ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Կարելի էր, ի հարկէ, որպէս վերնագիր ընտրել` Ազրպէյճանի նախագահը ՄԱԿ-ի բարձր ամպիոնից հատեց ու անցաւ Ռուբիկոնը: Բայց դա, անշուշտ, կը համաձայնէք, չափազանց բարձր կը հնչէր Իլհամ Ալիեւի համար: Չնայած Ազրպէյճանի միահեծան բռնատէրի իր ճչուն դիրքին, այնուամենայնիւ, ու՞մ չէ յայտնի, անգամ` ազրպէյճանական հանրութեան շրջանում, որ նա եղել ու մնում է չարչիական հոգեբանութեան տէր նոյն մանրավաճառ առեւտրականը, ով 90-ական թուականների առաջին կէսին` ազրպէյճանա-արցախեան պատերազմի թէժ շրջանում, զբաղւում էր ոչ այլ ինչով, քան` արեւմտեան արտադրութեան ճինզ տեսակի տաբատների, օծանելիքների եւ այլ մանր-մունր ապրանքների ներկրմամբ ու վաճառքով` ջրի ճամբայ դարձնելով Մոսկուա-Պոլիս եւ Պոլիս-Մոսկուա օդային ուղիները:
Բացառապէս ազդեցիկ հօր ջանքերով Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական հիմնարկում ուսանած, ապա նոյն բուհում դասախօս կարգուած, բայց եւ խորհրդային քաղաքական Ողիմպոսից հօր անկումից յետոյ այդ կրթական հաստատութիւնից, որպէս ոչ պիտանի քուրջ, դուրս նետուած կրտսեր Ալիեւի համար ամէնեւին էլ հոգ չէին Մոսկուայում գահընկէց արուած հօր վրէժխնդրական յաւակնութիւնները` վերատիրելու Պաքուի իր վաղեմի գահին, ոչ էլ, մանաւանդ, նորանկախ Ազրպէյճանի նկրտումները` արիւնահեղ պատերազմի միջոցով ճնշելու արցախահայութեան ազատատենչ ոգին եւ, առհասարակ, բնաջնջելու հայ բնիկ ազգային տարրը ողջ տարածաշրջանում: Նորաթուխ չարչիի համար առաւել գայթակղիչը եւ անհամեմատ ապահովը «ճամպրուկային առեւտուր» կոչուած զբաղմունքն էր, խաղատնային զուարճալիքը, հերոյինի պարգեւած նիրվանան:
Միեւնոյն ժամանակ, համաձայնէք, որ հազիւ թէ տեղին լինէր Ազրպէյճանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի մասին ասել, թէ նիւեորքեան իր ելոյթում նա անցել է Ռուբիկոնը: Դարձեալ` ո՞ւմ չէ յայտնի, որ այդ «գերագոյն գլխաւոր հրամանատար» կոչեցեալը մէկ օր անգամ զինուորական ծառայութիւն չի անցել` ո՛չ խորհրդային եւ ո՛չ էլ, անգամ, իր նորահռչակ հայրենի երկրի զինուած ուժերում: Անշուշտ` վերստին ամենակարող հայրիկի եռանդուն ջանքերի շնորհիւ: Ուստի հազիւ թէ Իլհամ Ալիեւը չափուի հին աշխարհից հանրայայտ Յուլիոս Կեսարի հետ, ով, ինչպէս գիտէք, մ.թ.ՆՔ 49-ի յունուարի 10-ին, ասելով, թէ` «Վիճակը նետուած է», մէկ լեգէոնով հատեց Ադրիատիկ ծով թափուող Ռուբիկոն գետը եւ մտաւ Իտալիա, մինչեւ ուղնուծուծը զինուորական ու զօրավար այն փրոքոնսիւլի հետ, ով անկախ իր այդ վճռական գետանցումին հետեւած շուրջ քառամեայ պատերազմի արդիւնքներին, մարդկութեանն ի յիշատակ թողեց «անցնել Ռուբիկոնը» թեւաւոր արտայայտութիւնը:
Յամենայն դէպս, յանուն արդարութեան հարկ է նշել, որ, այնուամենայնիւ, այդ անհամադրելի իրողութիւններն ունեն նաեւ ընդօրինակման որոշակի եզր: Բանն այն է, որ ինչպէս Յուլիոս Կեսարն է Ռուբիկոնն անցել` հակառակ այն ժամանակ սահմանուած օրէնքի, նոյնպէս եւ նախագահ Ալիեւն է ՄԱԿ-ի բարձր ամպիոնից Արցախի եւ Հայաստանի դէմ ուժի կիրառման եւ պատերազմի սպառնալիք հնչեցրել` հակառակ ներկայումս գործող միջազգային օրէնքների եւ հէնց, առաջին հերթին, Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրական պահանջների: Այնպէս որ, հաւատարիմ մնալով անցած մի քանի դարում ողջ Այսրկովկասը նախիրների եւ հոտերի կճղակների կոխան դարձրած իր խաշնարած նախնեաց աւանդոյթներին, ազրպէյճանական բանակի գերագոյն գլխաւոր հրամանատարը սեպտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի իր ելոյթում ընդամէնը կոխկրտել է «կարմիր գիծը», այն գիծը, որ օրէնսդրօրէն սահմանազատում է պետութիւնների պահուածքը միջպետական եւ կամ ազգամիջեան հակամարտութիւնների լուծման խնդրում, ընդ որում` խստագոյնս արգելելով ռազմական միջոցների կիրառումը: Յիշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը սկսւում է ՄԱԿ-ի նպատակների թուարկմամբ, որոնցից առաջինը «միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովումն է»:
Մինչդեռ ՄԱԿ-ի վեհաժողովի նստաշրջանում ահա ինչ է յայտարարել Ազրպէյճանի նախագահը. «Մենք ցանկացած պահի, եթէ դա պէտք լինի, պատժելու ենք նախայարձակին, եւ Ազրպէյճանն ունի դրա բոլոր հնարաւորութիւնները, ինչը մենք ապացուցեցինք 2016 թուականի ապրիլին»: Անկախ այն հանգամանքից, որ մեր` հայերիս, լսելիքը վաղուց ի վեր սովոր է նման անհիմն յոխորտանքների, որոնք Պաքուի իշխանական վերնախաւը եւ անձամբ այդ երկրի նախագահը պատեհ, թէ անպատեհ հնչեցնում է Ազրպէյճանում, ոչ աւելին, քան ընդամէնը քմծիծաղ առաջ բերելով թէ Արցախում եւ թէ Հայաստանում, այնուամենայնիւ, այդ ռազմատենչ ճամարտակութիւնը հնչել է ՄԱԿ-ի ամպիոնից:
Արդեօք, նստաշրջանի մասնակիցներից մէկնումէկը հակադարձե՞ց Իլհամ Ալիեւին, սաստելով` յիշեցրե՞ց նրան աշխարհում խաղաղութեան ու կայունութեան պահպանմանը միտուած բոլոր այն պայմանագրերն ու արձանագրութիւնները, որոնց տակ դրուած են նաեւ Ազրպէյճանի հին ու նոր չորս նախագահի, այդ թւում նաեւ` անձամբ իր ստորագրութիւնը: Ցաւօք, ո՛չ: Երեւի թէ կա՛մ չեն լսել եւ կա՛մ չլսելու տեղ են դրել, կա՛մ էլ թէ այդ պահին բոլորը մէկտեղ ուշք ու միտք ուղղել էին ազրպէյճանական պատուիրակութեան շարքում նստած եւ ժպտերես, անհոգօրէն ինքնալուսանկարում` «սելֆի» անող երկու նրբիրան կանանց` Ազրպէյճանի Առաջին տիկին, համատեղութեան կարգով` երկրի փոխնախագահ Մեհրիպան Ալիեւայի եւ ընտանիքի աւագ դուստր Լէյլա Ալիեւայի սէթեւեթներին: Հնարաւո՞ր է, արդեօք, որ հայկական մամուլի, ինչպէս նաեւ եւրոպաներ տարագրուած ազրպէյճանական ընդդիմադիր լրատուամիջոցների ծաղրանքին արժանացած կանացի այդ «խաղիկները» սոսկ բեմական խաղ էին` նախագահ ամուսնու եւ հայրիկի հնչեցրած ռազմատենչ, այսինքն` միջազգայնօրէն օրինախախտ յայտարարութիւններից նստաշրջանի ուշադրութիւնը շեղելու համար: Չի բացառւում: Քանզի տխրահռչակ «խաւիարային դիւանագիտութիւնը», որն իբրեւ ազրպէյճանական ժողովրդի անժխտելի ազգային աւանդութիւն ու սովորութիւն, ըստ իս, հարկ է գրանցել ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում, իր մէջ, որպէս կարեւոր բաղադրիչ, ներառում է նաեւ կանացի հմայքի գործօնը, ինչը Պաքուն յաջողութեամբ իրականացնում է թէ՛ միջպետական եւ թէ՛ միջազգային յարաբերութիւններում: Յիշենք Պիելոռուսիայի նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոյի, մեղմ ասած, անթաքոյց մտերմական համակրանքն Ազրպէյճանի Առաջին տիկնոջ նկատմամբ, ինչի մասին քանիցս նշուել է մամուլում: Եւ կամ` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու յայտնի կճմթոցը Մեհրիպան խանումի փափուկ տեղին, լուրջ քաղաքականի փոխարկուած մի թեթեւակի մարմնական կսմիթ, որը հարթուեց Թիֆլիսի փողոցներից մէկը Հայտար Ալիեւի անուամբ կոչելու եւ նրա կիսանդրին տեղադրելու գնով: Ասել է թէ` նախ կճմթիր, ապա նոր միայն մեղքդ քաւիր:
Բայց շարունակենք հետեւել Իլհամ Ալիեւի սնապարծ երեւակայութեան թռիչքին: Հետաքրքիր է, ի՞նչ է մեզ` հայերիս, ապացուցել Ազրպէյճանն անցեալ տարուայ ապրիլեան պատերազմի ընթացքում: Ա՞յն, որ սպառազինուած լինելով գերարդիական զինատեսակներով, ինչպէս նաեւ օգտագործելով յանկարծակի յարձակման, այսպէս ասած` «պլից-քրիկի» մարտավարութիւնը, այնուամենայնիւ, նրա բանակը չհասաւ որեւէ էական յաջողութեան, բացառութեամբ` շփման գծի մի քանի դիրքերի: Ա՞յն, որ հէնց Պաքուն էր, որ ենթարկուելով հայկական զօրքերի հակագրոհին եւ կանխազգալով դրա անմխիթար հետեւանքները, շտապեց աղաչանք-պաղատանքով դիմել Մոսկուային, որպէսզի վերջինս յորդորի հայկական կողմին` դադարեցնելու հակայարձակումը:
Այլապէս ինչո՞ւ պէտք է Պաքուն իր իսկ նախաձեռնած լայնածաւալ յարձակումից հազիւ չորս օր անց նստեր բանակցութիւնների սեղանի շուրջ` համաձայնելով շուտափոյթ դադարեցնել մարտական գործողութիւնները շփման գծի ողջ երկայնքով մէկ: Ա՞յն, որ միայն ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատուածում Ազրպէյճանի զինուժը տուել է 558 զոհ, իհարկէ, եթէ ոչ աւելին, եւ այդ տուեալներն առ այսօր թաքցւում են ազրպէյճանական ժողովրդից:
Ա՞յն, որ ազրպէյճանական զինուժի ընտրանին` յատուկ նշանակութեան խափանարարական-հետախուզական գունդը, լիովին ջախջախուել եւ շարքից դուրս է եկել մարտերի առաջին իսկ օրերին: Ա՞յն, որ, ինչպէս խոստովանեց Ազրպէյճանի նախագահը, այդ մասին ըստ էութեան առաջին անգամ բարձրաձայնելով ՄԱԿ-ի ամպիոնից, հայկական զինուած ուժերի գործողութիւնների արդիւնքում «հարիւրաւոր» ազրպէյճանական տներ են քանդուել, քաղաքացիներ զոհուել եւ այլն: Ա՞յն, որ մերձճակատային բոլոր ազրպէյճանական բնակավայրերը, ներառեալ` Թարթառ, Պարտա, Եւլախ եւ այլ քաղաքներ, դատարկուել էին քաղաքացիական բնակչութիւնից, եւ փախստականների խուճապահար յորձանքը հեղեղել էր Գանձակ-Գեանջա քաղաքն ու աւելի խորքային բնակավայրերը, ընդհուպ մինչեւ Պաքուն` ակամայ խոչընդոտելով ռազմական ծանր զինատեսակների առաջընթացը դէպի մարտական գործողութիւնների թատերաբեմ:
Ազրպէյճանում թերեւս շա՜տ շատերը վաղեմի ծանօթ, հարեւան կամ ընկեր հայերից, հնարաւոր է` Իլհամ Ալիեւն ինքն անձամբ` իր մանկութեան վաղամեռիկ ընկեր Ռոմա Գրիգորեանից լսած կը լինեն հայկական ասացուածքն առ այն, թէ` ստի ոտքը կարճ է լինում: Այն Ռոմայի, ում թաղմանը նա ներկայ էր եւ ում գերեզմանը նոյնպէս, Պաքուի Նարիմանովի շրջանի հայկական լայնատարած գերեզմանոցի տասնեակ հազարաւոր շիրիմների հետ մէկտեղ, իր իսկ կարգադրութեամբ վայրագաբար քանդ ու քարափ անելով տոփանուեց` ննջեցեալների անտէր ոսկորների վրայով լայնահուն մայրուղի բացելու եւ նոր բնակելի զանգուած կառուցելու համար: Էլի՞ յիշեցնենք:
Սակայն վերստին դառնանք ՄԱԿ-ի Վեհաժողովի 72-րդ նստաշրջանին: Ինչպէս Ազրպէյճանի նախագահի պարագայում էր, աշխարհում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ու պահպանման կոչուած այդ գագաթնաժողովը, աւա՜ղ, յագեցած էր ոչ մէկ սպառնալիքով: Այսպէս, նստաշրջանում ԱՄՆ նախագահը սպառնաց «ամբողջութեամբ վերացնել» Հիւսիսային Քորէան, Իսրայէլի վարչապետը յոխորտանքների մի ամբողջ տարափ թափեց Իրանի հասցէին, Թուրքիայի նախագահն Իրաքի քրտերին վախեցրեց, որ անկախութեան հանրաքուէ անցկացնելու դէպքում կը կորցնեն եղածը եւ այլն: Ի դէպ, վերլուծաբաններից շատերի ուշադրութիւնից երեւի թէ վրիպել է արտաքուստ կարծես թէ մի աննշան դրուագ` Էրտողանի ելոյթից: Պնդելով Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը, ինչը նոր չէ մեզ համար, Թուրքիայի նախագահը համաժամանակ շեշտել է նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը` Հարաւային Կովկասի կայունութեան համար` երկուսն էլ ներկայացնելով որպէս առանցքային: «Մենք երբեք պէտք չէ մոռանանք ցանկացած ճգնաժամ, որ անտեսում ենք այսօր, կարող է վաղը վերածուել տարածաշրջանային եւ միջազգային հակամարտութեան», զգուշացրել է Էրտողանը: Արդեօ՞ք, սպառնալի՞ք, կամ, առնուազն, կսմիթ չէ՞ Ռուսաստանի հասցէին: Ահա եւ քեզ` դարեր ի վեր այս էլ քանիերորդ անգամ նորոգուող ռուս-թուրքական գործընկերային բարեկամութիւն: Զուր չեն մեր մեծերն ասել` «Թուրքի հետ ընկերութիւն արա, բայց մահակը երբեք ձեռքիցդ մի՛ գցիր»: Հետաքրքիր է` ռուսներն ունե՞ն նման ժողովրդական ասոյթ: Է՜հ, նախագահ Փութինի ականջը կանչի: Ի՛նչ որ է: Երեւի թէ ահաբեկումների այս առատութիւնն է, որ ՄԱԿ-ի վեհաժողովի նստաշրջանը, ի լրումն այլոց, անտեսեց նաեւ Ազրպէյճանի նախագահի սպառնալի ճամարտանքը Հայաստանի եւ Արցախի հասցէին:
Ի դէպ, Իլհամ Ալիեւի ելոյթը, ինչպէս արձանագրել են քաղաքական վերլուծաբաններից շատերը, ի սկզբանէ ծայր աստիճան ջղային էր: Այն աստիճան ջղային, որ նա անգամ մոռացել էր ողջունել իրեն խօսք տրամադրող նստաշրջանի նախագահին եւ դահլիճում ներկայ այլ երկրների ներկայացուցիչներին, ինչը պարտադիր վարուելակերպ է նման միջոցառումներում: Ըստ երեւոյթին, նրա նեարդայնութեան յարուցիչը կամ, այլ կերպ ասած, ափերից դուրս գալու եւ ափէափ ընկնելու պատճառը Հայաստանի նախագահի ելոյթի հանգիստ, հաւասարակշիռ հնչերանգն էր, անժխտելի պատմական, իրաւական, քաղաքական, բարոյահոգեբանական փաստարկների առկայութիւնը, խօսքի կուռ տրամաբանութիւնը` հիմնուած միջազգային կանոնների վրայ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, նստաշրջանի իր ելոյթում ասել էր Սերժ Սարգսեանը, մարդու իրաւունքների խնդիր է եւ այն կարող է լուծուել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրաւունքներից մէկի` ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի: Կարգաւորման ինչ տարբերակի էլ յանգենք, միեւնոյն է, Արցախի Հանրապետութիւնը չի կարող ունենալ աւելի ցածր կարգավիճակ եւ վայելել աւելի քիչ ազատութիւն, քան այսօր ունի: Այս ամէնը մեզ բերում է այն համոզման, նշել է Հայաստանի նախագահը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը կենսական նշանակութիւն ունի: «Այս հարցում ես արտայայտում եմ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ողջ աշխարհի հայութեան միասնական տեսակէտը: Այս ուղերձը ես բերում եմ Երեւանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփիւռք համաժողովը», ընդգծել է Սերժ Սարգսեանը:
Միեւնոյն ժամանակ Հայաստանի նախագահը նստաշրջանի ուշադրութիւնը հրաւիրել է այն հանգամանքի վրայ, որ ժողովրդավարութեան առումով Արցախի եւ Ազրպէյճանի տարբերութիւնը վիթխարի է, ինչը նոյնպէս իրաւական ու բարոյական տեսակէտից անհնարին է դարձնում Ազրպէյճանի յաւակնութիւններն Արցախի նկատմամբ: Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակութիւն է: «Բոլորը պէտք է գիտակցեն, որ այժմ Ազրպէյճանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապէս միջնադարեան յետամնացութեան խորհրդանիշ է», ասել է նա: «Մեր ընդհանուր կարգախօսը եւ յանձնառութիւնը` «Ոչ ոք պէտք չէ անտեսուի», պէտք է դառնայ Միաւորուած ազգերի այս ընտանիքի գործունէութեան անկիւնաքարը:
Հէնց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացուի կայուն զարգացման նպատակների իրականացումից», ընդգծել է Սերժ Սարգսեանը: Հայաստանը հետեւողականօրէն նպաստել եւ նպաստելու է Արցախի ժողովրդի կեանքի բարելաւմանը, նրա կայուն եւ ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրաւունք չունի խոչընդոտելու նշուած ուղղութիւններով իրականացուող նախաձեռնութիւններին եւ ծրագրերին: Արցախի իրաւական կարգավիճակը, իսկ աւելի ստոյգ` միջազգային իրաւական ճանաչման բացակայութիւնը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց եւ տղամարդկանց իրաւունքների իրացման համար:
Ընդգծելով, որ Ազրպէյճանը չունի իրաւական եւ բարոյական որեւէ հիմք Արցախի հանդէպ յաւակնութիւն ներկայացնելու համար, եւ որ Արցախը երբեք անկախ Ազրպէյճանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները, Հայաստանի նախագահն Ազրպէյճանին կոչ արեց ճանաչել ու յարգել Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտայայտութեամբ որոշելու իրաւունքը, իսկ արցախահայութեան անվտանգութիւնը պէտք է երաշխաւորուած լինի բոլոր հնարաւոր միջազգային եւ ներքին մեքանիզմներով: Իսկ մնացած բոլոր հարցերն ածանցեալ են եւ կը գտնեն իրենց տրամաբանական, արդար լուծումը` խնդրի կարգաւորմանը զուգահեռ:
Հաւարտ խօսքիս նշեմ, որ իր ելոյթում Հայաստանի նախագահը խօսել է բացառապէս ըստ խնդրի էութեան` առանց անձնաւորելու այն: Ինչպէս յայտնի է, Իլհամ Ալիեւի անձին վերաբերող նրա միակ խօսքը զուտ իրողութեան արձանագրման խնդրի էր հետամուտ: Յայտնելով, որ 2016թ. ապրիլին ծաւալուած ռազմական գործողութիւնների ընթացքում Ազրպէյճանի զինուած ուժերը կատարել են պատերազմի մի շարք յանցագործութիւններ քաղաքացիական բնակչութեան եւ ռազմագերիների հանդէպ, Սերժ Սարգսեանը, իրօք, չէր կարող չնշել, որ նման վայրագութիւն կատարած ազրպէյճանցի մի զինծառայող արժանացել է պետական բարձր պարգեւի եւ այդ պարգեւը նրան տեսախցիկների առջեւ յանձնել է անձամբ Ազրպէյճանի նախագահը: Ընդամէնն այսքանը: Ո՛չ աւելին: Ընդ որում` չբացելով փակագծերն առ այն, որ խօսքը վերաբերում է գերի ընկած երիտասարդ եզիտի զինուոր Քեարամ Սլոյեանին գլխատած եւ նրա արնաշաղաղ գլուխն ազրպէյճանական հեռատեսիլով ու համացանցում ինքնագոհ ցուցադրած զինծառայողի պարգեւատրմանը: Մինչդեռ Իլհամ Ալիեւը, անցնելով քաղաքավարութեան սահմանները, նստաշրջանում անհիմն մեղադրանքներ է առաջադրել անձամբ նախագահ Սերժ Սարգսեանին, ինչը, ըստ իս, ստացած դաստիարակութեան խնդիր էր կամ բռնապետներին սովորաբար յատկանշական լկտիութեան արտայայտութիւն եւ կամ պարզապէս, ինչպէս հայկական մամուլում է ոչ մէկ անգամ ախտորոշուել, անճարութիւնից բխող ակնյայտ նեարդային, հոգեբանական ծանր վիճակի արդիւնք:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար