վերաբերումը:

Կայ, սակայն, ժամանակաւորապէս թէ ընդմիշտ կեանքի փակագծին մէջ մտած պարագաներու այլ խումբ մը, որուն կը սեւեռի, որուն վրայ կանգ կ՛առնէ հուսկ` երախտալիր մեր ակնարկը: Խումբը այն երիտասարդներուն, որոնց երակները չեն սահմանափակուիր իրենց մարմնին մէջ, այլ սրտէն կը տարածուին դէպի իրենց շրջապատը, կ՛ոռոգեն հողը վասն կենսաւորման եւ կենսաբաշխ աւիւն կը մատակարարեն այդ հողին վրայ ապրող համաքաղաքացիներուն, արիւնակիցներուն: Ա՛յն երիտասարդները, որոնք անձնուրաց խանդավառութեամբ եւ անշահախնդիր խիզախութեամբ կ՛ընծայաբերեն իրենց սիրտն ու արիւնը` երաշխաւորելու համար իրենց հաւաքականութեան, համայնքին եւ հայրենիքին գոյատեւումը: Երբեմն կը խաւարի յաւէտ իրենց կեանքին կանաչ արեւը: Յաճախ ալ կ՛իյնան անոնք լուսողող այդ ճամբուն վրայ` կիսամեռ, կամ հաշմանդամ:

Ժողովուրդը գերագոյն նպաստ մը ունի հող ու հայրենիք, մարդ ու սրբավայր փրկագործած նման անձնազոհերու հանդէպ: Եւ այդ պարտքը այլեւս մարդասիրութիւն մը չէ, ոչ ալ` մարդկային պարտականութիւն մը, այլ պարզապէս` բարոյական պարտաւորութիւն մը, հաւաքականութեան մը ապագան երաշխաւորող գիտակցութեան չափանիշ մը:

Նոր տարուան զանգերը չհնչած` յիշենք բոլոր անոնք, որոնք պէտք ունին մեր խինդին, մեր գորովին: Մանաւանդ չմոռնանք, միշտ մտաբերենք անոնք, որոնք իրենց լաւագոյնն ու գերագոյնը զոհաբերեցին, որպէսզի ուրիշներ շնչեն տակաւին:

Շնորհաւո՛ր Նոր տարի, նոր բարի բոլորին:

Յ. Գ.

Հերթական Զգայապատրանք Ազրպէյճանում. Կամ` Ինչպէ՞ս Ծիտը Երազում Կորեկ Տեսաւ

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Ինչպէս յայտնի է, զգայապատրանքը լատիներէն hallucinatio արտայայտութեան իմաստային թարգմանութիւնն է հայերէնում: Ունենք մի շարք հոմանիշներ` զգայախաբութիւն, մտապատրանք, մտատեսիլք, բանդագուշանք, ցնորք, զառանցանք եւ այլն: Զգայապատրանք են այն  մտապատկերները  (կեղծ ընկալումները), որոնց  համապատասխանող առարկաներ շրջապատում չկան, բայց մարդուն թւում է, որ իր  ընկալումներն  իրական են:

Եւ ահաւասիկ` տասնամեակներ ի վեր նոյն այդ թուացեալ ընկալումներով է ապրում ազրպէյճանական հանրութիւնը, մանաւանդ` նրա քաղաքական ղեկավարութիւնը: Եւ առաջին անգամը չէ, ինչ մեր չարակամ հարեւանների հանրային-պետական երկնակամարում քաղցր երազների պէս զգայապատրանքներ կամ պարզապէս պատրանքներ են սաւառնում` իբր թէ ահա-ահա Արցախը սկուտեղի վրայ Պաքուին մատուցելու մասին: Ճիշդ այն, ցաւօք,  իրական սկուտեղի պէս, որի վրայ գրեթէ հարիւր տարի առաջ` 1921թ. յուլիսի 5-ին, Ռուսաստանի համայնավարական (պոլշեւիկեան) կուսակցութեան Կովկասեան բիւրոյի ապօրինի որոշմամբ, «պոլշեւիկեան գաղափարներով նոյնպէս տոգորուած անկեղծ բարեկամի» քղամիդ հագած  քեմալական Թուրքիայի յորդոր-պարտադրանքով,    հայոց պատմական Արցախ-Ղարաբաղը կամայականօրէն մատուցուեց ու բռնակցուեց Ազրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանը` յանձնելով նրա  իրաւասութեանը: Բայց ժամանակները փոխուել են: Այլեւս պատմութեան փոշուն է յանձնուած Խորհրդային Միութիւնը` միակուսակցական կառավարման իր բռնապետական համակարգով: Իսկ դարավերջին հռչակուած նորանկախ Ազրպէյճանի Հանրապետութիւնը, հրաժարուելով իր խորհրդային անցեալից, շտապել է իրեն յայտարարել Ազրպէյճանի Ա. Հանրապետութեան իրաւաժառանգորդ, գոյութեան ընդամէնը երկու տարուայ ընթացքում այդպէս էլ միջազգային ճանաչման չարժանացած  մի  արհեստածին պետական կազմաւորման, որի չորոշարկուած սահմանների մէջ հայկական Արցախը երբեւէ չի մտել: Հետեւապէս, յայտարարելով պետական անկախութեան հռչակման մասին եւ, ըստ այդմ, հրաժարուելով խորհրդային իրաւաժառանգութիւնից,  Ազրպէյճանական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած իր այդ որոշմամբ, փաստօրէն, միաժամանակ հրաժարուել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ խորհրդային Ազրպէյճանի իրաւասութիւնից: Կամայ թէ ակամայ` էական չէ: Էականն այն «կոտրած տաշտակն» է, որի կողքին իր համար պատմական այդ փաստաթղթի  ընդունման օրից ի վեր յայտնուել է նորանկախ Ազրպէյճանը եւ առ այսօր, ժողովրդական բառ ու բանով ասած, ծնկներն է ծեծում թոյլ տուած անշրջահայեաց իրաւական քայլի համար: Բնականաբար չի յապաղել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին որոշումը, որ նոյն տարուայ սեպտեմբերի 2-ին ընդունեց ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի ենթաշրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ, ընդ որում` ԽՍՀՄ օրէնսդրական կանոններին, ինչպէս նաեւ միջազգային իրաւական փաստաթղթերում ամրագրուած ժողովրդի ինքնորոշման իրաւունքին համապատասխան: Իրականում, փլուզուած խորհրդային կայսրութեան տարածքի անդրկովկասեան այդ հատուածում` արեւմտեան մերձկասպեան, գրեթէ երեք օրուայ տարբերութեամբ կազմաւորեցին երկու անկախ, ինքնիշխան պետութիւններ` Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնները: Իրադարձութիւնների հետագայ ընթացքն ակնյայտ ցոյց տուեց, որ թէ՛ խորհրդային եւ թէ՛ յետխորհրդային Ազրպէյճանի քաղաքական շրջանակներում իսպառ բացակայում են բանական մարդուն` հոմոսափիենսին, բնութագրող այնպիսի կարեւորագոյն յատկանիշներ, ինչպիսիք են`  մարդասիրութիւնը, կշռադատ ողջամտութիւնն ու հեռատեսութիւնը: Մանաւանդ` ազգամիջեան եւ միջպետական, ի մասնաւորի` դրացիական յարաբերութիւններում: Հակառակ դէպքում, այսինքն` այդ յատկանիշների առկայութեան պարագայում, ազրպէյճանական իշխանութիւնները հազիւ թէ 1988-1990թթ. դիմէին այդ այսրկասպեան տարածքի, ընդ որում` ի սկզբանէ ԱդրԽՍՀ պետականակիր ժողովուրդներից մէկի` կէս միլիոնից աւելի հայ  ազգաբնակչութեան զանգուածային ջարդերին ու բռնատեղահանմանը, որ, յանցակազմի ամբողջութեան մէջ, ոչ այլ ինչ էր, քան` միջազգային իրաւական օրէնքով խիստ անթոյլատրելի ու պատժելի ցեղասպանութեան աքթ: Ըստ երեւոյթին, գիշատչական ոգեշնչման աղբիւր եւ իրաւական անպատասխանատուութեան հիմք է ծառայել Արեւմտեան Հայաստանում եւ օսմանեան Թուրքիայի այլ տարածքներում  1915-1923թթ. երիտթուրքական ու քեմալական կառավարութիւնների իրագործած եւ առ այսօր միջազգային համընդհանուր ու վերջնական  դատապարտում չստացած հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը պատմական հայրենիքում: Ապա` հազիւ թէ պաշտօնական Պաքուն դիմէր հետագայ ծայրայեղ, ըստ էութեան, արկածախնդրական քայլի, նոյնպէս` նորահռչակ պետականութեան տէր դրացու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ  լայնածաւալ պատերազմի սանձազերծման, նպատակ հետապնդելով զաւթել Արցախի տարածքները` արցախահայութեան բնաջնջման կամ նուազագոյնը` համատարած հայաթափման գնով:

Բայց նախախնամութիւնը մեր տարաբախտ հարեւանների` ազրպէյճանցիների պարագայում, գերադասել է օժտել մարդկային ցեղի դրական յատկանիշների հանրագումարից երեւի թէ գէթ մէկով` առաւելապէս  արագ վազելու ունակութեամբ, ինչի ականատեսը եղանք թէ 90-ականների քառամեայ եւ թէ անցեալ տարուայ քառօրեայ պատերազմի ժամանակ, երբ ազրպէյճանական զինուորները զարմանալիօրէն արագ վազքով գրոհում էին հայկական դիրքերը եւ նոյնքան` ոչ պակաս մարաթոնեան արագավազութեամբ փախուստի դիմում` ճողոպրելով հայրենի եզերքի պաշտպանութեանն ի զէն ելած հայ կամաւորական ջոկատների, ապա եւ Արցախի Պաշտպանութեան բանակի զօրամասերի հուժկու հարուածներից:

Եւ քանի որ բնութեան մէջ պատահական ոչինչ չի լինում եւ ինչ լինում է` կատարւում է զուտ պատճառահետեւանքային յաջորդականութեան շղթայում, ուստի եւ, նոյն այդ տրամաբանութեամբ պայմանաւորուած, Ազրպէյճանը յաջորդաբար ձախողուեց դէպի Արցախ իր այդ ամենեւին էլ ոչ մարզական վազքի փորձերում, միով բանիւ` չարաչար տանուլ տուեց իր իսկ նախաձեռնած ու սանձազերծած արիւնահեղ ու աւերիչ պատերազմում: Մեզ` արցախցիներիս համար արդիւնքները, Ազրպէյճանի համար հետեւանքները յայտնի են: Յայտնի են ոչ միայն երկուստեք: Նաեւ` միջազգային հանրութեան, կարելի է ասել` համայն աշխարհի համար: Այնպէս որ, չմանրամասնենք դրանք:

Պարզապէս արձանագրենք, որ անյաջողութեան մատնուելով ուժի կիրառման իր արկածախնդրական քաղաքականութեան մէջ ու երեւի թէ վերջապէս գիտակցելով, որ ռազմական ճանապարհով հազիւ թէ կարողանայ ծնկի բերել հպարտ ու անսասան արցախահայութեանը, առաւել եւս, որ հերթական լայնածաւալ պատերազմը կարող է նոր ծանր հետեւանքների առաջ կանգնեցնել իրեն` եւս մի քանի շրջանի կորստի տեսքով, Ազրպէյճանը շարունակաբար մտահայեցողաբար անդրադառնում է 1921-ի «սկուտեղի» տարբերակին, պատրանքներով լեցուն յոյսեր կապելով մերթ` մահմետական պետութիւնների տարաբնոյթ դաշինքների, մերթ` գերտէրութիւնների ազդեցութեան հետ:

Վերջին զգայապատրանքը, պարզւում է, կապուած է, այսպէս կոչուած, «Փութինի ծրագրի» հետ: Մինչ այդ, ինչպէս յայտնի է, ազրպէյճանական քաղաքական եւ փորձագիտական հարթակներում որպէս այդպիսին քննարկւում էր, դարձեալ այսպէս կոչուած, «Լաւրովի ծրագիրը»: Իբր թէ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովը մշակել է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ծրագիր, որը Պաքուի մատուցմամբ փորձագիտական շրջանակներում սկսեց շրջանառուել «Լաւրովի ծրագիր» անուամբ: Խօսքը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ին յարակից եւ ազրպէյճանա-ղարաբաղեան առաջին պատերազմի տարիներին Արցախի Պաշտպանութեան բանակի հակայարձակողական գործողութիւնների արդիւնքում եօթ ազատագրուած շրջաններին, որոնք իբր թէ ենթադրւում է Մոսկուայի պարտադրմամբ զիջել Ազրպէյճանին` վերջինիս դրդելով միանալ Եւրասիական տնտեսական համագործակցութեանը: Սակայն պատրանքն այդ երկար չտեւեց, քանզի իրականում զանգուածային լրատուամիջոցներում լայն քննարկման առարկայ դարձած այդ փաստաթուղթը հրապարակուած չէ ոչ մի տեղ եւ, ի խորին հիասթափութիւն Պաքուի,  որպէս այդպիսին գոյութիւն չունի, այլ կերպ ասած` ո՛չ ամանը կայ եւ ոչ էլ` ամանում թէկուզ կորեկի մի հատիկ, ինչը հաստատեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը` իր պաշտօնական ներկայացուցչի միջոցով: Պարզից էլ պարզ էր, որ նման քայլով Մոսկուան ոչինչ չէր շահի: Ընդհակառակը, ինչպէս դիտարկում է ռուս յայտնի քաղաքական վերլուծաբան Սթանիսլաւ Թարասովը, այդպիսով իսկ Մոսկուան Երեւանին իսկոյն եւեթ կը վանէր իրենից, կը նպաստէր Հայաստանում  արեւմտամէտ կողմնորոշման ամրապնդմանը, միեւնոյն ժամանակ ոչ մի կերպ չէր կարող դադարեցնել Եւրամիութեան եւ Միացեալ Նահանգների հետ Ազրպէյճանի` տարիներ ի վեր կարգաւորուած հաղորդակցական-ուժանիւթային գործընկերութիւնը: Փորձագէտի գնահատմամբ,  ամէն դէպքում հակամարտութեան արագացուած լուծումը, ընդ որում` նրա մասնակիցների թիկունքում, առանց նրանց կողմից փոխզիջումների, նոր ռիսքեր կը ստեղծէր ամբողջ Անդրկովկասում եւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի համար:

Եւ ահաւասիկ վերջերս սկսել է շրջանառուել «սկուտեղով մատուցման» հերթական զգայապատրանքը` «Փութինի ծրագիրը»: Թէ ի՛նչ է այն պարունակում` երեւի թէ բացի Պաքուի քաղաքական գործիչներից ու փորձագէտներից, ոչ ոքի յայտնի չէ, անգամ` հնարաւոր է նաեւ անձամբ նախագահ Վլատիմիր Փութինին: Բայց թէ ինչո՛ւ այդ պատրանքային «սկուտեղի» անունը կայ` ամանում չկայ, պարզւում է` ահա թէ ինչո՛ւ: Ինչպէս յայտնի է, հոկտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ  Ռեճեփ Էրտողանը, ժամանելով Ազրպէյճան` մասնակցելու համար Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի հանդիսաւոր բացման արարողութեանը, դեռեւս ինքնաթիռում լրագրողներին յայտարարել էր, թէ շուտով Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ եւ, ի շարս երկուստեք հետաքրքրող խնդիրների, քննարկելու է նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցը եւ խնդրելու է նրա ազդեցիկ միջամտութիւնը, քանզի, ըստ նրա, կարգաւորման բանալին միայն Փութինի ձեռքում է գտնւում: Ընդամէնը այդքանը: Բայց այդքանը բաւական էր, որպէսզի Պաքւում մեծ յոյսեր կապէին այդ, չակերտաւոր ասած, «պատմական» հանդիպման հետ: Երկու նախագահների հանդիպումը, ի հարկէ, կայացաւ: Նոյեմբերի 11-ին: Սակայն, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, բանակցութիւնների օրակարգում բացառապէս սիրիական թնճուկն էր եւ Ռուսաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների տակաւին չհարթուած կնճիռները, իսկ ահա ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան մասին խօսք անգամ չկար: Տունդարձի ճանապարհին միայն Թուրքիայի նախագահը լրագրողներին խոստովանեց, որ Փութինի հետ հանդիպմանը, իրօք, շօշափել է այդ հարցը, սակայն հիասթափուած է, քանզի հասկացել է, որ Ռուսաստանի նախագահին այն սակաւ է հետաքրքրում: Պարզուել է նաեւ, որ հարցի շուրջ երկու նախագահների զրոյցը տեղի է ունեցել ոչ թէ ընդլայնուած կազմով բանակցութիւնների ընթացքում, այլ, ինչպէս վկայում է Ռուսաստանում Թուրքիայի  դեսպան Հիւսէյն Տիրիոզը, նրանց դէմ առ դէմ առանձնազրոյցի ժամանակ:

Սակայն երեւակայական «Փութինի ծրագրի» վառած կրակը դեռ լրիւ չհանգած` տեղի ունեցան Ռուսաստանի արտաքին գործոց նախարարի պաշտօնական այցերը, նախ Պաքու, ապա` Երեւան, որոնք կապուած էին, համապատասխանաբար, ռուս-ազրպէյճանական եւ ռուս-հայկական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի հետ: Դա բաւական էր, որպէսզի Պաքուի փորձագիտական շրջանակներում Ռուսաստանի թիւ մէկ դիւանագէտի այցերն ընդունուէին որպէս Պաքուին եւ Երեւանին «Փութինի ծրագիրը» ներկայացնելու միջոց: Ինչ վերաբերում է դիւանագիտական յարաբերութիւնների յոբելեանական տարեդարձին, ապա այն իբր թէ միայն պատրուակ էր այցի հիմնական նպատակը քողարկելու համար: Այսինքն սկուտեղը կայ, առկայ է նաեւ սկուտեղի «պարունակութիւնը», եթէ ոչ ամբողջական Արցախի, ապա թէկուզ նրա մի մասի` նախկին ԼՂԻՄ-ի յարակից շրջանների տեսքով, մնում է միայն համբերատար սպասել եւս մի փոքր ժամանակ, եւ վերջապէս կ՛ազդարարուի մատուցման հանդիսաւոր պահը:

Ժողովրդական առածն ասում է` ծիտը երազում կորեկ տեսաւ: Բայց զգայապատրանքն  այն դէպքը չէ, երբ քնած վիճակում մարդիկ երազ են տեսնում ու երազում ի յայտ է գալիս այն ամէն ցանկալին, ինչ երեւակայում ես օր ցերեկով` արթուն ժամանակ: Ազրպէյճանական հանրութեան պարագայում այլ իրողութիւն է` զգայապատրանքը: Բանն այն է, որ, ի տարբերութիւն քնի մէջ տեսած երազի, այն սովորաբար առաջ է գալիս, երբ մարդն արթուն է: Առողջապահութեան բնագաւառի մասնագէտները հաստատապէս կարող են վկայել` ֆրանսացի յայտնի հոգեբուժ, հոգեբուժութեան առաջին գիտական աշխատութեան հեղինակ, բնագաւառի բարեփոխիչ Ժան-Էթիեն Տոմինիք Էսքիրոլի բնորոշմամբ, ով  տակաւին 1817թ. է առաջին անգամ շրջանառութեան մէջ դրել hallucinatio եզրոյթը,  զգայապատրանքն առաջանում է խիստ յոգնածութեան, ոգելից խմիչքների, հոգեմետ նիւթերի օգտագործման եւ որոշ հոգեկան ու նեարդային հիւանդութիւնների դէպքերում: Ասել է թէ` սա արդէն կարելի է ամենայն վստահութեամբ ախտորոշել որպէս լուրջ հիւանդութիւն, որով ախտահարուած է Հարաւային Կովկասի այդ  մերձկասպեան երկրի, յուսանք,  եթէ ոչ ամբողջական հանրութիւնը, ապա նրա մի զգալի մասը, առաջին հերթին` ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ու, այսպէս կոչուած, «քաղաքագիտական շրջանակները»:

 

 

 

Հայոց Ցեղասպանութեան Ժամանակ Հայ Կիներու Մարմիններու Դաջուածքներու Խճճուած Պատմութիւնը

$
0
0

Բնագիտական թանգարանի «Դաջուածքներ» խորագիրով նոր ցուցահանդէսին մէջ թանաքը մարմնին վրայ բազմաթիւ ձեւեր կը ստանայ: Շրջիկ ցուցահանդէսը, որ սկիզբ առած է Փարիզի Ժաք Շիրաքի անուան նախնական արուեստներու թանգարանէն, կ՛ուսումնասիրէ հազարամեակներու պատմութիւն ունեցող նշանները` սկսած հնագոյն ժամանակներու ցեղային միութեան մէջ գոյութիւն ունեցող նշաններէն, որոնք գոյնզգոյն պատկերներով կը զարդարէին բնիկներու մաշկը, մինչեւ ներկայիս Լոս Անճելըսի մէջ տարածում գտած դաջուածքները: Կան դաջուածքի տեսակներ, որոնք ինքնարտայայտման նշան են, ոմանք ցոյց կու տան, որ մարդը այս կամ այն խումբի անդամ է, ոմանք ալ պատիժի ձեւ եղած են: Բացի այդ` կայ նաեւ հալէպցի կնոջ 1919 թուականի  լուսանկարը: Անոր մարմնին դաջուածքները կը սկսին դէմքէն ու կ՛իջնեն մինչեւ պարանոց, ինչ որ կ՛երեւի անոր կիսաբաց վերնաշապիկին տակէն:

Կնոջ անունը յայտնի չէ, սակայն նկարը բացատրող մակագրութեան մէջ մասամբ ներկայացուած է անոր պատմութիւնը: Ան հայ եղած է ու Երիտասարդ կիներու քրիստոնէական հաստատութեան շնորհիւ` կրցած է փախչիլ հասարակաց տունէն: Մակագրութեան մէջ կը նշուի նաեւ, որ Հայոց ցեղասպանութեան ժամանակ կիները գերեվարած են ու ստրկացուած, կամ անոնց ստիպած են մարմնավաճառութեամբ զբաղիլ, դաջուածքներն ալ ըրած են, որ տարբերակեն զանոնք: Ատիկա խորապէս վրդովեցուցիչ նկար է, փոքրիկ պատմութիւն մը, որ մէկն է այն անժխտելի փաստերէն, որ Օսմանեան կայսրութեան մէջ տեղի ունեցած է ցեղասպանութիւն, որ մինչ օրս կը ժխտուի Թուրքիոյ մէջ:

Նոյնիսկ այն պարագային, երբ դուն հայ ես, երբ Հայոց ցեղասպանութենէն մազապուրծ եղածի ժառանգ ես, այդ դաջուածքները կրնան խորապէս յուզել քեզ: Դուն կը մեծանաս` լսելով մահուան երթերու ու այլ գազանութիւններուն մասին: Սակայն դաջուածքներու մասին այդ պատմութիւններէն շատերու մէջ չի խօսուիր: 2011 թուականին բեմադրիչ Սիւզան Խարտալեան այդ թեման ներկայացուցած է «Մեծ մօրս դաջուածքները» ժապաւէնին մէջ: Այն փաստավաւերագրական ժապաւէն է, որ հետագային «Ժազիրա» հեռուստաընկերութիւնը հեռարձակած է իր «Ականատեսները» ֆիլմաշարով: Ժապաւէնը անհատական պատմութիւն է, որ աւելի շատ կը ներկայացնէ Ցեղասպանութեան ձգած հոգեբանական հոգեխոցի հետեւանքները: Հարցը, թէ ինչո՞ւ կիներուն վրայ դաջուածքներ ըրած են, կը մնայ անպատասխան: Ատիկա գուցէ նաեւ այն պատճառով է, որ չկայ որեւէ ճշգրիտ պատճառ: «Ամէն կնոջ պատմութիւնը տարբեր է», հեռախօսազրոյցի ժամանակ ըսած է Էլիզ Սեմերճեանը: Սեմերճեանը պատմաբան է, որ ուսումնասիրած է Օսմանեան կայսրութեան պատմութիւնը, ան Ուաշինկթընի Ուիթմըն քոլեճի փրոֆեսէօր է եւ ներկայիս կ՛աշխատի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գիրքի մը ու  սեռային (գենդերային) հարցերուն շուրջ: Գիրքին մէկ մասը կը կազմէ նաեւ Ցեղասպանութեան ժամանակ հայ կիներու մարմնին եղած դաջուածքներու  վերաբերեալ հետազօտութիւնը:

Սեմերճեանը կ՛ըսէ, որ այդ դաջուածքները օգտագործուած են Օսմանեան կայսրութեան գիւղական համայնքներուն մէջ ցեղային տարբեր խումբերու կողմէ, յատկապէս` քիւրտերու եւ արաբներու: Ան աւելցուցած է նաեւ, որ  որոշ կիներ կը տանէին տնային տնտեսութիւններ` որպէս ստրուկներ, միւսներն ալ կը դարձնէին տան անդամներ: «Դաջելու աւանդական ձեւեր կային, որոնք կը կրէին այդ համայնքներու կիներ», կ՛ըսէ ան:  «Կային նշաններ, որոնք ցեղախումբերուն մէջ աւանդաբար կը դաջէին այս կամ այն դէպքերու պարագային: Ատիկա կը նշանակէ, որ այդ համայնքներու կիներ ունեցած են նոյն դաջուածքներէն, այսինքն հայ կիներ միակը չեն եղած, որ ունեցած են դաջուածքներ»:

Այդ պատճառով ալ կը բարդանան հայ կիներու վրայ եղած դաջուածքներու պատմութեան  վերծանումը: Ատոնք որպէս պատիժի միջոց դիտարկելն ալ մակերեսային մօտեցում է: Ըստ մարդաբան եւ լուսանկարիչ Լարս Քրուտակի, որ  ուսումնասիրած է դաջուածքները ու եղած է «Դաջուածք. ցուցահանդէս»-ի  խորհրդատուներէն մէկը,  աշխարհի տարբեր ծայրերու մէջ դաջուածքներու ունեցած նշանակութիւններու մասին օրինակներ կը բերէ հին Չինաստանէն ու եւրոպական երկիրներէն: Ներկայի ազգերէն համեմատութիւններ կարելի է տանիլ Ողջակիզման ժամանակ հրեաներու դաստակներուն եղած դաջուածքներուն հետ:

Այնուամենայնիւ, նման համեմատութիւնը խնդրայարոյց է: Օսվենցիմի համակեդրոնացման ճամբարին մէջ պահնորդական ջոկատներու ղեկավարները առաջարկած են բանտարկեալներու վրայ տարբերանշաններ ընել: Սեմերճեանը կը նշէ, որ դաջուածքները Օսմանեան կայսրութեան կողմէ հայերու վրայ յարձակումներու ժամանակ որպէս գործիք չեն օգտագործուած: Որոշ դէպքերու, այս դաջուածքներն իսկապէս օգնած են հայ կիներուն` փրկուելու մահէն: Սեմերճեանն իր հետազօտութեան ժամանակ յայտնաբերած է նաեւ նման դէպքեր: Դաջուածքները երկար ժամանակ օգտագործուած են որպէս տարբերանշան. անոնք երբեմն ցոյց տուած են, որ անձը այս կամ այն ցեղային խումբի անդամ է: Այս հարցին վերաբերեալ Քրուտակն ընդհանուր առմամբ կ՛ըսէ. «Դաջուածքները կը ձեւաւորուէին այնպէս, որ ցոյց տան որեւէ խումբի պատկանելութիւնը, քանի որ բոլորը կը կրէին նախնիներէն ժառանգած ու սերունդէ սերունդ փոխանցուող նշաններ: Եւ եթէ անձը մէկ անգամ կը կրէ այդ նշանը իր մարմնին վրայ, ան կը դիտարկուի որպէս այդ ընտանիքի կամ համայնքի անդամ»:

Այդ տեսանկիւնէն հայ կիներուն մարմիններուն վրայ եղած դաջուածքներով փորձած են ցոյց տալ, որ անոնք կը պատկանին այս կամ այն ցեղային խումբին, որ պիտի չբնաջնջուէր, բայց այդ նաեւ կը թաքցնէր անոնց իրական ազգային պատկանելութիւնը: «Ինծի համար հետաքրքրական է նաեւ, որ դաջուածքները օգտագործուած են տարբեր մակարդակներու վրայ,- կ՛ըսէ Սեմերճեանը: – Ատիկա ցոյց կու տայ, որ դաջուածքներ ունենալը որոշ պարագաներուն կրնայ քողարկել մարդը որոշ ժամանակ, յատկապէս` այն ընթացքին, երբ որոշած էին հայերը բնաջնջել»:

Ան կ՛աւելցնէ. «Այս մարդուն մէջ կը յառաջանայ ուժեղ զգացողութիւն, թէ այդ դաջուածքները, ըստ էութեան, ցոյց կու տան մարդու ազգային պատկանելութիւնը: Ես կը կարծեմ, որ ատիկա հայերուն մէջ կը ստեղծէ զգացմունքային ուժեղ հակազդեցութիւն, որովհետեւ ատիկա կը նշանակէ ջնջել  հայկական ինքնութիւնն ու ընդունիլ նոր ինքնութիւն. այն ինքնութիւնը, որ դաջուած է դէմքին»:

«Երբ Ա. Համաշխարհային պատերազմը աւարտեցաւ, եւ որոշ հայ կիներ կրցան միաւորուիլ իրենց համայնքներուն հետ, անոնց դաջուածքները մնացին: Սեմերճեանը կը նշէ, որ որոշ կիներ շպարի միջոցով կը փորձէին թաքցնել Ցեղասպանութեան ժամանակ եղած անջնջելի դաջուածքները կամ կ՛ենթարկուէին  յատուկ բուժումներու, որոնց միջոցով կը փորձէին ազատիլ այդ դաջուածքներէն: Սեմերճեանը կ՛ըսէ. «Անոնք չեն առանձնացուած հասարակութենէն: Անոնք, հնարաւոր է, իրենք զիրենք խարանուած ու օտարուած զգացած են, որովհետեւ իրենց վրայ կը կրէին այդ նշանները, բայց անոնք ընտանիքներ ունէին, ուր զիրենք չէին առանձնացներ մնացած հայերէն: Այնուամենայնիւ, հոգեբանօրէն ասոր ձգած ազդեցութիւնը շատ դժուար է վերացնել»:

Սեմերճեանը ուսումնասիրած է բազմաթիւ արխիւներ, որոնց մէջ` Միացեալ Նահանգներու Ազգերու լիկայի արխիւը, որպէսզի գտնէ լուսանկարներով փաստաթուղթեր դաջուածքներու վերաբերեալ, սակայն գտնելու շատ բան չէ եղած: Ան կ՛ըսէ, որ ամէն պարագայի հայ կիներուն վրայ դաջուածք ընելը Ցեղասպանութեան տարիներուն համընդհանուր բնոյթ չէ կրած, բայց գոյութիւն ունեցող նկարներն ու պատմութիւնները վեր կը հանեն Ցեղասպանութեան եւս մէկ ողբերգական կողմը: Ա. Աշխարհամարտի տարիներուն դաջուածք ունեցող շատ քիչ թիւով հայ կիներ յաջողած են  փրկուիլ,- կ՛ըսէ ան.- սակայն մարմնի վրայ դաջուածք ունեցող կիները կը գրաւեն մեր ուշադրութիւնը, քանի որ այդ երեւոյթը շատ բան կ՛ըսէ բռնի ձուլումի մասին: Ա՜խ այդ բռնի ձուլումը»:


ԼՕԽ-Կամաւորներու Օրուան Նշում. «Նոր Սերունդը Պէտք Է Այս Կամ Այն Ձեւով Մօտեցնենք Մեզի Եւ Պատրաստենք Կամաւոր Աշխատանքի», Հաստատեց Տոքթ. Իշխան Եղիայեան

$
0
0

Հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի եւ կազմակերպութեամբ ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան քարոզչական յանձնախումբին, շաբաթ, 9 դեկտեմբեր 2017-ին, առաւօտեան ժամը 10:00-ին Մարաշի հայրենակցական միութեան սրահին մէջ տեղի ունեցաւ «Կամաւորներու օր»-ուան նուիրուած հանդիսութիւն:

Լիբանանի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու ունկնդրութենէն ետք, քարոզչական յանձնախումբին անունով խօսք առաւ Ծովակ Թազեան-Թիւթէլեան, որ շեշտը դրաւ կամաւորներուն շնորհակալ, ինքնաբուխ, անշահախնդիր ու անհաշիւ  նուիրումով բացառիկ գործունէութեան վրայ, որուն կատարեալ եւ ուսանելի օրինակներն են Լիբանանահայ օգնութեան խաչի երդիքին տակ համախմբուած եւ գործած ու գործող բոլոր կամաւորները: Ան դիտել տուաւ, որ ԼՕԽ-ի աշխատանքային դաշտը բազմաբնոյթ է, օրինակելի, սերունդներու միջեւ օղակ հանդիսացող,  աւելցնելով, որ այս միութեան պատմութիւնը կը վկայէ, թէ իր հիմնադրութեան օրէն անիկա շահած է ժողովուրդին սէրն ու համակրանքը, նաեւ` ամբողջական վստահութիւնը, իսկ ԼՕԽ-ականները գործած են ամենայն նուիրուածութեամբ, եւ կամաւորներու օրուան առիթով անոնք արժանի են խոր գնահատանքի եւ երախտագիտութեան: «Լիբանանահայ օգնութեան խաչը ահաւասիկ մեր ժողովուրդին դիմաց ճակատաբաց կը կանգնի եւ բոլոր մարտահրաւէրները կը դիմագրաւէ քաջաբար, որովհետեւ ունի կամաւորներու հսկայ բանակ մը: Ա՛յս է ԼՕԽ-ին հարստութիւնը, ուժն ու խորհուրդը: Առանց կամաւորներու նեցուկին, առանց անոնց անսակարկ նուիրումին` վստահաբար ԼՕԽ-ը գոյութիւն իսկ պիտի չունենար», ըսաւ Ծովակ Թազեան-Թիւթէլեան:

Ապա ներկաները դիտեցին տեսերիզ մը` այս տարուան 6 սեպտեմբերին ՀՕՄ-ի կողմէ Արցախի մէջ վերանորոգուած «Սօսէ» մանկապարտէզի բացման հանդիսութեան վերաբերող: Կարեւոր նախաձեռնութիւն մը, որ իր օգտաշատ ներդրումը պիտի ունենայ արցախցիներուն, յատկապէս նորափթիթ սերունդին կեանքին մէջ:

Օրուան  խորհուրդին եւ արժէքին մասին խօսեցաւ տոքթ. Իշխան Եղիայեան, որ նախ լուսարձակի տակ առաւ կամաւորին ինքնութիւնն ու անոր օր նուիրելու երեւոյթը` շեշտելով, որ համաշխարհային մակարդակի վրայ կարեւոր նկատուած է կամաւոր աշխատանք տանողներու եւ բարեսիրական առաքելութիւն ծաւալողներու յատուկ օր տրամադրել, որպէսզի անոնց գործը քաջալերուի եւ թափ տրուի անոր: Բանախօսը տարբեր բառարաններու եւ լեզուներու մէջ կամաւոր բառին մեկնաբանութիւնները կատարելէ ետք հաստատեց. «Ուրեմն մէկ բան յստակ է բոլորիս համար. անձ մը կամաւոր կը  կոչուի եւ իր աշխատանքը կամաւոր կ՛ըլլայ, երբ ան «ազատօրէն,  ինքն իր կամքով ձեռնարկած կ՛ըլլայ մարդկութեան օգնելու աշխատանքին», ըսաւ Ի. Եղիայեան` դիտել տալով, որ կամաւորներուն շնորհիւ` մարդոց կեանքը շատ յաճախ լիովին կը փոխուի:  Ըստ անոր, կամաւորը երբեմն իր կեանքն ալ վտանգի տակ կը դնէ, ընդհանրապէս իր եւ իր ընտանիքին յարգի ժամանակն ալ կը խլէ` այլ մարդոց, անծանօթներու չարչարանքը թեթեւցնելու գնահատելի առաքելութեան ընթացքին:

Այս բոլորին մէջ հայ կամաւորներուն անդրադառնալով` բանախօսը հաստատեց, թէ մենք, որ պատերազմներու, փորձանքներու, հալածանքներու, տեղահանութիւններու եւ, ի վերջոյ,  Ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ ենք, բնականաբար մեր կեանքին մէջ կամաւորներ կը ծնին, կամաւորներու միջամտութեամբ կը փրկուին կեանքեր: Այս ծիրին մէջ ան ամփոփ գիծերու մէջ ներկայացուց ՀՕՄ-ի եւ ԼՕԽ-ի հիմնադրութիւնն ու անոնց ծաւալած ազգանուէր գործունէութիւնը` յիշելով ԼՕԽ-ի կեդրոններն ու մասնաճիւղերը:  «Այս մասնաճիւղերու բեղուն գործունէութիւնը, ընկերաբժշկական կեդրոնի մատուցած որակաւոր ծառայութիւնները, ինչպէս նաեւ լիբանանեան մակարդակով մարդասիրական անվիճելի ներկայութիւնը ժողովուրդին կողքին, կ՛ապացուցեն, որ ան վստահելի, միշտ երիտասարդ, միշտ նորութիւններու հետ քայլ պահող եւ հայ իրականութեան մէջ լայն ժողովրդականութիւն վայելող մեր բոլորիս միութիւնն է»: Տոքթ. Եղիայեան հաստատեց, որ այս բոլորը ըսելէ, ըմբոշխնելէ եւ  հասկնալէ ետք, առանց տատամսելու կարելի է խոստովանիլ, որ դեկտեմբեր 5-ը` Կամաւորներու միջազգային օրը, նաեւ հայ կամաւորներու օրն է, ԼՕԽ-ի կամաւորներու օրը:

Ապա ան հայկական ընդհանուր իրականութեան մէջ եւս կամաւորութեան մասին խօսեցաւ` դիտել տալով, որ մենք  մօտ եւ հեռակայ անցեալին ունեցած ենք կամաւոր նուիրեալներ եւ կարծէք` այս մէկը ազգային նկարագիր է, որովհետեւ փոքր ազգ եղած ենք, թշնամիներով յաճախ շրջապատուած, փոքր հայրենիքի մը մէջ, սահմանափակ միջոցներով: Այս բոլորը պատճառ դարձած  են, որ մենք մեր ձեւերով  լուծենք մեր առօրեայ դժուարութիւնները: «Այսպէս,  մեր նախնիներէն Հայկը կամաւորաբար ընդդիմացաւ Բէլի եւ մերժելով անոր ենթարկուիլ` հիմնեց անկախ երկիր, զոր կոչեց Հայկաշէն կամ Հայք: Սասունցի Դաւիթը կամաւորաբար դիմադրեց Մսրայ Մելիքին եւ պաշտպանեց իր ցեղին իրաւունքը: Գրիգոր Լուսաւորիչ կամաւորաբար ուղղուեցաւ Խոր Վիրապ եւ լուսաւորեց ամբողջ ժողովուրդ մը: Վարդան Մամիկոնեան կամաւորաբար դիմադրեց պարսկական զօրքերուն` գիտնալով հանդերձ իր դառն ճակատագիրը:  Կամաւոր հրամանատարներ` Անդրանիկը, Դրաստամատ Կանայանը (Դրօ), Համազասպը, Քեռին հարիւրաւոր կամաւորներու աջակցութեամբ ժողովուրդի ազատագրութեան համար մարտնչեցան: Չմոռնալով` Խանասոր կերտած կամաւորները, զորս մինչեւ այսօր հպարտութեամբ կը յիշենք: Բայց նաեւ` Կոմիտաս վարդապետը, որ կամաւոր կ’որոշէր մշակոյթ փրկել: Այս բոլորը երեւակայական աշխարհի մը չեն պատկանիր: Մեր առօրեային մէջ ալ կը տեսնենք այս կամ այն հայկական վարժարանին մէջ նուիրեալ կամաւոր ուսուցիչ-ուսուցչուհիներ, որոնք նուիրուած են հայ սերունդ մը դաստիարակելու: Կամ կը տեսնենք կամաւոր ՀՄԸՄ-ական խմբապետ մը կամ վարչական մը, որ տարիներ շարունակ ծառայած է իր սիրելի միութեան` առանց փոխադարձ ակնկալութեան: Կամ կը տեսնենք Համազգայինի անդամներ, որոնց միակ նպատակը մշակոյթի պահպանումն է:     Բոլորիս նպատակը նոյնացած է. սփիւռքի այս դժուար պայմաններուն մէջ մէկը առողջապահութեան նախարարութեան գործը առած է, միւսը երիտասարդական հարցերու նախարարութեան, իսկ երրորդը` մշակոյթի, եւ բոլորը` կամաւոր, կամաւոր», ըսաւ օրուան բանախօսը:

Իր խօսքի աւարտին Իշխան Եղիայեան լուսարձակի տակ առաւ այն երեւոյթը, որ իրենց հարիւրամեակը թեւակոխելու պատրաստուող, կամաւոր աշխատանք ծաւալած միութիւններ կոչուած են ապագայ սերունդին վերաբերող տեսլական ունենալու, որովհետեւ անոնց պիտի վստահուին այս միութիւնները: «Նպատակայարմար է անոնց փոխանցել կամաւոր ծառայելու հաճոյքը այս նիւթապաշտ ընկերութեան մէջ: Նոր սերունդը պէտք է այս կամ այն ձեւով մօտեցնենք մեզի: Թերեւս մասնագիտութեան ընթացքին հարկ ըլլայ համալսարանականները քաջալերել, որ գան եւ տարին քանի մը շաբաթ ծառայեն ԼՕԽ-ի միջոցով` այս կամ այն ճիւղին մէջ: Թերեւս պէտք է մեր միութիւնները երիտասարդական բաժիններով օժտենք, որպէսզի նոր անդամագրուողներ ունենանք գալիք տարիներուն: Ամէն պարագայի,  պէտք է կամաւոր ծառայելու միշտ պատրաստ սերունդներ պատրաստենք, որովհետեւ միայն անոնք են, որ մեր ժողովուրդին կողքին պիտի մնան,  երբ հարկ ըլլայ», եզրափակեց բանախօսը` երախտագիտութիւն յայտնելով ԼՕԽ-ականներուն:

Նարօտ Սուրճեան      ———–   Սելլա Սվագճեան

Գեղարուեստական բաժինին իրենց մասնակցութիւնը բերին Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի աշակերտ Սելլա Սվագճեանը եւ նոյն կառոյցի շրջանաւարտ Նարօտ Սուրճեանը` ջութակի վրայ նուագելով:

Ապա իր հայրական պատգամը տուաւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը, որ ըսաւ, թէ բազում կամաւորներու աշխատանքին ու ջանքին շնորհիւ բազում այլ հայորդիներու կեանքի ընթացքը փոխուած է` նշելով, որ այսօր անոնցմէ շատեր կրնան մեզի հետ չըլլալ, բայց անոնք անջնջելի դրոշմ ձգած են մեր սրտին, հոգիին ու իրականութեան մէջ եւ դարձած օրինակելի տիպարներ: Առաջնորդ սրբազանը դիտել տուաւ, որ Աստուած յորդորեց մարդը` իր եղբօր վերելքի ուղին ցոյց տալ, մասնակից դառնալ ու բաժնեկցիլ այլ կեանքերու բարելաւման: Առ այդ, ան նշեց, որ կամաւորը այն անհատն է, որ իր կողքին կը նկատէ իր կարիքը ունեցող եղբայրը եւ անտարբեր չի մնար, այլ ձեռք կ՛երկարէ անոր` գործնական թէ բարոյական իմաստով: Շահէ եպս. Փանոսեան յոյժ գնահատելի նկատեց ասիկա, որովհետեւ նոյն ընտանիքի անդամներ երբեմն չեն նկատեր, որ իրենց հետ նոյն երդիքին տակ ապրող այլ անհատներ կարիք ունին նեցուկի, սիրոյ, գուրգուրանքի եւ ուշադրութեան, եւ թէ` իրենց կողմէ առնուած դրական քայլ մը փրկարար դեր կրնայ ունենալ ուրիշին համար: Սրբազանը հաստատեց, որ ՀՕՄ-ն ու ԼՕԽ-ը այս սկզբունքով գործած են ու կը շարունակեն գործել տարբեր բնագաւառներու մէջ` աջակցելով համայնական կեանքի վերելքին ու բարգաւաճման: «Պատի՛ւ անոնց, որովհետեւ անոնք աստուածային պատգամը միշտ վառ կը պահեն իրենց յիշողութեան մէջ` զայն կը գործադրեն ու Աստուծոյ յորդորը կը գործնականացնեն մեր կեանքին մէջ, այդպիսով մարդկային կեանքին մէջ իրենց ներդրումն ու դերը ունենալով», ըսաւ ան:

Շահէ եպս. Փանոսեան նաեւ շեշտը դրաւ այն իրողութեան վրայ, որ պէտք է աշխատանք տանիլ հիներուն յաջորդող նոր սերունդ պատրաստելու, մեր գործունէութեան քաջալերելու նորերը, որպէսզի հիներուն նայելով` անոնք նկատեն, որ պէտք է ազգային կեանքին մէջ դերակատար դառնալ, գործել, յեղաշրջել եւ բարեշրջել մեր կեանքն ու աշխարհը, որպէսզի նման աշխատանքով բարիք հասնի համայն հայութեան` Հայաստան, Արցախ եւ սփիւռքի տարածքին: Անոր համաձայն, ներկայիս եւ ապագային տարուելիք աշխատանքով պէտք է հասնիլ այնպիսի մակարդակի, որ վայել է մեր ժողովուրդին: Իր խօսքի աւարտին ան օրհնեց կամաւոր աշխատանք տանող ԼՕԽ-ականները` մաղթելով, որ անոնց տարած նուիրական աշխատանքը մարդկութեան կողմէ կ՛ընդունուի իբրեւ արարչագործութիւն:

Ապա յուշանուէր մը յանձնուեցաւ օրուան բանախօսին:

Հայաստանի Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանի Պաշտօնական Հանդիպումները Ֆրանսայի Մէջ

$
0
0

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նոյեմբեր 23-էն դեկտեմբեր 2 Ֆրանսայի Հանրապետութիւն կատարած աշխատանքային այցի ընթացքին տեսակցած է Ֆրանսայի հինգ քաղաքներու` Մարսէյի, Լիոնի, Վալանսի, Տեսինի եւ Կրենոպլի քաղաքապետներուն:

Մարսէյի քաղաքապետ Ժան-Քլոտ Կոտենի հետ տեսակցութեան ընթացքին սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը բազմաթիւ հարցերու քննարկման ընթացքին բարձրացուցած է նաեւ Մարսէյ-Երեւան ուղիղ թռիչքի բացման խնդիրը: Հայաստանի մէջ Ֆրանսախօսութեան վեհաժողովի գումարման մասին քաղաքապետը իր գոհունակութիւնը յայտնած է: Նախարարը առաջարկած է Հայաստանի դպրոցներուն մէջ ֆրանսերէնի ուսուցման դասընթացներ կազմակերպել: Հանդիպումին քննարկուած է նաեւ Մարսէյի Կերպարուեստի թանգարանի ցուցանմուշներու ցուցադրութեան կազմակերպումը Երեւանի մէջ:

Տեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ տեսակցութեան ընթացքին Հրանուշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնած է քաղաքապետին՝ ընթացիկ տարուան սեպտեմբերին Արցախ կատարած այցելութեան համար, որուն ընթացքին Արցախի Ճարտար քաղաքի եւ Տեսինի միջեւ ստորագրուած է բարեկամութեան յուշագիր: Սփիւռքի նախարարը բարձր գնահատած է Տեսինի քաղաքապետին աջակցութիւնը տեղի հայերուն, Հայկական մշակոյթի եւ յիշողութեան կեդրոնին:

Տեսակցութեան աւարտին նախարար Հրանուշ Յակոբեանը Տեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրան պարգեւատրած է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան երախտագիտութեան մետալով:

Լիոնի քաղաքապետ Գէորգ (Ժորժ) Քեփենեկեանի հետ տեսակցութեան ընթացքին քննարկուած են հայ-ֆրանսական յարաբերութիւններուն վերաբերող հարցեր, անոնց բարձր մակարդակն ու խորացման ուղղուած քայլերը, քննարկուած է 2018 հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանսախօսութեան  վեհաժողովի գումարման հետ կապուած հարցեր, որուն կը նախատեսուի Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի մասնակցութիւնը:

Լիոնի քաղաքապետը եւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարը քննարկած են մարտ ամսուն Գէորգ Քեփենեկեանի Հայաստան կատարելիք հնարաւոր այցելութեան մանրամասնութիւնները: Նախարարը եւ քաղաքապետը արծարծած են կրթութեան, ճարտարապետութեան, բժշկութեան ոլորտներու հարցեր: Առանձնայատուկ կերպով շեշտած է բարձր արհեստագիտութեան մէջ համագործակցութիւնը` մատնանշելով Երեւանի մէջ գործող Թումօ ստեղծարար արհեստագիտութիւններու կեդրոնի առկայութիւնը:

Տեսակցութեան աւարտին նախարար Յակոբեանը Գէորգ (Ժորժ) Քեփենեկեանին պարգեւատրած է նախարարութեան ոսկեայ յուշամետալով:

Տեսակցութենէն ետք նախարարը եւ Լիոնի քաղաքապետը ծաղիկներ խոնարհած են Հայոց ցեղասպանութեան զոհերուն յիշատակը յաւերժացնող յուշահամալիրին մէջ:

Կրենոպլի քաղաքապետ Էրիք Փիոլի հետ տեսակցութեան ժամանակ նախարարն ու քաղաքապետը շեշտած են Կրենոպլի տարբեր ոլորտներու զարգացման գործին մէջ հայերու աշխուժ մասնակցութեան կարեւորութիւնը: Քաղաքապետը նշած է, որ հայերը յարգուած ու սիրուած են իր եւ կրենոպլցիներուն կողմէ:

Քննարկուած են Սեւան եւ Կրենոպլ քոյր քաղաքներու համագործակցութեան վերաբերող, մասնաւորապէս զբօսաշրջութեան եւ կենսոլորտին առնչուող հարցեր:

Նախարար Հրանուշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնած է քաղաքապետ Փիոլին` Հայկական մշակոյթի տան եւ, առհասարակ, հայ համայնքի  գործունէութեան աջակցելու համար:

Աշխատանքային այցի ընթացքին սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Մարսէյի մէջ Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Ռուբէն Խարազեանին, Լիոնի մէջ Հայաստանի Հանրապետութեան փոխհիւպատոս Գայեանէ Մանուկեանին, Արեւմտեան Եւրոպայի եւ Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպս. Յովհաննիսեանին ուղեկցութեամբ այցելած է նաեւ Վալանսի Հայ մշակոյթի կեդրոն եւ «Ռատիօ Ա»-ի գրասենեակ:

Խմբագրական «Գանձասար»-ի –Դեկտեմբեր Բ. ՀՅԴ Հիմնադիրներուն Յանդգնութեամբ (ՀՅԴ 127-ամեակին Առիթով)

$
0
0

Հայ յեղափոխական դաշնակցութեան 127-ամեակը, տօնակատարութիւններէն անդին, պատմութեան այդ հերոսական շրջանը մտաբերելու եւ 127 տարիներու լոյսին տակ ներկան դիտելու առիթ է նաեւ:

Պահ մը պատկերացնենք, թէ ի՛նչ ուղղութեամբ կ՛ընթանար մեր պատմութիւնը, եթէ չըլլային յանդուգն յեղափոխականները, հայ ազատագրական պայքարին ռահվիրաները, ռուսական եւ արեւմտեան լուսամիտ շրջանակներու հետ մշտական շփման մէջ եղող մտաւորականները, որոնք մեր ժողովուրդը ստրկութենէ, թմրութենէ դուրս բերելու համար յանդուգն քայլերու դիմեցին` առանց կեղծ յորդորներ արտասանելու կամ մարգարէանալու ժողովուրդին դիմաց, այլ իրենց սեփական օրինակով, ազատագրական պայքարի դաշտ նետուելով` փշրելու ստրկութեան շղթան, բայց մանաւանդ` նախատեսելի վայրագութիւններուն, կոտորածներուն դէմ ծառանալու խիզախութեամբ ու յառաջդիմական գաղափարներով հայ ժողովուրդին ազատագրութեան մօտալուտ գարունը ազդարարելու յանձնառութեամբ:

Եթէ անոնք հաւատքով տոգորուած չըլլային, կամ պահ մը իսկ տատամսէին կռուելու, իրենց ազատախօս գրիչը շարժելու, հաւանաբար շարունակուէր 600 տարուան մեր ստրկութեան ու, այսպէս կոչուած, «հնազանդ ու համակերպող» ազգ մը ըլլալու ոչ երանելի պատմութիւնը: Անոնք, սակայն, ազատարար շառաչով շրջեցին պատմութիւնը եւ հայ ժողովուրդի յառաջդիմութեան, անկախութեան, արժանապատիւ կեանքի բաղձալի մեկնարկը յայտարարեցին, թէկուզ` երբեմն զոհեր տալով, ուժաթափ դառնալով կամ կորուստներ ունենալով® Մարգարէներ չէին վերջապէս, այլ հայ ժողովուրդի ազատ ապրելու,  յառաջդիմելու եւ միջազգային բեմին վրայ ու քաղաքակրթութեան մէջ արժանաւոր տեղը նուաճելու կարողութեան կը հաւատային անոնք ու պայքարեցան այդ նպատակին համար` իրենց գաղափարական ամուր պատուանդանին շնորհիւ:

Եւ մեր ժողովուրդը նուաճեց անկախ ապրելու իրաւունքը, ունեցաւ ազատ ու անկախ հայրենիք, թէկուզ` ոչ ամբողջական:

127 տարիներու Դաշնակցութեան պատմութիւնը թելադրող շեշտ ունի մեր օրերուն: Օրեր, որոնք համեմատաբար աւելի նպաստաւոր պայմաններով ու ձեռնտու միջոցներով օժտուած են, ուստի աւելի արդիւնաւոր աշխատանքի առիթը կ՛ընձեռեն:

Դժուարութիւններն ու մարտահրաւէրները փոխուած են այսօր: Հայրենիքի հզօրացում, Հայ դատի հետապնդում, սփիւռքի ուժեղացում եւ քաղաքականացում ու, վերջապէս, մեր ժողովուրդի արդար իրաւունքներու ձեռքբերում:

Այս մարտահրաւէրներուն դէմ կարելի է դնել Դաշնակցութեան զինանշանի տարրերուն լիիրաւ բռնցքումով միայն: Մտաւորականը` իր յանդուգն գրիչով, մեր ժողովուրդին ու պետականութեան կեանքն ու զարգացումը խափանող յոռի երեւոյթներուն խիզախ մերկացումով,  քաղաքական գործիչը` իր խիղճով ու արիութեամբ, մշակը` հողի թէ մտքի, իր առաքելութեան նուիրուելով, մարտիկը` հայրենի հողը պաշտպանելով:

Այս բոլորին մէջ էականը, սակայն, յանդգնութիւնն է: Յանդգնութիւն` ազատախօս գրիչները չխամրեցնելու, այլ` համարձակօրէն շարժումի մղելու, յանդգնութիւն` նորարարութեան հետ քայլ պահելու` հեռու մնալով կրկնութիւններէ, ըսուած ու կրկնուած գործելաոճը, խօսքը բազմիցս կրկնելու տմոյն գործելաձեւէ,  յաղթահարելու խոչընդոտները, ստեղծելու եւ զարգացնելու` նոր միտք, նոր ոճ, ժամանակին հետ զարգացող աշխատանքի միջավայր ու գաղափարական հիմքով, հոգեկան ամրութեամբ եւ քաղաքական տեսլականով օժտուած երիտասարդութիւն:

Դաշնակցութեան 127 տարիներու պատմութիւնը անշահախնդիր նուիրեալներու, պարզ ու կենսունակ հայորդիներու, արի մարտիկներու, Դաշնակցութեան շարքերէն ներս, թէ շարքերէն դուրս անոր գաղափարաբանութեան ու տեսիլքին հաւատացողներու աշխատանքին արդար հանրագումարն է վերջապէս:

Արդիւնաբեր ու զգաստ աշխատանքն է, որ կ՛արժեւորէ տարիները ու կ՛երաշխաւորէ անոնց բազմապատկումը:

«Գ.»

ՀՅԴ-ի 127-ամեակի Հանդիսութեան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Ներկայացուցիչ, Երեսփոխան Յակոբ Բագրատունիի Արտասանած Խօսքը

$
0
0

Հայ ժողովուրդի արիւնոտ երկունքէն ծնած Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադրութեան 127-րդ այս տարեդարձին, ինչո՞ւ դարձեալ, սիրելի՛ ժողովուրդ, ձգած էք ձեր հանգիստը ու ներկայ էք այս հանդիսութեան` լսելու համար թերեւս կրկնուող մտածումներ, ուրիշներու համար մաշած գաղափարներ, կարգ մը պարագաներու` ժամանակավրէպ տեսակէտներ ու դեռ, ձեռնարկի աւարտէն իսկ առաջ, քննադատել կարծիքներ:

Ու պատահած է, որ տասնամեակներ ամբողջ, ամէն տարի կրկնուած են նմանօրինակ հանդիսութիւններ` Լիբանանի մէջ թէ այլուր, ու ժողովուրդը հոծ բազմութեամբ, իր ներկայութեամբ եկած է իր ԱՅՈ՛-ն ըսելու Դաշնակցութեան:

Բայց ինչո՞ւ:

Պէտք է մտածել պատասխանին մասին ու տալ այդ պատասխանը:

Արդեօ՞ք Դաշնակցութեան անցեալի նուաճումները վերյիշելու:
Արդեօ՞ք կարօտաբաղձութիւն է կամ անցելապաշտութիւն:
Արդեօ՞ք պարզապէս յեղափոխական դէմքերու եւ նահատակներու յիշատակի յարգում եւ անցեալի փառքերու վերյիշում:
Արդեօ՞ք զուտ անձնական ինքնապարտադրանք` չնեղացնելու շրջապատը, իր ընտանիքի կուսակցական մէկ անդամը, կամ իր բնակած թաղի ակումբի տղաքը:
Արդեօ՞ք ժամանց, գեղարուեստական յայտագիրի մը հետեւելու, ծանօթներու հանդիպելու կամ պարզապէս ներկայութիւն արձանագրելու:

Այս հարցադրումները կրնան երկարիլ այնքան,  որքան մեր երեւակայութեան թռիչք տանք եւ կամ, ներկայ ժամանակաշրջանի պահանջներու գոհացում տալու մտահոգութեամբ, առնենք ընկերաբաններու, հաւաքականութեանց թէ անհատներու յատուկ հոգեբաններու կարծիքը:

127 տարի շարունակ այս ու նմանօրինակ հարցումներ տեղացած են, ու մենք շարունակած ենք տօնակատարել Դաշնակցութեան օրը:

Բայց մտածենք նաեւ այլ ձեւով:

Դաշնակցութեան օրը տարեդարձ չէ: Դաշնակցութեան օրը հայ ժողովուրդի պայքարելու կամքի նշումին օրն է:

Ան հայ ժողովուրդի Դատին համար ինկած իւրաքանչիւր հայ մարտիկի օրն է:

Իւրաքանչիւր արդար քրտինքով իր օրապահիկը շահող հայ մշակին, հայ բանուորին, հայ ուսուցիչին օրն է: Շահագործումը մերժող հայ մարդուն, հայ գործատիրոջ, անշահախնդիր հայ պատասխանատու մարդուն օրն է:

Դաշնակցութեան օրը դաշնակցական կուսակցականի օրը չէ միայն, այլ` իւրաքանչիւր հայ մարդու, որ իր հայութիւնը, հայկականութեան պահպանումն ու ամրապնդումը կը տեսնէ Դաշնակցութեան մէջ:

Հայ կնոջ օրն է Դաշնակցութեան օրը, որ տակաւին կնոջ իրաւունքներու այսօր ծաւալած պահանջատիրութենէն հարիւր տարի առաջ հայ կինը նկատած էր անխորտակելի սիւն` իր կուսակցութեան եւ ժողովուրդին:

Դաշնակցութեան օրը գաղափարական հայ մարդուն տօնն է: Այն հայուն, որ կը մերժէ ընկերային անարդարութիւնը, բռնատիրութիւնը, դասակարգային խտրականութիւնը: Օրն է այն հայուն, որ լրջախոհութեամբ ըմբռնած է ազատութեան գաղափարը, ողջմտութեամբ դիտած է ու կը դիտէ իր շուրջը ծաւալած ու ծաւալող ապազգայնացող երեւոյթներն ու սայթաքումները:

Դաշնակցութեան օրը հայ երիտասարդին տօնն է: Արհեստաւոր թէ աշակերտ կամ ուսանող երիտասարդին, որ կը հաւատայ, թէ երիտասարդութիւնը տարիքային սահմանում չունի, այլ պայքարելու կամք է, փոփոխութիւն յառաջացնելու ձգտում, քննարկելու եւ քննադատելու անկողմնակալ հասունութիւն:

Դաշնակցութեան օրը հայ մտաւորականի, ենթարկուածութիւնը մերժող, ազատ մտքին թռիչք տուող, արի ու խրոխտ կեցուածքներու տէր, խօսքը ճակտէն ըսող անվախ ու իր գրիչը վաճառքի չհանող մտաւորականին օրն է:

Դաշնակցութեան օրը հայ ժողովուրդի բովանդակ շահերը պաշտպանող, այդ շահերու ապահովման ի խնդիր տառապող, պայքարող, զոհաբերող հայ մարդուն տօնն է:

Ու տակաւին,

Դաշնակցութեան օրը հայ եկեղեցականին տօնն է, օրն է Ամենակալ Աստծոյ հետ հայերէն խօսող հոգեւորականին, որ իր ժողովուրդին հոգեւոր սնունդ կ՛ապահովէ եւ Հայաստանեայց եկեղեցւոյ հաւատքով կը զօրացնէ հայ մարդը:

Այս օրը մեր ժողովուրդին ծառայութեան նուիրուած իւրաքանչիւր հայ անհատի տօնն է, որ գիտէ, թէ իր ծառայութեան մէջ, քիչ մը ամէն օր, աւելի ու աւելի կը զօրանան ինք ու իր շրջապատը:

Դաշնակցութեան օրը Դաշնակցութեան հիմնադիրներուն, նուիրեալներուն, ֆետայիներուն, հերոսամարտ կերտողներուն, թրքական թէ ցարական հարուածներու զոհերուն, Հայաստանի Հանրապետութեան կերտիչներուն, համաժողովրդային բանակի զինուորներուն, պոլշեւիկեան լուծի թէ տարբեր գաղտնի սպասարկութեանց զոհերուն,

Ցեղասպանութեան ոճրագործները պատուհասողներուն, Լիբանանի հայութեան ինքնապաշտպանութեան թէ Հայ դատի պայքարի ճամբուն ինկած նահատակներուն, Հայաստանի անկախութեան համար զոհուած ու Արցախը հայ ու անկախ պահելու համար ազատութեան բագինին զոհուած աննման տղոց օրն է:

Հայկական արժէքներուն հաւատացող իւրաքանչիւր հայու օրն է Դաշնակցութեան օրը:

Կրնաք զգացական զեղում նկատել այս բոլորը:
Կրնաք ինքնագովութիւն նկատել այս բոլորը:

Այս բոլորը սակայն իրականութիւններ են, նուաճումներ, որոնք կատարուած են ձեր կողմէ,  սիրելի՛ ժողովուրդ:

Դո՛ւք էք ուժը Դաշնակցութեան:
Դո՛ւք էք ծնողքը Դաշնակցութեան:
Դո՛ւք էք գոյութեան իմաստը Դաշնակցութեան:
Դո՛ւք էք զինք պայքարի դաշտ նետողը:
Այո՛, անվարան կրնանք ըսել` ձեր տօնն է Դաշնակցութեան օրը:
Պատի՛ւ ձեզի:
Շնորհաւոր ըլլայ ձեր տօնը, ձե՛ր կուսակցութեան տօնը:

ՀՅ Դաշնակցութեան օրը, սակայն, պարտաւորեցնող, զգաստութեան հրաւիրող, սխալներն ու բացթողումները տեսնելու, նոյնիսկ ինքնաքննադատութեան օրն է:

Գաղափարական ամուր սկզբունքներով ծնած ու ապրող կուսակցութիւն մը, 127 տարի տեւաբար հալածուած կուսակցութիւն մը, մեծ ու փոքր պետութիւններու հանգիստը խանգարող կազմակերպութիւն մը, ժողովրդավարութեան ու ընկերվարութեան

հաւատացող Դաշնակցութիւնը, իր ընտիր զաւակները նահատակութեան արժանացնող ու ժողովուրդին կամքը արտայայտող Դաշնակցութիւնը կրնայ նաեւ ունենալ, եւ անտարակոյս ունի ամբարուած ներուժ` ինքնաքննադատութեան եւ ինքնասրբագրումի:

Ընդհանրական օրէնք է, որ կը մահանան այն կազմակերպութիւնները, որոնք չեն կրնար քայլ պահել ժամանակին հետ: Կ՛ոչնչանան անոնք,  որոնք չեն հանդուրժեր ինքնասրբագրում: Կը քարանան այն ուժերը, որոնք կը մերժեն վերանորոգումը:

ՀՅ Դաշնակցութիւնը` իբրեւ ժողովրդային տարերային շարժում, տեւաբար գիտակից եղած է այս ճշմարտութեան, ու իր պատմութիւնը վկայ, իր Ընդհանուր ժողովներով թէ այլապէս միշտ ալ ձգտած է ու ժամանակի ընթացքին յաջողած է գաղափարական իր ընդհանրական մտածողութեան ընդմէջէն վերանորոգուիլ ու վերանորոգել ինքզինք:

Քաղաքական կենսափորձը ցոյց կու տայ տեւաբար, որ անկում ու քայքայում է ամէն բան լաւ տեսնելու ամբարտաւանութիւնը:

Այո՛, մեր շուրջն ու մեր մէջ ամէն բան վարդագոյն չէ:

Բայց միաժամանակ տհասութիւն է նուազագոյնը` ամէն ինչ վատ ու սեւ տեսնել:

Տեսնել սեւը ու մոռնալ սպիտակը` հաւկուրութիւն է:
Տեսնել միայն սպիտակը` անիրատեսութիւն է:
Տեսնել միայն մութն ու թերին` ինքնագանակոծում է ու յոռետեսութիւն:

Կարեւորը` իրատես մօտեցումն է ու թերին սրբագրելու քաջութիւնը:

Բայց մանաւա՛նդ` յոյսն ու հաւատքը չկորսնցնելու արիութիւնը:

Մեր ազգային-հասարակական կեանքին մէջ արձանագրուած փոփոխութիւնները, Հայաստանի անկախացումով յառաջացած նորաստեղծ մթնոլորտը, մեզ շրջապատող հաւաքականութեանց մէջ երեւցող ու յաճախ մեզի խորթ թուացող երեւոյթները, եւ դեռ` համաշխարհայնացումի ապազգայնացնող եւ ապահայացնող փոթորիկը, մարդ անհատն ու հայը ինքզինք ամէն օր քիչ մը աւելի եսակեդրոն, անձնակեդրոն, ինքնահմայուած, անփոխարինելի, ամենագէտ տեսնելու համաճարակը, ընկերային ցանցերու եւ տեղեկութեանց ազատ փոխանցումի կարելիութիւնները, արժէքային համակարգի անկումը, տնտեսական վիճակի գահավիժումը, ստեղծած են այնպիսի պայմաններ, որոնք նոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը դնեն մեզ անտարակոյս:

Փորձենք թուել կարգ մը հարցեր միայն.

ա) Մարդ հասկացողութեան ներկայի ըմբռնողութիւնը` ու միաժամանակ մարդկային ընդհանրական խնդիրներ եւ մենք: Ամէն վայրկեան մարդը իր մարդկայնութենէն պարպելու եւ զայն թիւ, թուանշան, code, դրամատնային հաշիւ կամ credit card տեսնելու սրընթացութիւնը մարդը սկսած է պարպել իր մարդկայնութենէն:

բ) Ընկերային տագնապներ, սով, կենսոլորտի խնդիրներ, կնոջական ազատութիւններ, թշուառութիւն, աղքատութիւն, տնազրկութիւն ու քաղաքացիի ամէնօրեայ կարիքներու գոհացման նահանջ, միասեռականութիւն, վիժում ու դեռ` բազում այլ հարցեր, որոնք դեռ մօտիկ անցեալին օրակարգի թէժ խնդիրներ չէին, այսօր դարձած են միջազգային ընկերութեան եւ ընկերային ցանցերու վրայ տարածում գտած ամէնօրեայ ներկայութիւն:

գ) Շրջանային մակարդակի վրայ ծայրայեղ արմատականութեան եւ ահաբեկչութեան զարգացում եւ բազմատասնեակ հազար զոհեր, անորոշ ապագայ, քարտէսներու հաւանական փոփոխութիւններ, մահ, սով, աւեր, ընդերքի շահագործում` չեն ստանար համապատասխան քաղաքական արժեւորում ու մեծապետական շահամոլութեան գունաւորում, այլ կը դիտուին զուտ անհատ մարդու կորուստի, նիւթական գործառոյթի վնասի, անտառային տարածքներու հրկիզումի ու մինչեւ իսկ անասուններու հասած վնասի դիտանկիւնէն` մոռնալով քաղաքակրթական աւերը, ազգաբնակչութեան կոտորածները ու շրջանի ժողովուրդներուն ապագան:

դ) Ազատութեան ըմբռնումի նոր մատուցում: Ամէն ինչ հասանելի, ամէն ինչ արտօնելի, ամէն ինչ ամէնուն սեփականութիւնը դարձնելու յաւակնութիւն` թափանցիկութեան ընդհանուր խորագիրին տակ, առանց անդրադառնալու, որ նոյն այս մտածողութեան արտադրողները որքանով իրենց գաղտնի պատսպարաններու մէջ թափանցիկ են ու ազատատենչ, թէ` իսկապէս ինչպիսի՛ կասկածելի սադրանքներ կը հիւսեն յատկապէս փոքր ու իրաւազրկուած ժողովուրդներու համար:

ե) Հայկական մակարդակի վրայ եւս, սփիւռք ու Հայաստան, վիրաւոր կացութիւններու դէմ յանդիման ենք: Հինէն եկած ազգային արժէքներու անկումը, շուկայական տրամաբանութիւնը, փտածութեամբ տեղ հասնելու յաւակնոտութիւնը, հայաթափումը եւ ինքնութեան կորուստը, շահադիտական վերաբերումները, աւանդական ըմբռնողութեանց արագասոյր անկումը, սփիւռքի կառոյցներու տագնապները, սփիւռք-Հայաստան երբեմն արդարացի, բայց շատ յաճախ շինծու եւ կասկածելի տարակարծութիւնները կամ տարբերութիւններու որոնումը նուազագոյնը հիմնական հարցեր յառաջացուցած են մեր իրականութեան մէջ:

Այս ու նմանօրինակ երեւոյթներ կը տագնապեցնեն մեզ անտարակոյս:

Կը տառապեցնեն մեզ բոլորս վստահաբար:

Բայց մանաւանդ առողջ երիտասարդութիւնը եւ մենք` իբրեւ ժողովուրդէն ծնած ու ժողովուրդին ծառայ կուսակցութիւն, պարտաւոր ենք վերցնել ձեռնոցը, մատներով բռնել ճարճատող կրակը, այրելու գնով շալկել կեանքի նոր այս պարտադրանքները:

Առաջին հերթին, պարտաւոր ենք արձանագրել,  որ երկար ատեն մեր օրակարգերուն վրայ չեն քննուած վերոնշեալ հարցերուն մէկ մասը գէթ: Բնականաբար անդրադարձած ենք անմիջականօրէն հայութեան ու ինքնութեան պահպանման առնչուող խնդիրներուն: Միւս հարցերը, սակայն, պարտաւոր ենք տեսնել իրենց շրջանակին մէջ: Անոնք ընդհանրական, մարդկային հարցեր են, որոնց պատասխանները ունինք ՀՅ Դաշնակցութեան Ծրագիրին ու գաղափարական վարդապետութեան մէջ իսկ եթէ կարգ մը պարագաներ ցարդ չեն նկատուած, ապա պարտաւոր ենք շօշափել զանոնք եւս:

Հիմնականը, սակայն, ու անզիջելին առաջնահերթութեանց յստակ խնդիրն է: Մենք պարտաւոր ենք ազգայինը, հայկականը, մերը առաջնահերթ նկատել: Ընդհանրական խնդիրները հայկականացնենք, մեր աւանդութեանց, մեր արժէքներու համապատասխան դարձնենք, որպէսզի կարելի ըլլայ ծառայել մեր ժողովուրդին ու զօրացնել զայն: Ինչ որ դուրսին է, անպայմանօրէն լաւ չէ,  եւ ինչ որ մերն է, անպայմանօրէն վատ չէ: Սա ազգայնամոլութիւն չէ, այլամերժութիւն չէ, խտրականութիւն չէ, սա գոյութեան պահպանում է, ազգային գաղափարախօսութեան ամրապնդում է, մեր ժողովուրդի պաշտպանութիւնն է, մեր արժէքներու խորացումն է: Առաջնահերթը հայն է, Հայաստանն ու հայութիւնը:

127 տարի ամբողջ մարտահրաւէրներ վերցնող Դաշնակցութիւնը այս մարտահրաւէրներուն դիմաց եւս պիտի չընկրկի վստահաբար: Հարուածներ կրնան շարունակուիլ վստահաբար ու պիտի շարունակուին անպայման, բայց Դաշնակցութիւնը պիտի շարունակէ անշեղ քալել իր ուղին:

Ու այդ ճամբուն վրայ պիտի սրբագրէ իր սխալները վստահաբար: Պիտի վերանորոգէ ինքզինք` իր ժողովներով, թերեւս այլոց համար` տակաւին քարացած տեսակէտներու սրբագրութեամբ, համաշխարհային ներկայ փոփոխութեանց հետ կազմակերպական խստապահանջութեան ոսկի միջինի փնտռտուքով, բայց` երբեք ինքզինք վերածելով համաշխարհայնացած մտածողութեան դաւադրական թատրոնի դերասանի:

Դաշնակցութեան համար գաղափարական արժէքային համակարգը իր գոյութեան իմաստն է: Առանց անոր, Դաշնակցութիւնը ամէն ինչ է` բացի Դաշնակցութենէ: Ու ճիշդ այս մեկնակէտով, մեզի համար գահավիժող ընթացքներու հետ յարմարիլը, զանոնք ընդունիլը պարտութիւն է: Մերժելի է «կեանքն այսպէս է, յարմարինք ներկայ պայմաններուն» մտածողութիւնը: Մենք կը հաւատանք, «կեանքն այսպէս է, փոխենք պայմաններն ու հոսանքն ի վեր թիավարենք» մտածողութեան:

Ու հոսանքն ի վեր թիավարելու մեր կամքին մէջ, առաջին հերթին, դաշնակցական ընկերները եւ երիտասարդները կը գրաւեն ճակատը: Յաւելեալ համեստացումի կարիքը ունինք բոլորս: Մենք գոյութիւն ունինք այսօր, որովհետեւ հսկաներ քար առ քար, քրտնաջան եւ արեան կաթիլներով կառուցեցին Դաշնակցութեան ամրակուռ շէնքը: Մենք այդ հսկաներուն ժառանգորդներն ենք, այդ նահատակներուն ժառանգորդներն ենք, բայց հսկաներ չենք, ու չենք կրնար ըլլալ: Մենք ղեկավար կամ իշխանաւոր պիտի չըլլանք, այլ պիտի ըլլանք պատասխանատուներ, ժամանակաւոր կերպով գործի հրաւիրուած անհատներ, հայութեան համար գործ կատարողներ ու պիտի գիտնանք հեռանալ,  երբ մեր ժողովուրդն ու ընկերները յարմար տեսնեն այդ մէկը: Այսպէս սորված ենք Դաշնակցութեան մէջ, ու այդպէս պարտաւոր ենք գործել:

Սիրելի՛ ժողովուրդ,

Աննմա՛ն հաւատաւորներ,

Պարտաւոր ենք խօսիլ նաեւ Լիբանանի մասին: Ձեզի հետ, որ մերժեցիք լքել Լիբանանը: Նոյնիսկ երբ պայմաններու բերումով մեկնեցաք մայրիներու այս երկրէն, ձեզի հետ տարիք ու չմոռցաք զայն:

Դիւրին տարի մը չեղաւ անցնող տարին: Քաղաքական ներքին վերիվայրումները խորապէս ազդուեցան շրջանային տագնապներէն: Այսուհանդերձ, արձանագրուեցան նուաճումներ: Ահաբեկչութեան չարիքը հեռացաւ` շնորհիւ լիբանանեան բանակի եւ Դիմադրութեան ուժերուն: Կարելի եղաւ խորհրդարանի մէջ վաւերացնել ընտրական նոր օրէնքը, որ կը բաւարարէ ոչ ոք, սակայն համալիբանանեան իմաստով փոքր յառաջխաղացք կ՛արձանագրէ: Վաւերացուեցաւ տասնամեակէ մը ասդին պետական առաջին ամավարկը, ինչպէս նաեւ` պաշտօնեաներու, բանուորներու, զինուորականներու եւ ուսուցիչներու յաւելումները:

ՀՅ դաշնակցութիւնը իր ներկայացուցիչներով գործօն դերակատարութիւն ունեցաւ թէ՛ խորհրդարանական, թէ՛ կառավարական աշխատանքներուն մէջ: Մերժեցինք վարձքերու օրինագիծը ու Սահմանադրական ատեան դիմեցինք: Յաջողեցանք իրաւունքներու վերահաստատման աշխատանքին մէջ նշանակումներ ձեռք ձգել թէ՛ պետական առաջին կարգն պաշտօնէութեան, թէ՛ դիւանագիտական մարզի, թէ՛ ընկերային-տնտեսական խորհուրդի եւ այլ վարչական մարմիններու մէջ` պաշտպանելով հայ համայնքի մասնաբաժինը: Այս նշանակումներուն մէջ յաջողեցանք ապահովել կիներու իրաւունքը:

Քաղաքական մեր վարքագիծը մնաց անփոփոխ: Փաստօրէն տարիներու վրայ երկարած երկխօսութեան մեր սկզբունքը դարձած է հիմնաքարը Լիբանանի մէջ հարցերը դիմակալելու: Տարբեր ուժերու, կուսակցութիւններու թէ հոսանքներու հետ մեր յարաբերութիւնները մնացին բնականոն ու փոխադարձ յարգանքի եւ ընդունելիութեան սահմաններուն մէջ: Դաշնակից ուժերու հետ կը պահենք մեր դաշինքը, հակադիր ուժերու հետ արդէն իսկ չկան լուրջ խնդիրներ:

Վարչապետ Հարիրիի հրաժարումով ստեղծուած ներքին տագնապը լիբանանեան բոլոր կողմերուն դրաւ յաւելեալ պատասխանատուութեան դիմաց: Զգօն, հանդարտ եւ ողջմիտ ձեւով հարցը լուծելու հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի ճիգին մէջ մենք եւս մեր բաժինը ունեցանք:

Յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւնները փորձաքար մըն են Լիբանանի հայութեան համար, որ մենք կ՛ուզենք տեսնել միացած: Մեր ձգտումն է` վերականգնել հայկական երեսփոխանական պլոքը, որպէսզի մեր որդեգրած քաղաքական ուղեգիծը աւելիով նպաստէ Լիբանանի ամրութեան եւ համերաշխութեան արմատացման: Պիտի մասնակցինք միասնաբար այս ընտրութեանց` հայկական գործօնը ամրապնդելու եւ Լիբանանի հայութեան համահայկական դերակատարութիւնը աւելիով զարգացնելու նախանձախնդրութեամբ:

Լիբանանի մէջ թէ արաբական երկիրներու` թրքական պետութիւնը կը շարունակէ իր մեքենայութիւնները, որոնց վրայ կ՛աւելնայ ազրպէյճայնական գործօնը: Իսլամութեան քողին տակ Թուրքիա կը շարունակէ իր ճամարտակութիւնները, որոնցմէ վերջինը` Պոլսոյ մէջ Երուսաղէմի կապակցաբար համաժողով կազմակերպելու հրաւէրը: Թրքական հակահայ արշաւը բնականաբար պիտի չդադրի, ու մենք պարտինք միասնաբար դիմագրաւել զայն:

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով Լիբանանի հայութիւնը առաջնակարգ նախաձեռնութեանց պարտի դիմել` համայնքային թէ կուսակցական ու միութենական մակարդակներու վրայ: Անկախութիւն կերտող Դաշնակցութիւնը այս ուղղութեամբ իր առաւելագոյն ճիգը պիտի թափէ:

Լիբանանի հայութեան ինքնութեան ամրապնդման խնդիրը կը շարունակէ մնալ մեր կիզակէտը: 126-ամեակի առիթով ինքնութեան ֆոնտերու հաստատման մեր նախաձեռնութիւնը արդէն իսկ իրականութիւն է այսօր: Հակառակ անհաւատներուն եւ կասկածամիտներուն` մայիսէն այսօր 159 պարագայ արդէն իսկ օգտուած է հայ ընտանիքի կազմութեան, հայ մանուկի եւ ընտանիքի բազմացման ֆոնտերէն: Իսկ հայ ուսանողի կրթաթոշակի ֆոնտին դիմած հայկական վարժարաններու շրջանաւարտ 164 պարագայ դեկտեմբերի աւարտէն առաջ կը ստանան կրթաթոշակի իրենց բաժինը:

Շարունակեցինք ու կը շարունակենք մեր գրասենեակներու ծառայութեան աշխատանքը: Փաստօրէն, անկախ կոմիտէներու եւ ուղեկից կազմակերպութեանց կատարած ծառայութիւններէն, երեսփոխանական գրասենեակներ դիմած են, յունուարէն այսօր 2118 պարագայ, որոնցմէ 1650 պարագայ ստացած է համապատասխան ծառայութիւն, 418 պարագայի խնդիրը լուծման ընթացքի մէջ է:

Յատուկ ուշադրութեան առարկայ դարձաւ նաեւ սուրիահայ եւ իրաքահայ տեղահանուածներու կարիքներու բաւարարումը: Պետական, առողջապահական, հիւանդանոցային, կենցաղային հարցեր իրենց լուծումները գտան: Նոյն վերաբերումը ցուցադրուեցաւ նաեւ մեզի դիմող  լիբանանահայերուն նկատմամբ` առանց դաւանական կամ գաղափարական խտրութեան:

Ինքնութեան պահպանման ճիգին մէջ մեր պատասխանատուութեան սահմաններով յաջողեցանք նպաստել Ազգային Միացեալ վարժարանի ինքնահաստատման: Հակառակ ստեղծուած ժխորին, ասեկոսներուն, բամբասանքին` փաստօրէն կարելի եղաւ 765 աշակերտներու աւելի լաւ պայմաններու մէջ դպրոցական առիթ տալ:

Պուրճ Համուտի հայեցիութեան պահպանումը դիւրասահ ընթացք չունի: Մէկ կողմէ մեր հայրենակիցներու պայմանները, միւս կողմէ` կալուածային շուկայի առեւտրական գործառնութիւնները կը դժուարացնեն այս աշխատանքը թէ՛ Պուրճ Համուտի եւ թէ՛ Այնճարի մէջ: Այսուհանդերձ, մեր միջոցներով, որոնք անսպառ չեն, յաջողեցանք վնասազերծել կարգ մը թաղեր կամ պարագաներ: Պ. Համուտի քաղաքապետութեան Սանճաք քեմփի ծրագիրը իրականացման ճամբուն վրայ է, շինարարութիւնը սկսած է եւ 184 յարկաբաժիններ մինչեւ 2019-ի աւարտ կը յանձնուին պայմանները ամբողջացնող քաղաքացիներուն: Պուրճ Համուտի կենսոլորտի հարցը եւս մեր ուշադիր հոգածութեան առարկայ է, եւ հաւատացէք, որ ի վերջոյ ճիշդը պիտի յաղթէ:

Անշուշտ, աշխատանքը դադար չի կրնար ունենալ: Հայաստանն ու Արցախը, երիտասարդութիւնը իր դժուարութիւններով թէ մոլութիւններով, մեր ժողովուրդը առհասարակ` մնացին ու պիտի մնան ծառայական դաշնակցական առաքելութեան մեր մտասեւեռումը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Մենք երթը պիտի շարունակենք: Կը սորվինք անցեալէն, կը նայինք դէպի ապագայ:

Մենք հաւատացած ենք հաւաքական աշխատանքի ու հաւաքական յաղթանակներու:

Անհատի յաղթանակը պարտինք հաւաքական յաղթանակի վերածել, իսկ անյաջող ընթացքները գուրգուրոտ վերաբերումով առողջացնել:

Այսօրուան մեր ուժը մեզմով չէ դարբնուած, տասնամեակներու գաղափարական, քաղաքական,  կազմակերպական ու ծառայութեան շտեմարանի մը արգասիքն է ատիկա: Այսօր պիտի մնանք զինուորագրեալները ծառայութեան բանակին` հերթը յանձնելու գալիք սերունդներուն:

Ու այդ սերունդներուն կառուցման մէջ հաւաքական պատասխանատուութիւն ունինք բոլորս:

Բոլո՛րս անխտիր:

Արտօնելի չեն անտարբերութիւնը, յուսալքումը:
Արտօնելի չեն ծուլութիւնը, ինքնակեդրոնացումը:
Արտօնելի չէ ազգայինէն հեռացումը:
Արտօնելի չէ ինքնագոհութիւնը:
Արտօնելի չէ պայմանաւորուած մասնակցութիւնը:

Անհրաժեշտ է հաւաքականը, բաժնեկցութիւնը, նեցուկը, դաշնակցական դպրոցի դաստիարակութիւնը:

Կեցցէ՛ ՀՅ դաշնակցութիւնը:
Կեցցէ՛ Դաշնակցութիւն ծնող հայ ժողովուրդը:
Միասնաբար օ՛ն յառաջ, աշխատա՛նքի, հայութեան անկեղծ զինուորներ:

 

9 դեկտեմբեր 2017

 

Անդրադարձ. «Մարշալ Ծրագիր»-ի Հեղինակ` Ճորճ Ք. Մարշալ

$
0
0

ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ

1 սեպտեմբեր 2017-ին Երեւանի ամերիկեան դեսպանատան մէջ տեղի ունեցաւ «Ճորճ Ք. Մարշալ կեդրոն»-ի «Ապահովութեան ուսումնասիրութեան կեդրոն»-էն շրջանաւարտներու խորհրդաժողովը: Հայկական բանակի, նախարարութիւններու, հաստատութիւններու եւ գործակալութիւններու ներկայացուցիչներ մասնակցեցան «Հայաստանի ապահովութեան մարտահրաւէրներ» ուսումնասիրութեան նուիրուած ժողովին:

Դեսպան Ռիչըրտ Միլզ, դեսպան Մաթիաս Քայզլըր (կեդրոնը) քովը՝ Արտակ Զաքարեան ——-Մարշալ կեդրոն, Կարմիշ, Գերմանիա

1995-էն ի վեր աւելի քան 240 հայեր հետեւած են դասընթացքներուն եւ խորհրդաժողովներուն, կազմակերպուած Ճորճ Ք. Մարշալ կեդրոնին` Ամերիկեան-գերմանական ապահովութեան եւ պաշտպանութեան ուսումնասիրութեան հիմնարկին մէջ, Կարմիշ, Գերմանիա, զարգացնելու համար ժողովրդավարութիւն` վստահութեան եւ բարեկամութեան միջոցով: Մարշալ կեդրոնի ծրագիրներուն մասնակիցները կը քննեն բարդ խնդիրներ, ինչպէս` ժամանակակից ապահովութիւն, ազգային ապահովութեան ռազմավարութիւն, ապահովութեան ծրագրաւորում, տագնապներու կառավարում, համացանցի ապահովութիւն եւ փտածութեան դէմ պայքարի ծրագիրներ:

«Տարիներու ընթացքին հայերու մասնակցութիւնը` Մարշալ կեդրոնի զանազան ծրագիրներուն, իր դրոշմը ձգած է ոչ միայն հայ ղեկավարներու կովկասեան ապահովութեան հարցերու մօտեցումին, այլ նաեւ` ինչպէ՛ս Հայաստանը կը ստանձնէ աւելի ընդարձակ` եւրօ-ատլանտեան հարցեր եւ ապահովութիւն», ըսաւ Հայաստանի մէջ Ամերիկայի դեսպան Ռիչըրտ Միլզ, խորհրդաժողովի բացման իր խօսքին մէջ: «Իբրեւ Մարշալ կեդրոնի շրջանաւարտներ` այս պատկառելի շրջանաւարտից խումբը տարիներու ընթացքին կերտած է ուժեղ ընկերակցութիւններ եւ մնայուն բարեկամութիւններ, եւ անոնք հայրենիք վերադարձած են նոր գաղափարներով` զանոնք կիրարկելու Հայաստանի մէջ: Անոնք նաեւ հաւաքաբար սատարեցին Ուաշինկթընի եւ շատ մը եւրոպական մայրաքաղաքներուն աւելի լաւ եւ առողջ ըմբռնումին`  Հայաստանի եւ Կովկասի շրջանին դիմագրաւած յատուկ ապահովութեան եւ պաշտպանութեան մարտահրաւէրներուն»: Ողջոյնի խօսքերով հանդէս եկան նաեւ Հայաստանի մէջ Գերմանիոյ դեսպան Մաթիաս Քայզլըրը եւ Հայաստանի պաշտպանութեան նախարարի տեղակալ Արտակ Զաքարեանը (1):

Ճորճ Քաթլեթ Մարշալ ———————————3700 էջնոց «Մարշալ ծրագիրը»` ներկայացուած ամերիկեան Քոնկրեսին

Ո՞վ էր Ճորճ Ք. Մարշալ (1880-1959): Ամերիկացի զինուորական եւ պետական գործիչ, ստանձնած է կարեւոր պաշտօններ. Միացեալ Նահանգներու պաշտպանութեան նախարար` 21 սեպտեմբեր 1950-12 սեպտեմբեր 1951, պետական քարտուղար` (արտաքին գործոց նախարար) 21 յունուար 1947 – 20 յունուար 1949, Բ. Աշխարհամարտի ընթացքին ամերիկեան բանակի ընդհանուր հրամանատար` 1 սեպտեմբեր 1939-18 նոյեմբեր 1945, Միացեալ Նահանգներու յատուկ պատուիրակ Չինաստանի մէջ` 15 դեկտեմբեր 1945 – յունուար 1947, Միացեալ Նահանգներու Կարմիր խաչի նախագահ` 1 հոկտեմբեր 1949-1 դեկտեմբեր 1950, ինչպէս նաեւ` այլ պաշտօններ: Ծառայած է նախագահներ Ֆրանքլին Ռուզվելթի եւ Հերի Թրումանի օրօք:

5 յունիս 1947-ին Հարվըրտ համալսարանին մէջ Մարշալ ներկայացուց արտաքին գործոց նախարարութեան` Բ. Համաշխարհային պատերազմին պատճառով քանդուած Եւրոպան վերաշինելու փառատենչ ծրագիրները` ներկայացնելով ամերիկեան նախագիծը: Պաշտօնապէս` «Եւրոպայի կազդուրման ծրագիր»-ը վերանուանուեցաւ «Մարշալ ծրագիր»: Օրուան նախագահ Թրումանի քաղաքական խորհրդական Քլարք Քլիֆֆորտը նախագահին թելադրեց «Թրուման ծրագիր» անուանել զայն, սակայն նախագահը պնդեց, որ կոչուի «Մարշալ ծրագիր»: Ծրագիրը պիտի օժանդակէր Արեւմտեան Եւրոպային` արագօրէն վերաշինել քանդուածը եւ արդիականացնել անոր տնտեսութիւնը ամերիկեան օրինակով: Խորհրդային Միութիւնը արգիլեց իր արբանեակ պետութիւններուն մասնակցութիւնը ծրագիրին (2):

Վերակառուցման ծրագիրը կազմաւորուեցաւ եւրոպական պետութիւններու ժողովի մը ընթացքին` 5 յունիս 1947-ին: Նոյն օժանդակութիւնը առաջարկուեցաւ Խորհրդային Միութեան եւ անոր դաշնակիցներուն, որ սակայն մերժուեցաւ այն պատճառաբանութեամբ, որ ընդունելով օժանդակութիւն` ամերիկեան հակակշիռին պիտի ենթարկուէին խորհրդային տնտեսութիւնները: Ճորճ Մարշալ համոզուեցաւ, որ Ստալին չէր հետաքրքրուած Արեւմտեան Եւրոպայի տնտեսական զարգացումով:

Միացեալ Նահանգները աւելի քան 13 միլիառ տոլար (այժմու արժէքով` շուրջ 132 միլիառ) յատկացուցին այս քառամեայ ծրագիրին, որ սկսաւ 8 ապրիլ 1948-ին: Միացեալ Նահանգներուն նպատակն էր` վերականգնել պատերազմէն քանդուած շրջանները, վերացնել սահմաններուն առեւտրական արգելքները, արդիականացնել ճարտարարուեստը, Եւրոպան վերստին բարգաւաճ դարձնել եւ արգելք հանդիսանալ համայնավարութեան տարածումին:

Մարշալ նպաստ` Յունաստան եւ Մարշալ վերակառուցում` Արեւմտեան Գերմանիա

Առաջին յատկանշական նպաստը յունուար 1947-ին յատկացուեցաւ Յունաստանին եւ Թուրքիոյ, որոնք կը նկատուէին համայնավարութեան տարածումին դէմ առաջին ճակատը, որոնք արդէն նպաստ կը ստանային «Թրուման վարդապետութեան» տրամադրութեան շնորհիւ:

Մարշալ ծրագիրին օժանդակութիւնը բաշխուեցաւ մօտաւորապէս անձ գլուխ հաշուով: Աւելի մեծ գումարներ յատկացուեցան գլխաւոր ճարտարարուեստական երկիրներուն, այն համոզումով, որ անոնք պիտի սատարեն Եւրոպայի ընդհանուր վերակենդանացումին: Որոշ չափով աւելի նպաստ ուղղուեցաւ Դաշնակից ազգերուն: Մեծագոյն նպաստառուն եղաւ Միացեալ Թագաւորութիւնը` շուրջ 26 տոկոս, ապա Ֆրանսան` 18 տոկոս եւ Արեւմտեան Գերմանիան` 11 տոկոս: 18 եւրոպական երկիրներ օժանդակութիւն ստացան (3):

Յատկանշական է, որ իբրեւ արտաքին գործոց նախարար` Մարշալ խիստ դէմ էր ճանչնալու Իսրայէլը: Մարշալ կը զգար, որ եթէ Իսրայէլ պետութիւնը հռչակուէր, պատերազմ պիտի ծագէր Միջին Արեւելքի մէջ, որ պատահեցաւ 1948-ին` Իսրայէլի անկախութիւն հռչակելէն մէկ օր ետք (եւ կը շարունակուի ցարդ,  Յ. Չ.): Մարշալ նկատեց, որ հրէական պետութեան ճանաչումը ներքին քաղաքական քայլ մըն էր` ապահովելու համար հրեաներուն քուէները գալիք նախագահական ընտրութիւններուն, ուր Թրուման կրնար կորսնցնել թեկնածու Տիուիին: Ան 1948 մայիսին նախագահ Թրումանին ըսաւ. «Եթէ ճանչնաս Իսրայէլի պետութիւնը, եւ եթէ մասնակցիմ քուէարկութեան, քու դէմդ պիտի քուէարկեմ»: Սակայն, իբրեւ սկզբունք, Մարշալ կը մերժէր քուէարկել որեւէ ընտրութեան (2):

Թրուման ճանչցաւ Իսրայէլը: Իսրայէլի, քարիւղի եւ այլ պատճառներով, ըստ նախագահ Թրամփի 26 հոկտեմբեր 2016-ին Շարլոթի մէջ կատարած յայտարարութեան, քննադատելով նախորդող պատասխանատուները` ըսաւ. «Ամերիկան ցարդ 6 թրիլիոն տոլար (6000 միլիառ) ծախսած է Միջին Արեւելքի մէջ»… (4) միաժամանակ քանդելով Աֆղանիստանը, Իրաքը, Սուրիան եւ Եմէնը եւ  պատճառ դառնալով ցարդ շարունակուող միլիոնաւոր զոհերու եւ գաղթականներու…

Թրուման, նախագահի պաշտօնէն ետք, ի պատասխան հարցումի մը` ըսած է, որ վերջին երեսուն տարիներուն «Չեմ կարծեր գտնուած է անձ մը, որ աւելի մեծ ղեկավար եւ զինուորական հարցերու գիտութիւն ունէր, քան` զօրավար Մարշալը»: Ճորճ Մարշալ 1943-ին եւ 1947-ին հռչակուեցաւ «Թայմզ» ամսաթերթին «Տարուան մարդը», իսկ 1953-ին դարձաւ խաղաղութեան Նոպէլեան մրցանակակիր` միակ ամերիկացի զինուորականը, որ արժանացած է այս պատիւին (2):

Ստորեւ Ճորճ Մարշալի շարք մը տեսակէտները` ընդհանրապէս ուղղուած զինուորականներուն (5).

1.- Ինչ որ ուրիշներ կ՛ընեն, պէտք չէ վրադ ազդէ. մենք կը գործենք այնպէս, ինչպէս իւրաքանչիւրս կ՛ուզէ ըլլալ:

2.- Մի՛ պայքարիր խնդիրին դէմ, որոշո՛ւմ կայացուր:

3.- Կռուիլը բաւարար չէ: Մեր կռիւին ընկերակցող ոգին է, որ որոշիչ դեր ունի: Մեր բարոյական կորովը կը շահի յաղթանակը:

4.- Երբ բան մը պատահած է, պատահած է: Ետեւ մի՛ նայիր: Առջեւ նայէ դէպի յաջորդ նպատակդ:

5.- Միակ միջոցը, որ մարդիկ պատերազմ մը կը յաղթեն, զայն կանխարգիլելն է:

6.- Անկեղծութիւնը, ուղղամտութիւնը եւ հանդուրժողականութիւնը հիմնական յատկանիշներն են ընտիր եւ ուժեղ նկարագիրի:

7.- Խաղաղութեան գինը յաւերժական աչալրջութիւնն է:

8.- Միշտ փորձած եմ երիտասարդները մղել, որ սովորութիւն դարձնեն իրականութիւնը փնտռել:

9.- Աղքատութիւնը եւ կեղեքումը պատերազմներ կը սնուցանեն: Յարատեւ խաղաղութիւնը կարելի է միայն համեմատաբար ազատ եւ բարգաւաճ աշխարհի մը մէջ:

Հիրոշիմայէն քանդուած շրջան մը

Նոյնպէս` Նակազաքի

10.- Ամէնէն կարեւորները զինուորին սիրտը, զինուորին ոգին եւ զինուորին հոգին են: Եթէ զինուորին ոգին զինք տոկուն չի պահեր, կարելի չէ վստահիլ անոր. ան ինքզինք եւ իր հրամանատարը ձախողութեան պիտի մատնէ, վերջաւորութեան նաեւ` իր երկիրը:

11.- Կրաւորական անտարբերութիւնը, քանի որ յատուկ հրահանգ չէ տրուած այս կամ այն բանը կատարելու, ծանրակշիռ  թերութիւն է:

12.- Մեր քաղաքականութիւնը ուղղուած չէ որեւէ երկրի կամ վարդապետութեան դէմ, այլ` անօթութեան, աղքատութեան, յուսահատութեան եւ քաոսի դէմ: Մեր նպատակը պէտք է ըլլայ համաշխարհային գործող տնտեսութեան մը յառաջացումը, որպէսզի արտօնէ քաղաքական եւ ընկերային պայմաններու ընձեռումը, ուր ազատ հաստատութիւններ կրնան գոյատեւել:

13.- Պէտք է դադրինք մեր ուղղութիւնը իւրաքանչիւր անցնող նաւու լոյսով ճշդելէ, փոխարէնը`  մեր ուղղութիւնը պէտք է ճշդենք աստղերէն:

14.- Բարոյականութիւնը միտքի վիճակ է: Ան կայունութիւն, քաջութիւն եւ յոյս է:

15.- Չեմ ուզեր, որ դուք այստեղ նստած` ինծի հարցնէք, թէ ի՛նչ պիտի ընէք, այլ կ՛ուզեմ, որ դուք ինծի ըսէք, թէ ի՛նչ պիտի ընէք:

16.- Ռազմական ուժը կը յաղթէ ճակատամարտեր, սակայն պատերազմները կը շահի ոգեղէն ուժը:

17.- Եթէ նպատակը ճշգրիտ բանաձեւուի, հարիւրապետ մը իսկ կրնայ ռազմավարութիւնը ծրագրել:

18.- Եթէ զօրավար մը գանգատի իր ջոկատին բարոյական ոգիէն, ժամանակը եկած է նայելու իր ոգիին:

19.- Յարձակումի մը յաջողութեան յարատեւումը կը կայանայ շարժիչ ուժի, թափի, մղումի պահպանումին մէջ:

20.- Պէտք է ունենամ օգնականներ, որոնք իրենց խնդիրները կը լուծեն եւ ետքը ինծի կը զեկուցեն, թէ ի՛նչ ըրին:

21.- Մենք համաշխարհային յեղափոխութեան մէջ ենք եւ ըսել չեմ ուզեր` համայնավարութիւն: Յեղափոխութիւնը, որուն մասին կը խօսիմ, աշխարհատարած, փոքր, աղքատ մարդոցն է: Անոնք սկսած են գիտակցիլ, թէ կեանքին մէջ ինչե՜ր կան, որոնք իրենք չունին:

Հեգնական է, որ քանդուած Եւրոպան վերաշինող երկու հեղինակներէն մէկը, Ճորճ Մարշալի ամերիկեան բանակի ընդհանուր հրամանատարի պաշտօնավարութեան ընթացքին, նախագահ Թրուման հրահանգեց հիւլէական ռումբով քանդել 6 օգոստոս 1945-ին` Հիրոշիման, եւ 9 օգոստոս 1945-ին` Նակազաքին, պատճառելով առնուազն 225 հազար զոհ եւ մեծ թիւով հաշմանդամներ:

3 նոյեմբեր 2017

 

(1) ( https://am.usembassy.gov/marshall-alumni/ )
(2) ( https://en.wikipedia.org/wiki/George_Marshall )
(3) ( https://en.wikipedia.org/wiki/Marshall_Plan )
(4) (https://www.realclearpolitics.com/video/2016/09/26/trump_we_spent_6_trillion_in_the_middle_east_we_could_have_rebuilt_our_country_twice.html )
(5) ( http://www.azquotes.com/author/9510-George_C_Marshall )

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համազգայինի Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարան. ՀՕՄ-ի «Նորսիկեան» Մանկապարտէզի «Պզտիկեան» Պարտէզի Բացում

$
0
0

Ուրբաթ, 8 դեկտեմբեր 2017-ին ջերմ ու մտերմիկ մթնոլորտի մէջ տեղի ունեցաւ Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի «Նորսիկեան» մանկապարտէզի «Պզտիկեան» պարտէզին բացումը: Այս գեղեցիկ իրագործումին առիթով, կէսօրուան ժամը 1:00-ին Ճեմարան ժամանեցին բարերարներ` տէր եւ տիկին Վահան եւ Նորա Պզտիկեանները` ընկերակցութեամբ Ճեմարանի բարեկամներու եւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչներու եւ Ճեմարանի խնամակալութեան անդամներու:

Շրջելէ ետք Ճեմարանի զանազան բաժինները, անոնք այցելեցին մանկապարտէզ, ուր տեղի ունեցաւ մատղաշ սերունդներուն համար փայլուն ապագայի մը կերտումի յոյսով  տէր եւ տիկին Վահան եւ Նորա Պզտիկեաններու ծնողներ Յարութիւն եւ Ազնիւ Պզտիկեաններու յիշատակին նուիրուած «Պզտիկեան» պարտէզին բացումը:

Մանկապարտէզին մէջ երեք փոքրիկներ մօտեցան նուիրատու ամոլին, անոնցմէ մէկը զոյգին յանձնեց պարտէզի բացման վարդագոյն ժապաւէնը, միւսը նուիրեց ծաղկեփունջ մը, երրորդը` մանկապարտէզի աշակերտներուն կողմէ Լալայի ու Արայի պայուսակն ու գրենական իրերը յանձնեց անոնց` զայն նուիրելու համար իրենց կրտսերագոյն թոռան` Արային:

Ժապաւէնը կտրելէ ետք, Ճեմարանի տնօրէն Փաուլա Եղիայեանը ողջունեց հիւրերը եւ Ճեմարանի մեծ ընտանիքին անունով շնորհակալութիւն յայտնեց անոնց` Ճեմարանի բարգաւաճման սատար հանդիսացող եւ հայ երեխան հայ դպրոցին մէջ պահելու առաքելութիւնը խրախուսող այս իրագործումին համար: Ապա խօսք առաւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, որ բարձր գնահատեց այս գեղեցիկ նախաձեռնութիւնը: Ան ըսաւ. «Համազգայինը լաւատեսութեան մարմնացումն է, այդ պատճառով այս ներդրումները կ՛ըլլան մանկապարտէզի եւ մանկամսուրի մէջ, որովհետեւ մեծ հաւատք կայ ապագայի հանդէպ: 1987-ին, երբ Ճեմարանի առաջին դպրոցական մասնաշէնքը կը կառուցուէր Ծաղկաձորի մէջ, շրջակայքը ոչ մէկ կառոյց կար, թնդանօթ մը կար միայն: Երբ պատերազմին պատճառով ամէն մարդ կը գաղթէր Լիբանանէն, Համազգայինը մեծ հաւատքով դպրոց կը կառուցէր: Շէնքը շինուեցաւ, ռումբ ալ ստացաւ, սակայն, ինչպէս կը տեսնենք, անիկա գոյատեւեց ու բարգաւաճեցաւ»:

Մկրտիչ Մկրտիչեանի խօսքէն ետք տեղի ունեցաւ հիւրասիրութիւն` մանկապարտէզի ճաշասենեակին մէջ, ուր ներկաներէն ոմանք այս առթիւ շնորհակալական խօսքեր արտասանեցին: Վահան Պզտիկեանին կինը` Նորա Պզտիկեան, կարդաց այս առիթով իր ամուսնոյն սրտի խօսքը. «Այս պահը շատ յուզիչ է ինծի համար. մտքիս յուշերը ետ կ՛երթան աւելի քան վեց տասնամեակներ. կը յիշեմ ծնողքս եւ կը յիշեմ դպրոցս: Ընտանիք եւ դպրոց. մարդակերտումի երկու կարեւորագոյն դարբնոցներ: Ճեմարան սկսայ յաճախել 1956-ին: Այդ օրերուն մեր դաստիարակներու եւ ուսուցիչներու փաղանգին մաս կը կազմէին ազգային հանրածանօթ դէմքեր եւ նուիրեալներ, որոնք այսօր արդէն հեռացած են մեզմէ: Նուիրեալներ, որոնք ամենայն զոհաբերութեամբ եւ համբերանքով աշխատեցան չարաճճի մանուկը վերածելու ազգային բարձր գիտակցութեամբ եւ զգացումներով օժտուած հայ մարդու: Յիշեմ քանի մը անուններ. մեր տնօրէնը` Սիմոն Վրացեան` Հայաստանի Ա. Հանրապետութեան վերջին վարչապետը, որ յաճախ սուր հիւմուրով եւ մեղմ ձայնով ինքզինք կ՛անուանէր «նախկին վարչապետ, այժմ` վարժապետ»: Կարօ Սասունին, որ մեզի կը դասաւանդէր հայոց լեզու, գրականութիւն եւ հայոց պատմութիւն: Տակաւին մինչեւ այսօր կը յիշեմ եւ կը տեսնեմ իր այդ խոշոր ճերմակ կտաւէ թաշկինակը, զոր ան գրպանէն կը հանէր եւ կ՛օգտագործէր իր արցունքները սրբելու համար, երբ ան կը խօսէր, աւելի ճիշդ` կը պատմէր մեզի հայ ժողովուրդի ազատագրութեան պայքարի դրուագներէն եւ կամ Հայաստանի Ա. Հանրապետութեան նուաճումի ճակատամարտերու դէպքերէն: Իսկ մենք` «ջորեպաններս», առանց շշուկի եւ ամենայն ուշադրութեամբ կը հետեւէինք իր խօսքերուն եւ բառերուն: Ինչպէ՞ս չյիշեմ մեր աւելի նորագոյն ազգային դէմքերէն Մուշեղ Իշխանը եւ Գառնիկ Բանեանը, որոնք ամենայն համբերութեամբ եւ ներողամիտ ոգիով կը տանէին հայ պատանիին անմեղ չարաճճիութիւնները: Երկար է շարքը մեր նուիրեալ դաստիարակներուն եւ ուսուցիչներուն. ես պիտի չյանդգնիմ ամէն մէկուն անունը յիշել հոս: Ճեմարանը ինծի համար եղաւ յոյսի եւ լոյսի փարոս: Յոյս ներշնչեց ինծի, որ բարձրագոյն ուսման ճամբով կարելի է լայն հորիզոններ բանալ կեանքին առջեւ եւ լոյս սփռեց զանազան կարելիութիւններու վրայ, որպէսզի կարենամ ընտրել իմ նախասիրած մասնագիտութիւնս: Ինչպէս կ՛ըսէ Արամ Ա. վեհափառ հայրը դպրեվանքի մասին, Ճեմարանը մեզի համար եղաւ «մարդակերտումի դարբնոց»: Այսօր իմ մաղթանքս է, որ Ճեմարանը անխափան շարունակէ իր առաքելութիւնը` պատրաստելու եկող սերունդներու մեր ազգային առաջնորդները»:

Հիւրասիրութենէն ետք ներկաները այցելեցին նոր կառուցուող մանկամսուրը, ապա բաժնուեցան Ճեմարանէն` յառաջիկային նոր հանդիպման մը յոյսով:

Ազգային Ընդհանուր Ժողովը Իրազեկ Կը Դառնայ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Բացած Սիսի Կաթողիկոսարանի Վերադարձի Դատին Ներկայ Փուլին

$
0
0

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը աննախադէպ եւ անկիւնադարձային քայլ մը առնելով` Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատ բացած էր: Երկու տարուան հետեւողական եւ տքնաջան աշխատանքներէ ետք, դատը ներկայիս քաղաքական արգելքներու դիմաց կը գտնուի: Այս առնչութեամբ Ազգային ընդհանուր ժողովը յատուկ նիստով մը ժողովականներուն տրամադրութեան տակ դրաւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ձեռնարկած` հայ ժողովուրդի իրաւունքներու հետապնդման աշխատանքները, որոնց շարքին` Սիսի կաթողիկոսարանի դատին մանրամասնութիւնները:

Զեկոյցներ ներկայացուցին` դոկտ. Նորա Պայրագտարեան, Սեդա Խտըշեան եւ Քանատայէն տեսերիզով միացաւ դատի գլխաւոր փաստաբան փրոֆ. Փայամ Ախաւան:

Ս. Խտըշեան նշեց, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի գծով իրականացած կաթողիկոսութեան ձեռնարկները ունեցած են տեղական, քաղաքական ու միջազգային արձագանգ, մանաւանդ` Հայոց  ցեղասպանութիւնը ճանաչումէն հատուցում տանող աշխատանքները, որուն գագաթնակէտը կը հանդիսանայ Սիսի դատը: Ասոր կողքին, տեղի ունեցան շրջանային համագումարներ, Պիքֆայայի յուշահամալիրի շինութիւն, Անթիլիասի մայրավանքի յուշամատուռի վերանորոգութիւն, Հայոց ցեղասպանութեան որբերու յիշատակին նուիրուած «Արամ Պէզիկեան» թանգարանի բացում եւ այլ ձեռնարկներ, յայտնեց Խտըշեան:

Ապա հանդէս եկաւ դոկտ. Պայրագտարեանը, որ նշեց, թէ Սիսի կաթողիկոսարանի դատական հայցի զոյգ թղթածրարները, օրինական թէ պատմական տուեալներով, կը փաստարկեն, որ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը օրինական իրաւատէրն է Սիսի կաթողիկոսարանին: Ան շարունակեց` ըսելով, որ դատը հետապնդող օրինական յանձնախումբին հիմնական նպատակն էր դատը փոխադրել Եւրոպայի Մարդկային իրաւանց դատարան, սակայն այդ մէկը իրագործելու համար պէտք էր նախ թրքական Սահմանադրական դատարանէն անցնիլ: Դոկտ. Պայրագտարեան մանրամասնութեամբ խօսեցաւ դատի փուլերուն մասին եւ ընդգծեց, որ ներկայիս օրինական յանձնախումբը, վեհափառ հայրապետին նախագահութեամբ, քննարկած է մէկէ աւելի ուղիներ, որոնց մասին պիտի յայտարարուի մօտ ապագային:

Զեկուցումներէն ետք տեսերիզի ճամբով ելոյթ ունեցաւ փրոֆ. Փայամ: Ան համապարփակ բացատրութիւն տուաւ Հայոց ցեղասպանութենէն ետք Թուրքիոյ պետութեան վարած քաղաքականութեան մասին, որ կը զրկէր փոքրամասնութիւնները իրենց իրաւունքներէն եւ օրէնքներ կը մշակէր խլելու համար անոնց գոյքերը: Ան նաեւ խօսեցաւ փրոֆ. Թաներ Աքչամի աշխատութիւններուն շնորհիւ երեւան ելած նոր փաստաթուղթերուն մասին: Ան նշեց, որ կաթողիկոսարանին պատրաստած թղթածրարը ամբողջական է, եւ քաղաքական ճնշումներ պիտի չկարենան կասեցնել դատին հետապնդումը` մինչեւ իրաւունքին վերադարձը:

Աւարտին, Արամ Ա. կաթողիկոս եզրափակեց նիստը` հաստատելով, որ այս դատին աշխատանքները իր կեանքին ու աշխատանքին մէջ կարեւոր տեղ գրաւած են: Ան ընդգծեց, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր տարագրեալ կաթողիկոսներուն ոգիով թրծուած է, որովհետեւ անոնք բոլորը կը հաւատային այս դատին: Վեհափառ հայրապետը նշեց, որ մեր պահանջատիրական ոգին կը ժառանգենք անոնցմէ: Այս դատը ո՛չ միայն կաթողիկոսարանին, այլ հայ ժողովուրդին ու հայրենիքին դատն է, նշեց հայրապետը` ընդգծելով, որ դատին պահանջը հատուցում չէ, ինչպէս որ զրպարտած են շատեր, այլ` հողային պահանջ. «Մենք հող կը պահանջենք», շեշտեց հայրապետը:

Ժողովը դիտեց նաեւ դատին մանրամասնութիւնները ներկայացնող տեսերիզ եւ ունեցաւ քննարկման նիստ:

 


Սփիւռքի Վերակազմակերպման Խնդիրները Արծարծող Յատուկ Նիստ` Ազգային Ընդհանուր Ժողովի Ընթացքին

$
0
0

Ազգային ընդհանուր ժողովի ծիրին մէջ նիստ մը յատկացուեցաւ սփիւռքին, նոր մարտահրաւէրներու դիմաց` անոր վերակազմակերպման, ինքնութեան ամրապնդման եւ Հայաստանի հետ գործակցութեան: Յակոբ Բագրատունի (Լիբանանէն), Միհրան Քիւրտօղլեան (Յունաստանէն) եւ Տարօն Տէր Խաչատուրեան (Միացեալ Նահանգներէն) այս նիստին զեկուցաբերներն էին:

Յակոբ Բագրատունի հարցադրումներու ընդմէջէն անդրադարձաւ սփիւռքի ներկայ բարդ կացութեան` նշելով, որ սփիւռք սահմանումը Ցեղասպանութենէն վերապրած սփիւռքը, նոր կազմաւորուող/կազմաւորուած սփիւռքը ու նաեւ մեր ուժերուն հասանելի հայկական գաղութները կը ներառէ: Ան թուեց այն մարզերը, ուր սփիւռքը, որպէս հայկական իրականութիւն, շատ բան ունի ընելիք` հայապահպանում, հայրենապահպանում, Հայ դատ. այս առնչութեամբ ան նշեց, որ իւրաքանչիւր գաղութ ունի իրեն յատուկ մօտեցում եւ մտածելակերպ ու գործելաոճ: Այս մեկնակէտէն ան հարցուց` «Ո՞վ է հայը» ու հարցադրումներ դրաւ հայկական ինքնութեան խնդիրով:

Միհրան Քիւրտօղլեան դիտել տուաւ, որ հայապահպանման դասական ձեւերը վերջին երեսնամեակին ձախողութիւն կրած են: Սփիւռքը իր ներկայ իրավիճակին հասնելուն պատճառներէն մէկը սփիւռքեան դառն իրականութիւնը թապու նկատելը եղած է, ըսաւ զեկուցաբերը ու աւելցուց, որ ներկայիս սփիւռքը ապրելու ընտրավայր մը դարձած է: Ապա ան թուեց հայօճախներուն պահպանման միջոցներն ու անոնց կարողականութիւնը եւ անոնց ընդմէջէն անդրադարձաւ ձուլումը արագացնող երեւոյթներուն: Քիւրտօղլեան հաստատեց, որ սփիւռքը պիտի չդադրի գոյութիւն ունենալէ, մանաւանդ երբ ձեռք ձգէ դարուս ընծայած դրութիւնները` ի նպաստ իրեն օգտագործելու հնարաւորութիւնները:

Վերջապէս, ելոյթ ունեցաւ Տարօն Տէր Խաչատուրեան: Ան խօսեցաւ սփիւռք¬Հայաստան գործակցութեան մասին ու կեդրոնացաւ Հայաստանի եւ սփիւռքի հզօրացման: Ան լուսարձակի տակ առաւ Հայաստանէն արտագաղթը, սփիւռքի գաղութներուն տարաբնոյթ ըլլալը (Արեւելք-Արեւմուտք տարբերութիւններով), սփիւռքին գոյատեւման հաւատք չընծայելու խնդիրը, որուն պատճառով անոր համար թափուած ջանքերը կը մնան չնչին, նշեց ան: Տէր Խաչատուրեան խօսեցաւ նաեւ ազգային անվտանգութեան, հայութեան քաղաքական օրակարգերու, Հայաստանի զարգացման եւ սփիւռքի գոյատեւման հարցերու լծակներուն մասին:

Քննարկման նիստին Արամ Ա. կաթողիկոս կատարեց իր նշումները եւ յայտնեց, որ յաճախ ազգային կեանքին մէջ երկու հակադիր եւ վտանգաւոր մօտեցումներ կը գերիշխեն` զգացական եւ բացասական: Ներկայ պայմաններուն անցեալի չափանիշներ օգտագործելը աննպաստ են ազգային կեանքին գոյատեւման, յայտնեց վեհափառը` նշելով, որ անհրաժեշտ է իրապաշտ մօտեցում ունենալ: Արամ Ա. հաստատեց, որ ամիսներ առաջ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքին մէջ հայու ինքնահասկացողութիւն թեմայով տեղի ունեցած հաւաքը կարեւոր էր իր նիւթով, ինչպէս նաեւ` անկէ բխած հարցերուն առնուելիք քայլերով: Հայրապետը խօսեցաւ նաեւ սփիւռքին Հայաստանի մէջ կատարելիք աշխատանքին մասին, որ պէտք է ընդգրկէ նաեւ սփիւռքահայուն Հայաստանի մէջ գործունեայ մասնակցութիւնը:

 

Կա՛մ «Մաղձէն» Ազատիլ, Կա՛մ Ալ` Քաղաքացիական Պատերազմ

$
0
0

Ստորեւ «Ակունք»-էն կը ներկայացնենք թուրք նշանաւոր պատմաբան, ցեղասպանագէտ, փրոֆեսէօր Թաներ Աքչամի յօդուածը, որ կը վերաբերի թուրք ամերիկեան յարաբերութիւններուն եւ Թուրքիոյ ներկայ ճգնաժամին:

Ամերիկան մօտէն ճանչցող ընկերներս կը հաւաստեն, որ ամերիկացիները երբեք ուղղակի եւ բացայայտ կերպով չեն ճակատիր: Անոնք կ՛ըսեն, որ ամենաուժգին ընդհարումի ժամանակ ամերիկացիները նոյնիսկ ժպիտով դրութիւնը արձանագրելով` առանձնապէս մեծ հակազդեցութիւն չեն ցուցաբերեր:

Ընկերներուս կարծիքով, ամերիկացիներու` «ուժգին եւ անմիջական հակազդեցութիւն ցուցաբերելէն հեռու» այդ կեցուածքը հիմնականին մէջ սխալ կը մեկնաբանուի հակառակորդին կողմէ: Հակառակորդը կը կարծէ` «յաղթանակ տարած է», եւ կը կարծէ, որ ամերիկացիները յետքայլ կատարած են: Ինչ որ մեծ սխալ մըն է:

«Քանզի,- կ՛ըսեն ընկերներս,- իրենց հակազդեցութիւնը «պոռալով» եւ բացայայտ կերպով չցուցադրող ամերիկացիները իրենց իրական կեցուածքը ժամանակի ընթացքին կը բացայայտեն: Եթէ խօսքս տեղին է, անոնք կը վարուին անգլիացիներու` «Ամենաճիշդ վրէժը պաղ կը մատուցուի» խօսքին համապատասխան, եւ շատ ծանրակշիռ կերպով իրենց «վրէժը կը լուծեն»:

Չեմ գիտեր, թէ որքանով յարմար է ազգութիւններու նման վերաբերումէն խօսիլը, բայց Նիւ Եորքի մէջ շարունակուող Զարրապի դատական գործը (խօսքը Թուրքիոյ, Իրանի եւ Մակեդոնիոյ գործարար Ռեզա Զարրապի մասին է, ըստ «Ակունք»-ին) ինծի յիշեցուց այդ ամէնուն մասին:

Թուրքիոյ եւ, յատկապէս, Թայիփ Էրտողանի հետ բաւական բացայայտ ընդհանրումի մէջ մտած եւ վերջաւորութեան «լուռ մնացող» Միացեալ Նահանգները հիմա կը սկսին կամաց-կամաց իրենց խաղը բացայայտել:

Ինչպէս կ՛երեւի, Էրտողանի դէմ (Միացեալ Նահանգներու կողմէ) սկսած է երկարատեւ չինական տառապանքներ յիշեցնող, բաւականին մանրազնին կերպով նախապատրաստուած ծրագիր մը:

Զարրապի դատական գործընթացը բացայայտող ամէն տեղեկութիւն ցնցում կը յառաջացնէ: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան կառավարութիւնն ու Էրտողանը սկզբնապէս կրնան շարժիլ` այդ հրաձգութենէն քաղաքական ու գաղափարական փաստարկներով պաշտպանուելու զգացումի:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը կրնայ մտածել, թէ ինք, հնարաւոր է, շահած դուրս գայ խաղէն` այն գաղափարէն մեկնելով, որ այդ «յարձակման» աղբիւրը Միացեալ Նահանգները չեն, որ երկրին մէջ կ՛ամրապնդուին հակաամերիկեան տրամադրութիւնները, եւ որ` ատիկա «Թուրքիոյ դէմ կազմակերպուած խաղ է»:

Այսպէս, օրինակ, թրքական կառավարութեան ընդդիմադիր որոշ շրջանակներուն մէջ իսկ հնարաւոր է այդ պաշտպանական գիծին հետքերը նշմարել: Քիչ չեն անոնք, որոնք կ՛ըսեն, թէ` «յարձակումը Թուրքիոյ ուղղուած է, եւ որ` խօսքը կը վերաբերի ազգային պաշտպանութեան»:

Սակայն խիստ ակնյայտ է, որ այդ պաշտպանութեան մէջ մեծ ճեղքեր պիտի բացուին` տեղեկատուութեան նոր ռմբակոծութեան միջոցով: Նախ` այն փաստը, որ մեղադրանքները անձերու  ուղղուած են, կ՛ամրապնդէ այն համոզումը, որ «մաղձ թափելով» կարելի է գործին մէջէն դուրս գալ: Արդէն իսկ Միացեալ Նահանգներու ռազմավարութեան կարեւոր հիմքերէն մէկն ալ այդ է: Թուրքիոյ կ՛առաջարկուի Զարրապի դատական գործին միջոցով «մաղձէն ազատիլ»:

Երկրորդը` սոյն դատական գործին տնտեսական հետեւանքներն են® Ճիշդ է` եթէ խնդիրը միայն ներքին հասարակական կարծիքին ուղղուած քաղաքական ու գաղափարախօսական փաստարկներով սահմանափակուէր, Էրտողանը եւ

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը կրնային շահած դուրս գալ այս ընդհարումէն: Սակայն սկսաւ հորիզոնին մէջ երեւալ, որ սոյն դատական գործը իրեն հետ կրնայ բերել նաեւ տնտեսական անկում: Ինչպէս կ՛երեւի, 2019 թուականի ընտրութիւններուն զուգահեռ զարգացող տնտեսական անկումը շատ մեծ վնասներ հասցուց Թուրքիոյ քաղաքացիին, վնասներ, որոնք չեն կրնար որեւէ գաղափարական փաստարկով հատուցուիլ:

Այդ պարագային Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը այլեւս հաստատ կանգնած պիտի ըլլայ երկու նախընտրանքի առջեւ. կա՛մ այդ «մաղձը», այսինքն` Էրտողանին իր մէջքէն վար նետել, կամ ալ ամէն բան աչքի առջեւ ունենալ` յանուն մէկ հոգիի պաշտպանութեան: Այդ երկրորդ ընտրութիւնը կը նշանակէ քաղաքացիական պատերազմ: Երրորդ այլընտրանք առայժմ չ՛երեւիր:

Բացարձակապէս պատահականութիւն չէր այն, որ Քեմալ Քըլըչտարօղլուն Էրտողանի հարազատներուն կատարած ֆինանսական ապօրինութիւններու մասին տեղեկութիւնները հրապարակեց Զարրապի դատական գործի ուսումնասիրման հետ գրեթէ նոյն օրերուն: Ռազմավարութիւնը ակնյայտ է. մեկուսացնել Էրտողանը` որպէս անձ, տարանջատում դնել անոր եւ Թուրքիոյ միջեւ:

Եթէ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը  ամէն բան ընէ յանուն իր առաջնորդին, վերջինս պաշտպանելու համար հարկադրուած կ՛ըլլայ յարձակիլ Ժողովրդահանրապետական կուսակցութեան վրայ, իսկ ատիկա կը նշանակէ գործընթացի մը սկիզբ, որ կ՛ենթադրէ անգամ ԺՀԿ կեդրոնի ներկայացուցիչներու, ներառեալ` Քըլըչտարօղլու ազատազրկում: Այդ ալ քաղաքացիական պատերազմի գործընթացն է, հասարակութեան 50 տոկոսի պայքար` միւս 50 տոկոսի դէմ® Յանուն ինչի՞, ինչո՞ւ համար: Յանուն մէկ անձի պաշտպանութեան®

Որքան տարածուին Զարրապի դատական գործի տեղեկութիւնները, Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան եւ պետութեան միւս ղեկավարները այնքան կը տեսնեն, որ իրենց ունեցած այլընտրանքները հետզհետէ կը նուազին. կա՛մ մէկ հոգիէ ազատիլ, կա՛մ ալ քաղաքացիական պատերազմ` յանուն այդ անձի պաշտպանութեան® Առաջինը շատ դիւրին է, որովհետեւ ի վերջոյ հարկադրուած չեն ըլլար մեծ փոփոխութիւն ընել պետութեան հիմնական նախընտրութիւններուն մէջ, բայց մէկ անձի պաշտպանելը կրնայ լիովին կործանել այս երկիրը:

Չեմ գիտեր` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ղեկավարութիւնը արդեօք այդքան հեռատե՞ս է, որ կարենայ այս գործընթացին խորութիւնը տեսնել: Սակայն հաստատ է, որ մտած ենք այնպիսի գործընթացի մը մէջ, որուն մէջ այլընտրանքներու թիւը շատ նուազած է` կա՛մ Էրտողանը, կա՛մ Թուրքիան:

Թարգմանեց`
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Ակունք»

«Երիտասարդ Ընտանիքին Աստուածաշունչը»` Ուրախութեամբ Ընթերցուելիք Գործ Մը

$
0
0

ԱՐԱԶ ԳՈՃԱՅԵԱՆ

Նոր գիրք մը ունենալը աշխարհի ամէնէն լաւ զգացումներէն մէկն է, քանի որ ընթերցողին յոյս կը ներշնչէ, որ` ընթերցողը նոր աշխարհ մը պիտի ճամբորդէ գիրքին էջերուն ընդմէջէն: Գիրքին բովանդակութիւնը` իր կարգին, բայց գիրքը ինքնին` կողքի շապիկը, կողքի նկարը, էջերուն որակը, էջադրումը, տառատեսակը`  ամբողջութեամբ կարեւոր դերակատարութիւն ունին գիրքին ընծայելիք փորձառութեան:

Երբ իմացայ, որ Ծոցի Աստուածաշունչի ընկերութիւնը «Երիտասարդ ընտանիքին Աստուածաշունչը» խորագիրով հրատարակութեան մը ձեռնարկած է, հետաքրքրութիւնս արթնցաւ. նախ` քանի որ Կիրակնօրեայ վարժարան յաճախած օրերուս նման հրատարակութիւն մը գոյութիւն չունէր, ապա` որովհետեւ վերջապէս նոր սերունդի ընտանիքները, որոնք կլանուած են դրամատիրական աշխարհով, իրենց տրամադրութեան տակ ունին իրենց համար պատրաստուած ձեռնարկ մը: Արդարեւ, վերնագիրէն ակներեւ է, որ հրատարակութիւնը ջանք խնայած պէտք չէ ըլլայ մատակարարելու 21-րդ դարու մշակոյթին մաս կազմող սերունդի մը, որ ամէն բանի կ՛ուզէ առանց արգելքներու տիրանալ, ըլլայ ատիկա առարկայ, գիտութիւն, թէ կարողութիւն:

Եւ ճիշդ էր ենթադրութիւնս:

«Երիտասարդ ընտանիքին Աստուածաշունչը» արդարացիօրէն այն հրատարակութիւնն է, որ մանուկ ու պատանի ընթերցողին ձեռքերուն մէջ կը դնէ Աստուածաշունչը` արդիականացած: Աստուածաշունչ կարդալը լուր կամ վէպ  կարդալու չի նմանիր: Ընթերցողը հոգեպէս ու մտապէս պատրաստ պէտք է ըլլայ Աստուծոյ շունչին` զայն ընկալելու համար: Այս հրատարակութիւնը ճամբան կը հարթէ դէպի այդ հոգեմտաւոր պատրաստութիւնը: Կարելի է ըսել, որ այս գործը նախապատրաստական դաշտ մըն է ապագայի Աստուածաշունչ ընթերցողներ արտադրելու, որովհետեւ անիկա ո՛չ թէ դասական ձեւով հրամցուած Աստուածաշունչ մըն է, այլ` մանկապատանեկան կազմուածքի յարմար:

Պատկերազարդ այս հրատարակութեան մէջ կը գտնենք 20 գլուխներ, որոնցմէ իւրաքանչիւրը բաղկացած է եօթը պատմութենէ: Պարզեցուած լեզուով կը կարդանք Յիսուսին ծնունդը, իսրայէլացիներուն չարչարանքն ու գաղթը, արարչագործութեան պատմութիւնները, հոգեւոր նախահայրերուն եւ մարգարէներուն պատմութիւնները, Յիսուսի առաքելութիւնը, խօսած առակները, հրաշքները, Երուսաղէմ մուտքը, չարչարանքն ու խաչելութիւնը, յարութիւնը եւ, վերջապէս, քրիստոնէութեան պատգամը: Իւրաքանչիւր պատմութիւն ունի իրեն յատուկ պատկեր, որպէսզի օգտակար դառնայ մանուկին կամ պատանիին` երեւակայութեան օգտագործման: Հարկ է նաեւ նշել, որ դիւրին ընթեռնելի է գիրքը` թէ՛ իր օգտագործած տառատեսակին ու գոյներուն համար, թէ՛ ալ պարզ լեզուին համար, որուն համար աշխատած են Արտա Ճէպէճեան (հայերէն շարադրութիւն), Նորա Բարսեղեան (սրբագրութիւն) եւ Մեղրի Շամմասեան (էջադրում): Հրատարակութեան աւարտին յատուկ գրութիւն մըն ալ ուղղուած է ծնողներուն, որպէսզի առաւելագոյն չափով օգտուի ընթերցողը այս արդիական ու ժամանակակից ոճով պատրաստուած գիրքէն:

Մանկավարժական բոլոր յատկութիւնները ունեցող ամբողջական գործ մըն է «Երիտասարդ ընտանիքին Աստուածաշունչը»: Այլ խօսքով, շատ ուրախ էի այս հրատարակութիւնը կարդացած ժամանակս, որովհետեւ ան կապի մէջ դրաւ զիս իմ ներքին մանուկի ու պատանիի հոգիիս հետ, որ տարիներ առաջ Կիրակնօրեայ վարժարաններուն մէջ կիրակնօրեայի ուսուցիչներէն Աստուածաշունչէն դրուագներ կ՛ընկալէր:

 

 

Մեր Վտանգուած Գանձը` Արամի Տո՛ւնը

$
0
0

ԿԱՐՕ ԱՐՄԷՆԵԱՆ

Ժամանակէ մը ի վեր խոր մտահոգութեամբ կը հետեւինք «Հին Երեւան» անունը կրող շուկայական համալիրի ծրագրային կազմաւորման փուլերուն: Մեծածախս այս ծրագրին տէրերը հետեւողականօրէն կը պնդեն, որ հակառակ յաջորդական ձգձգումներուն` ծրագիրը կենդանի է եւ շուտով պիտի մտնէ շինարարական փուլ: Կ՛իմանանք սակայն, որ դեռ հարցեր կան լուծուելիք, որոնց բնոյթը յայտնի չէ հանրութեան: Որմէ կը հետեւի, որ այս կէտին վրայ հանրութեան պարտաւորութիւնն է ըլլալ արթուն, աչալուրջ եւ ուշադիր, որպէսզի յանկարծ ծրագրի ներքին բանակցութիւններու քաշքշուքին զոհ չերթայ մեր ազգային հարստութիւնը` Արամի Տո՛ւնը, որ ճակատագրի տխուր խաղով մը յայտնուած է «Հին Երեւան»-ի սեփականատէրերու ափին մէջ… փոխանակ իր իսկական իրաւատիրոջ` ազգի՛ն օրինական սեփականութիւնը ըլլալու:

Կը խօսինք հայ անկախ պետականութեան ռահվիրայ եւ հայ ժողովուրդի ազգային հերոս` Արամ Մանուկեանի մասին: Հերո՛ս, որ իր հերոսի կոչումը չէ ստացած ժամանակաւոր որեւէ իշխանութեան պարգեւատրումներէն: Ան ՀԵՐՈՍ է իր իսկ ժողովուրդի անբեկանելի վճիռով: Ժողովուրդի ժամանակամերժ եւ գերօրինական հեղինակութեա՛մբ: Անցնող հարիւր տարուան ընթացքին, սփիւռքի մէջ, դժուար թէ գտնուէր մէկը, որ չգիտնար, թէ ո՛վ էր Արամը: Արամը վաղուց «կորսնցուցած» էր իր ազգանունը: Ան պարզապէս ԱՐԱ՛ՄՆ էր հայ ազգի բոլոր իրերայաջորդ սերունդներուն համար եւ վե՛րջ: Իր անուամբ կոչուած են ընդհանրապէս սփիւռքի մէջ հասակ առած բոլոր Արամները: Վստահաբար նաեւ` Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի գահակալ Արամ Ա. վեհափառ հայրապետը:

Խոր ցաւով պէտք է արձանագրել, որ դժբախտաբար նոյնը չէ եղած պարագան մեր հայրենիքին: Ինչ-որ տեղ` պոլշեւիզմը կրցա՛ծ է յաջողիլ հայրենի նորահաս սերունդներու մէկ լայն զանգուածի յիշողութենէն ջնջել Արամին անունը, եւ յատկապէս` Արամի հայրենաստեղծ գործի տարողութեան յստակ գիտակցութիւնը: Պոլշեւիկեան իշխանութիւնները ըրած են ամէն բան մեր ժողովուրդի հաւաքական յիշողութենէն ջնջելու Ա. հանրապետութեան հարազատ պատմութիւնը` տեղը դնելով իրենց այլանդակ նենգափոխութիւնը: Պատի՛ւ մեր ժողովուրդին, որ այնուամենայնիւ մերժած է ընդունիլ այդ պարտադիր զրկանքը եւ իր սրտի թաքուն խորքերուն մէջ պահած է իր սրբութիւնները: Այսօր այդ նոյն ժողովուրդին զաւակներն են, որ դրուագ առ դրուագ եւ մեծ նախանձախնդրութեամբ կը վերականգնեն մեր ազգային յիշողութիւնը:

Արամին ծննդավայրն է այժմու Սիւնեաց մարզի Դաւիթ Բէկ գիւղը (նախապէս` Զէյվա): Ան ծնած է 1879-ին: Եւ սակայն ան հասակ առած է Շուշիի մէջ եւ հոն է, որ անցած է Հայ յեղափոխական դաշնակցութեան շարքերը, երբ դեռ աշակերտ էր Շուշիի յայտնի Թեմական վարժարանին: Դեռ վաղ երիտասարդութեան տարիներուն Արամ ցուցաբերած է ղեկավարելու բնածին շնորհներ եւ ունեցած է բեղուն յեղափոխական կեանք: 1904-ին ան կը նշանակուի ՀՅԴ Վանի ընդյատակեայ կազմակերպութեան պատասխանատու: Իսկ 1915-ին Արամ կեդրոնական դէմքն է Վանի հերոսական ինքնապաշտպանութեան, որ պսակուեցաւ վանեցիներու ջախջախիչ յաղթանակով: Ռուսական բանակին առընթեր, հայ կամաւորական ուժերու Վան մուտքէն ետք, Արամ կը նշանակուի ազատագրուած մարզի կառավարիչ, իսկ երբ կը սկսի ռուսական նահանջը (որ բախտորոշ պիտի ըլլար Արեւմտեան Հայաստանի հայութեան համար), դարձեալ Արամն է, որ մեծ ձեռնհասութեամբ կը ղեկավարէ քաղաքին պարպումն ու ժողովուրդի զանգուածային գաղթը դէպի Արարատեան դաշտ: Կը տեղահանուի մօտ 200,000 մարդ, եւ Արամն է, որ կը կազմակերպէ այդ տեղահան ժողովուրդին տեղաւորման գործը Երեւանի մէջ եւ այլուր: 1918-ի մեծ քաոսին մէջ, այս անգամ` Երեւանի ժողովուրդի՛ն իսկ ընտրութեամբ, Արամ յանձն կ՛առնէ շրջանի կառավարման դժուարին գործը: Եւ երբ թրքական զինեալ ուժերու յարձակողականը կը սկսի, եւ թշնամին արդէն կը ծեծէ Երեւանի դռները, կրկին Արամն է, որ պիտի հրաշագործէ մեր ժողովուրդի համաժողովրդական հակադարձութիւնը յատկապէս Սարդարապատի եւ Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտերով: Պատմական այս մեծ իրադարձութիւններու բարդ բնոյթը իր էութենէն զեղչելու որեւէ դիտաւորութիւն թող չվերագրուի մեզի: Մեծ թիւով հայրենանուէր զինուորներու, հրամանատարներու, զօրավարներու, աշխարհական եւ հոգեւոր գործիչներու արդար ներդրումը կայ այս բոլորին մէջ: Բայց այդ բոլորը ի մի բերող եւ զանոնք բռունցքի վերածող կեդրոնական հեղինակութիւնն է Արամը` իր ամբողջական նուիրումով, կազմակերպական իր հանճարով եւ իր անսահման իմաստութեամբ:

Եւ ի՜նչ հեգնանք եւ գաղափարական ի՜նչ թշուառութիւն, որ այսօր յանկարծ սկսած ենք սակարկութեան նիւթ դարձնել համազգային յարգանքի մեր բարոյական պարտաւորութիւնը Արամին եւ իր պատմական այս հսկայ ժառանգութեան հանդէպ: Որո՞նք են այն մարդիկ, որոնք կը մերժեն Հանրապետութեան հրապարակը բացսրտօրէն բանալ այս մեծ հայորդիին առջեւ: Որո՞նք են դարձեալ այս պարոնները, որոնք հանրապետութեան շփոթ օրերուն քանի մը արծաթով եւ մէջէ-մէջ կարգադրութեամբ եւ գաղտագողի իւրացուցած են Ա. հանրապետութեան Կառավարութեան տունը, որուն պատշգամէն Արամ դէպի Սարդարապատ մղած է Երեւանի ժողովուրդը: Ի՜նչ ամբարտաւանութեամբ անոնք ժպրհած են խեղաթիւրել այս ազգային յուշարձանի ճարտարապետական յղացքը եւ ի՜նչ փցուն շահամոլութեամբ զայն վերածած` փիցայարանի: Եւ ովքե՞ր են ի վերջոյ այն շուկայատէրերը, որոնք կը շարունակեն հանրութեան հետ վերաբերիլ այնպէս, որպէս թէ Արամի Տունը իրենց հօրենական սեփականութիւնը ըլլար, զոր կրնան այսօր ըստ կամս շահարկել կամ փճացնել… Ազգային ինքնագիտակցութեան ո՞ր նորմերով տեղի կ՛ունենայ ազգային հարստութեան այս բացայայտ ջարդը:

Չի բաւեր, որ ազգային այս սրբավայրը խորհրդային իշխանութեան օրով լքուած ըլլայ իր բախտին, ահաւասիկ աւելի քան քառորդ դարու մեր անկախ պետականութեան ղեկավար ուժերը բացարձակապէս ոչինչ ըրած են զայն հանրութեան թեւարկութեան տակ առնելու եւ զայն շարունակական քայքայումէ փրկելու: Մեր աչքերուն առջեւ ան անցած է ձեռքէ ձեռք` որպէս սոսկ ապրանք, ամէն օր աւելի ձեւազեղծուելով եւ աւերակի վերածուելով:

Այս ապաշնորհ գործընթացը պէտք է կանգ առնէ առանց այլեւայլի: Ծուռ դարձած այս անիւը պէտք է անյապաղ ետ շրջուի, եւ Արամի Տունը վերադարձուի իր իսկական իրաւատիրոջ` հայ ժողովուրդի՛ն: Պետական կեանքի ճշգրիտ բառապաշարով` անոր իսկական տէրը հանրութիւնն է, եւ այս մէկը այլընտրանք չունի: Ան չի կրնար ծախուիլ կամ գնուիլ կամ ձեւազեղծուիլ: Ճիշդ ինչպէս Ծիծեռնակաբերդն է կամ Սարդարապատի յուշահամալիրը: Աւելի ցնցի՛չ: Ճիշդ ինչպէս Ս. Հռիփսիմէի տաճարն է: Ան միանգամընդմիշտ պէտք է վերադարձուի հանրութեան եւ մշտնջենաւորուի ազգային հարստութեան իր վերջնական կարգավիճակով: Առաւե՛լ. ան պէտք է վերականգնուի իր սկզբնական ճարտարապետական յղացքով, իր ներքին ձեւաւորմամբ, իր պատշգամներով ու բակով: Եւ ան պաշտօնապէս պէտք է մկրտուի որպէս մեր անկախ պետականութեան հիմնադիր հօր` Արամ Մանուկեանի տուն-թանգարանը: Եւ այս գործը խոնարհաբար պիտի առաջնորդէ ոչ այլ ոք, քան Հայաստանի Հանրապետութեան առաջին դէմքը` նորին գերազանցութիւն ՀՀ նախագահը:

Քաղաքակիրթ ազգերը այսպէս է, որ կը զանազանուին միւսներէն: Անոնք կը յարգեն իրենց պատմութիւնը եւ գուրգուրանքով կը պահպանեն իրենց պատմական յիշողութիւնը: Արամի տունը եւ Ա. հանրապետութեան Կառավարութեան տունը իրենց պատերուն միջեւ կը պարփակեն մեր պատմական յիշողութիւնը: Անոնք կը պահպանեն յիշողութիւնը մեր այն պատմութեան, որ մեր ազգային անխառն հպարտութիւնն է այսօր եւ առողջ թթխմորը` մեր անկախ պետականութեան գաղափարին: Եւ անվիճելիօրէն` հանգանա՛կը Միացեալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի մեր անժամանցելի պարտաւորութեան:

12 դեկտեմբեր 2017
Ուաշինկթըն

Քաղաքական Անդրադարձ. Ծայրայեղ Աւետարանականութիւնը Եւ Թրամփ Երեւոյթը

$
0
0

ԵՂԻԱ ԹԱՇՃԵԱՆ

Ինչպէս Միջին Արեւելքի մէջ, նոյնպէս ալ Միացեալ Նահանգներու մէջ կրօնական շարժումները ունին նաեւ ազդեցիկ քաղաքական դերակատարութիւն: «Ճերմակ աւետարանականութիւնը» կամ «աջ աւետարանականութիւնը» ներկայիս Ամերիկայի աւետարանական համայնքին մէջ հսկայ ազդեցութիւն ունի, եւ այս շարժումին միջոցով է, որ ներկայիս հանրապետականները կրցան թափանցել կառավարութեան մէջ: Հետեւաբար այս իրավիճակին մէջ զարմանալի չէ, որ Տոնալտ Թրամփի նման երեւոյթ մը հասնէր նախագահական աթոռ: Սակայն հասկնալու համար Թրամփի վերջին յայտարարութեան ետին կանգնած գաղափարախօսութիւնը, պէտք է հասկնանք Ռուսաս Ռշտունիի գաղափարական տեսութիւնը:

Միքայէլ Պէյկընթ իր գիրքին` «Վազքը դէպի Արմակետոն»-ի (2010) մէջ կը բացատրէ տարիներու ընթացքին Ամերիկայի մէջ ծայրայեղ աւետարանական շարժումներու գաղափարական եղափոխութիւնը, եւ թէ ինչպէ՛ս այս շարժումները հիմնական դերակատարութիւն ունեցան Իրաքի պատերազմին` ժողովուրդը զօրաշարժի ենթարկելու աշխատանքին մէջ: Սակայն հետաքրքրական է, որ Միացեալ Նահանգներու մէջ այս աջակողմեան կրօնական քրիստոնեայ շարժումներուն գաղափարական առաջնորդը մինչեւ 2001 եղած է ամերիկահայ Ռուսաս Ռշտունին: Ռշտունին, որ կը նկատուի քրիստոնէական վերակառուցողականութեան (Christian Reconstructionism) հայրը, արդէն իսկ 1944-ին ձեռնադրուած էր իբրեւ պատուելի եւ աշխուժ էր ամերիկեան աւետարանական շարժումներուն մէջ: Ան հրատարակած է գիրքեր եւ ունի բազմաթիւ դասախօսութիւններ, որոնց ընդմէջէն պաշտպանած է իր պահպանողական գաղափարները: Ռշտունին միշտ ալ նեցուկ կանգնած է սիոնական գաղափարախօսութեան, եւ երբ 1982-էն ետք անդամակցեցաւ «Ճոն Պիրչ» ընկերութեան քաղաքական թեւին, ան աւելի ծանօթ դարձաւ հանրութեան եւ դարձաւ Ամերիկայի աջ քրիստոնէական շարժումին հոգեւոր առաջնորդը: Ռշտունի իր յուշերուն մէջ կը գրէ. «Քրիստոնեայ խաչակիրները պիտի գրաւեն աշխարհը եւ կրօնափոխ դարձնեն ոչ քրիստոնեաները նոյնիսկ սուրի ուժով` մինչեւ Քրիստոսի գալուստը» («Վազքը դէպի Արմակետոն», 2010, էջ 159 ): Ռշտունի կ՛եզրափակէ իր գաղափարախօսութիւնը` նշելով, որ Աստուածաշունչի օրէնքին տակ ոչ քրիստոնեայ ըլլալը արգիլուած է, Ամերիկայի սահմանադրութիւնը պէտք է ըլլայ Աստուածաշունչը, եւ ան, որ կը մերժէ քրիստոնէական օրէնքները, ապա պէտք է երկրէն վտարուի:

Ինչո՞ւ Ամերիկայի աւետարանականներուն համար կարեւոր է, որ Երուսաղէմը գտնուի հրեաներուն տիրապետութեան տակ: Ամերիկայի մէջ բազմաթիւ ծայրայեղ աւետարանական շարժումներ կը հաւատան, որ Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի կատարուի մօտիկ ապագային, հրեաները պիտի վերակառուցեն իրենց տաճարը, ապա քրիստոնեաներուն հետ, Քրիստոսի առաջնորդութեամբ, պատերազմ մղեն իսլամներուն դէմ` Արմակետոնի մէջ: Յաղթելով իսլամներուն` հրեաները, տեսնելով Քրիստոսի զօրութիւնը, կրօնափոխ պիտի ըլլան եւ ընդունին Քրիստոսը` իբրեւ իրենց Աստուածը: Այսինքն Թրամփի յայտարարութիւնը որոշ չափով, իրենց կարծիքով, պիտի արագացնէ Քրիստոսի գալուստը եւ իսլամներուն դէմ գալիք ճակատամարտը: Հետեւաբար նաեւ զարմանալի չէ, որ աւետարանականներուն 81 առ հարիւրը քուէարկեց ի նպաստ Թրամփին նախագահ ընտրուելուն, եւ վերջերս նախագահին կողմէ որդեգրուած պահպանողական օրէնքները կ՛ապացուցեն, որ ան մինչեւ օրս հաւատարիմ է իր նախընտրական խոստումներուն:

Շատ քիչ անգամ հանդիպած ենք, որ Միացեալ Նահանգներու նախագահին ետին կը կանգնի փոխնախագահը, երբ ան խօսք առնէ: Թրամփի յայտարարութեան ժամանակ անոր ետին կանգնած էր փոխնախագահ Մայք Փենսը: Փենսը կը պատկանի պահպանողական աջ աւետարանական թեւին, եւ Թրամփի յայտարարութիւնը յստակ պատգամ էր, որ ան կը վայելէր նաեւ Ամերիկայի աւետարանականներուն համակրանքը: Շաբաթօրեայ աղօթքը տեղի կ՛ունենայ Սպիտակ տան մէջ, երբեմն` Փենսի ներկայութեան: Փենս իբրեւ «աջ աւետարանական»` կրցաւ զօրաշարժի ենթարկել աւետարանական համայնքը` ի նպաստ Երուսաղէմի հարցին, եւ օրինակները շատ են:  Ճոնի Մուր` նախագահ Թրամփի աւետարանական խորհրդականներէն մէկը, «Սի. Էն. Էն.» կայանէն ըսաւ, որ Երուսաղէմի հարցը հիմնական խնդիրներէն է Ամերիկայի աւետարանական համայնքին համար: Նախագահին յայտարարութենէն 24 ժամ ետք ծայրայեղ աւետարանական «Քարիզմա Նիուզ» կայքը հետեւեալը կը հաղորդէ. «Նախագահը կատարեց իր խոստումը… Հրեայ ժողովուրդը հազարամեայ պատմութիւն ունի Երուսաղեմի մէջ: Ան իր արեան գնով պաշտպանեց այս սուրբ քաղաքը, եւ մենք ուրախ ու երախտապարտ ենք հրեայ ժողովուրդին հանդէպ»: Ճոն Հակի` այլ աւետարանական առաջնորդ մը, «Սի. Պի. Էն.» կայանին հետ հարցազրոյցի մը ընթացքին յայտնեց, որ քրիստոնեաները պէտք է պաշտպանեն Իսրայէլը եւ հրեայ ժողովուրդը, որովհետեւ Աւետարանին մէջ միշտ ալ յիշուած է Իսրայէլը, եւ հոն է, որ Քրիստոս ծնաւ: Հետեւաբար Երուսաղէմի հարցը նաեւ քրիստոնէական հարց է:

Ասիկա մտահոգիչ է ո՛չ միայն Միացեալ Նահանգներուն, այլ նաեւ Միջին Արեւելքին համար, որովհետեւ ամէն մէկ յայտարարութիւն կամ քաղաքական քայլ ազդեցութիւն ունի մեր շրջանին վրայ: Դժբախտաբար, ինչպէս շրջանին մէջ սիւննի ղեկավարները շրջանը կը տանին դէպի անորոշութիւն, այսօր «աջ աւետարանականութիւնը» Միացեալ Նահանգները եւ շրջանը կ՛առաջնորդէ դէպի սեւ անդունդ:

Yeghia.tash@gmail.com

 

 

Viewing all 12135 articles
Browse latest View live